Հայաստան

Պեսկովը արձագանքել է Լաչինի միջանցքն «անհապաղ» ապաշրջափակելու վերաբերյալ Բլինքենի՝ Ալիևին ուղղված կոչին

Պեսկովը արձագանքել է Լաչինի միջանցքն «անհապաղ» ապաշրջափակելու վերաբերյալ Բլինքենի՝ Ալիևին ուղղված կոչին

Ռուսաստանը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ երկխոսության մեջ շարունակում է շատ տքնաջան և բարդ աշխատանք տանել։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը, լինելով եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից մեկը, որոնք ստորգրվել են երկու տարի առաջ, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է տքնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե համաձա՞յն է արդյոք Կրեմլը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար անհապաղ վերաբացման մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված հորդորդին։  Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Ալիևին հորդորել է անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը կոչ է արել Ալիևին կրկնապատկելու ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Նա նաև բարձրաձայնել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգությունները: 
14:44 - 24 հունվարի, 2023
Հայաստանում կստեղծվի ԵՄ քաղաքացիական առաքելություն․ ԵՄ խորհուրդը հաստատել է որոշումը

Հայաստանում կստեղծվի ԵՄ քաղաքացիական առաքելություն․ ԵՄ խորհուրդը հաստատել է որոշումը

ԵՄ խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի կայքից։ Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր: ԵՄ քաղաքացիական առաքելությունը նախնական կտեղակայվի երկու տարով ու կառավարման շտաբը կլինի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը: Առաջիկայում կնշանակվի տեղում գործողությունները ղեկավարող առաքելության ղեկավար։ «Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլի մեկնարկ է։ ԵՄ-ն կշարունակի աջակցել դեէսկալացիայի ջանքերին և պարտավորվել է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։ Ի պատասխան Հայաստանի դիմումի՝ ԵՄ առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչը կամրապնդի ԵՄ-ի ըմբռնումը տեղում իրավիճակի վերաբերյալ։ Առաքելությունը նաև կնպաստի միջնորդական ջանքերին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում։  
16:42 - 23 հունվարի, 2023
Առաջարկ ԵԽԽՎ-ին՝ հրատապ բանավեճ կազմակերպել «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով․ որոշումը կկայացվի երեքշաբթի

 |aravot.am|

Առաջարկ ԵԽԽՎ-ին՝ հրատապ բանավեճ կազմակերպել «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով․ որոշումը կկայացվի երեքշաբթի |aravot.am|

aravot.am: Քիչ անց Ստրասբուրգում կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստը։ Այն կանցկացվի հունվարի 23-27-ը։ Լիագումար նիստի առաջին օրն՝ այսօր, Վեհաժողովը կընտրի ԵԽԽՎ նախագահին ու փոխնախագահներին։ Վեհաժողովի լիագումար նիստերի ընթացքում նախատեսված են Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի, Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտրիրի ելույթները։ ԵԽԽՎ օրակարգում քիչ առաջ թարմացում է կատարվել։ Մի շարք հարցերի թվում ընդգրկված է նաև «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով ընթացիկ հարցերի քննարկում կամ հրատապ ընթացակարգով բանավեճ կազմակերպելու հարցը։ Վեհաժողովը վաղը կայանալիք լիագումար նիստի ընթացքում՝ Ստրասբուրգի ժամանակով 11։30-ին որոշում կկայացնի՝ այս հարցով քննարկում կազմակերպե՞լ, թե՞ ոչ։ Սակայն արդեն հայտնի է, որ եթե Վեհաժողովը կողմ քվեարկի այս թեմայով քննարկման կազմակերպմանը, դա լինելու է առանց եզրափակիչ փաստաթղթի քննարկման։ Հրատապ ընթացակարգով բանավեճի կազմակերպման համար առաջարկվել են նաև հետևյալ թեմաները՝ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի իրավական և մարդու իրավունքների ասպեկտները», «Վերջին շրջանի լարված դրությունը Պրիշտինայի և Բելգրադի միջև», «Ինչպես բարելավել Եվրոպայի խորհրդի համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ՝ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման և պաշտպանության միջոց, այդ թվում՝ Բելառուսում և Ռուսաստանի Դաշնությունում», «Հարձակումներ հանրային ծառայությունների աշխատակիցների վրա»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրամատակարարումը հովհարային անջատումների վեցժամյա գրաֆիկով է, գազամատակարարումը ամբողջությամբ արգելափակված է։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։
13:09 - 23 հունվարի, 2023
«Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է»․ Տոյվո Կլաարը Երևանում է

«Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է»․ Տոյվո Կլաարը Երևանում է

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկօրյա այցով Երևանում է։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։ Դիվանագետը նշել է, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ «Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ հետագա ուղիները բացահայտելու համար: ԵՄ-ի նպատակը մնում է համապարփակ արգավորումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- գրել է Կլաարը։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 42 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրամատակարարումը հովհարային անջատումների վեցժամյա գրաֆիկով է, գազամատակարարումը վերականգնվել է որոշ սահմանափակումներով։ Պետական հաստատությունները անցել են հատուկ աշխատանքային ռեժիմի: Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։
10:03 - 23 հունվարի, 2023
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը |armenpress.am|

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը ներկայացրել է մանրամասներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի՝ Հարավային Կովկաս այցելության մասին, որի շրջանակում պաշտոնյան ժամանել էր Հայաստան և Ադրբեջան:  ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Հայաստանում նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց հետ, իսկ Ադրբեջանում նա հանդիպել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Ըստ հաղորդագրության՝ Կոլոմինան քննարկել է ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև երկու գործընկերների ներդրումը ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ: «Խավիեր Կոլոմինան մտքեր է փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ և ընդգծել է ազատ տեղաշարժի և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը, բանակցությունների վերսկսման և կարգավորման ուղղությամբ աշխատելու կարևորությունը: Կոլոմինան նաեւ ողջունել է Եվրոպական միության դերը տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։
12:50 - 21 հունվարի, 2023
Հայաստանը կոչ է արել ԵԽ-ին ստիպել Ադրբեջանին կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները |armenpress.am|

Հայաստանը կոչ է արել ԵԽ-ին ստիպել Ադրբեջանին կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Եվրոպայի խորհրդին կոչ է արել Ադրբեջանին ստիպել կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները։ Այս մասին թուիթերյան միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ «Դեսպան Խաչատրյանը (ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյան-խմբ․) փոխնախարարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը բերում է ծանր հումանիտար հետևանքների Արցախի համար։ Հայաստանը կոչ է անում Նախարարների կոմիտեին վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի նշված ժամանակավոր միջոցների կատարումն ապահովելու համար»,- ասված է ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչության հաղորդագրության մեջ: Դեկտեմբերի 14-ին Հայաստանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը որոշել էր Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Այնուհետև, հունվարի 16-ին ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով:
11:45 - 21 հունվարի, 2023
Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ |armenpress.am|

Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն իրատեսական է համարում մինչև տարեվերջ Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ավարտելը։ Վարդանյանն այս մասին ասաց Սյունիքի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում: Թեև Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը սկսվել է դեռ 17 տարի առաջ՝ 2006-ին, սակայն, փոխնախարարի խոսքով՝ իրական աշխատանքները դե ֆակտո սկսվել են 2015-2016 թթ: «Մինչև 2018 թվականի փետրվար-մարտ ամիսների վերակնքումները ընդհանուր ծավալից 1-2 տոկոս աշխատանք էր կատարված: Իրականում 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներից են սկսվել լայն թափով աշխատանքները»,-ասաց Վարդանյանը: Այդ ընթացքում կորոնավիրուսի համավարակի, պատերազմի հետևանքով որոշակի դանդաղումներ եղել են: Փոխնախարարի խոսքով՝ դանդաղումներ են եղել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: «Հուսով ենք, որ այս տարվա ավարտին ամբողջությամբ կավարտենք Իրան-Հայաստան ծրագիրը, այսինքն` գիծը մինչև Հրազդան պատրաստ կլինի»,-նշեց Վարդանյանը: Երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո փոխհոսքի հնարավորությունները ներկայիս 340 մեգավատի փոխարեն դառնալու են ժամում 1200 ՄգՎ: Դա նշանակում է, որ Հայաստանը տարեկան մինչև 7-7.5 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն կունենա, եթե էլեկտրաէներգետիկական ռեժիմները դասավորվեն ամենաիդելական վիճակում: Միջինում մինչև 5.5-6 մլրդ կվտ/ժ հնարավոր կլինի արտահանել: Ավելի մանրամասն` armenpress.am-ում։ 
13:05 - 20 հունվարի, 2023
Կոլոմինան Երևանից մեկնել է Բաքու ու հանդիպում ունեցել Բայրամովի հետ

Կոլոմինան Երևանից մեկնել է Բաքու ու հանդիպում ունեցել Բայրամովի հետ

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Ադրբեջանում է։ Երեկ նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին գրում է ադրբեջանական Report-ը։ Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցության օրակարգի արդի թեմաները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր ու Լաչինի միջանցքի ներկայիս իրադրությունը։ Բայրամովը նաև զրուցակցին մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև կարգավորման գործընթացի, խաղաղության օրակարգն առաջ տանելու ուղղությամբ Ադրբեջանի քայլերի, ու իբր «Հայաստանի կողմից խաղաղության գործընթացը խոչընդոտող ռազմաքաղաքական սադրանքների ու ականային սպառնալիքը շարունակելու վերաբերյալ»։ Բայրամովը, խոսելով Լաչինի միջանցքի իրադրության մասին, Հայաստանին մեղադրել է նաև Լաչինի միջանցքը ոչ հումանիտար նպատակներով օգտագործելու ու այդպիսով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ։ Կոլոմինան էլ ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը շարունակելու կարևորությունը՝ խաղաղություն ու անվտանգություն հաստատելու համար, քանի որ տարածաշրջանում լարվածության առկայությունը մտահոգության տեղիք է տալիս։ Հիշեցնենք, որ մինչ Բաքու մեկնելը Կոլոմինան Երևանում էր։ Այստեղ նա հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Քննարկումների առանցքում է եղել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը։   Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի թվիթերյան էջից / 18․10․2021
10:23 - 20 հունվարի, 2023
 Ալիևը հայտարարել է, թե Երևանը չի պատասխանել խաղաղության համաձայնագիր ստորագրելու Բաքվի առաջարկին |news.am|

Ալիևը հայտարարել է, թե Երևանը չի պատասխանել խաղաղության համաձայնագիր ստորագրելու Բաքվի առաջարկին |news.am|

news.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Երեւանը չի պատասխանել խաղաղության համաձայնագիր ստորագրելու Բաքվի առաջարկին։ Այս մասին հայտնում է TACC-ը։ Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի «Եվրասիական Միջին միջանցք. ճանապարհից դեպի մայրուղի» թեմայով պանելային նիստում՝ Ալիեւը մեղադրել է Հայաստանին այն բանում, որ նա «մերժել է» Երեւան-Թբիլիսի-Բաքու համագործակցության եռակողմ ձեւաչափ սկսելու առաջարկը։ «Կոմիսար Խանը ակնարկեց այստեղ Հայաստանի բացակայության մասին։ Նա ասաց, որ ներկա են Հարավային Կովկասի երկու երկրներ, բայց դրանք առնվազն երեքն են։ Ես գիտեմ, թե ում նկատի ուներ: Բայց ինչո՞ւ Հայաստանը չկա։ Որովհետեւ Հայաստանը մերժել է համագործակցության եռակողմ ձեւաչափ սկսելու Վրաստանի հետ մեր առաջարկը... Ես բարձր եմ գնահատում իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերը, որը կազմակերպեց Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որին միացավ վրացի գործընկերը։ Մեր առաջարկն էր Վրաստանում կազմակերպել առաջնորդների հանդիպում, քանի որ Վրաստանը պատմականորեն միշտ եղել է այն վայրը, որտեղ հանդիպել են բոլոր հարեւանները։ Բայց Հայաստանը պատրաստ չէ դրան։ Սա հնարավոր ռիսկերից մեկն է։ Եթե կովկասյան երեք երկրները միավորեն իրենց ջանքերը էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության, կայունության, սահմանների սահմանազատման ոլորտում, ապա տարածաշրջանը շատ ավելի անվտանգ կդառնա»,- հայտարարել է Ալիեւը։
10:02 - 20 հունվարի, 2023
ԱՄՆ-ն ցանկանում է վերականգնել կառուցողական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Փրայս |1lurer.am|

ԱՄՆ-ն ցանկանում է վերականգնել կառուցողական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Փրայս |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին: Նա նշել է, որ առաջիկա օրերին ակնկալվում է նաև Բլինքենի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հիշեցնելով նախորդ տարի ԱՄՆ միջնորդությամբ անցկացված հանդիպումների մասին՝ Փրայսը նշել է. «Պատրաստվում ենք անել այն, ինչ առավել օգտակար է: Իհարկե, վերջին ժամանակներս տեսնում ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մենք ցանկանում ենք, որ կառուցողական երկխոսությունը վերականգնվի: Պատրաստ ենք երկկողմ համագործակցության: Պատրաստ ենք գործակցել գործընկերների, կողմերի կամ ԵԱՀԿ-ի միջոցով, կամ անել դա եռակողմ, ինչպես արել ենք նախկինում»: Անդրադառնալով դեսպան Ֆիլիպ Ռիքերի պաշտոնաթողությանը՝ պետքարտուղարության խոսնակը նշել է, որ գերատեսչությունում կան մի շարք անհատներ, որոնք խորապես ներգրավված են գործընթացում, այդ թվում՝ պետքարտուղար Բլինքենը: «Սա նրա անձնական առաջնահերթությունն է։ Բայց մարդիկ, ինչպիսիք են Թորիա Նուլանդը, Քերըն Դոնֆրիդը, Եվրոպայի և Եվրասիայի գործերի բյուրոյի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, խորապես ներգրավված կլինեն դրանում»,- նշել է պաշտոնյան: Փրայսը նաև հավելել է, որ հանդիպման անցկացումը երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների մակարդակով կորոշեն կողմերը:
12:18 - 19 հունվարի, 2023
Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգ՝ առանց բանկոմատների

Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգ՝ առանց բանկոմատների

Այս տարվա հունվարի 1-ից 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով․ բնակիչներն այսուհետ կենսաթոշակները ստանալու են ոչ թե «Հայփոստի» բաժանմունքներից, այլ իրենց բանկային քարտերով։ Բացառություն են այդ բնակավայրերի 75 տարեկանը լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։ Հայաստանում 1000 և ավելի բնակիչ ունի 456 բնակավայր, սակայն այդ բնակավայրերից բանկոմատ կա ընդամենը 88-ում։ Սա նշանակում է, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի միայն 19%-ում բնակիչները կենսաթոշակները կանխիկացնելու հնարավորություն ունեն։ Իսկ բնակավայրերի մոտ 81%-ում բանկոմատ չկա, և բնակիչները կենսաթոշակները կանխիկացնելու համար պետք է հասնեն այլ բնակավայրեր։   Ինչպե՞ս է կատարվում կենսաթոշակների անկանխիկ վճարումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցում է 12 բանկերի հետ, որոնք տրամադրում են կենսաթոշակային քարտեր։ Այս բանկերից 1-ը՝ «Արցախբանկը», բանկոմատներ ունի միայն մայրաքաղաք Երևանում։ Մնացած բանկերը բանկոմատներ ունեն նաև մարզերում, սակայն մեծամասամբ՝ քաղաքներում։  Եթե բնակիչները չեն ընտրում, թե որ բանկն է իրենց կենսաթոշակային քարտ  տրամադրելու, այդ ընտրությունը կատարվում է ավտոմատ համակարգի միջոցով, իսկ անհամաձայնություն ունենալու դեպքում բնակիչները կարող են փոխել իրենց բանկը։ Եթե նրանք կենսաթոշակը կանխիկացնեն ոչ թե իրենց քարտ տրամադրած բանկից, այլ նախարարության հետ համագործկցող որևէ այլ բանկի բանկոմատից, ապա նրանցից կգանձվի կենսաթոշակի 0,5-2%-ի չափով սպասարկման վճար (վճարի չափը կախված է յուրաքանչյուր բանկի սահմանած սակագնից)։   Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի անցումը Դեռ 2019-ին գործադիրը հավանություն էր տվել օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որով առաջարկվում էր անցնել կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ փոփոխությունների արդյունքում «կապահովվի վճարումների հասցեականությունը, և էապես կնվազեն առկա ռիսկերը»։ Փոփոխությունը, սակայն, չիրականացվեց միանգամից՝ «հաշվի առնելով փոքր բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը»։ 2021-ից համակարգը ներդրվեց Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, 2022-ին՝ այլ քաղաքներում, իսկ այս տարվանից համակարգը գործում է 1000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր բնակավայրերում՝ և՛ քաղաքներում, և՛ գյուղերում։ 2024-ից կենսաթոշակներն անկանխիկ կվճարվեն արդեն Հայաստանի բոլոր բնակավայրերում։ 2022-ի հուլիսից էլ կառավարությունն իրականացնում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Միջոցառման շրջանակում առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարող քաղաքացիներին հաջորդ ամսվա ընթացքում տրամադրվում է 10%-ի չափով հետվճար (cashback)։  Դրան զուգահեռ՝ 2022-ի հուլիսից ուժի մեջ մտավ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը։ Այս օրենքով սահմանվում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող տնտեսվարողները պետք է ապահովեն վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով վճարում իրականացնելու հնարավորություն։ Կարգավորումը չի տարածվում միայն կրպակների վրա։ Եթե այս փոփոխությունը կարելի է անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորության հասանելիության խնդրի լուծման ուղղությամբ քայլ համարել, քանի որ գյուղերի բնակիչները տեսականորեն կարող են անկանխիկ առևտուր անել, ապա բանկային ենթակառուցվածքների հարցը մնում է չլուծված։   Ի՞նչ են ցույց տալիս տվյալները Մենք փորձեցինք հասկանալ, թե 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերից քանիսում գոնե 1 բանկոմատ կա, որով բնակիչները կարող են կենսաթոշակը կանխիկացնել։ Հայաստանի բնակավայրերի ցանկն՝ ըստ բնակիչների թվի, 2020-ի որոշմամբ հաստատել է կառավարությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի անցնելիս առջնորդվել է հենց այդ ցանկով։ Սակայն ցանկը 2020-ից հետո չի թարմացվել, և այժմ պատկերը մի փոքր այլ է։ Համաձայն Վիճակագրական կոմիտեի 2022-ի տվյալների՝ այս ցանկում կան բնակավայրեր, որոնք նախկինում 1000 և ավելի բնակիչ ունեին, իսկ հիմա չունեն, և հակառակը։ Հաշվի առնելով այսպիսի փոփոխությունները՝ մենք, կառավարության հաստատած ցանկում ներառված բնակավայրերից բացի, դիտարկել ենք ևս 8 բնակավայր, որոնք, ըստ Վիճկոմի, ունեն 1000 և ավելի բնակիչ։ Այս 8 բնակավայրերում կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգն այս տարի չի ներդրվի, սակայն 2024-ից այնտեղ էլ կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ, քանի որ 2024-ից համակարգը գործելու է ՀՀ ողջ տարածքում։ Բանկոմատների մասին տվյալները վերցվել են առանձին բանկերի կայքերում հրապարակված ցանկերից։ Դիտարկվել են Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող բոլոր այն բանկերը, որոնք ունեն մասնաճյուղեր և տրամադրում են բանկային քարտեր. ընդհանուր առմամբ՝ 15 բանկ։ Այդ բանկերից 12-ը տրամադրում են կենսաթոշակային քարտեր, 3-ը՝ ոչ։ Կենսաթոշակային քարտեր չտրամադրող բանկերը դիտարկվել են, քանի որ այլ բանկերի բանկոմատների բացակայության դեպքում դրանք կարող են կենսաթոշակը կանխիկացնելու հնարավորություն լինել։ Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող 456 բնակավայրից միայն 88-ում կա բանկոմատ։ Քարտեզի վրա կապույտ գույնով նշված են այն բնակավայրերը, որտեղ գոնե 1 բանկոմատ է առկա, կարմիրով՝ այն բնակավայրերը, որտեղ բանկոմատ չկա, մոխրագույնով` այն բնակավայրերը, որտեղ բանկոմատներ կան, սակայն բնակիչներին ոչ հասանելի վայրերում, կամ որտեղ կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգը դեռ չի ներդրվել։ Յուրաքանչյուր բնակավայրի նկարագրության մեջ կարող եք գտնել մանրամասներ առկա բանկոմատների թվի և այլնի մասին։ Այն դեպքերում, երբ որևէ բնակավայրում չկա բանկոմատ, բնակիչները կարող են կենսաթոշակը ստանալ մոտակա բնակավայրերի բանկոմատներից։ Սակայն դա լրացուցիչ դժվարություն և ֆինանսական ծախս է առաջացնում կենսաթոշակառուների համար։ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում, օրինակ, բանկոմատ չկա։ Մոտակա բանկոմատն Արարատ քաղաքում է, որը հեռու է մոտ 42 կմ։ Իսկ, օրինակ, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից մինչև մոտակա բանոկմատ՝ Մեծամոր, 20 կմ է։ Այսպիսով, չնայած կենսաթոշակների անկանխիկ վճարմանն անցնելու մասին նախագծում նշվում էր բանկային ենթակառուցվածքների բացակայության խնդիրը, և փոփոխությունը նաև այդ պատճառով իրականացվեց փուլերով, տվյալները ցույց են տալիս, որ բանկային ենթակառուցվածքների խնդիրը շարունակում է մնալ չլուծված այն բնակավայրերի մոտ 81%-ում, որտեղ կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով։   Աննա Սահակյան, Կատյա Մամյան    
16:16 - 18 հունվարի, 2023
Չնայած ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ․ Լավրով

Չնայած ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ․ Լավրով

Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Խոսելով ՀԱՊԿ-ի մասին՝ նա անդրադարձել է Երևանում չընդունված հայտարարությանը։ Նա նշել է, որ Երևանում հայտարարությունը չհաջողվեց ընդունել, որովհետև հայ գործընկերները պնդում էին, որ դրանում լինի սուր դատապարտություն՝ ուղղված Ադրբեջանին։ Ըստ Լավրովի՝ իրենք բացատրել են, որ երբ խոսքը դատապարտման, հռետորիկայի մասին է, ամեն մեկը իր կամքը ունի դա անելու։ Բայց, նրա խոսքով, երբ ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկելու մասին է, նման հայտարարություները պարտադիր չեն: «Մենք դեռ պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Չնայած մենք դաշնակիցներ ենք, չնայած նրան, որ առաքելությունը պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ, որ այնտեղ քաղաքացիական դիտորդների երկարաժամկետ առաքելություն տեղակայվի։ Իհարկե, սա Հայաստանի իրավունքն է, բայց չպետք է մոռանալ, որ առաքելությունը տեղակայվելու է Ադրբեջանի սահմանին, և եթե չլինի Ադրբեջանի համաձայնությունը, առաքելության տեղակայումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է ավելորդ լարվածություն ստեղծել»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով։ Infocom.am-ի հայաստանյան աղբյուրը հաստատել էր տեղեկությունը, որ դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, ապա հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: Հավելենք նաև, որ 2022թ. նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Վարչապետը չի ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը ու նշել․ ««ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»։ ՀՀ ԱԳՆ խոսնակն էլ, մեկնաբանելով այն, որ հայտարարությունը չի ընդունվել, ասել էր, որ հայկական կողմը ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, իսկ առկա խմբագրությամբ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծն այդ տեսանկյունից չէր բավարարում հայկական կողմին։
15:41 - 18 հունվարի, 2023