Ինֆոքոմ

Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, շատ մեծ հավանայանություն կար, որ կգրավվեին Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը․ Նիկոլ Փաշինյան

Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, շատ մեծ հավանայանություն կար, որ կգրավվեին Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասյօրվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց, որ անդրադառնալու է ամենակարևոր հարցին, և մինչ այդ հարցին չանդրադառնալը կապված է եղել առաջնագծի շահերի հետ: «Ինձ վերագրվող ամենամեծ մեղքը հայտնի փաստաթուղթն է, որով ասվում է, թե ես համաձայնել եմ երեք տարածքներ՝ Աղդամը, Լաչինը, Քելբաջարը, հանձնել Ադրբեջանին: Շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, որովհետև այդ փաստաթուղքը ստորագրվել է մի իրավիճակում, երբ ընկած էր Շուշին, և ըստ էության, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ վիճակում են, մեղմ ասած»,- նշեց նա: Վարչապետի խոսքով՝ նաև Արցախի քաղաքական ղեկավարությունն էր այդ կարծիքին: Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչ կլիներ, եթե փաստաթուղթն այդ պահին չստորագրվեր: «Այդ փաստաթղթով տրվել է այն, ինչն, ըստ ռազմական և ոչ ռազմական գնահատականի, մենք չէինք կարողանա այդ իրավիճակում պահել: Ըստ էության, մի իրավիճակում, երբ Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել, եթե ռազմական գործողությունները շարունակվեին, շատ մեծ հավանայանություն կար, որ կգրավվեին Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո մեր երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին շրջափակման մեջ, և հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրա արդյունքում տեղի կունենար ամբողջական կոլապս, և հենց այս գնահատականի հիման վրա է կայացվել որոշումը: «Պատահական չթվա, այս օրերին առաջնագծից արդեն տասնյակ դեպքեր կան, երբ առաջին գծում գտնվող զինվորները վիդեոուղերձներ են հղում, որտեղ պաշտպանում են կայացված որոշումը»,- ասա նա: Վարչապետի խոսքով՝ պատճառն այն է, որ զինվորները տեղում տեսել և հասկացել են իրավիճակը, որքան էլ իրավիճակը դառը լինի:  «Զինված ուժերի գլխավոր շտաբի և Արցախի նախագահի գնահատականն այն էր, որ Ստեփանակերտը շատ թույլ է պաշտպանված կամ սիմվոլիկ է պաշտպանված, և եթե հանկարծ տեղի ունենար Ստեփանակերտի առումը, դա մեր հազարավոր զինվորների կթողներ շրջափակման մեջ, և արդյունքում մենք կկորցնեինք նաև այն մնացածը, ինչ որ այդ փաստաթղթով արձանագրված է»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ Շուշիի անկման փաստին՝ նշելով. «Շատ է խոսվում Շուշիի շուրջ դավադրությունների մասին: Շուշիի անկումից հետո երկու անգամ Շուշին վերադարձնելու փորձեր են արվել»: Վարչապետի խոսքով փորձերից մեկը ձախողվել է ամբողջությամբ, մյուս փորձի դեպքում մի ջոկատի հաջողվել է ներս մտնել Շուշի: «Շուշիի շուրջ լրատվությունների հակասությունները կապվում էին հենց սրա հետ: Որովհետև մի օր Շուշին, ըստ էության, անցավ անցավ հակառակորդի հսկողության տակ, որից հետո մեր կողմից հակագրոհ եղավ, որը ձախողվեց, և հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի: Եվ ահա այդ հակասությունները կապվում են այս խնդրի հետ»: Սակայն, Փաշինյանի խոսքով, Շուշիի մասով իրադրությունը փոխել չի հաջողվել:
11:20 - 11 նոյեմբերի, 2020
ԶՈՒ-ն կատարել է առավելագույն հնարավորինը․ մենք դիմակայել ենք Ադրբեջանի գերսպառազինված ԶՈՒ-ին․ Դավիթ Տոնոյան

ԶՈՒ-ն կատարել է առավելագույն հնարավորինը․ մենք դիմակայել ենք Ադրբեջանի գերսպառազինված ԶՈՒ-ին․ Դավիթ Տոնոյան

Իրավիճակն այս պահին Արցախի Հանրապետությունում բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են, հատուկենտ կրակոցներ են լինում: Շատ լուրջ լռություն է տիրում: Այս մասին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Շատ արագ տեղակայվում են ՌԴ խաղաղարար ուժերը: Տեղակայումն իրականացվում է Հայաստանից` Գորիսով, Լաչինով դեպի Ստեափաներտ, որից հետո արդեն խաղաղարար ուժերը կտեղակայվեն ԼՂ-ի սահմանների և շփման գծի երկայնքով»,- նշեց նախարարը: Անդրադառնալով այն հարցին, որ շատերը դավաճանություն են որակել Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած համաձայնագիրը՝ Տոնոյանն ասաց․ «Ես վիրավորական եմ դիտարկում այդպիսի պիտակավորումները, որովհետև ԶՈՒ-ն, ՊՆ ամբողջ համակարգն՝ իր զինվորականներով, և զորահավաքային ռեսուրսը, կառավարությունը, սփյուռքը արել են առավելագույնը, որ մենք կարողանանք հաջողության հասնել»:  Տոնոյանի խոսքով՝ աշխարաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ մենք գործել ենք սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման առումով տոտալ բլոկադայում: «Այն, ինչ կատարվել է թիկունքային ապահովման և սպառազինության, տեխնիկայի ապահովման տեսանկյունից, կարելի է, բացի ռազմական գործողություններից, նաև հերոսամարտ անվանել: Արվել է անհնարինը»,- ասաց նա: Տոնոյանը վստահեցրեց, որ ԶՈՒ-ն՝ ժամկետային պարտադիր զինծառայողներից մինչև գեներալներ, մոբիլիզացիոն ռեսուրս, կատարել է առավելագույն հնարավորինը: «Մենք դիմակայել ենք շատ մեծ ուժի՝ Ադրբեջանի գերսպառազինված ԶՈՒ-ին: Եվ եթե ինձ կարող են հարցնել` ինչո՞ւ դուք սպառազինված չէիք, սպառազինված ենք եղել, բայց քանակական առումով և ռեսուրսների առումով, ես կարծում եմ, ՀՀ-ի և Ադրբեջանի հնարավորություններն անհամեմատելի են»,- ասաց նախարարը։
22:41 - 10 նոյեմբերի, 2020
Հավելյալ կառույցներ ստեղծելը ո՛չ մեր հրետանու քանակն էր ավելացնելու, ո՛չ էլ պակասեցնելու էր թշնամու հրետանու և ԱԹՍ-ների քանակը․ Տիգրան Ավինյան

Հավելյալ կառույցներ ստեղծելը ո՛չ մեր հրետանու քանակն էր ավելացնելու, ո՛չ էլ պակասեցնելու էր թշնամու հրետանու և ԱԹՍ-ների քանակը․ Տիգրան Ավինյան

ՌԴ-ն Մինսկի խմբի անդամ է, միջնորդ երկիր, և այստեղ ՌԴ-ի գործառույթները որևէ կերպ փոխկապակցված չեն այն իշխանությունների հետ, որ այդ օրը կան: Ռուսաստանը`որպես ՀՀ-ի դաշնակից, իր ունեցած հնարավորությունների շրջանակում արել է առավելագույնը, ինչն իրեն կարող էր թույլ տալ այս շրջանակում: Այս մասին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում այսօր ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։  Ավինյանը հայտնեց, որ և՛ որպես մեր դաշնակից, և՛ որպես Մինսկի խմբի անդամ, ՌԴ-ն արել է այն, ինչ իրենից կախված է եղել: Ավինյանը նշեց, որ այնուամենայնիվ, այն աջակցությունը, որը տրամադրել է Թուրքիան Ադրբեջանին, և ռազմական տեխնիկայի այն քանակությունը, որ կուտակվել է Ադրբեջանում մանավանդ վերջին երկու ամիսների ընթացքում, մեր ռազմական գործիչների գնահատականների ուղեծրից դուրս է եղել: Այդ ծավալի հարձակումը կանխատեսելի չի եղել:  Փոխվարչապետի խոսքով՝ իրենց ընդդիմախեսների առաջարկները ռազմական դրության տրամաբանությունից դուրս են եղել։ «Զինված ուժերը կատարել են իրենց խնդիրները, և այն խնդիրները, որոնք ունեցել են զինված ուժերը, քաղաքական իշխանությունը, ՏԻՄ-երը, մարզպետարանները փորձել են աջակցել և լուծել՝ լինի տեխնիկայով, համապատասխան սարքավորումների ներկրմամբ և այլն: Այսինքն` այստեղ պահանջարկը ներկայացրել են ԶՈՒ-ն և ասել են, թե ինչ խնդիրներ պետք է կատարվեն: Բոլոր մնացած մարմիններն աջակցել են ԶՈՒ-ին»,- ասաց նա։  Անդրադառնալով կուսակցությունների առաջարկին, որ պետք է ձրավորվեր ինչ-որ խումբ, որը ստանձնելու էր ռազմական գործի ղեկավարումը, փոխվարչապետը նշեց, որ դա դուրս է գալիս առհասարակ ԶՈՒ և Գլխավոր շտաբի պետ ունենալու տրամաբանությունից: «Մեր երկիրն ունեցել է Գլխավոր շտաբի պետ, գերագույն գլխավոր հրամանատար, և ԶՈՒ-ն համապատասխանաբար գործել են՝ ըստ իրավիճակի իրենց խնդիրները լուծելու համար: Հավելյալ կառույցներ ստեղծելը, որոնք պետք է ղեկավարեին պրոցեսը, ո՛չ մեր հրետանու քանակն էր ավելացնելու, ո՛չ էլ պակասեցնելու էր թշնամու հրետանու և ԱԹՍ-ների քանակը»,- ասաց նա: Փոխվարչապետի խոսքով՝ գործողությունները բավականին արագ են տեղի ունեցել, եղել են հարվածներ և՛ հյուսիսից, և՛ հարավից: «Հյուսիսում հիմնականում շատ փոքր հաջողություններ է ունեցել թշնամին և ստիպված կանգնել է, չնայած որ ահռելի ծավալի հարվածներ է հասցրել, և միայն հաջողել է հարավային հատվածում, և հետագայում բոլոր մեր խնդիրներն ավելի են խորացել թշնամու այս հաջողությամբ պայմանավորված»,- ասաց Ավինյանը:   Մանրամասները՝ տեսանյութում։  
21:40 - 10 նոյեմբերի, 2020
Եթե մենք մի տարի առաջ համաձայնած լինեինք հինգ տարածքների վերադարձին, կունենայինք ավելի լավ վիճակ, քան այսօր ունենք․ Նիկոլ Փաշինյան

Եթե մենք մի տարի առաջ համաձայնած լինեինք հինգ տարածքների վերադարձին, կունենայինք ավելի լավ վիճակ, քան այսօր ունենք․ Նիկոլ Փաշինյան

2018-ին վարչապետի պաշտոնը ստանձնելով եւ ծանոթանալով Ղարաբաղի հարցի շուրջ եղած բանակցային իրադրությանը՝ ես, ըստ էության, պիտի գայի ասեի՝ սիրելի հայրենակիցներ, մենք ունենք այսպիսի տարբերակ․ կամ մենք հինգ տարածքներ վերադարձնում ենք՝ առանց ԼՂ-ի կարգավիճակի ճշգրտման, կամ ունենում ենք պատերազմ։ Ինչու չեմ ասել այն ժամանակ այդ մասին, որովհետեւ նախ կարեւորել եմ, որ փորձ անեմ, որ բանակցային այդ տրամաբանությունը փոխեմ, եւ, ստացվում է, ինձ չի հաջողվել փոխել։ Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չի հաջողվել փոխել բանակցային տրամաբանությունը, որովհետեւ տարածքների հանձնման թեման միակ թեզն է եղել, ըստ էության՝ կարծրացած իրողություն։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ գալիս ասում էի՝ էս է մեր ընտրությունը, ինչի դուք ասելու էիք՝ էս ինչ լավ բան ա, բա ինչի՞ շուտ չէիր ասում, մենք էլ սենց բանի էինք սպասում, բա իհարկե, շուտ արա՝ էդ տարածքները վերադարձնենք։ Իհարկե չէիք ասելու, ասելու էիք ոչ, ես էլ լինեի ձեր տեղը՝ ասելու էի ոչ, եւ արդյունքում մենք ունենալու էինք նույն բանը»,- ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ եթե ավելի շուտ լիներ պատերազմը, կարծում եմ, ավելի վատ կլինեին արդյունքները՝ բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ «Պատերազմից առաջ, երբ կային նախանշաններ, որոշեի՝ պատերազմը կանխել, էդ ժամանակ էլ պիտի գայի ասեի՝ գիտե՞ք ինչ, մենք սենց ընտրություն ունենք․ կամ առնվազն հինգ շրջան հանձնում ենք՝ առանց ճշգրտելու ԼՂ կարգավիճակը, կամ պատերազմ ենք ունենալու։ Ինչու չեմ ասել, նախ, որովհետեւ ես չէի ուզում, որ մենք էդպես հանձնվենք, ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել մեր ժողովրդի, մեր Արցախի ժողովրդի իրավունքների համար, հիմա էլ եմ հավատում։ Երկրորդը՝ եթե գայի ասեի՝ կամ հիմա էս ենք անում, կամ էլ պատերազմ է լինում, ի՞նչ էր ասելու հանրությունը, ասելու էր՝ ոչ, կգնանք, կկռվենք, կպաշտպանենք ժողովրդի իրավունքները։ Ակնհայտ է չէ՞, որ էսպես էր լինելու, եւ արդյունքում ստանալու էինք պատերազմ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց նաև հաջորդ հարցադրումը․ եթե էսպես էր, ինչո՞ւ, օրինակ, պատերազմի երրորդ, չորրորդ, հինգերերոդ օրը մենք չկանխեցինք կամ չփորձեցինք կանխել հետագա զարգացումը։ «Նախ սկզբնական շրջանում պատերազմը բավականին հաջող էր ընթանում հայկական կողմի համար, եւ երկրորդը՝ ըստ էության, պատերազմը կանխելու պայմանը նույնն էր, այսինքն՝ ռազմաճակատի իրադրությունից չէր փոխվում, եթե մենք մեծ հաջողություն չէինք ունենում, էլի նույնն էր պայմանը՝ հինգ տարածքի վերադարձ՝ առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման։ Իմիջիայլոց, նաեւ կարգավիճակի ճշգրտման հստակ մեխանիզմ չունենալով։ Ինչո՞ւ չեմ եկել եւ դա չեմ ասել, որովհետեւ ես էլի հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել, եւ դրա համար փորձում էի անել ինձնից կախված առավելագույնը, եւ, երկրորդը, եթե գայի՝ ասեի, հայ հանրությունն ի՞նչ էր ասելու, եկեք հանձնենք եւ խաղաղություն ունենա՞նք։ Ընդ որում, պատերազմի մեկնարկից հետո խոսքը հինգ տարածքների մասին չէր լինելու, այլ յոթ՝ մանավանդ պատերազմի ինչ-որ փուլից, ընդ որում՝ գնալով ավելի ընդլայնված սեգմենտով։ Ինչո՞ւ այդ փուլերից որեւէ մեկում որեւէ նման որոշում չկայացվեց, շատ պարզ մի պատճառով․ մենք ուզում էինք բեկել, մենք ուզում էինք, ՊԲ-ն, ԳՇ-ն, բոլորս ուզում էինք բեկել պատերազմի ընթացքը, եւ ե՞րբ է, որ կայացվեց այսպիսի ցավոտ որոշում․ երբ արդեն ակնհայտ էր, որ մենք պատերազմի ընթացքը բեկելու հնարավորություն չունենք։ Եւ մեր առաջ դրված էր խնդիր՝ խուսափել վատթարագույնից»,- ասաց ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ըստ էության, եթե տեսնում ենք, թե ինչ վիճակում ենք այսօր, հետահայաց կարող ենք ասել, որ եթե մենք մի տարի առաջ համաձայնված լինեինք այդ բանաձեւին՝ հինգ տարածքների վերադարձի, ըստ էության կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր, եւ դա ճշմարտություն է։ «Բայց ով է, որ Հայաստանում կհավատար, որ դա ճիշտ ճանապարհ է․ շատ քիչ մարդ, եւ այդ թվում ես էլ չէի հավատա, որ դա ճիշտ ճանապարհ է, որովհետեւ էնքան անորոշություններ են բացվում, որ դա դառնում է խնդրահարույց։ Ըստ էության, ստացվում է, որ մենք առանց պայքարի ուղղակի որեւէ բան հանձնեցինք եւ չփորձեցինք հանուն դրա պայքարել»,- վստահեցրեց Փաշինյանը։ Վարչապետն ընդգծեց, որ իր սխալները տեսնում է այս տիրույթում։ «Կարելի՞ է դա սխալ համարել, եւ արդյոք դա բերում է պատասխանատվություն։ Էս իրավիճակն, իհարկե, բերում է պատասխանատվություն, եւ ես դա անձամբ ամբողջապես կրում եմ՝ անկախ բոլոր հանգամանքներից, բայց, հետահայաց նայելու դեպքում, ես գիտեմ, որ իմ եւ ձեզ համար այդ լուծումներն ուղղակի անհնար էին։ Եւ փաստն այն է, որ մենք եւ մեր բանակը այս պատերազմում կռվել են մինչեւ վերջ եւ անմնացորդ։ Մեր զինվորները, մեր սպաները, գեներալները, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, բազմաթիվ հրամանատարներ, որոնք ռազմաճակատում կռիվ են տվել, եւ այդպես շարունակ։ Բայց եթե կա այսպիսի արդյունք, մենք կարող ենք ասել, որ, այո՛, այդպես չանելը գուցե սխալ էր»,- ասաց նա՝ հավելելով, որ միֆեր կան, որ այս բանաձեւերը, դրանց կիրառումը կամ չկիրառումը կապ ունի ինչ-որ արտաքին քաղաքական նրբությունների հետ եւ այսպես շարունակ։ «Էս պրոբլեմատիկան դրված է եղել նաեւ 2015-26 թվականներին, եւ սա արտաքին քաղաքականության հետ որեւէ կապ չունի, սա կապ ունի Ղարաբաղի շուրջ կարգավիճակի միջազգային ընկալման հետ, եւ այն հետեւյալն էր․ յոթ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Եւ, ցավոք, մենք չենք կարողացել դիմակայել Ղարաբաղի հարցի այս ընկալմանը, երբ շատ դեպքերում միջազգային հանրությունն ընկալում է սա որպես տարածքային վեճ։ Է՞լ ինչ սխալներ կարելի է նշել․․․ Բանակի զարգացման համար մեքն վերջին երկուսուկես տարվա ընթացքում մենք բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել, եւ գուցե դրանցից ոչ բոլորն են բավարար չափով արդյունավետ եղել։ Այո, մենք չենք կարողացել բանակի վրա դնել այնքան գումար, ինչքան ցանկանում էինք։ Եւ այստեղ ես ուզում եմ հիշել, որ մի քանի անգամ խոսել եմ քաղաքացու հարկային գիտակցության մասին, նույնիսկ ասել եմ, որ նրանք, որոնք ՀԴՄ չեն խփում-պահանջում, նրանք, կոպիտ եմ ձեւակերպել, զինվորի հացն են գողանում»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ իրենց չեն կարողացել կոռուպցիոն գործերով բավարար միջոցներ գեներացնել, գոնե 1,5 մլրդ դրամ եւ դա ծառայեցնել բանակի նպատակներին, բայց այդ պլանւ եղել է, կա, եւ այս իրավիճակում ի՞նչ է մեզ մնում․ մնում է կենտրոնանալ Հայաստանի եւ Արցախի ուժեղացման վրա՝ արձանագրելով, որ, այո, մենք ընկել ենք, բայց չենք ծնկել, եւ մենք կանգնել ենք տղամարդավարի՝ մինչեւ վերջ՝ բառիս բուն իմաստով վերջին խազը, եւ մենք էդ ամենավերջին խազի վրա կայացրել ենք որոշում՝ անդունդը չգլորվելու համար։ «Եվ դա եղել է ցավոտ, բայց անհրաժեշտ ու անխուսափելի որոշում, որովհետեւ դրա չլինելու դեպքում մեր իրադրությունը լինելու էր շատ ավելի վատ։ Էլի եմ ասում, ես անձմաբ կրում եմ պատասխանատվություն այս ամենի համար, շարունակում եմ կրել եւ կրելու եմ այդ պատասխանատվությունը։ Կուզեի ընդգծել, որ, այո՛, ես հավատում եմ, սա մեծ անհաջողություն է մեզ համար, սա մեծ աղետ է, մեծ սուգ է մեզ համար, մեր կորսված կյանքերի համար, բայց ես հավատում եմ, որ Հայաստանը պետք է ապրի, Արցախը պետք է ապրի, եւ մենք պետք է ուժեղանանք, հզորանանք, գուցե որոշակիորեն վերանայենք մեր ընկալումները՝ ամենատարբեր հարցերի վերաբերյալ, պետք է կարողանանք մեր փորձից դասեր քաղել եւ այդ դասերը լինեն կառուցողական, ծառայեն մեր հայրենիքին, մեր ժողովրդին, մեր հայրենիքին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
16:07 - 10 նոյեմբերի, 2020
Բանակի զեկույցները լսելով՝ ակնհայտ դարձավ, որ այսպես հետագա շարունակության հետեւանքները լինելու են շատ ավելի ծանր․ Նիկոլ Փաշինյան

Բանակի զեկույցները լսելով՝ ակնհայտ դարձավ, որ այսպես հետագա շարունակության հետեւանքները լինելու են շատ ավելի ծանր․ Նիկոլ Փաշինյան

Եթե ռազմական գործողությունները դադարեցվելու որոշում չկայացվեր, կստացվեր, որ խոսվել է մի բովանդակության մասին, որը ռազմական գործողությունների դադարեցման արդյունքի չի բերել, բայց մարտունակության նվազման է բերել։ Այս մասին ուղիղ երթերում հայտնեց ՀՀ վարշապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես իմ նախորդ տեքստում ասացի, որ այսպիսի որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ, ըստ էության, բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը։ Պատկերացնում եք, չէ՞, երբ բանակն ասում է, որ պետք է կանգնել, որովհետեւ մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը կամ չի երեւում, կամ այդ խնդիրները լուծելու ռեսուրսը սպառված է, կամ այդ խնդիրների գոյության արդյունքում մենք ունենք որոշակի պրոբլեմներ»,- նշեց նա։։ Վարչապետի խոսքով՝ եղել են այնպիսի դեպքեր, երբ ԶՈՒ զորամասը պետք է մարտական նպատակով տեղափոխվի, բայց տվյալ բնակավայրի բնակիչներ փակել են զորամասի դռները, շրջափակել մեքենաները եւ թույլ չեն տվել, որ մեքենաները դուրս գան զորամասից։   «Այսպիսի դեպքերի արդյունքում մենք ունենում ենք զինվորի գունդը, տեխնիկան առաջնագիծ հասցնելու խնդիր։ Իհարկե, շատ դեպքերում շատ կոշտ միջամտություններ են արվել, որոշ դեպքերում միջամտության հնարավորություն չի եղել։ Նույն պատճառով ոստիկանական կոնտինգենտը նույնպես գործուղված է եղել առաջնագիծ, եւ դրա պատճառով հնարավոր չի եղել նման գործողություններ իրականացնել։ Սա բերել է շատ լուրջ եւ ծանր հետեւանքների»,- ասաց նա։ Վարչապետը նշեց, որ մեր հաջորդ խնդիրը զորահավաքային համակարգի պրոբլեմն է։ «Զորահավաքային համակարգը ինչպես է կառուցված․ կա պրոֆեսիոնալ բանակ՝ գործող բանակ, եւ անհրաժեշտության դեպքում իրականացվում է զորահավաք՝ մոբռեսուրս։ Վերջիններս այն մարդիկ են, որոնք քաղաքացիական կյանքից զորահավաքով զորակոչվում են բանակ եւ միանում են ԶՈՒ-ին՝ խնդիրներ իրականացնելու համար։ Եւ փորձը ցույց տվեց, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ, ցավոք, այնքան էլ պատրաստ չեն լիարժեք մասնակցելու ռազմական գործողությունների, նրանք արագ կորցնում են մարտունակությունը, ինչը խնդիրներ է առաջացնում»,- ասաց նա։   Վարչապետի խոսքով՝ նույնը վերաբերում է նաեւ կամավորականների որոշակի շերտի, որոնք քաղաքացիական կյանքից կամավոր եկել են, բայց ինչ-որ պահի նրանց մոտ մարտունակության խնդիրներ են առաջացել։ «Սա չի նշանակում, որ մոբռեսուրսով եւ կամավորներով ներգրավված բոլոր մարդիկ նույն վիճակում են եղել։ Մենք մոբռեսուրսից էլ, կամավորականներից էլ ունեցել ենք մարդիկ, որոնք հերոսական կռիվ են տվել։ Բայց, ընդհանուր առմամբ, այս ոլորտում ունեցել ենք խնդիր, բախվել ենք նաեւ դասալքության պրոբլեմի հետ, որը, ցավոք, ոչ մի կերպ հնարավոր չի եղել լուծել»,- ասաց նա։  Փաշինյանը նշեց, որ երբ ներգրավված ամբողջ ռեսուրսը արդյունավետ չի եղել, դրա արդյունքում մենք պրոբլեմ ենք ունեցել, որ լավ կռվող զինվորները, կամավորները շատ հաճախ իրենց փոխարինող չեն ունեցել։ «Ըստ էության, այն մարդիկ, որոնք լավ կռվում են, ինչ-որ պահի պիտի հանգստանալու հնարավորություն ունենան, որպեսզի վերականգնվեն, վերադառնան շարք։ Բայց վերոնշյալ պրոբլեմների արդյունքում եղել են մարդիկ, որոնց փոխարինող շուրջ մեկ ամիս հնարավոր չի եղել գտնել»,- ասաց նա։ Վարրչապետի խոսքով՝ Արցախի քաղաքական ղեկավարությունը շատ հստակ խնդիր է ձեւակերպել, որ պետք է րոպե առաջ կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում հետեւանքները կլինեն շատ ավելի ծանր։  «Մենք նման քայլի գնացինք շատ պարզ պատճառով․ որովհետեւ բանակի զեկույցները, կարծիքը, գնահատականը լսելով՝ մեզ համար ակնհայտ դարձավ, որ այսպես հետագա շարունակության հետեւանքները լինելու են շատ ավելի ծանր, եւ ինչքան էլ ծանր լինի՝ այս պահին պետք է ուղղակի կանգ առնել»,- ասաց նա։  Վարչապետը վերջում հավելեց, որ մարտական գործողությունները լիարժեք չեն դադարել, դրանք շարունակվում են, եւ մենք հույս ունենք՝ լիարժեք կդադարեն։
11:44 - 10 նոյեմբերի, 2020
Այսօր հանդիպել եմ Վիտալի Բալասանյանի, Բակո Սահակյանի հետ․ ԱՀ նախագահը հայտնեց կոնսուլտացիաներ սկսելու մասին

Այսօր հանդիպել եմ Վիտալի Բալասանյանի, Բակո Սահակյանի հետ․ ԱՀ նախագահը հայտնեց կոնսուլտացիաներ սկսելու մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև (ուղերձի առաջին հատվածը՝ այստեղ)․ «Ես խոնարհվում եմ առաջին հերթին մեր զինվորների առջև, աշխարհի ամենահերոս տղերքն են եղել մեր ժամկետային զինծառայողները: Խոնարհվում եմ բոլոր զոհվածների ընտանիքների, հարազատների առջև: Ստիպված էինք, որ այդ նույն ժամկետային զինվորների կյանքը խնայեինք, փրկեինք:  Իհարկե, կարող եք ասել՝ ինչու մենք ժամանակին տեղեկացված չէինք այդ վիճակից։ Կոչ եմ արել Աղդամից, այս նույն աթոռից, հիշեցնելով՝ սիրելի հայրենակիցներ, ձեր կարիքն ունենք: Հոկտեմբերի 29-ին Շուշիից՝ Ղազանչեցոց եկեղեցու առջև, ասել եմ Շուշին վտանգված է, դիրքերը գտնվում էին 5 կիլոմետր հեռավորության վրա, ավելի ճիշտ` հակառակորդը:  Վիճում էին՝ Շուշին մեր ձեռքն էր, թե չէ, բայց Շուշիում մենք հիմնական վերահսկողությունը կորցրել ենք նոյեմբերի 5-ից, ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ից: Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ, չէինք ուզում հավատալ, անհնարին էր արդեն կռվել այն եղած ռեսուրսներով` մարդկային և զինտեխնիկայի, որ կային: Շատ երկար փորձում էինք բանակցության սեղանի շուրջ քննարկել և կանգնեցնել: Հնարավոր չէր։ Իհարկե, ես բանակցություններին չեմ մասնակցել, բայց խնդիրները մեծ էին:  Կողմ էի, որովհետև հուսահատված չէի. եթե հուսահատված լինեի, կմտածեի շարունակել կռիվը կյանքի գնով՝ հասկանալով, որ պարտվելու ու կորցնելու ենք Արցախը: Ամեն ինչ առջևում է: Արցախը, հայ ազգը, Հայաստանը... Շատ ծանր օրեր ենք ունեցել պատմության մեջ, բայց կարողացել ենք, ինչ-որ տեղ իմաստուն որոշումներ կայացնելով, հետագայում՝ ճիշտ ճանապարհով ընթանալու, և նաև հաջողություններ արձանագրելով:  Իսկ ո՞վ է ասել, որ դրանով ավարտվում է ամեն ինչ. դրանով սկսվում է։ Մենք որոշում կայացնելու, ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք: Դրա համար մեզ պետք է համերաշխություն առաջին հերթին Հայաստանում, Արցախում, հայ ժողովրդի մեջ: Մեր ամենամեծ հակառակորդը եղել են պառակտումն ու խուճապը: Համազգային խնդիրները դեռ առջևում են, մեր տեսիլքը դեռևս չի մարել, հակառակը, մենք ունենք երազանք, ունենք երազած հայրենիք... Դրա համար պետք է պահպանել համերաշխությունը և զերծ մնալ այնպիդի երևույթներից, որոնք հարիր չեն մեր ազգին:  Ես սկսել եմ արդեն կոնսուլտացիաներ Ղարաբաղի քաղաքական գործիչների, ռազմական գործիչների, քաղաքական ուժերի հետ: Ամբողջ գիշեր բոլորի հետ շփվում էի: Բոլորը պատրաստակամ են համագործակցել: Այսօր արդեն հանդիպել եմ ՀՅԴ-ի ներկայացուցչի, Վիտալի Բալասանյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ, հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր ռազմական գործիչների, Լևոն Մնացականյանի, Սամվել Կարապետյանի, Արթուր Աղաբեկյանի հետ: Եկել ենք մի համաձայնության, որ պետք է ցանկացած որոշում կայացնելուց առաջ միասին կատարենք: Քաղաքացիական պատերազմը, անհանդուրժողականությունը ավելի մեծ սպառնալիք են մեր երկրի համար՝ ոչ միայն Արցախ աշխարհի, այլև Հայաստան աշխարհի:  Առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեմ Արցախում մեր քայլերի առումով: Բոլորի հետ քննարկելուց հետո կներկայացնեմ: Վերջին օրերին շատ քննարկումներ եմ ունեցել: Բոլորն էլ միակարծիք էին. փորձել ժամանակավոր կամ մշտական զինադադար ունենալ: Բոլորն էլ նույն կարծիքին էին, որ ցանկացած փաստաթուղթ պետք է  չոտնահարի մեր արժանապատվությունը, դրա համար մենք հասկանում ենք, որ անխուսափելի էր զինադադար ունենալը, և մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին»։
10:50 - 10 նոյեմբերի, 2020
Եթե շարունակվեին այդ տեմպերով մարտական գործողությունները, պիտի կորցնեինք ամբողջ Արցախը․ ԱՀ նախագահ

Եթե շարունակվեին այդ տեմպերով մարտական գործողությունները, պիտի կորցնեինք ամբողջ Արցախը․ ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․ «Նոյեմբերի 8-ի առավոտյան, քայլելով Ստեփանակերտի հրապարակում, ես նշել եմ, որ եղել է իմ կյանքի ամենածանր գիշերներից մեկը և ամենածանր լուսաբացներից մեկը: Ինչո՞ւ եմ հայտարարել`չբացելով փակագիծը, որովհետև նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ: Այսօր ուզում եմ հայտարարել, որ երևի իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել 92, 94 թվականին կորցնելով շատ հարազատներ: Այն որոշումը, որը կայացվել է երեկ, չգիտեմ՝ պատմությունն ինչպիսի գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել:  Ինչո՞ւ: Նախ ռազմական վիճակի առումով: 43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին։ Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում` 2-3 կիլոմետր հեռավորության վրա: Եթե շարունակվեին այդ տեմպերով մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը։ Ունենայինք շատ ավելի զոհեր, քանի որ արդեն մարտական գործողությունները, տեղափոխվելով ինչ-որ տող մեր առաջնագծի ամենաթիկունք, անդառնալի  հետևանքներ կունենայինք առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող մանավամդ մեր ժամկետային զինվորների մասով։ Չեմ ուզում աշխարհագրորեն նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանի առաջնագծում գտնվող զինվորների առումով: Ինչ-որ տեղ, կրկնում եմ, շրջափակման մեծ հնարավորություններ կարող էինք ունենալ։ Կարծես թե մի քանի օր հաջողվել էր մեզ պաշտպանվել մեր հակաօդային ուժերի առումով ԱԹՍ-ներից, բայց արդեն վերջին երկու օրը հակառակորդը, չգիտեմ՝ նոր տեխնոլոգիաների, թե նոր ԱԹՍ-ների միջոցով, հնարավորություն ունեցավ նորից շատ մեծ վնասներ պատճառել մեր զորքին: Շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել միայն երեկ՝ վերջին մի քանի ժամերի ընթացքում, Մարտունու շրջանում: Ինչո՞ւ չհաջողվեց. մենք բոլորս պատասխան ենք տալու, այո, բոլորս, քանի որ մենք գիտեինք, որ մեր ՊԲ-ն այդ կարիքն ուներ, այդ խնդիրն առկա է: Բոլորս, ովքեր զբաղեցրել ենք պաշտոններ վերջին տասնամյակներում: Ընդհանուր առմամբ, բանակի վիճակի առումով պետք է ապագայում, և համոզված եմ, որ գնահատականը լինելու է:  Ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, հրետանակոծություն... Եվ այդ ամենով, բայց կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետության զինված ուժերի։ Հաստատ մենք Ադրբեջանի դեմ չենք կռվել, հաստատ միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել մարտադաշտում և մարտական գործողությունների ընթացքում. Թուրքիայի զինվորների մասնակցությունը ևս եղել է, ահաբեկիչների, վարձկանների` տարբեր երկրներից: Կռվում էին հայ կամավորը և հայ զինվորը»։
10:18 - 10 նոյեմբերի, 2020
Մենք չենք պատրաստվում պարզապես գոյատևել, մենք պատրաստվում ենք հարատևել․ Սերժ Թանկյան

Մենք չենք պատրաստվում պարզապես գոյատևել, մենք պատրաստվում ենք հարատևել․ Սերժ Թանկյան

Սա շատ մութ օր է հայոց պատմության և  ամբողջ աշխարհում մարդու իրավունքների անարդարության պատմության համար: Այս մասին ասել է System Of A Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան տեսաուղերձում։ «Մենք բոլորս հիասթափված ենք միջազգային հանրությունից ևս մեկ անգամ մեր պատմության մեջ, քանի որ միջազգային հանրությունը չաջակցեց մեզ, երբ մենք կռվում էինք վարձկանների և անարդարության դեմ մեր բնիկ հողերում։ Բայց հանձնվելու փոխարեն հենց հիմա ժամանակն է, որ հատկապես սփյուռքում մենք շատ աշխատենք, ոտքի կանգնենք ավելի ուժեղ, որ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառվեն նրանց պատերազմական հանցագործությունների համար, և ստիպենք աշխարհի շատ երկրների ճանաչել Արցախը»,- նշեց նա։ Թանկյանի խոսքով՝ սա շատ էմոցիոնալ պահ է բոլորիս համար: «Որպես մեկը, ով իր ողջ կյանքում պայքարել է հանուն արդարարության, ես երբեք այսքան հիասթափված չեմ եղել, որքան այսօր: Բայց ես ձեզ հետ եմ, մենք պետք է լինենք մի ազգ, պետք է լինենք միասնական, մենք չենք կարող թողնել, որ այս ձախողումը մեզ բաժանի, մենք չենք պատրաստվում պարզապես գոյատևել, մենք պատրաստվում ենք հարատևել»,- ընդգծեց Սերժ Թանկյանը։
09:17 - 10 նոյեմբերի, 2020
Այս որոշումը կայացրել ենք՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը՝ ոչ միայն այսօրվա, այլեւ նրա հնարավոր շարունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Այս որոշումը կայացրել ենք՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը՝ ոչ միայն այսօրվա, այլեւ նրա հնարավոր շարունակությունը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությանը։ «Ես հիմա շատ բաներ չեմ կարող ասել՝ մարդկանց կյանքերը չվտանգելու համար։ Այսօր, նրանք, որոնք ջարդուփշուրներ են անում, նրանք թիկունքից հարվածում են դիրքերում կանգնող մեր տղաներին։ Այսօր մի ընդդիմադիր քաղաքական գործիչ, որն իմ հրաժարականն է պահանջել, երեկ չէ առաջին օրը Շոշի դիրքերը թողել փախել է՝ գեներալի ուսադիրներով, այսօր եկել ասում է՝ մեր բանակի կողքին կանգնած ենք։ Ես համոզված եմ՝ այսօրվա կազմակերպիչների մեջ կան նաեւ այդպիսի մարդիկ, շատ մարդիկ, որոնց մտադրությունները ազնիվ եւ արդար են, գիտեմ, որ կան մեր զոհված եղբայրների հարազատները։ Ես խոնարհվում եմ նրանց առաջ։ Այսօր ինձ ասացին, որ էս դեբոշներ սարքողների մեջ կան, օրինակ, օլիգարխների, այսպես ասած, հանցավոր խմբեր։ Էդ էն մարդիկ են, որոնք քսան տարի գողացել են զինվորից, որոնք քսան տարի գողացել են բանակից, որոնք քսան տարի հարկ չեն վճարել, այսօր եկել են ազգի ու դավաճանության մասին են խոսում։ Էդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Երեւանում։ Արցախի նախագահի կոչերը չեն լսե՞լ, օգնելու աղաղակները չե՞ն լսել, ի՞նչ գործ ունեն Երեւանում կամուֆլյաժով։ Հիմա պատեհ առիթ է իրենց համար, դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելո՞ւ։ Գիտե՞ք՝ ինչի են ազատ մտնում ջարդուփշուր անում, որովհետև ինչքան ոստիկան կա, ինչքան ԱԱԾ կա, ինչքան ՊՊԾ կա՝ բոլորը դիրքերում են, իմ որդին էլ է դիրքերում, իմ կինն էլ է դիրքերում, եւ ես հպարտ եմ դրա համար։  Բայց ես հասկանում եմ, որ պիտի բովանդակային եւ մանրամասն բացատրություններ տալ, այսօր էլ եմ պատրաստ, բայց ինչու չեմ տալիս, որովհետեւ ինֆորմացիոն դիսոնանսի հետ կապված խնդիր կա, ռազմական դրության պայմաններում եւ պատերազմի պայմաններում ձեւակերպած ամեն նախադասություն ազդեցություն է ունենում մարտական գործողությունների վրա։ Ֆեյսբուքյան գրառումները, ձեւակերպումները շատ արագ հասնում են առաջին դիրք եւ շատ արագ հասնում են թշնամուն։ Դա է պատճառը, որ ես այսօր չեմ կարող ասել այն ամենը, ինչ պիտի ասեմ։ Բայց ես ուզում եմ՝ մի բան հասկանանք․ այս որոշումը կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում եւ այն մարդկանց գնահատականի եւ նրանց լսելու արդյունքում, որոնք ամենաշատն են տիրապետում ռազմական իրավիճակին։ Մենք պետք է հասկանանք մի բան, որ, ըստ էության, մեր փառապանծ բանակը էսօր կռվել է ահաբեկիչների, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի եւ Ադրբեջանի դեմ։ Եւ ինչու չենք կարողացել այնպես անել, որ այսօրվա թուղթն այլ բովանդակություն ունենա։ Որովհետեւ քսանհինգ տարի խմել ենք մեր զինվորի ու բանակի կենացը, եւ այդ օղին, գինին, սեղանին դրված հացը որոշ մարդիկ գնել են գողացված փողով։ Մենք, սեղանին նստած, իմացել ենք, որ այդ հացը գողացված փողով է գնված, բայց հավեսով կերել ենք, խմել ենք, հոտնկայս խմել ենք զինվորի կենացը։ Զինվորին պահել ենք թերմացքներով, ութսունականների զենքերով, եւ մեր հույսը եղել է, որ բանակցային գործընթացում կռուտիտ կլնինենք։ Լավ, հինգ, վեց, տասը տարի կռուտիտ եղար, ինչքան կարելի է կռուտիտ լինել, դրա վերջն ի վերջո գալիս է, եւ երբ էդ վերջի մասին չես մտածում (եւ մենք բոլորս չենք մտածել էդ վերջի մասին)․․․ ես իմացել եմ դա, որովհետեւ առաջին օրից տեղեկացել եմ բանակցային բովանդակությանը։ Ընդ որում՝ բանակցային բովանդակությանը մի վիճակում, որտեղ կռուտիտների բոլոր ռեսուրսներն այլեւս սպառված են։ Ես ի՞նչ եմ արել․ ոչ թե գնացել եւ այդ բանակցային ժառանգությունը վերցրել եւ ասել եմ՝ ես հիմա կանեմ դրա արդյունքները, այլ փորձել եմ պատրաստվել այս օրվան, ամեն ինչ արել եմ դրա համար, ինչ հնարավոր էր, ինչ հնարավոր էր անել երկուսուկես տարում։ Եվ մեր բանակը 44 օր պատվով կռվում է՝ կրելով անթիվ զրկանքներ։ Ես ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների, նրանց մայրերի, հայրերի առաջ։ Ես նրանցից ներողություն եմ խնդրում, որ մենք չենք կարողացել իրենց գործը շարունակել պատշաճ մակարդակով։ Մենք այս որոշումը կայացրել ենք՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը՝ ոչ միայն այսօրվա, այլեւ նրա հնարավոր շարունակությունը։ Ես խնդրում եմ բոլոր քաղաքացիներին տուրք չտալ ջարդարարների խմբերին, որովհետեւ այնտեղ են կուսակցական հայտնի շրջանակներ, մարդ կա՝ հարուցված քրգործի շրջանակներում պետությանը 80 մլրդ դրամի պարտավորություն ունի։ Դա ավելին է, քան Հայաստան համահայկական հիմնադրամին ուղարկած փողը։ Այդ գումարը պիտի դառնար զենք, տեխնիկա, գիտություն, ԱԹՍ, եւ այլն։ Այդ մարդիկ էսօր դեբոշ են անում՝ իրենց թալանելու իրավունքը վերագտնելու համար։ Երկուսուկես տարի լցվել են, թե՝ էս ո՞նց եղավ, որ թալանելու հնարավորությունները կորցրինք։  Ես ընդունում եմ, որ մենք այս երկու տարվա ընթացքում չենք արել էն չափի գումարների վերադարձ, որ պիտի անեինք, որովհետեւ փորձել ենք ամեն ինչ անել օրինական մեթոդներով։  Ես ցավում եմ, որ շատ մանրամասն չեմ կարող խոսել էս ամենի մասին, մի պարզ պատճառով, որ իրավիճակը ռազմաճակատում դեռ կայուն չէ։ Շատ կարեւոր է, որ մենք հիմա այնպես անենք, որ վնաս չտանք։ Ես հասկանում եմ էմոցիաները, բայց էս խոսակցությունը մանրամասն անելու ժամանակ դեռ կունենանք, եւ ոչ մի պատասխանատու չի փախչի պատասխանատվությունից, այդ թվում ես, եթե պատասխանատու եմ։ Այսօր մենք մարզպետների ջոկատներ ունենք, որ դիրքերում կանգնած են։ Ընդ որում՝ մի մասը՝ ջերմության մեջ։ Գիտե՞ք ինչու, որովհետեւ այսօր դեբոշ անող որոշ մարդիկ չեն գնացել իրենց դիրքում փոխարինելու»։
04:43 - 10 նոյեմբերի, 2020
ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում են Շուշին․ ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյան

ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում են Շուշին․ ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյան

Վերջին երեք-չորս օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։ Այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում են Շուշին եւ վճռականորեն տրամադրված են պատվով կատարել իրենց խնդիրը։  Այս մասին այսօրվա ճեպազրույցի ընթացքում հայտնեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը։ «Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող խմբավորումները հայտնաբերվել եւ ենթարկվել են կրակային ներգործության ու կրել մեծ կորուստներ»,- նշեց նա։  Սարումյանի խոսքով՝ հակառակորդը մարտական գործողություններ ձեռնարկել է նաեւ ռազմաճակատի մյուս հատվածներում։ Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։   «Օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, չորս ավտոտեխնիկա, ութ ԱԹՍ։ Հարավարեւմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել հակառակորդի մեկ տանկ եւ հրետանային միջոցներ»,- ասաց նա։  Սարումյանը հայտնեց, որ այս պահին Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են։ Ըստ նրա՝ կա մի նրբություն․ մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները և մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարին կամ արդեն ավարտվել են։ «Մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաեւ գաղտնիության որոշակի նկատառումներ, այդ իսկ պատճառով երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին։ Ամեն դեպքում, մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, խնդրում ենք հետեւել միայն պաշտոնական տեղեկություններին եւ աղբյուրներին»,- հայտնեց նա։  Սարումյանը նշեց, որ այս մարտական գործողությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ադրբեջանական կողմը կարողացել է ներթափանցել որոշ ուղղություններում Արցախի բուն տարածք։ «Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել մարտավարական նկատառումներով, այսինքն՝ երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ, իսկ ավելի նպաստավոր բնագծեր կարելի է զբաղեցնել բարձունքներում, ավելի նպատակահարմար է կատարել խուսավարում եւ զբաղեցնել այդ բարձունքները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու եւ խոցելու համար»,- ասաց նա։  ՊԲ ներկայացուցիչը վստահեցրեց՝ Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու,  մեր բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, զսպել նրա զավթողական նկրտումները եւ անվերապահորեն կատարել իր խնդիրը։  «Զորքերի տրամադրությունը մարտական է, վատատեսական տրամադրություններ չկան, տղաներն ամուր են ոգով եւ պատրաստ են մինչեւ վերջ պաշտպանել հայրենիքը,- ասաց նա։ Սարումյանը նաև տեղեկացրեց, որ հակառակորդը կրկին թիրախավորվել է Արցախի խաղաղ բնակավայրերը, ոտեղ չկա որեւէ ռազմական օբյեկտ, և սա միանշանակ ռազմական հանցագործություն է։ «Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո․ վստահեցնում եմ, որ հաղթանակը մերն է լինելու»,- հավելեց նա։ Պատասխանելով հարցին, թե արդյոք համացանցում տարածված տեսանյութը, որտեղ հակառակորդը Շուշիում դրոշ է բարձրացնում՝ Սարումյանը նշեց «Երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դնում է խորհրդանշական խնդիր եւ դա կատարելու համար պատրաստ է հաշվի չնստել որեւէ կորստի ու գնի հետ, վստահեցնում եմ՝ ցանկացած պարագայում հնարավոր է՝ մի դիվերսիոն-հետախուզական խմբի հաջողվի ներթափանցել որեւէ բնակավայր եւ մեկ-երկու րոպեով դրոշակ բարձրացնել՝ գլխովին ոչնչացվելու գնով։ Եթե դրոշ բարձրացնելու գինն այդ ստորաբաժանումների գլխովին ոչնչացնում է, մենք պատրաստ ենք այդկերպ արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձերին»։ 
22:24 - 09 նոյեմբերի, 2020
Մեր հրամանատարներից շատերը, զենքը ձեռքներին, գնում, զորքի կողքին կանգնում ու անձնուրաց կռվում են․ Արծրուն Հովհաննիսյան

Մեր հրամանատարներից շատերը, զենքը ձեռքներին, գնում, զորքի կողքին կանգնում ու անձնուրաց կռվում են․ Արծրուն Հովհաննիսյան

Եկեք Շուշի ներթափանցած զորքերի մարտավարության, խմբաքանակի և այլ մանրամասներ չհայտնեմ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր ցանցում Ալիևի հայտարարությունից հետո եղել են բավականին տարբեր տրամադրություններ ստեղծող ոչ պաշտոնական հայտարարություններ մեր կողմից: Մեր զորքերը կռվում են անձնուրաց, մեր հրամանատարներից շատերը, նույնիսկ խախտելով մարտավարության կանոնները, տրամաբանությունը, զենքը ձեռքներին, գնում, զորքի կողքին կանգնում ու անձնուրաց կռվում են: Չշտապենք, սպասենք պաշտոնական հաղորդագրություններին, սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին»,- ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակը իմանալով, ուժերն ու միջոցները, որոնք ներդրված են եղել Շուշին գրավելու համար Ալիևի կողմից։ «Մեր իրավիճակը հասկանալով՝ հուսով եմ, որ կավարտվի Շուշիի համար ճակատամարտը, որը տևում է արդեն երեք-չորս օր»,- եզրափակեց նա։
22:30 - 08 նոյեմբերի, 2020
Ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական․ Արծրուն Հովհաննիսյան

Ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական․ Արծրուն Հովհաննիսյան

Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված: Երեկ ողջ գիշեր և այսօր՝ ամբողջ օրվա ընթացքում, ռազմաճակատի տարբեր ուղղություններում մարտերը շարունակվել են: Մարտերը եղել են բավականին ինտենսիվ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հյուսիսում թշնամու զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբեր՝ հրետանու կրակի աջակցությամբ, փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն, կորուստներ կրելով, հետ են շպրտվել: Շուշի քաղաքի մեջ և հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ, այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացած է:»,- նշել է նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ սաստիկ է եղել նաև Բերձորի ուղղությամբ. թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր՝ հավանաբար փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին, բայց, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել, ավելին՝ դիմել են փախուստի:  «Այս պահին մարտերն ընթանում են, ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական: Մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողություններ, բայց մարտերն ընթացքի մեջ են»,- ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը։
22:22 - 08 նոյեմբերի, 2020
Այսօր մարտեր են ընթացել նաև Բերձորի, Մարտունիի, Մատաղիսի հատվածներում․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր մարտեր են ընթացել նաև Բերձորի, Մարտունիի, Մատաղիսի հատվածներում․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ 1992 թվականին իրավիճակ է եղել, երբ Շուշին մերը չի եղել, ավելին՝ Մարտակերտը մերը չի եղել: «Մենք հասկանում ենք, որ մեզ համար դա սուրբ քաղաք է, հոգեբանական կարևոր նշանակություն ունեցող քաղաք է: Եթե դու ունես վճռականություն՝ կռվելու մինչև վերջ, եթե դու ունես պատրաստակամություն՝ չզիջելու ամեն ինչ, գնալու մինչև վերջ, իմ կարծիքով, առանձին վերցրած՝ որևէ քաղաք ոչ մի բան չի որոշում: Մենք միանշանակ ձգտելու ենք, Շուշին մեզ համար այն բնագիծն է, որը գերսիմվոլիզացված է»,- ասաց նա։ Հովհաննիսյանը հայտնեց, որ Շուշի տանող որոշ ճանապարհներ հակառակորդի ձեռքում են, բայց ոչ ամբողջը․ հակառակորդին չի հաջողվել քաղաք եկող բոլոր ենթակառուցվածքները, լոգիստիկան կտրել:  «Երեկ գիշեր արդեն զուտ դիվերսիոն խմբեր չէին (Շուշիում- խմբ.), արդեն ավելին էր` հրետանի, որոշակի զրահատեխնիկա, քանակն էր բավականին մեծ: Դիվերսիոն խմբերը նախորդ օրերին էին: Իրենց ողջ ներկապնակով եկել են»,- նշեց պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:  Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր մարտեր են ընթացել նաև Բերձորի, Մարտունիի, Մատաղիսի հատվածներում: «Մատաղիսյան ուղղությամբ այսօր էլի որոշակի հարձակումներ եղել են ոչ մեծ ներուժով: Հաջողության չեն հասել (հակառակորդը- խմբ.): Մարտունիում առավոտյան մի դիրք էին վերցրել մեզնից, բայց ահագին ուժեր մարտի մտցնելով` զրահատեխնիկայի կորուստ ունեցան ու նորից հետ շպրտվեցին»,- ասաց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ Հարդրութից արևմուտք գտնվող ուղղությամբ եղող դիրքերում ծանր մարտեր են ընթացել օրվա ընթացքում, կուտակումներ  են եղել, հիմա էլ կան: «Մեզ հաջողվեց հետ շպրտել մեկ-երկու գրոհ, բայց համառ մարտեր են գնում, կարող են գիշերն էլ գնալ, վաղն էլ շարունակվել: Բայց որևէ դիրք չի հաջողվել հակառակորդին վերցնել: Այսօր շատ ավելի համառ էին գրոհում և՛ Մարտունիի ուղղությամբ (ընդ որում, երկու փորձ կատարեցին` Ճարտարի ուղղությամբ՝ առանձին, Մարտունու ուղղությամբ՝ առանձին), և՛ Հադրութից մի փոքր հարավ-արևմուտք էլի նույն հարձակումն էր անդադար գնում ահագին համառ ուժերով, բայց հաջողության չհասան»,- ասաց նա:   Մանրամասները՝ տեսանյութում։  
21:48 - 08 նոյեմբերի, 2020
Շուշիի համար ճակատամարտը, ինձ թվում է, վաղը կավարտվի․ Արծրուն Հովհաննիսյան

Շուշիի համար ճակատամարտը, ինձ թվում է, վաղը կավարտվի․ Արծրուն Հովհաննիսյան

Ռազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում և Շուշիի շրջակայքում։ Այս մասին այսօր՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մեր զորքերը հերոսական պայքար են մղում` Շուշին պաշտպանելու և որոշ դիրքերում, որտեղ արդեն հայտնվել են ադրբեջանական կամ վարձկան ուժերը, դրանց չեզոքացնելու և լիարժեք վերահսկողությունը մեր ձեռքը վերադարձնելու ուղղությամբ»,- նշեց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ ամբողջ ցերեկ` վաղ առավոտից, համառ մարտեր են եղել: Հակառակորդը երեկ՝ ցերեկը, գիշերը, սկսել է մեծ խմբերով ներթափանցել Շուշի, և մեր զորքերը, կատարելով վերախմբավորում, հակառակ գործողություններ են իրականացրել:  «Չկա այնտեղ կողմ, որն ունի լիարժեք վերահսկողություն և լիարժեք նախաձեռնողականություն քաղաքի և շրջակայքի տարածքների վերահսկողության նկատմամբ»,- հայտնեց նա։ Հովհաննիսյանը կարծում է՝ հակառակորդը չէր պատկերացնում, որ մենք այսպես համառ կդիմադրենք Շուշիի համար։ Նա հորդորեց Շուշիի վերաբերյալ վաղաժամ գնահատականներ չտալ՝ ո՛չ լավատեսական, ո՛չ, առավել ևս, վատատեսական, և կոչ արեց վստահել մեր զորքին: «Մեր զորքը համառ պայքար է մղել ամբողջ օրը, շատ գրագետ պայքար է մղել բոլոր զորատեսակներով: Սպասենք որոշ ժամանակ: Կարելի է ասել, ոը Շուշիի համար առանձին ճակատամարտը, որը երեք-չորս օր անդադար ընթանում է տարբեր փուլերով, հաջողությունների ու անհաջողությունների տատանումներով, վաղը, իմ կարծիքով, վերջանական պարզ կլինի: Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե իրենք վերցրել են Շուշին, և թուրքական կողմի շնորհավորանքին, Հոնհաննիսյանը նշեց, որ Ալիևն այս ամբողջ ընթացքում հայտարարում էր, որ իրենք շատ բնակավայրեր են վերցրել, բայց իրականում այդպես չէր։ «Առնվազն շատ դեպքերում ավելի շուտ էր հայտարարում, քան դա լինում էր։ Եվ որոշ բաներ էլ հայտարարում է, բայց մինչև հիմա այդպես չէ: Չէի ուզենա` մեր հասարակությունը հենվեր Ալիևի հայտարարությունների վրա»,- ասաց նա։   Մանրամասները՝ տեսանյութում  
20:35 - 08 նոյեմբերի, 2020
Բաթումի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը նոր չէ․ այն չորս տարվա վաղեմություն ունի

Բաթումի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը նոր չէ․ այն չորս տարվա վաղեմություն ունի

Սոցցանցերի հայաստանյան տիրույթում այսօրվա ընթացքում ակտիվորեն տարածվում է մի լուր, ըստ որի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Վրաստանի Բաթումը, Սիրիայի, Հունաստանի եւ Բուլղարիայի մի շարք քաղաքներ պետք է մտնեն Թուրքիայի սահմանների մեջ: Այս տեղեկությունն իր էջում հրապարակել էր նաեւ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը, սակայն ավելի ուշ հեռացրեց գրառումը՝ չնայած հայալեզու որոշ լրատվամիջոցներ, հիմք ընդունելով Սարգսյանի գրառումը, լուրն արդեն տարածել էին։ Էրդողանն իրականում այսպիսի հայտարարություն արել է շուրջ չորս տարի առաջ՝ 2016 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Թուրքիայի Ռիզե քաղաքի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ (տեսանյութում ելույթի այդ հատվածը՝ սկսած 30-րդ րոպեից): Թուրքիայի նախագահը, մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ինչու են իրեն հետաքրքրում Կիպրոսը, Սիրիան, Վրաստանը եւ մնացած երկրները, ասել է, որ իրեն հետաքրքրում են աշխարհի այն անկյունները, որտեղ կան իրենց մշակույթի մասնիկները: «Ինձ հետաքրքրում են Թուրքիան, Ղարաբաղը, Կիպրոսը, Իրաքը, Ղրիմը, Բոսնիան, ինչպես նաեւ մյուս եղբայր երկրները: Մենք ունենք այս երկրներով հետաքրքվելու բոլոր իրավունքները, եւ որ օրը չհետաքրքվենք դրանցով, կկորցնենք մեր ապագան։ Մենք նախ պետք է հավատանք մեզ, մեր ուժերին, մեր պատմությանը»,- նշել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը ելույթում նաեւ ուղիղ չի շեշտել, թե դրանք պետք է մտնեն Թուրքիայի սահմանների մեջ: Նա միայն ասել է, որ հետաքրքրված է այդ տարածքներով: Այսպիսով, հայաստանյան մեդիատիրույթում շրջանառվող լուրն առնվազն չորս տարվա վաղեմություն ունի․ Էրդողանն այսօր Բաթումի՝ Թուրքիայի սահմանների մեջ մտնելու մասին որեւէ հայտարարություն չի արել։ Աննա Պալաքյան
19:08 - 07 նոյեմբերի, 2020