ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգության դոնորի դերը աստիճանաբար կաճի. ՀՀ ԱԳ նախարար

Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգության դոնորի դերը աստիճանաբար կաճի. ՀՀ ԱԳ նախարար

Հունիսի 10-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝  նեղ, այնուհետև ընդլայնված կազմով:  Նիստի օրակարգում էին միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առանձին որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր:  Ընդլայնված կազմով նիստին ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ 30 տարի առաջ ՀԱՊԿ անդամ պետությունները պատմական որոշում կայացրին՝ միավորելու ջանքերը՝ ուղղված համընդհանուր խաղաղության և անվտանգության ապահովմանը, ինչը, ի վերջո, հանգեցրեց երկու տասնամյակ առաջ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ստեղծմանը։  Նախարար Միրզոյանն արձանագրել է, որ ընդհանուր ջանքերով հաջողվել է հուսալի հիմք ապահովել մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման և պաշտպանական արդյունավետ համակարգի ստեղծման ու հետագա զարգացման համար՝ միտված կազմակերպության անդամ երկրների՝ ակնկալիքների ու ձգտումների համապարփակ ապահովմանը: Նշելով, որ ՀԱՊԿ-ն ավելի ու ավելի կարևոր դերակատարություն է ձեռք բերում եվրասիական տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում, ՀՀ ԱԳ նախարարը հավելել է, որ ակնհայտ է, որ ՀԱՊԿ՝ որպես անվտանգության դոնորի դերը աստիճանաբար կաճի: Նիստի ավարտին ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը՝ «ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության 2022-2024 թթ. խորհրդակցությունների պլանի մասին» որոշումը, «Միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը»: Հավանության է արժանացել նաև «ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստի ժամանակի և վայրի մասին» արձանագրային որոշումը, համաձայն որի՝ նիստը կացնկացվի Երևանում ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում: ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարներին է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ: Տեղի է ունեցել նաև ՀԱՊԿ֊ի հոբելյանական տարվան և կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի և առաջին օրվա ծրարի մարման արարողությունը:
18:33 - 10 հունիսի, 2022
Պետք է ցավով նշեմ, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այդքան էլ կայուն չէ․ վարչապետ Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարներին

Պետք է ցավով նշեմ, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այդքան էլ կայուն չէ․ վարչապետ Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյին, Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիին, Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևին, Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Բացման խոսքում վարչապետ Փաշինյանն ասել է. «Հարգելի բարեկամներ, Ողջունում եմ բոլորիդ մեր երկրում, մեր մայրաքաղաքում: Եվ ողջունում եմ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի անցկացումը մեր երկրում: Այս տարի կրկնակի հոբելյան ունենք՝ նշում ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը և Հավաքական անվտանգության կազմակերպության ստեղծման 20-ամյակը: Շատ հաճելի է նկատել, որ այս հոբելյանական տարում, կորոնավիրուսի համավարակից հետո կրկին վերականգնվում է այն դինամիկան, որն ավանդաբար ունեցել ենք: Եվ, ինչպես բազմիցս այդ մասին խոսել ենք, կարծում եմ, որ հոբելյանը շատ լավ առիթ է՝ անցած ճանապարհը վերլուծելու, մեր ունեցած հաջողությունները, ձեռքբերումներն ընդգծելու և նաև այն թերությունների մասին խոսելու համար, որոնք նկատվել են մեր կազմակերպության գոյության ու աշխատանքի ընթացքում: Գիտեք, որ ՀԱՊԿ-ն մեր երկրների անվտանգության ապահովման ոլորտում կարևորագույն գործոններից է, և պետք է ցավով նշեմ, որ մեր կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակն այդքան էլ կայուն չէ: Այս համատեքստում, կարծում եմ, պետք է սերտ համագործակցել, փոխանակվել տեղեկատվությամբ, իրավիճակի գնահատականներով՝ ճգնաժամային իրավիճակների կանխարգելման և կառավարման համար նախատեսված մեխանիզմներն անհրաժեշտ պահին գործարկելու համար: Պետք է նշեմ նաև, որ շատ ուրախ ենք այսպիսի ինտենսիվությամբ հյուրընկալել ՀԱՊԿ տարբեր միջոցառումներ: Վերջերս Երևանում հյուրընկալեցինք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, հիմա՝ այս կարևոր միջոցառումը: Հունիսի 17-ին սպասում ենք ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարներին: Սրանք իսկապես շատ լավ առիթներ են՝ խոսելու և քննարկելու այն օրակարգը, որ ունի մեր կազմակերպությունը: Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ և հույս ունեմ՝ արդյունավետ նիստ և ժամանակ եք անցկացնում մեր հանրապետությունում»: ՀՀ վարչապետը, ՀԱՊԿ ԱԳ նախարարների հետ հանդիպմանը, անդրադարձել է տարածաշրջանային ընթացիկ իրավիճակին՝ խոսելով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային հաղորդուղիների բացման, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի մասին: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը: Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանը շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, և բոլոր ճանապարհները, որոնք պետք է բացվեն, գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. «միջանցքային» որևէ տրամաբանություն չի կարող լինել, և սա համընդհանուր ընկալում է։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն առանցքային է համարել ԼՂ կարգավիճակի հարցը և ընդգծել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: ՀՀ վարչապետը նկատել է՝ դեռևս բաց է մնում 2021թ. մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժման հարցը, ինչի կապակցությամբ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ մշտադիտարկման և արագ արձագանքման մեխանիզմների լավարկման շուրջ, ինչը կբարձրացնի կազմակերպության գործունեության և անդամ երկրների անվտանգային մարտահրավերների սպասարկման արդյունավետությունը:
16:43 - 10 հունիսի, 2022
ՀԱՊԿ արտգործնախարարները մտահոգված են միջազգային անվտանգության շարունակական վատթարացմամբ |armenpress.am|

ՀԱՊԿ արտգործնախարարները մտահոգված են միջազգային անվտանգության շարունակական վատթարացմամբ |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի աշխատանքները Երևանում անցել են շատ կառուցողական և լավ մթնոլորտում: Այդ մասին նիստից հետո հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ միասին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացնելով նիստի ամփոփիչ արդյունքները: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները մեծ ուշադրություն են հատկացրել հատկապես միջազգային և տարածաշրջանային անվտանգության վիճակի քննարկմանը: Անդրադառնալով այս հարցին՝ Ստանիսլավ Զասը շեշտեց, որ իրավիճակն իսկապես բարդ է կոլեկտիվ անվտանգության բոլոր երեք տարածաշրջաններում: Իսկ արևելաեվրոպական տարածաշրջանում, ըստ գլխավոր քարտուղարի, իրադրությունը գնալով վատթարանում է: «Քննարկման արդյունքներով համաձայնեցվել և ընդունվել է փաստաթուղթ՝ արտաքին գործերի նախարարների հայտարարությունը միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, որում արտգործնախարարները խոր մտահոգություն են հայտնում միջազգային անվտանգության շարունակական վատթարացման կապակցությամբ: Փաստաթղթում արտահայտվել է անդամ պետությունների դիրքորոշումը հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի խստիվ պահպանման և մեկ պետությունների անվտանգությունը մյուսների հաշվին ուժեղացնելու անթույլատրելիության մասին», - հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Ընդունված հայտարարությամբ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները նաև իրենց աջակցությունն են հայտնել աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջատար դերակատարման ամրապնդմանը: Ստանիսլավ Զասի խոսքով՝ վերոշարադրյալ կետերն արտահայտում են այն եզրահանգումների հիմնական էությունը, որոնք դրված են ԱԳ նախարարների համատեղ հայտարարության հիմքում: Բացի այդ, նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության գլխավոր առաջնահերթություններից մեկն է, և այդ մասին մինչ Ստանիսլավ Զասի ելույթը հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Հարցի առնչությամբ Ստանիսլավ Զասը նշեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջին փորձն այդ առումով Ղազախստանում հունվարին իրականացված խաղաղապահ առաքելությունն էր: «Ըստ էության՝ դա մեր առաջին փորձն էր Ղազախստանում իրականացված խաղաղապահ գործողության ընթացքում, երբ գործարկվեց ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգը: Դա լավ հող նախապատրաստեց այս ոլորտում մեր գործունեության կատարելագործման համար: Արտգործնախարարները տեղեկացրել են ինձ այն աշխատանքների մասին, որոնք արդեն իրագործվել են ՀԱՊԿ-ի մեր աշխատանքային մարմիններում, և մենք մտադիր ենք մոտակա ամիսներին մշակել փաստաթղթի նախագիծ այդ հարցի վերաբերյալ», - հաղորդեց Զասը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին և անձամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ինչպես ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված մի շարք առաջարկներ ներկայացնելու, այնպես էլ առհասարակ հյուրընկալության և միջոցառման հրաշալի կազմակերպման համար:
15:50 - 10 հունիսի, 2022
ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժման հարցը մնում է բաց. Միրզոյանի հայտարարությունը՝ ՀԱՊԿ նիստից հետո |armenpress.am|

ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժման հարցը մնում է բաց. Միրզոյանի հայտարարությունը՝ ՀԱՊԿ նիստից հետո |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի՝ Երևանում տեղի ունեցած նիստի արդյունքներով ընդունվել է հայտարարություն միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, ինչպես նաև՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդատվության ծրագիրը առաջիկա երեք տարիների արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ: Այդ մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց հյուրընկալող երկրի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ: «Մենք ավարտեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեցին ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Ընթացիկ տարում մենք նշում ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադրման 20-ամյակը, ինչի կապակցությամբ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս: Նեղ կազմով, այնուհետև ընդլայնված ձևաչափով տեղի ունեցած նիստերի ընթացքում մենք ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հետ քննարկել ենք իրադրության զարգացման միտումները միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում և դրանց ազդեցությունը մեր պետությունների անվտանգության վրա: Մենք շոշափել ենք նաև ճգնաժամային արձագանքի մեխանիզմների կատարելագործման հարցը, ինչը, ինչպես գիտեք, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունն է: Հունվար ամսին կազմակերպությունը ճիշտ ժամանակին արձագանքեց Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններին, բայց մինչ օրս բաց է մնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված հարցը, որը սկսվել է 2021 թ. մայիսին: Մենք նաև քննարկել ենք այն պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով 2021 թ. սեպտեմբերին՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի շրջանակներում, և Հայաստանի նախագահության առաջնահերթությունները», - հայտնեց Հայաստանի արտգործնախարարը: Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը եղել և մնում է հավատարիմ ՀԱՊԿ-ի շրջանակներում նախաձեռնողական համագործակցությանը՝ ուղղված անդամ պետությունների միջև փոխգործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում արտաքին քաղաքականության համաձայնեցման զարգացմանը և կազմակերպության դերի ակտիվացմանը միջազգային ասպարեզում: ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը անցկացնել կրկին Երևանում ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում:
14:50 - 10 հունիսի, 2022
Սահամազանման գործընթացի մեջ բոլորն իրենց բաժինն ունեն, բացի մեզնից ու ժողովրդից. Իշխան Սաղաթելյան |news.am|

Սահամազանման գործընթացի մեջ բոլորն իրենց բաժինն ունեն, բացի մեզնից ու ժողովրդից. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Այս իշխանությունները որեւէ տեղ եւ որեւէ կերպ չեն կարողանում պատշաճ ներկայացնել մեր պետության ու ժողովրդի շահերը, այդ թվում ՀԱՊԿ-ում: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: «Թե պատերազմի ընթացքում, թե պատերազմից հետո, երբ Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք, մենք մինչեւ այսօր պատշաճ բացատրություն չունենք՝ արդյոք ՀՀ իշխանությունները դիմել են ՀԱՊԿ-ին, արդյոք ճիշտ դիմել են  ճիշտ հոդվածներով եւ կարգով եւ ինչ պատասխան են ստացել: Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ սրանք իշխանության գալուց ինչ վարքագիծ ու դիրքորոշում ունեին ՀԱՊԿ-ի նկատմամբ, իսկ իշխանության գալուց հետո ինչ գործողություն սկսվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ: Այս իշխանությունները այդ մեղադրանքով նաեւ ՀԱՊԿ-ի վարկաբեկման գործընթաց սկսեցին: Սա է իրենց դեմքը, իրենց աշխատանքը, որ բոլորին հայտնի է»,-ասաց նա: Անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մենք գտնում ենք, որ  ուժի սպառնալիքի ներքո սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել: Այդ աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ Ադրբեջանի զորքերը դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ուժի սպառնալիքի տակ իրականացվող խաղաղության գործընթաց չի կարող լինել եւ դա անընդունելի է: Բայց քանի որ ՀՀ-ում չկա իշխանություն, որ կարող է պաշտպանել մեր պետության ու ժողովրդի շահերը, ունենք այն, ինչ ունենք»: Նա հիշեցրեց, որ սկզբնական շրջանում խոսվում էր 1920-կանների քարտեզների մասին, հետո դա փոխվեց, վերջին շրջանում խոսվում է 1970-ականների քարտեզների մասին. «Կան իրար հակասող հայտարարություններ: Ամբողջ խնդիրն այն է, որ ժողովրդի թիկունքում տեղի է ունենում գործընթաց: Երեկ խոսվեց նաեւ ճանապարհների ապաշրջափակման մասին, կան արդեն վերջնական համաձայնություններ: Լավ, ինչի՞ մասին է խոսքը, մեր ժողովուրդը կարո՞ղ է հասկանալ, թե փակ դռների հետեւում սրանք ինչի շուրջ են բանակցում: Երբ չկան կարմիր գծեր եւ տեղի են ունենում բանակցություններ:  Այս գործընթացի մեջ բոլորն իրենց բաժինն ունեն, բացի մեզնից ու ժողովրդից»,-ասաց Սաղաթելյանը:
12:04 - 10 հունիսի, 2022
«Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքների կանգառումը ժամանակավորապես դադարեցվել էր՝ անվտանգության նկատառումներից ելնելով |armenpress.am|

«Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքների կանգառումը ժամանակավորապես դադարեցվել էր՝ անվտանգության նկատառումներից ելնելով |armenpress.am|

armenpress.am: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում  հունիսի 10-ին, ժամը 09.30-ից մինչև 10.50-ը, «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքների կանգառումը ժամանակավորապես դադարեցվել էր՝ անվտանգության նկատառումներից ելնելով:  Այս մասին ասաց Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: Նշենք, որ առավոտից փակ են նաև դեպի Բաղրամյան պողոտա տանող բոլոր ճանապարհահատվածները: «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց համակիրները Ֆրանսիայի հրապարակից շարժվել էին  դեպի Բաղրամյան պողոտա, սակայն մինչև ՀՀ նախագահի նստավայր հասնելը ոստիկանները պատ էին կազմել, որից այն կողմ ցուցարարներին անցնել թույլ չէին տալիս: Նշենք, որ ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է  ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը:
12:00 - 10 հունիսի, 2022
ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ դաշնակցի պես իրենց չեն պահել, տրորել են հայկական շահը. Տիգրան Աբրհամյան |news.am|

ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ դաշնակցի պես իրենց չեն պահել, տրորել են հայկական շահը. Տիգրան Աբրհամյան |news.am|

news.am: Երբ Ադրբեջանը 2021-ին մայիսին եւ նոյեմբերին ներխուժում էր Հայաստանի ինքնիշխան տարածք Գեղարքունիքի եւ Սյունիքի ուղղությամբ, ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ դիմել են ՀԱՊԿ իշխանություններին. առ այսօր մնում է անհայտ, թե արդյոք ՀՀ իշխանությունները պատշաճ ընթացակարգով դիմել են ՀԱՊԿ-ին, արդյոք ՀՀ դիմումը ՀԱՊԿ-ի տարբեր օղակներում քննարկման առարկա է դարձել: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նրա խոսքով, սա կարեւոր է, որովհետեւ Հայաստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ է եւ ՀՀ տարածքը 2021-ին 2 անգամ ադրբեջանական ագրեսիայի է ենթարկվել: Առ այս պահը ժողովուրդը չունի պատասխան, թե արդյոք ՀԱՊԿ-ն ստացել է Հայաստանի պատշաճ գրությունը եւ արդյոք դա քննարկման առարկա է դարձել. «Երկրորդը, հաշվի առնելով, որ այսօր Երեւանում ընթանում է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, կա եւս մեկ կարեւոր հարց. ՀԱՊԿ-ում բազմիցս քննարկվել է, որ անդամ երկրների դիրքորոշումները արտաքին քաղաքական հարցերում եւ միմյանց վերաբերող հարցերոմ պետք է լինեն ներդաշնակ: 44-օրյա պատերազմից հետո ՀԱՊԿ որոշ անդամ երկրներ դիրքորոշումներ են արտահայտել, որոնք որեւէ ձեւով չի տեղավորվում դաշնակից պետությունների դիրքորոշումների հետ: Նման հայտարարությունները, որոնք տրորում են հայկական շահը չպետք է տեղ գտնեն ՀԱՊԿ ձեւաչափում: Այսպիսի հարցերը պետք է դառնան այսպիսի միջոցառումների քննարկման առարկա: Այս իշխանությունը մինչեւ հիմա պատասխան չի տվել, թե ինչպիսին է տեսնում Հայաստանի շահերի ընդգրկումը այս կազմակերպությունում եւ ինչպես պետք է շարժվի Հայաստանը: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ն Հարավային Կովկասում որպես ռազմաքաղաքական դաշինքը ՀՀ-ի համար այլընտրանք չունի: Այլ բան է, որ պետք է հասկանանք, թե ինչպես պետք է արդյունավետ դարձնել ՀԱՊԿ մեխանիզմները»,-ասաց պատգմավորը: Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանն այդպես էլ չդիմեց ՀԱՊԿ-ին. «Պատկերացրեք մի իրավիճակ, որ Հայաստանը հնարավորություն ուներ ՀԱՊԿ-ի միջամտության եւ ՀՀ սահմաններին նրանց ներկայության պայմաններում մեր մարտունակ կորպուսները ուղղել գլխավոր ճակատ: Մենք ունեինք զորամիավորումներ, որոնք Հայաստանի սահմանների տարբեր ուղղություններով տեղակայված էին, որտեղ մարտական ուղղություններ չէին ընթանում, սակայն իրենց ամբողջ ներուժը կիրառելու հնարավորություն չունեին: Եթե այդ զորամիավորումներն ուղղեին Արցախ, մենք չէինք ունենա այն իրավիճակը, ինչ ունենք այսօր Արցախում: Իհարկե, ՀԱՊԿ-ի հետ կապված ասելիքն ու անելիքները շատ են, բայց հասկանալի է, որ այս իշխանության օրոք Հայաստանի շհը չի կարող ներկայացված լինել: Մենք մեր դաշնակիցների հետ կարող էինք արդյունավետ աշխատել միայն մեկ դեպքում, եթե Հայաստանը լինի առանց Նիկոլի»,-ամփոփեց Տիգրան Աբրահամյանը:
10:42 - 10 հունիսի, 2022
Երևանում կկայանա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

Երևանում կկայանա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

Հունիսի 10-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Տեղի կունենան ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների նեղ կազմով, ապա և ընդլայնված կազմով խորհրդի նիստերը, ինչին կհաջորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը մամուլի համար:  Նիստի օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր:   Նիստի արդյունքներով նախատեսվում է ստորագրել արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների 2022-2024 թթ. խորհրդատվությունների ծրագիրը: 
18:51 - 09 հունիսի, 2022
ՆԱՏՕ-ի երկրներին դուր չի գալիս ՀԱՊԿ-ի զարգացումը. Լավրով |1lurer.am|

ՆԱՏՕ-ի երկրներին դուր չի գալիս ՀԱՊԿ-ի զարգացումը. Լավրով |1lurer.am|

1lurer.am: Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին դուր չի գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զարգացումը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՀԱՊԿ-ը պետք է դառնա Եվրոատլանտյան տարածքում հավասարակշռություն ապահովող գործոն՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ը կշարունակի զարգանալ, ինչը, սակայն, ոչ բոլորին է դուր գալիս, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրներին։ «Վստահ եմ՝ կառույցի շրջանակում մեր քննարկումները և տարածաշրջանում անվտանգություն հաստատելու նախաձեռնությունները կհաջողեն․ իսկ ՀԱՊԿ-ի հեղինակությունն ու ձայնն ավելի նշանակալից կդառնան»,- նշել է դիվանագետը։ Նախարարի խոսքով՝ ՀԱՊԿ-ն առավելագույնս օգտագործում է այլ միջազգային կազմակերպությունների փորձը, այդ թվում՝ խաղաղության պահպանման ոլորտում։ «Կարևոր է, որ մենք առավելագույնս օգտագործենք միջազգային այլ կազմակերպությունների փորձը տարբեր ոլորտներում, կան համաձայնագրեր ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի միջև: ՀԱՊԿ-ը կապեր է հաստատում տարբեր միջազգային կազմակերպությունների հետ։ Հարաբերությունները կայունացել և հաստատվել են ՄԱԿ-ի, Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի հետ: Արդեն կապեր կան Իսլամական համագործակցության կազմակերպության, ԵԱՀԿ-ի հետ, հարաբերություններ են հաստատվում Աֆրիկյան միության, Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի հետ»: ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ «ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը վկայում է կազմակերպության ձեռքբերումների և նրա կենսունակության ճանաչման մասին»։
13:57 - 08 հունիսի, 2022
Վարչապետը հանձնարարականներ է տվել Երևանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի կազմակերպման վերաբերյալ


 |armenpress.am|

Վարչապետը հանձնարարականներ է տվել Երևանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի կազմակերպման վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հունիսի 9-10-ը Երևանում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել համապատասխան պետական գերատեսչությունների և ծառայությունների ղեկավարներին նիստի պատշաճ կազմակերպման վերաբերյալ: Ըստ վարչապետի հունիսի 7-ի 651 – Ա որոշման, որը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում, ՀՀ արտգործնախարարը և ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետը ապահովելու են ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի կազմակերպչական աշխատանքների կատարումը պատշաճ մակարդակով, նախապատրաստելու են նիստի ծրագիրը և ապահովելու են ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը: Պետական պահպանության ծառայության պետին հանձնարարված է ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր, ոստիկանության պետին՝ նիստի անցկացման վայրերում հասարակական կարգի պահպանումը և ճանապարհային ոստիկանության անձնակազմերի հատկացումը ուղեկցության համար: Արտակարգ իրավիճակների նախարարը կապահովի փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառման անցկացման վայրում, քաղավիացիայի կոմիտեի նախագահը՝ նիստի շրջանակներում Հայաստան ժամանող հատուկ չվերթերի սպասարկումը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների դիմավորումն ու ճանապարհումը: Իսկ նիստի կազմակերպման և անցկացման, պատվիրակությունների կեցության, միջոցառման անցկացման համար սրահների վարձակալության և կահավորման, արարողակարգային միջոցառումների և նախապատրաստական այլ աշխատանքների հետ կապված ծախսերն արվելու են 2022 թ. պետբյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ ԱԳՆ-ի և ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների: Ֆինանսական մասով կազմակերպչական հարցերի ապահովումը հանձնարարված է ֆինանսների նախարարին:
20:53 - 07 հունիսի, 2022
Հակոբ Արշակյանն ընդունել է ԻԻՀ պատվիրակությանը. կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ միջանցքի կառուցմանն ու շահագործմանը

Հակոբ Արշակյանն ընդունել է ԻԻՀ պատվիրակությանը. կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ միջանցքի կառուցմանն ու շահագործմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Աբբաս Մոքթադայի Խորասհանիի գլխավորած պատվիրակության հետ: Հակոբ Արշակյանը, ողջունելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակության անդամներին, նշել է, որ միջխորհրդարանական ձևաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար: ԱԺ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: «Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջև երկխոսության օրակարգով առաջնորդվող երկու երկրների համար»,- ասել է Հակոբ Արշակյանը: 2022 թ. նշանավորվում է նաև ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով: ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկու երկրների միջև գրեթե բոլոր ոլորտներում առկա է փոխհարաբերությունների բարձր մակարդակ: «Հայաստանն Իրանը դիտարկում է որպես վստահելի գործընկեր և լավ հարևան: Իրանի հետ հարաբերությունները մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձել է ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսևորումներով, որոնք վտանգում են ամբողջ տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը: «Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումն ու ներուժն ակնհայտ է, և դրա վառ դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ԻԻՀ արտահայտած հստակ հայտարարությունը»,- ասել է Հակոբ Արշակյանը: Նա նշել է, որ հայ համայնքն Իրանում ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Աբբաս Մոքթադայի Խորասհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Իրանը մշտապես կարևորել է երկրների տարածքային ամբողջականությունը: Իրանը մեծ պետություն է և հարևան է մոտավորապես 15 երկրի հետ: Հայաստանը Իրանի համար յուրահատուկ և ռազմավարական հարևան է»,- նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահը:Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման առումով կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որն էական դերակատարում ունի երկու երկրների փոխըմբռնման և փոխվստահության գործում: Նա տեղեկացրել է, որ 2022 թ. առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է շուրջ 40 տոկոսով: Բարեկամական խմբի ղեկավարի դիտարկմամբ՝ առաջիկայում մի քանի խոշոր ծրագրերի իրականացումը կնպաստի ցուցանիշի բարելավմանը: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առևտրաշրջանառության զարգացման ու ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանն ու շահագործմանը: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, էներգետիկ, արևային էներգետիկայի, բնապահպանության, ջրային ռեսուրսներին առնչվող ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:
16:33 - 07 հունիսի, 2022
Հայտնի է Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը   |armenpress.am|

Հայտնի է Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը |armenpress.am|

armenpress.am:  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստում քննարկվելու է միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցն ու դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա: Այս մասին ասվում է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ: ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին, որը հունիսի 10-ին տեղի է ունենալու Երևանում՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ, մասնակցելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին ներկայացվելու է տեղեկատվություն ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններում կազմակերպության ճգնաժամային արձագանքման կատարելագործման ուղղությամբ ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի կողմից անցկացվող աշխատանքների վերաբերյալ:
10:56 - 07 հունիսի, 2022
Ըստ Ստանիսլավ Զասի՝ Հարավային Կովկասում շարունակվում է պահպանվել լարվածությունը, չնայած հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում

 |armenpress.am|

Ըստ Ստանիսլավ Զասի՝ Հարավային Կովկասում շարունակվում է պահպանվել լարվածությունը, չնայած հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասում շարունակվում է պահպանվել լարվածությունը, չնայած հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում։ Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին այս մասին հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Իրավիճակի կայունացման գործում շարունակում է կարևոր դեր խաղալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հաջող ավարտը, անկասկած, կարող է  մեծ ներդրում ունենալ ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում»,- ընդգծել է Զասը։ Եվրասիական տարածաշրջանում  ստեղծված բարդ պայմաններում՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ երկրների միասնականության անհրաժեշտություն է տեսնում, ինչպես նաև արտաքին հարաբերություններում գործունեության հետագա զարգացում, պաշտպանության ամրապնդում, ճգնաժամային արձագանքման ուժերի կատարելագործում և համալիր միջոցառումների անցկացում՝  ժամանակակից մարտահրավերները և վտանգները հաղթահարելու նպատակով։    
20:32 - 06 հունիսի, 2022
Վարչապետը հյուրընկալել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների ղեկավարներին

Վարչապետը հյուրընկալել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցներին՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ այս տարի նշվում է ՀԱՊԿ ստեղծման 30-ամյակը, ինչը կարևոր իրադարձություն է: «Բազմիցս ենք նշել, որ սա լավ հնարավորություն է իմի բերելու արդյունքները, վերլուծելու մեր ձեռքբերումները, բացթողումները, քայլերը, թե ինչով և ինչպես կարող ենք ավելի արդյունավետ դարձնել մեր կազմակերպությունը: Այս համատեքստում, իհարկե, Խորհրդարանարական վեհաժողովի խորհրդի դերը հնարավոր չէ գերագնահատել, քանի որ ՀԱՊԿ փաստացի այն քաղաքական պլատֆորմն է, որտեղ բոլոր այս հարցերը պետք է քննարկվեն: Կարծում եմ՝ խորհրդարանական ֆորմատը ստեղծում է դրա համար առավել լայն հնարավորություններ: Վերջին անգամ մենք այս ֆորմատով հանդիպել ենք 2019 թվականին, դրանից հետո տեղի են ունեցել շատ մեծ փոփոխություններ աշխարհում՝ կորոնավիրուսի հետ կապված, բացի այդ իրավիճակը մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում բավականին լարված է: Կարծում եմ՝ սա շատ կարևոր հարթակ է, որպեսզի կիսվենք ապագայի մեր տեսլականով և փորձենք ՀԱՊԿ մեխանիզմները դարձնել առավել արդյունավետ՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար: Սա այն թեմաներից մեկն է, որը շատ կարևոր է և՛ մեր երկրի, և՛ ընդհանարպես կազմակերպության համար: Որպես նախագահող պետություն՝ մենք այս խնդիրը համարում ենք մեր նախագահության առաջնահերթություններից մեկը և հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այդ հարցի շուրջ գալ կոնկրետ որոշումների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վյաչեսլավ Վոլոդինը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ խորհրդի նիստը հնարավորություն է տալիս մշակել որոշումներ և զարգացնել հարաբերությունները երկրների միջև: «Վեհաժողովը թույլ է տալիս ներդաշնակեցնել օրենսդրությունները, մշակել մոդելային օրենքներ: Երբ խոսում ենք օրենսդրությունների ներդաշնակեցման մասին՝ առաջին հերթին դա վերաբերում է ահաբեկչության, էքստրեմիզմի դեմ պայքարին, ռազմաքաղաքական համագործակցությանը, խաղաղապահ ուժերի գործունեությանը և այլ հարցերի»,- ասել է պարոն Վոլոդինը՝ հավելելով, որ խորհրդի նիստի աշխատանքները սովորաբար սկսում են ՀԱՊԿ-ն նախագահող երկրի առաջնահերթությունների քննարկումներից: Այնուհետև հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ մեխանիզմների զարգացման, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեությանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությամբ իրականացվող քայլերին: Վերջինիս հետ կապված վարչապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը:
17:33 - 06 հունիսի, 2022