Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը խոստանում է հայ-ադրբեջանական հակամարտության տեւական լուծման համար անել հնարավորը

ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը խոստանում է հայ-ադրբեջանական հակամարտության տեւական լուծման համար անել հնարավորը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինը, որը Երևան է ժամանել երկու շաբաթ առաջ, հանդես է եկել տեսաուղերձով, որում անդրադառնում է իր ծննդավայր հայաշատ Կալիֆորնիային, պատմում իր առաջին հանդիպման մասին Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների հետ և ներկայացնում է այն վայրերը, որ հասցրել է այցելել Երևանում՝ ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին։   Դեսպանը խոսում է նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու, հայ-ամերիկյան հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի պայծառ ու բարեկեցիկ ապագայի կերտմանը նպաստելու իր պատրաստակամության մասին։   Դեսպան Քվինը խոստանում է անել հնարավորը հայ-ադրբեջանական հակամարտության տեւական լուծման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար․ «Հայաստանն արժանի է ապրել խաղաղ ու անվտանգ պայմաններում և հետամուտ լինել իր ընտրած քաղաքական ու տնտեսական ուղեգծին։ Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են ու կուռ, և ես ջանք ու եռանդ չեմ խնայի ամրապնդելու մեր կապերն ու օգնելու Հայաստանին կերտել պայծառ ու բարեկեցիկ ապագա», - ասել է դեսպանը։
15:17 - 04 մարտի, 2023
Հակոբ Արշակյանը Գանայի ՏՏ նախարարին է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը՝ կապված Լաչինի միջանցքի հետ

Հակոբ Արշակյանը Գանայի ՏՏ նախարարին է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը՝ կապված Լաչինի միջանցքի հետ

Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն-2023» 8-րդ համաժողովի շրջանակներում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Գանայի Հանրապետության պատվիրակության ղեկավար, տեղեկատվության նախարար Կոջո Օպպոնգ Նկրումահի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Այդ մասին Արշակյանը գրել է Ֆեյսբուքում:   «Հաշվի առնելով, որ Գանայի Հանրապետությունը ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ երկիր է, նշել եմ, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները և փակել Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ներկայացրել եմ նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը՝ կապված Լաչինի միջանցքի հետ»,- գրել է ԱԺ փոխխոսնակը:   Հակոբ Արշակյանը ներկայացրել է նաև իրավիճակը Հայաստանի շուրջ՝ նշելով, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ապօրինի ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք։   Գանայի Տեղեկատվության նախարար Կոջո Օպպոնգ Նկրումահը կարևորել է միջազգային հարթակներում հարցի քննարկումը՝ նշելով, որ Գանան, հանդիսանալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, հետևողականություն կդրսևորի բարձրաձայնված հարցերի հասցեագրման կապակցությամբ։   «Անդրադարձանք նաև Գանայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Քննարկվել են կիբեռանվտանգության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հնարավոր ուղիները: Ընդգծվել է նաև Հայաստան-Գանա գործարար կապերի շփումների խթանման ու խորացման կարևորությունը»,- նշել է Հակոբ Արշակյանը:
11:13 - 04 մարտի, 2023
Բաքվի կողմից հրադադարի խախտումները վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման չկամության մասին. Արցախի ԱԳՆ

Բաքվի կողմից հրադադարի խախտումները վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման չկամության մասին. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանությամբ անդրադարձել է մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի խախտմանը՝ նշելով, որ Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու անհրաժեշտության համատեքստում հումանիտար և ենթակառուցվածքային հարցերով կողմերի միջև կայացած քննարկումների ֆոնին Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իր՝ այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումից բխող հանձնառություններն անվերապահորեն կատարելու չկամության մասին։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից։Մեկնաբանության մեջ նշված է. «Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը։ Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի միջնորդությամբ տեղի ունեցած Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումից անմիջապես հետո։Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու անհրաժեշտության համատեքստում հումանիտար և ենթակառուցվածքային հարցերով կողմերի միջև կայացած քննարկումների ֆոնին Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իր՝ այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումից բխող հանձնառություններն անվերապահորեն կատարելու չկամության մասին։Այս առումով անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային հանրությունը շարունակի Ադրբեջանի վրա ճնշման գործադրման կոնկրետ միջոցների իրականացումը՝ զսպելու վերջինիս ապակառուցողական գործողություններն ու մտադրությունները, որոնք միտված են հարցերն ուժային ճանապարհով լուծելուն»։
18:46 - 03 մարտի, 2023
Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը. ՀՀ մշտական ներկայացուցիչ

Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը. ՀՀ մշտական ներկայացուցիչ

Մարտի 2-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ» հարցը, որի ներքո ելույթներով հանդես են եկել բազմաթիվ երկրների պատվիրակություններ՝ ընդգծելով դատարանի որոշման կատարման բացարձակ անհրաժեշտությունը։  ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշմանը, որով դատարանը փաստել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման» միջազգային կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արմեն Պապիկյանը նշել է նաև, որ դատարանն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ այդպիսով մերժելով Հայաստանի դեմ ուղղված ականների վերաբերյալ Ադրբեջանի կեղծ խոսույթը։ Դեսպանը շեշտել է, որ Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Արմեն Պապիկյանը նշել է, որ շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանը նաև խաթարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և պարբերաբար խափանում է գազամատակարարումը։ Դրա հետևանքով, Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտման քաղաքականություն և Արդարադատության միջազգային դատարանի վճռի կատարման բացահայտ արհամարհանք: Դեսպան Պապիկյանը հատուկ նշել է, որ ի հեճուկս Ադրբեջանի շարունակական պնդումներին, Դատարանն իր որոշման մեջ հստակ օգտագործել է ԼեռնայինՂարաբաղ եզրույթը: Դատարանը իր որոշմամբ հաստատել է մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը, որոնք պետք է խստորեն պաշտպանվեն ամենուր՝ անկախ ժողովրդի բնակության տարածքի քաղաքական կարգավիճակից։ Բարձր գնահատելով մի շարք կազմակերպությունների և երկրների հստակ հայտարարությունները միջազգային դատարանի որոշման առնչությամբ՝ ընդգծել է նաև ԵԱՀԿ համապատասխան ներգրավվածության անհրաժեշտությունը՝ իր պատասխանատվության գոտում հումանիտար ճգնաժամի հասցեագրման գործում:
17:13 - 03 մարտի, 2023
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

Աշխատանքային այցով Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը, որը փետրվարի 20-ից պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է առանց նախապայմանների Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հրամայականը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Այս համատեսքտում կարևորվել է միջազգային հանրության գործուն ներգրավվածությունը, որպեսզի Ադրբեջանը կյանքի կոչի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը:
13:24 - 03 մարտի, 2023
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ․ ՌԴ ԱԳՆ

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ․ ՌԴ ԱԳՆ

Նյու Դելիում այսօր՝ մարտի 3-ին, հանդիպում են ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։  Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։ Ստուգվել են միջազգային հարթակներում համագործակցության խթանման մոտեցումները՝ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններում ջանքերի ակտիվացման կարևորությունը եռակողմ պայմանավորվածություններին համապաստախան։  Ըստ հաղորդագրության՝ բանակցություններն անցել են բարեկամական և վստահելի մթնոլորտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա ​​շփումների վերաբերյալ։ Նշենք, որ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է  Նյու-Դելիում՝ մասնակցելու Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։
12:11 - 03 մարտի, 2023
Ադրբեջանական կողմի հետ հրատապ հումանիտար հարցերի քննարկման նպատակով Արցախում ստեղծվել է աշխատանքային խումբ

Ադրբեջանական կողմի հետ հրատապ հումանիտար հարցերի քննարկման նպատակով Արցախում ստեղծվել է աշխատանքային խումբ

Ադրբեջանական կողմի հետ հրատապ հումանիտար հարցերի քննարկման նպատակով Արցախում ստեղծվել է աշխատանքային խումբ։ Այս մասին հաղորդում է Արցախի Անվտանգության խորհուրդը: «Ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել հրատապ հումանիտար հարցեր։  Խմբի ղեկավարն է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները մարտի 1-ին ռուսական կողմի միջնորդությամբ հանդիպել են։ Հանդիպմանը քննարկվել է 4 օրակարգային հարցեր՝ Արցախի Հանրապետություն բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը և հետագա գազանջատումների բացառումը, Արցախի էլեկտրամատակարարման վերականգնման նպատակով ՀՀ-ից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող հատվածի զննման և «Արցախէներգո» ՓԲԸ մասնագետների կողմից վերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորության ապահովումը, Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպումը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացումը։ Նշենք նաև, որ ավելի վաղ եռակողմ ևս մեկ հանդիպում էր կայացել։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի աշխատանքը և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ:
11:51 - 03 մարտի, 2023
Արցախի Անվտանգության խորհուրդը մանրամասներ է հայտնել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից

Արցախի Անվտանգության խորհուրդը մանրամասներ է հայտնել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից

Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2023 թվականի մարտի 1-ին՝ ժամը 11։00-ին, խաղաղապահ զորախմբի շտաբում՝ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, անցկացվել է արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպում, որին մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության կողմից ձևավորված համանման աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի Հանրապետության Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԽ գրասենյակը։   Հանդիպման օրակարգային հարցերն էին․   1. Արցախի Հանրապետություն բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը և հետագա գազանջատումների բացառումը.   2. Արցախի Հանրապետության էլեկտրամատակարարման վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող հատվածի զննման և «Արցախէներգո» ՓԲԸ մասնագետների կողմից վերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորության ապահովումը.   3. Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպումը.   4. Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացումը։ Բացման խոսքում խաղաղապահ զորախմբի հրամանատարը ներկայացրել է հանդիպման մասնակիցներին՝ որպես Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմեր։ Այնուհետև արցախյան խմբի ղեկավարը ադրբեջանական կողմին պարզաբանել է իր գլխավորած խմբի լիազորությունները, այն է՝ վերը նշված կոնկրետ հարցերի քննարկումը և դրանց վերաբերյալ լուծումների որոնումը։   Հանդիպման սկզբնամասում ադրբեջանական խմբի ղեկավարը փորձել է զրույցը տանել Ադրբեջանին Արցախի ինտեգրման անհրաժեշտության ուղղությամբ՝ ներկայացնելով այդ դեպքում հնարավոր սոցիալ-տնտեսական առավելությունների ստացման հեռանկարներ, սակայն դրան արցախյան խմբի ղեկավարը հակազդել է՝ հորդորելով քննարկում իրականացնել հստակ առաջադրված հարցերով։   Վերջինս ընդգծել է նաև, որ հումանիտար ու ենթակառուցվածքային հրատապ հարցերով այդ շփումները չեն կարող անդրադառնալ հակամարտության համապարփակ կարգավորման հիմնական հարցերին, և դրա համար անհրաժեշտ է ձևավորել միջազգային լայն աջակցությամբ ձևաչափ:   Հարկ է նշել, որ ադրբեջանական խմբի մյուս անդամները զբաղվել են վերը նշված չորս կոնկրետ հարցերի քննարկմամբ և լուծումների որոնմամբ, ըստ այդմ՝ հանդիպման հետագա ընթացքը լիովին համապատասխանել է օրակարգով սահմանված շրջանակներին։   Օրակարգային բոլոր հարցերի քննարկման արդյունքներով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը պարտավորվել է զեկուցել վերադաս մարմիններին և առաջիկա օրերի ընթացքում, խաղաղապահ զորախմբի միջոցով, արդյունքների մասին տեղեկացնել արցախյան կողմին։   Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել նաև կողմերի միջև հետադարձ կապի կայուն մեխանիզմի ձևավորման պայմանավորվածություն։   Հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին առայժմ հանրայնացնել միայն ընդհանուր գծերով տեղեկատվություն՝ այն նկատառմամբ, որ գործընթացը դեռևս գտնվում է աշխատանքային փուլում։ Սակայն հանդիպումից կարճ ժամանակ անց, ադրբեջանական խմբի ղեկավարը իր երկրի տեղեկատվական հարթակներում հանդես է եկել հարցազրույցներով, որոնցում բոլորովին այլ՝ բուն բովանդակությունից ու գործընթացից շեղված ապատեղեկատվություն է տարածել, մասնավորապես հայտարարելով, որ հանդիպմանը քննարկվել են «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցեր»։ Մինչդեռ, ինչպես նշեցինք, մարտի 1-ի հանդիպումը, որին, կրկնում ենք, մասնակցել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարը, նվիրված է եղել միայն Արցախի շրջափակման ու դրան առնչվող խնդիրների վերացման քայլերի քննարկմանը։   Ադրբեջանական հաջորդ ապատեղեկատվությունը, որի համաձայն՝ կողմերի պաշտոնական ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը իբր «կարող է տեղի ունենալ Գյանջայում կամ Աղդամում», ընդ որում՝ առանց ՌԴ խաղաղապահ զորակազմի մասնակցության, ևս չի համապատասխանում իրականությանը:   Հորդորում ենք չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի հերյուրանքներին և համոզված լինել, որ վերը նշված գործընթացի և դրա արդյունքների մասին հանրությանը տրվելու է սպառիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:  
11:45 - 03 մարտի, 2023
Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել ԼՂ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյան |tert.am|

Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել ԼՂ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է ՀՀ ժողովրդավարությանը՝ խաթարելով մեր կառավարության ջանքերն ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: Այս մասին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հասնելու և ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար: Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է ՀՀ ժողովրդավարությանը՝ խաթարելով մեր կառավարության ջանքերն ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: Ամենահրատապ խնդիրն այն է, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից փակվել է Լաչինի միջանցքը: Ադրբեջանի այս գործողությունները 2020-ի նոյեմբերի 9-ի ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մասն է»,- ասաց նա: Փաշինյանը, անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, կոչ է արել միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը: «Կարւորում ենք Գերմանիայի ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների պահպանության երկրի դիրքորոշումը, որը կաջակցի Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին»,-ասաց նա:
20:29 - 02 մարտի, 2023
Շուռնուխ և Որոտան բնակավայրերի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը երկարաձգվել է մինչև հուլիս ամիսը ներառյալ
 |armenpress.am|

Շուռնուխ և Որոտան բնակավայրերի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը երկարաձգվել է մինչև հուլիս ամիսը ներառյալ |armenpress.am|

armenpress.am: Կառավարության որոշմամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը երկարաձգվել է մինչև 2023 թ. հուլիս ամիսը՝ ներառյալ։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ:  Միջոցառման շրջանակում 2021 թ. փետրվարից մինչև 2022 թ. նոյեմբերը ներառյալ՝ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 դրամ) և ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։ Ըստ հիմնավորման՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թ. սեպտեմբերի 30-ը, սակայն նշված ժամկետում պայմանագրով նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով չեն իրականացվել և վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. հունիսի 30-ը: Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են՝ առաջարկվում է միջոցառման շրջանակում հատկացվող օգնության տրամադրման ժամկետները ևս երկարաձգել: Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված) ընտանիքների սոցիալական աջակցություն տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 6.6 մլն դրամ՝ հունվար և փետրվար ամիսներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։
14:26 - 02 մարտի, 2023
Եվրոպացի պաշտոնյան ինձ ասաց, որ Փաշինյանը վաղուց բանակցում է «Արցախն Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ, եթե փորձեն սա հերքել, անուններ կհնչեցնեմ․ Հայկ Մամիջանյան

Եվրոպացի պաշտոնյան ինձ ասաց, որ Փաշինյանը վաղուց բանակցում է «Արցախն Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ, եթե փորձեն սա հերքել, անուններ կհնչեցնեմ․ Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց, որ  եվրոպական բարձրաստիճան մի պաշտոնյան իրեն ասել է, թե Փաշինյանը բանակցում է «Արցախն Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ։  «Բարձրաստիճան եվրոպական մի պաշտոնյա մեզ հետ հանդիպման ընթացքում, իմ ելույթից հետո, որը վերաբերում էր Արցախի կարգավիճակին, ինքնորոշման իրավունքին ու անվտանգային այլ կարևոր կետերի, ուղիղ տեքստով ասաց հետևյալը․ «Մենք Ձեր դիրքորոշումները գիտենք, բայց դրանք այս պարագայում ռելևանտ չեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն որևէ բանակցություն չի տանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Բանակցային տրամաբանությունն  ամբողջապես հիմնված է Ադրբեջանի կազմում Արցախի հետագա ապագային, ինչի՞ մասին եք հիմա դուք ինձ հարց տալիս»․ սա էր իր ասածը», - նշեց Մամիջանյանը։  Նա նշեց՝ չի ասի հանդիպման ֆորմատը, ներկաներին, բայց եթե որեւէ մեկը «հանդգնի» հերքել, թող «պատրաստվի», որ անուններ են հնչելու։ Մամիջանյանի խոսքով այդ պաշտոնյան որոշակի ազդեցություն ունի գործըթացների վրա ու ունի անցած շատ լուրջ ճանապարհ․ «Հանդիպմանը ներկա էին նաև այլ պատգամավորներ, այդ պաշտոնյան ինձ ասաց, որ Փաշինյանը բանակցում է  «Արցախն Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ։ Ես իմ խոսքերի համար կրում եմ պատասխանատվություն, Հայաստանի դատական համակարգն էլ իրենց «փեշքեշ», թող դատի տան։ Տարբեր տրամաչափի անվտանգային երևույթներ, նկատի ունեմ Արմեն Գրիգորյանին, փորձում են անտաղանդ կերպով հերքել Արմեն Աշոտյանի ներկայացրած փաստաթուղթը, որ ներկայացնում է այս պահի բանակցային տամաբանությունը։ Դե հիմա թող գնան փորձեն սա հերքել»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
13:12 - 02 մարտի, 2023
Ադրբեջանի ԱԳ նախարարն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են դեսպանատան վրա հարձակումը

 |factor.am|

Ադրբեջանի ԱԳ նախարարն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են դեսպանատան վրա հարձակումը |factor.am|

factor.am: Իրանի փոխարտգործնախարար Մահդի Սաֆարին հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և նրա տեղակալի հետ՝ քննարկել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը, գրում է Մեհր գործակալությունը։ Նշվում է, որ հանդիպմանը Սաֆարին իր ցավակցությունն  է հայտնել Ադրբեջանի  կառավարությանն ու ժողովրդին և դեսպանատան միջադեպի հետևանքով զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։ Հանդիպմանը Սաֆարին նաև զեկույց  է ներկայացրել դեսպանատան վրա հարձակման վերաբերյալ, նաև կոչ է արել այդ գործով երկու երկրների փորձագետների այցեր կազմակերպել։ Իրանցի դիվանագետը նաև հայտարարել է, որ միջադեպի բոլոր ասպեկտները պարզաբանելու և արդարադատություն իրականացնելու համար Թեհրանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ։ Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, կան վիրավորներ, հարձակվողին ձերբակալել են։ Պաշտոնական Բաքուն դեսպանատան վրա իրականացված հարձակումն «ահաբեկչություն» է որակել։ Հարձակման վերաբերյալ Թեհրանի քրեական դատախազի պաշտոնակատարն ասել է, որ զինված անձը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել է անձնական դրդապատճառներով։ Միջադեպից հետո Բաքուն տարհանել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին, և այս պահին դեսպանատան գործունեությունը դադարեցված է։
12:08 - 02 մարտի, 2023
ՀՀ-ն ափսոսանք է հայտնում Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի համաձայն արբիտրաժ սկսելու միջոցով իր օրակարգն առաջ մղելու փորձերի համար

ՀՀ-ն ափսոսանք է հայտնում Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի համաձայն արբիտրաժ սկսելու միջոցով իր օրակարգն առաջ մղելու փորձերի համար

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարությւն է տարածել, որում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը («Հայաստան») հայտնում է իր ափսոսանքը՝ Ադրբեջանի Հանրապետության («Ադրբեջան») կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի («Էներգետիկ խարտիա») համաձայն արբիտրաժ սկսելու միջոցով իր հանրային հաղորդակցության օրակարգը առաջ մղելու փորձերի համար։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն էներգետիկ ոլորտում ներդրումների և առևտրի հետ կապված Էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ։ Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի շրջանակն ու նպատակը խեղաթյուրելու փորձը հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Էներգետիկ խարտիայի կոնֆերանսը ավարտում է Էներգետիկ խարտիայի արդիականացման շուրջ բանակցությունները: Էներգետիկ խարտիայի նման չարաշահումը խաթարում է Պայմանավորվող կողմերի բոլոր ջանքերը՝ ապահովելու, որ Էներգետիկ խարտիան շարունակի գործել իր նպատակին համապատասխան, այն է՝ որպես էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակ: Արբիտրաժի մասին ծանուցումը Ադրբեջանը ներկայացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումից մի քանի օր անց, որով Դատարանը պարտադրեց Ադրբեջանին «ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը» Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհով։ Սակայն, Ադրբեջանը անտեսեց Դատարանի պարտավորեցնող որոշումը և այն կատարելու՝ միջազգային հանրության կոչերը՝ խորացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետը։ Ըստ երևույթին, Էներգետիկ խարտիայի շրջանակներում անհիմն վարույթ հարուցելով Ադրբեջանը մտադիր է ուշադրություն շեղել: Ադրբեջանի գործողությունները չեն խաթարի Հայաստանի հավատարմությունը Էներգետիկ խարտիային, Էներգետիկ խարտիայի համաժողովի աշխատանքներին և էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի խթանմանը»:վ
22:08 - 01 մարտի, 2023
Արախի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է  Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ

Արախի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ

Մարտի 1-ին, Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ, կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտության համատեքստում։ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տարբեր մակարդակով նման հանդիպումներ անցկացվել են բազմիցս՝ տեխնիկական, հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի քննարկման նպատակով։   Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր հանդիպման մասնակիցները չեն քննարկել։ Հանդիպման արդյունքներով ադրբեջանական կողմի արած մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում։   Արցախի Հանրապետությունը պահպանում է հանձնառությունն իր ժողովրդի՝ ինքնորոշման և անկախության ուղու ընտրությանը, որն ամրագրվել է 1991 թ․ հանրաքվեի ժամանակ։   Անհետաձգելի հարցերի լուծման, մասնավորապես, Արցախի ապաշրջափակման նպատակով կազմակերպվող նմանատիպ քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցությունները, որոնք անհրաժեշտ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար։ Ելնում ենք միջազգային միջնորդական ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունից՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության կարևոր երաշխիք։   Կրկին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի ապօրինի կիրառման արդյունքները չեն կարող մեկնակետ լինել խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման ճանապարհին, մնում է անփոփոխ։
20:10 - 01 մարտի, 2023
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ
 |armenpress.am|

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ ու սպասում է ինչպես դրա, այնպես էլ խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկների արձագանքին: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: «Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է: Բայց արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք: Երբ մենք էլ ստանում ենք նմանատիպ փաստաթուղթ, դրա արձագանքի ձևավորումը տևում է որոշակի ժամանակ: Եվ ենթադրվում է, որ որոշակի ժամանակ հետո ինչ-որ արձագանք կլինի»,-ասաց վարչապետը: Փաշինյանը հիշեցրեց, որ այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի երեք շրջափուլ: Այսինքն՝ ադրբեջանական կողմն է տվել, Հայաստանն է արձագանքել, և այդպես 3 անգամ: «Անկախ առերես հանդիպումներից ՝ փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում: Եվ այդ աշխատանքները միշտ չէ, որ պահանջում են առերես հանդիպում: Վերջերս, օրինակ, մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ: Եվ նաև դրա արձագանքին ենք սպասում»,-ասաց վարչապետը: Իսկ այն առաջարկները, որոնք հայկական կողմն արել է նախկինում՝ կոմունիկացիաների բացման, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, շարունակում են մնալ ուժի մեջ: Դեռ նախորդ տարի ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: 2021 թվականին Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ:  
17:33 - 01 մարտի, 2023
Միջազգային հարթակներում միջանցքի փակ չլինելու մասին Ադրբեջանի խոսակցությանը որևէ մեկը չի հավատում. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ մասին
 |armenpress.am|

Միջազգային հարթակներում միջանցքի փակ չլինելու մասին Ադրբեջանի խոսակցությանը որևէ մեկը չի հավատում. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ մասին |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ խորհրարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունը բարձրացրել է Լաչինի միջանցքի փակ լինելու ու առաջացած հումանիտար ու անվտանգային խնդիրների հարցը, որի առնչությամբ իրենց մտահոգություններն են հայտնել նաև Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Շվեդիայի պատգամավորները: Այս մասին ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը Հայաստանի ԱԺ-ում տեղի ունեցած ասուլիսում ժամանակ՝ ամփոփելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները: Նիստերի օրակարգերի թեման հիմնականում եղել է Ուկրաինայի պատերազմը և դրա հետևանքները: «Հայկական պատվիրակությունն, այնուամենայնիվ, խոսել է նաև մեր տարածաշրջանի մասին: Խոսել ենք Հայաստանի՝ ինչպես անվտանգային սպառնալիքների, մարտահրավերների, տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հարցերի մասին, այնպես էլ Լաչինի միջանցքի փակման ու դրա հետևանքով առաջացած անվտանգային ու հումանիտար խնդիրների մասին»,-ասաց Սարգիս Խանդանյանը: Հայկական պատվիրակությունը նստաշրջանին մասնակցել է ամբողջական կազմով: ՀՀ ԱԺ պատգամավորները ունեցել են նաև երկկողմ հանդիպումներ: Հայկական պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ պատվիրակության հետ, խոսել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանի, Հայաստանին սպառնացող անվտանգային մարտաահրավերների մասին: Հայկական պատվիրակությունը նստաշրջանի շրջանակում հանդիպումներ է ունեցել նաև Միացյալ Թագավորության պատվիրակության, ԵԱՀԿ ԽՎ նախագահի ու Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցչի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև համագործակցությունը խորհրդարանական վեհաժողովի շրջանակում: Ըստ Խանդանյանի՝ միջազգային հարթակներում հայկական դիրքորոշումների ներկայացումը ոչ միայն փոխում է կարծիքները, այլ նաև բերում է նրան, որ միջազգային գործընկերըները խոսում են դրա մասին: «Մասնավորապես ԵԱՀԿ ԽՎ ընթացքում Լաչինի միջանցքի փակման մասին խոսել են Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Շվեդիայի պատգամավորներ: Նրանք նաև մեզ հետ մասնավոր զրույցներում իրենց մտահոգությունն են հայտնել: Եվ Ադրբեջանի՝ միջազգային հարթակներում հնչեցվող թեզին, թե Լաչինի միջանցքը փակ չէ, մեքենաներ են անցնում և այլն, միջանցքի փակ չլինելու մասին խոսակցությանը որևէ մեկը չի հավատում: Դա ակնհայտ է: Դրան գումարվում է նաև Հաագայի դատարանի որոշումը, որը մեկ անգամ ևս վերահաստատեց խնդրի լրջությունը»,-ասաց պատգամավորը: Այսպիսով, միջազգային հարթակներում հայկական կողմի դիրքորոշումներին հավատում են  ու խոսում դրանց մասին:
15:01 - 01 մարտի, 2023