Եթե մենք մի տարի առաջ համաձայնած լինեինք հինգ տարածքների վերադարձին, կունենայինք ավելի լավ վիճակ, քան այսօր ունենք․ Նիկոլ Փաշինյան
16:07 - 10 նոյեմբերի, 2020

Եթե մենք մի տարի առաջ համաձայնած լինեինք հինգ տարածքների վերադարձին, կունենայինք ավելի լավ վիճակ, քան այսօր ունենք․ Նիկոլ Փաշինյան

2018-ին վարչապետի պաշտոնը ստանձնելով եւ ծանոթանալով Ղարաբաղի հարցի շուրջ եղած բանակցային իրադրությանը՝ ես, ըստ էության, պիտի գայի ասեի՝ սիրելի հայրենակիցներ, մենք ունենք այսպիսի տարբերակ․ կամ մենք հինգ տարածքներ վերադարձնում ենք՝ առանց ԼՂ-ի կարգավիճակի ճշգրտման, կամ ունենում ենք պատերազմ։ Ինչու չեմ ասել այն ժամանակ այդ մասին, որովհետեւ նախ կարեւորել եմ, որ փորձ անեմ, որ բանակցային այդ տրամաբանությունը փոխեմ, եւ, ստացվում է, ինձ չի հաջողվել փոխել։ Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չի հաջողվել փոխել բանակցային տրամաբանությունը, որովհետեւ տարածքների հանձնման թեման միակ թեզն է եղել, ըստ էության՝ կարծրացած իրողություն։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ գալիս ասում էի՝ էս է մեր ընտրությունը, ինչի դուք ասելու էիք՝ էս ինչ լավ բան ա, բա ինչի՞ շուտ չէիր ասում, մենք էլ սենց բանի էինք սպասում, բա իհարկե, շուտ արա՝ էդ տարածքները վերադարձնենք։ Իհարկե չէիք ասելու, ասելու էիք ոչ, ես էլ լինեի ձեր տեղը՝ ասելու էի ոչ, եւ արդյունքում մենք ունենալու էինք նույն բանը»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ եթե ավելի շուտ լիներ պատերազմը, կարծում եմ, ավելի վատ կլինեին արդյունքները՝ բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։

«Պատերազմից առաջ, երբ կային նախանշաններ, որոշեի՝ պատերազմը կանխել, էդ ժամանակ էլ պիտի գայի ասեի՝ գիտե՞ք ինչ, մենք սենց ընտրություն ունենք․ կամ առնվազն հինգ շրջան հանձնում ենք՝ առանց ճշգրտելու ԼՂ կարգավիճակը, կամ պատերազմ ենք ունենալու։ Ինչու չեմ ասել, նախ, որովհետեւ ես չէի ուզում, որ մենք էդպես հանձնվենք, ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել մեր ժողովրդի, մեր Արցախի ժողովրդի իրավունքների համար, հիմա էլ եմ հավատում։ Երկրորդը՝ եթե գայի ասեի՝ կամ հիմա էս ենք անում, կամ էլ պատերազմ է լինում, ի՞նչ էր ասելու հանրությունը, ասելու էր՝ ոչ, կգնանք, կկռվենք, կպաշտպանենք ժողովրդի իրավունքները։ Ակնհայտ է չէ՞, որ էսպես էր լինելու, եւ արդյունքում ստանալու էինք պատերազմ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց նաև հաջորդ հարցադրումը․ եթե էսպես էր, ինչո՞ւ, օրինակ, պատերազմի երրորդ, չորրորդ, հինգերերոդ օրը մենք չկանխեցինք կամ չփորձեցինք կանխել հետագա զարգացումը։

«Նախ սկզբնական շրջանում պատերազմը բավականին հաջող էր ընթանում հայկական կողմի համար, եւ երկրորդը՝ ըստ էության, պատերազմը կանխելու պայմանը նույնն էր, այսինքն՝ ռազմաճակատի իրադրությունից չէր փոխվում, եթե մենք մեծ հաջողություն չէինք ունենում, էլի նույնն էր պայմանը՝ հինգ տարածքի վերադարձ՝ առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման։ Իմիջիայլոց, նաեւ կարգավիճակի ճշգրտման հստակ մեխանիզմ չունենալով։ Ինչո՞ւ չեմ եկել եւ դա չեմ ասել, որովհետեւ ես էլի հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել, եւ դրա համար փորձում էի անել ինձնից կախված առավելագույնը, եւ, երկրորդը, եթե գայի՝ ասեի, հայ հանրությունն ի՞նչ էր ասելու, եկեք հանձնենք եւ խաղաղություն ունենա՞նք։ Ընդ որում, պատերազմի մեկնարկից հետո խոսքը հինգ տարածքների մասին չէր լինելու, այլ յոթ՝ մանավանդ պատերազմի ինչ-որ փուլից, ընդ որում՝ գնալով ավելի ընդլայնված սեգմենտով։ Ինչո՞ւ այդ փուլերից որեւէ մեկում որեւէ նման որոշում չկայացվեց, շատ պարզ մի պատճառով․ մենք ուզում էինք բեկել, մենք ուզում էինք, ՊԲ-ն, ԳՇ-ն, բոլորս ուզում էինք բեկել պատերազմի ընթացքը, եւ ե՞րբ է, որ կայացվեց այսպիսի ցավոտ որոշում․ երբ արդեն ակնհայտ էր, որ մենք պատերազմի ընթացքը բեկելու հնարավորություն չունենք։ Եւ մեր առաջ դրված էր խնդիր՝ խուսափել վատթարագույնից»,- ասաց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ըստ էության, եթե տեսնում ենք, թե ինչ վիճակում ենք այսօր, հետահայաց կարող ենք ասել, որ եթե մենք մի տարի առաջ համաձայնված լինեինք այդ բանաձեւին՝ հինգ տարածքների վերադարձի, ըստ էության կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր, եւ դա ճշմարտություն է։

«Բայց ով է, որ Հայաստանում կհավատար, որ դա ճիշտ ճանապարհ է․ շատ քիչ մարդ, եւ այդ թվում ես էլ չէի հավատա, որ դա ճիշտ ճանապարհ է, որովհետեւ էնքան անորոշություններ են բացվում, որ դա դառնում է խնդրահարույց։ Ըստ էության, ստացվում է, որ մենք առանց պայքարի ուղղակի որեւէ բան հանձնեցինք եւ չփորձեցինք հանուն դրա պայքարել»,- վստահեցրեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ իր սխալները տեսնում է այս տիրույթում։

«Կարելի՞ է դա սխալ համարել, եւ արդյոք դա բերում է պատասխանատվություն։ Էս իրավիճակն, իհարկե, բերում է պատասխանատվություն, եւ ես դա անձամբ ամբողջապես կրում եմ՝ անկախ բոլոր հանգամանքներից, բայց, հետահայաց նայելու դեպքում, ես գիտեմ, որ իմ եւ ձեզ համար այդ լուծումներն ուղղակի անհնար էին։ Եւ փաստն այն է, որ մենք եւ մեր բանակը այս պատերազմում կռվել են մինչեւ վերջ եւ անմնացորդ։ Մեր զինվորները, մեր սպաները, գեներալները, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, բազմաթիվ հրամանատարներ, որոնք ռազմաճակատում կռիվ են տվել, եւ այդպես շարունակ։ Բայց եթե կա այսպիսի արդյունք, մենք կարող ենք ասել, որ, այո՛, այդպես չանելը գուցե սխալ էր»,- ասաց նա՝ հավելելով, որ միֆեր կան, որ այս բանաձեւերը, դրանց կիրառումը կամ չկիրառումը կապ ունի ինչ-որ արտաքին քաղաքական նրբությունների հետ եւ այսպես շարունակ։

«Էս պրոբլեմատիկան դրված է եղել նաեւ 2015-26 թվականներին, եւ սա արտաքին քաղաքականության հետ որեւէ կապ չունի, սա կապ ունի Ղարաբաղի շուրջ կարգավիճակի միջազգային ընկալման հետ, եւ այն հետեւյալն էր․ յոթ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Եւ, ցավոք, մենք չենք կարողացել դիմակայել Ղարաբաղի հարցի այս ընկալմանը, երբ շատ դեպքերում միջազգային հանրությունն ընկալում է սա որպես տարածքային վեճ։ Է՞լ ինչ սխալներ կարելի է նշել․․․ Բանակի զարգացման համար մեքն վերջին երկուսուկես տարվա ընթացքում մենք բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել, եւ գուցե դրանցից ոչ բոլորն են բավարար չափով արդյունավետ եղել։ Այո, մենք չենք կարողացել բանակի վրա դնել այնքան գումար, ինչքան ցանկանում էինք։ Եւ այստեղ ես ուզում եմ հիշել, որ մի քանի անգամ խոսել եմ քաղաքացու հարկային գիտակցության մասին, նույնիսկ ասել եմ, որ նրանք, որոնք ՀԴՄ չեն խփում-պահանջում, նրանք, կոպիտ եմ ձեւակերպել, զինվորի հացն են գողանում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ իրենց չեն կարողացել կոռուպցիոն գործերով բավարար միջոցներ գեներացնել, գոնե 1,5 մլրդ դրամ եւ դա ծառայեցնել բանակի նպատակներին, բայց այդ պլանւ եղել է, կա, եւ այս իրավիճակում ի՞նչ է մեզ մնում․ մնում է կենտրոնանալ Հայաստանի եւ Արցախի ուժեղացման վրա՝ արձանագրելով, որ, այո, մենք ընկել ենք, բայց չենք ծնկել, եւ մենք կանգնել ենք տղամարդավարի՝ մինչեւ վերջ՝ բառիս բուն իմաստով վերջին խազը, եւ մենք էդ ամենավերջին խազի վրա կայացրել ենք որոշում՝ անդունդը չգլորվելու համար։

«Եվ դա եղել է ցավոտ, բայց անհրաժեշտ ու անխուսափելի որոշում, որովհետեւ դրա չլինելու դեպքում մեր իրադրությունը լինելու էր շատ ավելի վատ։ Էլի եմ ասում, ես անձմաբ կրում եմ պատասխանատվություն այս ամենի համար, շարունակում եմ կրել եւ կրելու եմ այդ պատասխանատվությունը։ Կուզեի ընդգծել, որ, այո՛, ես հավատում եմ, սա մեծ անհաջողություն է մեզ համար, սա մեծ աղետ է, մեծ սուգ է մեզ համար, մեր կորսված կյանքերի համար, բայց ես հավատում եմ, որ Հայաստանը պետք է ապրի, Արցախը պետք է ապրի, եւ մենք պետք է ուժեղանանք, հզորանանք, գուցե որոշակիորեն վերանայենք մեր ընկալումները՝ ամենատարբեր հարցերի վերաբերյալ, պետք է կարողանանք մեր փորձից դասեր քաղել եւ այդ դասերը լինեն կառուցողական, ծառայեն մեր հայրենիքին, մեր ժողովրդին, մեր հայրենիքին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել