Դատախազությունում որոշակի կմախքներ ունենք, որոնք ստվերում են նոր Հայաստանի դատախազության իմիջը․ պատգամավորը՝ Վարդապետյանին
14:20 - 29 հունիսի, 2022

Դատախազությունում որոշակի կմախքներ ունենք, որոնք ստվերում են նոր Հայաստանի դատախազության իմիջը․ պատգամավորը՝ Վարդապետյանին

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանին ասաց՝ դատախազությունում  որոշակի «կմախքներ» կան․ «Չեմ թաքցնի, որ այդ կմախքները որոշակի առումով ստվերում են նոր Հայաստանի նոր դատախազության իմիջը։ Դուք կաշկանդվածություն ունե՞ք առերեսվելու անցյալի հետ, վեր հանել  բացերը, վերացնել այն բոլոր բացասական ընկալումները, որոնք առկա են եղել դատախազությունում տարբեր ժամանակներում և դրանով հանդերձ գնալ առաջ՝ կառուցելով նոր դատախազություն նոր Հայաստանի համար, որը կամփոփի այն լավը, որը կուտակվել է տարիների ընթացքում և կառերեսի և չի թաքցնի այն վատը, որը կուտակվել է այս ընթացքում»։

Աննա Վարդապետյանն էլ ասաց՝ հասկանում է հարցի ուղիղ տեքստը ու ենթատեքստը․ «Չեմ վախենում, ոչ թե որովհետև չեմ հասկանում, այլ չեմ վախենում, որովհետև կշռադատված որոշում կայացրել, և ուզում եմ, որ իմ գիտելիքները ծառայեն։ Ես երեկ հանձնաժողովին ասեցի՝ ինչու եմ այդ քայլին դիմում, ես նաև պատմեցի, որ երկու անգամ հրաժարվել եմ նախկինում գլխավոր դատախազությունում բավական բարձր պաշտոններից։ Սա հանցավոր ինքնավստահության դրսևորում չի, սա պատասխանատվություն է, որը ստանձնվում է գիտակցաբար»։

Թեկնածուն նշեց՝ ցանկացած դեստրուկտիվ մոտեցման դեմ է․ «Ես չեմ կարծում, որ դեստրուկցիան որևէ նոր բանի կառուցման հիմք է, այսինքն՝ եթե մենք խոսում ենք կմախքներ մաքրելու, կառուցվածքային փոփոխություններ անելու, առաջնահերթություններ դնելու մասով, ապա պետք է լինի շատ հստակ ու շատ կանխատեսելի, այսինքն՝ տարբեր տեսակի ստվերային քննարկումների բացակայությամբ։ Այսինքն՝ հասկանա համակարգը, թե ինչ է պահանջվում համակարգից, հատկապես, եթե համակարգը ուղղահայաց է։ Եվ այս առումով ցանկացած պրոցես սկսվում է կարիքների գնահատումից, ցանկացած կարիքների գնահատում սկսվում է պրոբլեմների վերհանումից։ Մինչև դու չես տեսնում պրոբլեմները, չես կարող լուծել այդ պրոբլեմները, և այս առումով պարոն Բագրատյանին էլ ասեցի՝ այսօր այստեղ կանգնած չէի լինի, և սա իմ կողմից հանցավոր ինքնավստահության դրսևորում չի, սա ծառայելու պատրաստակամություն է և ցանկացած դեստրուկտիվ վարքագիծ, որը կարող է ստվերել պրոցեսները,  իմ կողմից նաև բացառելու եմ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել