Հայ դատի հանձնախումբ

Հայ դատը ՀՅԴ կուսակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հասարակական աշխատանքների եւ կառավարական հարաբերությունների ազգային հանձնախումբն է։ Պաշտպանում է հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները, ներկայացնում հայության հավաքական տեսակետը բոլոր մակարդակներով։ ԱՄՆ-ում ունի երկու հիմնական բաժանմունք՝ արեւելյան եւ արեւմտյան։ Հայ դատը գրասենյակներ ունի Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, հանձնախմբեր՝ ԱՄՆ-ի մյուս հայաշատ քաղաքներում։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է արցախահայերի ինքնորոշման իրավունքի՝ ԱՄՆ նախագահի թեկնածուի հայտարարությունը |hetq.am|

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է արցախահայերի ինքնորոշման իրավունքի՝ ԱՄՆ նախագահի թեկնածուի հայտարարությունը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հրապարակված տեսաուղերձով խոստացել է, որ իր վարչակազմը մոբիլիզացնելու է միջազգային հանրությանը՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ, ապահովելու հայերի անվտանգ վերադարձը Արցախ և աջակցելու նրանց ինքնորոշման իրավունքին։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։ Ի թիվս այլնի, նախագահի թեկնածուն նշել է․ «Էթնիկ զտումների այս քաղաքականության դատարկ դատապարտումները բավարար չեն։ Ի տարբերություն 1915 թվականի ցեղասպանության, սա անշրջելի չէ։ ԱՄՆ կառավարությունը պետք է կազմակերպի և մոբիլիզացնի համաշխարհային հանրությանը՝ քայլեր ձեռնարկելու, որպեսզի ապահովվի հայերի անվտանգ վերադարձը Արցախ և պաշտպանելու նրանց ինքնորոշման իրավունքը։ Սա մի իրավիճակ է, երբ խաղաղ պատժամիջոցներն իրականում կարող են գործել: ԱՄՆ-ը դեռևս ունի լծակներ այդ տարածաշրջանում, և կարող է օգտագործել այդ ուժը՝ մոբիլիզացնելու տարածաշրջանի բոլոր ազգերին՝ շտկելու այս մարդասիրական ողբերգությունը: Մենք պետք է ձգտենք նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացմանը։ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող ժողովուրդ է, և նրան անհրաժեշտ է մուտք դեպի նավահանգիստներ և հարակից երկրներ»: Մեկնաբանելով Քենեդու հայտարարությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է․ «Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Ռոբերտ Քենեդի կրտսերի կոչերը՝ պատժելու Ադրբեջանին և սատարելու արցախահայության ինքնորոշման և իրենց հայրենիք անվտանգ վերադարձի իրավունքին։ Մենք առավելաբար գնահատում ենք նրա հայտնվելը որպես 2024 թվականի երրորդ կենսունակ տարբերակ ամերիկահայ ընտրողների համար, հատկապես հաշվի առնելով, որ նախագահական ամենահավանական թեկնածուներից երկուսը՝ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, զինել են Ադրբեջանի կողմից Արցախի քրիստոնյա հայերի ցեղասպանությունը»։ 2․5 րոպե տևողությամբ տեսաուղերձը հրապարակվել է այսօր նախագահի թեկնածուի յութուբյան պաշտոնական քարոզարշավային ալիքում և հասանելի է նաև Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սոցցանցային օգտահաշիվներում։ Նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդու հայտարարության տեքստը, ինչպես նաև Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ամբողջական հայտարարությունը, որը ներառում է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցող այլ թեկնածուների կողմից հայության շահերի պաշտպանության շուրջ ելույթները, հասանելի են հետևյալ հղմամբ` ANCA Welcomes RFK, Jr Statement Calling on U.S. to Advance Rights of Artsakh Armenians to Self-Determination and Safe Return to Homeland - Armenian National Committee of America:
10:22 - 29 դեկտեմբերի, 2023
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության արգելքին միտված օրենսդրական նախաձեռնությունը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության արգելքին միտված օրենսդրական նախաձեռնությունը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն միացել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանի և Նիկոլ Մալիոտակիսի նախաձեռնությանը և օրենսդրական մի շարք փոփոխություններ առաջարկել ԱՄՆ 2024թ․ ֆիսկալ տարվա պաշտպանական հատկացումների օրինագծում։ Ներկայացված փոփոխությունները նպատակ են հետապնդում դադարեցնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական  օժանդակությունը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։ Ընդհանուր առմամբ ներկայացված են օրենսդրական փոփոխությունների թվով վեց առաջարկներ, որոնք նախատեսում են Ադրբեջանի ռազմական օժանդակության համար ամերիկյան ֆինանսական միջոցների տրամադրման արգելք, տրամադրված օժանդակության՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների դեմ կիրառման բացառում, ինչպես նաև առանձին գումարային հատկացում պաշտպանության դեպարտամենտին՝ Լաչինի միջանցքի բացմանը և Արցախի ժողովրդի հումանիտար իրավիճակի բարելավմանը նպաստելու համար։ Մեկնաբանելով կոնգրեսական այս նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան շրջափակումը դադարեցնելու գործում Բայդեն-Հարիսի վարչակազմի ձախողումն ավելի է ընդգծում կոնգրեսական առաջնորդության և օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտությունը։ Մենք ողջունում ենք օրենսդրական առաջարկներից յուրաքանչյուրը, աշխատում ենք Կոնգրեսի դաշնակիցների և կոալիցիոն գործընկերների լայն շրջանակի հետ, որպեսզի դրանք օրենքի ուժ ստանան»: Ներկայումս օրենսդրական փոփոխությունների առաջարկները քննարկման փուլում են Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովում, ինչից հետո պետք է քննարկվեն լիագումար նիստում։  
12:38 - 01 սեպտեմբերի, 2023
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ավելի քան 200,000 գրություն է ուղարկել Բայդենին, ԱՄՆ փոխնախագահին և ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով կանխել ԼՂ-ում վերահաս ցեղասպանությունը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ավելի քան 200,000 գրություն է ուղարկել Բայդենին, ԱՄՆ փոխնախագահին և ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով կանխել ԼՂ-ում վերահաս ցեղասպանությունը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակաբար մեծացնում է ճնշումը նախագահ Բայդենի վարչակազմի և Կոնգրեսի վրա՝ կոչ անելով վերջիններիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացնել Արցախի քրիստոնյա բնակչության ցեղասպանական շրջափակումը քննադատող բանաձև։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի էլեկտրոնային հատուկ հարթակների միջոցով ավելի քան 200,000 գրություններ են ուղարկվել նախագահ Բայդենին, փոխնախագահ Հարիսին և ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների անդամներին՝ կոչ անելով «կանխել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) վերահաս ցեղասպանությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 250 օր շրջափակման հետևանքով։ Այն Արցախը Հայաստանին կապող միակ մարդասիրական փրկօղակն է»։ Հասցեատերերից մասնավորապես պահաջնջվել է․ ՄԱԿ Անվտանգության խորհրդում առաջնորդել համապատասխան բանաձև՝ դատապարտելու Արցախի ադրբեջանական շրջափակումը և Լաչինի միջանցքի անհապաղ բացման կոչ անել՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավակիրառություն ենթադրող ժամանակավոր միջոցի կիրառման վերաբերյալ որոշման համաձայն։ Դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և անվտանգային օժանդակությունը և ամբողջապես կիրառության մեջ դնել Ազատության աջակցության ակտի 907-րդ  հոդվածի պահանջները (907-րդ բանաձև)։ Արցախում ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած հայ բնակչության համար ապահովել ամերիկյան մարդասիրական օժանդակություն։ Արցախի ցեղասպանական շրջափակման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ կիրառել ամերիկյան օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցներ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ պետական իշխանության գործադիր թևի վրա կոնգրեսական ճնշումներին, նկատենք, որ ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի դիմումով գումարված քննարկման նախօրեին՝ օգոստոսի 15-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլան նամակով դիմել են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ և ԱԽ ներկայիս նախագահ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին՝ հորդորելով վերջինիս բանաձև ներկայացնել՝ Ադրբեջանից պահանջելով անմիջապես դադարեցնել Արցախի ութամսյա շրջափակումը։ Օգոստոսի 14-ին նախագահ Բայդենին նամակ է հղել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ադամ Շիֆը, որը նույնպես կոչ է արել ԱՄՆ-ին առաջնորդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձև, որն Ադրբեջանից անհապաղ կպահանջի կատարել Արդարադատության միջազգային դատարանի հրամանները։ Շիֆը մասնավորապես նշել է․ «Չնայած ԱՄՆ կառավարությունը, Եվրոպական Միությունը, ՄԱԿ-ի փորձագետները և Ռուսաստանը դատապարտել են շրջափակումը և կոչ արել կանոնավոր երթևեկության համար բացել միջանցքը, Ադրբեջանը ամիսներ շարունակ անտեսում է նման հայտարարությունները։ ԱՄՆ Պետդեպարտամենտը և USAID-ը փորձել են դիվանագիտական ճանապարհով վերջ դնել Ալիևի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը, սակայն հայտարարությունների և նման կոչերի ժամանակն ակնհայտորեն վաղուց անցել է։ Միացյալ Նահանգները պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի և անհապաղ օգտագործի այլ գործիքներ՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ վերադառնալու միջազգային իրավունքի և կարգի պահանջներին»։ Ադամ Շիֆն օգոստոսի 22-ին վիդեոուղերձ է հրապարակել՝ ԱՄՆ կառավարությանը կրկին կոչ անելով առաջնորդել ՄԱԿ ԱԽ բանաձև և կիրառել «907-րդ հոդվածի» պահանջները՝ դադարեցնելով ԱՄՆ ռազմական օժանդակությունն Ադրբեջանին։ Արցախի ադրբեջանական շրջափակման դադարեցման ուղղությամբ ԱՄՆ կառավարության հստակ անելիքների հրատապ անհրաժեշտության մասին հանդես են եկել նաև Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Թոնի Քանդերասը, Ջուդի Չուն, Ռաջա Կրիշնամըրֆին, Սեթ Մագազիները, Ջիմ Մըք Գովերնը, Քաթի Պորտերը, Դինա Տիտուսը և Բիլ Քասիդին։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է բազմաբնույթ աշխատանքներն ու համայնքային ճնշման ուժգնացումը՝ նպաստելու ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Արցախի ապաշրջափակմանը միտված կոնկրետ գործողությունների ձեռնարկմանը։
13:57 - 24 օգոստոսի, 2023
Կանադայի ԱԳ նախարարը սեպտեմբերին կայցելի Հայաստան՝ մասնակցելու դեսպանատան պաշտոնական բացմանը

Կանադայի ԱԳ նախարարը սեպտեմբերին կայցելի Հայաստան՝ մասնակցելու դեսպանատան պաշտոնական բացմանը

Հայ դատի Կանադայի հանձնախումբը Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տիրող օրհասական իրավիճակը և բնակչության ապահովությանն ու անվտանգությանը սպառնացող շրջափակման խնդիրը։ Հայ դատի հանձնախմբի կողմից վերստին շեշտվել է Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը, այն ընդգծմամբ, որ դա Արցախի ժողովրդի անվտանգ ու խաղաղ կենսագործունեության միակ երաշխիքն և, որ Արցախը երբեք չի կարող ենթարկվել Ադրբեջանին ու դառնալ ցեղասպանության զոհ։ Հայ դատի հանձնախումբը Կանադայի արտաքին գործերի նախարարին քաղաքական ու դիվանագիտական առաջնահերթությունների ծրար է փոխանցել, որը Կանադայի կառավարության համար կարող է օգտակար լինել Արցախում ստեղծված ճգնաժամի հաղթահարման գործում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ իր հերթին նախարար Ջոլին տեղեկացրել է սեպտեմբերին ՀՀ-ում, իր մասնակցությամբ, Կանադայի դեսպանատան պաշտոնական բացման մասին։
11:55 - 22 օգոստոսի, 2023
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ դիտորդական առաքելությանը թափանցիկության կոչ է անում

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ դիտորդական առաքելությանը թափանցիկության կոչ է անում

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է Հայաստանում ԵՄ առաքելության կողմից ցուցաբերված անմիտ պահվածքը, ասված է տարածված հայտարարության մեջ:   «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն օգոստոսի 15-ին հաստատել է, որ Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության: Չնայած վերջինիս նախնական հերքումին, հրապարակվեցին տեսաապացույցներ, որոնք հաստատեցին ինչպես ԵՄ դիտորդների, այնպես էլ նրանց մեքենաների ուղղությամբ կրակոցների փաստը, ինչից հետո միայն ԵՄ առաքելությունը սոցցանցից հեռացրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը վարկաբեկող նախնական հայտարարությունը և հաստատեց հարձակումը իրենց պարեկության տարածքում։ Բարեբախտաբար, այս միջադեպի ընթացքում դիտորդական առաքելության անդամները չեն տուժել: ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է ԵՄ առաքելության կողմից ցուցաբերված անմիտ պահվածքը: Այդ մոտեցումը ոչ միայն վտանգում է առաքելության վստահելիությունը, այլև լուրջ կասկածներ հարուցում դրա ընդհանուր արդյունավետության վրա: Նման անխոհեմ պահվածքը զգալի քաղաքական հետևանքներ է պարունակում և, որ ավելի տագնապալի է, վտանգում է ԵՄ առաքելության անձնակազմի և խոցելի քաղաքացիական սահմանամերձ համայնքների անվտանգությունը, որոնք հետևողականորեն ենթարկվում են հարձակումների: Հուսահատեցնող է նաև այն փաստը, որ ԵՄ առաքելությունը ձեռնպահ է մնում ագրեսորին բացահայտ մատնանշելուց և չի հստակեցնում, որ Ադրբեջանն է պատասխանատվություն կրում կրակոցների համար, որոնք թիրախավորում էին նաև ԵՄ առաքելության անձնակազմին: Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ դիտորդական առաքելությանը կոչ է անում գործել թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների հիման վրա։ Սա խսիտ անհրաժեշտ է ԵՄ առաքելության արժանահավատության և աշխատանքի արդյունավետության համար։ Ավելին, Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին  կոչ է անում վճռական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ։ ԵՄ-ի համար հրամայական է թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, հանդես գալ շարունակական սադրանքների և միջազգային իրավունքի անտեսման ադրբեջանական քաղաքականության դեմ: ԵՄ-ն չպետք է դառնա Ադրբեջանի անօրինական գործողությունների հետևորդը»,- ասված է հաղորդագրության մեջ։    
18:34 - 16 օգոստոսի, 2023
ՀՅԴ–ն նիստ է գումարել. քննարկվել են Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները

ՀՅԴ–ն նիստ է գումարել. քննարկվել են Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդն առցանց նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է Հայ Հեղափոխական Դաշնակցության մամուլի ծառայությունը։ Նիստը գումարվել է հուլիսի 28-ին ՀՅԴ Բյուրոյի հրավերով։ Քննարկվել են տարբեր աշխարհամասերում միջազգային կազմակերպություններում և առանձին երկրներում հայության շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների ընթացքը։ «ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը կարևորել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքների ակտիվության պահպանումը մի քանի ուղղություններով՝ Արցախի շուրջ արտաքին զորակցության ապահովում, հիմնախնդրի վերաբերյալ արտերկրում օբյեկտիվ տեղեկատվության ապահովում և ադրբեջանական քարոզչական սադրանքների հակազդում, Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապաշրջափակում և Արցախին միջազգային հումանիտար օժանդակություն, Ադրբեջանի վրա միջազգային ճնշման ուժգնացում, Ադրբեջանի և դրա ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառում»,- ասված է հաղորդագրությունում։ Նա խոսել է նաև Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապաշրջափակման և միջազգային հումանիտար օժանդակության, Ադրբեջանի վրա միջազգային ճնշման ուժգնացման, Ադրբեջանի և դրա ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին։ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի անդամները ներկայացրել են արդեն ընթացքի մեջ գտնվող, ինչպես նաև առաջիկայում կատարվելիք աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել հայկական պետությունների շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վրա ազդեցություն ունեցող ներքին ու արտաքին զարգացումներին և դրանց հաղթահարման մարտավարությանը:
13:28 - 29 հուլիսի, 2023
ԱՄՆ-ի հայկական եկեղեցիների առաջնորդները Բայդենին կոչ են արել դեմ կանգնել Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու փորձերին
 |armenpress.am|

ԱՄՆ-ի հայկական եկեղեցիների առաջնորդները Բայդենին կոչ են արել դեմ կանգնել Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու փորձերին |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները նամակ են ուղղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ նախազգուշացնելով, որ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելը Արցախի համար կնշանակի մահվան դատավճիռ: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հրապարակած նամակից: «Մենք՝ հայկական ծագում ունեցող ամերիկացի քրիստոնյաների հոգևոր առաջնորդներս, կոչ ենք անում Ձեզ վճռականորեն կանգնել Արցախի քրիստոնյա հայերին Ադրբեջանի կազմ մտցնելու ցանկացած փորձի դեմ. այդ երկիրը բացահայտորեն հանձնառու է հայերի հայրենիքի այս հնագույն հատվածի բնիկ բնակչության էթնիկ զտմանը։ Ցանկացած կարգավորում, որը բռնապետական Ադրբեջանին է ենթարկեցնում ժողովրդավարական Արցախի՝ վտանգի տակ գտնվող քաղաքացիներին, մահապատիժ է այս սուրբ հողի հայերի համար, որը 120 000 տղամարդկանց, կանանց ու երեխաների և, իհարկե, անթիվ սրբավայրերի հայրենիքն է», - գրված է նամակում: Նամակի հեղինակները նաև կոչ են անում հրաժարվել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումից և ընդգծում են, որ ամերիկացիները երբեք չպետք է մեղսակից լինեն ցեղասպանական բռնություններին, որ Ադրբեջանը կարող է իրականացնել հայերի դեմ: Ամերիկայի Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները նաև հույս են հայտնում, որ ԱՄՆ ղեկավարությունն առաջ կմղի ժողովրդավարական խաղաղություն հաստատումը, որը հարգում է քրիստոնեության վաղ բնօրրան հանդիսացող Արցախի ինքնորոշման իրավունքը:
11:41 - 01 հունիսի, 2023
Բելգիացի և ֆրանսիացի քաղաքական և հասարակական գործիչները դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը

Բելգիացի և ֆրանսիացի քաղաքական և հասարակական գործիչները դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը

Բելգիացի և ֆրանսիացի թվով երեսուներկու քաղաքական և հասարակական գործիչներ հայտարարություն են ընդունել, որով դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը և Արցախի բնակչության կրկնակի շրջափակումը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է։ «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, որը խորացնում է հումանիտար ճգնաժամը Արցախում և վատթարացնում է տարածաշրջանի փխրուն անվտանգությունը։ Սույնով մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր պարտավորությունները, անհապաղ բացել Լաչինի միջանցքը, հեռացնել անցակետը, դադարեցնել թշնամական քաղաքականությունը Արցախի բնիկ հայ բնակչության դեմ և հանդես գալ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ»։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստորագրած անձինք հիմնականում Ֆլամանդական և Վալոնական խորհրդարաններում Արցախի հետ բարեկամության խմբի անդամներ են, որոնց հետ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը ունի երկար և շարունակական դինամիկ հարաբերություններ: «Բարձր եմ գնահատում նմանատիպ նախաձեռնությունները քաղաքական և հասարակական անձանց կողմից, ովքեր Բելգիայում և Ֆրանսիայում հարգանք են վայելում քաղաքական և հասարակական շրջանակներում: Սա քաղաքացիական գործիք է, որը ստիպում է Եվրոպական երկրներում և ԵՄ գործադիր իշխանությանը այս հարցը օրակարգում պահել և կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:Մենք էլ մեր հերթին կշարունակենք մեր ամենօրյա ակտիվ աշխատանքը քաղաքական և հասարակական տարբեր շրջանակների հետ, որպեսզի Արցախի խնդրի վերաբերյալ ընդունվեն հայանպաստ և բարենպաստ որոշումներ և գործողություններ»,- արձագանքելով նախաձեռնությանը՝ նշել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:  
14:17 - 05 մայիսի, 2023
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ու Լուկաս Ֆուրլասը մտքեր են փոխանակել ԵԽ-ում հայկական հարցերով քննարկումներ անցնակցելու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ու Լուկաս Ֆուրլասը մտքեր են փոխանակել ԵԽ-ում հայկական հարցերով քննարկումներ անցնակցելու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանն ապրիլի 25-ին ընդունել են փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած՝ Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, եվրախորհրդարանական ներկայացրել է այցի նպատակներն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև՝ նախօրեի իր այցը ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ հատվածներ ու Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ ադրբեջանական կողմն անօրինական անցակետ է տեղադրել՝ ավելի խստացնելով հումանիտար ճգնաժամն Արցախում։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ իր երկարամյա հայանպաստ գործունեության համար և ներկայացրել Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության իրավիճակն։ Ընդգծվել է, որ Հայ դատի Եվրոպայի և կենտրոնական գրասենյակները պատրաստ են շարունակաբար խթանել Հայաստանի վերաբերյալ օբյեկտիվ իրազեկվածության մակարդակի բարձրացումը Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների շրջանում: Մտքեր են փոխանակվել Եվրոպական Միությունում հայկական շահերի արդյունավետ պաշտպանության, առաջիկայում համատեղ ձեռնարկների կազմակերպման և Եվրոպական Խորհրդարանում հայկական հարցերով քննարկումներ անցկացնելու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ։
16:03 - 26 ապրիլի, 2023
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը պատրաստվում է դատական հայց ներկայացնել քաղաքագիտության դոկտոր Սեբաստիան Բուսուայի դեմ՝ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը պատրաստվում է դատական հայց ներկայացնել քաղաքագիտության դոկտոր Սեբաստիան Բուսուայի դեմ՝ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար

Բրյուսելում տեղակայված ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, որը Եվրամիության ղեկավար կառույցների հետ աշխատանքին զուգահեռ, նաև համակարգում է Հայ դատի հանձնախմբերի աշխատանքները եվրոպական տասնչորս երկրում, իր գործունեության բնույթով և արդյունքներով պայմանավորված, պարբերաբար հայտնվում է ադրբեջանական հակաքարոզչության, սադրանքների, ընդհուպ՝ սպառնալիքների թիրախում։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակից: Հայ դատի Եվրոպայի գրասենյակի դեմ Ադրբեջանի պայքարը հայտնի է կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներով: Դրանցից մեկը եվրոպական տարբեր պարբերականներում գրասենյակի և դրա նախագահ Գասպար Կարապետյանի վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածումն է, որի նպատակը ինչպես նրան, այնպես էլ Եվրոպայում Հայ դատի աշխատանքը վարկաբեկելն է։ Հատկանշական է, որ Գասպար Կարապետյանին ադրբեջանական իշխանությունները դեռևս տարիներ առաջ հեռակա կարգով դատապարտել են բանտարկության։ Ադրբեջանական հերթական սադրանքի արդյունքում 2023թ․ մարտի 17-ին բելգիական «Le Vif» պարբերականում հրապարակվել է ինքն իրեն քաղաքագիտության դոկտոր և Մերձավոր Արևելքի մասնագետ ներկայացնող Սեբաստիան Բուսուայի՝ բացահայտ ստի ու կեղծիքի վրա հիմնված հոդվածը, որը նպատակ է հետապնդում Հայ դատի Եվրոպայի գրասենյակին ու դրա ղեկավարին մեղադրել կոռուպցիոն գործարքների, եվրոպական պաշտոնյաներին կաշառելու, այդպիսով, օրինակ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի օգտին բանաձևերի ընդունում ապահովելու մեջ։ Հեղինակը փորձել է ադրբեջանական մտացածին թեզերը կապել վերջերս Եվրոպական խորհրդարանում տեղ գտած մի կոռուպցիոն սկանդալի հետ, որը կրում է «Քաթարգեյթ» անվանումը։ Այսպես՝ նա օգտագործում է «Արմենիագեյթ» ձևակերպումը՝ հավանաբար հաշվի առնելով, որ «Քաթարգեյթի» մասին հրապարակումները Եվրոպայում մեծ դիտողականության են արժանանում։ Հատկանշական է նաև, որ հոդվածագիրը գրեթե նույնությամբ ցիտել է ադրբեջանական պետական քարոզչամեքենայի հենասյուներից մեկը համարվող Haqqin.az  լրատվամիջոցում դեռևս 2018թ․ Գասպար Կարապետյանի դեմ գրված հերթական հոդվածի «պնդումները»։ Եվրոպացի ընթերցողին և եվրոպական քաղաքական շրջանակներին ապակողմնորոշելուն ուղղված և ակնհայտորեն ադրբեջանական հետք կրող նմանօրինակ սադրանքները կանխելու նպատակով Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ձեռնարկել է համապատասխան միջոցներ․ խնդիրը քննարկվել է նաև ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի՝ ապրիլի 13-ին կայացած առցանց քննարկման ընթացքում։ Մասնավորապես, նույն՝ "Le Vif" պարբերականում ապրիլի 14-ին հրապարակվել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխան-հոդվածը, որում ամբողջապես մերկացվում և հիմնավորապես բացահայտվում է հրապարակման կեղծ բնույթը, հերքվում են Հայ դատի գրասենյակին և Գասպար Կարապետյանին հասցեագրվող այնպիսի մեղադրանքներ, ինչպիսիք են եվրոպացի պաշտոնյաներին կաշառելը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների՝ Հայաստան այցելությունները ֆինանսավորելը, Լյուքսեմբուրգի քաղաքացիություն ունենալն ու թաքցնելը, Աֆրիկայից Եվրոպա ադամանդի տարանցման բիզնեսներ ունենալը, Բելգիայի Թագավորությունում ադամանդի վաճառքով զբաղվելը և այլն։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը պատրաստվում է նաև դատական հայց ներկայացնել Սեբաստիան Բուսուայի դեմ։
11:23 - 22 ապրիլի, 2023
Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև
 |armenpress.am|

Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև |armenpress.am|

armenpress.am:  ՀՅԴ Կիպրոսի կոմիտեն և ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը, նկատի ունենալով Լաչինի միջանցքի փակումը և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական շարունակական սադրանքները, գործակցելով կիպրահայ համայնքի պետական ներկայացուցչի հետ, ինչպես նաև Արցախի բարեկամների շրջանակի հետ, խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Ադրբեջանին դատապարտող բանաձև։ Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ներկայացված բանաձևն ապրիլի 6-ին քննարկվել է խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում և միաձայնությամբ ընդունվել։ Բանաձևն Ադրբեջանին դատապարտմանը զուգահեռ՝ վերջինիս հորդորում է անմիջապես բացել միջանցքը։ ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը շնորհակալություն է հայտնում Կիպրոսի խորհրդարանական կուսակցություններին և վերահաստատում իր հանձնառությունը՝ հետայսու ևս շարունակել Հայաստանի ու Արցախի միջազգային շահերի պաշտպանության շուրջ աշխատանքները։ Հանձնախումբը հավատացած է` համազգային ջանքերի միավորմամբ և միջազգային հանրության տարբեր շրջանակների աջակցության ապահովմամբ հնարավոր կլինի հաղթահարել թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նկրտումներն ու աշխարհաքաղաքական մարտահրավերները։
11:07 - 07 ապրիլի, 2023
Ներկայացուցիչների պալատի շուրջ 7 տասնյակ անդամներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը |armenpress.am|

Ներկայացուցիչների պալատի շուրջ 7 տասնյակ անդամներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամներ՝ երկու կուսակցություններից, հերթական անգամ հանդես են եկել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու և Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնություն ուղարկելու կոչով: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունից: Նախաձեռնությունը ղեկավարում է Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը: Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետական արտաքին գործառնությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս Բալարտին և ենթահանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որոնք արդեն սկսել են 2024 ֆինանսական տարվա արտաքին օգնության մասին օրինագծի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տարբերակի մշակումը: «ԱՄՆ-ի շարունակական ռազմական օգնությունն Ադրբեջանին իրենից ներկայացնում է «անցաթուղթ» ադրբեջանական ագրեսիայի համար, կանաչ լույս ադրբեջանական էսկալացիայի համար: Դա պետք է դադարեր նախագահ Բայդենի պաշտոնավարության հենց առաջին օրը. նա պաշտոնը ստանձնեց՝ որպես Ալիևին զինելու և օգնելու սուր քննադատ: Բայց եթե մեր նախագահը չանի այն, ինչի ճիշտ է, ապա Կոնգրեսը պետք է գործի», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը։
11:14 - 24 մարտի, 2023
Ադամ Շիֆը դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ |armenpress.am|

Ադամ Շիֆը դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է կազմել՝ դատապարտելով Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականի վերջին հայտարարությունները: Լուիս Բոնոն մարտի 8-ին տարածաշրջան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ հիմա «պատժամիջոցների ժամանակը չէ»: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Ադամ Շիֆը ստորագրություններ է հավաքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նամակի համար: Նամակի հեղինակները և Հայ դատի հանձնախումբը դատապարտելի են համարում այն, որ ԱՄՆ պաշտոնյան բացառել է պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ, որն արդեն երեք ամիս Արցախում շրջափակման մեջ է պահում 120 հազար հայերի: Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի՝ ԱՄՆ դիվանագետի կողմից նման հայտարարությունը հաստատում է, որ երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կոնկրետ գործողություններ չի ձեռնարկի Ադրբեջանի դեմ, և Իլհամ Ալիևը կարող է շարունակել իր հակահայկական գործողությունները: Շիֆի նախաձեռնած նամակում, մասնավորապես, ասվում է. «Մենք խորապես անհանգստացած ենք ուղևորության ընթացքում Ձեր մեկնաբանություններից, որոնք բացառում են Ադրբեջանի դեմ տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցների կիրառումը՝ ի պատասխան նրանց ակնհայտ ագրեսիայի: Հաղորդվել է, որ դուք հայտարարել եք, որ «պատժամիջոցների ժամանակը չէ… դա այս պահին նույնիսկ քննարկման փուլում չէ»: Մինչ 120 000 անմեղ մարդիկ երրորդ ամիսն է, ինչ զրկված են իրենց հիմնական իրավունքներից Լեռնային Ղարաբաղում շրջափակման պատճառով, որն Արդարադատության միջազգային դատարանը (Համաշխարհային դատարանը) Ադրբեջանին հրամայել է դադարեցնել, հիմա ժամանակը չէ բացառելու որևէ գործիքակազմ»: Նամակում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն, ԱՄՆ նախագահը, ԱՄՆ պետքարտուղարությունը և ամբողջ վարչակազմը պետք է օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, այդ թվում՝ դադարեցնեն ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառեն այդ երկրի դեմ:
12:00 - 21 մարտի, 2023