Բլինքենը Իսրայելի ռազմավարական հարցերի նախարարի հետ քննարկել է «Հեզբոլլահ»-ի հետ զինադադարը |armenpress.am|
11:58 - 27 սեպտեմբերի, 2024

Բլինքենը Իսրայելի ռազմավարական հարցերի նախարարի հետ քննարկել է «Հեզբոլլահ»-ի հետ զինադադարը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի կուլուարներում Իսրայելի ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերի հետ քննարկել է Իսրայելի և Լիբանանի սահմանին ժամանակավոր հրադադարի շուրջ համաձայնության հասնելու կարևորությունը։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Պետքարտուղարը քննարկել է Իսրայելի և Լիբանանի սահմանին 21-օրյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու կարևորությունը…. ինչպես նաև դիվանագիտական կարգավորումը, որը թույլ կտա սահմանի երկու կողմի քաղաքացիական անձանց վերադառնալ իրենց տներ», - ասվում է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Բլինքենն ընդգծել է, որ «հակամարտության հետագա սրումը միայն կդժվարացնի այդ նպատակին հասնելը»։

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը և Իսրայելի նախարարը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելուն ուղղված շարունակական ջանքերը։ Բլինքենը նշել է, որ «բոլոր կողմերը պետք է դժվարին որոշումներ ընդունեն, որոնք անհրաժեշտ են համաձայնության հասնելու համար»։

Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հրադադարի շուրջ ԱՄՆ-ի նախաձեռնության քննարկումն առաջիկա օրերին։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, ինչպես նաև ԵՄ-ն հայտարարություն են ընդունել՝ Իսրայելին և «Հեզբոլլահ»-ին կոչ անելով դադարեցնել կրակը` պայմաններ ստեղծելու դիվանագիտական կարգավորման համար։ 

Իսրայելի մի խումբ նախարարներ կոչ էին արել Նեթանյահուին հրաժարվել «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի գաղափարից։ Իսկ Իսրայելի արտգործնախարարը մերժել էր այդ առաջարկը։ 

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ սեպտեմբերի 23-ից Իսրայելի ծավալած ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 700-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել