Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ
 |armenpress.am|
17:33 - 01 մարտի, 2023

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ ու սպասում է ինչպես դրա, այնպես էլ խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկների արձագանքին:

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է: Բայց արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք: Երբ մենք էլ ստանում ենք նմանատիպ փաստաթուղթ, դրա արձագանքի ձևավորումը տևում է որոշակի ժամանակ: Եվ ենթադրվում է, որ որոշակի ժամանակ հետո ինչ-որ արձագանք կլինի»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի երեք շրջափուլ: Այսինքն՝ ադրբեջանական կողմն է տվել, Հայաստանն է արձագանքել, և այդպես 3 անգամ:

«Անկախ առերես հանդիպումներից ՝ փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում: Եվ այդ աշխատանքները միշտ չէ, որ պահանջում են առերես հանդիպում: Վերջերս, օրինակ, մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ: Եվ նաև դրա արձագանքին ենք սպասում»,-ասաց վարչապետը:

Իսկ այն առաջարկները, որոնք հայկական կողմն արել է նախկինում՝ կոմունիկացիաների բացման, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, շարունակում են մնալ ուժի մեջ:

Դեռ նախորդ տարի ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

2021 թվականին Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել