Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, շատ մեծ հավանայանություն կար, որ կգրավվեին Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը․ Նիկոլ Փաշինյան
11:20 - 11 նոյեմբերի, 2020

Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, շատ մեծ հավանայանություն կար, որ կգրավվեին Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասյօրվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց, որ անդրադառնալու է ամենակարևոր հարցին, և մինչ այդ հարցին չանդրադառնալը կապված է եղել առաջնագծի շահերի հետ:

«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքը հայտնի փաստաթուղթն է, որով ասվում է, թե ես համաձայնել եմ երեք տարածքներ՝ Աղդամը, Լաչինը, Քելբաջարը, հանձնել Ադրբեջանին: Շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, որովհետև այդ փաստաթուղքը ստորագրվել է մի իրավիճակում, երբ ընկած էր Շուշին, և ըստ էության, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ վիճակում են, մեղմ ասած»,- նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ նաև Արցախի քաղաքական ղեկավարությունն էր այդ կարծիքին: Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչ կլիներ, եթե փաստաթուղթն այդ պահին չստորագրվեր:

«Այդ փաստաթղթով տրվել է այն, ինչն, ըստ ռազմական և ոչ ռազմական գնահատականի, մենք չէինք կարողանա այդ իրավիճակում պահել: Ըստ էության, մի իրավիճակում, երբ Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել, եթե ռազմական գործողությունները շարունակվեին, շատ մեծ հավանայանություն կար, որ կգրավվեին Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո մեր երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին շրջափակման մեջ, և հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրա արդյունքում տեղի կունենար ամբողջական կոլապս, և հենց այս գնահատականի հիման վրա է կայացվել որոշումը:

«Պատահական չթվա, այս օրերին առաջնագծից արդեն տասնյակ դեպքեր կան, երբ առաջին գծում գտնվող զինվորները վիդեոուղերձներ են հղում, որտեղ պաշտպանում են կայացված որոշումը»,- ասա նա:

Վարչապետի խոսքով՝ պատճառն այն է, որ զինվորները տեղում տեսել և հասկացել են իրավիճակը, որքան էլ իրավիճակը դառը լինի: 

«Զինված ուժերի գլխավոր շտաբի և Արցախի նախագահի գնահատականն այն էր, որ Ստեփանակերտը շատ թույլ է պաշտպանված կամ սիմվոլիկ է պաշտպանված, և եթե հանկարծ տեղի ունենար Ստեփանակերտի առումը, դա մեր հազարավոր զինվորների կթողներ շրջափակման մեջ, և արդյունքում մենք կկորցնեինք նաև այն մնացածը, ինչ որ այդ փաստաթղթով արձանագրված է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ Շուշիի անկման փաստին՝ նշելով.

«Շատ է խոսվում Շուշիի շուրջ դավադրությունների մասին: Շուշիի անկումից հետո երկու անգամ Շուշին վերադարձնելու փորձեր են արվել»:

Վարչապետի խոսքով փորձերից մեկը ձախողվել է ամբողջությամբ, մյուս փորձի դեպքում մի ջոկատի հաջողվել է ներս մտնել Շուշի:

«Շուշիի շուրջ լրատվությունների հակասությունները կապվում էին հենց սրա հետ: Որովհետև մի օր Շուշին, ըստ էության, անցավ անցավ հակառակորդի հսկողության տակ, որից հետո մեր կողմից հակագրոհ եղավ, որը ձախողվեց, և հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի: Եվ ահա այդ հակասությունները կապվում են այս խնդրի հետ»:

Սակայն, Փաշինյանի խոսքով, Շուշիի մասով իրադրությունը փոխել չի հաջողվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել