Արճիս․ քանդված մշակույթի տան եւ արվեստաշատ բազմաթիվ տների գյուղը [մարzoom]
18:56 - 07 հուլիսի, 2022

Արճիս․ քանդված մշակույթի տան եւ արվեստաշատ բազմաթիվ տների գյուղը [մարzoom]

Նոյեմբերյանից 25կմ այն կողմ Արճիսն է։ Ոլորապտույտ ճանապարհը տանում է դեպի գյուղ, որի չորս կողմը կանաչ-կանաչ է՝ սարեր, անտառներ, ձորակներ, այգիներ։ Բարդ ռելիեֆ ունի Արճիսը, գյուղում պտտվելիս լավ հոգնում ես։ Բայց բացվող տեսարանները հոգնությանը լուրջ մխիթարանք են։ 

Տեսարան Արճիսից

Գյուղամիջում են վարչական շենքը, Հայփոստի գրասենյակը, երկուսն էլ՝ հին ու ժանգոտած դռներով։ Ոչ աշխատանքային օրով եմ գյուղ եկել․ վարչական ղեկավարը տեղում չէ, գյուղապետարանի դուռն էլ՝ կողպված։ Հեռախոսով զրուցում եմ վարչական ղեկավարի՝ Սոս Միկիչյանի հետ, ասում է՝ գյուղում չէ, հեռախոսով էլ պատասխանել չի կարող։ Չեմ ստիպում, իհարկե, գյուղի մասին բնակիչներն ամենից լավ կպատմեն։ Եւ առաջին մարդը, որ պատահում է, գյուղապետարանի նախկին աշխատակիցն է։

Հայփոստի շենքը

Գյուղամիջում ծառերի հովին դրած զրուցարանում հանդարտ նստած՝ տիկին Գայանեն ոլոռ է մաքրում։ Մոտենում, նստում եմ դիմացը, ձեռքի հետ ես էլ եմ մաքրում, զրույցի բռնվում։ Գայանե Մուսայելյանը մինչեւ այս տարվա մարտն աշխատել է գյուղապետարանում։ Հիմա ինքն ու ամուսինը բիզնես են անում՝ խանութպաններ են։ Տիկին Գայանեն չի մտահոգվում, որ էլ գյուղապետարանում չէ։ Ասում է՝ կարողացածի չափ փորձել է աջակցել արճիսեցիներին, նրանց խնդիրներին լուծումներ գտնել, բայց հիմա էլ չի դժգոհում, որ խանութով ու այգու գործերով է զբաղվում, այդպես նաեւ հանգստանում է։ Հենց այս զրուցարանի կողքին էլ իրենց խանութն է։ Ոլոռը տիկին Գայանեն իր այգուց է հավաքել, ասում է՝ քանի քիչ մարդ է գնում-գալիս, նստում է այստեղ, մաքրում մշակածը․ պիտի սառեցնի, պահի։ Բայց այս տարի բերքը կարծես լավը չի եղել։ 

Տիկին Գայանեն ոլոռ է մաքրում

Գայանեն ինձ մի քանի տվյալներ է հայտնում գյուղի մասին․ ասում է՝ մոտ 300 տնտեսություն կա Արճիսում՝ հազարին մոտ փաստացի բնակչով։ Այստեղ մարդիկ անասպանահությամբ զբաղվում են, բայց ոչ շատ ակտիվ, ավելի շատ այգեգործությամբ են զբաղվում, մրգատու ծառեր, հատապտուղներ են մշակում՝ դեղձ, արքայանարինջ, ազնվամորի, եւ այլն։ Լավ պտղատու այգիներ կան, միայն թե իրացման խնդիրն է գյուղացիներին մտահոգում։ Բոլորը չէ եւ միշտ չէ, որ կարողանում են գյուղի մեջ կամ ճամփեզրերին իրենց ապրանքը վաճառել։ Խոշոր, սիրուն բերքը լավ վաճառվում է, մի քիչ մանրոտների իրացման հարցն է բարդ․ «Էստեղ աշխատող, ստեղծող մարդիկ են, եթե իրացման հարցը լուծվեր, մարդկանց համար շատ լավ կլիներ»,- ասում է զրուցակիցս, որը շատ համեստ է՝ խոսում է ցածրաձայն, հանգիստ, եւ ափսոս՝ նկարվել էլ չի սիրում։

