ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Ոստիկանությունը հայտնում է, որ մայիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հաֆտվանին։ Ողջունելով ներկաներին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված ամուր և արդյունավետ բարեկամական համագործակցությունը, որն արդեն 30 տարվա պատմություն ունի և հիմնվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։ Ներքին գործերի նախարարը, հյուրերին ներկայացնելով գերատեսչության բարեփոխումների ընթացքը, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ պարեկային ծառայության ստեղծման գործում ներդրած ավանդի, նյութատեխնիկական աջակցության, պարեկային ծառայողների վերապատրաստման հարցում բարձրորակ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Այդ ուղղությամբ նա հատկապես շեշտել է Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագիրը։ Վահե Ղազարյանն իր խոսքում նշել է նաև ջրային պարեկային ծառայության և ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման ակադեմիայի բազայի հիման վրա Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ստեղծման մանրամասներ։ Ներքին գործերի նախարարը հաստատել է բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու պատրաստակամությունը, ինչը հնարավորություն կտա ունենալ ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանություն, ինչպես նաև կապահովի նորաստեղծ Ներքին գործերի նախարարության պատշաճ գործունեության իրականացումը: Ջեյմս Էփլգեյթը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշանակման կապակցությամբ շնորհավորել է Վահե Ղազարյանին և հաջողություններ մաղթել։ Դրական գնահատելով ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը։ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը կարևորել է պարեկների վերապատրաստումներն ու քաղհասարակության հետ փոխգործակցությունը։ Հանդիպմանը քննարկվել են նաև պարեկային ծառայության՝ վերջին չորս մարզերի ընդունելության, ստորաբաժանումում կանանց ներգրավվածության խթանման, օգտագործվող տեխնիկայի, սպառազինության, ոստիկանների ատեստացիային և վերապատրաստումներին վերաբերող այլ հարցեր։
10:09 - 17 մայիսի, 2023
Երևանի դպրոցներից մեկում 2 աշակերտի մարմնական վնասվածքներ պատճառած անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Երևանի դպրոցներից մեկում 2 աշակերտի մարմնական վնասվածքներ պատճառած անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Հայաստանի քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած խուլիգանության, աշակերտների նկատմամբ կատարված բռնությունների մի շարք էական հանգամանքներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Մասնավորապես, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից զեկուցագիր, ինչպես նաև քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել՝ 2023թ․ մայիսի 11-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, մի քանի անձանց կողմից Երևան քաղաքում գործող հանրակրթական ուսումնական հստատությունում մանկավարժների և աշակերտների հետ վիճաբանության, վերջիններիցս երկուսին հարվածելու և վնասվածքներ պատճառելու վերաբերյալ։ Բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ այդ ուսհաստատությունից նշված օրն իրենց մոտ տեղափոխված երկու անչափահասներից մեկն ստացել է քթի կոտրվածք, մյուսը՝ կզակի ու լեզվի վնասվածք: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձևավորվել է քննչական խումբ: Վնասվածք ստացած անչափահասները ճանաչվել են տուժող, նրանց վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նույն օրը ձերբակալվել է մեկ անձ։ Կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինս, քննությամբ դեռևս չպարզված 4 անձանց հետ, խմբի կազմում, 2023թ․մայիսի 11-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, մուտք է գործել նշված ուսհաստատություն։ Չհարգելով հասարակությանը, արհամարհելով օրենքների և բարոյական նորմերի պահանջները՝ նույն դպրոցի աշակերտների կողմից մինչ այդ որդուն վիրավորելու չնչին առիթով նա սկսել է վիճաբանել աշակերտների և ուսուցիչների հետ։ Այդ ընթացքում նույն խուլիգանական մղումներով վերջինս բռունցքով հարվածներ է հասցրել երկու աշակերտների՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքները, հնչեցրել հայհոյանքներ։ Այդ գործողությունների արդյունքում տևականորեն խաթարվել է դպրոցի բնականոն գործունեությունը: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 12-րդ կետերով (խուլիգանական դրդումներով անչափահասի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 9-րդ կետերով (խուլիգանական դրդումներով անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը)։ Նրան ներկայացվել է մեղադրանք, վերջինս ամբողջությամբ ընդունել է մեղադրանքը։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:26 - 13 մայիսի, 2023
Հայաստան-Իրան սահմանին տղամարդու մարմնից թմրանյութ է հայտնաբերվել. նա ձերբակալվել է

Հայաստան-Իրան սահմանին տղամարդու մարմնից թմրանյութ է հայտնաբերվել. նա ձերբակալվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի քաղաքացի Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է տեղափոխելու թմրամիջոց։ Այդ ուղղությամբ վարչության ծառայողները համագործակցեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Սիսիանի բաժինների, նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ։ Ոստիկանությունից հայտնում են՝ մայիսի 4-ին նրանք անձնական մաքսային զննման ենթարկեցին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած 52-ամյա տղամարդուն։ Արդյունքում տղամարդու մարմնից հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող զանգվածներով, շուրջ 57,9 գրամ քաշով 5 փաթեթ։ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
14:24 - 06 մայիսի, 2023
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանները ատրճանակով վնասած պատանին ձերբակալվել է. ոստիկանություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանները ատրճանակով վնասած պատանին ձերբակալվել է. ոստիկանություն

Մայիսի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցի կրթահամալիրի պատուհանին կրակոցի հետքեր կան:Մեկնել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ապրիլի 15-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը օդաճնշիչ ատրճանակով դիտավորությամբ վնասել է կրթահամալիրի պատուհանների ապակիները՝ պատճառելով 200 000 դրամի վնաս:Նախաձեռնվել է քրեական վարույթ:ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Բաբաջանյան փողոցի 17-ամյա բնակիչը: Նա մայիսի 4-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:57 - 05 մայիսի, 2023
Կրակոցների հետքեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհաններին
 |azatutyun.am|

Կրակոցների հետքեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհաններին |azatutyun.am|

azatutyun.am: Ոստիկանությունից հայտնում են՝ այսօր ահազանգ-հաղորդում են ստացել, որ Բաբաջանյան 25 հասցեում գոծող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանին կան հրազենի կրակոցի հետքեր։ Ըստ ոստիկանության՝ ահազանգողն իր կարծիքն է հայտնել, որ դրանք օդաճնշիչ զենքի հետքեր են։ Ո՞վ կամ ովքե՞ր են կրակել դպրոցի պատուհաններին, դրանք ներսի՞ց են եղել, թե՞ դրսից՝ ոստիկանությունից չմանրամասնեցին։ «Ազատությանը» փոխանցեցին, միայն, որ օպերատիվ-քննչական խմբերը տեղում են, այլ մանրասներ դեռ հայտնի չեն։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Սուսաննա Մարկոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ առավոտյան, մինչև ուսումնական պարապմունքների սկիզբը, միջին դպրոցի ղեկավարն ու ուսուցիչները պատուհաններին անցքեր են նկատել՝ հավանաբար կրակոցների հետքեր, ու տեղեկացրել են ոստիկանությանը։ «Մայր դպրոցի ապակիներին շուրջ 20 անցք է եղել, գնդակներ չկան»,- փոխանցեց Մարկոսյանն ու ընգծեց՝ այլ մանրամասներ չգիտեն։
16:44 - 03 մայիսի, 2023
Որքանո՞վ է կոռուպցիան խնդիր մեր երկրում, հակակոռուպցիոն ի՞նչ բարեփոխումներ կան․ հարցում

Որքանո՞վ է կոռուպցիան խնդիր մեր երկրում, հակակոռուպցիոն ի՞նչ բարեփոխումներ կան․ հարցում

Նախօրեին հրապարակվեցին Հայաստանում հանրային կարծիքի վերաբերյալ Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ անցկացված հարցումների արդյունքները։ Հարցումներն անցկացվել են այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում, մասնավորապես հունվարի 23-մարտի 04-ն ընկած ժամանակահատվածում դեմ առ դեմ հարցման մեթոդով։ Իսկ հարցումներում ընդգրկվել է 18 տարին լրացած 1513 ՀՀ քաղաքացի։ Որքանո՞վ է կոռուպցիան (կաշառակերությունը) խնդիր մեր երկրում․ ահա այս հարցին մասնակիցների 41%-ը պատասխանել է, որ կոռուպցիան Հայաստանում շատ մեծ խնդիր է, 6%-ը կարծում է, որ կոռուպցիան շատ փոքր խնդիր է կամ չկա այդպիսի խնդիր։ 32%-ը պատասխանել է, որ կոռուպցիան ավելի շուտ մեծ խնդիր է, իսկ 19%-ը՝ հակառակ կարծիքին է՝ կոռուպցիան ավելի շուտ փոքր խնդիր է։ Հարցվածների 21%-ը կարծում է, որ անցած 12 ամիսների ընթացքում իշխանությունների շրջանում կոռուպցիան աճել է, 30%-ը կարծում է՝ նվազել է, 39%-ը կարծում է, որ կոռուպցիան մնացել է նույնը, 10%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։ Հարցումների ժամանակ ընթերցվել է հաստատությունների ցանկ, եւ հարցվողները պատասխանել են, թե ըստ իրենց դրանցից յուրաքանչյուրում կոռուպցիան առկա է շատ, որոշ չափով, քիչ, թե՞ չկա ընդհանրապես: Այսպես, հարցվածների 21%-ը կարծում է, որ հանրային առողջապահական հաստատություններում կոռուպցիան շատ է, հարցվածների նույնքան տոկոսը կարծում է, որ այս հաստատություններում կոռուպցիա չկա, 37%-ը կարծում է, որ որոշ չափով կա։ Հարցվածների 20%-ը պատասխանել է, որ դատարաններում կոռուպցիան շատ է, 12%-ը պատասխանել է, որ դատարաններում կոռուպցիա չկա, իսկ 34%-ը կարծում է, որ կոռուպցիա կա որոշ չափով։ Ոստիկանության, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանության վերաբերյալ հարցին 12%-ը պատասխանել է, որ կոռուպցիան շատ է, 28%-ը պատասխանել է, որ չկա, իսկ 33%-ը պատասխանել է, որ կա որոշ չափով։ Հարցվածները թվել են նաեւ իրենց իմացած հակակոռուպցիոն բարեփոխումները, որոնք ներդրվել են կառավարության կողմից։ Ըստ հարցման տվյալների՝ հարցվածների 32%-ը չի նշել ոչ մի բարեփոխում, 7%-ը նշել է, որ կա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման արդյունավետության բարձրացում, 4%-ը հիշատակել է մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների մասին, 2%-ը՝ Հակակոռուպցիոն դատարանի մասին։
16:41 - 03 մայիսի, 2023
Պարեկային ծառայությունը՝ որպես բարեփոխման ոլորտ, հաջողված է. Գլխավոր դատախազ |armenpress.am|

Պարեկային ծառայությունը՝ որպես բարեփոխման ոլորտ, հաջողված է. Գլխավոր դատախազ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ոստիկանության համակարգում որպես բարեփոխում հաջողված է համարում Պարեկային ծառայության ներդրումը, ծառայությունը նաև կանխարգելիչ նշանակություն է ունենում՝ տարբեր հանցագործությունների համար: Աննա Վարդապետյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի տեսակետին՝ թե ոստիկանական բարեփոխումները ձախողվել են, սխալ ուղու վրա են: Ոստիկանության բարեփոխումներն իրականացվում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ պարեկային ծառայության ներդրման ձևաչափով: «Եվ, այո, պարեկային ծառայությունը որպես բարեփոխման ոլորտ հաջողված է: Տարբեր հանցագործությունների բացահայտման տեսանկյունից Պարեկային ծառայությունը և կանխարգելիչ նշանակություն է ունենում, և բացահայտման տեսանկյունից կարևոր տեղեկատվություն է տալիս մինչդատական վարույթին»,- ասաց Վարդապետյանը: Նա կարևորեց նաև Ջրային պարեկային ծառայության ներդրումը, քանի որ Սևան ազգային պարկում ձկնագողության և տարբեր տեսակի օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման հետ կապված խնդիր կա: «Բոլոր բարեփոխումները, այդ թվում կիբերհանցավորության ոլորտում իրականացվում են շարունակաբար: Դա է պատճառը, որ ես պնդում եմ, որ բարեփոխումները ճիշտ է իրականացնել: Դրանք պետք է իրականացնել համագործակցված»,- ասաց Վարդապետյանը:
12:31 - 03 մայիսի, 2023
Ոստիկանները հայտնաբերել են շան նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին

Ոստիկանները հայտնաբերել են շան նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին

Ոստիկանները հայտնաբերել են կենդանու նկատմամբ առերևույթ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։   «Ապրիլի 28-ին սոցիալական ցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի երիտասարդ առերևույթ դաժան վերաբերմունք ցուցաբերում շան նկատմամբ։   Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է տեսանյությում երևացող անձի ինքնությունը։   Նա հայտնաբերվել է, այս պահին գտնվում է ոստիկանության բաժնում։ Նշված հրապարակումներով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։   Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է։ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի համաձայն՝ արարքի համար նախատեսվում է պատիժ՝ առավելագունը մինչև 3 տարի ազատազրկում։ Հորդորում ենք զերծ մնալ նման հակաօրինական արարքներից», - նշված է հաղորդագրության մեջ։
19:39 - 29 ապրիլի, 2023
Նախատեսվում է մասնագիտացված ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծում |armtimes.com|

Նախատեսվում է մասնագիտացված ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ քննարկեց և հավանության արժանացրեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»՝ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: Ներկայացնելով այն՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ասաց՝ սա նախատեսված է ջրային ստորաբաժանման գործման համար անհրաժեշտ նախադեպեր սահմանելու նպատակով, անվտանգ ու ապահով Սևանա լիճ ունենալու համար: «Ջրային պարեկները լինելու են ունիվերսալ պարեկային ծառայություն իրականացնողներ։ Ջրային պարեկությունը լինելու է դասական պարեկության լրացուցիչ ֆունկցիա։ Ընդգրկված ջրային պարեկներն իրականացնելու են ցամաքային հատվածում Գեղարքունիքի պարեկային ծառայությանը վերապահված մի շարք գործառույթներ։ Մասնավորապես՝ նախատեսվել են կարգավորումներ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության, հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու, լողամիջոցը վարելիս ոչ սթափ գտնված անձանց մեկուսացնելու, օրենքի շրջանակներում դրանց շահագործումը արգելելու վերաբերյալ»,- մանրամասնեց նախարարը։ Ըստ նրա՝ նշված կանոնները խախտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն։ ՆԳՆ նախարարի խոսքով՝ հետագայում կարիք կլինի վերանայել ենթաօրենսդրական դաշտը, քանի որ ջրային փոխադրամիջոցներին առնչվող հարցում չունենք փորձ։ «Ջրային պարեկները ոստիկանության առջև դրված խնդիրների շրջանակներում, բնականաբար, արձանագրելու են այլ իրավախախտումներ ու հանցագործությունների կանխարգելում, ինչպես նաև Սևանա լճում ձկնորսության դեպքերի կանխարգելում։ Այն կլինի 95 հաստիքի միավորով, ներառյալ՝ տեխնիկական անձնակազմը»,- ասաց նա։ Վահե Ղազարյանը հիշեցրեց, որ արդեն մեկնարկել են ջրային պարեկների ծառայության համար դիմած դիմորդների լողալու և սուզվելու կարողությունների ստուգման գործընթացները։ Կլինի նաև պրակտիկա Սևանա լճի տարածքում։
12:17 - 27 ապրիլի, 2023
ՄԻ պաշտպանի աշխատակազմում ստացվել են իրավունքների պաշտպանության վերաբերյալ բողոքներ և ահազանգեր

ՄԻ պաշտպանի աշխատակազմում ստացվել են իրավունքների պաշտպանության վերաբերյալ բողոքներ և ահազանգեր

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին օրերին ստացվել են իրավունքների պաշտպանության վերաբերյալ առանձին հարցերի առնչվող բողոքներ և ահազանգեր․ Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև. 2023թ. ապրիլի 17-ին կինոռեժիսոր Արման Երիցյանին և Կարեն Հակոբյանին ձերբակալելու, Ոստիկանության Կենտրոնական բաժնում նրանց նկատմամբ առերևույթ վատ վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ ստացված տեղեկությունների հաշվառմամբ՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Կենտրոնական բաժին նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Այցի շրջանակում արձանագրված խնդիրներն ու ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքներն ամփոփվել են Պաշտպանի աշխատակազմում և համապատասխան գրություններ ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։ւ Ապրիլի 23-ին տեղեկություններ են հրապարակվել առ այն, որ «Պոլիգրաֆ» ակումբում իրականացված գործողությունների հետևանքով մոտ 41 անձ ձերբակալվել է։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ տվյալ ակումբում գտնվող անձանց նկատմամբ ոստիկանության ծառայողները դրսևորել են վատ վերաբերմունք, նրանց տևական ժամանակ պահել են գետնին պառկած վիճակում, որոշ անձանց նկատմամբ կիրառվել է բռնություն։ Ակումբում միջադեպի օրը գտնված անձանց մի մասի հետ ՄԻՊ աշխատակազմում կազմակերպվել է ընդունելություն, որի ընթացքում Պաշտպանին ներկայացվել են խնդրին առնչվող գրավոր բողոքներ։ Ապրիլի 25-ին Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին առերևույթ խոշտանգման ենթարկելու դեպքի վերաբերյալ։ Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, իսկ ավելի ուշ նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով։ Առանձանազրույցի ընթացքում Ա. Գալստյանը Պաշտպանին ներկայացրել է խնդրին առնչվող գրավոր բողոք։ Վերոնշյալ դեպքերի առթիվ նախաձեռնվել են բողոքների քննարկման ընթացակարգեր, Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ։
09:31 - 26 ապրիլի, 2023
«Պոլիգրաֆ» ակումբում խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ. իրականացվում է քննություն

«Պոլիգրաֆ» ակումբում խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ. իրականացվում է քննություն

Պարզվում են Երևան քաղաքում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրացման նպատակով առերևույթ ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպքի հանգամանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ «ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի Կորյուն փողոցի 19 Ա հասցեում գործող  «Պոլիգրաֆ» ակումբում իրականացվել է թմրամիջոցների ապօրինի իրացում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ակումբում ապօրինի իրացվել են «Մեթամֆետամին», «Էքստազի», «LSD» և այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ապրիլի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ և սկսվել է նախաքննություն: Նախաքննական մարմնի որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության ՆԳՆ համապատասխան ծառայության աշխատակիցների հետ միասին, ապրիլի 23-ին խուզարկություն է կատարվել «Պոլիգրաֆ» ակումբում, որի ընթացքում սրահի և աշխատասենյակի միջնամասում հատակին հայտնաբերվել և վերցվել է կարմիր պոլիէթիլենային ժապավենով փաթեթավորված մեկ հատ անհայտ զանգված։ Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության ՆԳՆ Կենտրոնական բաժին է տեղափոխվել նույն ակումբի 4 աշխատակից։ Վերջիններիս անձնական զննությամբ հայտնաբերվել և վերցվել են պոլիէթիլենային փաթեթներով դեղնականաչավուն զանգվածներ, մոխրացած հետքերով սրվակ և մարիխուանա տեսակի թմրամիջոց մանրեցնելու համար նախատեսված մետաղյա տարրա, դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընդհանուր առմամբ ձերբակալվել և ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել 41 անձ։ Վերջիններս որպես ձերբակալված հարցաքննվել են, ապա ազատ արձակվել։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Նշված անձանց մոտ հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ», - ասված է հաղորդագրության մեջ։ 
15:10 - 25 ապրիլի, 2023
«Միջոցառում է ձեռնարկվում, ի՞նչ բռնություն»․ Արմեն Խաչատրյանը՝ «Poligraf» ակումբի դեպքի մասին |aysor.am|

«Միջոցառում է ձեռնարկվում, ի՞նչ բռնություն»․ Արմեն Խաչատրյանը՝ «Poligraf» ակումբի դեպքի մասին |aysor.am|

aysor.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ահազանգում է Հայաստանում  թմրամոլության տարածման մասին։ «Մենք երևի նորմալ չենք պատկերացնում, թե ինչ իրավիճակ է այսօր տիրում Հայաստանի Հանրապետությունում: Մենք չենք պատկերացնում, որ դեռահասների շատ լուրջ տոկոս այսօր արդեն թմրամոլ է: Մենք չենք պատկերացնում, որ սինթետիկ թմրամիջոցների՝ երկրորդ, երրորդ օգտագործումից հետո այնպիսի օրգանական փոփոխություններ են կատարվում, որ այլևս մարդկային կյանքի չեն վերադառնում: Մենք չենք պատկերացնում, որ ազգային անվտանգության լուրջ հարց է առաջացել այս երկրում», - Ազգային ժողովում հայտարարեց Խաչատրյանը՝ ընդգծելով՝ բարեփոխումները, ընդունած օրենքները, լուսավոր ապագայի մասին խոսքերն ի չիք են դառնում, եթե թմրամիջոցներն այս ծավալի տարածվում են: «Մենք չենք պատկերացնում, որ սա կորոնավիրուսից ավելի վտանգավոր և ավելի լուրջ, ավելի հույժ կարևոր խնդիր է», - ասաց նա։ Խաչատրյանի խոսքով Ոստիկանությունը մտնում է մի ակումբ, որտեղ, բոլորին հայտնի է, որ թմրամիջոցներ են տարածվում․ «Միջոցառում է ձեռնարկվում, եկեք, տեսեք բռնություն, ի՞նչ բռնություն»։ Պատգամավորն նշեց, որ անգամ ուզում է առաջարկություն անել, որ բոլոր պետական մարմիններում, որտեղ կնքվում է աշխատանքային պայմանագիր, անպայման ավելացվի տող, որ աշխատողը տարվա մեջ 1-2 անգամ անցնի թմրաթեստ, և թեստից հրաժարվելն աշխատանքից ազատման հիմք լինի։
13:11 - 25 ապրիլի, 2023
«Ակումբները բացառություն չեն»․ ՆԳ փոխնախարարը՝ թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին |armeniasputnik.am|

«Ակումբները բացառություն չեն»․ ՆԳ փոխնախարարը՝ թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: 2023 թվականը ոստիկանության համար թմրամիջոցների դեմ շրջանառության պայքարի տարի է։ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով երևանյան ակումբներից մեկում իրականացված հատուկ օպերացիային։ Նշենք, որ սոցցանցերում մի տեսանյութ էր տարածվել, ըստ որի՝ ապրիլի 22–ի լույս 23-ի գիշերը ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Երևանի «Poligraf» ակումբում։ Ակումբն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ բոլորին պառկեցրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Ավելին՝ աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկության համար մերկացվել ոստիկանության բաժնում։ «Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում մեր ծառայության բոլոր ստորաբաժանումների կողմից։ Ակումբները ևս բացառություն չեն, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հատկապես նման հաստատություններում թմրամիջոցների շրջանառության ռիսկը շատ ավելի բարձր է»,- ասաց Սարգսյանը։ Անդրադառնալով լուրերին, թե ոստիկանների կողմից բռնություն է կիրառվել ակումբներից մեկում իրականացված օպերացիայի ժամանակ, փոխնախարարն ասաց՝ պետք է պարզել՝ անհամաչափ ուժի կիրառում եղել է, թե ոչ։   «Հիմա կդժվարանա ասել՝ համաչա՞փ է եղել ուժի կիրառումը կամ եղե՞լ է, թե՞ ոչ։ Վստահեցնում եմ, որ ցանկացած դեպքում ունենում ենք հաղորդումներ և համապատասխան արձագանք է լինում»,- ասաց նա։ Փոխնախարարը վստահեցրեց, որ եթե հիմքեր լինեն ծառայողական քննության, ապա դա ևս կիրականացվի։
12:53 - 25 ապրիլի, 2023