ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդն առցանց նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է Հայ Հեղափոխական Դաշնակցության մամուլի ծառայությունը։
Նիստը գումարվել է հուլիսի 28-ին ՀՅԴ Բյուրոյի հրավերով։ Քննարկվել են տարբեր աշխարհամասերում միջազգային կազմակերպություններում և առանձին երկրներում հայության շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների ընթացքը։
«ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը կարևորել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքների ակտիվության պահպանումը մի քանի ուղղություններով՝ Արցախի շուրջ արտաքին զորակցության ապահովում, հիմնախնդրի վերաբերյալ արտերկրում օբյեկտիվ տեղեկատվության ապահովում և ադրբեջանական քարոզչական սադրանքների հակազդում, Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապաշրջափակում և Արցախին միջազգային հումանիտար օժանդակություն, Ադրբեջանի վրա միջազգային ճնշման ուժգնացում, Ադրբեջանի և դրա ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառում»,- ասված է հաղորդագրությունում։
Նա խոսել է նաև Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապաշրջափակման և միջազգային հումանիտար օժանդակության, Ադրբեջանի վրա միջազգային ճնշման ուժգնացման, Ադրբեջանի և դրա ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի անդամները ներկայացրել են արդեն ընթացքի մեջ գտնվող, ինչպես նաև առաջիկայում կատարվելիք աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել հայկական պետությունների շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վրա ազդեցություն ունեցող ներքին ու արտաքին զարգացումներին և դրանց հաղթահարման մարտավարությանը:
comment.count (0)