Ինֆոքոմ

Հուսով եմ, որ մեր ամերիկացի գործընկերները կօգնեն կարգավորել ԼՂ հակամարտությունը․ Վլադիմիր Պուտին

Հուսով եմ, որ մեր ամերիկացի գործընկերները կօգնեն կարգավորել ԼՂ հակամարտությունը․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ ԱՄՆ-ը կօգնի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին նա հայտարարել է «Վալդայ» ակումբի նիստի ընթացքում, փոխանցում է ТАСС-ը։ «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հերթական անգամ եկել էին Մոսկվա: Ամսի 23-ին նրանք հանդիպելու են Վաշինգտոնում։ Ես հուսով եմ, որ մեր ամերիկացի գործընկերները մեզ հետ միասնաբար կգործեն, կօգնեն կարգավորել հակամարտությունը։ Սպասենք լավագույնին», - ասել է ՌԴ նախագահը։ Ինչպես նշել է Պուտինը, Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ի սկզբանե ունեցել է էթնիկական առճակատման բնույթ և սկսվել է հայ ժողովրդի դեմ հանցագործություններով: Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ չի կարող հավերժ շարունակվել այն իրավիճակը, երբ Ադրբեջանի կորցրել է իր տարածքի զգալի մասը։   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի  
21:41 - 22 հոկտեմբերի, 2020
Ոչ ոք այնքան հետաքրքրված չէ ԼՂ-ում իրավիճակի կարգավորմամբ, որքան Ռուսաստանը․ Վլադիմիր Պուտին

Ոչ ոք այնքան հետաքրքրված չէ ԼՂ-ում իրավիճակի կարգավորմամբ, որքան Ռուսաստանը․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանում ապրում է ավելի քան 2 մլն հայ և ուղիղ 2 մլն ադրբեջանցի: Մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են: Այս մասին այսօր՝ «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով արցախյան հակամարտության խնդրին։ Պուտինը նշել է, որ իրենց համար մեծ ողբերգություն է, երբ հակամարտության գոտում մարդիկ են մահանում:  «Բայց մենք չպետք է մոռանանք, թե ինչ է կատարվել հայ ժողովրդի հետ Առաջին համաշխարհայինի ժամանակ․ դա մեծ ողբերգություն էր: ԼՂ հակամարտությունը միայն երկու պետությունների հակամարտություն կամ տարածքի համար կռիվ չէ: Այն էթնիկ ծագում ունի: Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, հետո Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ էին իրականացվում հայ ժողովրդի դեմ։ Մենք նաև հասկանում ենք, որ չի կարող հավերժ շարունակվել այն իրավիճակը, երբ Ադրբեջանի կորցրել է իր տարածքի զգալի մասը»,- ասել է ՌԴ նախագահը։ Պուտինը նշել է, որ իրենք առաջարկել ենք ճգնաժամի կարգավորման բազմաթիվ տարբերակներ, որպեսզի իրավիճակը կայունա: «Երբեմն թվացել է, թե ևս մի քայլ, և մենք կգտնենք լուծումը: Ցավոք, դա տեղի չի ունեցել: Ողբերգությունն այն է, որ մարդիկ են մահանում: Երկու կողմերն էլ շատ կորուստներ են ունեն»,- ասել է նա։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի համար սա առանձնահատուկ իրավիճակ է: «Այո՛, ստեղծվել է Մինսկի խումբը, համանախագահները` ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, բանակցային գործընթացը կազմակերպելու պատասխանատվություն են կրում: Բոլոր կողմերն անկեղծորեն ձգտում են, որ իրավիճակը կարգավորվի, բայց ոչ ոք դրանով այնքան հետաքրքրված չէ, որքան Ռուսաստանը, որովհետև դա տեղի է ունենում մեր բարեկամների հետ»,- ասել է ՌԴ նախագահը։    
21:25 - 22 հոկտեմբերի, 2020
ՌԴ-ի և Իրանի դիրքորոշումները համընկնում են այն հարցում, որ ԼՂ-ում հրադադարն այլընտրանք չունի. Զախարովա

ՌԴ-ի և Իրանի դիրքորոշումները համընկնում են այն հարցում, որ ԼՂ-ում հրադադարն այլընտրանք չունի. Զախարովա

Ռուսաստանը և Իրանն ունեն նույն մոտեցումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող հիմնական հարցերում, մասնավորապես՝ այն հարցում, որ հրադադարի ռեժիմն այլընտրանք չունի: Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը։ «Ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր՝ Ռուսաստանի և Իրանի ղեկավարները բազմիցս քննարկել են Լեռնային Ղարաբաղի գոտում իրավիճակի սրացման թեման։ Մենք նշում ենք, որ կողմերի դիրքորոշումները համընկնում են իրավիճակի կարգավորման կարևորագույն կետերի վերաբերյալ, մասնավորապես՝ ներկայիս փուլում ամենակարևոր հարցում, որ զինադադարին այլընտրանք չունի, և պետք է սկսվի բանակցային գործընթաց։ Մենք գիտենք, որ Թեհրանում աջակցում և բարձր են գնահատում Ռուսաստանի համապատասխան ջանքերը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - ասել է նա։ Զախարովան նշել է, որ Մոսկվան կշարունակի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ երկխոսությունը Թեհրանի հետ և իր աշխատանքում հաշվի կառնի Իրանի գաղափարներն ու իրավիճակի վերաբերյալ գնահատականները: «Իրանի հավասարակշռված դիրքորոշումը կարևոր է հակամարտության կողմերի համար»,- ասել է Զախարովան։   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
19:48 - 22 հոկտեմբերի, 2020
Սահմանից՝ սահման․ Բերդավանցի կանայք գուլպաներ են գործում Արցախի սահմանին կանգնած զինվորների համար

Սահմանից՝ սահման․ Բերդավանցի կանայք գուլպաներ են գործում Արցախի սահմանին կանգնած զինվորների համար

Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղի կանայք պատերազմի մեկնարկից օրեր անց, մի կողմ դնելով հուզմունքն ու անհանգստությունը, սկսեցին «Սահմանից սահման՝ զինվորի համար» նախաձեռնությունը։ Կարևորելով թիկունքի ամրությունը՝ սահմանապահ գյուղի կանայք սկսեցին զինվորների համար բրդյա տաք գուլպաներ գործել։  Նախաձեռնության հեղինակ Գոհար Ասլիկյանը Infocom.am-ին պատմեց, որ օրեր առաջ մտքում ծագած գաղափարն արդեն իրականություն է, որին, ի զարմանս իրեն, արձագանքեցին ոչ միայն Բերդավանի, այլև հարակից համայնքների կանայք։  «Առաջինն, իհարկե, արձագանքեցին զինվորների մայրերն ու կանայք։ Նախաձեռնության նպատակն այն է, որ մեր զինվորականները վստահ լինեն՝ իրենց թիկունքն ամուր է, իսկ ոտքերը պետք է տաք լինեն»,- ասաց նախաձեռնության հեղինակը։  Լինելով զինվորականների մայրեր ու կանայք՝ գուլպաներ գործող կամավորները լավ գիտեն՝ ոչ մի գնված գուլպա երբեք ավելի տաք չի կարող լինել, դրա մասին խոստովանել են նաև հենց իրենք՝ զինվորականները։ Բացի այդ՝ գործելու ընթացքում կանայք չեն մոռանում ներդնել իրենց  օրհնանքն ու քնքշանքը։ Աշխատանքի մեկնարկը տվեցին  փորձառու կանայք, հետո նրանց միացան սովորել ցանկացող երիտասարդ կամավորները։ Համավարակից ելնելով՝ մեծ խմբերով չեն հավաքվում, կանայք գործն անում են իրենց տներում՝ կամավորները հավաքում են արդեն գործած գուլպաներն ու նոր թելեր տրամադրում։  Գոհարն ասում է՝ գտել են խելամիտ լուծումը․ թելերի բացակայությունը մեղմելու համար կանայք քանդում են տներում ունեցած հագուստներն ու դրանք վերածում գուլպաների։ Նախաձեռնության սկզբում մի խումբ աղջիկներ իրենց միջոցներով ապահովել են թելերի որոշ քանակություն։ Գաղափարի մասին իմանալուց հետո համայնքի որոշ բնակիչներ էլ են ուղարկել անհրաժեշտ իրեր և թելեր։ Կանայք հաշվարկել են՝ մեկ կծիկից կարողանում են մեկ զույգ գուլպա գործել, արդեն ավելի քան 70 զույգ գործել են՝ առաջին խմբաքանակը շուտով կուղարկվի առաջնագիծ։  Կանանց մեջ «ռեկորդակիրը» տիկին Անահիտն է, ում որդին և ամուսինը սահմանին են․ մեկ օրում մեկ զույգ գուլպա է գործում։ Մեր զրույցում ամենավարժ ձեռք ունեցող տիկին Անահիտը վստահեցրեց՝ հաղթելու ենք։ «Մեր զինվորներին ցանկանում եմ խաղաղ երկնքի տակ բարի ծառայություն, այս ամենը շուտ ավարտվի։ Մեր հայ ազգի զավակների բազուկներին ուժ, տոկունություն եմ մաղթում։ Աստված  բոլորին պահապան լինի»,- հուզմունքը թաքցնելով՝ ասաց զինվորի մայրը։  Նախաձեռնության անդամները նշում են, որ կանանց մոտ ոգևորությունը չի մարել, հազիվ են հասցնում թելերը փոխանցել՝ գուլպան արդեն պատրաստ է լինում։ Տարբեր գյուղերից նախաձեռնությանը միացել են ավելի քան 50 կանայք։ Այս պահին էլ շարունակվում է դրամահավաքը՝ թելեր և շյուղեր գնելու համար։ Չեն մոռացել, որ ամեն գուլպայի մեջ պետք է գրառում անեն՝ սրտի խոսքն ուղղելով հայրենիքի պաշտպաններին։  «Շատ են առաջարկում թելի փոխարեն խանութներից գնել և ուղարկել կտորից գուլպաներ, ուզում եմ կրկին շեշտել, որ այս դեպքում գուլպաների հետ ուղարկում ենք նաև մայրերի օրհնանք ու ջերմությունը։ Ամեն գուլպան մեծ սիրով ու քնքշանքով է ստեղծվում։ Որպես սահմանում ապրող մարդ՝ կոչ եմ անում ամուր պահել զինվորականների թիկունքը, ոչ մի դեպքում խուճապի չմատնվել։ Յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր աշխատանքի կարևորությունը։ Վստահ եղեք՝ հաղթելու ենք»,- եզրափակեց նախաձեռնության հեղինակ Գոհար Ասլիկյանը։ Ասպրամ Փարսադանյան
15:29 - 22 հոկտեմբերի, 2020
Եկել է մեր ժամը հայրենիքին տալ ամեն ինչ և չխնայել ոչինչ․ Նիկոլ Փաշինյան

Եկել է մեր ժամը հայրենիքին տալ ամեն ինչ և չխնայել ոչինչ․ Նիկոլ Փաշինյան

Մեր առաջին ազատամարտի զոհված հերոսները՝ Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանը, Մովսես Գորգիսյանը, Վազգեն Սարգսյանը, նայում են մեզ: Մենք պետք է նայենք նրենց աչքերի մեջ և առիթ չունենանք մեր հայացքը փախցնելու նրանցից, որովհետև նրանք հայրենիքին տվեցին ամեն ինչ, չխնայեցին ոչինչ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հիմա եկել է մեր ժամը հայրենիքին տալ ամեն ինչ և չխնայել ոչինչ: Ավտոմեքենաներ, որոնք պետք են առաջնագծում, միկրոավտոբուսներ, որոնք պետք է կամավորներին տեղափոխեն, ջիպեր, որոնք պետք է շարժունակությունն ապահովեն, ինտելեկտուալ աշխատանք բարձր տեխնոլոգիական ոլորտում՝ հակազդելու ժամանակակից զենքերին»,- ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այսօր նրա ամենակարևոր ուղերձն այն է, որ պետք է ձևավորվեն կամավորական ջոկատներ: Իսկ ջոկատներ ձևավորվելուց հետո պետք է դիմել զինկոմիսարիատներին: «Ուզում եմ, որ մենք, այս պահից սկսած, մեր հոգում և մտքում ուժեղացնենք, կառուցենք, կոփենք հաղթանակի կամքը և ոգին»,- եզրափակեց իր խոսքը վարչապետը։
18:22 - 21 հոկտեմբերի, 2020
Աշխարհում «Բայրաքթարների» խոցման մոտ 30 փաստական դեպք է հայտնի․ միայն մեկ տասնյակը Արցախի ՊԲ ստորաբաժանումների թիրախն են եղել

Աշխարհում «Բայրաքթարների» խոցման մոտ 30 փաստական դեպք է հայտնի․ միայն մեկ տասնյակը Արցախի ՊԲ ստորաբաժանումների թիրախն են եղել

Պաշտպանության բանակի զինված ուժերն օրերս՝ հոկտեմբերի 19-ի մարտերի ընթացքում, խոցել են հակառակորդի հինգ անօդաչու թռչող սարք, որոնց թվում՝ թուրքական արտադրության «Բայրաքթար»։  Ադրբեջանը «Բայրաքթար» տեսակի անօդաչուները միայն նախօրեին չէ, որ կիրառել է։ Պատերազմական գործողությունների դեռեւս երրորդ օրը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ թուրքական F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Ստեփանյանն այդ օրը նշել էր, որ կործանիչներն ապահովում էին ՀՀ բնակավայրերի եւ ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:  Երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Արցախի ՊԲ-ի խոցած «Բայրաքթար»-ների թիվը հասնում է շուրջ մեկ տասնյակի, ուղղակի խոցված սարքերից ոչ մեկը ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէր ընկել: «Բայրաքթար» ՏԲ2-ը 6,5 մ երկարությամբ, թեւերի 12 մ բացվածքով եւ մինչեւ 55 կգ բեռնատարողությամբ հարվածային ԱԹՍ է։ Այն կարող է զարգացնել մինչեւ 222 կմ/ժ արագություն, գործողության շառավիղը 150 կմ է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 8200մ։ Այս տեսակի ԱԹՍ-ն կարող է իր վրա կրել կառավարվող հակատանկային հրթիռներ եւ օդային ռումբեր:  «Baykar Makina» ընկերությունը 2000-ականներին է սկսել «Բայրաքթարի» նախագծումը: ՏԲ2-ը հիմնված է ավելի վաղ արտադրված «Բայրաքթար» ՏԲ1 տարբերակի վրա, որն առաջին անգամ գործարկվել է 2009 թվականին: Իսկ մարտական գործողությունների ժամանակ առաջին անգամ կիրառվել է 2014-ին՝ Թուրքիայի արեւելքում: Այս սպառազինության կիրառման մասին առաջին պաշտոնական տեղեկությունը եղել է 2016 թվականին։ Նշվել է, որ այն օգտագործվել է քրդական ստորաբաժանումների դեմ: Ի դեպ, Արցախի ՀՕՊ ստորաբաժանման խոցած «Բայրաքթարներից» մեկի ուսումնասիրությունից պարզվել է, որ դրա հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Կանադայի WESCAM ընկերությունն է այն արտադրել՝ այս տարվա հունիսին, իսկ «Բայրաքթար» TB2-ի վրա տեղադրվել է անցյալ ամիս՝ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ: Ժամանակակից պատերազմներում հարվածային անօդաչու թռչող սարքերը համարվում են ամենահզոր զենքերից։ Թուրքական այս անօդաչուները ակտիվորեն գործածվել են հիմնականում Լիբիայում ու Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ, ապա, փաստորեն, նաեւ մեր տարածաշրջանում։ Պնդումներ կան, որ «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ն խոցելը բավականին բարդ է․ մինչ օրս հայտնի է աշխարհում խոցված մոտ 30 «Բայրաքթարի» մասին՝ այդ թվում՝ արցախա-ադրբեջանական սահմանի այս մարտերի ընթացքում ոչնչացվածները։ Ե՞րբ եւ որտե՞ղ են խոցվել «Բայրաքթարները» Բաց որոնման արդյունքներով՝ առաջին խոցված «Բայրաքթարի» մասին փաստական նյութը 2019 թվականի դեկտեմբերի 13-ին է եղել․ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի ուժերին հաջողվել է խոցել Ազգային միասնության կառավարության Ֆայզ Սարաջի անօդաչու թռչող սարք։ Այն խոցվել է Այն-Զարայի շրջանում` Տրիպոլիից հարավ։ 2020 թվականի հունվարի 22-ին Լիբիայի Ազգային բանակը ոչնչացրել է թուրքական եւս մեկ «Բայրաքթար» TB2, որը պատրաստվում էր օդ բարձրանալ Տրիպոլիի Միտիգա օդանավակայանից: Լիբիայի Ազգային բանակը փետրվարի 25-ին խոցել է եւս մեկ «Բայրաքթար»՝ մայրաքաղաք Տրիպոլիից հարավ գտնվող Սուք Ալ-Խամիսի շրջակայքում։ Լիբիայի զինված ուժերի գեներալ-մայոր Ահմեդ Սալեմի խոսքերով՝ փետրվարի 28-ին Ազգային բանակը խոցել է վեց «Բայրաքթար», որոնցից միայն երկուսի նկարներն են տեղադրվել համացանցում: Եւս երկու «Բայրաքթար» էլ խոցվել է մարտի 31-ին․ այս մասին նույնպես հաղորդել է Լիբիայի բանակի մամուլի ծառայությունը։ Ապրիլի 11-ին Լիբիայում դարձյալ «Բայրաքթար» է խոցվել։ Լիբիայի զինված ուժերը եւս երկու «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ են խոցել ապրիլի 17-ին, մեկն էլ՝ հաջորդ օրը։ Մայիս ամսվա ընթացքում Լիբիայում խոցվել է 3 «Բայրաքթար»՝ մայիսի 2-ին, 12-ին եւ 23-ին։ Հաջորդ ամիս Լիբիական բանակը խոցել է եւս երեքը․ երկուսը՝ հունիսի 7-ին, մեկը՝ հաջորդ օրը։ Փաստորեն, թուրքական հարվածային այս դրոնները, որ ակտիվորեն կիրառվել են Սիրիայում, Լիբիայում ու Արցախում, այդքան էլ անխոցելի չեն։ Ինչպես նշեցինք, մեր կողմի պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումները շուրջ 25 օր տեւող պատերազմական գործողությունների ընթացքում արդեն մեկ տասնյակի հասնող «Բայրաքթար» են զգետնել։  Ի դեպ, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ մեր խոցած «Բայրաքթարներից» մեկի նկարն էլ հրապարակեց։ Արցախի ՊԲ ստորաբաժանումների խոցած «Բայրաքթարներից» մեկի կտորները Նարեկ Մարտիրոսյան, Հայարփի Բաղդասարյան
14:38 - 21 հոկտեմբերի, 2020
Եթե այս բնագծից մենք հետ ենք քաշվում մյուսը, որտեղ ավելի հարմար է պաշտպանվելը, չի նշանակում՝ մենք պարտվել ենք․ Արծրուն Հովհաննիսյան

Եթե այս բնագծից մենք հետ ենք քաշվում մյուսը, որտեղ ավելի հարմար է պաշտպանվելը, չի նշանակում՝ մենք պարտվել ենք․ Արծրուն Հովհաննիսյան

Մեր մեկ հաջող հակահարձակողական օպերացիայով ադրբեջանական բանակի ողնաշարը չենք ջարդել, և Ադրբեջանի կապիտուլյացիայի մասին խոսք լինել չի կարող։ Եվ նույնն էլ, եթե այս բնագծից մենք հետ ենք քաշվում մյուս բնագիծ, որտեղ ավելի հարմար է պաշտպանվելը, չի նշանակում՝ մենք պարտվել ենք։ Այս մասին ասել է ՊՆ ներկայացուցիչը Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ։ «Այսօր որոշակի տեղաշարժ է եղել։ Հստակ թվեր չեմ կարող նշել, բայց այսօր օպերացիայի ընթացքում նույնիսկ խոսել եմ հրամանատարներից ոմանց հետ, որոնք այդ պահին գնում էին առաջ ու անցել էին հակահարձակման։ Թե ինչքան ենք հաջողել, չեմ կարող ասել»,- ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ այն տեխնոլոգիաները, որոնք կիրառում են գերտերությունները աշխարհի այս կամ այն կետում, այսօր կիրառվում է Արցախում։ «Դրանք ամենավերջին ԱԹՍ-ներն են, գերճշգրիտ հրթիռներն են, կապի համակարգերն են։ Տեսնում ենք 5-րդ սերնդի պատերազմ, ճիշտ է, ամբողջ գործիքակազմը 5-րդ սերնդի չէ ո՛չ իրենց կողմից, ո՛չ մեր կողմից, բայց իրենց կողմից բարձր տեխնոլոգիական սեգմենտի վրա մեծ ուշադրություն է դարձվել, որոնց առումով իրենք միշտ են ունեցել առավելություն։ Բայց միայն դա հաղթանակ չի ապահովելու։ Երբեք չես կարողանալու միայն ճշգրիտ ու կետային հարվածներով վերջնական արդյունքի հասնել»,- ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցիչը ասել է, որ հակառակորդի հզոր հարձակողական բռունցքները կազմված էին 10․000-ից ավելի մեծ զորախմբերից, միգուցե 20․000-անոց զորախմբերից։ «Ամեն մի բռունցքի մեջ կար մի քանի հազար հատուկ գրոհային, կար 100-ից ավել տանկ, նույնքան այլ զրահատեխնիկա, կար 200ից, 300-ից ավելի հրետանային միջոց, տասնյակների հասնող մեծ տրամաչափի համազարկային կայանքներ՝ սմերչ, պոլոնեզ և այլն։ Եվ այս բռունցքները դասական ամրաշինկաան կառույցներով հագեցած պաշտպանական բնագիծը՝ առաջին երկու խրամատները, չկարողացան հաղթահարել, ճեղքում ապահովել»,- հավելել է նա։ Նրա խոսքով՝ 5-7 օր հակառակորդի մոտ չէր ստացվում ճեղքում ապահովել, փոխեցին մարտավարությունը։ «Ամբողջ ուժերը 3-4 հատվածներից հավաքեցին, տարան մեկ հատված՝ հարավ: Ճեղքման տեղամասերում 12 անգամ առավելություն ունեն, ռազմի պատմությունը նման բան չգիտի կամ շատ եզակի դեպքեր կան։ 12 անգամ մեծ ուժը 7-րդ, 8-րդ օրը օպերացիայի երկրորդ փուլ է իրականացնում․ օրական միջինը 1-2 կմ են առաջ եկել։ Ռազմագիտության տեսանկյունից դա խայտառակություն է»,- ասել է նա։ Հովհաննիսյանը նշել է, որ սեպտեմբերի 27-ին առաջին հարվածը հասցրել են ՀՕՊ-ի կետերին և կառավարման կետերին։ «Գրագետ հարված են հասցրել, բայց իդեալական չեն կարողացել իրականացնել։ Կոնկրետ կառավարման համակարգին գրեթե վնաս չեն կարողացել պատճառել կամ չնչին վնաս են հասցրել մարտավարական մակարդակում։ Բայց ՊԲ կառավարման համակարգի ամբողջության մեջ չեն կարողացել վնասել, ՀՕՊ-ին էլ հասցրել են մասնակի վնաս։ Առաջին հարվածային ալիքի ժամանակ օդում եղել է մոտ 1000 միավոր ԱԹՍ, մեծ տրամաչափի համազարկային կայանքներ, ճշգրիտ հրթռներ, ավիացիոն միջոցներ»,- հավելել է նա։ Հովհաննիսյանը, պատասխանելով հյուսիսային ուղղությամբ իրավիճակի վերաբերյալ հարցին, պատմել է, որ շաբաթ առաջ հյուսիսային կողմում մեկ դիրքի ուղղությամբ 700-800 գրոհային եկավ և չկարողացան ճեղքել․ հետ շպրտվեցին՝ ձորակի մեջ թողնելով 200-300 դիակ։
00:27 - 21 հոկտեմբերի, 2020
Սյունիքում ռուս սահմանապահները դեռեւս 1955 թվականից են պահպանում Իրանի հետ սահմանը

