Հայաստան

Կարող եմ ասել հակառակը․ ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունը. Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Կարող եմ ասել հակառակը․ ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունը. Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Կարող եմ ասել հակառակը․ ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստի ժամանակ արած հայտարարությանը։  «Աշխատանքներ տարվում են, և եթե հայտնի չէ, ես կարող եմ կրկնել, որ եղել են իրավիճակներ, երբ կողմերը միմյանց մեղադրել են և հենց ռուս խաղաղապահներն են արել ամեն ինչ՝ կայունացնելու իրավիճակը և դա նրանց հաջողվել է։ Ուստի նման վերաբերմունքը մեր խաղաղապահների նկատմամբ ընդունելի չէ։  Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի սկզբում դարձյալ ընդգծեց, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը․ «Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը»։ Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
15:08 - 22 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանի ագրեսիայի պատճառով հազարավոր ընտանիքներ վտանգի տակ են. ԱՄՆ կոնգրեսական
 |armenpress.am|

Ադրբեջանի ագրեսիայի պատճառով հազարավոր ընտանիքներ վտանգի տակ են. ԱՄՆ կոնգրեսական |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատում Մասաչուսեթս նահանգը ներկայացնող Լորի Թրահանը: «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Այս չհիմնավորված ագրեսիայի պատճառով հազարավոր ընտանիքներ վտանգի տակ են: Եվս մեկ անգամ Պետքարտուղարությանը կոչ եմ անում օգնել դիվանագիտական լուծում գտնելու հարցում», - գրել է Թրահանը Twitter-ի իր էջում: ԱՄՆ Կոնգրեսի անդամները շարունակում են բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման խնդիրը։ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամները հաղորդագրություն են տարածել՝ դատապարտելով Ադրբեջանին Լաչինի միջանցքը փակելու համար։
11:00 - 22 դեկտեմբերի, 2022
Եվրոպական դատարանի որոշումը կարող է մեծ քաղաքական ազդեցություն ունենալ. Սիրանույշ Սահակյան
 |news.am|

Եվրոպական դատարանի որոշումը կարող է մեծ քաղաքական ազդեցություն ունենալ. Սիրանույշ Սահակյան |news.am|

news.am: Եվրոպական դատարանի որոշումը կարող է ունենալ մեծ քաղաքական ազդեցություն, բազմաթիվ եվրոպական երկրներ նաեւ աշխարհաքաղաքական նկրտումներից ելնելով, հենվելով Եվրոպական դատարանի դատական ակտի վրա` լեգիտիմորեն կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա եւ պարտադրել միջանցքի օր առաջ բացումը եւ շրջափակումը: Այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը` անդրադառնալով ՄԻԵԴ որոշմանը` Լաչինի միջանցքը բացելու հարցով Հայաստանի հայցի վերաբերյալ: Նրա խոսքով` եթե դատարանի անհապաղ միջոցի որոշման ակտը չի կատարվում, ապա  ծանուցում է գնում Նախարարների կոմիտե, որն էլ կարող է քաղաքական միջոցներ ձեռնարկել: Անդրադառնալով ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը, Սահակյանը նշեց, որ դատարանը դրական եւ սկզբունքային մոտեցմամբ է գործել:  «Այստեղ կառավարության ձեւակերպումը ավելի լայն եմ տեսնում ԼՂ-ում բնակվող անձինք, իսկ դատարանը այլ չափանիշ է դրել` առողջական խնդիրներ ունեցող եւ ճանապարհորդող, որոնք ճանապարհին մնացել են առանց ապաստանի եւ գոյության միջոցների, ընդ որում հատուկ մատնանշված չէ հենց ԼՂ-ում ապրելու հանգամանքը, այսինքն` դատարանի կիրառած միջոցը, որոշակի առումով ավելի լայն է, քան կառավարության հայցումը, որովհետեւ չի սահմանափակվում միայն Արցախում բնակվող բնակիչներով, բայց մյուս կողմից էլ մի հատվածով նեղ է, որովհետեւ չափանիշ է դնում առանց ապաստարանի եւ գոյության միջոցների մնացած անձինք, ովքեր արգելափակվել են ճանապարհին, ինչը նշանակում է, որ եթե արգելափակվել են, բայց ապաստարանի տեղ ունեն, կամ ունեն բավարար միջոցներ ճանապարհին մնալու կամ ապրելու, այդ անձանց նկատմամբ չի տարածվում: Բոլոր դեպքերում կարծում եմ, որ դրական եւ սկզբունքային մոտեցմամբ է գործել դատարանը եւ արձանագրել է նաեւ Լաչինի միջանցքի մարդասիրական նշանակությունը»,-ասաց նա: Սահակյանի խոսքով` դատարանի այս տեսակի որոշումը ենթադրում է անհապաղ կատարում, Ադրբեջանը հենց այս պահից էլ պետք է սկսի այն ի կատար ածել: Հիշեցնենք, որ Հայաստանը դեկտեմբերի 15-ին, 16-ին, 20-ին և 21-ին միջանկյալ միջոց կիրառելու պահանջ և լրացուցիչ տեղեկատվություն էր ներկայացրել Եվրոպական դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ «Լաչինի միջանցքով» անցնող ճանապարհի արգելափակման հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումները վերացնելու համար: Եվրոպական դատարանը որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
09:36 - 22 դեկտեմբերի, 2022
Իռլանդիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով |armenpress.am|

Իռլանդիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով |armenpress.am|

armenpress.am: Իռլանդիան լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ, որը սկսվել է դեկտեմբերի 12-ին և լրջագույն հետևանքներ ունի տեղի բնակչության համար։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ասաց ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչը։ «Առանց այս կենսական միջանցքով մարդկանց, պարենի, ապրանքների ու դեղորայքի ազատ տեղաշարժման՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այս ձմեռ անկասկած կառերեսվի մարդասիրական աղետի։ Որպես Անվտանգության խորհուրդ՝ մենք պետք է անենք հնարավոր ամեն բան՝ խուսափելու սրանից և կանխելու հերթական մարդածին աղետը, որը զարգանում է մեր աչքի առաջ։ Հետևաբար, Իռլանդիան կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ և առանց նախապայմանների վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»,- նշեց Իռլանդիայի ներկայացուցիչը։ Նա հիշեցրեց, որ որպես քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի անդամներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավոր են ապահովել խաղաղ հավաքների իրավունքը և հարգել դրա իրականացումը՝ միաժամանակ երաշխավորելով, որ այն չի խաթարում հանրային անվտանգությունը, առողջությունն ու այլոց իրավունքներն ու ազատությունները։ «Հիմա է ժամանակը զսպվածության և դեէսկալացիայի, ժամանակն է սահմանափակելու հռետորաբանությունը և զերծ մնալու սպառնալիքներից ու սադրանքներից։ Ժամանակն է շարունակելու հաշեցտման կարևոր ջանքերը՝ կանխելով մարդկային կյանքի հետագա անտեղի կորուստները։ Մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի երկխոսության և խորհրդատվությունների միջոցով։ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քայլերը՝ հաղթահարելու տարբերություններն ու հասնելու տևական ու կայուն խաղաղության տարածաշրջանում։ Իռլանդիան սատարում է խնդիրների բանակցված, համապարփակ և կայուն հանգուցալուծմանը՝ այդ թվում և Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ կարգավիճակին։ Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին՝ առաջ մղելու այս հարցը։ Մենք սատարում ենք նաև Եվրամիության շարունակվող ակտիվ ներգրավմանը՝ աջակցելու կողմերին մնացած հարցերը խաղաղ կարգավորելու կարևոր գործում՝ այդ թվում և Բրյուսելի երկխոսության գործընթացի միջոցով»,- հայտարարեց ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ԵՄ մյուս անդամների հետ իրենց նպատակն է Հարավային Կովկասում հասնել կայուն խաղաղության հաստատման։  
11:41 - 21 դեկտեմբերի, 2022
Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Ձեր բարձր առաքելությանը. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին

Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Ձեր բարձր առաքելությանը. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ձեզ եմ հղում իմ ամենաանկեղծ և ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Թույլ տվեք հայ ժողովրդի և անձամբ իմ անունից մաղթել Ձեզ անկոտրում կամք ու անսպառ եռանդ՝ ֆրանսիացի ժողովրդին առաջնորդելու և նորանոր հաջողություններ ու մեծ նվաճումներ ձեռք բերելու համար։ Հավատացած եղեք, որ համաշխարհային մարտահրավերներով լի այս բարդ ժամանակահատվածում Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Ձեր բարձր առաքելությանը։ Հայ ժողովուրդը կիսում է բարեկամ Ֆրանսիայի հետ մեզ միավորող ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և քաղաքակրթական բարձրագույն արժեքները։ Պարոն նախագահ, օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհավորել Ձեզ Սուրբ ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում։ Հուսով եմ, որ հայ և ֆրանսիացի բարեկամ ժողովուրդների համար գալիք տարին կլինի լեցուն խաղաղությամբ ու նոր ձեռքբերումներով՝ ի նպաստ մեր երկրների առանձնահատուկ գործակցության խորացման և մեր ժողովուրդների անսասան բարեկամության ամրապնդման։  Ընդունեք խնդրեմ, պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը։ Բարեկամաբար՝ Նիկոլ Փաշինյան»:
11:24 - 21 դեկտեմբերի, 2022
Երկու կողմերին կոչ ենք անում դիվանագիտական ուղիներ գտնել՝ հասնելու տևական, խաղաղ լուծման. ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ |armenpress.am|

Երկու կողմերին կոչ ենք անում դիվանագիտական ուղիներ գտնել՝ հասնելու տևական, խաղաղ լուծման. ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: Լաչինի միջանցքի արգելափակումը ծանր հետևանքներ ունեցող իրավիճակ է, որը կարող է մարդասիրական ճգնաժամի վերածվել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչը, ով նախագահում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Լաչինում իրավիճակի քննարկմանը։ «Գլխավոր քարտուղարը կոչ է արել նվազեցնել լարվածությունը և ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը միջանցքի երկայնքով՝ նախկինում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը տարածաշրջանում միջնորդական շարունակական ջանքերին։ Մենք մշտապես այն դիրքորոշումն ենք ունեցել, որ նման վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության և երկխոսության միջոցով։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում դիվանագիտական ուղիներ գտնել՝ հասնելու տևական, խաղաղ լուծման», - ասել է ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ Հնդկաստանը շարունակում է վերահաստատել, որ համաշխարհային կարգի հիմքում պետք է լինեն միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը և բոլոր պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը։
11:12 - 21 դեկտեմբերի, 2022
Պահանջել Ադրբեջանից վերացնել միջանցքի արգելափակումը, տեղակայել փաստահավաք առաքելություն. ՀՀ-ի կոչը ՄԱԿ ԱԽ-ին |armenpress.am|

Պահանջել Ադրբեջանից վերացնել միջանցքի արգելափակումը, տեղակայել փաստահավաք առաքելություն. ՀՀ-ի կոչը ՄԱԿ ԱԽ-ին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է անում քայլեր ձեռնարկել, պահանջել Ադրբեջանից վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայել Լաչինի միջանցքում: Այս մասին հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ԱԽ նիստում, որում քննարկվում էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: Նա շեշտեց, որ Ադրբեջանը զանգվածային արշավ է մեկնարկել Լաչինի միջանցքում՝ պետական հովանավորությամբ: Մտացածին պատրվակով կազմակերպելով Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը՝ Ադրբեջանը թիրախավորել է 120 հազար մարդու: Առնվազն 1100 քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, երեխաները բաժանվել են իրենց ծնողներից, ընտանիքներից, առողջապահական և սոցիալական ծառայությունների տրամադրումը խաթարվել է՝ բերելով կյանքին սպառնացող իրավիճակների: Մարգարյանը հիշեցրեց նաև Ադրբեջանի կողմից մի քանի օր Արցախի գազամատակարարումը դադարեցնելու մասին, որն ազդել է դպրոցների գործունեության վրա՝ երեխաներին զրկելով կրթության իրավունքից: «Ահազանգող իրավիճակը ԼՂ-ում մոտ է մարդասիրական աղետ դառնալուն: Չնայած խաղաղապահ ուժերի ջանքերին՝ ադրբեջանական կողմի հետ ԼՂ իշխանությունների բանակցությունները, որոնք նպատակ ունեն վերականգնել միջանցքի ապահով և անխաթար շահագործումը, առ այսօր որևէ արդյունքի չեն բերել: Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում՝ նախորդ միջադեպերը, որոնց ընթացքում թիրախավորում էին քաղաքացիական ազգաբնակչությանը, ենթակառուցվածքները, ևս մեկ ապացույց է նրա, որ Լաչինի միջանցքի փակումն իրականում նախապես պլանավորված գործողություն է, որն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նպատակ հետապնդելով վնաս պատճառել ազգաբնակչությանը և մեծածավալ մարդասիրական ճգնաժամ առաջացնել ԼՂ-ում»,-ասաց Հայաստանի ներկայացուցիչը:   Բնապահպանական մտահոգություններին ցանկացած հղում ոչ այլ ինչ է, քան կեղծ պատրվակ՝ արդարացնելու ԼՂ աղգաբնակչությանը գոյության միջոցներից զրկելը, նրանց հիմնարար իրավունքները մերժելը: Հայաստանի ներկայացուցիչը շեշտեց, որ Ադրբեջանը ժողովրդավարության ամենացածր վարկանիշներից ունի՝ ապացուցված բողոքների բռնաճնշման նախապատմությամբ, տասնյակ քաղբանտարկյալների պատժելով: «Այն գաղափարը, որ քաղհասարակության ակտիվիստներն այնտեղ կարող են այդօրինակ մասշտաբի և ընդգրկման արշավ իրականացնել առանց պետական իշխանությունների ուղղորդման և օժանդակության, առնվազն անհամոզիչ է»,-ասաց նա: Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը մեկուսի դեպք չէ, սա հերթական անգամ վկայում է համակարգային բռնության մասին, որի գլխավերևում կանգնած են ադրբեջանական իշխանությունները, ում նպատակն է ԼՂ-ի ժողովրդին ենթարկել էթնիկ զտման: Մարգարյանը ընդգծեց՝ եթե Ադրբեջանը հետաքրքրված է, որ բնապահպանական իրավիճակի անկախ գնահատում իրականացվի, ապա պետք է դիտարկվի ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն  տեղակայելու հնարավորությունը՝ խնդիրն ուսումնասիրելու նպատակով: Ադրբեջանի պնդումները, թե լուծել է ԼՂ հակամարտությունը և անգամ վերացրել հազարամյակներ շարունակ հայերի կողմից բնակեցված տարածքի անվանումը, ակնհայտ վկայում են այն մասին, որ կանխամտածված ցեղասպանական քաղաքականության նշաններ կան: Մարգարյանը միջազգային հանրության ներգրավվածության շարունակումը միակ հնարավոր միջոցը համարեց՝ երաշխավորելու ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը: «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ պահանջելու Ադրբեջանից լիարժեքորեն հարգել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անմիջապես ու անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը՝ վերացնելով տրանսպորտային հաղորդակցության անվտանգ և ապահով կազմակերպման բոլոր խոչընդոտները, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայել ԼՂ-ում, Լաչինի միջանցքում՝ գնահատելու տեղի մարդասիրական իրավիճակը, ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների համար անխոչընդոտ հասանելիությունը ԼՂ մարդասիրական նպատակներով: Հայաստանը կոչ է անում ԱԽ-ին կատարել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր պարտականությունը, ձեռնարկել պատշաճ միջոցառումներ և միանշանակ դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որոնք գոյութենական սպառնալիք են առաջացնում ԼՂ ժողովրդի համար, նրանց ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի համար՝ առանց արտաքին բռնաճնշման վախի»,- եզրափակեց Հայաստանի ներկայացուցիչը:
03:32 - 21 դեկտեմբերի, 2022
Կոչ ենք անում Ադրբեջանին և միջանցքի անվտանգության համար մյուս պատասխանատուներին՝ հնարավորինս արագ վերականգնել ազատ երթևեկությունը. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Կոչ ենք անում Ադրբեջանին և միջանցքի անվտանգության համար մյուս պատասխանատուներին՝ հնարավորինս արագ վերականգնել ազատ երթևեկությունը. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի օգտագործման շարունակական խոչընդոտներով և դրա մարդասիրական հետևանքներով։ Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։ «Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները հետ են մղում խաղաղության գործընթացը, դրանք խաթարում են միջազգային վստահությունը այդ գործընթացի հանդեպ և պոտենցիալ ծանր մարդասիրական հետևանքներ են պարունակում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և միջանցքի անվտանգության համար մյուս պատասխանատուներին՝ հնարավորինս արագ վերականգնել ազատ երթևեկությունը, ներառյալ մարդասիրական և առևտրային օգտագործումը։ Մենք ողջունում ենք ԼՂ մարդկանց համար գազամատակարարման վերականգնումը։ ԼՂ քաղաքացիական բնակչության համար անհրաժեշտ ծառայությունների անջատման ցանկացած փորձ անընդունելի է։ ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել բոլոր այն գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները կատարել։ ՀՀ և Ադրբեջանի կուտակված խնդիրները պետք է լուծվեն միայն խաղաղ բանակցությունների միջոցով․ բանակցությունները միակ ձևն են տևական խաղաղության հասնելու։ Միջազգային հանրությունը պետք իր դերը կատարի և ներգրավված մնա դիվագանագիտորեն հասնելու կայուն խաղաղությանը։ Ժամանակը ցույց է տվել, որ այս հակամարտությունը չի կարող միակողմանի կամ ռազմական լուծում ունենալ և կողմերը պետք է հաստատեն իրենց ընդգրկումը դիվանագիտական պրոցեսին։ Բոլոր կողմերը պետք է ուժեղացնեն իրենց դիվանագիտական ներգրավումը և հադաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցեն՝ համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի միջոցով։ Բոլոր մնացած հարցերն ունեն համապարփակ դիվանագիտական լուծում։ ԱՄՆ-ն հավատարիմ է կայուն հրադադարին և կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծմանը։ Մենք ակտիվորեն բազմակողմանի մնում ենք մղված այս համատեղ նպատակին։ Մենք պատրաստ ենք դյուրացնել երկխոսությունը ՀՀ և Ադրբեջանի միջև՝ երկկողմանի, եռակողմ՝ և՛ Եվրամիության, և՛ ԵԱՀԿ-ի պես գործընկերների հետ՝ հասնելու երկարաժամկետ քաղաքական լուծմանը այս հակամարտության՝ ըստ միջազգային իրավունքի, ներառյալ Հելսինկիի եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Ուզում եմ ևս հղում անել բանակցված, համապարփակ լուծման կարևորությանը՝  բոլոր մնացած հարցերի Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։ 
03:25 - 21 դեկտեմբերի, 2022
Մեզ հաջողվել է հասնել գազամատակարարման վերականգնման և Լաչինի միջանցքի մասնակի բացման. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Մեզ հաջողվել է հասնել գազամատակարարման վերականգնման և Լաչինի միջանցքի մասնակի բացման. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։  ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը հայտարարեց, որ Ռուսաստանը կազմակերպել է կանոնավոր շփումներ Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, որոնց արդյունքում հաջողվել է հասնել ԼՂ-ում գազամատակարարման վերականգնմանը և Լաչինի միջանցքի մասնակի բացմանը երթևեկության համար։ «Ըստ եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ է, որը տարածաշրջանում կայունության երաշխավորն է և արդյունավետ իրականցնում է իր առջև դրված նպատակները։ Կարևոր է նշել, որ երբ ստորագրվեց այս հայտարարությունը, կողմերը պարտավորություններ ստանձնեցին, որոնց պետք է խստիվ հետևել, ի թիվս այլոց, որ որևէ խնդիրներ չեն ներկայացվում քաղաքացիական բնակչությանը։ Մենք ակնկալում ենք, որ ամբողջական տրանսպորտային հաղորդակցությունը մոտ ապագայում պետք է վերականգնվի։ ՌԴ կողմը իր ՊՆ, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ու ԱԳՆ-ի միջոցով վերջին օրերի ընթացքում ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հանգուցալուծելու Լաչինի միջանցքքում ստեղված իրավիճակը, մենք կազմակերպել ենք կանոնավոր շփումներ Ադրբեջանի և Հայաստանի մեր գորընկերների հետ, որոնց արդյունքում մեզ հաջողվել է հասնել ԼՂ-ում գազամատակարարման վերականգնմանը և Լաչինի միջանցքի մասնակի բացմանը երթևեկության համար։ Համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպանական փորձագետների կողմից Լեռնային Ղարաբաղում հանքավայրեր այցելելու պարամետրերը: Մենք ակնկալում ենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված ուժի չկիրառման և հրադադարի պահպանման բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը, ինչպես նաև հետևել բոլոր պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել 2020թ․ նոյեմբերի, 2021թ․ հունվարի և 2022թ․ հոկտեմբերի եռակողմ հայտարարություններով։ Մենք վստահ ենք, որ հայտարարությունների ամբողջական իրականացումը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացման միակ կայուն ձևն է։ Բոլոր 4 փաստաթղթերը համապարփակ են իրենց էությամբ և իրենց դրույթներով անքակտելիորեն կապված են մեկը մյուսին։ Դրանց իրականացումը կերաշխավորի, որ մենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար նախապայմաններ ունենաք, որը ոչ միայն տարածաշրջանի երկրների շահերին է համապատասխանում, այլ նաև նրանց բոլոր հարևանների։ Մենք մտադիր ենք շարունակել անհրաժեշտ օժանդակություն տրամադրել Բաքվին և Երևանին, որպեսզի վստահ լինենք, որ համաձայնագրերը իրակացվում են այն ձևաչափով և ընդգրկմամբ, որը ընդունելի է երկու կողմերի համար էլ։ Մեր կարծիքն այն է, որ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,- նշեց ՌԴ ներկայացուցիչը։ 
03:05 - 21 դեկտեմբերի, 2022
Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով ազատ տեղաշարժի խոչընդոտները անընդունելի են. ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ

Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով ազատ տեղաշարժի խոչընդոտները անընդունելի են. ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ

Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։  ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը ելույթի ժամանակ նշեց՝ վերջին շրջանի իրադարձությունները շատ մտահոգիչ են.  «Երկու հանգամանք եմ ուզում ընդգծել․ նախ՝ դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով ազատ տեղաշարժի խոչընդոտները անընդունելի են։  Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մեկուսացել է ԼՂ բնակչությունը, մարդասիրական հետևանքները օրեցօր վատթարանում են։ Ֆրանսիան կոչ է անում անվերապահորեն սկսել ապրանքների և պարագաների տեղաշարժը միջանցքով՝ միաժամանակ ապահովելվ բնակչության իրավունքները։ Ֆրանսիան կոչ է անում ի կատար ածել եռակողմ հայտարարությամբ նախատեսված հանձնառությունները։ Ֆրանսիան նաև ընդգծում է, որ, Ադրբեջանի կառավարության հանձնառության համաձայն, եռակողմ հայտարարությամբ պետք է երաշխավորված լինի մարդկանց, տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով։  Ֆրանսիան նաև կոչ է անում անմիջապես ազատ հասանելիություն ապահովել մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների համար՝ հետևանքները կրող բնակչության հետ աշխատելու նպատակով։ Ֆրանսիան կոչ է անում երկու կողմերին ստեղծել միջավայր, որը նպաստավոր կլինի ընթացող բանակցություններում առաջընթացի համար, որը պետք է միայն երկխոսությամբ լինի և ոչ ուժի գործադրմամբ, և պետք է առաջընթաց գրանցել բոլոր չլուծված հարցերի լուծմանուղղությամբ, ներառյալ մարդկանց իրավունքներն ու երաշխիքները։ ԵՄ-ին զուգահեռ Ֆրանսիան կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ապահովման համար, մենք կսատարենք բոլոր քննարկվող թեմաներին՝ հատկապես խաղաղության համաձայնագրի շուրջ, սահմանազատման և սահմանագծման, հաղորդակցության ուղիների բացման և տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ուղղությամբ»,- հայտարարեց Ֆրանսիայի ներկայացուցիչը։ 
02:03 - 21 դեկտեմբերի, 2022
Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը
 |azatutyun.am|

Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը։ «Ռուսաստանի նախագահի հրավերով դեկտեմբերի 26-27-ը տեղի կունենա այդ հանդիպումը, հուսով ենք, որ դա լրացուցիչ խթան կհաղորդի համագործակցությանը», - երեքշաբթի օրը Մինսկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեբեդևը։ Անկախ պետությունների համագործակցություն կազմակերպությանը անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Մոլդովան: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը ու Իլհամ Ալիևը կարող են ոչ ֆորմալ ձևով խոսել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։ 
13:42 - 20 դեկտեմբերի, 2022
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը
 |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Նախագիծն ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում՝ ստանալով 69 կողմ, 1 դեմ, 28 ձեռնպահ ձայներ: Համաձայնագիրը վավերացնելու նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը ԵՄ-ի մշակույթի ոլորտի ամենամեծ ծրագիրն է և հասանելի է նաև ԵՄ հարևանության երկրների համար: Հայաստանը միանում է «Մշակույթ» ենթածրագրին: Իսկ այդ ծրագրի նպատակն է պաշտպանել, զարգացնել և տարածել եվրոպական մշակութային և լեզվական բազմազանությունը՝ հանրահռչակելով Եվրոպայի մշակութային ժառանգությունը, ինչպես նաև ուժեղացնելով Եվրոպայի մշակութային և ստեղծարար ոլորտների մրցունակությունը՝ ապահովելու կայուն ու ներառական աճ: «Ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտի կազմակերպություններին ծավալել միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի այլ կազմակերպությունների հետ, խթանում է շփումները մշակույթի գործիչների միջև և տրամադրում է դրամաշնորհներ՝ գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի, մշակութային ժառանգության և մշակույթի մի շարք այլ ոլորտներում»,-ասաց Մարտիրոսյանը: Ծրագրի այս շրջափուլը նախատեսվում է մինչև 2027 թվականը: Հայաստանը միացած է եղել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի առաջին շրջափուլին 2014-2020 թթ համար: Եվ ծրագիրը, փոխնախարարի գնահատմամբ, իսկապես լավ հնարավորություն է: Ենթադրվում է, որ ծրագրի շրջանակներում կստեղծվի «Ստեղծագործ Եվրոպա»-ի գրասենյակ, որը կզբաղվի հայ մշակութային գործիչների իրազեկվածության բարձրացմամբ, նրանց կարողությունների զարգացմամբ և եվրոպացի գործընկերներ գտնելու գործընթացով: Ծրագիրը նախատեսում է շուրջ 400 հազար եվրո մասնակցության վճար: Մարտիրոսյանի վստահեցմամբ՝ այդ մասնակցության վճարով հնարավոր կլինի շատ ավելի մեծ գումարներ գեներացնել Հայաստանի մշակույթի ոլորտի համար:
13:32 - 20 դեկտեմբերի, 2022
ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն միացել է իր գործընկերներին՝ Բայդենին կոչ անելով գործողություններ ձեռնարկել Արցախի ժողովրդին պաշտպանելու համար
 |armenpress.am|

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն միացել է իր գործընկերներին՝ Բայդենին կոչ անելով գործողություններ ձեռնարկել Արցախի ժողովրդին պաշտպանելու համար |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին, որը տուժում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով։  «Ես կանգնած եմ հազարավոր մարդկանց կողքին, ովքեր տուժում են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով», - գրել է նա Twitter-ի իր էջում։ Կոնգրեսականը նաև նշել է, որ հպարտությամբ միացել է կոնգրեսական Ադամ Շիֆին և իր մյուս գործընկերներին՝ նամակ հղելով ԱՄՆ նախագահին և կոչ անելով նրան գործողություններ ձեռնարկել Արցախի ժողովրդին պաշտպանելու համար։  ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգությունը: Կոնգրեսականները նշել էին, որ եթե նման իրադրությունը շարունակվի, ապա անխուսափելի կդառնա մարդասիրական աղետը:
13:30 - 20 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին դեկտեմբերի 22-ից կվերսկսի աշխատանքը
 |armenpress.am|

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին դեկտեմբերի 22-ից կվերսկսի աշխատանքը |armenpress.am|

armenpress.am: Ջերմուկի ճոպանուղին, որը լրջորեն վնասվել էր սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով,  վերականգնվել է և տոն օրերին ամբողջությամբ պատրաստ կլինի դիմավորել և սպասարկել  բոլոր այցելուներին:  Ջերմուկի ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը նշեց, որ ճոպանուղին հնարավորինս վերականգնել են, և դեկտեմբերի 22-ից լիարժեք կսկսեն աշխատել: «Ընդհանուր տեխնիկական վերականգնողական աշխատանքները ավարտել ենք, և տոն օրերին ամբողջությամբ պատրաստ կլինենք: Որոշ թերություններ կան, քանի որ Ջերմուկում ամենաշատ արկեր ընկել են հենց ճոպանուղու տարածքում, սակայն այդ թերություններն արդեն գարնանը կշտկենք: Վնասվել էին նաև հարակից սրճարանները և ժամանցի վայրերը, որոնք նույնպես վերականգնվել են»,-ասաց ճոպանուղու տնօրենը:  Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին  տեղակալ Վարդան Սարգսյանն ասաց, որ սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով Ջերմուկում հրետակոծվել էր  մեկ առողջարան, ինչի հետևանքով վնասվել էին տանիքը, պատուհաններն ու պատերը: «Առողջարանի պատուհանները վերականգնել են, պատերի վերականգնումը ընթացքի մեջ է, իսկ  տանիքը ժամանակավոր վերականգնվել է. մյուս տարի հիմնական աշխատանքը կարվի: Ունեինք նաև վնասված փոքր  հյուրատներ, որոնք ստացել են ֆինանսական աջակցություն, ինչպես նաև իրենք իրենց միջոցներով իրականացրել են վերականգնողական աշխատանքներ: Որոշ աշխատանքներ ամբողջությամբ են իրականացվել, որոշները ընթացքի մեջ են, իսկ մի մասն էլ ավելի տաք եղանակներին կարվեն»,- ասաց Վարդան Սարգսյանը: Անդրադառնալով այցելուների և զբոսաշրջիկների թվին՝  նա ընդգծեց, որ վերականգնման փուլը համընկել է զբոսաշրջային  ցածր սեզոնի հետ, բայց անցած տարվա  այս օրերի համեմատ, այցելուների թիվը ավելի պակաս է, իսկ նոր տարին Ջերմուկում դիմավորել ցանկացողների թիվը դեռ հնարավոր չէ հստակ նշել:   ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանն ընդգծեց, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից սկիզբ առած ադրբեջանական ռազմական ագրեսիան իր զգալի բացասական ազդեցությունն է ունեցել զբոսաշրջության ոլորտի վրա, մասնավորապես՝ զբոսաշրջային հոսքերի դադարեցումը կամ կտրուկ նվազումը ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզեր առաջացրել են բազմաթիվ խնդիրներ տեղում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտներ շահագործող անձանց գործունեության համար: «30-ից ավել հյուրանոցային տնտեսության օբյեկտ շահագործող անձանցից ստացվել է նախապես կատարված ամրագրումների չեղարկումների և կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն։ Զբոսաշրջիկներ ներգրավելու գործընթացում Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտներ շահագործող տնտեսավարողներին աջակցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել և ՀՀ շահագրգիռ պետական մարմիններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզերում զբոսաշրջության խթանման միջոցառումը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Նախագիծը շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքների հիման վրա կլրամշակվի և սահմանված կարգով կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ»,-ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալը։ Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ներկայումս շրջանառվող նախագիծը վերոգրյալ մարզերում զբոսաշրջային հոսքերի ակտիվացման համար կարևոր նշանակություն կունենա, այնուամենայնիվ, ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում զբոսաշրջային հոսքերը խթանելու և ծառայություններ մատուցող անձանց աջակցելու նպատակով հնարավոր լրացուցիչ միջոցառումները, ինչպես օրինակ՝ տեղական մեդիա դաշտի միջոցով իրականացվող ռեպորտաժների, հաղորդումների, տեսանյութերի հեռարձակումներով, բնակիչների հետ անմիջական շփման մեթոդով անվտանգության բաղադրիչների ներկայացումը, հավելյալ խթան կհանդիսանան նաև ներքին զբոսաշրջային հոսքերի աճի համար։  Սուսաննա Հակոբյանն ընդգծեց, որ թե ՀՀ քաղաքացիները, թե զբոսաշրջիկները կարող են իրենց հանգիստը անցկացնել Վայոց Ձորում և Սյունիքում, քանի որ հյուրանոցային տնտեսության օբյեկտները աշխատում են իրենց բնականոն ռեժիմով՝ չնայած նրանց առջև ծառացած խնդիրներին:
12:03 - 20 դեկտեմբերի, 2022
ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում. Լին Թրեյսիի հրաժեշտի ուղերձը

 |armenpress.am|

ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում. Լին Թրեյսիի հրաժեշտի ուղերձը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում և կշարունակի աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս մասին վստահեցրել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հրաժեշտի իր տեսաուղերձում: «Արդեն 3 տարուց ավելի Հայաստանում եմ: Երկրի համար դժվարին ժամանակներ էին, չնայած անհերքելի մարտահրավերներին՝ ես լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ: Լավատեսությանս հիմքում ժողովուրդն է»,-նշել է Թրեյսին:  Նրան ոգեշնչում է հայ-ամերիկյան հարաբերությունների դրական ուղղվածությունը: Խոսնակ Նենսի Փելոսիի վերջին այցն ընդգծել է երկու երկրների գործընկերության դրական հետագիծն ու ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին: Նա 2021 թվականին նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ևս մեկ կարևոր իրադարձություն է համարել: «ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում: Եվ մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»,-նշել է Թրեյսին: Նա հիշեցրել է, որ համագործակցել են ՀՀ կառավարության հետ՝ պարեկային ծառայություն ներդնելու հարցում, որը կոչված է հնարավորինս արագ արձագանքելու քաղաքացիների կարիքներին, աջակցել են նաև Հայաստանում մեդիա ոլորտին:  Լին Թրեյսին ընդգծել է՝ Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ մշակութային ժառանգությամբ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց մինչև Սանահինի վանք: Հպարտ է, որ կարողացել են նպաստել Հայաստանի եզակի ժառանգության պահպանությանը՝ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն աշխատել է գյուղմթերք արտադրողների հետ՝ բարելավելու պարենային անվտանգությունը և աջակցել է բիզնեսին մարզերում տնտեսական զարգացում ապահովելու գործում: «Այս տարի մենք նշեցինք մեր երկու ժողովուրդների միջև գործընկերության 30-ամյակը, գործընկերություն, որն իր արտահայտությունն է գտել մեր կառավարությունների, բայց, որ ավելի կարևոր է՝ մեր ժողովուրդների հարաբերություններում: Հետ նայելով իմ պաշտոնավարման 3 տարիներին և անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը՝ չեմ կարող չոգեշնչվել հայ ժողովրդի աննկուն տեսակով և չլցվել ապագայի հանդեպ մեծ հույսով: Այստեղից տանում եմ հիշողություններ, որոնք ընդմիշտ կապրեն իմ հոգում»,-եզրափակել է նա:
11:21 - 20 դեկտեմբերի, 2022
ՄԱԿ ԱԽ-ում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը․ ԱԳՆ խոսնակ

ՄԱԿ ԱԽ-ում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա  ՄԱԿ Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։  Արդեն իններորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:    
10:10 - 20 դեկտեմբերի, 2022