Ջրի հարցն էլ է անհանգստացնող։ Խմելու ջուր կա, բայց ոռոգման ջրի ցանց չկա, նախատեսվում է օգոստոսին լուծել այս հարցը, բայց մինչ այդ բնակիչներն այգիները ջրելու հարցում դժվարանում են։ Ճանապարհներն էլ լրիվ սարքած չեն, խմելու ջրի գիծը քաշելուց հետո քանդվել են։

Տիկին Գայանեի հետեւում հետաքրքիր մի շենք է երեւում։ Ասում է՝ մշակույթի տունն է, բայց սարսափելի վիճակում է։ Ճիշտն ասած՝ սկզբում հավատս չի գալիս, մինչեւ ինքս չեմ մոտենում շենքին, որն առաջին հայացքից ճակատային գեղեցիկ պատով վինտաժ շինություն է։

Մշակույթի տունը

Պատկերը փոխվում է, երբ թեթեւ հրում եմ փայտե դռները․ քանդված ու փոշու, աղբի մեջ կորած սենյակներ, որ, կարծես, զուգարան են ծառայում կենդանիների համար։

Մշակույթի տունը՝ ներսից

Անմխիթար վիճակում գտնվող այս շենքը նորոգելու հույս, կարծես թե, չկա։ Միայն պատերն են կանգուն․ հատակն ու առաստաղը քանդված են, կոտրված փայտերը փլվել են գետնին, լուսամուտների ապակիները կոտրված են, շրջակայքի ծառերն էլ արդեն իրենցով են անում արտաքին պատերն ու իրենց ճյուղերը պատուհաններից ներս խցկում։

Մշակույթի տունը՝ ներսից

Նկարներ եմ անում, բարձրանում տիկին Գայանեի մոտ։ Ասում է՝ մի քանի անգամ եկել-նայել են՝ գուցե վերանորոգեն, բայց շատ ծախսերի հետ է կապված։ Ափսոսանք ենք հայտնում իրար։ Հետո տիկին Գայանեն ասում է, որ իր դուստրը՝ Գոհարը կգա քիչ հետո, գնացել է թութ հավաքելու։ 

Հեռվից մոտեցող գեղեցկադեմ, երիտասարդ կինը Գոհարն է․ ծաղկավոր սիրուն շորով, նուրբ մատների ծայրերը՝ թթից թանաքագույն, որ այնքան սազում են իր հագուստի ու վարդագույն շրթներկի հետ։ Պարզվում է՝ Գոհար Ալավերդյանը փայտից զարդեր է պատրաստում, վաճառում իր օնլայն խանութում՝ Փայտփորիկում։ Գոհարի ականջներին իր պատրաստած օղերն են։ Այս կնոջից անչափ շատ գույն ու թախիծ է գալիս ինձ, բայց զգում եմ՝ ինչ-որ անտեսանելի փակ դուռ կա մեր միջեւ, որի բանալին դեռ չեմ գտնում։

Գոհար Ալավերդյանը

Մինչ Գոհարն իր աշխատանքները ցույց կտա, խոսքի մեջ իմանում եմ, որ նա նաեւ Արճիսի դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհին է, իսկ այս տարի ճանապարհել է դպրոցն ավարտող իր դասղեկական դասարանը։ 2020 թվականի օգոստոսի 28-ից Գոհարը սկսել է իր բիզնեսը։ Այս օրը նա լավ է հիշում․