Սյունիքում ռուս սահմանապահները դեռեւս 1955 թվականից են պահպանում Իրանի հետ սահմանը

Հայկական որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում, ըստ որոնց՝ Սյունիքում հայկական կողմի սահմանապահների հետ սահմանային հսկողությանը միացել են նաև ռուս սահմանապահները: Սակայն ռուս սահմանապահների, ռուսական ջոկատի տեղակայումը Սյունիքում` մասնավորապես Մեղրու անցակետում, ամենեւին էլ նորություն չէ:   Դեռեւս Խորհրդային միության տարիներից ի վեր` 1955 թվականից, Մեղրու սահմանապահ ջոկատը պահպանում է Իրանի հետ սահմանը: Անկախացումից հետո էլ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրու ջոկատն է պահպանում այն: Սակայն Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորության վերաբերյալ քննարկումների ֆոնին այս բովանդակությամբ հրապարակումները կարող են որոշակի ենթադրությունների առիթ դառնալ: Սյունիքի մարզպետարանից մեր զրույցում եւս հաստատեցին, որ տարածվող տեղեկությունները նոր չեն, եւ որ Մեղրիի ջոկատը արդեն 65 տարի է` տեղակայված է Սյունիքի մարզում: Մարզպետարանից նշեցին, որ ջոկատն այս պահին եւս պահպանում է միայն Հայաստանի եւ Իրանի սահմանը։ Զարա Խաչատրյան
18:14 - 20 հոկտեմբերի, 2020
Վերջին ամիսներին ադրբեջանական ավիաընկերության՝ Գերմանիայից ու Լյուքսեմբուրգից կատարած չվերթների դինամիկան աճել է

Վերջին ամիսներին ադրբեջանական ավիաընկերության՝ Գերմանիայից ու Լյուքսեմբուրգից կատարած չվերթների դինամիկան աճել է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն օրերս հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Ծառայության տրամադրության տակ գտնվող տվյալների համաձայն՝ ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք եւ վարձկան-ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելու նենգ գործելաոճով։ Այս մասին են վկայում Բաքվի օդանավակայանից ադրբեջանական «Սիլկ ուեյ» (Silk Way) բեռնափոխադրող ավիաընկերության «Բոինգ-747» եւ «ԻԼ-76» ինքնաթիռներով դեպի տարբեր երկրների ռազմական օդանավակայաններ կատարվող եւ հետադարձ ուղղությամբ իրականացվող չվերթները։ Վերջին ամիսներին աճել է նաեւ Գերմանիայից ու Լյուքսեմբուրգից կատարած չվերթների դինամիկան Վերջին ամիսներին, երբ Ադրբեջանն, ըստ էության, պատրաստվել է Արցախի դեմ պատերազմական լայնածավալ գործողությունների, ադրբեջանական այս ընկերությունը առավել ինտենսիվ է դարձրել նաեւ Գերմանիայից եւ Լյուքսեմբուրգից դեպի Բաքու կատարած թռիչքները։ Մասնավորապես, այս տարվա հոկտեմբերին ութ թռիչք է իրականացվել Ֆրանկֆուրտից Բաքու՝ 3-ին, 4-ին, 10-ին, 11-ին՝ երկու անգամ, 17-ին դարձյալ երկու անգամ, եւ 18-ին։ Եւս երկու թռիչք էլ նախատեսվում է 24-ին եւ 25-ին։ Իսկ Լյուքսեմբուգից Բաքու երեք թռիչք է իրականացվել, մեկն էլ նախատեսվում է հոկտեմբերի 25-ին։ Անցյալ ամիս՝ սեպտեմբերին, երբ սկսեցին արցախա-ադրբեջանական սահմանի լայնածավալ պատերազմական գործողությունները, Silk Way Airlines-ը Ֆրանկֆուրտ-Բաքու չորս թռիչք է իրականցրել, որոնցից մեկը՝ 26-ին, մեկն էլ՝ 27-ին: Լյուքսեմբուրգ-Բաքու չվերթները հինգն են եղել, երկուսը՝ դարձյալ 26-ին ու 27-ին՝ պատերազմական գործողությունների նախորդ եւ առաջին օրերին։ Ֆրանկֆուրտ-Բաքու թռիչքներն՝ ըստ ամիսների Օգոստոսին Ֆրանկֆուրտ-Բաքու հինգ թռիչք է եղել, Լյուքսեմբուրգ-Բաքու՝ եւս հինգը։ Հուլիսին՝ Ֆրանկֆուրտ-Բաքու՝ երկու թռիչք է եղել, Լյուքսեմբուրգ-Բաքու՝ չորս։ Հունիսին՝ Ֆրանկֆուրտ-Բաքու՝ դարձյալ երկու թռիչք, իսկ Լյուքսեմբուրգ-Բաքու՝ չորս։ Մայիսին՝ Ֆրանկֆուրտ-Բաքու երկու՝ երկու թռիչք, ապրիլին՝ հինգ, մարտին թռիչքներ չեն եղել, ֆետրվարին՝ երեք, հունվարին՝ մեկ, արդեն 2019-ի դեկտեմբերին՝ երեք, նոյեմբերին՝ հինգ։ Լյուքսեմբուրգ-Բաքու թռիչքներն՝ ըստ ամիսների Լյուքսեմբուրգ-Բաքու թռիչքներ ապրիլին եւ մայիսին չեն եղել, մարտին չորսն են եղել, ֆետրվարին՝ դարձյալ չորսը, հունվարին՝ երեք, 2019-ի դեկտեմբերին ու նոյեմբերին՝ էլի չորսական։ Իսկ ահա օգոստոսին եւ սեպտեմբերին թռիչքները եղել են 5-ական, հոկտեմբերին՝ դեռեւս չորս։ Գերմանիայի տարածքում, նկատենք, ՆԱՏՕ-ի երկու բազաներ են տեղակայված՝ Շպանգդալեմի ավիաբազան եւ Ռամշթայնի բազան, որոնք Ֆրանկֆուրտից եւ Լյուքսեմբուրգից մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա են։ Ընդ որում՝ Silk Way ավիաընկերության հաճախորդների թվում են նաեւ գերմանական զինված ուժերը՝ Bundeswehr-ը։  Ի դեպ, հոկտեմբերի 2-ին՝ ռազմական գործողությունների հինգերորդ օրը, Արցախի ՊԲ-ն հրապարակեց մեր խոցած ԱԹՍ-ների բեկորների լուսանկարներ։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում արձանագրեց, որ Ադրբեջանին արցախցի խաղաղ բնակչության դեմ, փաստորեն, կիրառում է նաեւ գերմանական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ Գերմանական Hawker եւ Varta ընկերությունների ԱԹՍ-ների բեկորները Սակայն դեռեւս հայտնի չէ՝ Ադրբեջանն այս սարքերը երբ է ձեռք բերել եւ արդյոք Գերմանիայի՞ց, թե՞ զենքի սեւ շուկայից։ 2018 թվականի հունիսին Գերմանական Stern շաբաթաթերթը հայտնել էր գերմանական Rheinmetall-ի՝ Ադրբեջանի հետ համագործակցելու ծրագրերի մասին։ Այնուհետ նաեւ Reuters գործակալությունը հրապարակում արեց սրա վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները; Հավելենք, որ դեռեւս 2017 թվականին բուլղարական Trud պարբերականի աղմկահարույց հետաքննությամբ հայտնի դարձավ, որ Silk Way ընկերությունը դիվանագիտական բեռների անվան տակ զենքի անօրինական եւ լայնամասշտաբ արտահանում ու վաճառք է իրականացրել Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան եւ Կոնգո։ Բուլղարացի հաքերների Anonymus Bulgaria խումբը կոտրել էր Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան ցանցն ու փաստաթղթերը դարձրել հասանելի։ Պարզվել էր, որ վերջին երեք տարիների ընթացքում ադրբեջանական ընկերությունը քողարկվել է դիվանագիտական ծխածածկույթով՝ աշխարհի տարբեր թեժ կետեր տասնյակ տոննաների զենք եւ զինամթերք ուղարկելու համար։ Ընկերությունը ներգրավված է եղել հյուսիսային Սիրիայի տարածքում գործող քրդերին եւ Թուրքիայի դեմ պայքարող Քրդական բանվորական կուսակցությանը զինելու գործում։ Հեղինակավոր Trud-ի հոդվածագիրը նշել է նաեւ, որ Ադրբեջանի տեղափոխած զենքի մի մասը կարող է օգտագործված լինել Լեռնային Ղարաբաղում։ 
17:17 - 20 հոկտեմբերի, 2020
Քողարկող ցանցեր`բանակի համար. «Արեգնազան» կրթահամալիրը, մարտական գործողությունների սկսվելուց ի վեր, վերածվել է արհեստանոցի

Քողարկող ցանցեր`բանակի համար. «Արեգնազան» կրթահամալիրը, մարտական գործողությունների սկսվելուց ի վեր, վերածվել է արհեստանոցի

Երևանի «Արեգնազան» կրթահամալիրում մարտական գործողությունների առաջին օրվանից կամավոր ծնողները և ուսուցիչները բանակի համար քողարկող ցանցեր են գործում և պաշտպանության նախարարության միջոցով ուղարկում առաջնագիծ: Լուսինե Ազարյանը, որի երեխաները սովորում են «Արեգնազան»-ում, մի քանի օր է, ձեռքից ցած չի դնում հեռախոսը: Նա պատասխանում է իրենց միանալ ցանկացող կամավորների զանգերին, ուղղորդում, թե ինչով կարող ենք օգտակար լինել: Աշխատանքը սկսվել է այսպես․ «Արեգնազան» կրթահամալիրի աշակերտներից մի քանիսի ծնողները որոշել են քողարկող ցանցեր հյուսել բանակի համար, դիմել են դպրոցի տնօրենությանը, տնօրենությունն էլ տրամադրել է դպրոցի տարածքը։ Նախաձեռնողներն ընթացքում որոշել են ավելի շատ մարդկանց ներգրավել, քանի որ աշխատանքը մեծ է և ժամանակատար։ Կան բազմաթիվ մարդիկ, որոնք այս  օրերին փորձում են օգտակար լինել, բայց չգիտեն՝ ինչպես։ Նախաձեռնողները նաև փորձում են օգնել այդ մարդկանց և ներգրավել իրենց աշխատանքներում։ Ցանցերի հյուսումն իրականացվում է մի քանի փուլով․ նախ գտնում են զինվորական համազգեստ արտադրող գործարաններ, այդ գործարաններից համազգեստներ կարելու համար օգտագործված կտորների ավելցուկները բերում են Երևան։ Այստեղ կտորները տեսակավորում են, մշակում, որից հետո հյուսում են ցանցերին։   Կամավորները քողարկող ցանց են հյուսում   Ցանցերի համար կտորներ ստանում են մի քանի գործարաններից։ «Մասիսի «Գարուն»  գործարանի տնօրենի հետ պայմանավորվեցինք, գնում ենք, այնտեղից ենք վերցնում, Իջևանից մեզ ահագին կտոր ուղարկեցին: Ով որտեղից կարողանում է, ինչ կարողանում է, պեղում է։ Ցանցեր են բերում, եթե ցանցերը սպիտակ են լինում, ոչ թե կանաչ, «Սելենա սերվիս»-ի մեր ընկերները ներկում են։ Մի խոսքով, ով ինչ կարողանում է, անում է»,- պատմում է Լուսինե Ազարյանը:   Կտորները տեսակավորվում  և մշակվում են   Այսօրվանից աշխատանքին միացել են նաև դպրոցի աշակերտների հայրերը, որոնք իրենց մեքենաներով տարբեր մարզերի գործարաններից կտորները հասցնում են դպրոց։  Նախաձեռնության համակարգողներից մեկը համագործակցում է պաշտպանության նախարարության հետ, որպեսզի գործը արդյունավետ լինի։ Նախ սովորել են, թե ինչպես է պետք ճիշտ գործել ցանցերը, հետո սկսել են աշխատանքները։   Կտորները հյուսվում են ցանցերին   Ցանցերը հյուսում են ոչ միայն «Արեգնազան»-ում։ Այլ դպրոցներից էլ են կամավորներ գալիս, սովորում գործելու սկզբունքը և իրենց դպրոցներում ինքնակազմակերպվելով՝ մասնկացում աշխատանքին։ Նախաձեռնությանը միացած դպրոցների թիվն այս պահին մոտ 15 է, բայց կամավոր դպրոցները գնալով ավելանում են։   Կամավորներն աշխատում են դպրոցի մի քանի սենյակներում   «Արեգնազան»-ի մասնաճյուղերից մեկի երկու հարկը տրամադրված է կամավորական աշխատանքներին։ Կամավորներն աշխատում են խմբերով: Ամեն մեկն իր աշխատանքը լավ գիտի․ կտորները տեսակավորում են, համապատասխան աշխատանքներ անում և ուղարկում ցանց հյուսողներին։ Աշխատում են ամեն օր՝ 10։00-ից 20։00-ն։ Իսկ նրանք, ովքեր չեն հասցնում օրվա ընթացքոմ գալ դպրոց, կամավորներից սովորում են աշխատելու եղականակը և տնից օգնում: Բոլոր կամավորները դիմակներով են, պահպանում են հակահամաճարակային կանոնները, քանի որ գիտակցում են՝ այս պայմաններում անհրաժեշտ է օգնել, ոչ թե մի նոր հոգս ավելացնել։    Ութերորդ դասարանցիները հյուրասիրում են կամավորներին   Դպրոցում նաև չեն մոռանում հոգալ կամավորների մասին։ Ութերորդ դասարանցիները պատմում են, որ այստեղ են՝ կամավորներին քաղցրավենիք, սուրճ ու թեյ հյուրասիրելու համար։ Լուսինե Ազարյանը նշում է, որ աշխատանք շատ կա անելու, պահանջարկն էլ անվերջանալի է, որովհետև քողարկող  ցանցերը զինվորների կյանքի և զինտեխնիկայի ապահովության համար են։   Աննա Սահակյան  
22:49 - 19 հոկտեմբերի, 2020
Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել, հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո, հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել։ Այս մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է։ Իսկ կորուստների մասին լրացուցիչ կտեղեկացնեն, կամփոփվեն թվական տվյալները։  Այս պահին Հովհաննիսյանը ադրբեջանական կողմի դիակների հուղարկավորության վերաբերյալ ոչինչ ասել չի կարող, որովհետև դիակները շատ դեպքերում միջդիրքային տարածություններում կամ դիրքերի մեջտեղում են։ ՊՆ ներկայացուցչի պնդմամբ՝ նման բան անելու համար լիարժեք անվտանգ միջավայր է պետք․ «Ընդ որում՝ մենք դրել ենք հստակ պայմաններ՝ միջազգային դիտորդնեի առկայությունը, այլապես չես կարող մոտենալ, որովհետև կրակագոտում ես հայտնվելու»,- շեշտեց նա։ Ասուլիսին ներկա էր նաեւ պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։ Նա, դիմելով հայրենակիցներին ու աշխարհասփյուռ հայերին, կոչ արեց, որ բոլորը կանգնեն մեր երկրի, բանակի կողքին և ամեն կերպ օգնել, որպեսզի մեր երեխաները ոչ թե լինեն նահատակված հերոսներ, այլ կենդանի հերոսներ․ «Իմ կոչն այն է, որ բոլոր այն մարդիկ, որոնք կարող են ինչ-որ կերպ աջակցել մեր բանակին, երկրին, հիմնադրամին, անեն դա։ Բարձր հայրենասիրական երաժշտություն լսելով կամ քաղաքում պտտվելով մենք չենք օգնում, չենք ոգևորում մեր զինվորներին։ Բոլորս պարտավոր ենք մեր զինվորների կողքին լինել »,- ասաց Արտակ Հովհհանիսյանը։
22:29 - 19 հոկտեմբերի, 2020
Մի քանի տեղերում ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած վիճակը ներկայացնում է առաջխաղացում․ Արծրուն Հովհաննիսյան

Մի քանի տեղերում ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած վիճակը ներկայացնում է առաջխաղացում․ Արծրուն Հովհաննիսյան

Այն, որ Ադրբեջանը պատրաստ միակողմանի փոխանցել հայկական կողմի զոհերի դիերը, շատ խոսուն է այն իմաստով, որ Ադրբեջանին պետք չեն սեփական դիերը, և թքած ունի սեփական կորուստների վրա: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ես այսօր տեսա նաև այն տեսանյութը, որի մասին տղաներն ասեկոսեներով ասում էին. ճահճուտներում կենդանիներն ինչպես են հոշոտում իրենց դիակները: Այնպես որ զարմանալու ոչ մի բան չեմ տեսնում»,- նշեց նա։ Մեկնաբանելով ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի այն հայտարարությունը, որ զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում ՊԲ-ն պատրաստ է շրջափակված ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել՝ Հովհաննիսյանն ասաց, որ քանի որ մի քանի տեղերում ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած վիճակը ներկայացնում է առաջխաղացում, հետևաբար չի կարող մեկնաբանել, թե կոնկրետ որ հատվածի մասին էր խոսում Վահրամ Պողոսյանը՝ ծուղակ ասելով։ Հովհաննիսյանը, եզրափակելով իր խոսքը, ասաց, որ ծանր պատերազմ է, դժվար մարտեր են ընթանում, մարտի մեջ են ինչպես տղաները, այնպես էլ կին զինծառայողները: «Արդեն որերորդ կնոջ հերոսությունների դրվագների մասին եմ լսում: Ունենք վիրավոր կանայք, ունենք զոհված կանայք»,- ընդգծեց նա։
22:49 - 18 հոկտեմբերի, 2020
Տարիքով ինձնից փոքր տղաներ կան, որոնք ուղղակի հերոսական կռիվներ են տալիս թշնամու դեմ․ Արկադի Անդրեասյան

Տարիքով ինձնից փոքր տղաներ կան, որոնք ուղղակի հերոսական կռիվներ են տալիս թշնամու դեմ․ Արկադի Անդրեասյան

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց Արկադի Անդրեասյանին, որը 2014 թվականի հուլիս-օգոստոսյան հայտնի դեպքերի հերոսներից է, զինհաշմանդամ, որն այս պատերազմում կամավոր մեկնել է առաջնագիծ և մի քանի օր շարունակ մասնակցել մարտական գործողությունների հյուսիսային կողմում, աչքի ընկել հնարամտությամբ, խիզախությամբ և գործողություններով: «2015 թվականին չավարտեցի ծառայությունս, քանի որ ստացել եմ ականապայթյունային վիրավորում: Այս նենգ պատերազմն ինձ կանչեց վրեժխնդրության իմ զոհված ընկերներների, հրամանատարների, հայ բոլոր նահատակների թափված արյան համար: Մենք պետք է պաշտպանենք մեր երկրի սահմանները, մեր մայրերին, մեր քույրերին, մեր երեխաներին»,- ասաց Անդրեասյանն իր խոսքում։ Նրա խոսքով՝ առաջնագծում բոլոր  տղաները մարտական են տրամադրված, բոլորի սրտում, մտքում միայն մի նպատակ կա. այդ նպատակի անունը հաղթանակ է: «Տարիքով ինձնից փոքր տղաներ կան, որոնք ուղղակի հերոսական կռիվներ են տալիս թշնամու դեմ: Ես, ճիշտն ասած, նրանց այդ աննկուն կամքից ոգևորվել եմ: Այնտեղ սահմանին է մեր ազգի ճակատագիրը: Ամեն մեկս պետք է իմանանք ու գիտակցենք, որ յուրաքանչյուրիվս է կախված մեր ապագան: Մենք պետք է կերտենք այս հաղթանակը մեր միասնականության, մեր ոգու, մեր ուժի և մեր կամքի շնորհիվ»,- նշեց Անդրեասյանը։ Նա ասաց, որ ով ունակ է զենք բռնելու, ով կարողանում է թիկունքում աշխատանքներ կատարել, և ով ուզում է իր պատիվը փրկել, հենց այսօր, հենց հիմա թող կատարի իր վճռական քայլը: «Մենք ունենք մի առաքելություն այս պատերազմում և պետք է թշնամուն պարտադրենք խաղաղություն, որը պետք է լինի երկարատև»,- եզրափակեց Արկադի Անդրեասյանը։
22:36 - 18 հոկտեմբերի, 2020
Այսօր 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում․ Արծրուն Հովհաննիսյան

«Համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն, որոնց մասին շատ են բարձրաձայնում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Բայց թե որ բնագիծը, որ տեղամասը, ինչ հաջողություն, ինչ առաջընթաց... Կանխավ ասեմ, որ, ինչպես ի սկզբանե ներկայացրել էի, այս պատերազմում, որտեղ չափազանց ուժգին, սաստիկ և կրակային մեծ խտություն պարունակող մարտական գործողություններ են, առանձին բնագծերի, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններով, բարձունքներով առաջնորդվելով՝ հաջողությունները ֆիքսելն ընդհանրապես ակտուալ չէ»,- նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հինգերորդ սերնդի պատերազմ է ընթանում՝ բարձր տեխնոլոգիական միջոցներով, մանևրային խմբերով, և ստատիկ բնագծերի պահպանության համար առանձին մարտական գործողություններ չեն վարվում․ «կոնկրետ բնագծեր և հաջողություններ ու նահանջներ չենք նշելու»:  Նրա խոսքով՝ այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, նորից շարունակում է թեժ մնալ հարավային ուղղությունը:  «Օրվա ընթացքում, ակտիվ մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում ԱԹՍ-ներ։ Այսօր մինչև 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
22:23 - 18 հոկտեմբերի, 2020