Սահման

Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի․ Բրայան Մեյ

Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի․ Բրայան Մեյ

Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն աջակցություն է հայտնել Հայաստանին, ինչպես նաև նշել, որ Հայաստանն Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի:  Իր ինստագրամյան էջում Մեյը տարածել է System of a Down խմբի գրառումը՝ հորդորելով կարդալ այն։ System of a Down-ն իր գրառման մեջ խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին՝ կոչ անելով աջակցել Հայաստանին։ Մեյը նաև հիշեցրել է, որ «Սթարմուս» փառատոնի ժամանակ Հայաստանում ելույթ է ունեցել խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի հետ։ «Ես այստեղ խախտում եմ լռությունս, քանի որ կարծես թե հերթական ողբերգությունն է ծավալվում, և վտանգ կա, ինչպես միշտ է պատահում մեր օրերում, որ լրատվամիջոցները ճշմարտացիորեն չհաղորդեն այդ մասին։ Հայաստանը փոքր երկիր է՝ զուրկ նավթից, գազից կամ զգալի հարստությունից, քրիստոնեության և ժողովրդավարության կղզի է՝ բոլոր կողմերից շրջապատված բռնապետություններով: Դա աշխարհի ամենախաղաղ երկրներից մեկն է, որտեղ իր ողբերգական պատմության պատճառով մեծ տխրություն կա»,- գրել է Queen-ի կիթառահարը։ Նա ակնարկել է Հայոց ցեղասպանության մասին՝ խոսելով «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Կայսրության իրականացրած դաժան էթնիկ զտումներից, որոնք Թուքրիան դեռևս հերքում է»։ «Այսօր Հայաստանին կրկին սպառնում է մի դավադրություն, որի նպատակն է ջնջել նրան աշխարհի երեսից։ Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանը հայ ժողովրդին ահաբեկելու և ապակայունացնելու նպատակով  գնդակոծում էր հայկական սահմանին գտնվող խաղաղ գյուղերը։ Երեք անողոք բռնապետությունների անազնիվ դաշինքի դեմ Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի: Աշխարհը պետք է իմանա այս իրավիճակի մասին։ Խնդրում եմ՝ տարածեք [այս գրառումը]՝ հակազդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից տարածվող կեղծ տեղեկություններին, որոնք տպավորություն են ստեղծում, թե հայրեն ագրեսոր են, ինչպես որ  Ռուսաստանն էր փորձում անմեղ և զարհուրելի բռնությունների ենթարկված ուկրաինացիներին ներկայացնել որպես ագրեսորներ։ Մի աշխարհում, որտեղ գերիշխում է սուտը, մենք բոլորս պետք է բարձրաձայնենք ճշմարտության և արդարության մասին»,- գրել է Մեյը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հարձակվել է Հայաստանի վրա՝ օկուպացնելով հայկական տարածքներ և թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։
09:22 - 19 սեպտեմբերի, 2022
Նենսի Փելոսին Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը ներկայացրել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը

Նենսի Փելոսին Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը ներկայացրել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը

Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:   Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Նենսի Փելոսիին իրավիճակին արագ արձագանքելու, տարածաշրջան այցելելու, սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար:   Պաշտպանության նախարարը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:   Նենսի Փելոսին իր խոսքում ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
09:02 - 19 սեպտեմբերի, 2022
Արդեն տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ․ Սաղաթելյանը՝ իր՝  նախկին նախագահների, ազդեցիկ գործիչների հետ համատեղ լուծումներ գտնելու առաջարկի մասին

Արդեն տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ․ Սաղաթելյանը՝ իր՝ նախկին նախագահների, ազդեցիկ գործիչների հետ համատեղ լուծումներ գտնելու առաջարկի մասին

Սեպտեմբերի 14-ին հանդես եմ եկել հրապարակային առաջարկությամբ առ այն, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ Հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների հանդիպում, որտեղ պետք է գտնվեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։   «Նշեմ, որ առաջարկս ձևակերպված ներկայացրել եմ բոլոր կողմերին: Այս ընթացքում արդեն տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ:   Ես վստահ եմ, որ սա ստեղծված իրավիճակից լավագույն, գուցե և միակ ելքն է: Ուստի շարունակելու եմ ջանք չխնայել այդ ուղղությամբ` հուսով, որ շուտով կլինեն տեսանելի արդյունքներ», - գրել է Սաղաթելյանը:     Գլխավոր լուսանկարը՝ Ազգային ժողովի
22:15 - 18 սեպտեմբերի, 2022
Հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները․ ՀՀ ՊՆ

Հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները․ ՀՀ ՊՆ

2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում անկոտրում կամքի, ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները` Սուսաննա Մարգարի Գրիգորյանը, Անուշ Աշոտի Ապետյանը, Ալիսա Սուրենի Մելքոնյանը, Իրինա Կառլենի Գասպարյանը և այլք: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։«Նրանք, մինչև վերջ կատարելով Հայրենիքի` իրենց վստահված սահմանի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել են բացառիկ խիզախություն, աննահանջ պաշտպանվելու վճռականություն, դիմագրավել են քանակապես գերազանցող թշնամու շարունակական հարձակումներին` նրան պատճառելով կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ և շարունակելով մեր փառահեղ կին մարտիկների դարավոր ավանդույթը», - հայտնում են գերատեսչությունից:
21:29 - 18 սեպտեմբերի, 2022
Հոսպիտալները համակարգված աշխատում են բժշկական օգնությունն արագ և արդյունավետ իրականացնելու ուղղությամբ. Անահիտ Ավանեսյան

Հոսպիտալները համակարգված աշխատում են բժշկական օգնությունն արագ և արդյունավետ իրականացնելու ուղղությամբ. Անահիտ Ավանեսյան

Այսօր ու միշտ մեր ամբողջ բուժանձնակազմը մեկ մարդու պես կանգնած է մեր երկրի պաշտպանության համար։ Քաղաքացիական և զինվորական հոսպիտալները համակարգված աշխատում են անհրաժեշտ բժշկական օգնությունը հնարավորինս արագ և արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում։   «Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած անձինք շարունակում են բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում։   Այցով Սյունիքի մարզում եմ։ Եղել եմ Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, Կապանի, Գորիսի բժշկական կենտրոններում, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում, ծանոթացել բժշկական օգնության կազմակերպման ընթացքին։   Այցի ժամանակ ներկայացվեց Ադրբեջանի հավանական ագրեսիաների դեպքում բժշկական կենտրոնների պատրաստվածության աստիճանը»,- նշված է գրառման մեջ։
20:52 - 18 սեպտեմբերի, 2022
Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցությունը չի տուժի սանձազերծված ագրեսիայից․ ՀՀ ԱՆ

Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցությունը չի տուժի սանձազերծված ագրեսիայից․ ՀՀ ԱՆ

Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցությունը չի տուժի սանձազերծված ագրեսիայից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։   «Հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը և Սյունիքի մարզում առողջապահական ծրագրերի իրականացմանն ուղղված հանդիպումը կայացել է, սակայն այլ ձևաչափով։   Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի, Վիենի քաղաքապետ, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Տիերի Կովաքսի և Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի հետ քննարկել է ոչ միայն քույր քաղաքների, այլև ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի և Սյունիքի մարզի միջև հետագա համագործակցությունը։   Նշվել է, որ այսուհետև առողջապահությունը, որպես սոցիալական կարևորագույն ոլորտներից մեկը, ներառված կլինի փոխգործակցության ծրագրերում։ Խոսվել է նաև Գորիսի պոլիկլինիկային ուղղված ֆինանսական աջակցության մասին։   Առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ, որը, վերհանելով խնդիրները, կմշակի ավելի երկարատև և մասշտաբային համագործակցության փաթեթ։   Պաշտոնյաներն այցելել են Երևանի բժշկական կենտրոններից մեկում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով բուժում ստացող անձանց, մաղթել շուտափույթ ապաքինում։   Արտակ Ջումայանը շնորհակալություն է հայտնել դեսպան Անն Լույոյին և ֆրանսիացի գործընկերներին իրենց հանձնառության և գործադրած ջանքերի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
20:10 - 18 սեպտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանը և Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան օրակարգին և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան օրակարգին և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Վարչապետ Փաշինյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Տիկին խոսնակ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ջերմորեն ողջունել ձեզ մեր երկրում, մեր կառավարությունում։ Սա իսկապես աննախադեպ այց է ԱՄՆ-ից Հայաստան, և մենք գնահատում ենք դա: Կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել անձնապես Ձեզ, տիկին խոսնակ, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Ձեր անձնական ջանքերի և ներդրման համար, ինչպես նաև Ձեր պատվիրակության ջանքերի համար։ Դա իսկապես բարձր է գնահատվում, և նույնիսկ միայն այդ փաստը հաշվի առնելով, բոլոր հայերը Ձեզ համարում են Հայաստանի վստահելի ընկեր: Բայց ես ցանկանում եմ շարունակել երախտագիտության խոսքերը, որովհետև ցանկանում եմ նաև երախտագիտություն հայտնել հայկական ժողովրդավարությանն ուղղված ԱՄՆ-ի աջակցության համար, քանի որ դա նույնպես շատ կարևոր է մեզ համար։ Մենք տեսնում ենք ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու մեր երկրում ժողովրդավարական օրակարգին։ Ցանկանում եմ հայտնել մեր նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, չնայած այն հանգամանքին, որ, ինչպես տեսնում եք, դա այնքան էլ հեշտ ճանապարհ չէ։ Եվս մեկ փաստ, որ կցանկանայի նշել. մենք գնահատում ենք ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը՝ կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հետ։ Իհարկե, ԱՄՆ կառավարության կողմից հստակ ձևակերպումները գնահատելի են, որովհետև դա շատ կարևոր է մեզ համար։ Տեղյակ եք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ներկա իրավիճակը, և մենք հույս ունենք, ու դա մեր դիրքորոշումն է, որ այս իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում և այս առումով, իհարկե, մենք ապավինում ենք ԱՄՆ աջակցությանը։ Տիկին խոսնակ, թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը։ Վստահ եմ, որ այսօր կկարողանանք արդյունավետ բանակցություններ վարել։Շատ ուրախ եմ այս հնարավորության համար»։ Իր հերթին Նենսի Փելոսին նշել է. «Շատ շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ողջույնի ջերմ խոսքերի և այս պատվիրակության անդամ իմ գործընկերների կողմից կատարված հսկայական աշխատանքի գնահատման համար: Աջակցությունը ժողովրդավարությանը Հայաստանում, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, հակազդեցությունը Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հարցում, և բոլոր մնացած առումներով մենք Հայաստանի ընկերն ենք։ Մենք այստեղ ենք՝ հարգելով Ձեր կառավարությունը։ Անցած տարի տեղի ունեցան ընտրություններ, որոնք գնահատվեցին ազատ և արդար, և Ձեր հրաշալի հաղթանակը պատերազմի և այլ հանգամանքների պայմաններում։ Եվ բանը նրանում է, որ երբ մենք սովորաբար այցելում ենք որևէ երկիր, դա հարգանք դրսևորելու, լսելու և սովորելու նպատակ է ունենում, բայց ես կարող եմ անկեղծորեն ասել, որ ԱՄՆ-ից Հայաստան եկած այս պատվիրակությունն իր հետ բերել է Ամերիկայի ժողովրդի սերը, հարգանք՝ Ձեր կառավարության և սեր՝ Հայաստանի ժողովրդի հանդեպ։Շնորհակալություն հյուրընկալության համար»: Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը, տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերը ժողովրդավարության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ: Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը՝ ՀՀ կառավարության բարեփոխումների հարուստ օրակարգի առաջմղման գործում: Նիկոլ Փաշինյանը և Նենսի Փելոսին անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ դրսևորված ագրեսիային և ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը վերաբերող հարցեր: Քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը շարունակելու է ակտիվորեն նպաստել երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ծրագրերին: 
19:45 - 18 սեպտեմբերի, 2022
Սադրանքներ կան, բայց դրանք ոչ մի արդյունք չեն տա. Պետդումայում մեկնաբանել են ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով ցույցերը |tert.am|

Սադրանքներ կան, բայց դրանք ոչ մի արդյունք չեն տա. Պետդումայում մեկնաբանել են ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով ցույցերը |tert.am|

tert.am: ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով Երևանում տեղի ունեցած ցույցերը հավանաբար կազմակերպել են ԱՄՆ ոչ առևտրային կազմակերպությունները՝ կապված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի հետ։ Այս կարծիքը կիրակի հայտնել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։«Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ ՀԿ-ների կողմից, և, ցավոք, դրանք շատ են... Բնականաբար, Փելոսիի ժամանումը կանխատեսել էին այն ուժերը, որոնք այսօր դուրս են եկել  ցույցերի»,- ասել է պատգամավորը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում։Վոդոլացկին նշել է, որ Հայաստանում մեծ թվով հայրենակիցներ են ապրում, և երկրում իրավիճակը «անգլո-սաքսոնների և Փելոսիի օգտին չէ», այնուամենայնիվ, խորհրդարանականը կոչ է արել ԱՊՀ բոլոր կառույցներին ավելի ակտիվ աշխատել իրենց հայ գործընկերների հետ։«Սադրանքներ կան, բայց դրանք ոչ մի արդյունք չեն տա, հաշվի առնելով, որ այնտեղ ակտիվ աշխատում են ամերիկյան դեսպանատունը և հասարակական կազմակերպությունները՝ բոլորս՝ ՀԱՊԿ-ը, ՇՀԿ-ն և առաջին հերթին ԱՊՀ կառույցները՝ սկսած մեր հանձնաժողովից, վերջացրած բոլոր Եվրասիական հանձնաժողովներով, ավելի սերտ և ակտիվ աշխատենք Հայաստանում մեր գործընկերների հետ և լավ, բարի առաջարկներ անենք՝ կոտրելու այն իրավիճակը, որն այսօր այնտեղ ձևավորվում է»,- ասաց Վոդոլացկին։
19:28 - 18 սեպտեմբերի, 2022
Բաքուն դատապարտում է Փելոսիի հայտարարությունները
 |azatutyun.am|

Բաքուն դատապարտում է Փելոսիի հայտարարությունները |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի` Երևանում հնչեցրած հայտարարությունները: «Անհիմն ու անարդար մեղադրանքները, որոնք Փելոսին հնչեցրել է Ադրբեջանի հասցեին, անընդունելի են», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը, հավելելով` սա լուրջ հարված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերին: «Այդօրինակ միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, ճիշտ հակառակը` մեծացնում են լարվածությունը»,֊հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Երևանում խստորեն դատապարտել է «Ադրբեջանի մահացու հարվածներն ու հարձակումները Հայաստանի տարածքի» նկատմամբ, նշել, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, խոսել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ինչը Բաքուն հայտարարում է, որ լուծված է: Հայաստանի ժողովորդավարությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ԱՄՆ-ի համար կարևոր հարցեր են, և Նահանգները ցանկանում է այդ ուղղությամբ գործուն աջակցություն ունենալ, հայտարարել է Նենսի Փելոսին:
16:46 - 18 սեպտեմբերի, 2022
 Հայաստանը չի կարող պատանդառված մնալ ռուս- թուրք-ադրբեջանական այն համաձայնությանը․ Արման Բաբաջանյան

Հայաստանը չի կարող պատանդառված մնալ ռուս- թուրք-ադրբեջանական այն համաձայնությանը․ Արման Բաբաջանյան

Ազատության հրապարակից մեկնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով բողոքի ակցիա։ Ակցիայի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր ելույթում ասաց, որ ակցիային ներկաները իջեցնեն բոլոր դրոշները՝ բացի ՀՀ դրոշից։խ. «Մենք այստեղ ենք մեր օրակարգով, մեր երկրի համար այս ճակատագրական, օրհասական ժամին՝ ի լուր աշխարհի, ի տես աշխարհի ապացուցելու, որ Հայաստանի քաղաքացին տեր է իր երկրին, տեր է այն ընտրությանը, որը ինքը կատարել է և այն ոտնձգությունը, որը կատարվել է իր երկրի նկատմամբ և որի թիրախը մեր երկրի սուվերենն է, մեր երկրի ժողովուրդն է, որևէ պարագայում չի կարող մեզ համար ընդունելի լինել»։ Բաբաջանյանն անդրադարձ կատարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությանը՝ նշելով, որ ըստ էության նա առաջարկել է, որպեսզի Հայաստանը ներկայացնի այն կարիքները, որը ունի՝ պաշտպանելու երկրի սուվերենը, երկրի ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և տարածքային ամբողջականությունը. «Այս առաջարկը հակոտնյա է՝ մեր անդամակցությանը ՀԱՊԿ-ի մեջ։ Մենք չենք կարող գտնվել ՀԱՊԿ՝ այսպես կոչված ռազմաքաղաքական դաշինքում, և նույնիսկ սկսել որևէ քննարկում ԱՄՆ-ի հետ։ Այն կարիքների շուրջ, այն անվտանգային կարիքների շուրջ, որը այս պահին օրհասական կարևորություն ունի, հետևաբար չափազանց կարևոր է, որպեսզի մենք գնահատենք այն ռիսկերը, որոնք առկա են երկու պարագայում էլ՝ ՀԱՊԿ-ում մնալու և դուրս գալու, երկու պարագաները կշռել և կայացնել ճշգրիտ որոշում»,- ասաց Բաբաջանյանը՝ համոզմունք հայտնելով, որ վերջին իրադարձությունները այլևս որևէ կասկած չեն թողել, որ Հայաստանը ժամ առաջ պետք է հայտարարի, որ կասեցնում է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ «Հայաստանը չի կարող պատանդառված մնալ ռուս- թուրք-ադրբեջանական այն համաձայնությանը, որի նպատակը ոչ թե ՀՀ տարածքն է, ոչ թե սահմանային այս կամ այն տարածքն է, այլ Հայաստանի պետականությունն է, Հայաստանի ժողովուրդն է, Հայաստանի սուվերենն է»,- շեշտեց Բաբաջանյանը՝ շարունակելով. «Դուք չեք պատկերացնում, թե ինչ սպասումներ ունեն մեր հայրենակիցները ՀՀ սահմանային բնակավայրերւմ։ Սահմանաին ապրող հայրենակիցները, որոնք սպասում էին այսօրվա կարևոր իրադարձություններին և  հատկապես սպասում էին այս հավաքին և այս հավաքի արդյունքում ամփոփվող այն հանրագումարին, այն պահանջին, որը բոլորս կիրականացնենք։ Սյունքիում, Վայոց ձորում, Գեղարքունիքում մարդիկ իրենց աչքի առաջ տեսել են, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չի կատարում իր առջև դրված  կարևորագույն պարտականությունները։ Չի կատարում այն պարտականությունները, որը նա ստանձնել է 1997 թվականի «Բարեկամության և փոխօգնության» պայմանագրի դրույթներով։ Գնացեք կարդացեք 2022 թվականի փետրվարի 22-ին ՌԴ-ի և Ադրբեջանի մինչև ձեռք բերված, ստորագրված պայմանագիրը՝ ռազմավարական գործընկերության մասին։ Այդ պայմանագիրը «Շուշիի հռչակագրից» բխող համաձայնություն է ՀՀ-ն ոչնչացնելու մասին»,- հայտարարեց նա՝ նշելով, որ չենք կարող գտնվել մի ռազմավարական դաշինքում, որտեղ մենք դաշնակից չունենք, որտեղ մինչև հիմա գտնվում էինք, որովհետև Ռուսաստանն էր մեր դաշնակիցը, բայց հիմա համոզվել ենք, որ Ռուսաստանը ոչ միայն չի կատարում իր պարտականությունները, այլև հարձակումից ժամեր առաջ ազատում է այն հենակետերը, որոնք վերապահվել էին իրենց՝ պաշտպանության համար. «Կա՛մ Ռուսաստանը վերանայում է իր պարտականությունները՝ Հայաստանի առջև, որոնք պայմանագրի դրույթների համաձայն պարտավորվում է կատարել, կա՛մ Հայաստանը գնում է այն ճանապարհով, որը այս հավաքը և վստահ եմ, որ շատ ավելի մեծ զանգվածներ պահանջում են ՀՀ իշխանություններից; Այսօր Ռուսաստանը Հայաստանի առջև դրել է երկու ընտրություն՝ կա՛մ Ուկրաինա, կա՛մ Բելառուս։ Մենք այստեղ ենք՝ մերժելու ՌԴ որևէ առաջարկ և ցույց տալու, որ Հայաստանը ունի արժանապատիվ ճանապարհ՝ լուծելու իր անվտանգության կարիքները և պետքերը։ Այս շարժումը պետք է լինի համազգային, մենք պետք է խոնարհենք մեր բոլոր կուսակցական դրոշները և բարձրացնենք միայն ՀՀ դրոշը։ Այս շարժմանը պետք է միանան բոլորը ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում։ Արցախը պետք  է իմանա, որ իր գոյությունը կախված է հզոր և բարգավաճ Հայաստանից։ Հայաստանը կարող է տնտեսապես, ռազմական առումով պաշտպանված լինի, եթե այս պահին կատարի այն վճռական քայլերը, որոնք պահանջվում է ՀՀ իշխանությունից։ Չկա Արցախը հայկական պահելու այլ ճանապարհ, քան այսօր, այստեղ Հայաստանի հզորության, հարատևության համար որոշում կայացնելը և դրանք տեր կանգնելը։ Մենք պետք է այստեղ երդվենք, որ ինչ սադրանքի ենթարկեն այս շարժումը պետք է աներեր և անսասան մնա մեր մտադրության և մեր պայքարի մեջ։ Նրանք, ովքեր կոտնձգեն ժողովրդի իշխանության դեմ, ովքեր կփորձեն ներքաղաքական սադրանքներ, մանիպուլյացիաներ իրականացնել՝ խաղալով մեր ժողովդրի նյարդերի զգացումների հետ, մենք պետք  է փորձենք նրանց արժանի պատասխան տալ։ Կեցցեք ազատ, անկախ և հարատև Հայաստանը։ Եզրափակելով ելույթը՝ Բաբաջանյանը հայտարարեց. «Փառք այն հզոր տղերքին, որոնք իրենց կյանքը նվիրաբերեցին մեր երկրի ինքնիշխանության, ժողովրդավարության, պետականության համար։ Փառք նրանք, ովքեր հիմա կանգնած են սահմանին և իրենց ներկայությամբ, ուժով, նպատակասլացությամբ պաշտպանում են մեզ, մեր երկրի սուվերենությունը, հայ ժողովրդի և Հայաստանի հարատևությունը»։
15:49 - 18 սեպտեմբերի, 2022
Հայաստանի գործն է այլ կազմակերպությունների հետ հարաբերությունները. Փելոսին պատասխանեց ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին

Հայաստանի գործն է այլ կազմակերպությունների հետ հարաբերությունները. Փելոսին պատասխանեց ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին

Մենք հասկանում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ անվտանգության ձեւավորման մի մասն է։ Դրա հետ կապված որեւէ բան չենք ասում։ Այն, ինչ մենք ասում ենք, այն է, որ ԱՄՆ-ն խիստ մտահոգված է Հայաստանի անվտանգության համար, մենք ուզում ենք անել այն ամենը, ինչ կարող ենք, լինել ավելի աջակցող Հայաստանի անվտանգության համար՝ առանց հղվելու ՌԴ-ին հետ կամ ռուսական պայմանավորվածությանը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնն՝ այն հարցին, թե արդյոք ԱՄՆ ակնկալո՞ւմ է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից: Իր հերթին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին շեշտեց, որ Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավարությունն արժեք է  ԱՄՆ-ի համար։  «Թավշյա հեղափոխությունը Հայաստանում ողջունվել է աշխարհի կողմից, եւ դա մի բան է, որը ամրապնդվել է վերջին ընտրությունների ժամանակ, որը ազատ եւ արդար էր, եւ ճանաչվել է որպես այդպիսին։ Ուստի, դարձյալ լավ օրինակ է ժողովրդավարության անցման համար, եւ մենք աջակցում ենք դա։ Ինչպես պարոն Փալոնն ասաց, Հայաստանի գործն է այլ կազմակերպությունների հետ հարաբերությունները, բայց իմ տեսանկյունից, եւ մե՛ր տեսանկյունից, Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավարությունն արժեք է մեզ համար Ամերիկայում, եւ մեր փոխհարաբերություններում այլ երկրների հետ մենք պետք է օգտագործենք մեր ազդեցությունը, մեր լծակները՝ ցույց տալով, որ ՀՀ ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունն առաջնահերթություն են։ Խոսում ենք մեր կողմից, ոչ թե ասում ենք Հայաստանին, թե ինչ պետք է անի։ Հետաքրքիր է, որ նրանք հիասթափված էին, որ այդ հարաբերությունից նրանք փաստահավաքներ ստացան և ոչ թե պաշտպանություն, կտեսնենք՝ հետո ինչ կլինի,- հավելեց խոսնակը։
14:42 - 18 սեպտեմբերի, 2022