Այս որոշումը կայացրել ենք՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը՝ ոչ միայն այսօրվա, այլեւ նրա հնարավոր շարունակությունը․ Նիկոլ Փաշինյան
04:43 - 10 նոյեմբերի, 2020

Այս որոշումը կայացրել ենք՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը՝ ոչ միայն այսօրվա, այլեւ նրա հնարավոր շարունակությունը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությանը։

«Ես հիմա շատ բաներ չեմ կարող ասել՝ մարդկանց կյանքերը չվտանգելու համար։ Այսօր, նրանք, որոնք ջարդուփշուրներ են անում, նրանք թիկունքից հարվածում են դիրքերում կանգնող մեր տղաներին։

Այսօր մի ընդդիմադիր քաղաքական գործիչ, որն իմ հրաժարականն է պահանջել, երեկ չէ առաջին օրը Շոշի դիրքերը թողել փախել է՝ գեներալի ուսադիրներով, այսօր եկել ասում է՝ մեր բանակի կողքին կանգնած ենք։

Ես համոզված եմ՝ այսօրվա կազմակերպիչների մեջ կան նաեւ այդպիսի մարդիկ, շատ մարդիկ, որոնց մտադրությունները ազնիվ եւ արդար են, գիտեմ, որ կան մեր զոհված եղբայրների հարազատները։ Ես խոնարհվում եմ նրանց առաջ։

Այսօր ինձ ասացին, որ էս դեբոշներ սարքողների մեջ կան, օրինակ, օլիգարխների, այսպես ասած, հանցավոր խմբեր։ Էդ էն մարդիկ են, որոնք քսան տարի գողացել են զինվորից, որոնք քսան տարի գողացել են բանակից, որոնք քսան տարի հարկ չեն վճարել, այսօր եկել են ազգի ու դավաճանության մասին են խոսում։ Էդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Երեւանում։ Արցախի նախագահի կոչերը չեն լսե՞լ, օգնելու աղաղակները չե՞ն լսել, ի՞նչ գործ ունեն Երեւանում կամուֆլյաժով։

Հիմա պատեհ առիթ է իրենց համար, դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելո՞ւ։ Գիտե՞ք՝ ինչի են ազատ մտնում ջարդուփշուր անում, որովհետև ինչքան ոստիկան կա, ինչքան ԱԱԾ կա, ինչքան ՊՊԾ կա՝ բոլորը դիրքերում են, իմ որդին էլ է դիրքերում, իմ կինն էլ է դիրքերում, եւ ես հպարտ եմ դրա համար։ 

Բայց ես հասկանում եմ, որ պիտի բովանդակային եւ մանրամասն բացատրություններ տալ, այսօր էլ եմ պատրաստ, բայց ինչու չեմ տալիս, որովհետեւ ինֆորմացիոն դիսոնանսի հետ կապված խնդիր կա, ռազմական դրության պայմաններում եւ պատերազմի պայմաններում ձեւակերպած ամեն նախադասություն ազդեցություն է ունենում մարտական գործողությունների վրա։

Ֆեյսբուքյան գրառումները, ձեւակերպումները շատ արագ հասնում են առաջին դիրք եւ շատ արագ հասնում են թշնամուն։ Դա է պատճառը, որ ես այսօր չեմ կարող ասել այն ամենը, ինչ պիտի ասեմ։

Բայց ես ուզում եմ՝ մի բան հասկանանք․ այս որոշումը կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում եւ այն մարդկանց գնահատականի եւ նրանց լսելու արդյունքում, որոնք ամենաշատն են տիրապետում ռազմական իրավիճակին։

Մենք պետք է հասկանանք մի բան, որ, ըստ էության, մեր փառապանծ բանակը էսօր կռվել է ահաբեկիչների, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի եւ Ադրբեջանի դեմ։ Եւ ինչու չենք կարողացել այնպես անել, որ այսօրվա թուղթն այլ բովանդակություն ունենա։ Որովհետեւ քսանհինգ տարի խմել ենք մեր զինվորի ու բանակի կենացը, եւ այդ օղին, գինին, սեղանին դրված հացը որոշ մարդիկ գնել են գողացված փողով։ Մենք, սեղանին նստած, իմացել ենք, որ այդ հացը գողացված փողով է գնված, բայց հավեսով կերել ենք, խմել ենք, հոտնկայս խմել ենք զինվորի կենացը։ Զինվորին պահել ենք թերմացքներով, ութսունականների զենքերով, եւ մեր հույսը եղել է, որ բանակցային գործընթացում կռուտիտ կլնինենք։

Լավ, հինգ, վեց, տասը տարի կռուտիտ եղար, ինչքան կարելի է կռուտիտ լինել, դրա վերջն ի վերջո գալիս է, եւ երբ էդ վերջի մասին չես մտածում (եւ մենք բոլորս չենք մտածել էդ վերջի մասին)․․․ ես իմացել եմ դա, որովհետեւ առաջին օրից տեղեկացել եմ բանակցային բովանդակությանը։ Ընդ որում՝ բանակցային բովանդակությանը մի վիճակում, որտեղ կռուտիտների բոլոր ռեսուրսներն այլեւս սպառված են։

Ես ի՞նչ եմ արել․ ոչ թե գնացել եւ այդ բանակցային ժառանգությունը վերցրել եւ ասել եմ՝ ես հիմա կանեմ դրա արդյունքները, այլ փորձել եմ պատրաստվել այս օրվան, ամեն ինչ արել եմ դրա համար, ինչ հնարավոր էր, ինչ հնարավոր էր անել երկուսուկես տարում։

Եվ մեր բանակը 44 օր պատվով կռվում է՝ կրելով անթիվ զրկանքներ։ Ես ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների, նրանց մայրերի, հայրերի առաջ։ Ես նրանցից ներողություն եմ խնդրում, որ մենք չենք կարողացել իրենց գործը շարունակել պատշաճ մակարդակով։

Մենք այս որոշումը կայացրել ենք՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը՝ ոչ միայն այսօրվա, այլեւ նրա հնարավոր շարունակությունը։ Ես խնդրում եմ բոլոր քաղաքացիներին տուրք չտալ ջարդարարների խմբերին, որովհետեւ այնտեղ են կուսակցական հայտնի շրջանակներ, մարդ կա՝ հարուցված քրգործի շրջանակներում պետությանը 80 մլրդ դրամի պարտավորություն ունի։ Դա ավելին է, քան Հայաստան համահայկական հիմնադրամին ուղարկած փողը։ Այդ գումարը պիտի դառնար զենք, տեխնիկա, գիտություն, ԱԹՍ, եւ այլն։

Այդ մարդիկ էսօր դեբոշ են անում՝ իրենց թալանելու իրավունքը վերագտնելու համար։ Երկուսուկես տարի լցվել են, թե՝ էս ո՞նց եղավ, որ թալանելու հնարավորությունները կորցրինք։ 

Ես ընդունում եմ, որ մենք այս երկու տարվա ընթացքում չենք արել էն չափի գումարների վերադարձ, որ պիտի անեինք, որովհետեւ փորձել ենք ամեն ինչ անել օրինական մեթոդներով։ 

Ես ցավում եմ, որ շատ մանրամասն չեմ կարող խոսել էս ամենի մասին, մի պարզ պատճառով, որ իրավիճակը ռազմաճակատում դեռ կայուն չէ։ Շատ կարեւոր է, որ մենք հիմա այնպես անենք, որ վնաս չտանք։ Ես հասկանում եմ էմոցիաները, բայց էս խոսակցությունը մանրամասն անելու ժամանակ դեռ կունենանք, եւ ոչ մի պատասխանատու չի փախչի պատասխանատվությունից, այդ թվում ես, եթե պատասխանատու եմ։

Այսօր մենք մարզպետների ջոկատներ ունենք, որ դիրքերում կանգնած են։ Ընդ որում՝ մի մասը՝ ջերմության մեջ։ Գիտե՞ք ինչու, որովհետեւ այսօր դեբոշ անող որոշ մարդիկ չեն գնացել իրենց դիրքում փոխարինելու»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել