Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանը Լաչինի միջանցքի բացելու հարցով «դիվանագիտական ճակատամարտը» լավ է տանում
 |armenpress.am|
15:46 - 07 փետրվարի, 2023

Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանը Լաչինի միջանցքի բացելու հարցով «դիվանագիտական ճակատամարտը» լավ է տանում |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը չլինի սովորական երևույթ։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ նոր գործողություններ են արվում  Լաչինի միջանցքը բացելու համար, որի փակը լինելը, կարծես թե, սովորական է դարձել, Սիմոնյանը պատասխանեց, որ նախ և առաջ պետք է թույլ չտալ, որ դա դառնա սովորական երևույթ։

«Այդ առումով, միգուցե, ինչ-որ մարդկանց համար ինչ-որ չափով սովորական է, բայց աշխարհի համար դա չի կարող ու չի մնալու սովորական։ Կարող եմ ասել, որ աշխարհում կա կոնսենսուս (մինուս մեկ-երկու կարծիք), որ ,այո, Լաչինի միջանցքը պետք է բացվի, որ Լաչինի միջանցքի բացման պատասխանատուներն են Ադրբեջանը և Ռուսաստանը, և մենք շարունակելու ենք աշխատանքներն այդ ուղղությամբ»,- ընդգծեց Սիմոնյանը։ 

Հարցին, թե արդյոք լինելու են որևէ հստակ գործողություններ Լաչինի միջանցքի բացման հարցում, Սիմոնյանը որպես օրինակ բերեց Ադրբեջանի գործողությունները Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ ի օգուտ նրանց միջազգային տարբեր կառույցներում բանաձևեր և փաստաթղթեր էին ընդունվում, ինչը հետագայում ունեցավ հետևանքներ։

«Տեսեք, երբ ժամանակին Ղարաբաղյան պատերազմը ավարտվեց և Ադրբեջանը տարբեր միջազգային կառույցներում տարբեր փաստաթղթեր էր ստանում, տարբեր ձևով ֆիքսում էր իրավիճակը ի օգուտ իրենց, մենք մտածում էինք, որ դրանք ուղղակի կոչեր են։ Ոչ, դրանք շատ կարևոր փաստաթղթեր են և ունենում են կոնկրետ հետևանքներ։ Վստահ եղեք, որ, ըստ իս, դիվանագիտական առումով այս «ճակատամարտը» բավականին լավ ենք տանում»,- եզրափակեց Սիմոնյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել