Որևէ տեսակետ չունենք ո՛չ Ռուբեն Վարդանյանի նշանակման, ո՛չ էլ ազատման վերաբերյալ, ՀՀ-ն հետաքրքրություն չունի այդ հարցում․ Ալեն Սիմոնյան |tert.am|
13:59 - 28 փետրվարի, 2023

Որևէ տեսակետ չունենք ո՛չ Ռուբեն Վարդանյանի նշանակման, ո՛չ էլ ազատման վերաբերյալ, ՀՀ-ն հետաքրքրություն չունի այդ հարցում․ Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է մոտ ապագայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, Սիմոնյանը ասաց, որ նման տեղեկություն չունի:

«Ես ուրախ եմ, որ մենք կամաց-կամաց գալիս ենք այն իրավիճակին, որ Արցախի օրինական ներկայացուցիչները իրենք են բանակցում և իրենք են որոշումներ կայացնում և մենք կարողանում ենք տարանջատել Արցախի և Հայաստանի ղեկավարություններին։ Արցախի ղեկավարություններն են բանակցում, Արցախի ղեկավարություններն են որոշում կայացնում, հարցը ինձ չի վերաբերում»,- ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կա՞ որոշում, որ Ադրբեջանը ստուգումներ անի Կաշենի հանքավայրում։

Դիտարկմանը՝ ի՞նչ կարծիք ունի Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելու մասին, Սիմոնյանն ասաց․

«Երևանը ինչպես նշանակման ժամանակ որևէ տեսակետ չուներ, այնպես էլ ազատման դեպքում։ Ես չգիտեմ, թե ինչ դրդապատճառներով է կայացվել Վարդանյանին նշանակելու որոշումը և նույնպես չգիտեմ, թե ինչ դրդապատճառներով է նա ազատվել։ ՀՀ իշխանությունները այդ հարցերում որևէ մասնակցություն չեն ունեցել և հետևաբար որևէ հետաքրքրություն չունեն այդ հարցի շուրջ»։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա կոնսենսուսին, ԱԺ նախագահը ասաց, որ կոնսենսուս առկա է։

«Մենք չենք կարող խաղաղության պայմանագրի մեջ ականներ դնել ՀՀ պետականության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ։ Երկու երկրների պայմանագրերը վերաբերում են այդ երկրների հարաբերություններին, Արցախի հարցը իմ ընկալմամբ այդ երկու երկների միջև պայմանագրում որևէ կերպ արտահայտված չպետք է լինի։ Թող չլինի տպավորություն, որ այդ պայմանագրով մենք փորձում ենք հետ կանգնել Արցախի շահերի պաշտպանությունից։ Արդյո՞ք մենք նոր դրույթ դնելով այդ պայմանագրի մեջ չեղյալ չենք հայտարարի նոյեմբերի 9-ի՝ մեզ համար կարևոր արձանագրումները, որոնց տակ կա Ալիևի ստորագրությունը»,- ասաց Սիմոնյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել