Հայաստան

ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատանքը Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու համար
 |news.am|

ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատանքը Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու համար |news.am|

news.am: ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատանքը Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու համար։ Այս մասին РБК-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Նրա խոսքով, այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման խնդրանք է ներկայացրել ՀԱՊԿ-ին, Հավաքական անվտանգության խորհուրդը (ՀԱԽ՝ կազմակերպության բարձրագույն մարմինը) «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծ է մշակել։ «Բացի Երեւանին այլ աջակցություն ցուցաբերելուց», սա ենթադրում է հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ ժամանակավոր դիտորդական առաքելության ուղարկում եւ այդպիսի առաքելության չափի, մանդատի եւ աշխատանքի ժամկետների որոշում։ Նախագիծը «գտնվում է բարձր աստիճանի պատրաստվածության մեջ, սակայն ՀԱՊԿ ՀԱԽ վերջին նիստում չի հաջողվել ընդունել այս փաստաթուղթը»։ «Դրա վրա աշխատանքը շարունակվում է։ Համաձայնեցման ընթացակարգի ավարտից հետո նախագիծը կներկայացվի կազմակերպության կանոնադրական մարմինների քննարկմանը»,- նշել է Զայնետդինովը՝ նշելով, որ թվի եւ ժամկետների վերաբերյալ կոնկրետ թվեր նշելը այժմ վաղաժամ է։ «Որոշումը, որի մասին խոսում է ՀԱՊԿ ներկայացուցիչը, համաձայնեցվել է նոյեմբերին Երեւանում կազմակերպության պետությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած գագաթաժողովում։ Այն ժամանակ Փաշինյանը հրաժարվեց հավանություն տալ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրին։ Պատճառն այն է, որ դաշնակիցները հրաժարվեցին քաղաքական գնահատական տալ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին։ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ առաքելություն ուղարկելը չպետք է կապվի Բաքվին դատապարտման հետ։ «Եթե խոսքը վերաբերում է դատապարտմանը, հռետորաբանությանը, դիրքորոշումների ներկայացմանը, ապա յուրաքանչյուրն ազատ է անել այն, ինչ ուզում է։ Բայց եթե մենք ուզում ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, ապա դա պայմանավորված չէ արտաքին նշաններով եւ կոշտ հայտարարություններով»,- ասել էր նախարարը։ Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են երկարաժամկետ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։ Սա երկրորդ նման որոշումն է։ Մինչ այս հոկտեմբերի սկզբին Պրահայում տեղի ունեցած Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի եւ Փաշինյանի հանդիպումից հետո 40 քաղաքացիական փորձագետներ հայկական կողմից սահման են գործուղվել։ Նրանք տեղում աշխատել են երկու ամիս՝ մինչեւ դեկտեմբերի 19-ը։ Այս առաքելությունը կսկսվի մոտավորապես փետրվարին եւ կտեւի երկու տարի:  
12:35 - 25 հունվարի, 2023
Կոչ ենք անում լիովին վերականգնելու ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ առևտրային և մասնավոր երթևեկության համար․ ԱՄՆ պետքարտուղարություն |amerikayidzayn.com|

Կոչ ենք անում լիովին վերականգնելու ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ առևտրային և մասնավոր երթևեկության համար․ ԱՄՆ պետքարտուղարություն |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ի պատասխան լրագրողի հարցին, կապված պետքարտուղար Բլինքենի վերջին հեռախոսազրույցների Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ, նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև կվերսկսվի ուղիղ երկխոսություն, որը կհանգեցնի այն հարցերի կարգավորմանը, որի շուրջ կողմերը շատ վաղուց ունեն տարաձայնություններ։ «Այդ երկխոսության միջոցով, հուսով ենք, հնարավոր կդառնա հասնել տևական խաղաղության: Մենք շարունակում ենք անմիջական քննարկումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ: Մենք դա անում ենք թե՛ երկկողմանի ձևաչափով, թե՛ մեր գործընկերների հետ, թե՛ բազմակողմ կազմակերպությունների միջոցով: Անցյալ տարի նաև մի քանի անգամ առիթ ենք ունեցել կազմակերպել հանդիպումներ եռակողմ ձևաչափով: Մենք շարունակելու ենք անել այն ամենն, ինչն ամենաարդյունավետ է այս բավականին սուր հարցերին լուծում տալու համար»,- ընդգծել է Փրայսը: Պատասխանելով մեկ այլ հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարն ունի հստակ պատկերացում այս հարցում առկա վիճակի մասին՝ Նեդ Փրայսը նշել է, որ ամերիկյան կողմը չափազանց լավ տիրապետում է իրավիճակին ու ունի տարբեր մտահոգություններ, որոնցից է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վիճակը։ «Մենք մտահոգված ենք, որ այնտեղ իրավիճակը վատթարանում է: Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլև այս շենքի այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։ Լաչինի միջանցքի երկայնքով սովորական կոմերցիոն և մասնավոր երթևեկության շարունակական խոչընդոտումը հանգեցնում է սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի պակասի առաջացմանը միջանցքից կախված բնակչության համար, ինչպես նաև խաթարում է այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մատակարարումները: Բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների մատակարարման խափանումն էլ ավելի է սրում վատթարացող հումանիտար իրավիճակը: Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ առևտրային և մասնավոր երթևեկության համար: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծում գտնել այս փակուղուց, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով և հավատարիմ ենք կայուն խաղաղությանն աջակցմանը»,- հայտարարել է Նեդ Փրայսը: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Ալիևին հորդորել է անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը կոչ է արել Ալիևին կրկնապատկելու ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ 
09:18 - 25 հունվարի, 2023
ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին. Հայաստանում ԵՄ պատվիրակություն |1lurer.am|

ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին. Հայաստանում ԵՄ պատվիրակություն |1lurer.am|

1lurer.am: Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն (EUMA) հիմնել անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում։ Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան նշել են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից: «Առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ամրապնդմանը և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը: Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար, և դրանում ներգրավված կլինի մինչև 100 աշխատակից, ներառյալ՝ փորձագետներ և ԵՄ դիտորդներ: Այն կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին։ Առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքի մի քանի վայրում՝ Ադրբեջանին մոտ գտնվող սահմանամերձ շրջաններում։ Դրա գործողության գոտին կընդգրկի Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքը, ներառյալ Նախիջևանի հատվածը»,- տեղեկացրել են Եվրամիության պատվիրակությունից:
17:59 - 24 հունվարի, 2023
Պեսկովը արձագանքել է Լաչինի միջանցքն «անհապաղ» ապաշրջափակելու վերաբերյալ Բլինքենի՝ Ալիևին ուղղված կոչին

Պեսկովը արձագանքել է Լաչինի միջանցքն «անհապաղ» ապաշրջափակելու վերաբերյալ Բլինքենի՝ Ալիևին ուղղված կոչին

Ռուսաստանը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ երկխոսության մեջ շարունակում է շատ տքնաջան և բարդ աշխատանք տանել։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը, լինելով եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից մեկը, որոնք ստորգրվել են երկու տարի առաջ, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է տքնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե համաձա՞յն է արդյոք Կրեմլը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար անհապաղ վերաբացման մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված հորդորդին։  Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Ալիևին հորդորել է անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը կոչ է արել Ալիևին կրկնապատկելու ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Նա նաև բարձրաձայնել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգությունները: 
14:44 - 24 հունվարի, 2023
Հայաստանում կստեղծվի ԵՄ քաղաքացիական առաքելություն․ ԵՄ խորհուրդը հաստատել է որոշումը

Հայաստանում կստեղծվի ԵՄ քաղաքացիական առաքելություն․ ԵՄ խորհուրդը հաստատել է որոշումը

ԵՄ խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի կայքից։ Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր: ԵՄ քաղաքացիական առաքելությունը նախնական կտեղակայվի երկու տարով ու կառավարման շտաբը կլինի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը: Առաջիկայում կնշանակվի տեղում գործողությունները ղեկավարող առաքելության ղեկավար։ «Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլի մեկնարկ է։ ԵՄ-ն կշարունակի աջակցել դեէսկալացիայի ջանքերին և պարտավորվել է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։ Ի պատասխան Հայաստանի դիմումի՝ ԵՄ առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչը կամրապնդի ԵՄ-ի ըմբռնումը տեղում իրավիճակի վերաբերյալ։ Առաքելությունը նաև կնպաստի միջնորդական ջանքերին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում։  
16:42 - 23 հունվարի, 2023
Առաջարկ ԵԽԽՎ-ին՝ հրատապ բանավեճ կազմակերպել «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով․ որոշումը կկայացվի երեքշաբթի

 |aravot.am|

Առաջարկ ԵԽԽՎ-ին՝ հրատապ բանավեճ կազմակերպել «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով․ որոշումը կկայացվի երեքշաբթի |aravot.am|

aravot.am: Քիչ անց Ստրասբուրգում կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստը։ Այն կանցկացվի հունվարի 23-27-ը։ Լիագումար նիստի առաջին օրն՝ այսօր, Վեհաժողովը կընտրի ԵԽԽՎ նախագահին ու փոխնախագահներին։ Վեհաժողովի լիագումար նիստերի ընթացքում նախատեսված են Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի, Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտրիրի ելույթները։ ԵԽԽՎ օրակարգում քիչ առաջ թարմացում է կատարվել։ Մի շարք հարցերի թվում ընդգրկված է նաև «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով ընթացիկ հարցերի քննարկում կամ հրատապ ընթացակարգով բանավեճ կազմակերպելու հարցը։ Վեհաժողովը վաղը կայանալիք լիագումար նիստի ընթացքում՝ Ստրասբուրգի ժամանակով 11։30-ին որոշում կկայացնի՝ այս հարցով քննարկում կազմակերպե՞լ, թե՞ ոչ։ Սակայն արդեն հայտնի է, որ եթե Վեհաժողովը կողմ քվեարկի այս թեմայով քննարկման կազմակերպմանը, դա լինելու է առանց եզրափակիչ փաստաթղթի քննարկման։ Հրատապ ընթացակարգով բանավեճի կազմակերպման համար առաջարկվել են նաև հետևյալ թեմաները՝ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի իրավական և մարդու իրավունքների ասպեկտները», «Վերջին շրջանի լարված դրությունը Պրիշտինայի և Բելգրադի միջև», «Ինչպես բարելավել Եվրոպայի խորհրդի համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ՝ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման և պաշտպանության միջոց, այդ թվում՝ Բելառուսում և Ռուսաստանի Դաշնությունում», «Հարձակումներ հանրային ծառայությունների աշխատակիցների վրա»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրամատակարարումը հովհարային անջատումների վեցժամյա գրաֆիկով է, գազամատակարարումը ամբողջությամբ արգելափակված է։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։
13:09 - 23 հունվարի, 2023
«Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է»․ Տոյվո Կլաարը Երևանում է

«Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է»․ Տոյվո Կլաարը Երևանում է

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկօրյա այցով Երևանում է։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։ Դիվանագետը նշել է, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ «Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ հետագա ուղիները բացահայտելու համար: ԵՄ-ի նպատակը մնում է համապարփակ արգավորումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- գրել է Կլաարը։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 42 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրամատակարարումը հովհարային անջատումների վեցժամյա գրաֆիկով է, գազամատակարարումը վերականգնվել է որոշ սահմանափակումներով։ Պետական հաստատությունները անցել են հատուկ աշխատանքային ռեժիմի: Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։
10:03 - 23 հունվարի, 2023
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը |armenpress.am|

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը ներկայացրել է մանրամասներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի՝ Հարավային Կովկաս այցելության մասին, որի շրջանակում պաշտոնյան ժամանել էր Հայաստան և Ադրբեջան:  ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Հայաստանում նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց հետ, իսկ Ադրբեջանում նա հանդիպել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Ըստ հաղորդագրության՝ Կոլոմինան քննարկել է ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև երկու գործընկերների ներդրումը ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ: «Խավիեր Կոլոմինան մտքեր է փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ և ընդգծել է ազատ տեղաշարժի և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը, բանակցությունների վերսկսման և կարգավորման ուղղությամբ աշխատելու կարևորությունը: Կոլոմինան նաեւ ողջունել է Եվրոպական միության դերը տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։
12:50 - 21 հունվարի, 2023
Հայաստանը կոչ է արել ԵԽ-ին ստիպել Ադրբեջանին կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները |armenpress.am|

Հայաստանը կոչ է արել ԵԽ-ին ստիպել Ադրբեջանին կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Եվրոպայի խորհրդին կոչ է արել Ադրբեջանին ստիպել կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները։ Այս մասին թուիթերյան միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ «Դեսպան Խաչատրյանը (ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյան-խմբ․) փոխնախարարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը բերում է ծանր հումանիտար հետևանքների Արցախի համար։ Հայաստանը կոչ է անում Նախարարների կոմիտեին վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի նշված ժամանակավոր միջոցների կատարումն ապահովելու համար»,- ասված է ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչության հաղորդագրության մեջ: Դեկտեմբերի 14-ին Հայաստանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը որոշել էր Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Այնուհետև, հունվարի 16-ին ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով:
11:45 - 21 հունվարի, 2023
Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ |armenpress.am|

Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն իրատեսական է համարում մինչև տարեվերջ Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ավարտելը։ Վարդանյանն այս մասին ասաց Սյունիքի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում: Թեև Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը սկսվել է դեռ 17 տարի առաջ՝ 2006-ին, սակայն, փոխնախարարի խոսքով՝ իրական աշխատանքները դե ֆակտո սկսվել են 2015-2016 թթ: «Մինչև 2018 թվականի փետրվար-մարտ ամիսների վերակնքումները ընդհանուր ծավալից 1-2 տոկոս աշխատանք էր կատարված: Իրականում 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներից են սկսվել լայն թափով աշխատանքները»,-ասաց Վարդանյանը: Այդ ընթացքում կորոնավիրուսի համավարակի, պատերազմի հետևանքով որոշակի դանդաղումներ եղել են: Փոխնախարարի խոսքով՝ դանդաղումներ են եղել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: «Հուսով ենք, որ այս տարվա ավարտին ամբողջությամբ կավարտենք Իրան-Հայաստան ծրագիրը, այսինքն` գիծը մինչև Հրազդան պատրաստ կլինի»,-նշեց Վարդանյանը: Երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո փոխհոսքի հնարավորությունները ներկայիս 340 մեգավատի փոխարեն դառնալու են ժամում 1200 ՄգՎ: Դա նշանակում է, որ Հայաստանը տարեկան մինչև 7-7.5 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն կունենա, եթե էլեկտրաէներգետիկական ռեժիմները դասավորվեն ամենաիդելական վիճակում: Միջինում մինչև 5.5-6 մլրդ կվտ/ժ հնարավոր կլինի արտահանել: Ավելի մանրամասն` armenpress.am-ում։ 
13:05 - 20 հունվարի, 2023
Կոլոմինան Երևանից մեկնել է Բաքու ու հանդիպում ունեցել Բայրամովի հետ

Կոլոմինան Երևանից մեկնել է Բաքու ու հանդիպում ունեցել Բայրամովի հետ

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Ադրբեջանում է։ Երեկ նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին գրում է ադրբեջանական Report-ը։ Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցության օրակարգի արդի թեմաները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր ու Լաչինի միջանցքի ներկայիս իրադրությունը։ Բայրամովը նաև զրուցակցին մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև կարգավորման գործընթացի, խաղաղության օրակարգն առաջ տանելու ուղղությամբ Ադրբեջանի քայլերի, ու իբր «Հայաստանի կողմից խաղաղության գործընթացը խոչընդոտող ռազմաքաղաքական սադրանքների ու ականային սպառնալիքը շարունակելու վերաբերյալ»։ Բայրամովը, խոսելով Լաչինի միջանցքի իրադրության մասին, Հայաստանին մեղադրել է նաև Լաչինի միջանցքը ոչ հումանիտար նպատակներով օգտագործելու ու այդպիսով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ։ Կոլոմինան էլ ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը շարունակելու կարևորությունը՝ խաղաղություն ու անվտանգություն հաստատելու համար, քանի որ տարածաշրջանում լարվածության առկայությունը մտահոգության տեղիք է տալիս։ Հիշեցնենք, որ մինչ Բաքու մեկնելը Կոլոմինան Երևանում էր։ Այստեղ նա հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Քննարկումների առանցքում է եղել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը։   Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի թվիթերյան էջից / 18․10․2021
10:23 - 20 հունվարի, 2023