ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

ՀԱՊԿ-ի շրջանակում նախատեսված են մի քանի զորավարժություններ |armenpress.am|

ՀԱՊԿ-ի շրջանակում նախատեսված են մի քանի զորավարժություններ |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ-ի շրջանակում առաջիկայում կանցկացվեն տարբեր զորավարժություններ: Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան-Բիշքեկ տեսակամուրջի ընթացքում այս մասին նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը: «Զորավարժությունները կանցկացվեն 4 պետությունում՝ Ղրղզստան, Տաջիկստան, Ռուսաստան, Բելառուս: Ընդհանուր առմամբ, ներգրավված կլինի 12 հազար մարդ: Զորավարժությունները կանցկացվեն միասնական ռազմական քաղաքականության համատեքստում միասնական պլանով»,-  ասաց Վալերի Սեմերիկովը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն ընդգծեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներն իրենց հանդիպումների ընթացքում կարևորել են հավաքական ուժերի մարտական պատրաստվածության աստիճանի բարձրացումը՝ քննարկելով պատրաստվածությունը կատարելագործելու հնարավորությունները: Ներկայացնելով այս տարվա ընթացքում կատարվածը՝ Վալերի Սեմերիկովը նշեց, որ մի քանի ուղղություններով զգալի աշխատանք է կատարվել: Կազմակերպության հիմնական ջանքերն ուղղվել են նախորդ որոշումները կյանքի կոչելուն: «Այն հարցերը, որոնք առավել շատ քննարկվել են այս ընթացքում, շոշափվել են լրատվամիջոցներում, առնչվել են տարածաշրջանային անվտանգությանը, մասնավորապես ուշադրության կենտրոնում են եղել Աֆղանստանի հետ կապված հարցերը: Կովկասի ուղղությամբ գիտենք, որ լարվածությունը պահպանվում է՝ կապված ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հետ: Արևելյան Եվրոպայի հատվածում ուշադրության կենտրոնում են եղել ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնք ավելանում են ու ընդլայնվում»,-ասաց Վալերի Սեմերիկովը: Ընթացիկ տարում, ուշադրության կենտրոնում են եղել նաև ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, թմրամիջոցների անօրինական տեղաշարժին, անօրինական միգրացիային առնչվող հարցերը:  
12:05 - 04 հուլիսի, 2019
Ռազմաքաղաքական իրադրությունն աշխարհում ազդել է ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ աշխատանքի վրա.Վալերի Սեմերիկով |news.am|

Ռազմաքաղաքական իրադրությունն աշխարհում ազդել է ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ աշխատանքի վրա.Վալերի Սեմերիկով |news.am|

news.am: Ռազմաքաղաքական եւ ռազմավարական իրադրությունն աշխարհում եւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում էական ազդեցություն է գործել համատեղ աշխատանքի վրա, եւ ստիպված ենք եղել օպերատիվորեն արձագանքել ցանկացած փոփոխության։ Այս մասին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամրջի ընթացքում հուլիսի 4-ին ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը։ Նրա խոսքով՝ համատեղ աշխատանքի նախնական արդյունքները մանրամասն քննարկվել են ՀԱՊԿ համապատասխան իրավապահ մարմինների՝ ապրիլին եւ հունիսին տեղի ունեցած նիստերի ընթացքում, ինչպես նաեւ այլ ձեւաչափերի շրջանակում։ Սեմերիկովը նշել է, որ հիմնականում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցեր։ «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն, ապա, իհարկե, դիտարկվել են իրավիճակն Աֆղանստանում եւ դրա ազդեցությունը Կենտրոնասիական տարածաշրջանի երկրների վրա, այդ թվում տաջիկ-աֆղանական սահմանին։ Կովկասյան ուղղությամբ՝ դա եղել է լարվածությունը ղարաբաղյան հակամարտության չկարգավորվելու, ինչպես նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Վրաստանի տարածքի ռազմական յուրացման գործընթացի հետ կապված»,- պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։
11:28 - 04 հուլիսի, 2019
ՌԴ Անվտանգության խորհուրդը ՆԱՏՕ-ին մեղադրել է ՀԱՊԿ երկրներում նոր «գունավոր հեղափոխությունների» պատրաստման համար |aysor.am|

