Էնթոնի Բլինքեն

էնթոնի Բլինքենն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021-ից։

Բայրամովը մերժել է Մալթայում Բլինքենի միջնորդությամբ հանդիպել Միրզոյանին.
 |azatutyun.am|

Բայրամովը մերժել է Մալթայում Բլինքենի միջնորդությամբ հանդիպել Միրզոյանին. |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է ամերիկյան կողմի միջնորդությամբ հանդիպել Հայաստանի արտգործնախարարին, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով իր դիվանգիտական աղբյուրներին։ Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Մալթայում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում փորձել է նախաձեռնել Միրզոյան-Բայրամով հանդիպում, սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է առաջարկը՝ «ԱՄՆ վարչակազմի քաղաքականության պատճառով»։ Ըստ APA-ի աղբյուրի՝ Բայդենի վարչակազմն «անարդարացի և կանխակալ քաղաքականություն է վարում, և այդ պատճառով Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում, որ Վաշինգտոնը մասնակցի խաղաղության օրակարգին»: Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը ի պատասխան «Ազատության» հարցման հաստատեց, որ հայկական կողմը համաձայնություն է տվել հանդիպմանը:
18:16 - 05 դեկտեմբերի, 2024
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի իշխանությունների դեմ |mediamax.am|

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի իշխանությունների դեմ |mediamax.am|

mediamax.am: Վրաստանի հետ ավելի վաղ հայտարարված համագործակցության համապարփակ վերանայումից բացի, «ԱՄՆ-ն պատրաստվում է օգտագործել մեր տրամադրության տակ եղած գործիքները, այդ թվում՝ լրացուցիչ պատժամիջոցները»։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության դաժան եւ չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Մենք կոչ ենք անում «Վրացական երազանքին» դադարեցնել իր ռեպրեսիվ մարտավարությունը, այդ թվում՝ կամայական կալանքների եւ ֆիզիկական բռնության կիրառումը։ Մեզ հատկապես անհանգստացնում է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մարդկանց լուրջ վնասվածքներ հասցնելու մասին հաղորդումները: Խաղաղ հավաքների եւ խոսքի ազատության իրավունքներն իրացնելու համար կալանավորված անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ուժի ապօրինի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Միացյալ Նահանգները համերաշխ է վրաց ժողովրդի եւ նրա ժողովրդավարական ձգտումների հետ։ Նրանք, ովքեր խարխլում են Վրաստանի ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները, այդ թվում՝ նրանք, ովքեր ճնշում են վրացիների խաղաղ հավաքների եւ արտահայտվելու ազատության իրավունքները, պատասխանատվության կենթարկվեն», - ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:
10:12 - 05 դեկտեմբերի, 2024
Բլինքենը դրական է գնահատել Հարավային Կորեայում ռազմական դրության չեղարկումը
 |news.am|

Բլինքենը դրական է գնահատել Հարավային Կորեայում ռազմական դրության չեղարկումը |news.am|

news.am: Վաշինգտոնի վարչակազմը դրական է գնահատել ռազմական դրության չեղարկումը Հարավային Կորեայում եւ հուսով է, որ այդ երկրի իշխանությունները կլուծեն վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում։ «ԱՄՆ-ը վերջին 24 ժամում ուշադիր հետեւել է Հարավային Կորեայի իրադարձություններին։ Մենք ողջունում ենք նախագահ Յուն Սոկ Յոլի հայտարարությունն այն մասին, որ նա չեղարկում է արտակարգ ռազմական դրության ռեժիմ մտցնելու մասին հրամանը հանրապետության Սահմանադրության համաձայն»,- նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ «Մենք նախկինի պես ակնկալում ենք, որ ցանկացած քաղաքական տարաձայնություն կկարգավորվի խաղաղ ճանապարհով եւ օրենքի գերակայության սկզբունքի համապատասխան։ Մենք հաստատում ենք աջակցությունը [Հարավային] Կորեայի ժողովրդին եւ օրենքի գերակայությանը»,- ավելացրել է Բլինքենը։ Հիշեցնենք, որ նախագահ Յուն Սոկ Յոլը հայտնել էր իր դեմ իմփիչմենտի գործընթաց իրականացնելու փորձերի մասին։ Ինչի պատճառով նա երկրում ռազմական դրություն մտցնելու մասին հայտարարեց, որին հաջորդեցին բողոքի ակցիաները։  Այսօր արդեն հայտնի դարձավ, որ հայտարարված ռազմական դրությունը չեղարկվել է. երկրի խորհրդարանը, այդ թվում՝ երկրի նախագահի ղեկավարած «Ժողովրդական իշխանություն» կուսակցության անդամները, դեմ է քվեարկել:
11:13 - 04 դեկտեմբերի, 2024
Բլինքենն ու Լամմին քննարկել են Ուկրաինայի դեմ պատերազմում հյուսիսկորեական զորքերի մասնակցության հետևանքները |azatutyun.am|

Բլինքենն ու Լամմին քննարկել են Ուկրաինայի դեմ պատերազմում հյուսիսկորեական զորքերի մասնակցության հետևանքները |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը Բրյուսելում հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմիի հետ: Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ պետքարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են Ուկրաինայի դեմ պատերազմում հյուսիսկորեական զորքերի մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի որոշման հետևանքները: Չորեքշաբթի օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտարարեց, որ հյուսիսկորեական զորքը Կուրսկի մարզում արդեն մասնակցում է Ուկրաինայի դեմ ռուսական բանակի ռազմական գործողություններին։ Պատելն ասաց, որ Միացյալ Նահանգները «ծայրաստիճան անհանգստացած է» այդ փաստով և շարունակում է դաշնակիցների հետ խորհրդակցությունները Ռուսաստանի այդ որոշման հետևանքները վերլուծելու համար։ Բլինքենը Լամմիի հետ հանդիպմանն ընդգծել է Ուկրաինայի անվտանգությանը շարունակական աջակցության կարևորությունը՝ պաշտպանելու երկիրը Ռուսաստանի ագրեսիայից: Հանդիպումից հետո Լամին X-ում գրառում է արել՝ նշելով, որ հանդիպել է Բլինքենի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար հետ, խոսել համատեղ անվտանգության առաջնահերթություններից։ «Մենք ամեն ինչ անում ենք Կրեմլին կաշկանդելու և Վլադիմիր Պուտինի անօրինական ներխուժման դեմ Ուկրաինային աջակցելու համար», - գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
11:27 - 14 նոյեմբերի, 2024
Բլինքենը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Եգիպտոսի խաղաղ առաջարկը |news.am|

Բլինքենը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Եգիպտոսի խաղաղ առաջարկը |news.am|

news.am: ՀԱՄԱՍ-ի գրոհայինները չեն համաձայնել Գազայի հատվածում կարճատեւ հրադադարի հաստատմանը եւ չորս պատանդների ազատ արձակմանը։ Առաջարկն արել էր Եգիպտոսը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նշվել է, որ երեկ նա խոսակցություն է ունեցել Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթիի հետ, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքի իրավիճակը քննարկելու համար։ «Պետքարտուղարը ընդգծել է Գազայում հրադադարի, բոլոր պատանդների ազատման կարեւորությունը, ինչպես նաեւ հումանիտար օգնության առաքման կայունությունը»,- նշել են պետդեպարտամենտում։ Բլինքենը նշել է նաեւ, որ ՀԱՄԱՍ-ը «նորից հրաժարվել է ազատ արձակել անգամ սահմանափակ թվով պատանդների, որպեսզի ապահովվի հրադադարն ու օգնությունը Գազայի բնակիչներին», ավելացրել են գերատեսչությունում։ «Նա քննարկել է հետհակամարտային շրջանի ուղու հաստատման կարեւորությունը, որը կապահովի կառավարումը, անվտանգությունը եւ վեականգնումը»,- ավելացրել են պետդեպարտամենտում։
11:01 - 05 նոյեմբերի, 2024
Բլինքենը կոչ է արել հետաքննել Վրաստանում ենթադրյալ ընտրախախտումները |armenpress.am|

Բլինքենը կոչ է արել հետաքննել Վրաստանում ենթադրյալ ընտրախախտումները |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները վստահելի չեն, և իշխող կուսակցությանը մեղադրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում «հանրային ռեսուրսների չարաշահման, ձայներ գնելու և ընտրողներին ահաբեկելու» մեջ, ինչն, ըստ նրա, «խաթարել է հանրության և միջազգային վստահությունը արդար արդյունքի հնարավորության նկատմամբ»։ Բլինքենի հայտարարությունը տարածել է ԱՄՆ պետքարտուղարությունը։  «Միջազգային դիտորդներն արդյունքները չեն որակել որպես ազատ և արդար: Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում ենք միջազգային և տեղական դիտորդների կոչերին՝ լիարժեք հետաքննելու ընտրությունների հետ կապված խախտումների մասին բոլոր հաղորդումները», - ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:  ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Վրաստանի քաղաքական առաջնորդներին «հարգել օրենքի գերակայությունը, չեղյալ համարել հիմնարար ազատությունները խաթարող օրենսդրությունը և միասին աշխատել ընտրական գործընթացի թերությունները վերացնելու ուղղությամբ»: Բլինքենի խոսքով՝ Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման նպատակները, որոնք ամրագրված են երկրի սահմանադրությամբ, կառավարությունից պահանջում են հարգել քաղաքացիական հասարակության անդամների իրավունքները և Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար ազատությունները։ Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստանալով ընտրողների 53,93 %-ի աջակցությունը։ Դրան հաջորդում են հինգ տոկոսի շեմը հաղթահարած չորս կուսակցություններ՝ «Կոալիցիան հանուն փոփոխությունների»՝ 11,03 %, «Միացյալ ազգային շարժում»՝ 10,16 %, «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 % և «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 7,76 %։
10:40 - 28 հոկտեմբերի, 2024
Բլինքենը Իսրայելի ռազմավարական հարցերի նախարարի հետ քննարկել է «Հեզբոլլահ»-ի հետ զինադադարը |armenpress.am|

Բլինքենը Իսրայելի ռազմավարական հարցերի նախարարի հետ քննարկել է «Հեզբոլլահ»-ի հետ զինադադարը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի կուլուարներում Իսրայելի ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերի հետ քննարկել է Իսրայելի և Լիբանանի սահմանին ժամանակավոր հրադադարի շուրջ համաձայնության հասնելու կարևորությունը։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։ «Պետքարտուղարը քննարկել է Իսրայելի և Լիբանանի սահմանին 21-օրյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու կարևորությունը…. ինչպես նաև դիվանագիտական կարգավորումը, որը թույլ կտա սահմանի երկու կողմի քաղաքացիական անձանց վերադառնալ իրենց տներ», - ասվում է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ: Բլինքենն ընդգծել է, որ «հակամարտության հետագա սրումը միայն կդժվարացնի այդ նպատակին հասնելը»։ Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը և Իսրայելի նախարարը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելուն ուղղված շարունակական ջանքերը։ Բլինքենը նշել է, որ «բոլոր կողմերը պետք է դժվարին որոշումներ ընդունեն, որոնք անհրաժեշտ են համաձայնության հասնելու համար»։ Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հրադադարի շուրջ ԱՄՆ-ի նախաձեռնության քննարկումն առաջիկա օրերին։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, ինչպես նաև ԵՄ-ն հայտարարություն են ընդունել՝ Իսրայելին և «Հեզբոլլահ»-ին կոչ անելով դադարեցնել կրակը` պայմաններ ստեղծելու դիվանագիտական կարգավորման համար։  Իսրայելի մի խումբ նախարարներ կոչ էին արել Նեթանյահուին հրաժարվել «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի գաղափարից։ Իսկ Իսրայելի արտգործնախարարը մերժել էր այդ առաջարկը։  Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ սեպտեմբերի 23-ից Իսրայելի ծավալած ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 700-ը։
11:58 - 27 սեպտեմբերի, 2024
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը
 |azatutyun.am|

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգներն անսասան է մնում հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ Անկախության տոնի առթիվ ուղերձում։ «Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը պատասխանատու կառավարման և օրենքի գերակայությանը մեծ մարտահրավերների ժամանակ: Մենք կշարունակենք պաշտպանել Հարավային Կովկասի տարածաշրջանի կայուն և արժանապատիվ խաղաղությունը», - նշել է Էնթոնի Բլինքենը: ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է՝ որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրը՝ Նահանգները հպարտ է շարունակելու աջակցել Հայաստանին, որը դառնում է ժողովրդավարական համայնքի ծաղկուն անդամ: ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտուրը վերջին տասը տարվա ընթացքում կրկնապատկվել է, արձանագրել է Բլինքենը՝ հավելելով, որ աշխատում են Հայաստանին էներգակիրների մատակարարումը դիվերսիֆիկացնելու և նրա բնակչության և տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ «Միասին աշխատելով՝ մենք կարող ենք ավելի մեծ բարգավաճում ստեղծել մեր ժողովուրդների և տարածաշրջանի համար՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի կապված, կայուն և անվտանգ», - ասված է Բլինքենի ուղերձում։
11:27 - 21 սեպտեմբերի, 2024