մարzoom

մարzoom-ը` մեր նոր նախագիծը, նպատակ ունի յուրատեսակ խոշորացույց դառնալու՝ ներկայացնելով մոտ ու հեռու թվացող բնակավայրերը նույն հեռավորությունից` ներսից:
 
Մեր թիմն այս օրերին Նոյեմբերյանում է` ծանոթանալու ու ձեզ ծանոթացնելու տեղի մարդկանց հետ, նրանց կենսակերպին, զբաղմունքին ու աշխատանքին, մտածմունքին ու հրճվանքին:
Պտղավան․ պտղատու այգիների, Վանոյի մասին հիշողությունների ու վարդագույն մայրամուտների գյուղը [մարzoom]

Պտղավան․ պտղատու այգիների, Վանոյի մասին հիշողությունների ու վարդագույն մայրամուտների գյուղը [մարzoom]

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի բնակավայրերում հիմնականում անդորր է, համ ցերեկը՝ խիստ շոգին, համ հով երեկոներին։ Հատկապես այն գյուղերում, որոնք մոտ են սահմանին։ Բայց, ի տարբերություն, ասենք, Լճկաձորի, Կոթիի կամ Ոսեկվանի, Պտղավանում օրերն ավելի ակտիվ են։ Այս գյուղը շատ մոտ սահման ունի Վրաստանի հետ, եւ գուցե հենց սա է պատճառը, որ այստեղ կյանքը եռում է․ Պտղավանը մաքսակետից մեկ կիլոմետր է հեռու։ 1950-ականներին հիմնված այս գյուղում տները հիմնականում փոքր, տուֆե քարերից են սարքած։ Փայտե, խունացած տանիքներով այս գյուղում մոտ հազար բնակիչ է ապրում։ Նրանք հիմնականում պտղաբուծությամբ են զբաղվում, ինչպես եւ հուշում է բնակավայրի անունը։  Ես գյուղ եմ հասնում աշխատանքային օրվա ավարտին։ Մտահոգվում եմ, որ վարչական ղեկավարը գուցե էլ տեղում չլինի ու այդպես էլ լինում է։ Գյուղում շրջող մարդկանցից մեկն ասում է՝ հենց իմ գալու պահին դուրս եկավ։ Բայց երբ զանգում եմ, վարչական ղեկավարը՝ Կարեն Աբովյանը, ասում է, որ շուտով հետ կգա։ Գյուղապետարանի շենքը Գյուղապետարանի մոտ մի հուշաքարի կողքին դրված փայտե նստարանին գույնը գցած դեղին թազբեհն է պտտում տարեց մի տղամարդ։ Մինչ Աբովյանը կգա՝ մոտենում, նստում եմ Միշա պապի կողքին։ 67-ամյա Միխայիլը մինչեւ 15-16 տարեկանն ապրել է Հադրութում, հետո Բաքվում, ու 1988-ից հետո տեղափոխվել է Պտղավան։ Ասում է՝ սիրում է այս գյուղը, համ էլ իր ողջ ընտանիքը հիմա հենց այստեղ էլ ապրում է։ Միշա պապը հինգ թոռ ունի, երկուսը Ռուսաստանում են, երեք թոռները մի քանի տուն այն կողմ են ապրում, հաճախ են այցելում իրենց պապին։ Միշա պապը Միխայիլը չի դժգոհում կյանքից, միայն թե, ասում է, Պտղավանում խնդիրներ շատ կան․ «Դե, ինչով պետք ա զբաղվեն գյուղացիք, ծառ ա, հող ա, անասուն ա, ով ինչ կարողանում, անում ա»,- ասում է զրուցակիցս։ Նա պատմում է, որ ժամանակին Պտղավանում անասնապահությամբ ավելի ակտիվ են զբաղվել, բայց հետո արոտավայրերը մարդիկ այգիների վերածեցին ու սկսեցին պտղաբուծությամբ զբաղվել։ Ժամանակին գյուղը կոչվել է Այրումի խաղողագինեգործական պետական տնտեսության ավան, հետո, արդեն 1960-ին, պտղաբուծությամբ զբաղվելու առիթով էլ վերանվանվել է Պտղավան։ Հիմա այստեղ մարդիկ դեղձի, խաղաղի ու այլ այգիներ են մշակում։ Պտղավանցիները Վարչական ղեկավարը ճիշտ ասած ժամին գալիս է գյուղապետարան։ Նա նոր է նշանակվել՝ երեք ամիս։ Ծանոթ է գյուղի խնդիրներին, բայց կան հարցեր, որոնց լուծման ուղղությունները նոր պիտի փնտրի։ Աբովյանը մեր կարճ զրույցում հասցնում է պատմել բնակիչներին անհանգստացնող հարցերի մասին։ Թե՛ գյուղամիջյան, թե՛ դաշտամիջյան ճանապարհները խճապատվել են, բայց առաջիկայում ասֆալտապատում չի նախատեսվում, դա որոշակի անհարմարություն, իհարկե, պատճառում է բնակիչներին։ Ոռոգման ջուր էլ կա, բայց որոշ տեղերում բարելավման կարիք կա։ Բերքն այստեղ, ըստ վարչական ղեկավարի, լավն է, միայն թե գյուղացիները բերքի իրացման հարցում են դժվարանում։ Բայց մի խնդիր էլ կա․ ծառերը վերջին տարիներին սկսել են չորանալ։ Աբովյանն ասում է՝ պատճառը գուցե հանքավայրերից գետով եկող թունավոր նյութերն են․ փորձաքննություն պիտի արվի։ Կարեն Աբովյանը Ամենալուրջ խնդիրներից մեկն այն է, որ Պտղավանում կոյուղու ցանց չկա, չի էլ եղել․ «Դա շատ լուրջ հարց ա»,- շեշտում է Աբովյանը,- «խիտ բնակեցված գյուղ ա, հո չեն կարող հողամասում ամեն տարի փոս փորել, կամ էդ փոսն ինչի՞ ա նման։ Նախկինում էս հարցով դիմել են համապատասխան մարմիններին, բայց փաստորեն ընթացք չի տրվել։ Մենք ծրագրով ներկայացրել ենք, պիտի որ ստացվի, եթե չստացվի, պիտի տարբերակ մտածենք»,- ասում է վարչական ղեկավարը։ Գյուղապետարանի մոտ երեխաներ են խաղում։ Խումբ-խումբ վազվում են այս