ՌԴ Անվտանգության խորհուրդը ՆԱՏՕ-ին մեղադրել է ՀԱՊԿ երկրներում նոր «գունավոր հեղափոխությունների» պատրաստման համար |aysor.am|

aysor.am։ ՆԱՏՕ-ն պատրաստում է «գունավոր հեղափոխություններ» իրականացնել ՀԱՊԿ երկրներում (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան), այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում: «ՆԱՏՕ-ի անդամները պատրաստում են պայմաններ ՀԱՊԿ առանձին երկրներում Արևմուտքի կողմից վերահսկվող ռեժիմներն իշխանության բերելու համար, այդ թվում՝ «գունավոր հեղափոխությունների» հրահրմամբ», - ասել է նա:«Երրորդ երկրների համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ միշտ էլ հակառուսական բաղադրիչ ունի: Սա գործնականում բազմիցս հաստատվել է: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործընկերներին, ապա դաշինքի նպատակը մեր կազմակերպության դաշնակիցների հետ տարաձայնություններ ստեղծելն է», - ասել է Նուրգալիևը:
08:04 - 03 հուլիսի, 2019
2020 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը համաձայնեցված է. Սեմերիկով |news.am|

2020 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը համաձայնեցված է. Սեմերիկով |news.am|

news.am։ 2020 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը համաձայնեցված է: ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:«Այսօր ես կարող եմ որոշակի վստահությամբ ասել, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը համաձայնեցված է:Համապատասխան որոշումը ստորագրվել է ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների կողմից, նրանք հավանություն են տվել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկինածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու համար: Մնում է սպասենք այդ հարցով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից որոշման ստորագրմանը, քանի որ միայն նա է որոշում ընդունում գլխավոր քարտուղարի նշանակման մասին: Հենց որ դա տեղի ունենա, մենք կտեղեկացնենք մեր պետությունների ԶԼՄ-ներին», - նշել է նա:
10:00 - 28 հունիսի, 2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում տեսակետները Հայաստանում եւ Ղազախստանում տարբերվում են. դեսպան |news.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում տեսակետները Հայաստանում եւ Ղազախստանում տարբերվում են. դեսպան |news.am|

news.am։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ գործընթացի տեսակետները Ղազախստանում եւ Հայաստանում տարբերվում են։ Այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Ղազախստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը։Նրա խոսքով՝ դա, առաջին հերթին, կապված է այն բանի հետ, որ հարցն առնչվում է Հայաստանում անցած տարվա ներքաղաքական իրադարձությունների հետ, այն դեպքում, երբ Ղազախստանի համար այն ուրիշ՝ ընթացակարգային հարթությունում է։ «Մայիսի 22-ին, որքան հասկանում ենք, հայկական կողմը դիրքորոշում է հայտնել, որի համաձայն՝ ճգնաժամ չկա, եւ կարելի է առաջ շարժվել։ Մեր կարծիքով՝ մենք մինչեւ մայիսի 22-ն էլ էինք առաջ շարժվում, եւ դրանից հետո նույնպես առաջ ենք շարժվելու ու զարգացնելու մեր հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակում։ Կսպասենք Հայաստանից հայտարարության»,- ավելացրել է դեսպանը։ Դիվանագետը նաեւ նշել է երկու երկրների համագործակցության կարեւորությունը ԵՏՄ շրջանակում։ «2019 թվականի մայիսի 29-ին լրանում է ԵՏՄ պայմանագրի ստորագրման 5 տարին։ Նրա գործունեության արդյունքներն անցած ժամանակաշրջանում համոզիչ հաստատում են նախաձեռնության ճշմարտացիությունն ու հիմնավորվածությունը, որն առաջադրել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը 25 տարի առաջ Մոսկվայում»,- ամփոփել է Թիմուր Ուրազաեւը։  
09:33 - 27 մայիսի, 2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը որոշվելու է մայիսի 22-ին․ Հայաստանի քվոտան կպահպանվի |lragir.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը որոշվելու է մայիսի 22-ին․ Հայաստանի քվոտան կպահպանվի |lragir.am|

lragir.am։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը որոշվելու է մայիսի 22-ին կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, գրում է ԲԵԼՏԱ-ն:Վալերի Սեմերիկովի խոսքով, քննարկվելու է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը:Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը 2020 թվականի հունվարի 1-ից կգլխավորի ՀԱՊԿ-ը: Սեմերիկովը բացատրել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից գլխավոր քարտուղարի քվոտան անցնում է Բելառուսին: Բելառուսից մեկ թեկնածու կա՝ Ստանիսլավ Զասը, որի թեկնածությունն արդեն համաձայնեցրել են Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը:Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մայիսի 22-ին քննարկվելու է ՀԱՊԿ կանոնակարգում փոփոխություններ մտցնելու մասին Հայաստանի առաջարկը, ըստ որի՝ անդամ երկիրը պահպանում է գլխավոր քարտուղար նշանակելու քվոտան, եթե ինչ-ինչ պատճառնելով նշանակված թեկնածուն հետ կանչվի:Այսպիսով, Հայաստանը կարողացավ պնդել իրենը եւ պահպանել իր քվոտան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելիս: 
13:16 - 17 մայիսի, 2019
ՀԱՊԿ-ը մայիսի 17-ին կքննարկի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման հարցը |news.am|

ՀԱՊԿ-ը մայիսի 17-ին կքննարկի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման հարցը |news.am|

news.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։ Այս մասին տեղեկացրել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, գրում է ԲԵԼՏԱ-ն։Նրա խոսքով՝ մայիսի 17-ին տեղի կունենա ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը։ Կարվեն առաջարկություններ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում ներկայացնելու համար։ «Եվ այնտեղ արդեն կընդունվի համապատասխան որոշումը»,- ասաց կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։ Նա ավելացրեց, որ ԱԳՆ ղեկավարները երաշխավորում են պետությունների ղեկավարներին այս կամ այն պաշտոնյային։ Ըստ Վալերի Սեմերիկովի, կքննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի՝ Անվտանգութան խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը։ Նա հիշեցրել է, որ Բելառուսի հերթը՝ զբաղեցնելու այդ պաշտոնը, հասնում է հաջորդ տարվա հունվարի 1-ից։ Այսօր այդ պաշտոնը պետք է զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը, բայց ֆորս-մաժոր տեղի ունեցավ։ «Կարծում եմ, մայիսի 22-ին կընդունվի նշանակման վերաբերյալ վերջնական որոշում։ Մենք մեկ թեկնածություն ենք ներկայացնելու համաձայնեցման, եւ շատ նախագահներ հավանություն են տվել։ Մենք այդ հարցը կքննարկենք առարկայորեն եւ կոնկրետ»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։
07:32 - 17 մայիսի, 2019
Հաստատվել է ՀԱՊԿ ղեկավարման մարմինների ու կազմավորումների ուժերի և միջոցների համատեղ պատրաստության 2020թ. ծրագիրը

Հաստատվել է ՀԱՊԿ ղեկավարման մարմինների ու կազմավորումների ուժերի և միջոցների համատեղ պատրաստության 2020թ. ծրագիրը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Բիշքեկում /ՂՀ/ կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում, նեղ շրջանակում և ընդլայնված կազմով, քննարկվել են օրակարգային հարցեր: Նեղ շրջանակում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների քննարկմանն են արժանացել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես, հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում և տաջիկա-աֆղանական սահմանագծում լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների իրականացման հարցերը: Ընդլայնված նիստի ընթացքում դիտարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղիները, հաստատվել է ՀԱՊԿ ղեկավարման մարմինների ու կազմավորումների ուժերի և միջոցների համատեղ պատրաստության 2020թ. ծրագիրը: Նիստի արդյունքներով ստորագրվել են օրակարգի բոլոր համաձայնեցված հարցերը:Միջոցառման օրակարգի շրջանակներից դուրս ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ընթացիկ տարվա միջոցառումների ծրագիրը:
09:43 - 30 ապրիլի, 2019
ՀԱՊԿ-ի երկրների զինվորականները կմասնակցեն Հաղթանակի 75-ամյակին նվիրված մոսկովյան զորահանդեսին

ՀԱՊԿ-ի երկրների զինվորականները կմասնակցեն Հաղթանակի 75-ամյակին նվիրված մոսկովյան զորահանդեսին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կենտրոնական Ասիայի իրադրությունը եւ պայմանավորվել են 2020 թվականին իրենց զինվորականներին ուղարկել Հաղթանակի մոսկովյան զորահանդեսին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 30-ին ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի՝ Բիշքեկում կայացած նիստից հետո հայտնել Է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Մենք քննարկեցինք բազմաթիվ կարեւոր հարցեր, այդ թվում՝ ռազմաքաղաքական եւ ռազմավարական իրադրությունը Կենտրոնական Ասիայում՝ Աֆղանստանի տարածքից բխող մարտահրավերների ու սպառնալիքների հաշվառմամբ»,-ասել Է նա: Սեմերիկովի խոսքով՝ ընդհանուր առմամբ հանդիպման ընթացքում ՀԱՊԿ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրվել Է 11 փաստաթուղթ, այդ թվում՝ 2019 թվականի երկրորդ կիսամյակում-2020 թվականի առաջին կիսամյակում արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերի շուրջ կազմակերպության երկրների ներկայացուցիչների կոնսուլտացիաների պլանի նախագիծը, ՄԱԿ-ի հակաահաբեկչական ռազմավարության իրագործման վերաբերյալ պաշտպանության նախարարների խորհրդի որոշման նախագիծը եւ ՀԱՊԿ-ի երկրների առաջիկա համատեղ զորավարժությունների անցկացման ժամկետների ու վայրերի մասին փաստաթուղթը, որոնք մոտ ժամանակներս տեղի են ունենալու Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի տարածքում:
08:59 - 30 ապրիլի, 2019
ՀԱՊԿ կանոնադրությունը կարող է փոփոխվել Հայաստանի առաջարկով. РБК |tert.am|

ՀԱՊԿ կանոնադրությունը կարող է փոփոխվել Հայաստանի առաջարկով. РБК |tert.am|

tert.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի առաջիկա նիստում, որը կկայանա մայիսի 22-ին Բիշքեկում, կարող են համաձայնեցվել Հայաստանի առաջարկած փոփոխությունները կազմակերպության կանոնադրության հետ կապված: Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչելով կազմակերպության երկու երկրի դիվանագիտական աղբյուրներին: Փոփոխությունների համաձայնեցումից հետո դրանք կներկայացվեն երկրների ղեկավարների հաստատմանը, որոնք կհավաքվեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում, որը կկայանա աշնանը: Աղբյուրի հաղորդմամբ՝ Հայաստանի առաջարկած կանոնադրական փոփոխությունները ենթադրում են գործող գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման ընթացակարգի սահմանում: Հայկական կողմի համաձայն՝ այդ պաշտոնը մինչև եռամյա մանդատի լրանալը պետք է զբաղեցնի այն երկրի ներկայացուցիչը, որից ռոտացիոն կարգով ընտրվել էր լիազորությունները վայր դրած անձը:
06:04 - 26 ապրիլի, 2019
«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները շարունակվում են». ՀՀ ԱԳՆ խոսնակ

«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները շարունակվում են». ՀՀ ԱԳՆ խոսնակ

armenpress.am: ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ևս մեկ անգամ ընդգծել, որ ՀԱՊԿ-ի գործունեության հիմքում առկա է բոլոր անդամ պետությունների կողմից կոնսենսուսով որոշումների կայացման սկզբունքը: «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունների վաղաժամ դադարեցմամբ պայմանավորված առկա իրավիճակը կարգավորող սկզբունքների, նորմատիվ-իրավական բազայի մշակման հետ կապված քաղաքական քննարկումներն անդամ երկրների միջև շարունակվում են: Գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված որոշման կայացումն այս հարթությունում է: Այդ համատեքստում մեզ համար պարզ չէ, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, այստեղ առաջնահերթ խնդիր է այդ սկզբունքի մշակումը ՀԱՊԿ-ի անդամ երկրների մակարդակում»,-ասել է Աննա Նաղդալյանը:  
12:11 - 23 մարտի, 2019
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության փաստաթղթերն ուղարկվել են մասնակից երկրներին

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության փաստաթղթերն ուղարկվել են մասնակից երկրներին

Բելառուսից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության մասնակից երկրներին, ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։ «Բելառուսի առաջարկած թեկնածության համաձայնեցման բոլոր անհրաժեշտ արարողակարգերը եւ որոշման ընդունմանն անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը դեռեւս 2018 թվականի դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ երկրներին»,- ասել է նա։Սեմերիկովը նշել է, որ քանի որ համաձայնեցման եւ կազմակերպության փաստաթղթերի վերաբերյալ որոշումների ստորագրման ժամկետը կանոնակարգված չէ, ապա ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը՝ հնարավոր չէ։ Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ ՀԱՊԿ-ը առաջիկա տարում կարող է մնալ առանց գլխավոր քարտուղարի, քանի որ կազմակերպության երկրներից մեկը՝ Հայաստանը, չի համաձայնեցրել այդ պաշտոնին Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումը։ Հրապարակման մեջ նշվում էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի հաստատել իր թեկնածուին։ 2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հանվեց այդ պաշտոնից։ Հայաստանը հայտարարում էր, որ պետք է պահպանի այդ պաշտոնը մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը։ ՀԱՊԿ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը։ news.am
07:22 - 20 մարտի, 2019