Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Որևէ տեսակետ չունենք ո՛չ Ռուբեն Վարդանյանի նշանակման, ո՛չ էլ ազատման վերաբերյալ, ՀՀ-ն հետաքրքրություն չունի այդ հարցում․ Ալեն Սիմոնյան |tert.am|

Որևէ տեսակետ չունենք ո՛չ Ռուբեն Վարդանյանի նշանակման, ո՛չ էլ ազատման վերաբերյալ, ՀՀ-ն հետաքրքրություն չունի այդ հարցում․ Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է մոտ ապագայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, Սիմոնյանը ասաց, որ նման տեղեկություն չունի: «Ես ուրախ եմ, որ մենք կամաց-կամաց գալիս ենք այն իրավիճակին, որ Արցախի օրինական ներկայացուցիչները իրենք են բանակցում և իրենք են որոշումներ կայացնում և մենք կարողանում ենք տարանջատել Արցախի և Հայաստանի ղեկավարություններին։ Արցախի ղեկավարություններն են բանակցում, Արցախի ղեկավարություններն են որոշում կայացնում, հարցը ինձ չի վերաբերում»,- ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կա՞ որոշում, որ Ադրբեջանը ստուգումներ անի Կաշենի հանքավայրում։ Դիտարկմանը՝ ի՞նչ կարծիք ունի Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելու մասին, Սիմոնյանն ասաց․ «Երևանը ինչպես նշանակման ժամանակ որևէ տեսակետ չուներ, այնպես էլ ազատման դեպքում։ Ես չգիտեմ, թե ինչ դրդապատճառներով է կայացվել Վարդանյանին նշանակելու որոշումը և նույնպես չգիտեմ, թե ինչ դրդապատճառներով է նա ազատվել։ ՀՀ իշխանությունները այդ հարցերում որևէ մասնակցություն չեն ունեցել և հետևաբար որևէ հետաքրքրություն չունեն այդ հարցի շուրջ»։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա կոնսենսուսին, ԱԺ նախագահը ասաց, որ կոնսենսուս առկա է։ «Մենք չենք կարող խաղաղության պայմանագրի մեջ ականներ դնել ՀՀ պետականության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ։ Երկու երկրների պայմանագրերը վերաբերում են այդ երկրների հարաբերություններին, Արցախի հարցը իմ ընկալմամբ այդ երկու երկների միջև պայմանագրում որևէ կերպ արտահայտված չպետք է լինի։ Թող չլինի տպավորություն, որ այդ պայմանագրով մենք փորձում ենք հետ կանգնել Արցախի շահերի պաշտպանությունից։ Արդյո՞ք մենք նոր դրույթ դնելով այդ պայմանագրի մեջ չեղյալ չենք հայտարարի նոյեմբերի 9-ի՝ մեզ համար կարևոր արձանագրումները, որոնց տակ կա Ալիևի ստորագրությունը»,- ասաց Սիմոնյանը։
13:59 - 28 փետրվարի, 2023
Անկախությունից ի վեր ամենամոտն ենք հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորմանը. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Անկախությունից ի վեր ամենամոտն ենք հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորմանը. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Մենք խաղաղության պայմանագիր կնքելուն վաղուց ենք պատրաստ և դրա մասին բազմիցս ասել ենք, բայց անընդհատ Ադրբեջանի կողմից ներկայացվող նոր առաջարկները և նոր իրավիճակները, որ տեղի են ունենում սահմանին, հենց իրենց կողմից խնդիր են դարձնում խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը: Բայց մենք ամեն ինչ անելու ենք և շարժվելու ենք հնարավորինս արագ՝ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:  Ինչ վերաբերում է լրագրողների դիտարկմանը, թե որ երկիրը կամ կառույցն է լինելու այն միջազգային երաշխավորը, որի մասին խոսում է հայկական կողմը, և որն ապահովելու է Ստեփանակերտի և ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, Սիմոնյանը պատասխանեց. «Ով կկարողանա դա իրականացնել հողի վրա»: «Միանշանակ է, որ բոլոր պայմանավորվածությունները ինչ-որ երաշխիք ունենան, որովհետև հիմա մենք ունենք նոյեմբերի 9-ի համաձայնագիր, որի իրագործումից մենք էլ ենք դժգոհ, ադրբեջանական կողմն էլ է դժգոհություններ հայտնում: Մենք կարծում ենք՝ մեխանիզմ միանշանակ անհրաժեշտ է»,- ասաց ԱԺ նախագահը: Լրագրողներից մեկի հարցին, թե ընդդիմությունը դարձյալ փողոցային պայքարի մասին է հայտարարում, և արդյոք իշխանությունը մտավախություն չունի՞, որ նրանք կարող են հասնել իրենց նպատակին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց: «Ընդդիմության գործողությունները հիմնականում վերջին ժամանակահատվածում հենված են եղել սահմանին տեղի ունեցող սրացումներին, այսօր այդ բառապաշարը սպառված է, և նույն բառապաշարով վերադառնալ փողոց անիմաստ եմ համարում»,- ասաց ԱԺ նախագահը: Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ հիմա ունենք մի իրավիճակ, երբ անկախությունից ի վեր առաջին անգամ ամենից մոտ ենք հարաբերությունների կարգավորմանը:  «Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ անկախությունից ի վեր առաջին անգամ ամենամոտն ենք հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորման: Կարծում եմ՝ այդ հնարավորությունները պետք է օգտագործենք, եթե հակառակ կողմի մղումները իրոք անկեղծ են, որովհետև մենք փորձ ենք ունեցել հարաբերությունների կարգավորման, երբ թուրքական կողմը ինչ-որ պահի հետ է կանգնել: Բնական է, իրենք ունեն իրենց շահերը, և մենք պետք է հաշվի առնենք, որ այդ շահերը ոչ հաճախ են համընկնում մեր շահերի հետ»,- պատասխանեց ԱԺ նախագահը:
13:19 - 28 փետրվարի, 2023
Լաչինի միջանցքի փակումը քաղաքական առումով ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին. ԱԺ նախագահ |armenpress.am|

Լաչինի միջանցքի փակումը քաղաքական առումով ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս է պատճառել Ադրբեջանին, քան  Հայաստանին և Արցախին՝ քաղաքական առումով, Ադրբեջանը քաղաքական առումով հայտնվել է փակուղու մեջ: Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան: Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն անդրադառնալով՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանն այս որոշումը մաքսիմալ միջազգային բոլոր ատյաններում օգտագործելու է, լինելու են նաև այլ որոշումներ: «Միջազգային առումով բավականին մեծ հաջողություններ ենք գրանցում և շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել: Իմ գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան  Հայաստանին և Արցախին՝ քաղաքական առումով: Այո, մենք տուժեցինք, այո, մենք ծանր ենք տանում, այո, մեր հայրենակիցները փակված են, մենք խնդիրներ ունենք: Սակայն, իմ գնահատմամբ, քաղաքական առումով Ադրբեջանը հայտնվել է փակուղու մեջ»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ սա պետք է օգտագործվի: Անդրադառնալով հարցին, թե Լաչինի միջանցքի ապաշրջափակումը՝ Հաագայի դատարանի որոշման կատարումը կարո՞ղ է բանակցություններում նախապայման լինել՝ ԱԺ նախագահն ասաց, որ Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքի վերաբերյալ, որովհետև Լաչինի միջանցքի վերաբերյալ կա բանակցված և ստորագրված փաստաթուղթ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
12:47 - 28 փետրվարի, 2023
ՀՀ ԱԺ նախագահն ու ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտության մասին

ՀՀ ԱԺ նախագահն ու ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտության մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ Ալեն Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգներն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում, իսկ հայ-ամերիկյան երկխոսությունը կրում է ռազմավարական բնույթ: Ալեն Սիմոնյանը կարևորել է ԱՄՆ օժանդակությունը մեր երկրում իրականացվող համակարգային բարեփոխումներին, որոնք նպաստում են ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: Կողմերն անդրադարձել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մտահոգություն հայտնելով արցախահայության շրջանում առաջացած հումանիտար աղետի վերաբերյալ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ կարևոր քայլերից է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցվում է իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով: Նա շեշտել է, որ որոշման իմպլեմենտացիայի հարցում Միացյալ Նահանգները կարող է որոշիչ, ծանրակշիռ դեր ունենալ: Մտքեր են փոխանակվել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ պատժամիջոցների հնարավոր կիրառման շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը, եզրափակելով խոսքը, նշել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ, որդեգրել է ժողովրդավարության ուղին եւ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին:
15:10 - 27 փետրվարի, 2023
Կառավարությունը քննարկում է Լյուքսեմբուրգում հյուպատոսություն բացելու հարցը. Ալեն Սիմոնյան

Կառավարությունը քննարկում է Լյուքսեմբուրգում հյուպատոսություն բացելու հարցը. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպայում Լյուքսեմբուրգը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր ու բարեկամ երկիր է, և մեծապես կարևոր է երկու երկրների քաղաքական երկխոսության հետագա խորացումը: Ալեն Սիմոնյանը նկատել է, որ նախորդ շաբաթը Հայաստանում Լյուքսեմբուրգի շաբաթ էր. ԱԺ խոսնակը փետրվարի 23-ին խորհրդարանում կարևոր զրույց է ունեցել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ: «Մենք ուրախ ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 30 տարի անց` ի նշանավորումն վերջին տարիներին երկկողմ համագործակցության աննախադեպ խորացման, Լյուքսեմբուրգը դեսպան է (ոչ ռեզիդենտ) հավատարմագրում Հայաստանում: Այս առումով կարծում ենք, որ հաջորդ տրամաբանական քայլը կլինի Հայաստանում Լյուքսեմբուրգի գլխավոր հյուպատոսության բացումը, որը կծածկի նաև Վրաստանը և Իրանը: Տեղեկացնեմ, որ Հայաստանի կառավարությունը քննարկում է Լյուքսեմբուրգում հյուպատոսություն բացելու հարցը»,- նշել է ԱԺ նախագահը: Երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ամրապնդման հարցում երկուստեք ընդգծվել է բարեկամական խմբերի ակտիվությունը: ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել  ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից ընդունված բանաձևերի համար: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առնչվող մարտահրավերները` մասնավորեցնելով Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող խնդիրները: Այս համատեքստում հիշատակվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից անցյալ շաբաթ կայացրած որոշումը, որն իրավական հիմք է ստեղծում միջազգային դերակատարների գործնական քայլերի համար` պարտադրելով Ադրբեջանին բացել կյանքի ճանապարհը: Մտքեր են փոխանակվել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման առաջնահերթության շուրջ` կարևորելով ՀՀ տարածքում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը: Հիշեցնենք, որ բարեկամ Լյուքսեմբուրգի ներկայացուցիչը ևս ընդգրկված է առաքելության կազմում: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին և այդ հարցում ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում` Լյուքսեմբուրգի աջակցությունը:
14:03 - 27 փետրվարի, 2023
Մինչ օրս ադրբեջանական պատանդառության մեջ են առնվազն 33 հայ ռազմագերիներ. Ալեն Սիմոնյան

Մինչ օրս ադրբեջանական պատանդառության մեջ են առնվազն 33 հայ ռազմագերիներ. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 23-ին հյուրընկալել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա ակտիվ քաղաքական երկխոսությանը: «Ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին մեծապես կարևորում ենք ԵՄ շրջանակներում համագործակցությունը Ձեր երկրի հետ: Ուրախ ենք Հայաստանում ոչ ռեզիդենտ նոր դեսպան նշանակելու կապակցությամբ: Հուսամ, որ ապագայում մենք կունենաք նաև ռեզիդենտ դեսպաններ մայրաքաղաքներում»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատին 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված պատերազմին առնչվող բանաձևեր ընդունելու, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձմանը վերաբերող բանաձևի համար: Նա հիշեցրել է, որ մինչ օրս ադրբեջանական պատանդառության մեջ են առնվազն 33 հայ ռազմագերիներ: ԱԺ խոսնակը բարձր է գնահատել նաև արտգործնախարարի անձնական դերակատարումը միջազգային հարթակներում Հայաստանի համար կարևորություն ներկայացնող զգայուն խնդիրները պարբերաբար բարձրաձայնելու հարցում: Հանդիպմանը կարևորվել է ՀՀ տարածքում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը:
17:50 - 23 փետրվարի, 2023
Ալեն Սիմոնյանի և Կորեայի նորանշանակ դեսպանի հանդիպմանը կարևորվել է Հայաստանում Կորեայի դեսպանության բացումը

Ալեն Սիմոնյանի և Կորեայի նորանշանակ դեսպանի հանդիպմանը կարևորվել է Հայաստանում Կորեայի դեսպանության բացումը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջան Հոջինին: Շնորհավորելով արտակարգ և լիազոր դեսպանին առաքելության ստանձնման առթիվ` Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Արևելյան Ասիայի տարածաշրջանի երկրների, այդ թվում` Կորեայի հետ համագործակցության զարգացումը: Երկու երկրների հարաբերություններում խորհրդարանական ձևաչափով կարևորվել է բարեկամության խմբերի դերակատարումը: Զրույց է ծավալվել Հայաստանի և Կորեայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման շուրջ` երկուստեք ցանկություն հայտնելով մի շարք ոլորտներում խորացնել փոխշահավետ համագործակցությունը: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ-ում Կորեայի դեսպանության բացումը, որը հնարավորություն կտա ապահովելու մեծ առաջընթաց հայ-կորեական հարաբերություններում: Խոսելով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ագրեսիայից և արցախահայության շրջափակումից` ՀՀ ԱԺ նախագահը գնահատել է ԼՂ հարցում Կորեայի հավասարակշռված դիրքորոշումը:
12:54 - 22 փետրվարի, 2023
Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստան են ժամանել ԵԽԽՎ համազեկուցողները

Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստան են ժամանել ԵԽԽՎ համազեկուցողները

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին եւ Բորիանա Աբերգին: Ինչպես հայտնում են Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նրանց այցը, որի նպատակն է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալը: Նա ընդգծել է համազեկուցողների կողմից նախատեսվող սահմանամերձ մարզեր այցելության եւ Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը: «Բարձր ենք գնահատում Վեհաժողովի եւ ձեր՝ որպես համազեկուցողներ, աշխատանքը եւ ներգրավվածությունը: Տեղյակ եմ, որ Լաչինի շրջափակման հենց առաջին օրերին հայտարարությամբ եք հանդես եկել»,- նշել է ԱԺ խոսնակը՝ արժեւորելով Վեհաժողովի Միգրացիայի հանձնաժողովի կողմից նախապատրաստվող «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետեւանքները» վերտառությամբ զեկույցը: Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել Լաչինի միջանցքի ճգնաժամի եւ դրա հետեւանքների մասին:
14:34 - 17 փետրվարի, 2023
Չնայած բոլոր մարտահրավերներին՝ խաղաղության օրակարգի առաջմղումը ՀՀ-ի սկզբունքն ու ռազմավարությունն են․ Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի նորանշանակ դեսպանին

Չնայած բոլոր մարտահրավերներին՝ խաղաղության օրակարգի առաջմղումը ՀՀ-ի սկզբունքն ու ռազմավարությունն են․ Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի նորանշանակ դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիթ Մեդնեին: Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լատվիան մեր երկրի համար Եվրոպայում կարեւոր գործընկեր է: Ինչպես նշված է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ, հանդիպմանն առանձնացվել է միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը՝ կարեւորելով Հայաստանի եւ Լատվիայի խորհրդարանների միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացումը: Ալեն Սիմոնյանն ընդգծել է երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի դերը՝ հույս հայտնելով, որ Լատվիայի խորհրդարանը շուտով կնշանակի ՀՀ խորհրդարանի հետ համագործակցության խթանման խմբի նոր ղեկավար: Խոսելով Հայաստանի ու Արցախի մարտահրավերներից՝ անդրադարձ է եղել ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող ԼՂ-ի 120.000 հայերի իրավունքներին: «Տարածաշրջանում անվտանգային իրավիճակը շարունակում է լարված մնալ: 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ապօրինի ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա հավելել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ խաղաղության օրակարգի առաջմղումը Հայաստանի Հանրապետության սկզբունքն ու ռազմավարությունն են: ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ բոլոր միջազգային գործընկերներին պարբերաբար կոչ է արվում հստակորեն անդրադառնալ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին՝ ի նպաստ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության: 
14:02 - 16 փետրվարի, 2023
Գնահատում ենք Կորեայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի առնչությամբ. Ալեն Սիմոնյան

Գնահատում ենք Կորեայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի առնչությամբ. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը շեշտվել է հայ-կորեական երկկողմ հարաբերություններում միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը: Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները: Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական, գիտական, կրթության, մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում փոխշահավետ համագործակցության անհրաժեշտությունը: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարևորել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպանության բացումը, որը մեծ առաջընթացի հնարավորություն կտա հայ-կորեական հարաբերություններում: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) կողմից Հայաստանին, մասնավորապես, Ազգային ժողովին ցուցաբերած աջակցությունը՝ ակնկալելով շարունակականություն: Գործընկերները քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին և դրա հետևանքներին վերաբերող հիմնախնդիրներ: «Մենք գնահատում ենք Կորեայի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ և հույս ունենք, որ Կորեան կշարունակի աջակցել միջազգային միջնորդների ջանքերին՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու հարցում»,- նշել է Ալեն Սիմոնյանը: ԱԺ նախագահը  հավելել է, որ Հայաստանը միջազգային գործընկերներից ակնկալում է հասցեական քայլեր՝ պահանջելու Ադրբեջանից լիարժեքորեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, անմիջապես ու անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը՝ ապահովելով տրանսպորտային հաղորդակցության անվտանգ և ապահով կազմակերպումը:
13:34 - 13 փետրվարի, 2023
Մենք ի՞նչ այլ խնդիր ունենք՝ բացի Արցախի խնդրով զբաղվելուց. Սիմոնյանը հակադարձեց ընդդիմության մեղադրանքներին
 |armenpress.am|

Մենք ի՞նչ այլ խնդիր ունենք՝ բացի Արցախի խնդրով զբաղվելուց. Սիմոնյանը հակադարձեց ընդդիմության մեղադրանքներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմադիրների մեղադրանքներին, թե Հայաստանի իշխանությունները Արցախին միայնակ են թողել: ԱԺ ամբիոնից իր արտահերթ ելույթում Սիմոնյանը նախ անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, որը պատգամավորը սկսել էր հետևյալ կերպ. «ՀՀ ազգային ժողովի ամբիոնից դիմում եմ Արցախի Հանրապետության ԱԺ բոլոր 5 խմբակցությունների պատգամավորներին, սիրելի գործընկերներ, կներեք, կներեք այս ամբիոնից իշխանական տարբեր պատգամավորներին՝ մեր երկու հանրապետությունների, մեր ժողովրդի շահերին 180 աստիճան հակասող հայտարարությունների համար»: Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց. «Չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք Դուք այդ պաթոսային ձևով փորձում սեպ խրել Հայաստանի ու Արցախի միջև: Ինչո՞ւ եք հայաստանյան և արցախյան իշխանությունների միջև սեպ խրում: Դրա իմաստը, նպատակը ո՞րն է»: Անդրադառնալով Թուրքիայի երկրաշարժից հետո Հայաստանի արձագանքի վերաբերյալ ընդդիմադիրների դիտարկումներին՝ ԱԺ նախագահն ասաց. «10 հազար զոհ՝ քաղաքացիական բնակչության մեջ: Մենք էլ ենք տեսել այդ արհավիրքը: Մենք հայ ենք, քրիստոնյա ենք, մարդը չի կարող մարդկային առումով չարձագանքել այդ ամենին»: Սիմոնյանը ընդգծեց՝ այս իրավիճակում ամբողջ աշխարհն է ցավակցում: Կիպրոսի ԱԺ նախագահը նույնպես ցավակցել է, օգնություն են ուղարկել, Թուրքիան ընդունել է, թե ոչ, դա արդեն երկրորդական հարց համարեց: Անդրադառնալով Պրահայի քառակողմ հայտարարությանը՝ ԱԺ նախագահն ասաց, որ քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը. «Այդ, որ գնում ենք ՄԱԿ, ՄԱԿ-ում բոլոր երկրները Արցախի տարածքային ամբողջականությունը ճանաչե՞լ են, թե՞ չեն ճանաչել: Դուք երկար ժամանակ իշխանություն եք եղել, ՀՀ-ն երբևիցե հայտարարե՞լ է, որ տարածքային նկրտումներ ունի Ադրբեջանի նկատմամբ: Որևէ իշխանության կողմից արվե՞լ է այդպիսի արտահայտություն: Չի արվել, չէ՞: Մենք հիմա ուզում ենք ՀՀ անվտանգությունն ապահովենք»: Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին՝ Թուրքիան թշնամի՞, թե՞ ոչ՝ Սիմոնյանը հիշեցրեց ԱԺ փոխնախագահի խոսքերը, որ այն գործողություններն ու այն իրավիճակը, որը կա, թշնամական վերաբերմունք է: «Լավ, ընդունում եմ, իհարկե թշնամական է, երկրորդ կարծիք չի կարող լինել: Բայց ի՞նչ անենք. հավաքվենք, գնանք հարձակվե՞նք 90-միլիոնանոց Թուրքիայի վրա»,- ասաց ԱԺ նախագահը: Նա հետաքրքրվեց ընդդիմության տարբերակով՝ շեշտելով, որ, երբ կա խնդիր, պետք է այդ խնդիրը լուծել: Սիմոնյանը վստահեցրեց, որ ՀՀ իշխանության նպատակն այդ խնդիրը լուծելն է՝ հնարավորությունների շրջանակում, այսօրվա իրավիճակից ելնելով: «Կա գոյություն ունեցող իրավիճակ, որի հետ պետք է մերվել, գնալ առաջ, երկիրը տանել առաջ»,-նշեց նա: Անդրադառնալով ընդդիմադիրների՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ արած դիտարկումներին՝ ԱԺ նախագահը շեշտեց, որ մեծ երկրները «սիրուն աչքերի», «լավ կենացների» համար չեն մեծ երկրներ, նրանք իրենց շահերն ունեն: «Եթե Իրանը հայտարարում է, որ աշխարհաքաղաքական փոփոխություններն իր համար անընդունելի են, հայտարարում է առաջին հերթին իր համար, նրա համար չէ, որ մեզ շատ է սիրում: Նույնը ՌԴ-ի մասին, ձեզ թվում է ՌԴ-ն իր շահերը պետք է մի կողմ դնի՞, ասի, որ հայերին շատ է սիրո՞ւմ: Բոլոր երկրները, նաև մենք, ունենք մեր շահերը: Դուրս եկեք այդ երազանքներից, թե մեզ չեն սիրում»,-ասաց Սիմոնյանը: Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե ՀՀ իշխանությունը թողել է Արցախը՝ ԱԺ նախագահն ասաց. «ՀՀ իշխանությունը, բացի Արցախի խնդրից, ուրիշ լուրջ գլոբալ ի՞նչ խնդիր ունի: Մենք տնտեսությա՞ն լուրջ խնդիր ունեք, մենք կոռուպցիայի խնդիր ունե՞նք. չունենք մենք կոռուպցիայի խնդիրը: Այո, Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա: Մենք ի՞նչ խնդիր ունենք՝ բացի Արցախի խնդրով զբաղվելուց: 30 տարի զբաղվեցիք Արցախի խնդրով, ի՞նչ եղավ 30 տարի հետո, պատերազմ եղավ»:
12:39 - 09 փետրվարի, 2023
Դուրս եկեք քաղաքական դաշտից և ճանապարհ բացեք նոր ընդդիմության համար. ԱԺ նախագահը՝ ընդդիմադիրներին
 |armenpress.am|

Դուրս եկեք քաղաքական դաշտից և ճանապարհ բացեք նոր ընդդիմության համար. ԱԺ նախագահը՝ ընդդիմադիրներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընդդիմությանը հորդորեց դուրս գալ քաղաքական դաշտից և ճանապարհ բացել առողջ ուժերի համար: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր արտահերթ ելույթում՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներում հնչած դիտարկումներին: Արձագանքելով նախորդ օրը ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի՝ նոր ընտրությունների մասին ելույթին՝ Սիմոնյանը նշեց՝ լավ է, որ ընդդիմությունն է խոսում ընտրությունների մասին: «Պատերազմից հետո ընտրությունների մասին խոսում էինք մենք, դուք խոսում էիք Վազգեն Մանուկյանի մասին: Ի դեպ, ո՞ւր է Վազգեն Մանուկյանը: Մի օր որ առիթ լինի, ասեք, տեսնենք, թե ո՞ւր է մեր երկրի այդ «հնարովի» ղեկավարը, որին որոշել էիք, որ պետք է մեր երկիրը ղեկավարը»,- ասաց Սիմոնյանը: ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իշխանությունն ու իրենց ընտրողները կապի մեջ են՝ հորդորելով ընդդիմությանը իրենց ընտրողների մասին մտածել: Նա ընդդիմադիրներին մեղադրեց երթերին գումարով մարդ բերելու փորձերի մեջ՝ ընդգծելով, որ այդ երթերի քանակը չէր գերազանցում 5-10 հազարը՝ այն դեպքում, երբ ընդդիմությունը ընտրություններով 200 հազարից ավելի ձայն էր հավաքել: «Բա ո՞ւր են ձեր ընտրողները: Ինչո՞ւ դրա մասին չեք խոսում»,-ասաց նա: Սիմոնյանը վստահեցրեց, որ իշխանությունը նոր ընտրությունների անցկացման խնդիր չունի՝ կարծիք հայտնելով, որ Դաշնակցությունը հիմա չպետք է ձգտի նոր ընտրությունների: «Դաշնակցությունն առաջին անգամ այսպիսի մեծ կազմով ԱԺ-ում է հայտնվել: Կարճ ասած՝ «Հայաստան» դաշինքում «իշխանությունը» վերցրել եք, ի՞նչ կա մտածելու, մի քանի մարդ կա, որ դաշնակցական չէ, դա էլ ցուցակը մաքրելով, ինչ-որ բաների բերումով կվերցնի»,-ասաց ԱԺ նախագահը: Նա վստահ է, որ իշխանությունը նոր ընտրությունների դեպքում ավելի շատ ձայն էլ կհավաքի, սակայն Դաշնակցությունը կամ խորհրդարանում չի հայտնվի, կամ ավելի քիչ քանակով կհայտնվի: Դիմելով ընդդիմադիրներին՝ ԱԺ նախագահն ասաց. «Դուք պետք է դուրս գաք քաղաքական դաշտից և ճանապարհ բացեք նոր ընդդիմության համար: Քանի դեռ դուք, «Պատիվ ունեմ»-ը զբաղեցնում եք ընդդիմադիր դաշտը, դա ամենամեծ վնասն է ՀՀ-ին, դուրս եկեք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը՝ անընդհատ այդ նույն սկավառակը պտտեցնելով, անընդհատ նույն բաները մեր մասին ասելով: Հասկացանք, ասացիք դա: Դուրս եկեք, թողեք թող առողջ ուժերը գան: Հետագայում, եթե մենք էլ ընտրություններում կպարտվենք, իշխանությունը կհանձնենք իրենց և հանգիստ սրտով կհեռանանք, քանի որ մեր նպատակն է ՀՀ-ում մեր կողմից ներդրված ազատ ընտրություններով, թափանցիկ ընտրություններով իշխանությունը փոխանցել մեկ այլ ուժի, շնորհավորել այդ իշխանությանը և հեռանալ: Բայց քանի դեռ դուք կաք, դա անհնար է դառնում»: Լուսանկարը՝ ԱԺ մամուլի ծառայության 
11:43 - 09 փետրվարի, 2023
Եկել է նրան «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը․ ԱԺ նախագահը՝ Անդրանիկ Փիլոյանի մասին
 |armenpress.am|

Եկել է նրան «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը․ ԱԺ նախագահը՝ Անդրանիկ Փիլոյանի մասին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ պարգևատրվել էր «Հայրենիքի շքանշան»-ով, պետք է զրկվի այդ կոչումից: Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Լրագրողը նկատեց, որ իշխանությունում մեջ եղել է «Ազգային հերոս»-ի կոչում ստացած անձ, որը հիմա բանտում է՝ հստակեցնելով, որ խոսքը ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի մասին է, ինչին Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե եկել է նրան «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը: «Կարծում եմ` եկել է ժամանակը վերանայելու «Ազգային հերոս» տալու ինստիտուտը։ Պետք է հասկանալ` արդյոք այն մարդիկ, որոնց նկատմամբ հետագայում դատավճիռ կկայացվի, պետք է շարունակեն մնալ... Կարծում եմ, որ եթե օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լինի, ապա այդ մարդիկ չպետք է մնան Ազգային հերոս»,– ասաց Սիմոնյանը։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են եղել արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: 2022 թվականի մարտից Փիլոյանը գտնվում է կալանքի տակ։ Անդրանիկ Փիլոյան 2022 թվականին արժանացել էր Հայաստանի Ազգային հերոսի կոչման։
16:03 - 07 փետրվարի, 2023
Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանը Լաչինի միջանցքի բացելու հարցով «դիվանագիտական ճակատամարտը» լավ է տանում
 |armenpress.am|

Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանը Լաչինի միջանցքի բացելու հարցով «դիվանագիտական ճակատամարտը» լավ է տանում |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը չլինի սովորական երևույթ։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ նոր գործողություններ են արվում  Լաչինի միջանցքը բացելու համար, որի փակը լինելը, կարծես թե, սովորական է դարձել, Սիմոնյանը պատասխանեց, որ նախ և առաջ պետք է թույլ չտալ, որ դա դառնա սովորական երևույթ։ «Այդ առումով, միգուցե, ինչ-որ մարդկանց համար ինչ-որ չափով սովորական է, բայց աշխարհի համար դա չի կարող ու չի մնալու սովորական։ Կարող եմ ասել, որ աշխարհում կա կոնսենսուս (մինուս մեկ-երկու կարծիք), որ ,այո, Լաչինի միջանցքը պետք է բացվի, որ Լաչինի միջանցքի բացման պատասխանատուներն են Ադրբեջանը և Ռուսաստանը, և մենք շարունակելու ենք աշխատանքներն այդ ուղղությամբ»,- ընդգծեց Սիմոնյանը։  Հարցին, թե արդյոք լինելու են որևէ հստակ գործողություններ Լաչինի միջանցքի բացման հարցում, Սիմոնյանը որպես օրինակ բերեց Ադրբեջանի գործողությունները Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ ի օգուտ նրանց միջազգային տարբեր կառույցներում բանաձևեր և փաստաթղթեր էին ընդունվում, ինչը հետագայում ունեցավ հետևանքներ։ «Տեսեք, երբ ժամանակին Ղարաբաղյան պատերազմը ավարտվեց և Ադրբեջանը տարբեր միջազգային կառույցներում տարբեր փաստաթղթեր էր ստանում, տարբեր ձևով ֆիքսում էր իրավիճակը ի օգուտ իրենց, մենք մտածում էինք, որ դրանք ուղղակի կոչեր են։ Ոչ, դրանք շատ կարևոր փաստաթղթեր են և ունենում են կոնկրետ հետևանքներ։ Վստահ եղեք, որ, ըստ իս, դիվանագիտական առումով այս «ճակատամարտը» բավականին լավ ենք տանում»,- եզրափակեց Սիմոնյանը։
15:46 - 07 փետրվարի, 2023