ու այն կողմ։ Ինձ ընդառաջ են գալիս դպրոցահասակ երեք տղաներ, որոնցից միայն Ալենը չի խուսափում ֆոտոխցիկից։ Երկու բառ ենք փոխանակում արագ-արագ, որ գնա, հասնի ընկերներին։ Ալենը դպրոցում լավ է սովորում, եւ, ասում է, հատկապես մաթեմատիկան ու ֆիզկուլտարան է շատ սիրում։ Ալենն ուզում է հատուկ նշանակության զորքերի ծառայող լինել։ Ալենը Այս ճանապարհի վրա մի մեծ, հին ու կիսախարխուլ շինություն կա։ Կողքին տուն է, որի բակում մի տարիքով ու մի երիտասարդ կին են նստած՝ փոքրիկ երեխաների հետ։ Հարցնում եմ՝ այս ի՞նչ շենք է, ասում են՝ խանութ է եղել։ Այդպես սկսում ենք դարպասի մոտից մի երկու բառ փոխանակել, հետո ներս են հրավիրում։ Խանութի հին շենքը Բակում երկու աղջնակները՝ Անին ու Ռոզան ակտիվ խաղում են, իսկ փոքրիկ Հայկազը մեկ մոր՝ Ծովինարի գիրկն է, մեկ իջնում է գրկից, խաղում գետնին։ Երբ նստում, սկսում եմ հարց ու փորձ անել գյուղից, կյանքից, Անին հետաքրքրասիրությամբ գնում, նստում է տատի կողքին, գլուխը դնում նրա ծնկներին։ Տիկին Կարինեն մանկուց Պտղավանում է ապրել։ Ասում է՝ կյանքն այստեղ վատ չէ, միայն եթե գյուղացու համար պայմաններն ավելի բարվոք լինեին, էլ բողոքելու տեղ չէին ունենա։ Կարինե Խոջոյանն ու Անին 63-ամյա Կարինե Խոջոյանն այս տանն է ապրում մանկուց։ Խոսքի մեջ պատահաբար ասում է, որ երբ փոքր էր, Վանո Սիրադեղյանը հաճախ էր այցելում իրենց տուն։ Պարզվում է՝ այս տունը Սիրադեղյանի եղբոր՝ Սերոժ Սիրադեղյանի տունն է եղել։ Երբ Սիրադեղյանները տեղափոխվել են Կոթի գյուղ, Խոջոյաններն են եկել այստեղ ապրելու։ Վանոն էլ Պտղավան իր այեցրի ժամանակ անպայման հյուրընկալվել է Խոջոյաններին․ «Վանո Սիրադեղյանը էն թվերին, չեմ հիշում հիմա հստակ, իննսունականերից առաջ, Սովետական Հայաստան թերթ կար, էդ թերթում հոդված ուներ, թե մենք գնում ենք Խոջոյան Հայկազանց տուն»,- ակնածանքով պատմում է տիկին Կարինեն ու շտապում գտնել այդ թերթը, որ մինչեւ հիմա պահում է։ Վանո Սիրադեղյանի հոդվածից մի կտոր «Ուրեմն, գրում ա, որ երկու տղա ունի, մի աղջիկ ունի։ Պապայի մասին ա գրել։ Եթե Վանոն մտել ա Պտղավան, ուրեմն մեր տանն ա մնացել։ Գնաց դե Վանոն»,- ափսոսանքով ասում է զրուցակիցս։  Վանոյից թեման անցնում է իրենց ընտանիքին: Բակում ենք նստած ու թեեւ ճանճերը, որ շոգից թաքնվելու համար անընդհատ ստվեր են փնտրում, խանգարում են մեզ, բայց ներս գնալ չենք ուզում։ Ինձ թվում է՝ այս երկու տիկնայք էլ չեն ուզում ներս գնալ։ Ինչ-որ ընդհանուր տխրություն կա, որ շատ արտահայտիչ պատկերված է Ծովինարի՝ Կարինեի հարսի դեմքին։ Նա սուրճ է եփում, բերում, ձեռքով քշում ճանճերին, խնամքով մաքրում բակի սեղանն ու բաժակները դնում վրան։ Ծովինարը քչախոս է։ Նա իր երեխաների նկարներն է ցույց տալիս հեռախոսով․ չորս բալիկ են կադրերում, բակում երեքն են խաղում․․․ Ծովինարը՝ Հայկազի հետ Ծովինարի ամուսինը՝ Դավիթը, գալիս է տուն։ Աղջնակները վազում են հոր գիրկը, հայրը նրանց համբուրում է ջերմ-ջերմ ու գրկից բաց չի թողնում։ Դավիթը պայմանագրային զինծառայող է եղել, բայց, Կարինեն ասում է, երեխաների համար դուրս է եկել․ առանց հոր երկար մնալ չեն կարողանում։ Հիմա մտահոգ են, որովհետեւ եռամսյա հավաքներ են, ու Դավիթը եւս կարող է գնալ․ «էս երեխեքն առանց հոր չեն կարում մնան։ Ո՞նց գնա, ով պիտի էդքան հարցերը լուծի, ուզում եմ դիմում գրեմ, տամ գյուղապետին, որ հեսա մեր էրեխի տարին ա, բացի դրանից՝ էդքան հողամաս կա, ո՞վ պիտի ջրի, ախպերս էլ վիրահատված ա, չի կարա»,- ասում է Կարինեն, մինչ Դավիթը երեխաների հետ է շփվում։ Նա հիմա ժամանակավոր աշխատանքներ է անում մաքսակետում, մշտական աշխատանք չունի։  Դավիթը՝ դստրերի հետ Տան բակում աժիոտաժն զգալով՝ Կարինեենց բակ է գալիս նրանց հարեւանուհին՝ տիկին Թամարան։ Նա բնիկ Վրաստանից է, բայց իր երեխաներն այստեղ են ծնվել՝ Պտղավանում։ Կարինեն Պտղավանն իր հայրենիքն է համարում։ Նա լավ ծանոթ է գյուղի խնդիրներին, ասում է՝ եթե անգամ իրենք չտեսնեն իրենց անհանգստացնող խնդիրների լուծումը, գոնե երեխաների համար լավը լինի ապագան։ Տեսարան Պտղավանից «Լավ գյուղ ա, բայց ոչ աշխատանք կա, ոչ երկիտասարդների համար զբաղմունք։ Մեր գյուղի նստվածքը լավն ա, բայց գործ չկա, որ մի բանով զբաղվեն, տուն պահեն, երեխա պահեն։ Բացի դրանից՝ երեխեքի համար խաղալու տեղ չկա, գյուղը արարողությունների սրահ չունի։ Որ մեկը մահանում ա, ստիպված կողքի գյուղում են անում արարողությունները»,- պատմում է տիկին Թամարան։  Տիկին Թամարան Նա չի մոռանում նաեւ Պտղավանի լավ կողմերը թվել։ Ասում է՝ լավ դպրոց ունեն, մակապարտեզն էլ վերանորոգման փուլում է, առաջիկայում պիտի ավարտվեն աշխատանքները, ու մանկապարտեզը կսկսի գործել։  Ծովինարն էլ է միանում այս խոսակցությանը։ Նա էլ մտահոգվում է, որ գյուղում խմբակներ չկան՝ երեխաները զբաղվեն, նոր բաներ սովորեն։ Ծովինարը բուժքրոջ մասնագիտացում ունի, բայց աշխատանք չի գտել գյուղում։ Նրա փոքր դուստրը՝ Անին, երազում է բժիշկ դառնալ, իսկ Ռոզան՝ զինվորական ու ոստիկան։ Հորը՝ Դավիթին, հարցնում եմ՝ դեմ չէ՞, արդյոք, որ աղջիկը զինվորական դառնա, ժպտալով ասում է՝ «դեմ եմ, բա ինչ եմ»։ Պտղավանցիները Հատուկ դանդաղ խմված մի բաժակ սուրճն ավարտվում է մեր զրույցի հետ։ Մտածում եմ՝ Կոթիում ոչ մեկը Վանոյի անունը չտվեց այնտեղ իմ շրջելու ընթացքում, իսկ այստեղ՝ Պտղավանում, նրա մասին հիշողությունը դեռ պահվում է հին թերթի էջերում։  Պտղավանի ճանապարհներից մեկից երեւում է Վրաստանի սահմանը։ Սահմանին շատ մոտիկ գյուղի ֆուտբոլի դաշտն է, որը, սակայն, նկարել չի հաջողվում, քանի որ Սահմանապահ ծառայության թույլտվությունն է պետք, որը ես չունեմ։ Թեեւ ճամփեզրից հնարավոր է լուսանկարել հորիզոնը, որտեղ հեռվում երեւում է նաեւ վրացական մի գյուղ, որը տեղացիներն անվանում են թուրքի գյուղ, քանի որ այնտեղ հիմնականում ադրբեջանցիներ են ապրում։ Արեւը մայր է մտնում այն սարի հետեւը, որտեղից այն կողմ արդեն Վրաստանն է։ Ու Պտղավանի վրա վարդագույն, նարնջագույն երանգներ են տարածվում, որ դանդաղ մարում են գյուղի փողոցներում։ Հայարփի ԲաղդասարյանԼուսանկարները՝ Լիլիթ Նազարեթյանի
22:53 - 09 հուլիսի, 2022
Արճիս․ քանդված մշակույթի տան եւ արվեստաշատ բազմաթիվ տների գյուղը [մարzoom]

Արճիս․ քանդված մշակույթի տան եւ արվեստաշատ բազմաթիվ տների գյուղը [մարzoom]

Նոյեմբերյանից 25կմ այն կողմ Արճիսն է։ Ոլորապտույտ ճանապարհը տանում է դեպի գյուղ, որի չորս կողմը կանաչ-կանաչ է՝ սարեր, անտառներ, ձորակներ, այգիներ։ Բարդ ռելիեֆ ունի Արճիսը, գյուղում պտտվելիս լավ հոգնում ես։ Բայց բացվող տեսարանները հոգնությանը լուրջ մխիթարանք են։  Տեսարան Արճիսից Գյուղամիջում են վարչական շենքը, Հայփոստի գրասենյակը, երկուսն էլ՝ հին ու ժանգոտած դռներով։ Ոչ աշխատանքային օրով եմ գյուղ եկել․ վարչական ղեկավարը տեղում չէ, գյուղապետարանի դուռն էլ՝ կողպված։ Հեռախոսով զրուցում եմ վարչական ղեկավարի՝ Սոս Միկիչյանի հետ, ասում է՝ գյուղում չէ, հեռախոսով էլ պատասխանել չի կարող։ Չեմ ստիպում, իհարկե, գյուղի մասին բնակիչներն ամենից լավ կպատմեն։ Եւ առաջին մարդը, որ պատահում է, գյուղապետարանի նախկին աշխատակիցն է։ Հայփոստի շենքը Գյուղամիջում ծառերի հովին դրած զրուցարանում հանդարտ նստած՝ տիկին Գայանեն ոլոռ է մաքրում։ Մոտենում, նստում եմ դիմացը, ձեռքի հետ ես էլ եմ մաքրում, զրույցի բռնվում։ Գայանե Մուսայելյանը մինչեւ այս տարվա մարտն աշխատել է գյուղապետարանում։ Հիմա ինքն ու ամուսինը բիզնես են անում՝ խանութպաններ են։ Տիկին Գայանեն չի մտահոգվում, որ էլ գյուղապետարանում չէ։ Ասում է՝ կարողացածի չափ փորձել է աջակցել արճիսեցիներին, նրանց խնդիրներին լուծումներ գտնել, բայց հիմա էլ չի դժգոհում, որ խանութով ու այգու գործերով է զբաղվում, այդպես նաեւ հանգստանում է։ Հենց այս զրուցարանի կողքին էլ իրենց խանութն է։ Ոլոռը տիկին Գայանեն իր այգուց է հավաքել, ասում է՝ քանի քիչ մարդ է գնում-գալիս, նստում է այստեղ, մաքրում մշակածը․ պիտի սառեցնի, պահի։ Բայց այս տարի բերքը կարծես լավը չի եղել։  Տիկին Գայանեն ոլոռ է մաքրում Գայանեն ինձ մի քանի տվյալներ է հայտնում գյուղի մասին․ ասում է՝ մոտ 300 տնտեսություն կա Արճիսում՝ հազարին մոտ փաստացի բնակչով։ Այստեղ մարդիկ անասպանահությամբ զբաղվում են, բայց ոչ շատ ակտիվ, ավելի շատ այգեգործությամբ են զբաղվում, մրգատու ծառեր, հատապտուղներ են մշակում՝ դեղձ, արքայանարինջ, ազնվամորի, եւ այլն։ Լավ պտղատու այգիներ կան, միայն թե իրացման խնդիրն է գյուղացիներին մտահոգում։ Բոլորը չէ եւ միշտ չէ, որ կարողանում են գյուղի մեջ կամ ճամփեզրերին իրենց ապրանքը վաճառել։ Խոշոր, սիրուն բերքը լավ վաճառվում է, մի քիչ մանրոտների իրացման հարցն է բարդ․ «Էստեղ աշխատող, ստեղծող մարդիկ են, եթե իրացման հարցը լուծվեր, մարդկանց համար շատ լավ կլիներ»,- ասում է զրուցակիցս, որը շատ համեստ է՝ խոսում է ցածրաձայն, հանգիստ, եւ ափսոս՝ նկարվել էլ չի սիրում։ Ջրի հարցն էլ է անհանգստացնող։ Խմելու ջուր կա, բայց ոռոգման ջրի ցանց չկա, նախատեսվում է օգոստոսին լուծել այս հարցը, բայց մինչ այդ բնակիչներն այգիները ջրելու հարցում դժվարանում են։ Ճանապարհներն էլ լրիվ սարքած չեն, խմելու ջրի գիծը քաշելուց հետո քանդվել են։ Տիկին Գայանեի հետեւում հետաքրքիր մի շենք է երեւում։ Ասում է՝ մշակույթի տունն է, բայց սարսափելի վիճակում է։ Ճիշտն ասած՝ սկզբում հավատս չի գալիս, մինչեւ ինքս չեմ մոտենում շենքին, որն առաջին հայացքից ճակատային գեղեցիկ պատով վինտաժ շինություն է։ Մշակույթի տունը Պատկերը փոխվում է, երբ թեթեւ հրում եմ փայտե դռները․ քանդված ու փոշու, աղբի մեջ կորած սենյակներ, որ, կարծես, զուգարան են ծառայում կենդանիների համար։ Մշակույթի տունը՝ ներսից Անմխիթար վիճակում գտնվող այս շենքը նորոգելու հույս, կարծես թե, չկա։ Միայն պատերն են կանգուն․ հատակն ու առաստաղը քանդված են, կոտրված փայտերը փլվել են գետնին, լուսամուտների ապակիները կոտրված են, շրջակայքի ծառերն էլ արդեն իրենցով են անում արտաքին պատերն ու իրենց ճյուղերը պատուհաններից ներս խցկում։ Մշակույթի տունը՝ ներսից Նկարներ եմ անում, բարձրանում տիկին Գայանեի մոտ։ Ասում է՝ մի քանի անգամ եկել-նայել են՝ գուցե վերանորոգեն, բայց շատ ծախսերի հետ է կապված։ Ափսոսանք ենք հայտնում իրար։ Հետո տիկին Գայանեն ասում է, որ իր դուստրը՝ Գոհարը կգա քիչ հետո, գնացել է թութ հավաքելու։  Հեռվից մոտեցող գեղեցկադեմ, երիտասարդ կինը Գոհարն է․ ծաղկավոր սիրուն շորով, նուրբ մատների ծայրերը՝ թթից թանաքագույն, որ այնքան սազում են իր հագուստի ու վարդագույն շրթներկի հետ։ Պարզվում է՝ Գոհար Ալավերդյանը փայտից զարդեր է պատրաստում, վաճառում իր օնլայն խանութում՝ Փայտփորիկում։ Գոհարի ականջներին իր պատրաստած օղերն են։ Այս կնոջից անչափ շատ գույն ու թախիծ է գալիս ինձ, բայց զգում եմ՝ ինչ-որ անտեսանելի փակ դուռ կա մեր միջեւ, որի բանալին դեռ չեմ գտնում։ Գոհար Ալավերդյանը Մինչ Գոհարն իր աշխատանքները ցույց կտա, խոսքի մեջ իմանում եմ, որ նա նաեւ Արճիսի դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհին է, իսկ այս տարի ճանապարհել է դպրոցն ավարտող իր դասղեկական դասարանը։ 2020 թվականի օգոստոսի 28-ից Գոհարը սկսել է իր բիզնեսը։ Այս օրը նա լավ է հիշում․ «Գաղափարը մի գիշերում է եղել, անունը որոշվել է, գործունեությունը՝ սկսվել»,- պատմում է Գոհարը,- «Ես վերցնում եմ անգույն փայտի կտոր, որոշում եմ ձեւը, գույները։ Հետո կտրում են փայտը, տալիս ինձ, ես կամ ներկում եմ դրանք, կամ տպագրում բնապատկերներ, կամ իմ նախընտրությամբ, կամ հաճախորդների»։ Գոհարն ամենատարբեր ձեւի ականջօղեր, ապարանջաններ, վզնոցներ ու կրծքազարդեր է սարքում, բոլորը՝ փայտից։ Նաեւ մանկական զարգացնող խաղեր է պատրաստում։ Պատվերների քանակից Գոհարը դժգոհ չէ։ Ասում է՝ բիզնեսն ինքն իրեն պահում է․ ինքը համ եկամուտ է ստանում, համ էլ՝ հաճույք։ Արդեն բիզնեսն ընդլայնելու մտքեր ունի․ սպասում է սարքավորումները գան, որ արդեն ինքն իր ձեռքով կտրի, մշակի փայտը։ Գոհարի աշխատանքներից Գոհարին նորից եմ հարցնում՝ ինչո՞ւ որոշեց դպրոցից բացի նաեւ զարդեր պատրաստելով զբաղվել, ինձ թվում է՝ դեռ չեմ ստացել այդ հարցի պատասխանը։ Մի քիչ դադարներով ասում է՝ օրը․․․ ժամանակը լցնելու համար։ Գոհարն իր երկու աշխատանքն էլ շատ է սիրում, բայց այս մեկի մասին շատ ակնածանքով է խոսում։ Ի՞նչն է ամենից շատ դուր գալիս իրեն, հարցնում եմ․ «Աշխատանքի ողջ ընթացքը՝ ստեղծումից մինչեւ վաճառք։ Այսինքն՝ օղը ոնց ստանամ, ինչ գույն տամ, ինչ գույն ստանամ, ոնց համադրեմ, ոնց նկարեմ, ոնց տեղադրեմ էջում, հետն ինչ տեքստ գրեմ։ Ամեն ինչը»,- ժպտալով պատմում է զրուցակիցս։  Գոհարի աշխատանքներից Գոհարը շատ է օգտագործում մանուշակագույնը, ասում է՝ այս տարվա գույնն է։ Այդ գույնն Արճիսին շատ է սազում։ Թթի գույնն է։ Թութը հավաքելիս Գոհարին իր երկու բալիկներն են օգնում․ հատ-հատ հավաքում են, սիրուն դասավորում, որ շուտով վաճառեն։ Գոհարի աշխատանքներից Թթենու մասին խոսելով՝ ես ու Գոհարը քայլում ենք մի քիչ հեռու՝ ծառերի տակ, որ մենակ լինենք։ Ասում եմ՝ արի, քեզ պորտրետ անեմ։ Գոհարը սիրուն դիրք է բռնում, հայացքը՝ հեռու, հեռու ինչ-որ տեղ։ Մի պահ լուռ ենք, չենք խոսում։ Ասում է՝ 2020-ի մարտն էր․ զինվորական ամուսինը սրտի կաթվածից մահացավ։ Ցավի մասին ես չեմ կարող գրել, ես չեմ կարող պատմել թե ինչ կարող է զգալ Գոհարը, որ հիմա իմ առաջ մեջքն ուղիղ կանգնած է։ Ես լսում եմ Գոհարին, որ հիշում է՝ քանի անքուն գիշեր է ունեցել ու ոնց է որոշել, որ չի կարելի կոտրվել, կորսվել։ Որ ամուսինը հաստատ կհպարտանար իրենով։ Մենք երկուսս էլ վստահ ենք, որ նա հպարտանում է, ու հակառակը լինել չի կարող։ Գոհարն ուժ է գտել իր երեխաներից, իր հողից, որ մշակում է, ուժ է գտել սիրուց, որ չի մահանում, անգամ եթե մարդիկ են մահանում։ Որովհետեւ սերը, կարծեմ, մարմին չունի, չի քայքայվում ու վերանում, այն բազմանում է կիսվելով, բողբոջելով, այնքան ժամանակ, քանի կա հիշողություն։ Օդում սավառնող հիշողություն՝ մանուշակագույն, տերեւի թարմ դառնահամով, բայցեւ թթի քաղցր հոտով։  Արճիսեցի երեխաներից մեկը, որի անունը երեւի թե շոգից մոռացել եմ, ինձ ուղեկցում է դեպի գյուղի հին եկեղեցի։ Շատ քչախոս տղա է, ու մինչ ես շնչակտոր բարձրանում եմ վերեւ ձգվող ոլորապտույտ ու քարքարոտ ճանապարհով, տղան արագ-արագ, մեծ քայլերով ինձնից առաջ է ընկել։ Մի հին ու մի ոչ այնքան հին մատուռներ են կողք կողքի։ Մեկը՝ բաց ու կիսաքանդ մուտքով, մյուսը՝ նորոգված տանիքով, դուռը՝ ցածր, որ մարդը խոնարհվելով մտնի։ Այստեղից լավ տեսարան է բացվում գյուղի վրա։ Արճիսի հին եկեղեցական շինությունը Արճիսում է ապրում քանդակագործ Մարատ Մուսայելյանը։ Նրա տան բակում սիրուն վարդեր են աճեցված, կտորով ծածկված է խաչքարը, որի վրա աշխատում է հիմա։ Մարատը խնամքով բացում է իր աշխատանքը, որի սիմվոլները, հակառակ օրինաչափության, երկու կողմերում տարբեր են։ Այս խաչքարի վրա դուռը կարծես անհամաչափ է քանդակված․ Մարատը չի սպասում իմ հարցին ու միանգամից պատասխանում է․ «Գաղափարն էն ա, որ դուռը մի կողմից բացվում ա դեպի ներս»։ Ուշադիր լինելու դեպքում այս դրվագը նկատելի է։ Մարատը վաճառում է այս խաչքարը, նրա թույլտվությամբ հեռախոսահամար եմ տեղադրում (+374 91 492 370)։ Մարատը մանրաքանդակներ է անում նաեւ․ զարմանում եմ, երբ իմանում, որ մատիտի ծայրերին։ Գունավոր մատիտների վրա խնամքով փորված են մեր այբուբենի տառերը։ Մարատի աշխատանքներից «Հեսա ցույց տամ քեզ, որ փոքր քանդակներ էլ եմ անում՝ մատիտի ծայրերի վրա։ Ուղղակի հիմա ժամանակի խնդիր կա, աչքերի խնդիր կա, գնալով արդեն առաջվա պես չես տեսնում»,- ասում է Մարատը։ Ամենաառաջին քանդակն էլ հենց մատիտից է սկսել․ «Ասեղով սկսեցի քանդակել, տեհա, որ ստացվում ա ինչ-որ մի բան»,- ծիծաղում է նա,- «սկսեցի փոքրացնել, փոքրացնել՝ մինչեւ երկու միլիմետր»։ Հարցնում եմ՝ խոշորացույցո՞վ է աշխատում, ասում է՝ ոչ միայն առանց խոշորացույցի, այլեւ ժամանակին նույնիսկ առանց ակնոցի։ Սա Մարատի համար ուղղակի հոբբի է, իսկ նա մասնագիտությամբ շինարար է, ՌԴ-ում է սովորել։ Բայց, ասում է, չի փոշմանում, որ հիմա գյուղում է․ «Գյուղն էլ իրա տեղն ունի, քսան տարուց ավելի ա արդեն բնակվում ենք ստեղ, սիրում ենք։ Սովորելուց հետո վերադարձել ենք, մեր կյանքն արդեն գյուղում ա, էս էլ մեր պապական տունն ա։ Գյուղում ի՞նչ կարաս անես, բաղ, հողամաս։ Բայց դե հայ ենք, չէ՞, կուզենք՝ նենց լինի, մի քանի գործ լինի։ Հիմա համ հողամաս ենք մշակում, համ քանդակում»,- պատմում է զրուցակիցս։ Մարատը պատվերներով է աշխատում․ մեկը խաչքար է ուզում, մեկը՝ էտյուդային քանդակներ, եւ այդպես։ Պարզվում է՝ արճիսեցի իմ հյուրընկալը նաեւ գլուխկոտրուկներ է պատրաստում։ Երբ ինձ ներս են հրավիրում ինքն ու տիկինը՝ գերմաներենի մասնագետ տիկին Կարինեն, Մարատը միանգամից մի քանի գլուխկոտրուկ է հրամցնում ինձ․ «Հլը փորձի էն օղը մի թելից մյուսին գցես»,- ասում է նա։ Մարատի գլուխկոտրուկներից Ես երկար եմ տանջվում, բայց ինձ մոտ չի ստացվում, իսկ Մարատը դա վայրկենական է անում։ Հետո հերթով ցույց է տալիս մյուս գլուխկոտրուկները՝ ինչպես սիրտը հանել մետաղե փակ կծիկից, ինչպես բազմաթիվ կտորներից ստանալ քառակուսի, եւ այլն։ Ասում է՝ չի սիրում պարապ մնալ, ու մտքով անցել է գլուխկոտրուկներ էլ սարքել։ Մարատի գլուխկոտրուկներից Հիմա սիրողական է պատրաստում՝ ձեռքի տակ եղած հումքից, կլինի փայտ, մետաղ, թել կամ այլ ինչ։ Վաճառքի չի դնում, ասում է՝ գուցե վաճառեր, եթե ավելի սիրուն, լավ նյութից սարքեր, հիմա ուղղակի սիրողական զբաղվում է․ «Ես ինչ ձեռքս ընգել ա, էդ բաներով սարքել եմ»,- ասում է նա։  Մարատի գլուխկոտրուկներից Մարատն ու իր որդիներից մեկը մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Որդին վիրավորվել է, բայց երկուսն էլ, բարեբախտաբար, վերադարձել են տուն։ Պատերազմի ժամանակ որդին ժամկետային զինծառայող է եղել, Մարատը որպես կամավոր է գնացել։ Նա պատմում է, որ պատերազմի մի օր, հանգիստ մի պահի այդ ողջ օրերի լարվածությունը թուլացնելու համար թղթի վրա շաշկի է գծել, քարերն էլ սարքել հրանոթի արկի բեկորներից ու տվել տղաներին․ «Մտքովս անցավ։ Ու զինվորնին էնքան ուրխացան։ Կռիվը կռիվ ա, բայց կռվի ընթացքում էլ ժամանակ ա լինում, չէ՞, միշտ չէին կրակոցները, ու մարդիկ նստում, շաշկին խաղում էին։ Քար չէր, բան չէր, բայց ակուրատնի սարքած էին քարերն էդ մարտագլխիկների բեկորներով։ Նկարել են, մինչեւ սօր էլ ցույց են տալիս»,- ասում է Մարատը։ Եւ մինչեւ այսօր, պատմում է, մարտի դաշտի ընկերներն իրեն հիշում են, հաճախ են հանդիպում։  Մարատ Մուսայելյանը Երբ Մարատի դիմանկարն եմ անում, նրա կինը վերեւից կատակում է՝ այնպես չանեմ, թե ամուսնուն սիրահարվեն։ Մարատի նկարը ցույց եմ տալիս տիկնոջը, ստանում նրա հավանությունն ու Մարատի ժպիտը, հաջողություն մաղթում, իսկ տիկին Կարինեին՝ հատուկ՝ Auf Wiedersehen։ Հայարփի Բաղդասարյան
18:56 - 07 հուլիսի, 2022
Լճկաձոր․ մոտ 400 մեղվաընտանիքների ու  մեղվի պես աշխատող մոտ 400 բնակիչների գյուղակը [մարzoom]

Լճկաձոր․ մոտ 400 մեղվաընտանիքների ու մեղվի պես աշխատող մոտ 400 բնակիչների գյուղակը [մարzoom]

Արճիս գյուղի արեւելյան կողմում Գուգարաց լեռների լանջերին փռված է Լճկաձորը։ Այրումից ճանապարհը ոլորաններով տանում է դեպի այս գյուղ, որտեղ ընդամենը 100 տնտեսություն կա՝ 400-ին մոտ բնակչով։ Մեքենայի լուսամուտից նայում եմ անտառներին, մտովի պատկերացնում քարտեզը, հիշում, որ այս տարածքում լիճ, ամեն դեպքում, չկա, թեեւ անունն այդպիսի պատկերներ է ստեղծում։ Բայց այդ մասին՝ հետո։ Քարքարոտ ճանապարհով մեքենան ընթանում ու կանգ է առնում ուղիղ գյուղապետարանի մոտ։ Հեռվից անգամ երեւում է, որ այդ փոքրիկ շենքը նույնիսկ նախորդ դարավերջին չի կառուցվել․ ճաքխքած-նորոգած պատեր, փայտե տանիք, հին լուսամուտներ՝ քարե պատերի արանքում։ Գյուղի վարչական ղեկավարի՝ Հրայր Միրզոյանի մեքենան կանգնում է մուտքի ցանցե ցանկապատի մոտ հենց այն պահին, երբ զանգում եմ նրան՝ ճշտելու՝ կարո՞ղ է ինձ ընդունել արդյոք։ «Էդ նկարողը Դուք ե՞ք»,- հարցնում է ինձ՝ մեքենայից տեսնելով, որ նկարում եմ գյուղից դեպի ձորը բացվող տեսարանը։ Մտնում ենք գյուղապետարան, որը գյուղսովետի նախկին շենքն է ու Լճկաձորին ծառայում է 1932 թվականից։ Միրզոյանն ասում է՝ գյուղապետարանի շենքը նաեւ դպրոց է եղել, ինքն այնտեղ է սովորել։ Իսկ հիմա դպրոցը հենց գյուղապետարանի կողքին է։ Այն բարեկարգ է, մաթեմատիկայի առանձին անկյուն էլ ունի, որ առավել մոտիվացնի երեխաներին սովորել այդ գիտությունը։ Այս գաղափարը ուսուցչուհի Ռուզան Մալինյանինն է եղել։ Բայց Լճկաձորի դպրոցը հիմնական է, իններորդն ավարտելուց հետո աշակերտները հարեւան գյուղերում են շարունակում կրթությունը։ Լճկաձորի դպրոցում մոտ 90 աշակերտ է սովորում, իսկ մանկապարտեզի սաների թիվը քսանի չի հասնում։  Լճկաձորն առաջին հայացքից էլ շատ ջերմ տպավորություն է թողնում։ Բայց այստեղ, ինչպես շատ այլ գյուղերում, կան խնդիրներ, որոշները՝ լուծման ճանապարհին, որոշները՝ առկախված։ Վարչական ղեկավարի հետ մեր զրույցը սկսում ենք գյուղի առավելություններից խոսելով․ «Մի բռաչափ գյուղ ա»,- ասում է Միրզոյանը,- «գեղեցիկ բնություն ունի, լավ աշխարհագրական դիրք։ Ժողովուրդը, մթնոլորտը՝ դրական, մարդամոտ են Լճկաձորում»։ Այս դրականի կողքին, սակայն, խնդիրներն ավելի շատ են, անվերջ թվարկելու։ Ամենալուրջ հարցերից մեկը խմելու ջրի խնդիրն է, բայց մոտ մեկ ամսից, ինչպես նշում է վարչական ղեկավարը, այդ հարցը պետք է որ լուծվի։ Նոր ցանց է կառուցվել։ Իսկ մինչ այս երեսուն տարուց ավելի գյուղում խմելու ջուր չի եղել, տեղացիներն անտառից եկող ջրերից են օգտվել։  Հրայր Միրզոյանը Գյուղում ճանապարհները բարվոք վիճակում չեն, բայց օգոստոսին նախատեսված է խճապատում․ սպասում են՝ ջրագիծն ամբողջությամբ կառուցվի, որ անցնեն ճանապարհների հարցին։ Բայց ամենից մեծ խնդիրը կոյուղու հարցն է․ գյուղում կոյուղագիծ չկա․ «Շատ բարդ ա, մանավանդ, որ էստեղ էլ համարվում ա սողանքային գոտի, խնդիրներ կարող են առաջանալ»,- ասում է վարչական ղեկավարը։ Խնդրից տեղյակ են համայնքապետարանում, բայց լուծումը մեծ ծախսերի հետ կապ ունի, աջակիցներ են պետք։ Լճկաձորում մարդիկ հիմնականում այգեգործությամբ են զբաղվում, դեղձի, արքայանարնջի այգիներ են մշակում։ Բայց կան մարդիկ, որ զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ընդամենը 132 խոշոր եղջերավոր կենդանիներ են պահում եւ 354 մեղվաընտանիք։ Ընդհանուր 160 հա ջրովի հողատարածք կա Լճկաձորում, բայց այդքանը չի էլ օգտագործվում, միայն մոտ 120 հեկտարը․ «Չորացումները շատ են, այգիները համատարած չորանում են, մանավանդ դեղձինը»,- մտահոգ ասում է զրուցակիցս։ Անալիզներ արել են, բայց կոնկրետ պատճառ չի ասվել։ Վարչական ղեկավարը ենթադրում է, որ չորացման պատճառ կարող են լինել Թեղուտի պոչամբարի թափոնաջրերը․ «Դրանք շատ նպաստեցին այգիների չորանալուն։ Պիտի մի հատ նորմալ անալիզ արվի հողն էլ, ծառն էլ, որ պատճառը հասկացվի»։ Գյուղապետարանին մոտիկ ապրում է Բեջանյան Դերենիկը, որը մեծ այգի ունի․ թուզ, նուռ, արքայանարինջ, ֆեյխուա, մուշմուլա՝ ճապոնական զկեռ է մշակում, նույնիսկ Կարմիր գրքում գրացնված արջատխլենի։ Դերենիկ պապն էլ է մտահոգված այգիների չորանալու խնդրով։ Ասում է՝ Լճկաձորում կլիման շատ բարենպաստ է, պարզապես ջրի խնդիր կա, այս ամիսներին հույսները բնական տեղումների վրա է, բայց անձրեւն էլ շոգ ամռանը հաճախ պատահող բան չէ, որ ծառին ու բույսին անհրաժեշտ ջուրն ապահովի։ «Տեղումների քանակը գարնանը, աշնանը, ձմռանը բավարարում է, ուղղակի ամռանը դժվար է․ բույսին ամենաանհրաժեշտ շրջանն է, բայց խոնավությունը չի բավարարում»։ Դերենիկ Բեջանյանը Դերենիկ պապը տոհմիկ գյուղատնտես է․ «Իմ պապը, հայրս, հորեղբայրս, բոլորը գյուղատնտեսներ են եղել։ Ես էլ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ եմ»,- այգին ինձ ցույց տալու ընթացքում իր մասին պատմում է Դերենիկը։ Նա խնամքով մի կողմ է տանում մուշմուլայի տերեւը, որից տակից երեւում է փոքրիկ պտուղը։ Այս կողմերում նռան ծառերն էլ են շատ․ Դերենիկ պապի այգու մի անկյունը կարմիր երանգ է ստացել նռենու ծաղկաթերթերից։ Դերենիկ պապի տան դարպասների մոտից գյուղապետարան գնացող ճամփեզրից մեր կողմ է նայում լճկաձորցի մի պապիկ ու ժպտալով ձայն է տալիս, թե՝ «հմի Դերենիկը լրիվ ասել ա, էլի՜»։ «Ես գյուղատնտեսության սահմաններից դուրս չեմ եկել, Մալինյա՛ն»,- համագյուղացուն նույնկերպ ձայնում է Դերենիկ պապը,- «մենակ ասել եմ՝ ժամանակին գյուղը տեղափոխել են ստեղ, որովհետեւ հարմար են գտել կլիման, հողը, ջուրը»։ Հետո շրջվում, ինձ ասում է, որ մարդիկ տարբեր պատճառներով տեղափոխվել, եկել-հասել են այս կողմերը, բայց դիմեմ Մալինյանին, նա ավելի լավ կասի։  Դերենիկ Բեջանյանը Դերենիկ պապին հաջողություն եմ մաղթում ու քայլում դեպի ընկեր Մալինյանը՝ Ռուսլան պապը։ Բայց Լճկաձորում նրան ընկեր Մալինյան են դիմում։ Նա Լճկաձորի հիմնական դպրոցի տնօրենն է, մասնագիտությամբ՝ աշխարագրագետ, հիմա նաեւ գրող, արդեն Գրողների միության անդամ է։ Հարուստ կենսագրություն ունի ընկեր Մալինյանը․ սկզբում աշխարհագրություն է դասավանդել Ոսկեվանի եւ Այրումի միջնակարգ դպրոցներում, ապա եղել է Այրումի եւ Հաղթանակի միջնակարգ դպրոցների տնօրեն, ինչպես նաեւ Լճկաձորի գյուղական խորհրդի նախագահ, հետո էլ՝ Լճկաձորի դպրոցի տնօրեն։ Այդ դպրոցում Մալինյանն այժմ աշխարհագրություն է դասավանդում։ Ի դեպ, նա հրատարակած հինգ գիրք ունի՝ «Տավուշի մարզի տեղանունների բառարան», «Տեղանվանապատում», «Նոյեմբերյանի տարածաշրջանի տեղանունների բառարան», «Ժամանակ, ժամանակ», «Ծիրանի ծառը»։ Պարզվում է՝ ընկեր Մալինյանը հավաքագրել ու բառարանագիտական մշակման է ենթարկել Տավուշի տեղանունների վերաբերյալ նյութերը։ Այսինքն՝ հենց նա է, որն ամենալավը կպատասխանի՝ անլիճ այս անկյունն ինչու է Լճկաձոր կոչվում։ Մենք գնում ենք Մալինյանի տուն՝ ճանապարհին խոսելով գյուղից ու դրա պատմությունից։ Լիճ, ուրեմն, ինչպես ասացի, Լճկաձորում չկա, թեեւ ձոր կա։ Ուրեմն, Մալինյանն ուսումնասիրել ու պարզել է, որ Մակար Բարխուդարյանն իր «Արցախ» աշխատությունում գրել է, որ «Լճկաձորի բնակիչները նախ Խոյից են գաղթել են Ուլաշտու, ապա տեղափոխվել Թարգեւին, ապա Ճալու եւ Հուսկ, հետո Լճկաձոր»։ Իսկ նորագույն ուսումնասիրություններից էլ պարզվում է, որ նրանք որոշ ժամանակ էլ Արցախում են ապրել։ Այդպես, 1875-ին այժմյան լճկաձորցիների նախնիները գալիս են ներկայիս գյուղից ոչ հեռու՝ Գոլեր կոչվող վայր, մի հին, լքված գյուղի ավերակները վերաշինում ու հաստատվում այդտեղ։ Այդ բնակավայրը Նորաշեն են կոչում, բայց այդ անունը երկար չի մնում։ Գյուղացիները ձորի գետակի վրա մի փոքրիկ ջրամբար (լճակ) են կառուցում, տեղանքն էլ ստանում է Լճի ձոր անունը։ Ժամանակի ընթացքում գյուղի Նորաշեն անունը մոռացվում է եւ դրան փոխարինում է Լճկաձոր անունը։ Երեք տասնամյակ այդ ձորում ապրելուց հետո տեղանքի փակ դիրքի պատճառով գյուղացիները տեղափոխվում են այժմյան Լճկաձորի տարածք՝ իրենց հետ բերելով այդ անունը։  Այսպես, զրուցելով հասնում ենք ընկեր Մալինյանի տուն, որի առաջ փռված է նրանց մեծ ու սաղարթախիտ այգին, որ ավելի շատ անտառ է հիշեցնում։ Այգու մի հատվածը գեղեցիկ մշակված է՝ համաչափ, կոկիկ, մյուս մասը Մալինյաններն ավելի շատ վայրի են թողնում, բայց խնամքով մաքրում են, իսկ բնությունը մնացածն ինքնուրույն կանի։ Մալինյանը գյուղը շատ է սիրում, նրա հինգ գրքերից երկուսը գեղարվեստական են, ու գրողն իր պատմվածքներում հաճախ է նկարագրում գյուղական տեսարանները։  Ռուսլան Մալինյանը Այգուց տուն ենք գալիս։ Մալինյանը ցույց է տալիս իր աշխատասենյակը՝ բազմաթիվ գրքերով, որոնց արանքներում թաքնված են նաեւ իր աշխատանքները։ Ձգվում, գտնում, ինձ ցույց է տալիս։ Առաջին գիրքը «Նոյեմբերյանի տարածաշրջանների բառարանն է», որն աշխարհագրական-գեղարվեստական աշխատություն է, որտեղ ներկայացված են տարածաշրջանի սարերը, վանքերը, գյուղերը։ Տեղանունների մասին նյութեր հավաքելը երկար ժամանակ է տեւել․ Մալինյանը ոչ միայն անձամբ է հավաքել դրանք, այլեւս ամեն անկյունում իր մտերիմների միջոցով հավաքել է հնարավոր բոլոր տեղեկությունները, որոնք ընթերցողին կարող են հետաքրքրել․ «Գիտեք, էս անունների ստուգաբանությունը շատ դժվար հարց է։ Մեծ մասը չկա որեւէ տեղ։ Նյութերը հավաքել ենք հարցումներով, հանրագիտարաններով, հանդիպումներով, ամեն կերպ։ Նույնիսկ նյութեր կան՝ հանրագիտարաններում սխալ են»,- ասում է Մալինյանը։ Իսկ մյուս գիրքը վերաբերում է ամբողջ Տավուշի մարզի տեղանուններին․ դրա նյութերի հավաքագրման համար տարիներ են պահանջվել։  Մալինյանի հետազոտական աշխատանքները կարդացել են նրա մտերմիները, գրող ընկերները ու շատ հավանել, առաջարկել նաեւ գեղարվեստական գործեր գրել։ Ինչն էլ, պարզվել է, լավ էլ ստացվում է Մալինյանի մոտ։ Հիմա նա երկու նոր գրքի վրա է աշխատում․ «Վերջերս սկսել եմ բանաստեղծություններ գրել։ Էդ գրողների ջրերն եմ ընկել»,- կատակելով ասում է զրուցակիցս,- «Բայց երբ ինձ Գրողների միության տոմսը տալիս էին, ասի՝ պարոն Միլիտոնյան, մորուք չեմ պահելու»,- ծիծաղում է Մալինյանը, հետո ինձ նվիրում տեղանունների իր բառարանն ու խորհուրդ տալիս․ «Տավուշի մարզում ուր էլ գնաս, կկարդաս, նոր կգնաս»։  Թեեւ Մալինյանն ունի համակարգիչ, բայց սիրում է ձեռագրով աշխատել։ Նոր նյութերը գրում է ճերմակ թղթերի վրա, պահում հին թղթապանակում։ Նոր աշխատանքներից մեկը կոչվում է «Գլուխս բարձին դնելուց առաջ»․ այս աշխատանքում Մալինյանն իր մտքերն է գրառում, որոնք այցելում են ուշ երեկոյին, երբ բոլորն արդեն քնել են, երբ պատուհանից դուրս միայն ծղրիդների փսփսոցն է։  Հարցնում եմ՝ իսկ անցած բաներին շա՞տ եք անդրադառնում, թե՞ միշտ առաջ։ Հոգոց հանելով է պատասխանում Մալինյանը․ «Հա՜հ, անցած բաներին շատ եմ անդրադառնում․․․ Բայց»,- մեկ էլ ժպիտը դեմքին է գալիս,- «էն փնթփնթան բիձեքից չեմ, էլի՜, նորություններ շատ եմ սիրում»։ Անցյալից խոսելիս արձակած այդ հոգոցը, ինձ թույլ եմ տալիս կարծել, եղբոր մասին է։ Ռուսլան Մալինյանի եղբայրը՝ Հարություն Մալինյանը, Ոսկեպարում տեղի ունեցած «Օղակ» գործողության զոհերից է։ Նրա երկու թոռնիկները՝ Մերին ու Հայկը, Ռուսլան Մալինյանի տանից ինձ ուղեկցում են դեպի Հարություն Մալինյանի հուշաքարի մոտ։ Հարություն Մալինյանի հուշաքարը Երեխաներն ամբողջ ճանապարհին լուռ են լինում, հետո միասին գնում ենք Լճկաձորի ժամը՝ եկեղեցին, որ թվագրվում է 19-րդ դարին։ Այդ եկեղեցու քանդված պատերի արանքում էլ անցյալի հոգոցներ կան։ Լճկաձորի ժամը՝ եկեղեցին Բայց այդ հոգոցները ցրում է Լճկաձորից դեպի սարերը բացվող տեսարանը, որտեղ, երեւի, նիրհում են այն բոլորի հոգիները, որոնց ժամանակը հիշողություն է դարձնում։  Հայարփի Բաղդասարյան
23:53 - 06 հուլիսի, 2022