ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանն ապրիլի 25-ին ընդունել են փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած՝ Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, եվրախորհրդարանական ներկայացրել է այցի նպատակներն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև՝ նախօրեի իր այցը ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ հատվածներ ու Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ ադրբեջանական կողմն անօրինական անցակետ է տեղադրել՝ ավելի խստացնելով հումանիտար ճգնաժամն Արցախում։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ իր երկարամյա հայանպաստ գործունեության համար և ներկայացրել Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության իրավիճակն։ Ընդգծվել է, որ Հայ դատի Եվրոպայի և կենտրոնական գրասենյակները պատրաստ են շարունակաբար խթանել Հայաստանի վերաբերյալ օբյեկտիվ իրազեկվածության մակարդակի բարձրացումը Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների շրջանում:
Մտքեր են փոխանակվել Եվրոպական Միությունում հայկական շահերի արդյունավետ պաշտպանության, առաջիկայում համատեղ ձեռնարկների կազմակերպման և Եվրոպական Խորհրդարանում հայկական հարցերով քննարկումներ անցկացնելու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ։
comment.count (0)