RElection

RElection հարցազրույցների և քննարկումների շարքն իրականացվում է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ: Հրապարակումների բովանդակության պատասխանատվությունը կրում է խմբագրությունը, և դրանք չեն արտացոլում Եվրոպական միության ու «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի տեսակետները: Նախագծում անդրադարձ է կատարվում ընտրական իրավունքին, ընտրական օրենսգրքին, ուղիղ ժողովրդավարությանը, կուսակցությունների գործունեությունը կարգավորող իրավանորմերին առնչվող օրակարգերին, խնդիրներին ու լուծումներին՝ ինչպես փորձագիտական, այնպես էլ քաղհասարակության, քաղաքական ուժերի ու քաղաքացիների դիտանկյունից։

RElection [#27] Կուսակցությանը պետք է տրվի իր ցուցակով խորհրդարան անցած, բայց գաղափարախոսությունից հրաժարված պատգամավորին հետ կանչելու իրավունք․ Նորիկ Եղիազարյան

RElection [#27] Կուսակցությանը պետք է տրվի իր ցուցակով խորհրդարան անցած, բայց գաղափարախոսությունից հրաժարված պատգամավորին հետ կանչելու իրավունք․ Նորիկ Եղիազարյան

RElection նախագծի շրջանակում Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխումների թեմայի շուրջ զրուցել ենք «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նորիկ Եղիազարյանի հետ։ -Ըստ Ձեզ՝ արդյո՞ք կուսակցությունները պետք է ունենան գաղափարական հենք, կոնկրետ գաղափարական ուղղվածություն, թե՞ դա այսօրվա աշխարհում այդքան էլ կարևոր չէ։ -Միանշանակ կուսակցությունները պիտի հիմնված լինեն գաղափարական հենքի վրա։ Մենք պետք է հասնենք նրան, որ գաղափարները լինեն առաջին պլանում, ոչ թե անձինք։ Պետք է ձերբազատվենք «անձ-կուսակցություն» հասկացությունից, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ օրենսդրությունը ևս նպաստի այդ գործընթացին։ Մարդիկ պետք է ճանաչեն, իմանան, կարծիք արտահայտեն կուսակցության գաղափարների և ոչ թե կուսակցությունում ընդգրկվածների վերաբերյալ։ Մասնավորաբար, համամասնական ընտրակարգին անցնելը նույնպես պարտավորեցնում է, որ կուսակցությունները լինեն առաջին պլանի վրա։ Նախ նշեմ, որ «Կուսակցությունների մասին» օրենքն անցել է որոշակի պատմություն։ Առաջին անգամ ընդունվել է 1991 թվականին, օրենքը կոչվում էր «Հասարակական, քաղաքական կազմակերպությունների մասին»։ Համառոտ և բավականին թերություններով լի օրենք էր։ Ներկայիս օրենքը երրորդ փոփոխության արդյունքն է, ընդունվել է 2002 թվականին։ Սրանով էական փոփոխություններ մտցվեցին ամբողջ համակարգում, սահմանվեցին կուսակցությունների կազմավորման, գործունեության, նրանց նկատմամբ պետական հոգացողության և մնացած բոլոր հարցերը։ Այդտեղ արժեքավոր շատ նորմեր կան։ Առաջինը, որ օրենքը համապատասխանում էր կուսակցությունների ստեղծման և ազատ գործունեության վերաբերյալ սահմանադրական սկզբունքին։ Կան նաև որոշ արգելապատնեշներ, որոնք, ըստ իս, թերի են։ Օրինակ, սահմանվում է, որ եթե կուսակցությունը երկու անգամ անընդմեջ չի մասնակցում Ազգային ժողովի կամ Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրություններին, ապա նա Կառավարության կամ Ազգային ժողովի պահանջով կամ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կասեցվում է։ Կարող է կասեցվել մեկ տարի ժամկետով, այդ ժամանակահատվածում նա գտնվում է պասիվ վիճակում, չի կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել, նվիրատվություններ ստանալ, միայն կարող է անդամավճարներ ներգրավել ու հարկեր, տուրքեր վճարել։ Եթե դա չի կարգավորվում, մեկ անգամ ևս կասեցվում է, բայց այստեղ բաց է մնում, թե հետո ինչ է լինում։ Չի ասվում, որ եթե երկրորդ անգամ կասեցումից հետո էլ չի ուղղվում այդ վիճակը, ապա կուսակցությունն արդեն կարող է արգելվել։ Սա թերի, թղթի վրա մնացած օրինադրույթ է։ -Ամեն դեպքում Դուք կո՞ղմ եք, որ եթե կուսակցությունը երկու անգամ անընդմեջ չի մասնակցում այդ ընտրություններին, նրա գործունեությունը կասեցվի։ -Այո՛, իհարկե, կողմ եմ։ Մեր նպատակը պետք է լինի կուսակցությունների թիվը հնարավորինս կրճատելը, որովհետև քաղաքակիրթ երկրին, իսկ ես մեզ համարում եմ քաղաքակիրթ ազգ ու պետություն, հարիր չէ, սազական չէ հարյուրից ավել կուսակցություններ ունենալը։ Դա մի տեսակ մոդա է դարձել։ Պետք է գնալ ոսկե միջինի ընտրության ճանապարհով։ Նախ չպետք է արհեստական խոչընդոտներ ստեղծվեն կուսակցությունների գրանցման ու գործունեության համար, մյուս կողմից էլ պետք է որոշակի շրջանակներ սահմանել, որ եթե կուսակցությունները որոշակի նպատակների չեն ծառայում, նրանց գործելն ավելորդ է։ Պատահական չէ, որ 2002 թվականին՝ «Կուսակցությունների մասին» նոր օրենքի ընդունումից հետո, կարճ ժամանակում մեծ թվով կուսակցություններ ինքնալուծարվեցին։ Բայց հետո մեկ էլ թիվը դարձավ 50-55, հետո նորից աճեցին ու դեռ շարունակում են աճել։ Լավ է, թող աճեն, բայց նրանց առաջ որոշակի պահանջներ պետք է դրվեն, որ եթե դուք ստեղծվում եք որպես կուսակցություն, պետք է ոչ թե ինչ-որ խոտոր նպատակների, ձայներ փախցնելու կամ սրա-նրա հետ գործարքների մեջ մտնելու նպատակով գործեք, այլ իրոք գաղափարների տարածման, ու հետևաբար պետք է համապատասխանեք դրված պահանջներին։ -Կուսակցությունների ֆինանսավորման ինչպիսի՞ մեխանիզմ է Ձեզ համար ընդունելի։ -Ներկա օրենսդրությամբ նախատեսված է պետության կողմից ֆինանսական աջակցություն այն կուսակցություններին, որոնք համապետական ընտրությունների ժամանակ ստացել են ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների ցուցակների օգտին տրված ձայների և անճշտությունների քանակի գումարի 3%-ը։ Չնայած այս նոր ներկայացվելիք օրինագծում դա, կարծես, իջեցվում է 2%-ի, բայց կարծում եմ, որ դա լավ թիվ է։ Լավ թիվ է, որ կուսակցությունները չստեղծվեն միայն նրա համար, որ խաբելով, ձայներ փախցնելով պետությունից ֆինանսավորում ստանան։ Իհարկե, պետությունը պարտավոր է խթանել կուսակցությունների ստեղծումը, բայց այստեղ էլ որոշակի սահմաններ պետք է լինեն։ Ես ինքս ունեմ կուսակցական գործունեության բավականին մեծ փորձ՝ սկսած 1995 թվականից, եղել եմ կուսակցությունների ղեկավար մարմիններում նաև, լավ գիտեմ այդ գործընթացները և այդ բոլորն ամփոփելով է, որ ասում եմ այս բառերը։ -Այդ դեպքում նորաստեղծ ու փոքր կուսակցություններն ինչպե՞ս պետք է զարգանան, եթե պետությունը որևէ կերպ չաջակցի իրենց։ -Մեր գործող օրենսդրությամբ ասվում է, որ կուսակցության հիմնադիր համագումարում կուսակցությունը համարվում է կազմավորված, եթե ներկա գտնվող առնվազն հարյուր մասնակից կողմ է քվեարկում։ Ընդ որում, ձևավորվելուց հետո մեկ տարվա ընթացքում կուսակցությունը պետք է դիմի համապատասխան մարմնին՝ տվյալ դեպքում արդարադատության նախարարությանը՝ գրանցման նպատակով։ Այդ պահին կուսակցությունը պետք է ունենա առնվազն 800 անդամ։ Գուցե այդ թիվը մեծ է, եկեք դա դարձնենք 500, դարձնենք 300, բայց այնուամենայնիվ, որոշակի քանակ պետք է սահմանվի։ Եվ եթե կուսակցությունն այդ ընթացքում գտնի, որ կարող է ինչ-որ գործ անել, ապա ֆինանսավորումն իրեն-իրեն կստացվի։ Մի մոռացեք, որ կուսակցությունները բացի պետության աջակցությունից ունեն նաև այլ եկամտաաղբյուրներ, և թե կան մարդիկ, որոնք ներգրավվում են այդ կուսակցության մեջ, թող նրանք նվիրատվություններ, ներդրումներ կատարեն, մինչև կուսակցությունը կհասնի որոշակի մակարդակի, որն իրեն թույլ կտա պետական ֆինանսավորում ստանալու։ -Ի՞նչ հիմնական փոփոխություններ է պետք կատարել Ընտրական օրենսգրքում։ -Ամենագլխավորը՝ պետք է անցում կատարվի 100% համամասնական ընտրակարգի։ Այդ մասին այնքան է խոսվել, բայց մինչև հիմա էլ դեռ չի արվել։ Եթե մեր զարգացումն իրոք գնում է կուսակցությունների դերի բարձրացման ուղղությամբ, ապա պետք է այդ ռեյտինգային ցուցակները հանվեն։ Այնպես պետք է արվի, որ մարդիկ իրենց ձայնը տան կուսակցություններին ու իրենց գաղափարներին։ Նախորդ ընտրությունները ցույց են տվել, որ մարդիկ ասում են՝ այսինչն իմ բարեկամն է, ու չեն ասում, թե որ կուսակցությունից է, դա կարևոր չէ, որ կուսակցությունից էլ լինի, քվեարկում են նրան։ Սա տանում է կուսակցությունների դերի արժեզրկման։ Մի բան էլ կա այստեղ․ ռեյտինգային ցուցակներով ընտրությունների անցկացումը հանգեցնում է նրան, որ ընտրությունները միջկուսակցական պայքարից վերածվում են անձնական պայքարի։ Այսինքն՝ տվյալ կուսակցության անդամները տվյալ տարածքում գոտեմարտի մեջ են մտնում, թե ով շատ ձայն կտանի, ու մի կողմ են թողնում կուսակցությունը, նրա գաղափարախոսությունը։ -Փա՞կ համամասնական ցուցակների կողմնակից եք, թե՞ բաց։ -Փակ։ Փակը ճիշտ է, գիտե՞ք՝ ինչու։ Եկեք վստահենք կուսակցություններին։ Մի բան էլ եմ ուզում նշել, սրա մասին երկար եմ մտածել։ Պետք է կուսակցություններին տալ իրենց ցուցակներով ընտրված պատգամավորների վրա ներգործելու իրավունք։ Եթե անձին քաղաքացիներն ընտրում են կուսակցության գաղափարախոսության պատճառով, հետևաբար այդ գաղափարախոսությունից հրաժարված և նրա ցուցակով խորհրդարան անցած պատգամավորը պետք է որոշակի պատասխանատվության ենթարկվի։ Ընդ որում, պետք է տրվի կուսակցության կողմից ձայների որոշակի մեծամասնությամբ նրան հետ կանչելու և ցուցակի հաջորդ համարին անցկացնելու իրավունք։ Այս դեպքում կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորը չի մտածի, թե ունի ազատ մանդատի իրավունք, և կարող է ցանկացած պահի լքել կուսակցությունը։ Որովհետև շատերը հենց դրա համար էլ մտնում են կուսակցություն։ Մտնում են, որ հետո թողնեն։ Ասածիս մեջ, կարծում եմ, տրամաբանություն կա։ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մի հարցի էլ եմ ուզում անդրադառնալ, այս թեմայով այս տարվա սկզբին ես Ազգային ժողովում «ԵԼՔ» խմբակցության փորձագետ էի։ Ներկայացրել եմ օրինագիծ՝ հիմանվորումներով՝ արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ տեղում ընտրելու իրավունքը վերականգնելու մասին։ Նշեմ, որ ուսումնասիրել եմ, և այս իրավունքը կա քաղաքակիրթ աշխարհի մի շարք երկրներում, ընդ որում, նախկին խորհրդային հանրապետություններում առանց բացառության, միայն Հայաստանում է, որ տեղի ունեցավ մի խայտառակ երևույթ։ Ո՞րն էր դա։ 2007 թվականի փետրվարի 26-ին մեր նախկին իշխանությունները Ընտրական օրենսգրքում կատարեցին շրջադարձային փոփոխություն։ Ընտրական օրենսգրքի 1-ին հոդվածում ավելացվեց 5-րդ կետ, որտեղ պարզ գրված է, որ ՀՀ-ում ընտրություններն իրականացվում են միայն ՀՀ տարածքում։ Այս ելակետային դրույթի ուժով օրենսգրքի այն բոլոր հոդվածները, որոնք վերաբերում էին արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններում ընտրական տեղամասեր հիմնելուն, ընտրություններ անցկացնելուն, ուժը կորցված ճանաչվեցին։ Մի քանի տարի անց, երբ գլխի ընկան, որ այդ մոտեցումը շատ խիստ է, 2011 ու 2016 թվականների օրենսգրքում փոփոխություն կատարվեց։ 2011 թվականի օրենսգրքով նախատեսվեց, որ որպես ընդհանուր դրույթից բացառություն, ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների դիվանագիտական ծառայության մեջ գտնվող անձինք ու նրանց ընտանիքի՝ ընտրական իրավունք ունեցող անդամները կարող են տեղում մասնակցել ընտրություններին։ Իսկ մյուսը վերաբերում էր Հայաստանում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում գտնվող ներկայացուցիչներին ու իրենց ընտանիքի անդամներին, որոնք ևս ընտրություններին մասնակցելու իրավունք ստացան։ Մասնակցությունը կատարվելու էր էլեկտրոնային եղանակով։ Ավելի ուշ՝ 2016-ին, բացառություն սահմանվեց նաև արտասահմանում երկարատև զինվորական ծառայություն անցնող քաղաքացիների համար։ Այս երեքը։ Հարց է առաջանում՝ այս մարդիկ ի՞նչ առավելություն ունեն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների նկատմամբ, որոնք բուժման նպատակով գտնվում են արտասահմանում կամ սովորում են այնտեղ և հետո պետք է վերադառնան Հայաստան, կամ առավել ևս, այն հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ, որոնք կարիքի բերումով մեկնել են արտասահման՝ աշխատելու։ Փաստորեն, ի՞նչ արվեց։ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով պահպանվեց բոլոր քաղաքացիների հավասար ընտրելու սահմանադրական իրավունքը, բայց գործնականում զրոյի հավասարեցվեց դա, որովհետև աշխատանքի մեկնած որևէ քաղաքացի իրեն թույլ չի տա նման շռայլություն՝ գալու, ընտրելու ու նորից վերադառնալու։ Սրա պատճառի մասին չի խոսվել, բայց դա պարզից էլ պարզ էր։ Ուրեմն՝ 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ արտասահմանյան մի շարք երկրներում, առաջին հերթին՝ ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիա և Նևադա նահանգներում, նախագահ Քոչարյանը խայտառակ պարտություն կրեց։ Այնտեղ ձայների ճնշող մեծամասնությունը տրվեց նախագահի ընդդիմադիր թեկնածու Ստեփան Դեմիրճյանին։ Սա մտահոգվելու առիթ էր։ Դրան գումարվեցին 2004 թվականի խայտառակ, արյունալի դեպքերն ու դրանց հաջորդած ռեպրեսիաները, քաղաքական ռեժիմի ակնհայտ խստացումները, որ կիրառվեցին այսօրվա ամբաստանյալ Քոչարյանի կողմից։ Քոչարյանին պետք էր, որ իր իշխանությունը փոխանցի, որովհետև երրորդ անգամ ընտրվելու հնարավորություն չուներ, մանավանդ այն բանից հետո, երբ Պուտինը հրաժարվեց նախագահի պաշտոնից և դա զիջեց Մեդվեդևին, Քոչարյանին մնում էր միայն ընտրել մեկին, որի օրոք ինքն անվնաս կմնա, և այդ մեկը Սերժ Սարգսյանն էր։ Բայց որպեսզի դա լիներ, պետք էր՝ 2008 թվի նախագահական ընտրություններից առաջ 2007-ի խորհրդարանական ընտրություններում Քոչարյանի և Սարգսյանի կուսակցությունները որակյալ մեծամասնություն ստանային։ Սա պլան էր, որը ես անվանել եմ «պաշտոնափոխատեղման ծրագիր»։ Քոչարյանը կստանար վարչապետի պաշտոնը, եթե չլիներ մարտի 1-ը։ Այս ամենն ասացի, որովհետև այստեղ կարևոր էր նաև ընտրական գործընթացը վերահսկողության տակ պահելը։ Դրա համար մտածեցին այնպես անել, որ միայն այստեղի քաղաքացիներն ընտրեն։ Ի՞նչ գործ ունենք արտասահմանում բնակվողների հետ, որոնք կարող են ամեն տեսակի անակնկալներ մատուցել։ Եվ երբ ես ներկայացրել էի այդ օրինագիծը, նշել էի, որ հիմա նման խնդիր չկա։ Իշխանություններն ունեն բացարձակ վարկանիշ, որն ինչքան էլ նվազի, էլի կեսից ավելին կպահպանվի։ Չկա մտավախություն, որ կարող է վարկանիշն այնքան ընկնել, որ արտասահմանում բոլորը սկսեն դեմ քվեարկել ներկայում առաջարկվող ցուցակին։ Մանավանդ, որ հիմա մենք նախագահի ընտրության խնդիր չունենք, միայն Ազգային ժողովն է։ Ես վերջերս մի տեղ գրեցի, հիշեցրի պարոն Պաշինյանին, որ եթե Ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխությունների ժամանակ այդ բանը չանեք, ուրեմն՝ դուք ևս ունեք այդ մտավախությունը։ -Եթե վերականգնենք արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, ընտրությունների կազմակերպման առումով անհաղթահարելի դժվարություններ չե՞ն առաջանա։ -Իսկ մինչև այդ ո՞նց էր։ Նախ, պրակտիկան ցույց է տվել, որ մասնակցությունը շատ քիչ է, այդ քաղաքացներն իրենք պետք է մտնեն հյուպատոսարան, ցուցակագրվեն, դա միայն շահագրգռված անձինք են անում։ Նույնսիկ ամենահայաշատ երկրնեում, ինչպիսին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն է, մեծ թիվ չեն կազմում մասնակցողները։ Բացի այդ, դա ավելորդ ծախսեր էլ չի պահանջում։ Հյուպատոսարաններն իրենց միջոցներով, իրենց աշխատակազմով դա կազմակերպում են, խնդիր չկա։ Կարեղ են նաև էլէկտրոնային եղանակով քվեարկել։ Օրինակ, ԱՄՆ-ում դա այսպես է իրականացվում․ արտասահմանում գտնվող քաղաքացին, որն ուզում է մասնակցել ընտրություններին, դիմում է բնակության վայրի համապատասխան մարմիններին, նրան փակ ծրարով քվեաթերթիկ են ուղարկում, քաղաքացին քվեարկում, էլի հետ է ուղարկում։ Ձևեր շատ կան։ -Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծված Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծով նախատեսվում էր, որ խորհրդարան անցած կուսակցությունների ու դաշինքների անցողիկ շեմը պետք է իջեցվի։ Սրա վերաբերյալ ո՞րն է Ձեր մոտեցումը։ -Կարելի է։ Տեսե՛ք, մի կողմից խրախուսելի է դաշինքներ կազմելը, մանր կուսակցություններ ունեցող պետությունների համար ձեռնտու է, երբ երեք, չորս կուսակցություն միավորվում և միասին են մասնակցում, բայց որ տեսնում են՝ շեմը բարձր է, զգուշանում են։ Կարելի է իջեցնել դա, անհրաժեշտ է։ -Իսկ արդեն խորհրդարանի ներսում կոալիցիա կազմելու թվի սահմանափակմանն ինչպե՞ս եք վերաբերվում։ Ըստ Ձեզ՝ արդյո՞ք պետք է վերացնել այդ սահմանափակումը, և եթե փոխվի դա, արդյո՞ք խորհրդարանում կայունության խնդիր չի առաջանա։ -Գործնականում քիչ է հավանական, որ նման բան կլինի։ Բայց ես դեմ եմ կայուն մեծամասնության գաղափարին։ Շատ երկրներում ի՞նչ է տեղի ունենում։ Ընտրություններից հետո համեմատաբար մեծ թվով քվեներ ստացած կուսակցությունը, որն ունի կառավարություն ձևավորելու իրավունք, բայց թիվը չի բավարարում, ուղղակի կոալիցիա է կազմում մյուս խմբակցությունների հետ։ Շատ քիչ է պատահում, որ կոալիցիա կազմելը չհաջողվի։ Եթե հազարից մի անգամ կպատահի, որ կոալիցիան չի հաջողվի, թող նոր ընտրություններ անցկացնեն։ Հետո տեսեք, թե կայուն մեծամասնությամբ ինչ կարող է ստացվել, որը նոնսենս է ինձ համար։ Ասվում է, որ ընդդիմությունը պետք է իշխող կուսակցության թվաքանակի կեսի չափ լինի։ Այսինքն՝ պետք է խորհրդարանի ընդհանուր թվաքանակի ⅓-ը ընդդիմությունը լինի։ Բայց ենթադրենք՝ ես ընդդիմություն եմ, հավաքել եմ 5% ձայն, և ուրիշ մեկը չկա, ավտոմատ կերպով իմ ցուցակի այն չարժող մարդիկ, որոնց հենց այնպես մտցրել ենք թվաքանակ ապահովելու համար, անցնում են խորհրդարան՝ ⅓-ն ապահովելու համար։ Դա աններելի է։ Ընդդիմությունն ինքը պետք է լինի այնպիսին, որ նորմալ, օրիանական ընտրությունների պայմաններում հավաքի այնքան ձայն, ինչին արժանի է։ Թե չէ այսպես անարժան տեղ է զբաղեցնում։ Հավաքել է, ենթադրենք, հարյուր հազար ձայն, բայց երեք հարյուր հազար ձայնի համարժեք պատգամավորական մանդատ է ստանում։ -Խորհրդարանում երկու սեռերի համամասնությունն ապահովելու համար սահմանված քվոտաներին ինչպե՞ս եք վերաբերվում։ -Պետք է հանվի դա։ Ամոթ էլ է։ Եթե մենք նորմալ, քաղաքակիրթ երկիր ենք, կարող է կանայք շատ ավելի շատ լինեն խորհրդարանում։ Եթե քվոտա ենք սահմանում, նշանակում է կայացած երկիր չենք։ -Հասկանալի է, որ քվոտավորումն արհեստական է, և դրա հետևանքով խորհրդարան կարող են անցնել պակաս քաղաքականացված և պրոֆեսիոնալ կանայք, բայց դա չի՞ նպաստի, որ հետագայում կանայք ավելի շատ ներգրավվեն։ -Եթե կանայք ցանկանան ներգրավվել քաղաքականության մեջ, անկախ ամեն ինչից իրենք կներգրավվեն։ Կուսակցություններն էլ, եթե մի քիչ հեռատես, խելքը գլխին ղեկավար կազմ ունենան, իրենք շահագրգիռ կլինեն, որ կանանց թիվը մեծանա, որովհետև կանայք ավելի ներգրավող են մարդկանց։ Ամեն դեպքում, քաղաքակիրթ աշխարհին հարիր չէ գենդերային այդպիսի սահմանափակում մտցնելը։ Ըստ RElection նախագծի ձևաչափի` հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ բանախոսին:Նորիկ Եղիազարյանի հարցը․-Դուք Հայաստանի Հանրապետության համար պետական կառավարման ո՞ր ձևն եք նախընտրելի համարում՝ խորհրդարանակա՞նը, թե՞ նախագահականը։ Աստղիկ Քեշիշյան
17:31 - 20 նոյեմբերի, 2019
RElection [#26] Պետք է արգելել ընտրատեղամասերի տեղակայումն այնպիսի վայրերում, որտեղ չի կարող մտնել որևէ քաղաքացի. Արմեն Ալավերդյան

RElection [#26] Պետք է արգելել ընտրատեղամասերի տեղակայումն այնպիսի վայրերում, որտեղ չի կարող մտնել որևէ քաղաքացի. Արմեն Ալավերդյան

Ընտրական իրավունքի թեմայով RElection նախագծի շրջանակում այս անգամ անդրադրաձել ենք հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու և ընտրվելու իրավունքին։ Զրուցել ենք «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի հետ։-Պարո՛ն Ալավերդյան, նախ անդրադառնանք տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց՝ ընտրական գործընթացում ունեցած խնդիրներին։ Թեև Հայաստանն անցել է համընդհանուր ներառական կրթության, իսկ ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունը հենց դպրոցներում է, այնուամենայնիվ, պարզ է, որ նրանց ընտրական իրավունքը լիարժեք ապահովված չէ։ Ի՞նչ խնդիրներ եք դուք արձանագրել, և ի՞նչ լուծումներ եք առաջարկում։ -Ցավոք սրտի այդ համընդհանուր ներառական կրթություն ասվածն ավելի շատ թղթի վրա է, քան իրականության մեջ։ Մենք ականատես ենք բազմաթիվ և՛ ֆիզիկապես, և՛ այլ առումներով ոչ մատչելի, ոչ հարմար դպրոցների։ Հիմա, երբ խոսում ենք ընտրությունների մասին և հաշմանդամություն ունեցող անձին դիտարկում ենք որպես ակտիվ քաղաքացի, որպես ընտրող, պետք է նշեմ, որ իսկապես, ամենաշատ ու բարդ խնդիրները կապված են հիմանականում սայլակ օգտագործող, բայց նաև հենաշարժողական այլ խնդիրներ ունեցող ընտրողների հետ։ Սայլակ օգտագործող մարդիկ չեն կարող մուտք գործել մեր ընտրատեղամասերի գերակշռող մեծամասնությունը, կամ եթե կարող են, ապա միայն ուրիշի օգնությամբ, ինքնուրույն չեն կարող, ինչն անընդունելի է։ Այստեղ միակ ելքն այն է, որ ուղղակի պետք է արգելել տեղամասերի տեղակայումն այնպիսի վայրերում, որտեղ չի կարող մտնել որևէ քաղաքացի։ Գուցե ֆանտաստիկայի ժանրից է հնչում, բայց եթե մենք իրավունքի գերակայության մասին ենք խոսում, և ես, ինչպես և Դուք կամ մեկ այլ քաղաքացի ունենք նույն անձնագիրը և ընտրելու նույն իրավունքը, ուրեմն՝ ես էլ ձեզ նման չպետք է ունենամ որևէ խոչընդոտ կամ օգնության կարիք՝ տեղամաս մտնելու։ Իսկ անձամբ ես շատ դժվարություններ ունեմ, որովհետև հենց այն տեղամասը որտեղ քվեարկում եմ՝ Մայակովսկու դպրոցի շենքում, ունի աստիճաններ, որոնց շատ հեշտ կարելի է չեզոքացնել, բայց տասնամյակներ անցնում են, և ոչ մի բան չի արվում։ Ասում եմ արգելել, որովհետև եթե օրենսդրորեն սահմանվի, որ տեղամասը պարտադիր պետք է հարմարեցված լինի բոլորի համար, արդյունքում ստիպված կլինեն սայլը տեղից շարժել։ Կարևոր է մուտքը, ինչպես նաև քվեատուփին հասնելը, կան նաև այլ նրբություններ, օրինակ, թե ինչպես է տեղադրված քվեախցիկը։ Պատահում է՝ սխալ տեղ են դնում, և հնարավոր չէ այնտեղ տեղավորվել սայլակով, բայց դա հեշտ լուծվող հարց է, ուղղակի իրազեկման խնդիր է։ Հաճախ այդպիսի ընտրողներին առաջարկվում է դրսում քվեարկել, ինչն էլի ընդունելի չէ, քանի որ դրսում Ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր գործընթացներն ապահովել հնարավոր չէ, և խախտվում է փակ, գաղտնի քվեարկության սկզբունքը։ Ասում են՝ լավ, բա ի՞նչ անենք, չունենք այդքան քանակի հարմարեցված տարածքներ, և սովետական տարիներից մնացած դպրոցի շենքերը հիմանակնում հարմարեցված չեն, ի՞նչ անենք։ Ուրեմն՝ պետք է ունենանք պետականորեն հաստատված գործողությունների պլան՝ ժամանակացույցով, պատասխանատուներով, բյուջեով, որպեսզի պարզ դառնա, թե երբ են բոլոր տեղամասերը հարմարեցված լինելու։ Իսկ որպես ժամանակավոր լուծում կարելի է այլընտրանքային միջոցներ կիրառել։ Կարող են լինել շրջիկ քվեատուփեր, որոնք եղել են մեր անկախության առաջին տարիներին, իսկ հետո հանվել են շրջանառությունից՝ իբրև թե դա կեղծիքների բուն է, բայց գիտենք, որ ցանկության դեպքում կեղծիքներ կարող են լինել ամեն տեղ և կարող են չլինել, եթե կա կամք։ -Կմանրամասնե՞ք մի փոքր, թե ինչ էին շրջիկ քվեատուփերը։ -Հանձնաժողովի մի անդամ՝ դիտորդի ուղեկցությամբ, կամ նման մի խումբ այցելում է այն մարդկանց, որոնք նախապես դիմում են ներկայացրել, որ ի վիճակի չեն հասնելու տեղամաս։ Ի դեպ, սա միայն սայլակ օգտագործող մարդկանց չէ որ վերաբերում է, կարող է լինել անկողնային հիվանդ կամ շատ ծեր մարդ, կամ մարդ, որն ինչ-որ խնդրի պատճառով ժամանակավորապես շարժունակության դժվարություններ ունի և այդ կարևոր ընտորությունների ժամանակ չի կարող հասնել ընտրատեղամաս։ Այս այլընտրանքը միշտ պետք է լինի։ Ես հիշում եմ, որ նախագահական առաջին ընտրությունների ժամանակ մեր տուն էին բերել քվեատուփը, և նորմալ ընթացակարգով գործընթացն իրականացվել է, այնպես, ինչպես ընտրատեղամասում։ Իհարկե, սա չի վերացնում տեղամասերի մատչելիության խնդիրը, ուղղակի լավ այլընտրանք է, որովհետև միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք տվյալ պահին չեն կարողանա ընտրատեղամաս հասնել։-Իսկ ի՞նչ խնդիրների են բախվում տեսողության խնդիրներ ունեցող անձինք։ -Տեսողության խնդիրներ ունեցող կամ կույր մարդիկ ունենում են միայն մեկ խնդիր՝ նրանք չեն կարողանում ինքնուրույն ընտրել։ Կան, իհարկե, գործընթացներ՝ օգնելու կույր մարդկանց, սակայն այս դեպքում խախտվում է նրանց ընտրության գաղտնիության սկզբունքը, և նրանք ստիպված են ապավինելու իրենց օգնող մարդու ազնվությանը։ Նշեմ, որ այս հարցում մենք նախորդ տարիների հետ համեմատ մեկ քայլ հետ ենք կատարել, քանի որ առաջ ունեցել ենք հատուկ կաղապար չտեսնող ընտրողների համար, որը թույլ էր տալիս կույր ընտրողին կաղապարը համատեղել քվեաթերթիկի հետ և լրիվ ինքնուրույն ու գաղտնի կատարել քվեարկությունը։ Դա շատ հարմար էր, բայց հետո ընտրական համակարգն այնքան բարդացավ, որ այլևս տեխնիկապես անհնար դարձավ այդ մեթոդը։ Եվ արդյունքում ունեցանք այս հետքայլը, երբ մարդիկ, որոնք չեն տեսնում, ստիպված են կա՛մ չմասնակցել ընտրություններին, կա՛մ ապավինել ինչ-որ մեկի օգնությանը, իսկ այդ դեպքում ընտրողը երբեք չի կարող համոզված լինել, որ հենց իր կամքն է արտահայտում այն մարդը, որն իրեն օգնում է, հատկապես, եթե ինչ-որ պատահական մեկն է։ -Նախորդ ՏԻՄ ընտրություններից մեկի ժամանակ լրագրողներն արձանագրել էին, որ ընտրատեղամասերում խոշորացույցներ չկան։ Պարզաբանում էր տրվել, որ համապետական ընտրությունների ժամանակ է միայն խոշորացույց տրամադրվում, իսկ ՏԻՄ ընտրությունների համար դա նախատեսված չէ։ -Խոշորացույցները շատ հարմար են, ես զարմանում եմ՝ այստեղ խնդիրը որն է։ Դա հարմար է ոչ միայն կույր մարդկանց համար, այլև տարիքի կամ այլ պատճառներով այդ մանր տառատեսակը դժվար ընթերցող, վատ տեսնող մարդկանց համար։ Համապետական ընտրությունների ժամանակ շատերն օգտվել են դրանցից և ինքնուրույն քվեարկել, եթե իհարկե նրանց թույլ են տվել օգտվել։ Ես այդ խնդիրը նկատել եմ որպես դիտորդ, երբ մեր կազմակերպությունը դիտորդություն էր անում։ Որոշ տեղամասերում խոշորացույցը պահված էր սեյֆում, ու երբ հանձնաժողովի նախագահին հարցնում էինք, թե ուր է, ինչու չեն հանում, պատասխանում էին՝ որ չկորի։ Բա էլ դրա իմաստը ո՞րն է։ Ասում էին՝ եթե ուզող լինի, կտանք, բայց բոլորը պարտավոր չեն իմանալ, որ նման հնարավորություն կա։ Պետք է, ընդհակառակը, տեսանելի տեղում դրվի, որ մարդիկ հանգիստ օգտվեն։ Սա, կարծում եմ, տեխնիկական խնդիր է, իրազեկվածության պակասի կամ ոչ պատշաճ վերաբերմունքի հետևանք։ Սա ո՛չ լուրջ ֆինանսների հետ է կապված, ո՛չ էլ քաղաքական կամքի, ուղղակի պետք է կատարել ու վերջ։ -Անդրադառնանք լսողության խնդիրներ ունեցող կամ խուլ մարդկանց ունեցած դժվարություններին։ -Նրանք ոչ մի խնդիր չունեն քվեարկության ժամանակ, հանձնաժողովի անդամների հետ հաղորդակցման խնդիրը հեշտ լուծելի է, որովհետև եթե նրանք իրազեկված են գործընթացի մասին, իրենց ոչ մի բան չի խանագարում ընտրել։ Իսկ նրանք հեռուստացույցով ժեստերի լեզվի զուգորդությամբ տեսնում են, թե ինչպիսինն է քվեարկելու պրոցեսն ու կարողանում են առանց ավելորդ հարցերի, ավելորդ շփման կատարել իրենց քաղաքացիական պարտքը։ Նրանք ունեն այլ խնդիր։ Վերջին տարիներին ԿԸՀ-ն այդ հոլովակները պարտադիր ժեստերի լեզվի թարգմանությամբ է տրամադրում, բայց նույնը չեն անում կուսակցությունները։ Քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, դա անտեսում են, թեև ասել, որ նրանք իրազեկված չեն, մի քիչ սուտ կլինի։ Մեր «Ունիսոն»-ը և այլ հ/կ-ներ բազմաթիվ անգամներ բարձրաձայնել են այս մասին, որ ձեր գովազդային նյութերը, չենք ասում բոլոր հանդիպումները, որովհետև այդքան ֆինանս գուցե չունեն կուսակցությունները, որ ամեն ինչի համար սուրդոթարգմանիչ ունենան, բայց գոնե հիմնական, ամենակարևոր հոլովակները լինեն ժեստերի լեզվի թարգմանությամբ, որ խուլ ընտրողները կարողանան կողմնորոշվել, թե ում են ընտրում, ինչի համար են ընտրում, ինչ խոստումներ են տալիս նրանք, երկրի զարգացման ինչ տեսլական ունեն։ Նշեմ նաև, որ բացի հեռուստաքարոզարշավից, լինում են նաև հանդիպումներ, ժողովներ հրապարակներում, դահլիճներում, որտեղ ևս չի ապահովվում ո՛չ սուրդոթարգմանություն, ո՛չ էլ մտածում են տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց մասին։ Փաստորեն, մենք՝ սայլակ օգտագործողներս ևս հաճախ զրկված ենք քաղաքական ուժերին հանդիպելու, կենդանի շփման, հարց տալու հնարավորությունից և ստիպված ենք ապավինել միայն հեռուստալրատվությանը։ Որոշակի խնդիրներ կան նաև մտավոր խնդիրներ ունեցողների վերաբերյալ։ Սա շատ խնդրահարույց ու վիճելի թեմա է, որովհետև մի կողմից այդ մարդիկ ևս ունեն բոլոր իրավունքները մասնակցելու ընտրություններին, մյուս կողմից կան այնպիսի վիճակներ, երբ մարդն ընդհանրապես չի ընկալում, թե ինչ գործընթացի է մասնակցում, ինչի համար է անում դա։ Այստեղ լուրջ կարգավորումներ ու միջազգային փորձի լուրջ ուսումնասիրություն է պետք, որպեսզի օգտվելով մարդկանց անօգնական վիճակից՝նորից չարաշահումներ չարվեն։-Անդրադարձանք հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքին, հիմա խոսենք նրանց՝ քաղաքական կյանքում ներկայացվածությունը մեծացնելու թեմայով։ Ի՞նչ քայլեր պետք է կատարի պետությունն այս ուղղությամբ։ -Մինչ այս, ինչ քննարկում էինք, Ընտրական օրենսգրքով կարագվորվող հարցեր էին, իսկ ինչ վերաբերում է քաղաքական պրոցեսներում հաշմանդամություն ունեցող անձանց ավելի ակտիվ մասնակցությանը, այս դեպքում խոսքը վերաբերում է «Կուսակցությունների մասին» օրենքին։ Բայց ես այս մասով մի կարծիք հայտնեմ, որը երևի տարբերվում է շատերի կարծիքից․ ես դեմ եմ քվոտավորմանը։ Փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ կանանց համար նախատեսված քվոտավորումը, որը պարտադիր է, ձևական բնույթ է կրում ու այնքան էլ աշխատող մեխանիզմ չէ։ Ես չեմ կարծում, որ մարդիկ պետք է ընտրեն որևէ մեկին միայն նրա համար, որ նա հաշմանդամություն ունի։ Կարծում եմ՝ այստեղ այլ մեթոդ է պետք, կարելի է սահմանել, որ կուսակցությունների գրասենյակները, գոնե հիմնական մասնաճյուղերը պարտադիր հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Հարմարեցված լինեն բոլոր առումներով, միայն չմտածեն սայլակ օգտագործող մարդկանց մասին, այլ նաև տեխնիկապես, ծրագրային, բովանդակային, ինֆորմացիոն առումով, որպեսզի մարդկանց համար հնարավոր լինի հասկանալ՝ ինչ կուսակցություն է, ինչպես, երբ կարելի է հանդիպել, զրուցել ղեկավարների հետ և այլն։ Այդպես մարդիկ ավելի շատ կընդգրկվեն։ Այսինքն՝ պետք է ոչ թե օրենսդրորեն սահամանել, որ պարտադիր պետք է հաշմանդամություն ունեցող թեկնածուներ լինեն, այլ պետք է դա բխի իրականությունից, որ մարդիկ իրոք շահագրգռված լինեն, հետաքրքրվեն, սկսեն ակտիվ մասնակցել բոլոր գործընթացներին։ Արդյունքում՝ ժողովուրդը նրանց կընտրի՝ ըստ իրենց ունակությունների, գաղափարների, ոչ թե ուղղակի այն տրամաբանությամբ, որ այս մեկը հաշմանդամություն ունի, ուրեմն՝ անպայման պետք է ցուցակում լինի։   -Քվոտավորման կողմնակիցները, սակայն, նշում են, որ սկզբնական շրջանում այս կարգավորումը թեև արհեստական կլինի թե՛ հաշմանդամություն ունեցողների, թե՛ կանանց առումով, բայց դա կօգնի, որ հետագայում հանրությունն ավելի նորմալ ընդունի նրանց ներկայությունը քաղաքական դաշտում և այդ մարդկանց էլ կշահագրգռի ավելի ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին։-Համաձայն չեմ, նախ, որովհետև մենք ունեցել ենք այդպիսի պատգամավորներ, ունեցել ենք չտեսնող պատգամավոր բավականին ակտիվ, միշտ էլ ունեցել ենք հաշմանդամություն ունեցող պետական պաշտոնյաներ, որոշ դեպքերում դա շատ ակնհայտ էր, դրա մասին խոսվում էր, որոշ դեպքերում դա չի թմբկահարվել, բայց էական չէ դա։ Կարծում եմ՝ հանրությունը նորմալ է ընդունում այն պետական պաշտոնյային, այն պատգամավորին, որն աշխատում է, որն արդյունավետ է աշխատում։ Նույն բանն է, երբ, օրինակ, հաշմանդամություն ունեցող մարդիկ աշխատում են սպասարկման ոլորտում։ Մարդիկ երբ մտնում են այդպիսի սպասարկման կենտրոններ, իրենց հետաքրքիր չէ՝ իրեն սպասարկողը տեղաշարժման խնդիր ունի, թե լսողության, թե որևէ այլ խնդիր, եթե դա չի ազդում սպասարկման որակի վրա։ Եթե իրեն լավ են սպասարկում, նա գոհ է,  կաշխատի հաջորդ անգամ նորից նույն աշխատակցի հետ շփվել։ Իսկ եթե վատ են սպասարկում, ի՞նչ կարևոր է, թե որն է պատճառը։ Նույնը քաղաքականության մեջ է, եթե տեսնում ես, որ պաշտոնյան շատ լավ է աշխատում, առաջ է տանում իր ոլորտը, նրա հաշմանդամություն ունենալը կարևոր չի լինում։Նշեմ, որ ինչ վերաբերում է կանանց քվոտային, դա իմ ոլորտը չէ, ես ուղղակի օրինակ բերեցի։ Այո՛, դա աշխատում է, բայց, կարծում եմ, այնքան էլ արդյունավետ չէ, որքան ուզում էինք, և էլի մի քիչ արհեստական բնույթ ունի։ Եվ հետո, ես չեմ կարծում, թե մենք այնքան չտես ազգ ենք, որ եթե օրինակ կին նախագահ կամ վարչապետ ունենանք, դրանից շատ կզարմանանք կամ կքննադատենք։ Այդ դարն անցել է։ Մեզ հետաքրքրում է արդյունքը։Աստղիկ Քեշիշյան
19:00 - 19 նոյեմբերի, 2019
RElection [#25] Այսօր հետկանչի ինստիտուտի ներդրումը Հայաստանում արդիական չէ. Հայկ Մարտիրոսյան

RElection [#25] Այսօր հետկանչի ինստիտուտի ներդրումը Հայաստանում արդիական չէ. Հայկ Մարտիրոսյան

RElection նախագծի շրջանակներում հետկանչի մեխանիզմների թեմայով զրուցել ենք «Թրանսփարանսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի հետ։ - Պարո՛ն Մարտիրոսյան, հետկանչի ինստիտուտ ունենալու վերաբերյալ կարծիքները տարբեր են։ Նրանք, ովքեր համաձայն են, որ մեր երկրում այս ինստիտուտը ներդրվի ասում են , որ սա ուղիղ ժողովրդավարության գործիք է։ Նրանք, ովքեր դեմ են այս ինստիտուտի ներդրմանը, հակադարձում են, որ այն կարող է քաղաքական անկայուն իրավիճակ ստեղծել։ Ո՞րն է Ձեր կարծիքը այս հարցի վերաբերյալ։ - Նախ, հետկանչի ինստիտուտի ներդրումը Հայաստանում կիրառելու համար պետք է որոշակիորեն այլ երկրների փորձը ուսումնասիրենք, տեսնենք, թե ինչպիսի իրավական լուծումներ են տեսել, ինչպիսի քաղաքական կամք է առկա եղել այդ լուծումները ներդնելու համար։ Հետկանչի ինստիտուտի ներդրումը Հայաստանում, առավել ևս այսօր, երբ քաղաքական համակարգի կայացման, կայունացման խնդիրը շատ արդիական է, որոշակիորեն պետք է հետաձգել։ Նախ, մեզ մոտ ընտրական գործընթացները բավականին ցավոտ են անցել մինչ հիմա։ Կարելի է ասել, նախորդ տարվա դեկտեմբերյան ընտրությունները եզակի են եղել, որ ժողովուրդը, ըստ էության, կասկածի տակ չի դրել ընտրության արդյունքները։ Այս պահի դրությամբ հետկանչի ինստիտուտը ակտիվացնելը մի փոքր ժամանակավրեպ եմ համարում։ Այնուամենայնիվ, ինչպիսի՞ փորձ ունեն այլ երկները, և ո՞րն է հետկանչի ինստիտուտի, իմաստը։ Բնականաբար, խոսքը վերաբերում է պետական համակարգի կառավարման արդյունավետության ապահովմանը, որպեզի այն պաշտոնյաները, ովքեր, ըստ էության, չեն կատարում իրենց վրա դրված պարտականությունները, ժողովուրդը հնարավորություն ունենա իրավական սահմանված ընթացակարգերի կամ մեխանիզմների միջոցով նրանց հետ կանչել։ Օրինակ, Միացյալ Նահանգներում հետկանչի ինստիտուտը չի կիրառվում, բայց այնտեղ կան սահմանված մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս ժամանակային ավելի կարճ գործոնով գնահատել պետական պաշտոնյայի աշխատանքի արդյունավետությունը։ Օրինակ, պառլամենտում, Կոնգրեսում, ստորին պալատում, ներկայացուցիչների պալատում ընդգրկված պատգամավորների լիազորությունների ժամկետը սահանված է երկու տարի, սենատինը չորս տարի է, ընդ որում, յուրաքանչյուր երկու տարին մեկ 1/3 տոկոսով թարմացվում է։ Այսինքն՝ հստակ իրավական մեխաիզմներ են ամրագրված, որոնք հնարավորություն են տալիս ոչ թե հետկանչի մեխանիզմ կիրառել և որոշակիորեն անհանգստություն մտցնել քաղաքական դաշտում, այլ շատ ավելի կարճ ժամանակահատվածում գնահատել անձի լիազորություններով նախատեսված գործողությունների արդյունավետությունը և հաջորդ քայլին գնալ, այսինքն՝ ընտրական գործընթացների միջոցով կազմակերպել։ Ես գտնում եմ, որ այսօր հետկանչի ինստիտուտի ներդրումը Հայաստանում արդիական չէ։ Մենք ավելի շատ կարևոր խնդիրներ ունենք՝ ավելի կատարելագործել ընտրական համակարգը, քաղաքական համակարգը կայունցնել, որովհետև 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո պառլամենատական հանրապետության անցումը պահանջում է քաղաքական համակարգի, կուսակցությունների ձևավորման մեխանիզմների, նրանց ներկայացվող պահանջների ավելի կայունացումը, որն այս պահին ավելի կարևոր է, քան հետկանչի մեխանիզմների ներդրման հրատապությունը։ - Արդյո՞ք հետկանչի մեխանիզմները պետք է գործեն միայն ընտրովի պաշտոնյանների համար, թե՞ ընտրողները պետք է նաև հնարավորություն ունենան ընտրովի ինստիտուտները, օրինակ՝ ԱԺ-ն, հետ կանչելու։ - Այսօրվա քաղաքական համակարգի պայմաններում հետկանչի ինստիտուտը կոնկրետ պատգամավորների հետ կապված հնարավոր չէ, որովհետև գործ ունենք համամասնական ընտրակարգի հետ, որտեղ ժողովուրդը, քաղաքացիները դելեգացնում են կուսակցությոուններին և ոչ թե կոնկրետ անձանց։ Իհարկե, շատ ցավալի է, որ մինչ այսօր մենք չենք ունեցել լուրջ, ծրագրային ընտրություններ, որոնցով կարողանանք գնահատել կուսակցությունների հստակ աշխատանքը, բայց, այնուամենայնիվ, կոնկրետ պատգամավորի հետկանչի ինստիուտը կիրառվում է կուսակցության շրջանակներում։ Մենք այսօր չունենք այդ մեխանիզմները, որով կուսակցությունը որոշի այս կամ այն պատգամավորին հետկանչելու և ցուցակում ընդգրկված հաջորդ պատգամավորին գործուղելու վերաբերյալ։ Դա վերաբերում է գրեթե միայն էթիկայի հետ կապված խնդիրների տեսանկյունից պատգամավորների հետկանչին կամ իրավական պատասխանատվության շրջանակներում հետ կանչի ինստիտուտին, որը դասական առումով քաղաքական հետկանչի ինստիտուտ չէ, այլ զուտ իրավական պատասխանատվություն կիրառելու տեսանկյունից յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ էլ այդպիսի պատասխանատվության միջոց կարող է  կիառվել։ Բնական է ՝ պաշտոնյայի նկատմամբ առավել ևս, կիառվում են նաև լրացուցիչ մեխանիզմներ, որը դրսևորվում է, օրինակ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունիքից զրկելով կամ կոնկրետ զբաղեցրած պաշտոնում նրա լիազորությունների դադարեցմամբ։ Այնպես որ, այս մեխանիզմը Հայաստանում, եթե տրանսվորմացնենք խնդիրը օրենսդիր մարմնի հետ, ապա կոնկրետ պատգամավորների նկատմամբ հետկանչի մեխանիզմը կարող է կիրառվել կուսակցությունների կողմից, որը դասական առումով կիրառվում է Արևմտյան Եվրոպայի երկրներում , Միացյալ Նահանգներում և Ռուսաստանի Դաշնությունում։ Այսինքն, կուսակցությունը ինքն է որոշում թե որ պատգամավորը աշխատանքային գործունեության ինչպիսի արդյունավետություն է ապահովում և այլն։ Ընդհանուր առմամբ, սա բավականին լուրջ խնդիր է Հայաստանում, որովհետեև մենք պաշտոնատար անձանց աշխատանքի արտադրողականության գնահատման ռեալ ցուցանիշներ չունենք կամ գոնե այն գերատեսչություններում, որտեղ կան դրանք, շատ սաղմնային վիճակում են և կատարելագործման կարիք ունեն։ Այնուամենայնիվ, խնդիրը կա, նույնիսկ ընտրովի պաշտոններում։ Հետկանչի ինստիտուտի կիրառումը չպետք է պայմանավորված լինի միայն իրավական խախտում կատարելու հանգամանքով, պետք է պայմանավորված լինի նաև աշխատանքի արդյունավետությամբ։ Եթե աշխատանքային գործունեության մեկ տարվա ընթացքում պատգամավորը որևէ օրինագիծ չի ներկայացրել կամ այլ օրենսդրական գործունեությամբ աչքի չի ընկել, ապա բնական է, որ տվյալ կուսակցությունը, որով պատգամավորը գործուղվել է խորհրդարան, պետք է այդ հարցը բարձրացնի։ Իհարկե, կա նաև շատ կարևորագույն խնդիր, որը, կարելի է ասել, մեր իրականության մեջ է կիրառվում. խոսքը վերաբերում է նրան, որ կուսակցական ցուցակներով խորհրդարան են գալիս այնպիսի քաղաքական գործիչներ, որոնց դժվար է ասել քաղաքական գործիչ, քանի որ նրանք կուսակցության անդամ չեն։ Սա  ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, որովհետև եթե անձը անկուսակցական է, ինչպե՞ս կարող է պաշտպանել տվյալ կուսակցության գաղափարախոսությունը և եթե պաշտպանում է, ապա ինչո՞ւ չի ներգրավվում կուսակցական գործունեության մեջ։ Այսինքն, մենք բավականին լուրջ անելիքներ ունենք, մինչև հետկանչի ինստիտուտի դասական առումով կիրառելը, հատկապես, ընտրովի պաշտոնների նկատմամբ։ Ինչ վերաբերում է նշանակովի պաշտոններին, ապա, բնականաբար, այս պրոցեսում հետկանչի ինստիտուտի կիրառումը գործում է, այսինքն՝ պետք չէ, որ սրա հետ կապված մենք իրավական նորարարություններ կիրառենք։ Կան աշխատանքից ազատման, նոր աշխատանքի նշանակման հստակ իրավական մեխանիզմներ, որոնք մեր օրենսդրությամբ կարգավորված են։ - Խոսեցիք տարբեր երկրների փորձի մասին: Եթե կրկին հայացք նետենք միջազգային փորձին, ապա ո՞ր երկրներում են հետկանչի և տեղական հանրաքվեների ինստիտուտները զարգացած, և ո՞ր մոդելն է համապատասխանում մեր երկրին։ - Այն երկրները, որոնք կիրառում են հետկանչի ինստիտուտը, փորձում են սահմանել լիազորությունների ավելի կարճ ժամկետ հատկապես ընտրովի պաշտոնների պարագայում, որից ելնելով՝ փորձում են քաղաքական դաշտը հետ պահել ցնցումներից՝ հետկանչի մեխանիզմները կիրառելու հետ կապված, որը ենթադրաբար վերաբերում է ընտրովի այն պաշտոններին, որոնց պարագայում իրավական հնարավորություններ կան նաև նույն մեխանիզմներով, ինչ որ անձին նշանակում են պաշտոնի, նաև կարողանան հետ կանչել։ Այստեղ ընտրովի պաշտոնները պետք է դասակարգել երկու խմբի՝ ընտրովի՝ ժողովրդի անմիջական քվեարկության արդյունքում ընտրված, և միջնորդավորված: Մեր խորհրադարանը ընտրում է որոշակի պաշտոնատար անձանց, օրինակ՝ գլխավոր դատախազի ընտրությունը, այս փուլում հակակոռուպցիոն հանձնաժողովի ընտրությունը և այլն։ Խորհրդարանական կառավարման պայմաններում մենք ձգտում ենք, որ այդ ընտրովի պաշտոնները, հատկապես այն բնագավառները, որոնք վերաբերում են ժամանակակից խնդիրներին, ևս դառնան անմիջական ընտրովի պաշտոններ։ Ընտրովի պաշտոնների հետկանչի գործընթացը, որպեսզի էապես չանդրադառնա քաղաքական դաշտում որոշակի անկայունություն սերմանելուն, շատ նպատակահարմար է լիազորությունների ավելի կարճ ժամանակահատված ընտրել կամ գոնե այնպիսի իրավական մեխանիզմներ նախատեսել, որոնք հնարավորություն կտան մեկ կամ երկու տարվա ընթացքում գնահատել տվյալ պաշտոնյայի գործունեության արդյունավետությունը և կիրառել լիազորությունների դադարեցման մեխանիզմներ, որովհետև դասական իմաստով հետկանչի ինստիտուտ ժողովրդի կողմից  անմիջական ժողովրդաիշխանության իրացման արդյունքում ձևավորված մարմինների նկատմամբ չի կիառվում։ Դրանք զուտ կիրառվում են լիազորությունների ժամկետների սահմանափակմամբ, իսկ այն պաշտոններում, որոնք ձևավորվում են ոչ անմիջական ժողովրդաիշխանության միջոցով, այսօր էլ իրավական կարգավորումներ ունեն նաև Հայաստանում։ - Կարո՞ղ եմ ենթադրել, որ Ձեզ համար ոչ այդքան հեռանկարային և իրատեսական է հետկանչի ինստիտուտի ներդրումը Հայաստանում։ - Նախ պետք է հասկանանք, որ առաջին հերթին պետք է ներդնել անպիսի չափանիշներ, որոնցով պետք է գնահատենք պաշտոնատար անձի գործունեության արդյունավետությունը, որից հետո նոր կարողանանք հստակեցնել հետկանչի ինստիտուտը։ Առանց այդ մեխանիզմների մենք չենք կարող օդից վերցնել և գնահատել իրավիճակը. ինչո՞ւ պետք է այդ պաշտոնյային հետ կանչենք։ Պետք է հստակ չափանիշներ լինեն: Մենք դրանք չունենք, և այդ գնահատումը այս փուլում արվում է ավելի շատ սյուբեկտիվորեն։ Այսինքն՝ մենք շատ հաճախ տեսնում ենք, օրինակ, գործադիր իշխանության կողմից կարող է գնահատվել այդ աշխատանքը որպես ոչ հրատապ արդյունավետության տեսանկյունից: Կան նաև դեպքեր, երբ տեսնում ենք, որ աշխատանքից հեռացվում են աշխատանքի արդյունավետության չափորոշիչները չբավարարելու համար։ Ինչ վերաբերում է հետկանչի ինստիտուտին, կրկնեմ, որ սա պետք է դիտել երկու տեսանկյունից՝ անմիջական և ոչ անմիջական ընտրովի մարմինների։ Այլ խնդիր է, թե ինչ չափորոշիներ պետք է կիրառվեն, որպեսզի հստակ ամրագրվեն այն գործոնները, որոնք հիմք կհանդիսանան այդ հետկանչի ինստիտուտը ժամանակից շուտ կիրառելու համար։ Ըստ RElection-ի ձևաչափի՝ հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ բանախոսին։ Հայկ Մարտիրոսյանի հարցը. «Ի՞նչ առաջարկներ կան քաղաքական համակարգի կայունացման համար, ինչպիսի՞ քայլեր է անհրաժեշտ Հայաստանում իրականացնել, որպեսզի շատ ավելի կայուն քաղաքական համակարգ  ունենանք և ոչ անձակնետրոն։ Այսինքն՝ աշխատի կոնկրետ համակարգը և ոչ թե պայմանավորված լինի մեկ անձի կամքից»։
16:16 - 19 նոյեմբերի, 2019
RElection [#24] Պիտի առաջանան իրական քաղաքական ուժեր, որոնք կդաստիարակեն քաղաքականապես հասունացած քաղաքացի. Վիգեն Խաչատրյան

RElection [#24] Պիտի առաջանան իրական քաղաքական ուժեր, որոնք կդաստիարակեն քաղաքականապես հասունացած քաղաքացի. Վիգեն Խաչատրյան

RElection փոդքաստի շրջանակներում «Կուսակցությունների մասին» օրենքում սպասվող փոփոխությունների թեմայով զրուցել ենք Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ: - Պարո՛ն Խաչատրյան, Դուք ասում եք, որ կուսակցությունները պետք է զերծ լինեն պետության և բիզնես խմբերի միջամտությունից: Նաև ասում եք, որ ձեռներեցներն ազգային արժեք են և իրավունք ունեն ֆինանսավորելու կուսակցություններին: Այսպիսով, ո՞րն է կուսակցությունների ֆինանսավորման լավագույն տարբերակը, և ի՞նչ պետք է անել, որ կուսակցություններն իրենց ֆինանսավորման աղբյուրներից կախման մեջ չլինեն:   - Նախ, վերադառնանք կուսակցություններին ներկայացվող պայմաններին, որոնք պիտի լինեն, որպեսզի կուսակցությունները կարողանան արդյունավետ աշխատել: Դրանք երեք խմբի են բաժանվում. 1. կուսակցությունները պիտի լինեն իրավահավասար. դա չի նշանակում, որ նրանք ունենան հավասար հնարավորություններ, հնարավորությունները կարող են տարբեր լինել, բայց իրավահավասարությունը պարտադիր է կուսակցությունների նորմալ գործունեության համար, 2. կուսակցությունները պետք է պաշտպանված լինեն արտաքին և ներքին ազդեցություններից, 3. կուսակցությունների գործունեությունը պիտի լինի թափանցիկ, նկատի ունեմ հենց նրանց ֆինանսական գործունեության թափանցիկությունը, այսինքն՝ կուսակցությունները ոչ թե չպիտի ֆինանսավորվեն, այլ նրանց ֆինանսավորումը պիտի լինի թափանցիկ և հաշվետու հասարակությանը: - Այսինքն՝ եթե անգամ ձեռներեցներն են ֆինանսավորում կուսակցություններին, պիտի պա՞րզ լինի, թե կուսակցություններն այդ միջոցներն ինչպես են ծախսում: - Պարզ է, որ ֆիանսավորում կարող է անել նա, ով ֆինանս ունի: Քաղաքական գործունեություն առանց ֆինանսավորման բացառվում է, հետևաբար՝ կուսակցությունների ֆինանսական գործունեության թափանցիկությունը նշանակում է՝ հայտնի լինեն աղբյուրները, և հայտնի լինեն ծախսերը. ինչպե՞ս են կուտակվում այդ միջոցները և ինչպե՞ս են ծախսվում: Օրենսդիրը կարող է դա կարգավորել: Ենթադրենք, կուսակցության միջոցների 20 տոկոսը կարող է ուղղվել ապարատի պահպանմանը՝ գրասենյակներ, գործավարներ, և մնացած ամբողջը պիտի բուն քաղաքական գործունեությանը նպաստի: Ինչ վերաբերում է ձեռներեցներին, իհարկե, մեր ամենամեծ նվաճումը վերջին երեսուն տարիների ձեռներեց խավի առաջացումն է, որը մենք չենք ունեցել, և որը անհրաժեշտ է պետության ու հասարակության զարգացման համար: Բայց, մյուս կողմից, նրանց ֆինանսավորումը ևս պիտի լինի որոշակի չափերի սահմաններում, այսինքն՝ դա ևս պետք է կարգավորել: - Շեմե՞ր պիտի լինեն: - Շեմ չասենք, բայց, համենայն դեպս, չպիտի ինչ-որ մեկը գրպանային կուսակցություն ունենա և իր հաշվին պահի, որը մենք այսօր ունենք: Սա նշանակում է, որ օրենսդիրը և ենթաօրենսդրական ակտերը դրանք պիտի կարգավորեն: Դրանից զատ, կուսակցությունները պիտի շահագրգռված լինեն այդ մթնոլորտը ստեղծելու իրենց ներսում: Հետևաբար, խնդիրը միայն օրենսդրորեն կարգավորումը չէ, խնդիրը հետևյալի մասին է. օրենքն ունենում է օրենքի ոգի և օրենքի տառ: Կարևորը ոգին է, նախևառաջ: Ի՞նչ ենք ուզում մենք. մենք ուզում ենք հետևյալը, որ կուսակցություններն ունենան հավասար հնարավորություններ, որ կուսակցությունների գործունեությունը լինի թափանցիկ: Սա ոգին է օրենքի: Տառը, թե ինչպես դա շարադրել, ինչպես կարգավորել օրենքով, ենթաօրենսդրական ակտերով, կուսակցությունների ներքին կանոնադրությամբ: Պիտի ներքին համատեղ աշխատանք տարվի: Սակայն մենք նկատում ենք, որ այսօր քաղաքական դաշտում գործող ուժերը, որոնք իրենք համարում են կուսակցություն, կարծես առանձնապես շահագրգռված չեն, որ այս օրենքն ըստ արժանվույն մշակվի և կյանքի կոչվի: Ես չեմ նկատում շահագրգռված քննարկումներ, մոտեցումներ, առաջարկներ: - Նաև լսումների՞ ժամանակ: - Ամբողջ ընթացքում: Լսումների ժամանակ ելույթ ունեցողների 80 տոկոսը ամբիոն էր գտել իր դարդն ու ցավն արտահայտելու: Մարդիկ իրավունք ունեն մտածելու, տեսակետներ ունենալու հասարակության մասին, տնտեսության մասին, բայց այնտեղ լսումները վերաբերում էին «Կուսակցությունների մասին» օրենքին: Մի քանի հոգի այդ օրենքի մի քանի դրվագներից խոսեցին: Հրավիրյալներն, ըստ էության, «Կուսակցությունների մասին» օրենքից չխոսեցին: Հասկանալի չէր՝ ինչու էին եկել, պարապ ականջներ էին փնտրում իրենց մտքերն արտահայտելու հավանաբար: Նկատի ունեմ, որ այս վերաբերմունքը` «Կուսակցությունների մասին» օրենքին, խոսում է այն մասին, որ մենք դեռ շատ քիչ կառույցներ ունենք, որոնց կարելի է կոչել իրականում կուսակցություն: - Դուք ասում եք, որ մի կուսակցության ներսում պետք է տարբեր գաղափարախոսություններ կրող մարդիկ լինեն: Արդյո՞ք սա վտանգավոր չէ կուսակցության միասնականության, համախմբվածության տեսակետից: Ինչպե՞ս պիտի տարբեր գաղափարներ կրող մարդիկ կարողանան մի կուսակցության ներսում գործել: - Խոսքը գաղափարների մասին չէ: Եթե խոսքը վերաբերում է գաղափարախոսությանը, իհարկե, որևէ կուսակցության ներսում անդամագրված մարդիկ պիտի նույն գաղափարախոսությունը դավանեն: - Այսինքն՝ լինեն կա՛մ լիբերալ, կա՛մ սոցիալի՞ստ... - Այո՛: Ընդ որում, ժամանակակից պայմաններում դա փոքր-ինչ պայմանական բնույթ է արդեն կրում: Բայց գաղափարներ, ոչ թե գաղափարախոսություն, այս կամ այն խնդրի լուծման շուրջ կարող են լինել տարբեր, և, հետևաբար, որպեսզի կուսակցությունը լինի ճկուն և արդյունավետ աշխատի, կուսակցության ներսում նույն հարցի վերաբերյալ տարբեր լուծումներ առաջարկողները չպիտի դուրս մղվեն, և մեծամասնության լուծումը համարվի ճիշտ: Երբեմն մարդը լինում է  ավելի ճիշտ, քան կուսակցությունը որևէ հարցում: Հետևաբար, խոսքը այն մասին է, որ կուսակցությունների ներսում դեմոկրատական ցենտրալիզմի կոմունիստական սկզբունքը պիտի բացառել, որ պիտի կուռ լինեն շաքերը, համախմբված: Այդպիսի բան չկա, մարդը պարտավոր չէ կատարել կուսակցության որոշումը, եթե նա կուսակցության անդամ է, նա պարտավոր է չխանգարել, բայց կարող է և չկատարել, եթե իր սրտով չէ. ինքը ստրուկ չէ այդ կազմակերպությունում: Կուսակցության անդամը պիտի պաշտպանված լինի կուսակցության կամայականություններից: Եթե մենք ուզում ենք ունենալ կուսակցություն, որը իր առաքելությունն իրականում կատարում է, պետք է մոռանանք կուռ շարքերը, համախմբված գաղափարը: Այդ բոլորը տոտալիտար մտածողության դրսևորումներ են: Ժամանակակից ազատ հասարակությունում, ազատ տնտեսությունում մենք պետք է հասկանանք՝ կուսակցություն ասելով՝ ինչը մենք նկատի ունենք: Ընդ որում ես ինչ-որ հիմա խոսում եմ, այդ բոլորը ձևավորման փուլում են, որևէ երևույթ վերջնականապես կայացած չէ: Բայց մեծ երջանկություն է, որ այդ երևույթները սկսել են կայանալ, որ մենք չենք ունեցել հասարակական կառուցվածքում, տնտեսական կառուցվածքում, պետական կառուցվածքում: Մենք նոր ստեղծում ենք անհրաժեշտ ինստիտուտներ, որոնք կերաշխավորեն մարդու արժանապատվությունը և պետության ինքնիշխանությունը: Այս երկու պարագաներում է, որ հասարակությունն ու տնտեսությունը զարգանում են և բարիք են ստեղծում շատերի համար, ոչ թե ընտրյալների: Հիմա այս առումով մենք տեսնում ենք, որ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում կազմակերպվում է իր կառույցներով: Քաղաքացիական հասարակության լինում են հասարակական կազմակերպություններ: Կուսակցությունը ևս կազմակերպություն է: Ինչո՞վ է նա տարբերվում հասարակական կազմակերպություններից: Մենք ունենք քաղաքացիական հասարակություն և ունենք պետական համակարգ: Կուսակցությունը միակ կազմակերպությունն է, որը գործում է և՛ քաղաքացիական հասարակության դաշտում, և՛ պետական համակարգի դաշտում: Մյուս հասարակական կազմակերպությունները պետական համակարգի դաշտում չեն գործում, ընտրություններին չեն մասնակցում, ներկայացուցիչներ չունեն պետական կառավարման մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետության տարբեր ինստիտուտներում: Հետևաբար շատ էական է, որ կուսակցությունը պետական համակարգին չսերտաճի. նա կդադարի ծառայել որպես կուսակցություն: Հիմա, եթե այդ տեսակետից նայենք, ապա մենք տեսնում ենք, որ կուսակցության առաքելությունը զուտ ընտրություններին մասնակցելը չէ, կուսակցության առաքելությունը ավելի լայն է. կազմակերել քաղաքական ուսուցում: Շատերը քաղաքական ուսուցում ասելով՝ հասկանում են գաղափարախոսությունը տարածել: Ո՛չ: ի՞նչ է նշանակում ժողովրդավարություն, ի՞նչ է նշանակում ազատ տնտեսություն, ի՞նչ են նշանակում մարդու իրավունքները, ի՞նչ է նշանակում խոսքի ազատություն: Այս կրթությունը քաղաքական կուսակցությունները պարտավոր են իրականացնել: - Կուսակցությունները ինչպե՞ս պիտի դա անեն առանց իրենց գաղափարախոսությունն էլ հետը տարածելու: - Մարդու իրավունքները, դատական իշխանության անկախությունը, խոսքի ազատությունը գաղափարախոսություն չեն ենթադրում: Անկախ գաղափարախոսությունից՝ սրանք մնայուն արժեքներ են, և հետևաբար, ցանկացած կուսակցություն, անկախ իր գաղափարախոսական ուղղվածությունից, այս գաղափարական քարոզչությունը և ուսուցումը պիտի կազմակերպի նախևառաջ իր անդամների և համակիրների համար: Քանի որ մենք շատ վատ հասարակական համակարգից ենք դուրս եկել ու ժառանգություն ունենք այդ բացասական կնիքը, ավելի շատ տեսնում նեք, որ կուսակցությունները առաջ են մղում իրենց գաղափարախոսությունը, բայց նրանք նախևառաջ պիտի առաջ մղեն քաղաքական ուսուցումը ազատ քաղաքացի դաստիարակելու առումով: Իսկ կուսակցության  երկրորդ առաքելությունը պատասխանատվություն կրող քաղաքացու դաստիարակումն է, այսինքն՝ ազատ մարդու, որովհետև ազատությունը ոչ այլ ինչ է, քան պատասխանատվություն: Եթե ես ազատ մարդ եմ, ես եմ տերը իմ կարգավիճակի, և ես ինձ եմ մեղադրում՝ ես լա՞վ եմ ապրում, թե՞ վատ, ոչ թե պետությունից եմ պահանջում ինձ լավ պահել: Ազատությունը ամենաթողտվությունը չէ: Այսպիսի կուսակցություններն ունեն հեռանկար Հայասանում, այսպիսի կուսակցություններին են մարդիկ հավատալու և ընտրելու: Մինչև հիմա մենք ունեցել ենք քաղաքական մանիպուլյատորներ, որոնք ժողովրդին օգտագործել են որպես միջոց իրենց նպատակին հասնելու և իշխանությունը սեփական բարօրությանը ծառայեցնելու: Եթե մենք հիմա հետ ենք նայում, վերջին 30 տարում այլանդակություն է, ով ոնց կարողացել, չարաշահել է իր դիրքը իր նյութական հարցերը լուծելու համար, և հասարակությունը մատնվել է աղքատության: Հիմա պիտի առաջանան իրական քաղաքական ուժեր, որոնք կդաստիարակեն քաղաքականապես հասունացած քաղաքացի և կձևավորեն պատասխանատվություն կրող անհատ: Հայրենասիրությունը սա է. չդիտել սեփական պետությունը որպես կթու կով ու օգտվել այդ պետությունից: Սեփական պետությունը դիտել որպես սեփական տուն և վերաբերվել ինչպես սեփական տանը: Այս առումով մենք տեսնում ենք, որ առայժմ քաղաքական դաշտում այս համոզմունքները կրող կուսակցությունները նոր են առաջանում, չեն եղել: - Չկա՞ն հիմա այդպիսի կուսակցություններ: Իհարկե, կան, բայց ամբողջությամբ այդ բովանդակությունը կրող մենք չունենք ու չէինք էլ կարող ունենալ: Պետք չէ ասել, որ չկան, որովհետև այդպես մտածող սերունդը նոր է ասպարեզ գալիս: Մենք ունեցել ենք խորհրդային դաստիարակություն ստացած նվնվացող սերունդ, որն ամեն ինչից դժգոհում է, բայց ինքը հարց լուծելու պատրաստ չէ, բոլորին դատում է՝ բացի իրենից, բոլորին մեղավոր է համարում՝ բացի իրենից: Այսինքն՝ մենք նոր ենք տեսնում, որ սերունդ է փոխվում ազատ Հայաստանում: Կներեք անհամեստության համար, բայց բազմիցս եմ ասել՝ կգա այն օրը, երբ ազատ սեփականատիրական հարաբերությունների ինստիտուտը ներկայացնող անձերը և խոսքի ազատության կողմնակիցները կմիավորվեն և կտապալեն այդ ռեժիմը, որ մենք ունենք: Ես դա ասել եմ վերջին տասնհինգ տարին անընդհատ: Դա տեղի ունեացվ: Եթե մենք տեսնենք՝ ովքեր արեցին հեղափոխությունը: Դա նախևառաջ ձեռներեց շերտն էր և խոսքի ազատության համոզմունքը կրող մարդիկ: Հայաստանում տեղի է ունենում քաղաքական սերնդափոխություն: Եթե մենք այս ամենը չդիտարկենք և խոսենք «Կուսակցությունների մասին» օրենքից, անիմաստ է: Ի՞նչ միջավայրում պիտի այս օերնքը գրվի, ո՞ւմ համար պիտի գրվի, ինչպե՞ս պիտի աշխատի: Ու վերադառնում ենք նրան, թե  որն է «Կուսակցությունների մասին» օրենքի ոգին: Սա շատ կարևոր է. մենք ի՞նչ ենք ուզում այդ օրենքով հռչակել, և երկրորդը, ո՞րն է տառը, ինչպե՞ս ենք ուզում այդ ոգուն միս ու արյուն տալ: Այս առումով մենք դեռ պատրաստ չենք լավ օրենք մշակելու, որովհետև ո՛չ հասարակության մեջ, ո՛չ քաղաքական ուժերի մեջ այդ պահանջը հասունացած չէ: Նրանք ուզում են այսօր օրենքը հարմարեցնել իրենց ցանկություններին, որը սխալ է, հասարակությունն էլ ուզում է կուսակցություններին հարմարեցնել իր պահանջներին: - Ի՞նչ էր պետք անել մինչև «Կուսակցությունների մասին» օրենքը փոխելը: - Ինչ-որ պետք էր, արվում է՝ լսումներ, քննարկումներ: Հեղափոխության առաջին իսկ օրվանից բոլորն առանց զլանալու պնդում էին, որ պետք է «Կուսակցությունների մասին» նոր օրենք, Ընտրկան նոր օրենսգիրք: Ճիշտ են ասում, բայց Դուք տեսե՞լ եք գոնե 4 լուրջ վերլուծական, մասնագիտական  հոդված, թե ինչ բան է կուսակցությունը Հայաստանում, և ինչպիսին այն պիտի լինի: Չկա, քաղաքական միտք չկա: Դուք կարո՞ք եք մտաբերել մի հետաքրքիր հոդված, որի շուրջ քննարկումներ են եղել: Չկա: Բայց չէ՞ որ «Կուսակցությունների մասին» օրենքը կուսակցությունների սեփականությունը չէ: Կառուցողական չե՞ն այժմյան քննարկումները: - Հասարակության զարգացման բավարար աստիճան դեռ մենք չունենք: - Անդրադառնանք նաև ավանդական կուսակցություններին: Դուք ասում եք, որ հայ ավանդական կուսակցությունները վերջին 80 տարում իրականում կուսակցություններ չեն եղել ու քաղաքականա անցյալ չեն ունեցել: Խոսքը նաև Դաշնակցությա՞ն մասին է, որովհետև Դաշնակցությունն ընտրություններին մասնակցել է: - Նախևառաջ Դաշնակցությանը նկատի ունեմ, ոչ թե նաև: Երբ Դաշնակցությունն ասում է՝ մենք 100 տարվա կուսակցություն ենք, ինքը 1920 թվականից, եթե ոչ 1918, մինչև 1990 թվականը որպես քաղաքական կուսակցություն չի գործել, որովհետև չի ունեցել այդ հնարավորությունը: Նոր ես ասացի, որ կուսակցությունը գործում է հաասարակական դաշտում և պետական դաշտում: Նա գործել է որպես ազգային կազմակերպություն՝ այս կամ այն համայնքում հայապահպանության խնդիրները լուծելու և Հայ դատի խնդիրները հետապնդելու: Դա հասարակական կազմակերպության գործունեություն է, ոչ ավել:  Նույն վիճակում են եղել մեր երեք ավանդական կուսակցությունները: Նրանք Խորհրդային միության կարգերիի հաստատումից իր վեր՝ մինչև 1990 թվականի Հայաստանի անկախությունը (դա առնվազն 70 տարի է) որպես կուսակցություն չեն գործել և կուտակել են հասարակական կազմակերպության գործունեության փորձ օտար միջավայրում: Վերադառնալով Հայաստան՝ հատկապես ՀՅԴ-ն շարունակեց Հայաստանը դիտել որպես օտար միջավայր: Այսօր Դաշնակցութունն ընդամնեը 3-4 տոկոս համակրանք ունի, ինչո՞ւ: Որովհետև նրանք նորից փորձում են սայլը ձիուց առաջ դնել: Ավելի շատ գործում են որպես աղանդ, քան որպես կուսակցություն:Սա ո՞ր թիվն է. զենքի վրա երդում ուտել, փակ նիստեր անցկացնել, մարդկանց չտեղեկացնել ամբողջ բովանդակությունը: Մարդիկ ավելի շատ Դաշնակցություն մտնում են իրենց պաշտպանված զգալու համար, քան ծառայելու հասարակությանը: - Ավանդական կուսակցությունների հարցը պետք է «Կուսակցությունների մասին» օրենքո՞վ կարգավորվի: - Կուսակցությունը տվյալ պետության քաղաքացիների միավորում է: Կուսակցության ֆինանսական հաշվետվությունը պարտադիր է, որ նա լինի կուսակցություն: Ակնհայտ է, որ մեր ավանդական կուսակցությունները միայն այդ օրենքը շրջանցելով կարող են այստեղ գործել, որովհետև նրանք չեն կարող իրենց զրկել արտաքին ֆինանսավորման հաճույքից: Բայց քանի որ դա թափանցիկ չէ, բերում է այլասերման և՛ իրենց ներսում, և՛ հասարակության աչքից ընկնում են:  Չի կարող կուսակցությունը ունենալ թաքնված ֆինանսավորում: Չի կարող կուսակցությունն ունենալ սեփական հեռուստաընկերություն, սեփական ռադիո, սեփական քարոզչական միջոցներ: Չի կարող կուսակցությունը բարեգործությամբ զբաղվել: Սրանք էլեմենտար պահանջներ են, որ կուսակցությունը նորմալ գործի: Իսկ Հայաստանում մենք ունենք կազմակերպություն, որն ասում է՝ ես կուսակցություն եմ, բայց հեռուստատեսություն ունի: - Օրենքով պետք է արգելե՞լ: - Կան գրված և չգրված օրենքներ: Կուսակցությունը օրգանիզմ է, մարդկանցից է բաղկացած: Կուսակցությունն ունի իրեն բնորոշ հիվանդությունները: Մարդը, եթե ցուրտ է լինում հիվանդանում է, առողջ միջավայրում դժվար է հիվանդանում: Եթե կուսակցության ներսի մթնոլորտն անառողջ է, հիվանդությունները ոտքի են կանգնում, պառակտվածութուն է սկսվում, լիդերության համար պայքար է սկսվում, հազար ու մի վատ երևույթներ են սկսվում զարգանալ: Ուրեմն ինչպե՞ս առողջացնել կուսակցությունը, կախված է կուսակցության ներսից: Դրա համար մեր Սահմանադրությունում գրված է. «Կուսակցության գործունեությունը և կառուցվածքը պիտի բխեն ժողովրդավարության նորմերից»: Արդյո՞ք մեր կուսակցություններն իրենց կանոնադրությունը քննարկելիս ժողովրդավարական սկզբունքները պահպանում են, թե՞ ոչ: Ո՛չ: Քննարկում են՝ կուռ շարքերը երաշխավորո՞ւմ են, թե՞ ոչ: Պետք չեն կուռ շարքեր: Մարդիկ զինվոր չեն կուսակցության ներսում, ազատ քաղաքացիներ են: Նրանց խնդիրը չէ կառավարել, նրանց խնդիրն է սպասարկել, սա հոգեբանության հարց է:  Հայաստանում տեղի է ունենում քաղաքական սերնդափոխություն, մտածողություն է փոխվում հասարակությունում: Մարդիկ դարձել են ավելի ազատ, ավելի պատասխանատու, ավելի ինքնուրույն, ավելի հայրենասեր, քան եղել են, ավելի մշակույթն ու ազգը գնահատող, լոզունգներով չեն արդեն շարժվում: Դաշնակցությւոնը շարժվում է լոզունգներով: Ավանդական կուսակցությունները լուրջ արժեք են, նրանք մեր քաղաքական մտքի նվաճումներից են, նրանց պատմությունը եթե այդպես է, նրանք մեղավոր չեն, բայց իրականության հետ պետք է հաշվի նստեն: Անիմաստ է նրանց քաղաքական գործունեությունը Հայաստանում, եթե նրանք պահպանվում են դրսում:  - Պարո՛ն Խաչատրյան, նախորդ անգամ այս թեմայով զրուցում էինք Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հետ, և նա, ծրագրի ձևաչափի համաձայն, Ձեզ հարց է ուղղել. «Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում համատարած կուսակցականացման հետ քաղաքական դաշտում այսպիսի անապատ է»: - Պետք է շատ Հայաստանից կտրված լինել, որ համարել անապատ: Իհարկե, անապատ չէ: Մենք ունենք քաղաքական մտքի զարգացման 30 տարվա հարուստ փորձ, որն անհրաժեշտ օգտակար գործակիցը դեռ չունի, որովհետև չէին կարող կուսակցությունները շատ առաջ ընկնել հասարակական-տնտեսական զարգացումներից: Այս առումով չափազանցված է Նարինեի գնահատականը: Անապատ գոյություն չունի: Գոյություն ունի իրականություն, որը մենք պիտի մտածենք՝ ինչպես զարգացման հաջորդ փուլին հասցնենք: Ես կուզենայի՝ 100 անգամ արագ զարգացում գնար: Զարգացումը տեղի է ունեցել: Այն, որ մենք հիմա խոսում ենք, զարգացման արդյունք է, այլ խնդիր է՝ ճեղքում կանե՞նք, թե՞ չէ: Մեզ պետք է ճեղքում քաղաքական ճակատում, տնտեսական ճակատում: Բայց ճեղքելու համար պիտի հասարակական պահանջ հասունանա, և քաղաքական կամք դրսևորվի: Հիմա դրսևորվում է քաղաքական կամք ճեղքում ապահովելու և և կատաղի դիմադրություն հին ձևով ապրելու: 
17:56 - 18 նոյեմբերի, 2019
RElection [#23] Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «իզմ»-երի դարաշրջանն անցել է, խրախուսում է կուսակցությունների գաղափարազրկությունը. Նարինե Մկրտչյան

RElection [#23] Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «իզմ»-երի դարաշրջանն անցել է, խրախուսում է կուսակցությունների գաղափարազրկությունը. Նարինե Մկրտչյան

RElection փոդքաստի շրջանակներում «Կուսակցությունների մասին» օրենքում սպասվող փոփոխությունների թեմայով զրուցել են Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հետ: - Տիկի՛ն Մկրտչյան, հոկտեմբերի 18-ին խորհրդարանում «Կուսակցությունների մասին» օրենքում սպասվող փոփոխությունների վերաբերյալ լսումներ էին, և Դուք էլ մասնակցում էիք այդ լսումներին: Ձեր ելույթում նշեցիք, որ մեզ նախևառաջ պետք են սահմանադրական բարեփոխումներ: Արդյո՞ք սա չի վերաբերում նաև Ընտրական օրենսգրքին, այսինքն՝ պետք էր սկզբում բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, հետո անցնել «Կուսակցությունների մասին» օրենքին:   - Միանգամայն ճիշտ եք, իհարկե, նախևառաջ պետք է ընդունել նոր Սահմանադրություն: Ինչո՞վ եմ ես հիմնավորում նոր Սահմանադրության ընդունումը. նախևառաջ, բոլոր օրենքները ենթարկվում են և ածանցյալ են հիմնական օրենքին, այսինքն՝ դրանք պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, և ոչ թե հակառակը: Ըստ այդմ, երբ մենք ընդունում ենք քաղաքական կյանքը կարգավորող այնպիսի օրենքներ, ինչպիսիք են Ընտրական օրենսգիրքը և «Կուսակցությունների մասին» օրենքը, պետք է նկատի ունենանք, որ հետագայում՝ Սահմանադրության ընդունման ժամանակ, մենք կարող ենք խնդիրներ ունենալ, որովհետև Սահմանադրությունը կարող է առաջարկել այլ փոփոխություններ, այլ հայեցակերպ, այլ մեկնակերպ: Այդ իսկ պատճառով, զուտ նաև կառուցվածքի, կանոնակարգի առումով ճիշտը նախևառաջ Սահմանադրությունը փոխելն է: Ընդհանրապես քաղաքական ճարտարապետությունը, ինչպես ես ասացի իմ ելույթում, ենթադրում է, որ տանիքից չեն սկսում շինարարությունը, այլ սկսում են հիմքերից, իսկ հիմքը Սահմանադրությունն է: Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ է տարբեր պատճառներով, որոնցից հիմնականն այն է, որ Սահմանադրությունը կեղծված է, երկրորդը՝ գործող խորհրդարանական համակարգը արդյունավետ չի աշխատում Հայաստանի համար և մի շարք վտանգներ է պարունակում հենց այս Սահմանադրությամբ: Ամփոփելով պետք է ասեմ, որ այո՛, նախևառաջ պետք է ընդունել Սահմանադրությունը, և Ընտրական օրենսգիրքի ու «Կուսակցությունների մասին» օրենքի մեկնակետը պետք է լինի Սահմանադրությունը: Եթե որոշում ենք, թե ինչ ընտրակարգ պետք է սահմանենք, կամ կուսակցությունների ֆինանսավորումը պետությունից, այս ամբողջ հարցերի պատասխանը նախևառաջ պետք է տա Սահմանադրությունը, որը պետական, հասարակական հարաբերությունների կարգավորման բարձրագույն մարմինը, բարձրագույն փաստաթուղթը պետք է լինի: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, միանգամայն սխալ է այս օրենքների փոփոխությունը: Հենց նաև դա է պատճառը, որ մենք անվերջ փոփոխություններ ենք կատարում մեր օրենքներում, որովհետև ոչ միայն ժամանակն է շտկումներ մտցնում, այլ նաև շտկումներ է մտցնում քաղաքական կոնյուկտուրան: - Սահմանադրությամբ համամասնակա՞ն ընտրակարգ պետք է սահմնավի, թե՞ մեծամասնական: - Իմ համոզմամբ, Հայաստանում դրա համամասնությունը պետք է լինի 50/50: Ինչո՞ւ են ընդհանրապես կուսակցությունները, քաղաքական, հասարակական գործիչները առաջարկել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը: Մեր տառապանքը փորձ ունի, քանի որ մեր ընտրությունները միշտ կեղծվել են՝ 1995 թվականից ի վեր, և միշտ նրանք օգնել են, որ իշխանության գան մեծահարուստներ, թաղային հեղինակություններ, որոնք համապատասխան ձայներ, մանդատ են ապահովել իշխող կուսակցության համար: Բայց եթե վերցնենք զարգացող խորհրդարանական համակարգի արդյունավետության հեռանկարը, կարծում եմ, Հայաստանի դեքում ավելի ճիշտ է համամասնությունը պահպանել 50/50 տոկոսի սահմանագծում: - Այսինքն՝ խա՞ռը լինի ընտրակարգը: - Այո՛: - Ձեր ելույթում նաև նշեցիք, թե կողմ չեք, որ կուսակցությունների գործունեությունը կարգավորվի օրենքով: Սա վտանգավոր չէ՞: Այդ դեպքում, օրինակ, կուսակցությունների ֆինանսական գործունեության թափանցիկության հարցն ինչպե՞ս է կարգավորվելու, եթե մենք «Կուսակցությունների մասին» օրենք չունենանք: - Օրենքների առատությունը ավելի շատ խոսում է տվյալ պետության հասարակական, պետական հիվանդության մասին, քան առողջացման ցանկության կամ միտումների: Օրենքների առատությունը բնավ չի խոսում այն մասին, որ մենք ավելի իրավական ենք, և օրենքների կիրարկումն ավելի ապահովագրված է: Բնավ, ես կասեի հակառակը. մեծաթիվ օրենքները ավելի են խճողում դաշտը: Ես արդեն ասել եմ իմ ելույթում և հիմա էլ ուզում եմ կրկնել, որ դեմ եմ ինչպես ԶԼՄ-ների դաշտը կարգավորող օրենքին, այնպես էլ «Կուսակցությունների մասին» օրենքին, որովհետև դրանք քաղաքական, հասարակական այն ինստիտուտներն են (մամուլը հասարակական ինստիտուտ է, կուսակցությունը՝ քաղաքական), որոնց գործունեությունը առավելագույն ազատական պետք է լինի: Եթե Սահմանադրությամբ մամուլի դեպքում ամրագրես, որ գրաքննություն չկա, և պետությունը պարտավոր է ապահովել ազատ մամուլի գործունեությունը, ապա նույնը վերաբերում է կուսակցություններին, որ կուսակցությունների գործունեությունը առավելագույն ազատական պետք է լինի: Ձեր նշած մտահոգությունը ես չունեմ՝ ֆինանսական թափանցիկության, հաշվետվողականության մասին: Իհարկե, կուսակցությունների ֆինանսավորման խնդիրներ միշտ կան Հայաստանում: Նախևառաջ, որպես կանոն, ընդդիմադիր կուսակցությունները ֆինանսներ չեն ունենում կամ էլ, որ ոչ պակաս սարսափելի է, ֆինանսավորրվում են շատ անգամ դրսից: Կուսակցություններ կան, որ նույնիսկ չեն էլ թաքցնում: Ես վտանգավոր եմ համարում, որ հայաստանյան կուսակցությունները ֆինանսավորում ստանան դրսից: Եվրոպացի մասնագետների հետ երբ ես զրուցում էի խոհրդարանական լսումների ընդմիջմանը, նրանց ներկայացրած վիճակագրությունը հետևյալն էր. եվրոպական պետությունների 50 տոկոսում կա «Կուսակցությունների մասին» օրենք, 50-ում բացակայում է: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ այդ 50 տոկոսում, որոնք ունեն, օրենքը հիմնականում վերաբերում է կուսակցությունների ֆինանսավորմանը, ավելի շատ՝ պետական աջակցությանը և նվիրատվությունններին, դրամահավաքներին: - Ճիշտ չէ՞, որ լինի օրենք, որը կասի՝ պետությունը որ կուսակցություններին է ֆինանսավորում, կուսակցություններն այդ ֆինանսները որ ուղղությամբ իրավունք ունեն ծախսելու, որ ուղղությամբ չունեն: - Հասարակական կյանքի ցանկացած ոլորտ կարելի է այդպես կարգավորել: Եթե մենք գնանք այն ճանապարհով, որ ամեն ինչը պետք է կարգավորենք, կհասնենք աբսուրդի: Կարծում եմ՝ ամեն դեպքում, և՛ ֆինանսական առումով, և՛ նույնսիկ թվաքանակի (կուսակցություննրեի թվաքանակի հարցն էլ այդ լսումներում շատ քննարկվեց) չպետք է կանոնակարգել: Ենթադրենք, եթե մենք դնում ենք 200-ից 2000 հոգի (կուսակցության անդամների թիվը- խմբ.)՝ ըստ գործող օրենքի աստիճանական զարգացման, ապա ստացվում է՝ Հայաստանի մոտ 3 միլիոն բնակչությունը արհեստականորեն կուսակցականացնում ենք: Մենք շատ լավ գիտենք, որ ի վերջո այդ մարդկանց մի մասը ուղղակի հարազատներ, բարեկամներ են լինելու, այսինքն՝ մենք հասարակությանը կամ քաղաքականությամբ զբաղվել ձգտող մարդկանց դնում ենք այնպիսի մի տարօրինակ, տարակուսելի վիճակի մեջ, որ նրանք այս կամ այն չափով գնում են զեղծարարության: Ընդ որում, դա լավ գիտեն և՛ բոլոր ժամանակների իշխանությունները, և՛ կուսակցությունները: Եթե ստեղծում ենք մի օրենք, որը մենք պետք է խախտենք և բարդացնենք մեր կյանքը, ապա ավելի ճիշտ չէ՞, որ այդ օրենքը չլինի: Իհարկե, հայ հասարակության մեջ ազատության ընկալումը շատ անգամ աղավաղված է, որովհետև դա կարող է ուղղակի տարօրինակ դրսևորումներ ունենալ, բայց, ամեն դեպքում, ազատությունից, ազատականացումից ավելի լավ բան չկա: - Այդ դեպքում, օրինակ, բիզնեսը կարող է խառնվել քաղաքականությանը, որովհետև խոշոր գործարարները կորոշեն ֆինանսավորել կուսակցություններին, կուսակցություններն էլ նրանցից կախվածության մեջ կլինեն: Այսպիսի խնդիրներ չե՞ն առաջանա: - Դրանք, իհարկե, կարգավորվում են Սահմանադրությամբ: Եթե Սահմանադրությամբ հստակ գրվում է, որ գործարարությունն ու քաղաքականությունը տարանջատված են, եթե դա դառնում է սահմանադրական նորմ կամ հասարակական կյանքի նորմ (ի վերջո, հասարակական օրենքներն ավելի կարևոր են), ընտրողը շատ լավ տարբերում է այդ բաները, ապա, կարծում եմ, դրա խնդիրը չի առաջանա: Չնայած գործող օրենքով էլ, ենթադրենք, արգելվում է սերտաճումը, բայց դա չի խանդարում, որ բիզնեսմեններ հայտնվեն խորհրդարանում, ընդ որում, խոշոր բիզնեսմեններ: Օրենքով չես կարող դրան հետևել. նա կառավարման է հանձնում իր ողջ բիզնեսը, տնտեսությունը, և ստացվում է, որ նա բիզնեսմեն չէ: Բայց այդպես չէ: Այդ իսկ պատճառով դա օրենքի խնդիր չէ միայն, դա նաև հասարակական կյանքի զարգացման խնդիր է, քաղաքակրթվածության խնդիր է: - Ձեր ելույթում նաև մի հետաքրքիր օրինակ բերեցիք. ասացիք, որ երբ որևէ կուսակցություն դառնում է կառավարող ուժ, այնտեղ հավաքվում են շատ անդամներ, հետո, երբ այդ կուսակցությունն էլ կառավարող ուժ չէ, այդ անդամները գնում են, և միայն գաղափարակիցներն են մնում: Ո՞րն է պատճառը, որ Հայաստանում կուսակցությունների մեծամասնությունը չունի գաղափարական կոնկրետ ուղղվածություն: - Ես կարծում եմ, որ դա մեր կուսակցությունների, քաղաքական համակարգի բոլոր ժամանակների աքիլլեսյան գարշապարն է, և դա առավել հստակ երևում է կառավարող կուսակցությունում: Իհարկե, երբեմն այդպես նաև ընդդիմադիր կուսակցություններում է նկատվում, հատկապես այն ընդդիմադիր կուսակցություններում, որոնց հաղթանակը կամ գոնե երկրորդ տեղը գրավելու հնարավորություններն ավելի իրական են թվում պատեհապաշտների մեծ խմբերին: Բոլոր ժամանակների պատեհապաշտները խնդիր չունեն ամոթի հետ: Նաև բարոյական խնդիր է ամեն տեղ չգնալը: Նրանք, եթե նայեք կուսակցությունների զգալի մասին, տարբեր կառավարող կուսակցություններից տեղափոխվում են: Տարօրինակն այն է, որ ցանկացած իշխանություն հաճույքով ներգրավում է նրանց: Ես տեսել եմ առնվազն երկու կառավարող կուսակցության փլուզումը, տեսել եմ, թե ինչպես են այդ կուսակցությունները մի օրում ուղղակի կորցնում իրենց անդամների բացարձակ մեծամասնությանը: Դա, իհարկե, նախևառաջ գաղափարախոսական խնդիր է, որովհետև կառավարող կուսակցությունը հնարավորություն է պաշտոններ բաժանելու, համալրելու արտոնյալների ցանկը: Այնտեղ մեծ շահաբաժիններ և արտոնություններ կան, դեպի ուր գնում են մարդիկ, և կուսակցությունները շատ անգամ գրկաբաց կամ ոչ այնքան, բայց հիմնականում նրանց են ընդունում: Գաղափարախոսություններին և գաղափարականությանը Հայաստանում շատ քիչ տեղ է տրվում, եթե չասեմ՝ դրանք ուղղակի արհամարհվում են: Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի աղմկահարույց հայտարարությունները, թե «իզմ»-երի դարաշրջանն անցել է, խրախուսում է գաղափարազրկությունը: Մենք այսօր կարող ենք լինել լիբերալ, վաղը՝ սոցիալ-դեմոկրատ և այդպես շարունակ: - Խոսքը նաև նո՞ւյն կուսակցության ներսում տարբեր գաղափարների մասին է: - Այո՛, նույն կուսակցության ներսում: Դրա համար պատահական չէ, որ, պայմանական ասեմ, դաշնակցականը վաղը կարող է դառնալ ազատական, սոցիալիստ-ազատական: Դա միայն հայկական երևույթ չէ: Ես առիթ ունեցա վերջերս նաև Եվրոպան ուսումնասիրելու. այնտեղ էլ այդ միտումը բավականին արագ տարածվում է, մարդիկ կարող են շատ արագ փոխել իրենց քաղաքական դաշտը, կուսակցական դաշտը: Մեզ մոտ նաև չկա հստակ գաղափարական տարանջատում: Պատճառներից մեկն էլ այն է, որ ազատական հռչակած կուսակցությունը կարող է պաշտպանել տնտեսության սոցիալիստական ուղղվածությունը: Մեզ մոտ միմյանց հետ այնքան տարօրինակ համադրություններ կան, որ երբ այդ համադրությունները և ներկապնակը մուտք են գործում քաղաքական դաշտ, հասկանում ես, թե մենք ինչ օրի ենք հասցրել Հայաստանի քաղաքական դաշտը, այդ իսկ պատճառով Հայաստանում քաղաքական ինստիտուտները ուղղակի փլուզված են: - Չկա՞ն Հայաստանում գաղափարական կուսակցություններ: - Չկան, որովհետև նույնիսկ նրանք, որոնք ունեն ինչ-որ արժեքներ, կարող են ծրագիր ունենալ, հայտարարություններ անել, բայց նրանց քաղաքական վարքագիծը խոսում է այն մասին, որ գաղափարական չեն նրանք: - Եվ այդ կուսակցությունների պառակտման խնդիրը կվերանա՞, երբ նրանք կոնկրետ գաղափարների կրող լինեն: - Ասել թե դա շատ արագ կվերանա, դժվար է, որովհետև հայ մարդու բնույթը պետք է փոխել: Բայց որքան հասարակության մեջ մեծանա գաղափարախոսության հանդեպ հարգանքը, այնքան ավելի կնվազի: Միշտ էլ կառավարող կուսակցությունը շատերի համար մեղրի տակառի պես է, որ ձգում է, բայց ողջ խնդիրն այն է, թե կառավարող կուսակցությունն իր մեջ այդքան քաղաքական հասունություն կարո՞ղ է դրսևորել, որ զերծ պահի իր շարքերը դրանից: Դրա համար կառավարող կուսակցությունը մի օր պարզապես դադարում է ուղղակի կուսակցություն լինել: Ես հիշում եմ, երբ Հայոց համազգային շարժման համագումարներն էի լուսաբանում: Այն համագումարը, որ հաջորդեց 1998 թվականի փետրվարի 4-ի իշխանափոխությանը, պարզապես շատ տխուր տպավորություն էր թողնում. հիշում եմ դրանից առաջվա համագումարները, մեծ թվով մարդկանց... Մեր կառավարող կուսակցությունների խնդիրը գիտե՞ք որն է նաև. միանգամից վերածվում են նոմենկլատուրային կուսակցության և երբ դադարում են իշխանություն լինել, նոմենկլատուրան ուղղակի դուրս է գալիս: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում ի՞նչ գաղափարների շուրջ են այդ մարդիկ համախմբվել: - Նույն վտանգը նրա՞նց է սպառնում: - Ոչ միայն վտանգը: Ակնհայտ է, որ այդպիսին են նրանք: Այդ իսկ պատճառով տարաձայնությունները շատ արագ ի հայտ են գալիս, և դրանք գաղափարական տարաձայնություններ չեն, որովհետև գաղափարների, արժեքների շուրջ միավորված մարդկանց բաժանելն ավելի դժվար է, նրանք բաժանվում են, եթե կուսակցությունը շեղվում է այդ գծից: Գաղափարազրկություն է համընդհանուր: - Դուք նաև մտածում եք, որ այն կուսակցությունները, որոնք ընտրությունների արդյունքում խորհրդարան չեն անցնում, խորհրդարանից դուրս պասիվ են: Ի՞նչ անել, որ այս կուսակցությունները անգամ խորհրդարան չանցնելու դեպքում ակտիվ գործունեություն ծավալեն և քաղաքական կյանքին մասնակցեն: Գիտե՞ք ինչն էր վատ և բացասական հետհեղափոխական շրջանում. նոր Հայաստանում կայացած առաջին ընտրությունները, որոնք իհարկե ազատ էին, օրինական էին, քաղաքական կյանքին ոչ մի բան չտվեցին, հակառակը, խորացրին ապաքաղաքականությունն ու ապագաղափարականությունը: Ի վերջո, խորհրդարանը ձևավորվել է մարդկանցից, որոնք շատ քիչ կապ ունեն քաղաքականության հետ, եթե չասեմ՝ ընդհանրապես կապ չունեն: Ինքնին պարզ դարձավ, որ պարզապես ազատ և օրինական ընտրությունները չեն ապահովում քաղաքական դաշտի կայացումը: Ուղղակի կուսակցությունները պետք է քաղաքականությամբ զբաղվեն: Նրանց մի մասը զբաղվում է իշխանության հետ այս ընթացքում ինչ-որ մերձեցման ճանապարհներ գտնելով. կատաղի ընդդիմադիր կուսակցականը մեկ էլ ջերմագին պաշտպանում է կառավարության քաղաքական կուրսը: Նրանց բնույթը, քաղաքական, հասարակական, մարդկային վարքագիծը թույլ չեն տալիս, որ կուսակցություններում զբաղվեն նաև քաղաքականությամբ:  Կուսակցությունները մեզ մոտ հիմնականում ձևավորված են անձերի շուրջ, անձնակենտրոն կուսակցություններ են և փոքրաթիվ՝ ոչ քանակի առումով. այնտեղ գաղափարական մարդկանց թիվը շատ քիչ է, ով ասեք կարող է ինչ-որ մի կուսակցությունում հայտնվել: Դա նորմալ է, իհարկե, բայց մտնել, դուրս գալ, ոնց որ վերելակ մտնել, դուրս գալ լինի: Կուսակցությունները սպասում են գործընթաց լինի, իրենք շարժվեն առաջ: Գործընթաց ստեղծողը իրենք են, ոչ թե պետք է սպասեն: Ընդհանրապես ոչ մի իշխանության գուցե ձեռնտու էլ չէ, որ քաղաքական մեծ դիսկուրս լինի, քննարկում լինի: Ի վերջո, այս քաղաքական օրակարգի համընդհանուր բացակայությունն ազդում է նաև կուսակցությունների վրա: Նրանք նույնպես չեն կարողանում օրակարգ առաջարկել: - Էլի՞ գաղափարական խնդիր է սա: - Քաղաքական գործընթացների վատ իմացության, քաղաքական նեղ, ճղճիմ խնդիրներին հետամուտ լինելու գործընթաց է:  Շատ անգամ իրենք խնդրի գլոբալ, համընդհանուր կարևոր բնույթն էլ չեն տեսնում: Ի՞նչ է կատարվում Հայաստանի շուրջ. ես նկատի ունեմ Միացյալ Նահանգների՝ Ցեղասպանության ընդունման բանաձևը: Կուսակցություններից որևէ մեկը չարձագանքեց, ես չեմ էլ հիշում ինչ-որ արձագանք, որ հավուր պատշաճի հայտարարություն անեն: Տարածաշրջանում նոր գործընթացներ են կատարվում: Ըսի-ըսավ... Այս քաղաքականությամբ՝ սա ասի, ես նրան պատասխանեմ, մենք չենք կարող հեռու գնալ: Ես մտածում էի, որ գուցե նոր կուսակցությունները գան, դաշտն ավելի կսկսի ձևավորվել, բայց պարզվեց, որ նոր կուսակցությունները դառնում են հնի կրկնօրինակը: Եվ այնպես չէ, որ խորհրդարան չմտնելով՝ քաղաքական կյանքն ավարտվում է. ընդհակառակը, նրանց համար ազատության սահմաններն ավելի մեծ են, ուղղակի պետք է քաղաքականությամբ զբաղվեն ու հասկանան՝ ինչ է քաղաքականությունը: - Նախորդ անգամ այս թեմայով զրուցում էինք  «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ, և նա, ծրագրի ձևաչափի համաձայն, խնդրել է Ձեզ հնչեցնել գաղափարներ, թե ինչպես եք տեսնում կուսակցական համակարգի զարգացումը Հայաստանում: - Չասեմ խորհուրդ, ցանկություն ավելի շուտ. կուսակցությունները պետք է զբաղվեն քաղաքականությամբ, նրանք պետք է իրադարձությունների ետևից քարշ չգան, այլ իրադարձություններ ստեղծեն, գործընթաց ստեղծեն, պետք է դադարեն առաջնորդվել ներքին, ներկուսակցական խարդավանքներով (իրենք այդ ներկուսակցական խարդավանքները շփոթում են շատ անգամ ներկուսակցական ժողովրդավարության հետ, բայց այդպես չէ), պետք է մի քիչ ավելի լայն նայել աշխարհին և ճղճիմ խնդիրներ չդնել սեփական օրակարգում, պետք է սեփական քաղաքական օրակարգն ունենալ և դա առաջարկել հանրությանը, եթե անգամ ոչ իշխանություններին: Այնքան բան կա անելու... Նարինե Մկրտչյանի հարցը՝ հաջորդ բանախոսին. «Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում համատարած կուսակցականացման հետ քաղաքական դաշտում այսպիսի անապատ է»:  
18:10 - 16 նոյեմբերի, 2019
RElection [#22] Չի կարող ծայրահեղ նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսություն ունեցողը նույն կուսակցության մեջ լինել, ինչ ազատական-լիբերալ գաղափարախոսություն ունեցողը. Հովսեփ Խուրշուդյան

RElection [#22] Չի կարող ծայրահեղ նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսություն ունեցողը նույն կուսակցության մեջ լինել, ինչ ազատական-լիբերալ գաղափարախոսություն ունեցողը. Հովսեփ Խուրշուդյան

RElection ծրագրի շրջանակներում  «Կուսակցությունների մասին» օրենքում սպասվող փոփոխությունների թեմայով զրուցել ենք «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ: - Պարո՛ն Խուրշուդյան, նախորդ անգամ այս թեմայով զրուցում էինք «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննսիյանի հետ: Նա Ձեզ այսպիսի հարց է ուղղել. «Հիմա Հայաստանում կուսակցությունների ինստիտուտի նկատմամբ վերահսկողությունը շատ ցածր է, ընդ որում՝ թե՛ նախահեղափոխական, թե՛ հեղափոխական Հայաստանում: Ի՞նչ անել, որ մարդկանց վստահությունը կուսակցությունների ինստիտուտի նկատմամբ աճի»:  - Քանի դեռ կուսակցությունների դերը մեր հասարակության գիտակցության մեջ թերարժևորված է, որն ունի օբյեկտիվ պատճառներ, իհարկե, նաև կուսակցությունների գործունեության հանդեպ վերահսկողությունը այդքան իմաստալից չի դիտվում հասարակության կողմից: Օբյեկտիվ պատճառները որո՞նք են. նախ, սկսենք նրանից, որ կուսակցությունները կայացած չեն Հայաստանում, ցավոք սրտի, ժողովրդավարական պատմություն մենք գրեթե չունենք: Այս մեկ ու կես տարին է, որ մենք կարող ենք ասել, որ ունենք ժողովրդավարական զարգացման պատմություն, և ունեցել ենք մոտ երկու-երեք տարի՝ 1991 թվականից հետո, երբ անկախությունը հռչակվեց, այն էլ էլի լիարժեք չենք կարող անվանել դա ժողովրդավարական պետության պատմություն, որովհետև նոր-նոր ստեղծվում էր ժողովրդավարությունը: Պատահական չէ, որ այն ժամանակ չկար քաղհասարակություն, չկային հասարակական կազմակերպություններ, որովհետև Խորհրդային միության տոտալիտար համակարգը չուներ այդ ինստիտուտների ո՛չ պահանջը, ո՛չ էլ տեղն ընդհանրապես: Ուրիշ ինստիտուտներ էին գործում՝ ավելի ձևական բնույթ ունեցող պարտկոմները, կոմսոմոլի բջիջները, պիոներական կազմակերպությունները, որոնք չունեին առանձնապես վերահոսկողական ֆունկցիա և քաղաքացիական հասարակության դերակատարություն այն իմաստով, ինչ իմաստով դա ընդունված է զարգացած աշխարհում, հիմնականում արևմտյան աշխարհում: Քանի դեռ չեն զարգացել կուսակցությունները, նաև իրենց տեղը չեն գտել պետական համակարգում, բնականաբար, իշխանությունը ոչ թե կենտրոնացած է կուսակցությունների ձեռքում փաստացի, այլ կենտրոնացած է պետական մարմինների ձեռքում, որոնք ձավորվել են մինչև հիմա ոչ թե միջկուսակցական արդյունավետ և մրցակցային պայքարի արդյունքում, այլ կա՛մ բռնազավթվել են ինչ-որ կրիմինալ խմբավորումների կողմից, կա՛մ էլ հեղափոխության ճանապարհով են ձևավորվել, որը էլի կուսակցական ճանապարհ անվանել չի կարելի; Մենք ունենք պառլամենտական երկիր այսօրվա սահմանադրությամբ, որի հիքմերի հիմքը պետք է լինեն կուսակցությունները, որոնք ձևավորում են պառլամենտը: Կուսակցություններն, ընդհանրապես, ցանկացած ժողովրդավարական ժամանակակից պետության հիմքերի հիմքն են, նրանք ամենակարևոր ինստիտուտներից են՝ բանակի հետ, կրթական համակարգի հետ հավասարազոր: Ես մի առիթով՝ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ , արտահայտվեցի, որ համազոր են կուսակցությունները բանակին, բայց կան ժամանակակից ժողովրդավարական երկրներ, որտեղ նույնիսկ բանակը բացակայում է: Նշանակում է՝ առանց բանակի հնարավոր է, որ գոյություն ունենա այս կամ այն պայմաններում ժամանակակից ժողովրդավարությունը, բայց առանց կուսակցության չի կարող գոյություն ունենալ: Պարզ է, դա Հայաստանի մասին չէր, եվրոպական որոշ երկրների մասին էր, բայց մի կին հետո մոտեցավ ինձ կուլիսներում, ասաց՝ ես զարմացած եմ, որ այդպիսի բան ասացիք, դա վտանգավոր է Հայաստանի համար, ո՞նց կարելի է նման բան ենթադրել: Ես հասկացա, որ չընկալվեց իմ խոսքը, բայց, մյուս կողմից, չզարմացա, որ չընկալվեց, որովհետև կուսակցությունների հանդեպ վերաբերմունքն այնքան բացասական է շատ դեպքերում հասարակության մեջ, այնքան թերարժևորված են կուսակցությունները, որ համեմատելը կուսակցությունը բանակի հետ սրբապղծության պես մի բան է դիտվում: Կուսակցությունը դեռ հին ժամանակներում կատարել է կարևորագույն գաղափարաստեղծ գործառույթ հասարակաության մեջ, և պատահական չէ, որ գաղափարախոսությունները ձևավորվել են հենց կուսակցությունների հիմքում և կուսակցությունների միջև պայքարի արդյունքում շատ դեպքերում հղկվել են, կայացել են: Իսկ ի՞նչ է պետությունը. պետությունը գաղափար է, պետությունն իր ամբողջ կառուցվածքով հենված է գաղափարի վրա: Տարբեր պետություններ տարբեր գաղափարների վրա են հենված. տոտալիտար կոմունիստական հասարակարգը հիմնված էր մարքսիզմ-լենինիզմի վրա (ճիշտ է, դրա աղավաղված տարբրակի), ժամանակակից արևմտյան ժողովրդավարությունները հիմնված են լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության վրա, որոշ եվրոպական երկրներ, լինելով շուկայական, լիբերալ տնտեսության ջատագով, այնտեղ իշխում են սոցիալ-դեմոկրատական, նույնսիկ երբեմն սոցիալիստական կուսակցություններ: Այսինքն՝ կան ունիվերսալ գաղափարախոսություններ, և այստեղ շատ դեպքերում հակասություն է առաջանում ազգային գաղափարախոսություն եզրի հետ: Ժամանակին, երբ փոքր թվաքանակով զորքը կարողանում էր հաղթել մեծ բանակներին, դրա հիմքում ընկած էին գաղափարախոսությունը և գաղափարները, արժեքային համակարգը, որը ձևավորել են կուսակցությունները: - Այսինքն՝ կուսակցությունները պետք է այնքան գաղափարապես կայանան, որ հանրության շրջանում նրանց նկատմամբ վստահությունը մեծանա՞: - Միանշանակ: Եվ կուսակցությունները նաև պետք է ստանան համապատասխան լիազորությունները, այսինքն՝ նաև գաղափարապես կայանալու համար պետությունը, որ ձևավորվել է հեղափոխության արդյունքում, այլ ոչ թե կուսակցությունների կողմից, պետք է սկսի զարգացնել կուսակցություններին, ստեղծի այնպիսի դաշտ, որ կուսակցությունները կայանան, զարգանան: Այնպես չէ, որ գոյություն չեն ունեցել կուսակցություններ Հայաստանում: Եղել են կուսակցություններ, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցություններ, բավականին ուժեղ կուսակցություններ, բայց անվանել դրանց կայացած, ժողովրդավարական կուսակցություններ հնարավոր չէ, որովհետև նաև զարգացման բնականոն ճանապարհ չեն անցել այդ կուսակցությունները: Կուսակցություններ են եղել, որոնք նախագահական ընտրություններում հասել են հաջողության, հաղթանակի բառիս բուն իմաստով, ժողովրդի կողմից այդ վստահությունը ստացել են, իրենց թեկածուն հաղթել է, բայց ընտրությունների կեղծվելու արդյունքում այդ կուսակցությունների հանդեպ (չնայած իրենց մեղքը չի եղել, որ իրենց քվեն կեղծել են այն ժամանակվա իշխանությունները) հասարակության հիասթափություն է տեղի ունեցել, և ինչքան ուզում է, գաղափարական լիներ այդ կուսակցությունը, ինչքան ուզում է, պատրաստ լիներ պետական կառավարմանը, կորցրել է հասարակության վստահությունը զուտ այն պատճառով, որ չի կարողացել պահել իր ձայները, որն իր ֆունկցիան չէ, իրավապահ մարմինների ֆունկցիան է, պետությունը պիտի անի: Բայց քանի որ պետությունն էլ բռնազավթված է եղել կրիմինալ խմբավորումների կողմից առնվազն վերջին 20 տարվա ընթացքում, հետևաբար կուսակցություններն էլ հնարավորություն չեն ունեցել բնականոն զարգացում ապրելու: Մյուս պատճառը կուսակցությունների ֆինանսավորման անբավարար մակարդակն է: Աշխարհում գոյություն ունի կուսակցությունների ֆինանսավորման երկու մոդել՝ ամերիկյան կամ լիբերտարիան, որը ենթադրում է, որ պետությունը չի ֆինանսավորում կուսակցություններին, այլ տարբեր սոցիալական խմբեր, շահագրգիռ խմբեր, ֆինանսական կառույցներ, ամեն մեկն իր շահերն առաջ մղելու նպատակով ֆինանսավորում է այս կամ այն կուսակցությանը կամ ներկայացուցչին նախագահական ընտրություններին առաջադրվելիս: Դրա համար էլ, իմ կարծիքով, ոչ այդքան արդյունավետ կառավարում է իրականանում հատկապես ճիշտ թեկնածուին կամ ճիշտ կուսակցությանն ընտրելու տեսակետից: - Դուք մտածում եք, որ պետք է կուսակցությունների պետական ֆինանսավորումը բարձրացվի՞: - Գալիս ենք եվրոպական մոդելին, որ հիմնականում գերմանական է, որը տարածվել է հետագայում այլ երկրներում, հատկապես արևելաեվրապական երկրներում, օրինակ՝ Լեհաստանում: Եվ Հայաստանի համար մենք հիմա փորձում ենք վերցնել գերմանականի մոդիֆիկացված տարբերակը՝ լեհականը, որը ենթադրում է, որ պետությունը ապահովում է կուսակցությունների ֆինանսավորումը, որպեսզի կուսակցությունները կախված չլինեն որևէ ֆինանսական խմբից կամ անհատից: Ի՞նչ է դա նշանակում է. պետությունն ասում է՝ եթե իմ հիմքը կուսակցություններն են, ուրեմն ես պետք է ապահովեմ իրենց բնականոն գործունեությունը, և ինչքան հզոր լինեն կուսակցությունները, այնքան հզոր կլինեմ ես, և այնքան անկաշկանդ կլինեմ ես, ինքնիշխան կլինեմ ես: Եթե կուսակցությունները ֆինանսների կարիք ունեն և սկսում են հայցել, օրինակ, օլիգարխների, այսինքն՝ խոշոր բիզնեսմենների աջակցությունը, միանգամից կախվածության մեջ են ընկնում այդ օլիգարխներից: - Պետությունը կար՞ղ է այնքան մեծացնել կուսակցությունների ֆինանսավորումը, որ նրանք ո՛չ բիզնեսից, ո՛չ այլ շրջանակներից կախում չունենան: - Այո՛, Գերմանիայում հենց այդպես է: - Հայաստանում Դուք դա հանարավո՞ր եք համարում: - Միանշանակ: Մենք նույնիսկ հաշվել ենք: Հատուկ ուսումնական այցով մեկնեցինք Լեհաստան 2008 կամ 2010 թվականին: Այն ժամանակ պատվիրակության մեջ տարբեր կուսակցությունների՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշնականան, նաև հանրապետական կուսակցության առաջին դեմքերից կային, և երբ անցանք այդ ամբողջ ուսումնական այցը, ծանոթացանք կուսակցությունների ֆինանսավորման բոլոր պայմաններին, նստեցինք, միասին հաշվեցինք, թե ինչքան ֆինանսական միջոցներ են պետք Հայաստանի ամբողջ կուսակցական համակարգին արդյունավետ գործունեության համար: Այն ժամանակվա գներով երկու-երեք միլիոն եվրոյի մասին էր խոսքը: Այն ժամանակ նույնիսկ մետրոյի ժետոնների սարքերը որ փոխեցին, մեկ ու կես միլիոն եվրո տրամադրեցին. ամբողջ կուսակցական համակարգին պետք էր այնքան գումար՝ արդյունավետ գործելու համար և պետությունը շեշտակիորեն հզորացնելու համար, ինչքան այդ ժետոնների սարքը փոխելու համար: Բայց այն ժամանակվա իշխանությունները շահագրգռված չէին, որ քաղաքական համակարգը զարգանա, որովհետև քաղաքական բնույթ չունեին, վարչական ռեսուրսի և կրմինինալի սերտաճման հետևանքով ձևավորված ուժ էին: - Ո՞րն է այն շեմը, որից բարձր տոկոսով ձայն հավաքած կուսակցությունները պետք է պետական ֆինանսավորում ստանան: - Հանձնաժողովը, որ զբաղվում է «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններով, բավականին թափանցիկ է գործում, Համազասպ Դանիելյանն է զբաղվում ԱԺ-ից այդ հարցերով, և նաև խորհրդարանական լսումներ կազմակերպեցին, մինչև այդ փորձագետների հետ հանդիպումներ պարբերաբար լինում էին: Ես բոլորին մասնակցել եմ և նաև իմ առաջարկությունները ներկայացրել եմ, և էապես դրանք հաշվի էին առնվել, և ես դրա համար շատ ուրախ եմ: Ի՞նչն էր հիմնական սկզբունքը, որ ընդունվել էր. պետությունը պետք է լինի հիմնական պատվիրատուն, և միակ կախվածությունը կուսակցությունները պետք է ունենան պետությունից, իսկ պետություն ասելով՝ մենք նկատի չունենք իշխանություններին, նկատի ունենք պետական ինստիտուտները, այդ թվում՝ օրենքները: Այսինքն՝ եթե օրենքով սահմանված են որոշակի շեմ ևֆինանսավորման որոշակի սկզբունքներ և չափորոշիչներ, ապա վերջ, ցանկացած կուսակցութուն կարող է ֆինանսավորում ստանալ, եթե համապատասխանում է այդ չափորոշիչներին կամ որոշակի շեմ է ապահովում: «Կուսակցությունների մասին» օրենքը սերտորեն կապված է Ընտրական օրենսգրքին, և ես կապեցի նաև «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի հետ: Նախ, Ընտրական օրենսգրքի մեջ, իմ կարծիքվ, պետք է ընդհանրապես շեմը հանվի, այսինքն՝ եթե ընտրողների ձայների թիվը բավարարում է թեկուզ մեկ պատգամավոր ընտրվելու համար, ուրեմն այդ մեկ պատգամավորին այդ կուսացությունը պետք է ունենա: Այդ սահմանափակումներն արհեստական են: Կուսակցությունը, եթե հավաքում է, ասենք, տասնհինգ-քսան հազար ձայն, որը բավական է մեկ տեղ ստանալու համար խորհրդարանում, դրանք չպետք է փոշիանան և միանան ուրիշ կուսակցությանը, որ ավելի շատ ձայն է հավաքել: Դա սխալ է: - Հինգ տոկոս՝ կուսակցությունների և յոթ տոկոս՝ դաշինքների համար սահմանված անցողիկ շեմերը ևս պե՞տք է վերացվեն: - Հիմա որոշված է, որ այդ շեմը պետք է նվազեցվի: Խոսք է գնում երկու կամ երեք տոկոսի մասին: Երբ կուսակցությունը չորս տոկոս հավաքում է, դա բավականին հզոր ուժ է, պարտադիր չէ՝ կուսակցությունը տասը-քսան տոկոս հավաքի, որ անվանենք դա կուսակցություն: Եվրոպական երկրներ կան, որտեղ խորհրդարանում տասնյակից ավել կուսակցություններ են, և դա շատ լավ է, դա ապահովում է բազմազանություն, ապահովում է տարբեր խմբերի շահերի մաքսիմալ ներգրավվածություն խորհրդարանում: Այնպես որ, այդ սահմանափակումը եթե ընդհանրապես վերացվի, ավելի լավ: Բայց եթե, ենթադրենք, երկու տոկոս է ընդունվում շեմը, ֆինանսավորման շեմը կարող է լինել մեկ տոկոսը հաղթահարածների համար: Ինչի՞ համար է դա արվում, որ փակ ակումբ չդառնա խորհրդարանը, այսինքն՝ ով մի անգամ հաղթահարեց, հետո անընդհատ ֆինանսավորում ստանա, անընդհատ միայն ինքը հնարավորություն ունենա, պոտենցիալ ունենա խորհրդարանում վերընտրվելու, որովհետև ֆինանսավումը մեծ դեր ունի ընտրությունների ժամանակ, այլ նույնիսկ փոքր կուսակցություններին, մեկ տոկոսը հաղթահարած կուսակցություններին այդ հնարավորությունը տրվի, որ իրենք այն ֆինանսներն ունենան, որ շարունակեն իրենց կենսագործունեությունը: Կուսակցության գործունեությունը միայն խորհրդարանով չի սահմանափակվում. շատ լուրջ վերահսկողական գործառույթներ ունի կուսակցությունը՝ նաև հասարակության խնդիրները գտնելու, վերհանելու և բարձրաձայնելու: Եվ ամենակաևորը ֆինանսավորման մեջ ռեգրեսիվ սանդղակն է, որը գործում է Լեհաստանում, որի իմաստը հեևյալն է. որքան շատ ձայն է հավաքում կուսակցությունը, այնքան իրեն ձայն տված մեկ ընտրողի հաշվով ավելի քիչ գումար է ստանում: - Հիմա օրենքով սահմանվում է, որ ֆինանսավորումը կուսակցություններին տրվում է նրանց հավաքած ձայներին համամասնորեն: Սա պե՞տք է փոխվի:  - Այո՛, միանշանակ պետք է փոխվի, որովհետև, ամենաշատ ձայն հավաքած կուսակցությունները, որպես կանոն, ձևավորում են իշխանություն: Դա արդեն հսկայական ռեսուրս է՝ անկախ ֆինանսավորումից, այն էլ Հայաստանի նման ավանդույթներ ունեցող երկրում, որտեղ խնամի-ծանոթ-բարեկամ մեծ դեր են դեռ խաղում, և որտեղ իշխանություն ունենալու հանգամանքը որոշակի կախվածության զգացողություն է շատ դեպքերում նույնիսկ ակամայից առաջացնում ենթակա մարդկանց մոտ, շարքային քաղաքացիների մոտ, որոնք, օրինակ, պետական համակարգում, համայնքապետարաններում են աշխատում: Այդ վարչական ռեսուրսն ինքնին անհավասար պայմաններ է ստեղծում մյուս կուսակցությունների համեմատ: Միանշանակ, բոլորի ֆինանսավորումը պետք է ավելացվի: Ի դեպ, ռեգրեսիվ սանդղակը չի նշանակում, որ գումարային առումով, օրինակ, յոթանասուն տոկոս հավաքած ուժը պետք է ավելի քիչ ստանա, քան վաթսուն տոկոս կամ հիսուն տոկոս հավաքածը: Ո՛չ, այնպիսին է սանդղակը, որ ամեն դեպքում ինքը բացարձակ թվերով ավելի շատ գումար է ստանալու, բայց ռեգրեսիվ սանդղակը գործելու է: Ամեն դեպքում, պետք է ավելանա կուսակցությունների ֆինանսավորումը: Տասը տարի առաջվա գներով կարող էր երկու-երեք միլիոնը բավարար լինել, հիմա առնվազն տասը միլիոն պետք է տրամադրվի, որը էլի մեծ գումար չէ: Ինչի՞ն են ուղղվելու այդ գումարները: Միայն գումար տրամադրելով չէ. պետք է լինեն չափորոշիչներ և վերահսկողություն, պետք է լինի հստակ, թե ինչի վրա իրավունք ունի կուսակցությունը ծախսելու հանրային միջոցները, որովհետև այդտեղ էլ կան ռիսկեր: Նախ, պետք է հստակեցվեն կուսակցական գործառույթները. օրինակ, կուսակցությունը պետք է ունենա բոլոր մարզերում գրասենյակներ և  պետք է ունենա միջոցներ՝ վարձակալելու այդ գրասենյակները և առնվազն այնտեղ մի հոգի աշխատող պահելու: Եվ, բնականաբար, մարդ չի կարող պարտադրված լինել ամբողջ աշխատանքային օրն այնտեղ նստել կամավորական հիմունքներով, եթե ինքն ընտանիք պահելու խնդիր ունի: - «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է, որ խորհրդարան անցած բոլոր կուսակցություններին օրենքով պարտադրավի մարզերում գրասենյակներ ունենալ: Դուք համաձա՞յն եք ու մտածում եք, որ մյուս կուսակցություննե՞րն էլ պետք է ունենան գրասնեյակներ: - Եթե այդիպսի բան են ասել, շատ ճիշտ են ասել, միանշանակ համաձայն եմ և, բացի խորհրդարան անցած կուսակցություններից, այո՛, պետք է նաև խորհրդարան չանցած, որոշակի շեմ հաղթահարած, օրինակ՝ մեկ տոկոս հավաքած ամենախոշոր կուսակցություննեը ունենան ֆինանսավորում այդպիսի բան անելու համար: Եվ, այո՛, այդպիսի բան պարտավոր են լինելու անել և հաշվետվություն են հետո ներկայացնելու հատուկ մարմնին: Դա կմնա արդյոք ԿԸՀ-ի կազմում գործող վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողո՞վը, թե՞ նոր մարմին կձևավորվի` օրենքով կկարգավորվի, ամեն դեպքում այդ վերստուգող-վերահսկող մարմինը պետք է շատ ավելի մեծ ռեսուրսների տիրապետի, որպեսզի լիակատար վերահսկողություն կարողանա իրականացնել կուսակցությունների ֆինանսավորման հանդեպ: Կուսակցությունները նաև պետք է ունենան որոշակի գաղափարահեն մշակույթ ձևավորելու պոտենցիալ գոնե առնվազն որոշակի խավերում, այսինքն՝ իրենց գաղափարները հասցնեն մարդկանց և նաև քննարկումներ կամակերպեն այդ գաղափարների շուրջ, որովհետև գաղափարները չեն կարող կարծրացած մնալ, կուսակցական գաղափարախոսությունները պետք է ևս զարգանան քննարկումների միջոցով: Դա կլինի հատուկ դպրոց, համալսարան կամ հետազոտական կենտրոն: Բոլոր կուսակցությունները պետք է գոնե փոքր նման մի կենտորն ունենալու հնարավորություն ունենան: Եվ հետո այդ կենտրոնների միջև գաղափարական վեճը, քննարկումը կբերեն զարգացմանը: Իսկ գաղափարների զարգացումը պետական կառավարման արդյունավետության բարձրացմանն է նպաստելու, վերահսկողական գործառույթների կատարելագործմանն է նպաստելու և ամենակարևորը՝ քաղաքացիների խնդիրների վերհանմանը և իշխանություններին հասցնելուն, որը, եթե կուսակցությունները չունենան ներկայություն տեղերում և չունենան համապատասխան գաղափարախոսական հենք դրա համար, չեն կարողանա իրականացնել: Վերջիվերջո, բյուջեի քննարկումների ժամանակ ի՞նչ սկզբունքով պետք է կուսակցությունն ասի, որ պետք է, օրինակ, ավելացնել սոցիալական ծախսերը և նվազեցնել բիզնես կլիմային նպաստող պետական ներդրումների ծախսերը: Դա կարող է ասել միայն սոցիալիստական կուսակցությունը: - Այսինքն՝ կուսակցությունները պետք է կոնկրետ գաղափարախոսական ուղղվածություննե՞ր ունենան: Այո՛, գաղափարական հիմք ունենան, որպեսզի մարդիկ էլ իմանան՝ ում ձայն տան, ինչ հենքով ձայն տան: - Այս կարծիքին հակառակ եղողներն ասում են՝ թող կուսակցություններում տարբեր գաղափարախոսություններ կրող մարդիկ լինեն, որ այնտեղ նաև բազմակարծություն լինի: - Կուսակցության մեջ բազմակարծությունը շատ լավ բան է, բայց որոշակի գաղափարախոսության շրջանակներում դա պետք է տեղի ունենա: Չի կարող ծայրահեղ նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսություն ունեցողը նույն կուսակցության մեջ լինել, ինչ ազատական-լիբերալ գաղափարախոսություն ունեցողը: Դրանք անտագոնիստական ուժեր կլինեն, դա ոչ թե համագործակցության, քննարման և բանավեճի, այլ ներքին պառակտումների, ներքին բախումների պատճառ կարող է դառնալ: Անիմաստ է: Եթե մի գաղափարախոսության շրջանակներում է այդ բանավեճը, կարող է բերել ներքին ժողովրդավարության զարգացմանը կուսակցության ներսում, ֆրակցիոնիզմի գաղափարը կլինի, որովհետև անպայման կուսակցություններում պետք է լինեն ֆրակցիաներ, որպեսզի ամեն անգամ ինչ-որ մարդիկ, հայտնվելով կուսակցության փոքրամասնության մեջ, չթողնեն հեռանան կուսակցությունից, ասեն՝ դե եթե մեր խոսքը չանցավ, ուրեմն մենք էլ կգնանք, ուրիշ կուսակցություն կստեղծենք: Դա աբսուրդ է. այսօր ձեր խոսքը չանցավ, վաղը ուրիշի խոսքը չի անցնի, ձերը կանցնի: Եթե դուք ընդհանուր գաղափարահեն դաշտում եք գործում և չեք գտնում, որ կուսակցությունը հակասում է իր գործունեության մեջ ձեր առանցքային գաղափարախոսությանը, այլ ինչ-որ տակտիկական հարցերում տարաձայնություններ կան, դա երբեք հիմք չպետք է դառնա որ մարդիկ դուրս գան կուսակցությունից, և կուսակցությունները թուլանան դրա արդյունքում: Շատ կարևոր է ֆրակցիոնիզմի գաղափարի զարգացումը, կուսակցության վերնախավի փոփոխելիության գաղափարի զարգացումը: Ես «ժառանգություն» կուսակցության անդամ եմ, և «ժառանգություն» կուսակցությունը յոթ-ութ ղեկավար է փոխել իր ընդամենը տասնյոթ տարվա պատմության մեջ, այսինքն՝ համարյա երկու տարին մեկ ղեկավար է փոխել, չնայած թվում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանն է միշտ ղեկավարել: Ո՛չ, այդպես չէ: Րաֆֆի Հովհաննիսյանը շատ հաճախ հայտնվել է փոքրամասնության մեջ, բայց չի հեռացել կուսակցությունից այսինքն՝ իր ցանկությունը չի կատարվել, իր ուզած ճանապարհը չի ընտրվել տարբեր առանցքային հարցերում: Դա ներքին ժողովրդավարության կուլտուրան է, որը նաև ինքն է ներդրել՝ որպես արևմտյան մշակույթի կրող մարդ, ժողովրդավարության ավանդույթների կրող մարդ, և լավ կլինի, որ բոլոր կուսակցություններում դա զարգանա: Ցավոք սրտի, «ժառանգություն»-ից էլ շատերը հեռացան հենց նույն պատճառով: Երբ իրենք էին փոքրամասնության մեջ հայտնվում, ի տարբերություն Րաֆֆի Հովհաննսիյանի, իրենք թողնում, գնում էին կուսակցությունից, ասում էին՝ ո՞նց կլինի, մեր ասածը չանցավ, մենք կգնանք, ուրիշ կուսակցություն կստեղծենք: Դա սխալ է: Ֆինանսավորումը շատ կարևոր է նաև այդ ուղղությունն ապահովելու համար: Գերմանիայում նույնիսկ պետությունը ֆինանսավորում է կուսակցությունների հետ փոխկապակցված հիմնադրամներ, որպեսզի ամեն կուսակցություն իր հիմնադրամի միջոցով հնրարավորություն ունենա տարածելու իր գաղափարախոսությունը, նաև զարգացնի իր գաղափարախոսությունը: Եվ այդ հիմնադրամներն ընդհուպ ամբողջ աշխարհով են սկսում տարածել գաղափարախոսությունները: Հայաստանում նույնիսկ գործում են մի քանի գերմանական հիմնադրամներ, որոնցից յուրաքանչյուրը գերմանական այս կամ այն կուսակցությանը փոխկապակցված կառույց է: Դա է հենց պետության հիմքը, դրա համար էլ Գերմանիան ամենահզոր պետությունն է այսօր Եվրոպայում թե՛ տնտեսապես և թե՛ գաղափարական առումով: «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքը ևս պետք է փոխկապակցված լինի Ընտրական օրենսգրքին և «Կուսակցությունների մասին» օրենքին: Մենք այսօր ունենք ՏԻՄ-երի թերզարգացածություն, որը բերում է մի քանի հսկայական խնդիրների. նախ արտագաղթը, Հայաստանում արտագաղթը հիմնականում տեղի է ունենում մարզերից, փոքր գյուղերից: Երկրորդ խնդիրը. չեն ձևավորվում տեղական էլիտաները, չկա քննարկման թեմա տեղերում: Եթե բյուջեն այնքան չնչին է, որ հազիվ հերիքում է համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի և մի քանի փոքր ծրագրեր իրականացնելու համար, ուրեմն ի՞նչ պետք է քննարկեն կուսակցական ներկայացուցիչները այնտեղ ինչ-որ բանավեճի ժամանակ: - Այսինքն` պետք է ՏԻՄ-երի ֆինանսավորումն ավելացնել, որ այնտեղ նաև կուսակցական գաղափարները կարողանան տարածվե՞լ: - Միանշանակ: ՏԻՄ-երի բյուջեն պիտի լինի այնքան մեծ, որ այդ բյուջեի ծախսելը արդեն դառնա քննարկումների առարկա ոչ միայն համայնքի մեջ առկա կուսակցությունների և կուսակցական վերնախավերի միջև, էլիտաների, այլ նաև պարզ քաղաքացիների, որոնք արդեն ավելի մեծ շահագրգռությամբ կսկսեն ներգրավվել համայնքային կյանքում՝ վերահսկելու համար նաև այդ ֆինանսական հոսքերը: - Դա կնպաստի՞, որ համայնքներում ավելի քաղաքական և ավելի կուսակցականացված լինեն ընտրությունները: - Միանշանակ: Դա շատ առողջարար և օգտակար կլինի արդեն տեղերում զարգանալու համար: Քաղաքական քննարկումը կբերի իր հետ նաև բիզնես կլիմայի զարգացմանը: Փոխկապակցվածությունը պետք է ապահովել այս երեք օրենքների, և այս երեք մեծ ուղղություններով գործելով՝ մենք կկարողանանք հասնել կուսակցական համակարգի և ընդհանրապես, արդեն գկոբալ իմաստով, քաղաքական համակարգի զարգացմանը և կայունացմանը Հայաստանում   Ծրագրի ձևաչափով յուրաքանչյուր բանախոս հարց է ուղղում հաջորդ բանախոսին: Հովսեփ Խուրշուդյանի հարցը. «Թող հաջորդ բանախոսը հնչեցնի գաղափարներ, թե ինչպես է տեսնում կուսակցական համակարգի զարգացումը Հայաստանում»:
17:30 - 14 նոյեմբերի, 2019
RElection [#21] Չպետք է սահմանափակվեն նախորդ ընտրություններին չմասնակցած կամ մասնակցած ու քիչ ձայն ստացած կուսակցությունների զարգացման հնարավորությունները․ Դանիել Իոաննիսյան

RElection [#21] Չպետք է սահմանափակվեն նախորդ ընտրություններին չմասնակցած կամ մասնակցած ու քիչ ձայն ստացած կուսակցությունների զարգացման հնարավորությունները․ Դանիել Իոաննիսյան

RElection նախագծի շրջանակում «Կուսակցությունների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ զրուցել ենք «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ։-Կուսակցությունների հանրային ֆինանսավորման ձեր ներկայացրած առաջարկի վերաբերյալ, ըստ որի՝ քաղաքացիները կկարողանան ինքնուրույն որոշել, թե իրենց վճարած հարկի որոշակի տոկոսը որ կուսակցությանն ուղղվի, որոշ մտահոգություններ են հնչում։ Մասնավորապես, թե սրանով նորից հնարավորություն կտանք բիզնեսին՝ ազդելու քաղաքականության վրա, և որ քաղաքացիները կարող են ճնշում զգալ իրենց գործատուների կողմից ու ֆինանսավորել այն ուժերին, որոնք արդեն իսկ որոշակի գերակայություն ունեն քաղաքական դաշտում։ -Նախ, եկեք արձանագրենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը, ես հիմա ճշգրիտ թիվը չեմ հիշում, բայց նույնիսկ 200 հազար դրամից փոքր է։ 200 հազար դրամից վճարվելիք եկամտային հարկն ամսական 50 հազար դրամից քիչ է։ Եթե մենք սահմանում ենք, որ քաղաքացին իր վճարած հարկից, ենթադրենք, 0,5%-ը որոշի, թե որ կուսակցությանն է փոխանցում, 50 հազար դրամի կես տոկոսը 250 դրամ է։ Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում ինչ-որ գործատու ամիսը 250 դրամի համար իր աշխատողին ճնշի։ Այսինքն՝ տարեկան միջին թիվը երեք հազար դրամից քիչ է լինելու։ Ո՞ր գործատուն պիտի տարեկան երեք հազար դրամի համար աշխատողին ճնշի, աշխատողն էլ իրեն ճնշված զգա։ Դա այն գումարը չէ, էլի։ Ուղղակի արձանագրենք, որ այո՛, այս մեխանիզմն է, իհարկե, խնդիրներ ունի, այս մեխանիզմ էլ իդեալական չէ։ Բայց մյուս մեխանիզմներն ավելի խնդրահարույց են, որովհետև եթե մենք գալիս ենք նրան, որ ֆինանսավորումը կապում ենք վերջին ընտրությունների արդյունքներին, ապա փակ շղթա է ստացվում։ Ինչպիսի բանաձևով էլ, որ կապենք, փակ շղթա է, որովհետև ստացվում է՝ վերջին ընտրություններին չմասնակցած կուսակցությունները կամ մասնակցած, շատ քիչ ձայն ստացած կուսակցությունները ֆինանսավորում չեն ստանալու։ Եվ այն կուսակցությունները, որոնք շատ ձայն են ստացել, առավելագույնս ֆինանսավորվելու են։ Ցանկացած բանաձևով արդյունքը սա է։ Որոշ բանաձևերի դեպքում բևեռվածությունն ավելի շատ կլինի, որոշների դեպքում՝ ավելի քիչ, բայց արդյունքը սա է՝ փակ շղթա։ Սա ենթադրում է, որ Հայաստանում նոր կուսակցություններ չեն կարող զարգանալ։ Կուսակցությունների ինստիտուտ Հայաստանում չկա։ Այո՛, կան կուսակցություններ, բայց ինստիտուտ, որպես այդպիսին, չկա։ Տեսե՛ք, IRI-ի (International Republican Institute) հարցումներով կուսակցությունների ինստիտուտի նկատմամբ հանրային վստահությունը շատ-շատ փոքր է, մի քանի տոկոսի տիրույթում է տատանվում, քաղաքացիներն ընդհանրապես չեն վստահում կուսակցություններին։ Վստահությունը վերականգնելու համար պետք են մեր առաջարկի նման մեթոդներ։ Մարդիկ պետք է զգան, որ իրենք են որոշում՝ որ կուսակցությանը ֆինանսավորեն, իրենք են որոշում՝ որ կուսակցությունն առաջ գնա։ Եվ ավելին՝ չպետք է որևէ պարագայում սահմանափակվեն նոր և փոքր կուսակցությունների կամ նախորդ ընտրություններին չմասնակցած կամ մասնակցած ու քիչ ձայն հավաքած կուսակցությունների զարգացման հնարավորությունները։ Մնացած բոլոր բանաձևերով այդ հնարավորությունները սահամնափակվում են։ Սա է խնդիրը։ -Ի՞նչ բարեփոխումներ պետք է կատարվի, որ մի կողմից կուսակցություններում ներքին ժողովրդավարություն հաստատվի, մյուս կողմից՝ դա չդիտվի որպես պետության կողմից անհարկի միջամտություն կուսակցությունների ներքին ժողովրդավարությանը։ -Այս մասով ես մի քիչ լիբերալ մոտեցման կողմնակից եմ, որովհետև ես համարում եմ՝ եթե ուղղակի թողնենք ինքնահոսի, ուղղակի ասենք՝ կուսակցությունն ինչպես ուզում է, թող վարվի, ընտրությունների ժամանակ հանրությունը կորոշի, թե արդյոք ինքը սատարու՞մ է կուսակցության այդ մոտեցումը, թե՞ ոչ։ Եթե ընտրական մեխանիզմները նորմալ լինեն, եթե ընտրությունները լինեն խորքային առումով ժողովրդավարական, այսինքն՝ ոչ միայն չկեղծվեն ընտրատեղամասում կամ կաշառք չբաժանվի, այլ մարդիկ իրոք գնան գաղափարական քվեարկություն անելու, ուսումնասիրեն և այլն, թող կուսակցություններն իրենք որոշեն՝ միանձնյա են ինչ-որ հարցեր որոշում, կոլեգիալ են որոշում, ներքին ժողովրդավարություն ունեն, չունեն։ Հանրությունը կորոշի, թե որքանով է սատարում այս կամ այն մոտեցմանը։ Եվ արդեն ինքնստինքյան, եթե ընտրությունները ժողովրդավար լինեն, կուսակցությունները շահագրգռված կլինեն ունենալու ներքին ժողովրդավարություն, որովհետև ներքին ժողովրդավարությունը ենթադրում է, որ այն անձինք, որոնք կուսակցությունում ավելի մեծ հեղինակություն ունեն, նրանց ձայնն ավելի լսելի է, նրանք սովորաբար նաև կուսակցության համակիրների շրջանում ավելի մեծ հեղինակություն ունեն։ Եվ կուսակցության շահերից է բխում, որ առաջ գնան այն դեմքերը, որոնք կուսակցության պոտենցիալ համակիրների շրջանում ավելի հեղինակավոր են, որովհետև այդ դեպքում կուսակցությունն ավելի շատ ձայն կհավաքի։ Արդեն կուսակցության համար շատ պրագմատիկ հաշվարկով շահավետ է լինելու ժողովրդավար լինելը։ Եվ շատ հարցեր են լուծվելու, եթե ընտրությունները խորապես ժողովրդավար լինեն։ Եթե կհիշեք, երբ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելն էր քննարկվում, առաջարկվում էր քվոտաներ սահմանել, որ մարզերից անպայման պատգամավորներ լինեն։ Ես այս մոտեցմանն էլ էի դեմ՝ նույն հիմնավորմամբ։ Ես ասում էի, որ դա կուսակցության համար պիտի շահավետ լինի։ Եթե ընտրությունները ժողովրդավար են, կուսակցության համար շահավետ է ունենալ ամեն մարզից, ամեն տարածքից ինչ-որ մարդ ցուցակում, ընդ որում՝ մարդ՝ անցողիկ տեղում, որպեսզի այդ տարածքի ընտրողներն ասեն՝ ա՛յ, մեր տարածքից այսպիսի մի հեղինակավոր մարդ այս կուսակցության ցուցակում է, գնանք այս կուսակցությանն ընտրենք։ Չի ուզում կուսակցությունը, թող չունենա այդպիսի մարդ, իր գործն է։ Ընտրությունների իրական, խորքային մրցակցությունը այս բոլոր խնդիրները լուծում է։ -Այդ դեպքում, ըստ Ձեզ, հանրության այն շերտերի, որոնք պակաս ներկայացված են կուսակցություններում, օրինակ՝ երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց կամ կանանց ներկայացվածությունը մեծացնելու նպատակով լրացուցիչ օրենսդրական կարգավորումների կարիք կա՞։ -Երիտասարդների մասով, ինձ թվում է, որ ո՛չ, կարիք չկա, որովհետև երիտասարդները համեմատաբար ներգրավվում են։ Համենայնդեպս, վերջին շրջանում բավականին երիտասարդացում է տեղի ունենում, ինչ-որ «արտաշեսգեղամյանական» վիճակներից անցել ենք։ Եթե նայենք՝ սրանից 10-15 տարի առաջ քաղաքական, հանրային գործիչների միջին տարիքն ինչպիսին էր ու հիմա ինչպիսին է, կտեսնենք, որ խորքային սերնդափոխություն է տեղի ունեցել։ Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց, սա ավելի շատ Ընտրական օրենսդրության, բայց ինչու ոչ, նաև «Կուսակցությունների մասին» օրենքով կարգավորման հարց է, որպեսզի այս մարդկանց՝ հաշմանդամություն ունենալու հետ կապված լրացուցիչ դժվարությունները նվազագույնի հասցվեն։ Եթե առողջապահությունը չի կարող ապահովել, որ մարդը քայլի, նա չի կարող քայլել, օրենքով չես լուծի այդ հարցը, բայց պետք է այնպես անես, որ այդ մարդը, եթե ուզում է հանրային գործունեությամբ զբաղվել, հաշմանդամություն ունենալն իր համար նվազագույն խոչընդոտ լինի։ Իսկ ինչ վերաբերում է կանանց ներգրավմանը, գիտեմ, որ հիմա քննարկվում է՝ կանանց քվոտաներ սահմանվի կուսակցություններում անդամների կամ ղեկավար մարմինների մասով։ Սա քննարկման նյութ է։ Հատկապես, եթե չեմ սխալվում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում իրենց խորհրդի մոտ քսան հոգուց միայն երկուսն են կին։ Կառավարությունում միայն մի կին նախարար կա, Ազգային ժողովում բավական փոքր է տոկոսը, թեև ամենաբարձրն է երբևիցե եղածներից։ Այս առումով խնդիրը հանրային ընկալումների մեջ է։ Հանրային ընկալումներ կան, որոնք ենթադրում են, որ կնոջ տեղը խոհանոցն է, կինը քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Հանրային այս ընկալումներն է պետք ջարդել, իսկ դրա ամենալավ մեխանիզմը, թերևս, միգուցե նաև «Կուսակցությունների մասին» օրենքով, բայց ավելի շատ Ընտրական օրենսգրքով՝ Ազգային ժողովի և համամասանական ընտրակարգով ընտրվելիք ավագանիների համար քվոտա սահմանելն է։ Քվոտան արհեստական կարգավորում է, սա հստակ հասկանանք, բայց քվոտայի արդյունքում կանայք մրցակցային առավելություն են ստանում տղամարդկանց նկատմամբ, ավելի հեշտ ու ավելի շատ են հայտնվում խորհրդարանում, միևնույնն է, տղամարդկանցից ավելի շատ չեն հայտնվի։ Բայց այդպես հասարակությունը սկսում է կանանց տեսնել քաղաքականության մեջ, միգուցե սկզբնական շրջանում դրա հետևանքով խորհրդարանում հայտնվեն կանայք, որոնք պակաս քաղաքականացված են, պակաս ակտիվ են, բայց հասարակությունը սկսում է ընկալել, որ նորմալ է բան է կինը՝ քաղաքականության մեջ, կինը՝ Ազգային ժողովում։ Հանրային ընկալումները փոխվում են։ Դրանից հետո կանայք արդեն սկսում են ավելի հանգիստ զբաղվել քաղաքականությամբ, որովհետև հիմա շատ կանայք ասում են․ «Դե ես, մեկ է, քաղաքականության մեջ չեմ կարող հեռանկար ունենալ, որովհետև կին եմ, ինձ համար ավելի դժվար կլինի սատարողներ գտնել, գնամ, ուրիշ բանով զբաղվեմ»։ Տղամարդն այս խնդիրը չունի։ Եվ երբ այս կարծրատիպերը կոտրվեն, ու կանայք ավելի շատ սկսեն զբաղվել քաղաքականությամբ, կգանք մի վիճակի, երբ քվոտայի կարիք չի լինի, կանայք կունենան ամբողջովին հավասար հնարավորություններ, ինչ տղամարդիկ, և առանց քվոտայի կունենանք երկու սեռերի բալանսավորված ներկայություն թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարությունում, թե՛ առհասարակ ամենուր։ -Անդրադառնանք կուսակցությունների կողմից կատարված իրավախախտումների համար նախատեսված պատժամիջոցներին։ Սրա վերաբերյալ ինչպիսի՞նն են Ձեր պատկերացումները։ -Այստեղ խնդիրն այն է, որ կուսակցությունների նկատմամբ ցանկացած սանկցիա միշտ հասարակության որոշ շրջանակների կողմից ակամայից ընկալվում է որպես քաղաքական հետապնդում։ Երբ կուսակցությունն ինչ-որ օրենք է խախտում, առավել ևս, երբ հասարակության համար պարզ չէ, թե այդ օրենքն ընդհանրապես ինչի՞ համար է, ո՞րն է խախտումը և ինչու՞ է պետք՝ պետությունը հետևի, որ այդ խախտումը տեղի չունենա, և երբ պետությունը սկսում է ինչ-որ մեխանիզմներ գործածել, ես նույնսիկ չեմ խոսում այնպիսի լուրջ մեխանիզմների մասին, ինչպիսինն է կուսակցության գործունեության դադարեցումը կամ քրեական հետապնդումները, հասարակության կողմից դա ընկալվում է որպես քաղաքական հետապնդում, նույնիսկ եթե ամեն ինչ տեղին է։ Այս առումով պետք է, որ այս կարգավորումները լինեն ոչ միայն շատ միարժեք և երկակի կիրառման տեղ չթողնող, այլև կարևոր է, որ սրանք հասարակության համար հասկանալի լինեն։ Տեսե՛ք, Հայաստանի հասարակության համար հասկանալի է, չէ՞, որ քվեատուփ լցոնելը քրեական հանցագործություն է, և եթե ինչ-որ մեկը քվեատուփի լցոնում է արել, իրեն պետք է դատել։ Բայց կան հարցեր, նորից վերադառնամ Ընտրական օրենսգրքին, որ ավելի պարզ լինի, կան հանցագործություններ, որոնք այդքան էլ պարզ չեն։ Ընտրությունների ժամանակ քարոզչության ու բարեգործության համատեղումը, որն անցյալ տարի քրեականացրինք, շատերի համար պարզ չէ, թե եթե թեկնածուն բարեգործություն է անում, ինչու՞ է դա պատժելի արարք։ Եվ ինչու՞ պիտի ոստիկանությունը գնա, մտնի կուսակցության նախընտրական շտաբ, խուզարկություն անի, մարդկանց բերման ենթարկի։ Սա ևս որոշ մարդիկ ընկալում են որպես քաղաքական հետապնդում։ Անցյալ տարի դա նաև մեր թերացումն էր, որովհետև երևի պիտի հասարակությանն ավելի մանրամասն բացատրեինք, թե որն է այդ արարքի վտանգավորությունը հասարակության համար։ Ընտրական հանցագործությունների մասով, թեկուզ լայն հասարակության կողմից ոչ այնքան լավ հասկացված նշածս այս օրինակը, ամեն դեպքում, ավելի հասկանալի է, քան կուսակցությունների ոլորտի կարգավորումները, որոնք հասարակության համար շատ ավելի անհասկանալի են։ Ինչների՞ս են պետք այդ կարգավորումները, եթե կուսակցությունը դրանք խախտում է, ո՞րն է դրա հասարակական վտանգավորությունը, ինչու՞ պիտի պետությունը դրա համար պատասխանատվության կանչի մեղավորներին։ Սա է կարևոր, դրա համար ես ավելի շատ խոսեցի ոչ թե բուն կարգովորումների մասին, որովհետև տարբեր մեխանիզմներ շատ կան, ամենալուրջ դեպքերում ակնհայտ է, որ կուսակցության գործունեության արգելում կամ կասեցում պետք է լինի, որոշ դեպքերում վարչական պատասխանատվություն պետք է լինի։ Բայց կարևորը՝ հասարակությունը հասկանա դա ու սատարի, հակառակ դեպքում պատժամիջոցը չի գործի, գործելու դեպքում էլ սխալ կընկալվի։ Ըստ RElection նախագծի ձևաչափի` հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ բանախոսին: Մեր նախորդ զրուցակիցն էր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։ Նրա հարցը հետևյալն է․ --Ինչպե՞ս եք պատկերացնում առանց անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու, առանց անցումային արդարադատությամբ քաղաքական համակարգը մաքրելու և առանց ռազմավարական լուծումներ մշակելու, այդ թվում՝ առանց Սահմանադրություն փոխելու, դրանից ածանցյալ օրենքներում փոփոխություններ կատարելու արդյունավետությունն ու նպատակահարմարությունը։ -Ոչ մի կերպ։ Ինչպես պարոն Ավետիսյանը, այնպես էլ ես չեմ պատկերացնում, դե գոնե դժվարությամբ եմ պատկերացնում։ Այո՛, դա պիտի արվի, պետք է քաղաքական գնահատական տրվի նրան, թե ինչ է տեղի ունեցել այս երկրում տասնամյակներ շարունակ։ Այսինքն՝ ի վերջո, խորհրդարանը՝ որպես ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ մարմին, ասի՝ ինչ է եղել այս երկրում տասնամյակներ շարունակ, եղե՞լ է արդյոք պետությունը զավթված։ Ես պնդում եմ, որ պետությունը եղել է զավթված, մեկ ուրիշը միգուցե հակառակն է պնդում։ Ժողովրդի կողմից ընտրված այդ մարմինը պետք է տա այդ հարցի պատասխանը։ Եվ իրոք, շատ բաներ պետք է արվեն դրա հիման վրա։ Այո՛, ինչ-որ բաներ կարող ենք անել առանց դրա, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմը կարելի է փոխել առանց դրա, շատ բաներ կարելի է անել, բայց մեծ հաշվով առաջ շարժվել առանց այդ քաղաքական գնահատականի, շատ դժվար, շատ էպիզոդիկ է լինելու։ Եվ ես համաձայն եմ՝ մենք քննարկում ենք շատ էպիզոդիկ հարցեր, իսկ գլոբալ հարցն անընդհատ շրջանցում ենք։ Մենք ասելով նկատի ունեմ խորհրդարանը։ Ես պարոն Ավետիսյանի հետ համակարծիք եմ, որ մեծ հաշվով առանց դրա առաջ շարժվել չի լինի, ու իր հարցի պատասխանը չունեմ, որովհետև ինքս էլ այդպես եմ մտածում։ Դանիել Իոաննիսյանի հարցը՝ հաջորդ բանախոսին։ -Այժմ Հայաստանում կուսակցությունների ինստիտուտի նկատմամբ վստահությունը շատ ցածր է, ընդ որում՝ թե՛ նախահեղափոխական, թե՛ հետհեղափոխական Հայաստանում։ Ի՞նչ անել։ Ի՞նչ անել, որ վստահությունը կուսակցությունների ինստիտուտի հանդեպ աճի։ Աստղիկ Քեշիշյան
18:42 - 13 նոյեմբերի, 2019
RElection [#20] Մինչև ընտրական բարեփոխումները անհրաժեշտ է իրավաքաղաքական գնահատական տալ նախորդ հանցավոր և ապազգային ռեժիմի գործունեությանը․ Վարուժան Ավետիսյան