«Գաղափարը մի գիշերում է եղել, անունը որոշվել է, գործունեությունը՝ սկսվել»,- պատմում է Գոհարը,- «Ես վերցնում եմ անգույն փայտի կտոր, որոշում եմ ձեւը, գույները։ Հետո կտրում են փայտը, տալիս ինձ, ես կամ ներկում եմ դրանք, կամ տպագրում բնապատկերներ, կամ իմ նախընտրությամբ, կամ հաճախորդների»։ Գոհարն ամենատարբեր ձեւի ականջօղեր, ապարանջաններ, վզնոցներ ու կրծքազարդեր է սարքում, բոլորը՝ փայտից։ Նաեւ մանկական զարգացնող խաղեր է պատրաստում։ Պատվերների քանակից Գոհարը դժգոհ չէ։ Ասում է՝ բիզնեսն ինքն իրեն պահում է․ ինքը համ եկամուտ է ստանում, համ էլ՝ հաճույք։ Արդեն բիզնեսն ընդլայնելու մտքեր ունի․ սպասում է սարքավորումները գան, որ արդեն ինքն իր ձեռքով կտրի, մշակի փայտը։

Գոհարի աշխատանքներից

Գոհարին նորից եմ հարցնում՝ ինչո՞ւ որոշեց դպրոցից բացի նաեւ զարդեր պատրաստելով զբաղվել, ինձ թվում է՝ դեռ չեմ ստացել այդ հարցի պատասխանը։ Մի քիչ դադարներով ասում է՝ օրը․․․ ժամանակը լցնելու համար։ Գոհարն իր երկու աշխատանքն էլ շատ է սիրում, բայց այս մեկի մասին շատ ակնածանքով է խոսում։ Ի՞նչն է ամենից շատ դուր գալիս իրեն, հարցնում եմ․ «Աշխատանքի ողջ ընթացքը՝ ստեղծումից մինչեւ վաճառք։ Այսինքն՝ օղը ոնց ստանամ, ինչ գույն տամ, ինչ գույն ստանամ, ոնց համադրեմ, ոնց նկարեմ, ոնց տեղադրեմ էջում, հետն ինչ տեքստ գրեմ։ Ամեն ինչը»,- ժպտալով պատմում է զրուցակիցս։ 

Գոհարի աշխատանքներից

Գոհարը շատ է օգտագործում մանուշակագույնը, ասում է՝ այս տարվա գույնն է։ Այդ գույնն Արճիսին շատ է սազում։ Թթի գույնն է։ Թութը հավաքելիս Գոհարին իր երկու բալիկներն են օգնում․ հատ-հատ հավաքում են, սիրուն դասավորում, որ շուտով վաճառեն։

Գոհարի աշխատանքներից

Թթենու մասին խոսելով՝ ես ու Գոհարը քայլում ենք մի քիչ հեռու՝ ծառերի տակ, որ մենակ լինենք։ Ասում եմ՝ արի, քեզ պորտրետ անեմ։ Գոհարը սիրուն դիրք է բռնում, հայացքը՝ հեռու, հեռու ինչ-որ տեղ։

Մի պահ լուռ ենք, չենք խոսում։ Ասում է՝ 2020-ի մարտն էր․ զինվորական ամուսինը սրտի կաթվածից մահացավ։ Ցավի մասին ես չեմ կարող գրել, ես չեմ կարող պատմել թե ինչ կարող է զգալ Գոհարը, որ հիմա իմ առաջ մեջքն ուղիղ կանգնած է։ Ես լսում եմ Գոհարին, որ հիշում է՝ քանի անքուն գիշեր է ունեցել ու ոնց է որոշել, որ չի կարելի կոտրվել, կորսվել։ Որ ամուսինը հաստատ կհպարտանար իրենով։ Մենք երկուսս էլ վստահ ենք, որ նա հպարտանում է, ու հակառակը լինել չի կարող։ Գոհարն ուժ է գտել իր երեխաներից, իր հողից, որ մշակում է, ուժ է գտել սիրուց, որ չի մահանում, անգամ եթե մարդիկ են մահանում։ Որովհետեւ սերը, կարծեմ, մարմին չունի, չի քայքայվում ու վերանում, այն բազմանում է կիսվելով, բողբոջելով, այնքան ժամանակ, քանի կա հիշողություն։ Օդում սավառնող հիշողություն՝ մանուշակագույն, տերեւի թարմ դառնահամով, բայցեւ թթի քաղցր հոտով։ 

Արճիսեցի երեխաներից մեկը, որի անունը երեւի թե շոգից մոռացել եմ, ինձ ուղեկցում է դեպի գյուղի հին եկեղեցի։ Շատ քչախոս տղա է, ու մինչ ես շնչակտոր բարձրանում եմ վերեւ ձգվող ոլորապտույտ ու քարքարոտ ճանապարհով, տղան արագ-արագ, մեծ քայլերով ինձնից առաջ է ընկել։ Մի հին ու մի ոչ այնքան հին մատուռներ են կողք կողքի։ Մեկը՝ բաց ու կիսաքանդ մուտքով, մյուսը՝ նորոգված տանիքով, դուռը՝ ցածր, որ մարդը խոնարհվելով մտնի։ Այստեղից լավ տեսարան է բացվում գյուղի վրա։

Արճիսի հին եկեղեցական շինությունը

Արճիսում է ապրում քանդակագործ Մարատ Մուսայելյանը։ Նրա տան բակում սիրուն վարդեր են աճեցված, կտորով ծածկված է խաչքարը, որի վրա աշխատում է հիմա։ Մարատը խնամքով բացում է իր աշխատանքը, որի սիմվոլները, հակառակ օրինաչափության, երկու կողմերում տարբեր են։ Այս խաչքարի վրա դուռը կարծես անհամաչափ է քանդակված․ Մարատը չի սպասում իմ հարցին ու միանգամից պատասխանում է․ «Գաղափարն էն ա, որ դուռը մի կողմից բացվում ա դեպի ներս»։ Ուշադիր լինելու դեպքում այս դրվագը նկատելի է։ Մարատը վաճառում է այս խաչքարը, նրա թույլտվությամբ հեռախոսահամար եմ տեղադրում (+374 91 492 370)։

Մարատը մանրաքանդակներ է անում նաեւ․ զարմանում եմ, երբ իմանում, որ մատիտի ծայրերին։ Գունավոր մատիտների վրա խնամքով փորված են մեր այբուբենի տառերը։

Մարատի աշխատանքներից

«Հեսա ցույց տամ քեզ, որ փոքր քանդակներ էլ եմ անում՝ մատիտի ծայրերի վրա։ Ուղղակի հիմա ժամանակի խնդիր կա, աչքերի խնդիր կա, գնալով արդեն առաջվա պես չես տեսնում»,- ասում է Մարատը։ Ամենաառաջին քանդակն էլ հենց մատիտից է սկսել․

«Ասեղով սկսեցի քանդակել, տեհա, որ ստացվում ա ինչ-որ մի բան»,- ծիծաղում է նա,- «սկսեցի փոքրացնել, փոքրացնել՝ մինչեւ երկու միլիմետր»։ Հարցնում եմ՝ խոշորացույցո՞վ է աշխատում, ասում է՝ ոչ միայն առանց խոշորացույցի, այլեւ ժամանակին նույնիսկ առանց ակնոցի։

Սա Մարատի համար ուղղակի հոբբի է, իսկ նա մասնագիտությամբ շինարար է, ՌԴ-ում է սովորել։ Բայց, ասում է, չի փոշմանում, որ հիմա գյուղում է․

«Գյուղն էլ իրա տեղն ունի, քսան տարուց ավելի ա արդեն բնակվում ենք ստեղ, սիրում ենք։ Սովորելուց հետո վերադարձել ենք, մեր կյանքն արդեն գյուղում ա, էս էլ մեր պապական տունն ա։ Գյուղում ի՞նչ կարաս անես, բաղ, հողամաս։ Բայց դե հայ ենք, չէ՞, կուզենք՝ նենց լինի, մի քանի գործ լինի։ Հիմա համ հողամաս ենք մշակում, համ քանդակում»,- պատմում է զրուցակիցս։ Մարատը պատվերներով է աշխատում․ մեկը խաչքար է ուզում, մեկը՝ էտյուդային քանդակներ, եւ այդպես։

Պարզվում է՝ արճիսեցի իմ հյուրընկալը նաեւ գլուխկոտրուկներ է պատրաստում։ Երբ ինձ ներս են հրավիրում ինքն ու տիկինը՝ գերմաներենի մասնագետ տիկին Կարինեն, Մարատը միանգամից մի քանի գլուխկոտրուկ է հրամցնում ինձ․ «Հլը փորձի էն օղը մի թելից մյուսին գցես»,- ասում է նա։

Մարատի գլուխկոտրուկներից

Ես երկար եմ տանջվում, բայց ինձ մոտ չի ստացվում, իսկ Մարատը դա վայրկենական է անում։ Հետո հերթով ցույց է տալիս մյուս գլուխկոտրուկները՝ ինչպես սիրտը հանել մետաղե փակ կծիկից, ինչպես բազմաթիվ կտորներից ստանալ քառակուսի, եւ այլն։ Ասում է՝ չի սիրում պարապ մնալ, ու մտքով անցել է գլուխկոտրուկներ էլ սարքել։

Մարատի գլուխկոտրուկներից

Հիմա սիրողական է պատրաստում՝ ձեռքի տակ եղած հումքից, կլինի փայտ, մետաղ, թել կամ այլ ինչ։ Վաճառքի չի դնում, ասում է՝ գուցե վաճառեր, եթե ավելի սիրուն, լավ նյութից սարքեր, հիմա ուղղակի սիրողական զբաղվում է․ «Ես ինչ ձեռքս ընգել ա, էդ բաներով սարքել եմ»,- ասում է նա։ 

Մարատի գլուխկոտրուկներից

Մարատն ու իր որդիներից մեկը մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Որդին վիրավորվել է, բայց երկուսն էլ, բարեբախտաբար, վերադարձել են տուն։ Պատերազմի ժամանակ որդին ժամկետային զինծառայող է եղել, Մարատը որպես կամավոր է գնացել։ Նա պատմում է, որ պատերազմի մի օր, հանգիստ մի պահի այդ ողջ օրերի լարվածությունը թուլացնելու համար թղթի վրա շաշկի է գծել, քարերն էլ սարքել հրանոթի արկի բեկորներից ու տվել տղաներին․ «Մտքովս անցավ։ Ու զինվորնին էնքան ուրխացան։ Կռիվը կռիվ ա, բայց կռվի ընթացքում էլ ժամանակ ա լինում, չէ՞, միշտ չէին կրակոցները, ու մարդիկ նստում, շաշկին խաղում էին։ Քար չէր, բան չէր, բայց ակուրատնի սարքած էին քարերն էդ մարտագլխիկների բեկորներով։ Նկարել են, մինչեւ սօր էլ ցույց են տալիս»,- ասում է Մարատը։ Եւ մինչեւ այսօր, պատմում է, մարտի դաշտի ընկերներն իրեն հիշում են, հաճախ են հանդիպում։ 

Մարատ Մուսայելյանը

Երբ Մարատի դիմանկարն եմ անում, նրա կինը վերեւից կատակում է՝ այնպես չանեմ, թե ամուսնուն սիրահարվեն։ Մարատի նկարը ցույց եմ տալիս տիկնոջը, ստանում նրա հավանությունն ու Մարատի ժպիտը, հաջողություն մաղթում, իսկ տիկին Կարինեին՝ հատուկ՝ Auf Wiedersehen։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել