Վլադիմիր Վարդանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 

Ծնվել է 1979թ. օգոստոսի 26-ին։ 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2002թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան,  2004թ.՝ տեղափոխվել  ԵՊՀ ասպիրանտուրան: 

2003-2006թթ. եղել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, 2006-2013թթ.՝ նույն ծառայության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, 2013-2016թթ.՝ նույն ծառայության պետ: 2016-2018թթ.՝ ՀՀ ՍԴ խորհրդական: 2005 թվականից ԵՊՀ դասախոս է: 2007-2015թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս: 2014-2015թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ: 2016-ից մինչև 2019թ.-ի հունվար աշխատել է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն: 2018թ. ապրիլ-2019թ. հունվար՝ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար:

2015 թվականից Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի խորհրդին առընթեր «Հայոց ցեղասպանության իրավական հարցերի» գիտավերլուծական կենտրոնի համակարգողն է: 2018 թվականից՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): 

 

Միջադեպ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև․ ոստիկանություն է հրավիրվել
 |azatutyun.am|

Միջադեպ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև․ ոստիկանություն է հրավիրվել |azatutyun.am|

azatutyun.am: Միջադեպ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ․ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասվածք պատճառել։ «Տեղի է ունեցել քննարկում արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, հրավիրված է եղել նաև Եղիշե Կիրակոսյանը, ներկայացրել է իր գործունեությունն, անելիքները, քննարկման ընթացքում, բնականաբար, և՛ բանավեճ, և՛ քննարկումներ են տեղի ունեցել, որի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանն, առանց որևէ հիմնավորման, դրդապատճառի, բառիս ուղիղ իմաստով, հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հասցրել է մարմնական վնասվածք հոնքի հատվածում, անհրաժեշտ է բժշկական միջամտություն, կարեր դնելու անհրաժեշտություն կա։ Մենք հրավիրել ենք ոստիկանությանը, դիմել ենք դատախազություն», - ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ «Մհեր Սահակյանը հարվածելուց անմիջապես հետո վազելով փախել է սնեյակից, թաքնվել է Ազգային ժողովի որևէ մի անկյունում, հիմա ոստիկանությունը նրան է փնտրում»։ Սահակյանի հետ խոսել «Ազատությանը» դեռ չի հաջողվել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը փոխանցեց, որ Մհեր Սահակյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, այլ հարցերի չպատասխանեց։ Դիտարկմանը, թե ՔՊ-ականների խոսքով, Մհեր Սահակյանն է հարձակվել Վլադիմիր Վարդանյանի վրա, Սիմոնյանն արձագանքեց, թե տեղյակ չէ։
12:44 - 31 մարտի, 2023
Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, և մենք մտահոգված ենք նրա տարածքային ամբողջականության հարցով. Մադալենա Ֆիշեր

Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, և մենք մտահոգված ենք նրա տարածքային ամբողջականության հարցով. Մադալենա Ֆիշեր

ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի անդամները փետրվարի 9-ին հյուրընկալել են Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մադալենա Ֆիշերի: «Արժեւորում ենք հայ-պորտուգալական հարաբերությունները եւ կարծում, որ Ձեր այցը կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը»,- բարեկամական խմբի անունից ասել է խմբի անդամ Վլադիմիր Վարդանյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի անդամներ Էմմա Պալյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը: Կողմերը քննարկել են հայ-պորտուգալական կապերի զարգացման հեռանկարները: Առանձնահատուկ ընդգծվել է խորհրդարանների եւ, մասնավորապես, բարեկամական խմբերի միջեւ սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը: Հայ խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել աջակցելու երկկողմ գործակցության խորացմանն ուղղված նախաձեռնություններին` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք ոլորտներում առկա է չօգտագործված ներուժ: Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպություններում փոխշահավետ եւ արդյունավետ համագործակցությանը: Ընդգծվել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կարեւորությունը: Բարեկամական խմբի անդամները բարձրաձայնել են նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին ու անվտանգությանն առնչվող խնդիրներ: ԱԺ պատգամավորները ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում կարեւորել են միջազգային գործընկերների արձագանքը, գործողությունները: «Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, եւ մենք մտահոգված ենք նրա տարածքային ամբողջականության հարցով»,- նշել է դեսպանը եւ կարեւորել տարածաշրջանում կայունությունը եւ անվտանգությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մեր երկրում բարեփոխումների իրականացմանը: Հյուրը պատրաստակամություն է հայտնել ներկայացնել ժողովրդավարական բարեփոխումների իրականացման իրենց փորձը` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պորտուգալիան եւս անցել է հեղափոխության ճանապարհով: 
17:32 - 09 փետրվարի, 2023
Մինչ այստեղ քննարկվում են մարդու իրավունքներին վերաբերող հարցեր, 120 000 մարդ սպասում է միջազգային հանրության արձագանքին. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

Մինչ այստեղ քննարկվում են մարդու իրավունքներին վերաբերող հարցեր, 120 000 մարդ սպասում է միջազգային հանրության արձագանքին. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

1lurer.am: Եվրոպայի խորհրդի որոշ անդամներ դրսևորում են այնպիսի վարքագիծ, որը չի համապատասխանում կազմակերպության արժեքներին: ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: «Օրինակ, մի քանի օր առաջ երկրներից մեկի առաջնորդը (խմբ. Իլհամ Ալիևը) ասաց, որ եթե նրանք չեն ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել մեր պայմաններով, մեր սահմանները կլինեն այնտեղ, որտեղ մենք կցանկանանք»,- նշել է նա՝ ընդգծելով, որ դա Եվրոպայի խորհրդի հռետորաբանությունը չէ և համահունչ չէ Եվրախորհրդի շրջանակներում ստանձնած պարտականություններին։ «Մինչ այստեղ քննարկվում են մարդու իրավունքներին վերաբերող հարցերը, 120 000 մարդ, ում իրավունքները պետք է պաշտպանվեն են այս կազմակերպության կողմից սովամահ են լինում և սպասում են միջազգային հանրության արձագանքին»,- նշել է Վարդանյանը:
22:03 - 26 հունվարի, 2023
Վլադիմիր Վարդանյանը Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկել է դատաիրավական, հակակոռուպցիոն, ընտրական օրենսդրությանն առնչվող բարեփոխումները

Վլադիմիր Վարդանյանը Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկել է դատաիրավական, հակակոռուպցիոն, ընտրական օրենսդրությանն առնչվող բարեփոխումները

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսի հետ: Քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող դատաիրավական, հակակոռուպցիոն, ընտրական օրենսդրությանն առնչվող բարեփոխումները: Վլադիմիր Վարդանյանը` որպես հանձնաժողովի նախագահ, տեղեկատվություն է ներկայացրել այդ բարեփոխումների ընթացքի և առանձնահատկությունների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքին: Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումները հետագայում շարունակելու պատրաստակամություն հայտնել:
10:58 - 26 նոյեմբերի, 2022
Թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ եմ գրելու ԵԽԽՎ նախագահությանը. Հայկ Մամիջանյան

Թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ եմ գրելու ԵԽԽՎ նախագահությանը. Հայկ Մամիջանյան

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի նիստը նախագահում էր թուրքական ազգային պատվիրակության ներկայացուցիչը, որը, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայ պատգամավորի ելույթի ընթացքում ընդհատել է նրան ու ձայնի իրավունք տվել ադրբեջանցի պատգամավորին, որը փորձեց ասել, թե Մամիջանյանն իրավունք չունի խոսել հակամարտության մասին:  Ադրբեջանցի պատգամավորի վարման կարգով ելույթից հետո խոսելու իրավունք տրվեց նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, որն ընդգծեց, որ յուրաքանչյուր անդամ կարող է խոսել ցանկացած թեմայով՝ անկախ նրանից՝ դրանք քննարկվում են, թե ոչ։ Վարդանյանը նաև ասաց, որ նիստը նախագահողը իրավունք չունի ընդհատելու ելույթը, ու վարման կարգով ելույթները պետք է լինեն ելույթների միջև ընկած ժամանակահատվածում։ Պատգամավորի խոսքին արձագանքեց նախագահողը՝ նշելով, որ ինքը չի ընդհատել ելույթը, և որ անհրաժեշտ է, որ մյուս պատվիրակություններն էլ կարծիք հայտնեն թեմայի վերաբերյալ։ Նա կոչ արեց Մամիջանյանին շարունակելու ելույթը, ինչին արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ, ըստ կանոնադրության, նախագահողն իրավունք չունի ընդհատելու ելույթը, և Մամիջանյանը ոչ թե պետք է շարունակի, այլ պետք է նոր ելույթ սկսի ու շարունակի այն այնքան, որքան կցանկանա․ «Ես հասկանում եմ, որ Դուք Թուրքիայից եք, բայց Դուք Թուրքիայից չեք այս կոնտեքստում։ Դուք նախագահում եք այս նստաշրջանը, նախագահեք այն՝ պահպանելով չեզոքություն»։ Մամիջանյանը հայտնում է, որ թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ է գրելու ԵԽԽՎ նախագահությանը: «Այն նույն ժամանակ, երբ Երևանում Ալեն Սիմոնյանը ասում է, թե Արցախի հարցը ՀՀ-Ադրբեջան պայմանագրի շրջանակում պետք չէ ներառել՝ Ստրասբուրգում խոսել եմ այն մասին, որ եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից, ապա ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ իմ հաջորդ ելույթները լինելու են անցյալ ժամանակով: Ստորև ներկայացնում եմ ելույթի հայերեն տարբերակը.«Տիկնայք և պարոնայք,Այս նստաշրջանի առաջին օրը մենք քննարկում ունեցանք Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին: Մի ասացվածք կա. «Ճշմարտության համար շնորհակալություն չեն հայտնում», բայց ես այնուամենայնիվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ճշմարտությունը բարձրաձայնելու խիզախության համար: Ես, անշուշտ, նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր ունեցան ճշմարտությունը բարձրաձայնելու խիզախություն այս եւ այլ ամբիոններից։ Բոլոր նրանց, ովքեր խուլ չմնացին իմ ժողովրդի ձայնի նկատմամբ։ Խիզախության նմանատիպ դրսևորումները մեր օրերում հազվադեպ են դարձել:Այնուամենայնիվ, այդ քննարկման ժամանակ չխոսվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների մասին: Մենք չենք խոսել այն մարդկանց մասին, ովքեր հավատում էին, որ համաշխարհային առաջնորդների ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում արված հինգ հայտարարություններն արժեք ունեին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համատեքստում: Մարդիկ, ովքեր խաղաղ ապրում էին իրենց հայրենիքում ու հույս ունեին, որ «ուժի չկիրառում» բառերը ազդեցություն ունեն: Նրանք դաժանորեն խաբվեցին։ՀՀ ներկայիս կառավարության վարած անմիտ դիվանագիտության հետևանքով իրականություն է դառնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարանջատման գաղափարը: Աշխարհը պատրաստվում է թողնել փոքր Արցախին Ադրբեջանի դեմ մեն մենակ: Ցավոք, այդ պատմությունը չի կարող ավարտվել Դավթի և Գողիաթի պատմության նման։ Եվ պատճառը բնավ Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքի ապագային տեր կանգնելու կամքի պակասը չէ: Պատճառն այն է, որ միջազգային հարաբերությունների պատմության մեջ ազգերի ինքնորոշմանն առնչվող կոնֆլիկտները երբեք չեն կարգավորվել մետրոպոլիայի և փոքրամասնության միջև բանակցությունների արդյունքում: Այդ պատմությունը կավարտվի Արցախի համար նույն կերպ, ինչպես հայ զինվորական կնոջ պատմությունը, ով խոշտանգվել և սպանվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից: Ես բնավ չեմ անտեսում այս դահլիճում քննարկված որևէ հարցի կարևորությունը, սակայն խորապես համոզված եմ, որ կնոջ խոշտանգումը, որն ուղեկցվել էր կենդանի մաշկազերծումով, կրծքին և որովայնին գրություն թողնելով, ակնակապիճի մեջ քար, բերանում կտրված մատ թողնելով, առնվազն նույն կարևորությունն է ներկայացնում, ինչ սպորտի աշխարհում կանանց հանդեպ խտրականության դրսևորումները, որոնք երեկ քննարկում էինք: Արցախի պատմությունը կունենա նույն ավարտը, ինչ ադրբեջանական զորքերի կողմից գերեվարված և սպանված հայ ռազմագերիների պատմությունը, որոնք սպանվեցին «հաճույքի» համար՝ պարզապես որովհետև հայեր էին: Գիտեմ, որ ձեզանից ոմանք հոգնել են այս խնդրի մասին մեր ելույթները լսելուց, մյուսները՝ սարսափած են ելույթումս ներկայացված դեպքերից: Սակայն, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից, վստահ եղեք, որ ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ իմ հաջորդ ելույթները լինելու են առավել սարսափազդու, գուցե նաև գրված լինեն անցյալ ժամանակով:Տիկնայք և պարոնայք, եթե շարունակեք անտեսել այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ ինձ համար շատ դժվար կլինի մաքրել նախագահողի երեսից այն ժպիտը, որով նա փորձում էր խանգարել ինձ ելույթ ունենալ:Շնորհակալություն»,- իր էջում գրել է Մամիջանյանը։
10:32 - 15 հոկտեմբերի, 2022
Երեկվա հավաքի ժամանակ այն կարգի հանցավոր վարքագիծ է եղել, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն ձեզանով․ Վարդանյանը՝ Մանուկյանին

Երեկվա հավաքի ժամանակ այն կարգի հանցավոր վարքագիծ է եղել, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն ձեզանով․ Վարդանյանը՝ Մանուկյանին

Երեկվա իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին մի հայտնի ճշմարտություն․ ինչքան փխրուն է և միաժամանակ ինչքան ամուր է ժողովրդավարությունը, ինչքան մարտահրավերներ կան ժողովորդավարության առջև և ինչքան հնարավորություններ կան՝ այդ մարտահրավերները հաղթահարելու։ Ազգային ժողովի նիստի ընթացքում, անդրադառնալով երեկ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիային, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ «Այսօր առավոտը լուսացավ, և մենք հանգիստ նորմալ եկանք աշխատանքի՝ առանց խղճի խայթի և առանց որևիցե եղանակով մեզ մեղադրելով։ Ցավոք, մարտի 1-ին այդպես չէր։ Կարո՞ղ էր կրկնվել Մարտի 1-ը։ Այո, եթե չլիներ ժողովրդավարություն, եթե չլիներ թափանցիկություն, եթե չլիներ անկեղծություն։ ՀՀ իշխանությունները փորձում են խոսել ՀՀ քաղաքացու հետ առավել անկեղծ, առավել պարզ»։ Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այսօր ԱԺ-ում ունեցած ելույթին`Վարդանյանն ասաց․ «Ցավում եմ, որ Գեղամ Մանուկյանը այստեղ չէ, որովհետև հարցադրումներ ունեմ ձեզ։ Ես ձեզ շատ լավ եմ հասկանում, որ դուք ասում եք՝ հավաքը ինքնաբուխ էր, մի քանի անգամ կրկնեցիք։ Շատ լավ հասկանում եք, որ այդ հավաքի ժամանակ այն կարգի հանցավոր վարքագիծ է եղել, որ մենք չէ, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն ձեզանով։ Դուք այստեղ էիք, որպեսզի ասեք՝ ժողովուրդ ջան, դա մենք չէինք։ Ասում են՝ գնացեք, պատգամավորին այս ինչ հասցեից բերման ենթարկեք։ Ըստ էության, քրեորեն պատժելի արարք է։ Ասում են՝ բերեք, պարտադրեք, որ ստորագրի, և դրանից հետո դուրս է գալիս Արման Թաթոյանը, որը ինձ վերջին երկու տարին համոզում է, որ ինքը քաղաքականացված չէ ու մասնագիտական գործունեություն է իրականացնում, և ասում է՝ իրավունքի գերակայությունը ինձ համար Աստված է, և ասում են՝ գնացեք Վլադիմիր Վարդանյանի ձեռքերից քաշեք, թող ստորագրի, դու ասում ես՝ այո, հայրենիքը օրհասական վիճակում է»։ Վարդանյանն ընդգծեց՝ երեկ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից ճնշող մեծամասնությունը անկեղծ էին․ «Այլ բան է, որ որոշ անձիք, որոնցից ոմանք հայրենասիրությամբ տոգորված ինչ-որ ձևակերպումներով նույնիսկ հայերեն չեն խոսում, գոնե հայերեն երկու բառ ասեին, փորձում են այդ ամենը համակարգել։ Բայց ես սիրում եմ այն մարդկանց, ովքեր երեկ գտնվել են այնտեղ, որովհետև նրանք կարողացան մեր ընդդիմադիր գործընկերներին վերադարձնել այնտեղ, որտեղ պետք է լինեն»։ Պատգամավորը շեշտեց՝ ժողովրդավարությունը պահանջում է հանդուրժողականություն․ «Մեծամասնության կարծիքը մշտապես լինելու է հիմնական, փոքրամասնության կարծիքը պետք է հարգվի, այստեղ արտահայտվի։ Եթե փոքրամասնության կարծիքը այստեղ չարտահայատվի, այն վերածվելու է բողոքի դրսում»։ Ելույթի վերջում Վարդանյանը բոլորին միասնականության կոչ արեց։Հիշեցնենք, որ երեկ ԱԺ դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պահանջում էին, որ պատգամավորները վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն։ Գործընթացի համար կային ընդդիմադիր 35 պատգամավորների ստորագրությունները, սակայն պակասում էր 18 ստորագրություն։ Ակցիայի մասնակիցները պահանջեցին, որ ՔՊ 18 պատգամավոր գա և ստորագրի փաստաթղթի տակ, որով անվստահություն հայտնելու գործընթացը կսկսվի։ Ակցիայի հրապարակեցին ՔՊ պատգամավորների հասցեները՝ քաղաքացիներին կոչ անելով գնալ այնտեղ, սակայն, քիչ հետո վերադառնալով հայտարարեցին, որ պատգամավորները իրենց տներում չեն եղել։
13:20 - 15 սեպտեմբերի, 2022
Նույնիսկ ամենալարված իրավիճակում ԱԺ-ն պետք է աշխատի և բնականոն եղանակով. Վլադիմիր Վարդանյան

 |armenpress.am|

Նույնիսկ ամենալարված իրավիճակում ԱԺ-ն պետք է աշխատի և բնականոն եղանակով. Վլադիմիր Վարդանյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը աշխատելու է և քննարկելու է այն հարցերը, որոնք օրակարգի մեջ են և անդրադառնալու է հրատապ հարցերին: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: «Երեկ առավոտվանից «Ֆեյսբուք»-ում բազմոցի վրա նստած որոշ վերլուծաբաններ փորձում են գնահատականներ տալ Ազգային ժողովի աշխատանքին՝ բա ի՞նչ օրակարգ են քննարկում այստեղ, այս ի՞նչ հարցեր են: Նախ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգն ամիսներ առաջ է ձևավորվում և այդ օրակարգից չենք կարող շեղվել: Եթե անհրաժեշտություն է լինում, շատ լավ էլ շեղվում ենք և փորձում ենք իրականացնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Բայց, հարգելի գործընկերներ, նույնիսկ ամենալարված իրավիճակում պետական համակարգը պետք է աշխատի և պետական համակարգի մեջ նախ Ազգային ժողովը պետք է աշխատի բնականոն եղանակով: Եվ որևիցե մեկը իրավունք չունի խոչընդոտել Ազգային ժողովի գործունեությանը: Ի վերջո, չմոռանանք, որ խնդիրների մի մասը սկսեց նրանից, երբ Ազգային ժողովի գործունեությունը դեռևս 1999 խաթարվեց»,- ասաց Վարդանյանը:  
11:52 - 14 սեպտեմբերի, 2022
Պատգամավորները ներկայացրել են նախաձեռնություն՝ ուղղված հակակոռուպցիոն գործերի պատշաճ քննության ապահովմանը
 |1lurer.am|

Պատգամավորները ներկայացրել են նախաձեռնություն՝ ուղղված հակակոռուպցիոն գործերի պատշաճ քննության ապահովմանը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Ալխաս Ղազարյանը լրացումներ և փոփոխություններ են առաջարկել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: Հակակոռուպցիոն գործերի մասնագիտացված և պատշաճ քննությունն ապահովելու և համապատասխան ատյանների ստեղծման գործընթացն արագացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել, որ Հակակոռուպցիոն դատարանը սկսում է գործել կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ հինգ դատավորների նշանակման պահից, իսկ վերաքննիչ դատարաններում նման գործեր քննող դատավորները պաշտոնավարումը սկսում են երեքական առանձին դատավորներ նշանակվելու պահից: Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը հարցն առաջին ընթերցմամբ ներկայացնելիս ընդգծել է, որ խնդիրը վերաբերում է անցումային դրույթներում փոփոխությունների իրականացմանը: «Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում հստակ արձանագրված է, որ գործադիրն իր իրավասությունների շրջանակում շարունակելու է իրականացնել անհրաժեշտ քայլերը՝ ուղղված Հակակոռուպցիոն դատարանի կայացմանը»,- ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: Նրա խոսքով՝ Հակակոռուպցիոն դատարանի գործունեության շնորհիվ կբարձրանա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և գործերի քննության արդյունավետությունը: Այս համատեքստում փոխնախարարը ողջունել է նախաձեռնությունը՝ ուղղված հակակոռուպցիոն դատարանների ամբողջական շղթայի գործարկմանը: Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն արժանացել է խորհրդարանի հավանությանը:
13:24 - 14 հուլիսի, 2022
Դատախազությունում որոշակի կմախքներ ունենք, որոնք ստվերում են նոր Հայաստանի դատախազության իմիջը․ պատգամավորը՝ Վարդապետյանին

Դատախազությունում որոշակի կմախքներ ունենք, որոնք ստվերում են նոր Հայաստանի դատախազության իմիջը․ պատգամավորը՝ Վարդապետյանին

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանին ասաց՝ դատախազությունում  որոշակի «կմախքներ» կան․ «Չեմ թաքցնի, որ այդ կմախքները որոշակի առումով ստվերում են նոր Հայաստանի նոր դատախազության իմիջը։ Դուք կաշկանդվածություն ունե՞ք առերեսվելու անցյալի հետ, վեր հանել  բացերը, վերացնել այն բոլոր բացասական ընկալումները, որոնք առկա են եղել դատախազությունում տարբեր ժամանակներում և դրանով հանդերձ գնալ առաջ՝ կառուցելով նոր դատախազություն նոր Հայաստանի համար, որը կամփոփի այն լավը, որը կուտակվել է տարիների ընթացքում և կառերեսի և չի թաքցնի այն վատը, որը կուտակվել է այս ընթացքում»։ Աննա Վարդապետյանն էլ ասաց՝ հասկանում է հարցի ուղիղ տեքստը ու ենթատեքստը․ «Չեմ վախենում, ոչ թե որովհետև չեմ հասկանում, այլ չեմ վախենում, որովհետև կշռադատված որոշում կայացրել, և ուզում եմ, որ իմ գիտելիքները ծառայեն։ Ես երեկ հանձնաժողովին ասեցի՝ ինչու եմ այդ քայլին դիմում, ես նաև պատմեցի, որ երկու անգամ հրաժարվել եմ նախկինում գլխավոր դատախազությունում բավական բարձր պաշտոններից։ Սա հանցավոր ինքնավստահության դրսևորում չի, սա պատասխանատվություն է, որը ստանձնվում է գիտակցաբար»։ Թեկնածուն նշեց՝ ցանկացած դեստրուկտիվ մոտեցման դեմ է․ «Ես չեմ կարծում, որ դեստրուկցիան որևէ նոր բանի կառուցման հիմք է, այսինքն՝ եթե մենք խոսում ենք կմախքներ մաքրելու, կառուցվածքային փոփոխություններ անելու, առաջնահերթություններ դնելու մասով, ապա պետք է լինի շատ հստակ ու շատ կանխատեսելի, այսինքն՝ տարբեր տեսակի ստվերային քննարկումների բացակայությամբ։ Այսինքն՝ հասկանա համակարգը, թե ինչ է պահանջվում համակարգից, հատկապես, եթե համակարգը ուղղահայաց է։ Եվ այս առումով ցանկացած պրոցես սկսվում է կարիքների գնահատումից, ցանկացած կարիքների գնահատում սկսվում է պրոբլեմների վերհանումից։ Մինչև դու չես տեսնում պրոբլեմները, չես կարող լուծել այդ պրոբլեմները, և այս առումով պարոն Բագրատյանին էլ ասեցի՝ այսօր այստեղ կանգնած չէի լինի, և սա իմ կողմից հանցավոր ինքնավստահության դրսևորում չի, սա ծառայելու պատրաստակամություն է և ցանկացած դեստրուկտիվ վարքագիծ, որը կարող է ստվերել պրոցեսները,  իմ կողմից նաև բացառելու եմ»։
14:20 - 29 հունիսի, 2022
Այսօր երևի թե կատարում ենք դատական իշխանության բնագավառում վերջին շրջանի ամենամեծ ընդլայնումներից մեկը․ Վարդանյան

Այսօր երևի թե կատարում ենք դատական իշխանության բնագավառում վերջին շրջանի ամենամեծ ընդլայնումներից մեկը․ Վարդանյան

Այսօր երևի թե կատարում ենք դատական իշխանության բնագավառում վերջին շրջանի ամենամեծ ընդլայնումներից մեկը։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ «Երբեք 13 դատավորով մեր Վճառաբեկ դատարանը չի ընդլայնվել։ Այս ընդլայնումը պայմանավորված է մի շարք հարցերով, որոնցից մի քանիսը  այստեղ հնչեց․ դատավորների ծանրաբեռնվածություն, գործերի քննարկման ժամկետների նվազում, անհրաժեշտություն ունենալ հակակոռուպցիոն դատարանների համապատասխան դատաիրավական բուրգ, որպեսզի ապահովենք գործերի ավելի արդյունավետ իրականացումը»։ Պատգամավորն ասաց՝ այն ընթացակարգը, որ նախատեսված է Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության համար, բավականին բարդ է․ «Չեմ ուզում օգտագործել խնդրահարույց արտահայտությունը, որովհետև, ի վերջո, սա սահմանադրական կարգավորում է, բայց ենթադրում է որոշակի առումով  քաղաքական մարմնի հետ դատական իշխանության շփում, բայց այս շփումը չպետք է դիտարկել որևիցե եղանակով իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում, այլ ընդհակառակը՝ հնարավորություն իշխանության բոլոր թևերին միասին, մեկ հարթակի վրա խոսել այն խնդիրների վերաբերյալ, որոնք բարձրաձայնվում են»։
12:45 - 27 հունիսի, 2022
Մենք աջակցում ենք տրանսպորտային և հաղորդակցության օբյեկտների բացմանը՝ առանց ինքնիշխան միջանցքի տրամաբանության․ Վարդանյան

Մենք աջակցում ենք տրանսպորտային և հաղորդակցության օբյեկտների բացմանը՝ առանց ինքնիշխան միջանցքի տրամաբանության․ Վարդանյան

ԵԽԽՎ հերթական նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը։ Պատգամավորն իր ելույթում ասել է. «Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող, ինչպես ընդունված է ասել, լավագույն պաշտպանությունը հարձակումն է, եւ, ցավոք, մինչ այս պահը փորձելով հանգստություն պահպանել այս նստաշրջանում, այժմ մեր ադրբեջանցի գործընկերները փորձում են հարձակվել մեզ վրա, եւ ես ստիպված եմ արձագանքել: Տիկի՛ն Արպադարայ, ես պարզապես ուզում եմ ասել, որ մենք եղել ենք, կանք եւ բաց կլինենք մեր տարածաշրջանում բոլոր տեսակի կապի եւ տրանսպորտի միջոցների բացման համար: Բայց տիկնա՛յք եւ պարոնա՛յք, միջազգային իրավունքը պարզապես գլուխկոտրուկ չէ, որի միջից դուք կընտրեք ձեր հավանած կտորները եւ կասեք, որ այն միջազգային իրավունքն է: Միջազգային իրավունքը մեկ, եզակի երեւույթ է, դուք չեք կարող կիսել դրա ոչ մի մասը: Տիկին Արպադարայն ասում է. «Ո՛չ, մեզ բաց շփում հարկավոր չէ, մեզ անհրաժեշտ է Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցք ունենալ, որովհետեւ պատմականորեն այն մեզ է պատկանում»: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ սա նշանակում է. «Մենք ներկայացնում ենք մեր պահանջները, եւ եթե դուք չեք բավարարում դրանք, ապա մենք կնվաճենք ձեզ»: Մինչդեռ մենք բոլորս լուռ ենք, ոչ-ոք չի ցանկանում արձագանքել. այս հայտարարությունն ագրեսիայի ուղղակի կոչ է, դա լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը: Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ես կցանկանայի եւս մեկ անգամ ընդգծել, որ մենք աջակցում ենք բոլոր տրանսպորտային եւ հաղորդակցության օբյեկտների բացմանը, բայց առանց ինքնիշխան միջանցքի տրամաբանության, քանի որ դա խաթարում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմքերը: Ցավոք, պարոն Հուսեյնովը դահլիճում չէ: Մի քանի օր առաջ ես ասացի, որ այս հարթակը նախատեսված է ոչ միայն խոսելու, այլեւ լսելու համար: Ես կարծում եմ, որ դուք պետք է այստեղ լինեք եւ լսեք:   Երբ Շուշիում ստեղծված իրավիճակը համեմատում եք Ստրասբուրգի հետ, ապա բավարար է քայլեք Ստրասբուրգի փողոցներով եւ կտեսնեք, որ յուրաքանչյուր փողոց ունի երկու անուն՝ ցուցափեղկերի վրա ֆրանսերենով եւ գերմաներենով նշված, որովհետեւ այս երկիրը հարգում է այն մարդկանց, ովքեր ապրում են եւ ովքեր կարող են ապրել այստեղ: Երբ դուք մեղադրում եք մեզ «Շուշին տարիներ շարունակ օկուպացնելու եւ ոչնչացնելու մեջ», մենք Ձեզ ցույց ենք տալիս Շուշիի հնագույն եւ շատ կարեւոր մզկիթը վերանորոգված, իսկ դուք հակառակը եկեղեցիներն եք ավերում, Շուշիի հայերեն անվանումն եք փոխում: Տիկի՛ն Արփադարայ, ձեր բանտերում 38-ից ավելի ռազմագերի ունենք, քանի՞ անգամ եք այցելել նրանց, քանի՞ անգամ եք ձեր ղեկավարությանը՝ այդ ընտանեկան պետությանը, ասել, որ նրանք պետք է ազատ արձակվեն ոչ միայն եռակողմ հայտարարության, այլ նաեւ Ժնեւի կոնվենցիայի դրույթներից ելնելով, եւ այն պատճառով, որ դրանք այս կազմակերպության արժեքներն են, եւ մենք կցանկանայինք լինել այս կազմակերպության հենքը: Ես հասկանում եմ, որ բոլորդ հոգնել եք այս բանավեճից, բայց մենք ունենք մարդիկ՝ ողջ մարդիկ, որոնք ամեն օր ադրբեջանական բանտերում գտնվում են կտտանքների սպառնալիքի ներքո, եւ ոչ-ոք դրան չի արձագանքում. երբեմն ինձ թվում է, թե ես խոսում եմ, բայց ինձ ոչ-ոք չի լսում: Շնորհակալություն եւ կներեք, չափազանց զգացմունքային ելույթի համար»,- ելույթը եզրափակել է Վլադիմիր Վարդանյանը:  
21:19 - 24 հունիսի, 2022
Մեր հիմնարար սկզբունքների նկատմամբ կուրությունը հանգեցնում է գլոբալ աղետների. Վլադիմիր Վարդանյան

Մեր հիմնարար սկզբունքների նկատմամբ կուրությունը հանգեցնում է գլոբալ աղետների. Վլադիմիր Վարդանյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Ելույթում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ նախագահող, տարիներ շարունակ մենք կարծել ենք, որ Եվրոպայում վերջապես վայելում ենք խաղաղ և հանգիստ ժամանակներ: Մենք, իսկապես, հավատացել ենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգական փորձից հետո առնվազն մեր սերունդը պաշտպանված կլինի ցանկացած զինված հակամարտություններից, գլոբալ աղետներից և արհավիրքից: Այսօր բոլորը մտահոգված են, որ պատերազմը վերադարձել է Եվրոպա: Խաղաղությունն ընդամենը պատրանք էր. նույնիսկ խաղաղ և անվտանգ թվացող ժամանակներում պատերազմը միշտ եղել է Եվրոպայում և նրա շուրջ, աղետները եղել են մեր մեջ, բայց մենք աչք ենք փակել դրանց վրա: Ինչո՞ւ էինք մենք անտարբեր և խուլ՝ իմանալով, հետևելով և կարդալով Կիպրոսում, Բալկաններում, Մոլդովայում, Վրաստանում, Տաջիկստանում, Կոսովոյում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում և այլուր զինված հակամարտությունների մասին: Բարդ հարց, բայց միանգամայն պարզ պատասխան: Այդ ագրեսիաները, պատերազմները, զինված հակամարտություններն ու քաղաքացիական պատերազմները պակաս նկատելի էին, քանզի մեզանից շատերի կարծիքով՝ մեզանից շատ հեռու էին տեղի ունենում: Մենք ուզում էինք հավատալ, որ այդ պատերազմները միայն հեռուստացույցով են ընթանում: Պարզապես թերթելով հեռուստատեսային ալիքը՝ մարդիկ կարող էին անտեսել իրականությունը: Միջազգային քաղաքականության արդի վիճակը և վերջին իրադարձությունները մեզ ստիպում են հասկանալ, որ ոչ մի պետություն պաշտպանված չէ պատերազմից, նույնիսկ ամենահարուստ և պաշտպանված պետությունները: Դա նշանակում է, որ մենք պետք է շատ զգայուն լինենք անգամ ժողովրդավարությունից, մարդու հիմնարար իրավունքներից և օրենքի գերակայությունից փոքր-ինչ շեղվելու հարցում, որոնք խարխլում են խաղաղության և կայունության հիմքերն ու պարարտ հող ստեղծում պատերազմի համար: Շատ հաճախ, երբ ես անդրադառնում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերին, տեսնում եմ իմ որոշ գործընկերների լուռ ու անտարբեր դեմքերը, որոնք խոստովանում են, որ հոգնել են այդ քննարկումներից: Բայց մենք չենք բարձրաձայնում լոկ մեկ հակամարտության հետ կաված խնդիրներ, մենք անհանգստացած ենք մեր կազմակերպության հիմնարար արժեքների խախտումներով, ինչպիսիք են՝ օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հարգանքը, ժողովրդավարության խթանումը և մարդկային արժանապատվության պահպանումը: Հարգելի՛ գործընկերներ, մի՛ անհանգստացեք, այս ելույթում ես չեմ անդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Պարզապես հիշե՛ք, որ մեր հիմնարար սկզբունքների, կոնկրետ խախտումների նկատմամբ կուրությունը հանգեցնում է գլոբալ աղետների: Տիկնա՛յք և պարոնա՛յք, այս հարթակը ոչ միայն զրույցի վայր է, այլև՝ լսումների: Մի՛ եղեք կույր, մի՛ եղեք լուռ, և, խնդրում եմ, մի՛ եղեք խուլ, երբ մենք խոսում ենք մեր կազմակերպության հիմնական արժեքների մասին»,- ելույթը եզրափակել է Վլադիմիր Վարդանյանը:  
17:35 - 22 հունիսի, 2022
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում

Ազգային ժողովը այսօր՝ հերթական քառօրյայի ընթացքում քննարկեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը ու Հռիփսիմե Գրիգորյանը։ Նախագծի հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց նախագծով առաջարկվող փոփոխությունները․ «Դիվանագիտական ծառայության համակարգում ներդրվել է նաև քաղաքացիական ծառայության համակարգ, մինչդեռ, օրինակ, բոլոր պաշտոնները, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը շարունակում է մնալ դիվանագիտական ծառայության պաշտոն։ Ընդ որում, գլխավոր քարտուղարի պաշտոնը ԱԳՆ համակարգում մշտապես տարբեր երկրներում դիտարկվում է որպես բարձրագույն դիվանագիտական պաշտոն և այստեղ փոփոխություններ չի նախատեսվում։ Բայց, այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ ստորաբաժանումներ ԱԳՆ-ում անցնում են քաղաքացիական ծառայության համակարգում, առնվազն անհրաժեշտ է նախատեսել գլխավոր քարտուղարի տեղակալ, որը կունենա քաղաքացիական ծառայողի կարգավիճակ»։ Նրա խոսքով՝ մյուս փոփոխությունը վերաբերում է դիվանագիտական աստիճանների կանոնակարգմանը և որոշակի արհեստական բարիերների վերացմանը․ «Մասնավորապես, դիվանագիտական աստիճանների հարցում մենք ընտրել ենք առավել արդյունավետ կարգավորումը, որը հնարավորություն կտա  արդյունավետ, ոչ շատ արագ և ոչ շատ դանդաղ առաջ ընթանալ դիվանագիտական պաշտոնների առաջխաղացման հարցում։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է դիվանագիտական անձնագրերի տրամադրման, դիվանագիտական անձնագրերի վերադարձման, պահպանման կարգին։ Այստեղ որոշակի համահունչություն է մտցվում «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի հետ, որպեսզի չստեղծվի այնպիսի իրավիճակներ, որ դիվանագիտական անձնագրեր հայտնվեն այնպիսի մարդկանց մոտ, որոնք նույնիսկ քաղաքացիական անձնագիր ստանալու իրավունք չունեն կամ քաղաքացիական անձնագրի ժամկետը լրանում է»։
11:21 - 14 հունիսի, 2022
Միջազգային ճնշմամբ ոչինչ տեղի չի ունեցել. Վլադիմիր Վարդանյանը` հայհոյանքն ապաքրեականացնելու մասին
 |news.am|

Միջազգային ճնշմամբ ոչինչ տեղի չի ունեցել. Վլադիմիր Վարդանյանը` հայհոյանքն ապաքրեականացնելու մասին |news.am|

news.am: Հայհոյանքը դարձել էր քաղաքական խոսույթի մի մաս, ուստի անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ ծանր վիրավորանքի հայտնի հոդվածը տեղ չի գտել նոր քրեական օրենսգրքում, որն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: Նրա խոսքով, հայհոյանքի քրեականացումը եղել է որպես ժամանակավոր միջոց, դրա համար էլ նոր օրենսգրքում այդ հոդվածը չկար. «Հուսամ, որ այս կարգավորումները եւ քրգործերի առկայությունը որոշակի կանխարգելում իրականացվեց եւ ատելության խոսքը չբարձրացավ բարձր մակարդակի, մեզ հնարավորություն կտա եւ  քաղաքական ուժերի խոհեմությունը հաշվի առնելով, եւ հայհոյանքը եղել է եւ շարունակվելու է մնալ որպես տաբու հայկական հասարակության մեջ, եւ հաշվի առնելով, որ մենք փորձեցինք ծանրագույն փուլում քրեականացնել այն երեւույթը, որը լրջագույն խնդիրներ էր առաջացնում, այս ամենը հաշվի առնելով, մենք չէինք էլ նախատեսել»,-ասաց նա: Հարցին, թե արդեն հարուղցված քրգործերն ինչ են լինելու, Վարդանյանը պատասխանեց. «Եթե ապաքրեականացվում է, ապա քրեական գործերը ենթակա են կարճման»: Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ որևէ դրույթի քրեականացումը կամ ապաքրեականացումը քաղաքական կամքի դրսևորում է․ «Քաղաքական իրավիճակը կարող է փոխվել, և արարքը դառնում է հանրորեն վտանգավոր կամ քիչ վտանգավոր։ Կովիդի սահմանափակումները ևս ապաքրեականացվել են, որովհետև մեծ քանակի պատվաստանյութեր ունենք արդեն»։ Հարցին՝ ինչպե՞ս եք պարզել, որ ատելության խոսքի մակարդակը նվազել է, Վարդանյանը պատասխանեց․ «Շատ հեշտ է՝ փորձեք սոցցանցերն ուսումնասիրել, խոսույթը, հայտարարություններն ուսումնասիրել»: Պատգամավորն  ընդգծեց, որ ո՛չ Եվրոպական դատարանը, ո՛չ որևէ միջազգային ստանդարտ չի կարող ընդունել հայհոյանքը որպես խոսքի ազատության անթույլատրելի սահմանափակում։ «Ոչ մի միջազգային ճնշում չի եղել, սպասում ենք ՍԴ որոշմանը: Մենք նախագծի քննարկման ժամանակ ասում էինք, որ այն որպես ժամանակավոր միջոց ենք կիրառելու, որպեզի ատելության խոսքի հետ կապված իրավիճակը շտկվի»,- նշեց Վարդանյանը՝ նաև ընդգծելով, որ օրենքը որոշակի կանխարգելում իրականացրեց վիրավորանքի և ատելության հարցում։
18:02 - 13 հունիսի, 2022
Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում քաղաքական կամքը, միջազգային գործընկերների աջակցությունը դրական ազդակ կլինեն. Վարդանյան |1lurer.am|

Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում քաղաքական կամքը, միջազգային գործընկերների աջակցությունը դրական ազդակ կլինեն. Վարդանյան |1lurer.am|

1lurer.am: Շատ-շատ չափավոր լավատեսություն եմ տեսնում. ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների մասին հարցին: «Գործընթացը սկսվել է առնվազն ակտերի մակարդակով: Կայացվել են համապատասխան ակտեր, ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք պետք է սկսեն աշխատանքները: Կան ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններ, կարծես թե շատ-շատ չափավոր լավատեսություն կարելի է տեսնել այս գործընթացում, որ մեր հարևան երկրի ներկայացուցիչները հակված են այս գործընթացը չձախողելու և գործընթացը սահմանված ընթացակարգով և ձեռք բերված պայմանավորվածություններով առաջ տանելու: Ընդհանրապես, դեմարկացիան և դելիմիտացիան բավականին երկարատև և տեխնիկապես բարդ գործընթաց է, և այս գործընթացի պարագայում և՛ քաղաքական կամքը, և՛ ներգրավված անձանց պրոֆեսիոնալիզմը, և՛ բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը միայն դրական ազդակ կլինեն հաջողությամբ այս գործընթացն ավարտելու համար»,- ասաց Վարդանյանը:
13:37 - 26 մայիսի, 2022
Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Վլադիմիր Վարդանյան

Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Վլադիմիր Վարդանյան

Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիային մշտապես հայ ժողովրդի կողքին լինելու և աջակցելու համար՝ նշել է Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ մայիսի 24-ին կայացած հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը:  Անդրադառնալով երկկողմ կապերին` կողմերը փաստել են, որ Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Որպես ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար` Վլադիմիր Վարդանյանը խմբերի միջև արդյունավետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Զրուցակիցներն ընդգծել են Ֆրանսիայում հայ համայնքի առանցքային դերակատարությունը, նշել, որ այն յուրահատուկ կամուրջ է հայ-ֆրանսիական բազմաբևեռ գործակցության հարցում: Դեսպանը ևս կարևորել է միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը, այդ հարցում ընդգծել բարեկամական խմբերի սերտ փոխգործակցությունը: Կարևորվել է Արցախի խնդրի կարգավորումը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը:
20:44 - 24 մայիսի, 2022