RElection [#20] Մինչև ընտրական բարեփոխումները անհրաժեշտ է իրավաքաղաքական գնահատական տալ նախորդ հանցավոր և ապազգային ռեժիմի գործունեությանը․ Վարուժան Ավետիսյան

RElection նախագծի շրջանակում ընտրական բարեփոխումների թեմայով զրուցել ենք «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի հետ։-Դուք քանիցս խոսել եք ընտրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, դա նաև «Սասնա ծռեր»-ի ծրագրային դրույթներից է, հիմա խնդրում եմ՝ ավելի առարկայական նշեք, թե ինչ առաջնային փոփոխություններ է պետք կատարել մասնավորապես Ընտրական օրենսգրքում։-Նախ ուզում եմ շեշտել, որ «Կուսակցությունների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ավելի ճիշտ՝ նոր օրենքների ընդունումը մենք պատկերացնում ենք նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համատեքստում և որպես դրա ածանցյալ արգասիք, այլ ոչ այս պահին մեր ժողովրդի վզին նախկինից փաթաթված կեղծ, ապօրինի փաստաթղթի, որ Սահմանադրություն է կոչվում, որպես դրա լեգիտիմացման գործողություն նույն հանցավոր ռեժիմի ընդունած «Կուսակցությունների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի կոսմետիկ փոփոխությունների միջոցով: Այսինքն` պետք է համակարգային մոտեցում լինի այս հարցում, սակայն, ցավոք սրտի, որևէ հարցում ռազմավարական, համակարգային մոտեցում չկա, ընդհանրապես պատկերացում չկա աշխարհում տեղի ունեցող դարակազմիկ փոփոխությունների վերաբերյալ, թե այս ժամանակաշրջանում Հայաստանը ինչպիսին պետք է լինի, ուր պետք է գնա, ինչ բովանդակություն պետք է ունենա, ինչպես պետք է արդիականացվի, և այլն, և այլն: Այդպես էլ մնաց որպես խոսք մեր և մի շարք այլ ուժերի և անհատ գործիչների շուրթերից արտասանված, որ պետք է հեղափոխություն իրականացվի: Հեղափոխությունը Սերժ Սարգսյանին Նիկոլ Փաշինյանով ու նրա թիմով փոխարինելը չէ, ընդ որում՝ պետք է նկատի ունենանք, որ շատ առանցքային պաշտոններում դեռևս այն ժամանակվա պաշտոնյաները նստած են և արդեն բացահայտ են գործում մեր պետականության և ժողովրդի, նաև հենց Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի դեմ: Այս վիճակը անհանդուրժելի է, և օր առաջ Նիկոլ Փաշինյանն իր թիմով հանդերձ պետք է վերանայի իր քաղաքականությունը և ռազմավարական մոտացումներ ցուցաբերի, հակառակ պարագայում Հայաստանի ձախողումը խիստ հավանական է դառնում:Առաջին հերթին, անհրաժեշտ է իրավաքաղաքական գնահատական տալ նախորդ հանցավոր և ապազգային ռեժիմների գործունեությանը, առհասարակ Հայաստանի, այսպես կոչված, Երրորդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը պետք է հիմնովին վերանայվի: Դա դավաճանական, ապազգային հայեցակարգ է, որը մեզ տեղավորել է որպես կիսագաղութ ռուսական կայսրության մնացորդային տիրույթում և ,ըստ էության, մեր պետությունը՝ որպես համակարգ, մեզ վերածել է 100 տարի առաջ ռուս-թուքական հակահայ դաշինքով ձևավորված տարածքային միավորման՝ մեր տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության պահապան շան: Ցավոք սրտի, այսօր աշխարհաքաղաքական առումով այդպիսին է մեր կարգավիճակը։Հետո դրա հիման վրա պետք է անցումային արդարադատություն իրականացվեր՝ բոլոր բաղադրիչներով և ամբողջական գործիքակազմով, այսինքն` համապարփակ և ամբողջական անցումային արդարադատություն, այդ թվում՝ քրեական դատավարության բաղադրիչով: Բոլոր պարագլուխները պետք է նստեին «հայկական Նյուրեմբերգ»-ի նստարանին և պատասխան տային իրենց գործած ոճիրների համար:Պետք է նաև այդ համատեքստում անցկացվեր լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական, գործակալական, և պետք է արգելվեր բոլոր այն կուսակցությունների, առաջին հերթին` ՀՀԿ-ի գործունեությունը, որոնք զավթել էին պետությունը: Քանի դեռ անցյալից այս մասշտաբով չենք մաքրվել, զարգացման հեռանկար չենք կարող ունենալ: Այնուամենայնիվ, որպես միջանկայլ քայլ, եթե թեկուզ չկա կամք և կարողություն՝ բարոյակամային և հոգեմտավոր, այս մասշտաբի գործունեություն ծավալելու, գոնե պետք է ի մտո ունենալով, որ հետագայում եկողները միգուցե իրենցից ավելին կարողանան անել՝ պետության և ազգի դեմ պարտք ունեցող այսօրվա իշխանությունները, որ մեծ-մեծ տոկոսադրույքներ են ավելացնում այդ պարտքին և չեն էլ պատրաստվում առ այսօր որևէ կերպ փոխհատուցել այն, նկատի ունեմ այն հեղափոխական մանդատը, որ նրանց տրվեց, իսկ իրենք մսխում են, գոնե պետք է անեն այնպիսի քայլեր, որոնք փուլային առումով նախապատրաստեն այդ վիճակը:Այսինքն` ստեղծեն մի վիճակ, որի պայմաններում հնարավոր կլինի ինչ-որ չափով ընտրություն ապահովել և ինչ-որ չափով կայացնել քաղաքական համակարգը, քաղաքական դաշտը, կուսակցությունները: Ազգային ժողովում քննարկումների ժամանակ կային առողջ առաջարկություններ, մասնավորապես, պարոն Մազմանյանի առաջարկությունները, զուտ փուլայինի տրամաբանության մեջ եթե դիտենք, բավականին հետաքրքիր էին: Հիմա ներկայացնեմ, թե ինչպես ենք թեկուզ այդ փուլային բարեփոխումները պատկերացնում։ Ասեմ, որ ապագան իրականում արդեն կուսակցություններինը չէ, խորքային փոփոխություններ են տեղի ունենում, և կառավարման համակարգերը էապես վերանայվելու են, բայց դա, իհարկե, միանգամից տեղի չի ունենալու։ Ակնհայտ է, որ ներկայացուցչական դեմոկրատիան ճգնաժամի մեջ է, և լուծումներ են որոնվում; Այնուամենայնիվ, որպես փուլային մոտեցում, մենք պետք է առնվազն մի քանի սկզբունք որդեգրենք՝ առաջադիմական բնականության սկզբունքը, պարզության, հավասարության, թափանցիկության և արդիականության սկզբունքները։ Մասնավորապես, ընտրական համակարգի մասով պետք է սահմանել 100% համամասնական, այսինքն՝ համապետական փակ ցուցակներով ընտրակարգ՝ մեկ քվեաթերթիկով, որի վրա նշվում են կուսակցությունների անունները և «բոլորին դեմ եմ» նշումը։ Շատ պարզ, հասարակ վիճակ պետք է ստեղծել, որովհետև այսօրվա այս խճճված համակարգը միայն հնարավորություն է տալիս լծակներին ու ռեսուրսներին տիրապետողներին հասնելու հաջողության, ինչպես նաև մոլորեցնելու ժողովրդին՝ շփոթելու ընտրելու իր հնարավորությունը։ Եվս մեկ անգամ տեսանք, որ այդ խայտառակ ռեյտինգային համակարգը դժոխային անցյալը մեր իրականություն փոխանցելու կամուրջի դեր կատարեց, ուրիշ ոչինչ։ Պետք է վերականգնվի արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը։ Չեկիստոկրատական, խարդավանքային մտածելակերպից դրդված՝ արտերկրում բնակվող հայերին լրտեսներ համարելու մտածելակերպը պետք է ջնջվի։ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է։ Այլ հարց է, որ տեխնիկապես ամբողջությամբ նրանց ընտրելու իրավունքն ապահովել չի լինի, դա հասկանալի է, բայց Հայաստանի դիվանագիտական բոլոր ներկայացուցչություններում և հնարավոր այլ տեղերում պետք է բացվեն ընտրատեղամասեր։ Ովքեր ի վիճակի կլինեն գնալ ընտրելու, դա արդեն իրենց գործն է։ Երևի մեկ միլիոնից ավել Հայաստանի քաղաքացի կա դրսում, ես տվյալներին չեմ տիրապետում, սա էական չէ, ամեն դեպքում մենք պետք է հնարավորություն ստեղծենք՝ իրենց ընտրական իրավունքն իրացնելու։ Արցախում հաշվառված Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան ընտրելու և ընտրվելու իրավունք։ Արցախը ՀՀ տարածքի օրգանական բաղադրիչն է՝ պատմական, իրավական, քաղաքական, ռազմական բոլոր առումներով։ Երբ ես խոսում էի իրավաքաղաքական գնահատական տալու և այսօրվա այսպես կոչված Երրորդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը վերանայելու մասին, դա հենց սրան էր վերաբերում, որովհետև ի տարբերություն Ադրբեջանի և Վրաստանի՝ մենք հրաժարվեցինք Առաջին Հանրապետության իրավահաջորդությունից, և մեզ, ըստ էության, հռչակեցինք որպես Հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդ։ Այսինքն՝ մի վարչական տարածքի, որը մեզ էր մնացել ռուս-թուրքական ագրեսիայի և բռնազավթման, մասնատման հետրևանքով, այն էլ՝ ոչ որպես ինքնիշխան պետություն։ Ահա այսպիսի խնդիրներ կան լուծելու, որոնց այսօրվա իշխանությունները, ցավոք սրտի, անգամ մոտ գալու նշաններ ցույց չեն տալիս։ Ավելին՝ դատողություններ են արվում երեք ժողովուրդների մասին՝ Ադրբեջանի, Արցախի, Հայաստանի ժողովուրդներ։ Արցախի ժողովուրդ գոյություն չունի, Արցախում ապրում են հայեր և Հայաստանի քաղաքացիներ։ Բակո Սահակյանը որպես Հայաստանի քաղաքացի, Ստեփանակերտի բնակիչ է ճամփորդում աշխարհում և ընդունելություն գտնում բարձր պետական մակարդակներով տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։ Այսինքն՝ աշխարհն իրականում ճանաչում է Արցախը՝ որպես Հայաստանի մաս, մենք ենք, որ շարունակում ենք սպասարկել այդ կիսագաղութային հայեցակարգը և մնալ որպես Մոսկվայի ենթակայության տակ գտնվող գորշ զոնա։ Այս վիճակից օր առաջ պետք է դուրս գալ արդեն նշածս քայլերով։ Նույն անձի՝ տարբեր տեղամասերում քվեարկելու հնարավորությունը պետք է բացառվի։ Ճիշտ է՝ հիմա էլէկտրոնային կարգավորումներ կան, որոնք հնարավորություն են տալիս տվյալ ընտրատեղամասում քվեարկելը բացառելու։ Գիտենք՝ բազմաթիվ հիմնավոր կասկածներ կային, որ կային շրջիկ խմբեր նախորդ ընտրությունների ժամանակ, և դրանք բազմաթիվ քվեարկություններ էին կատարում, և դա ստուգել հնարավոր չէ։ Այդ պատճառով պետք է մատնահետքային ստուգման ամբողջական համակարգ ստեղծվի՝ միասնական տվյալների բազայով, որը կբացառի կրկնաքվերակությունը։-Ըստ Ձեզ՝ ի՞նչպես պետք է կազմավորվեն ընտրական հանձնաժողովները։-Դրանք պետք է կազմավորվեն ոչ ըստ կուսակցությունների, առավելապես՝ ոչ ըստ միայն խորհրդարանում հայտնված կուսակցությունների։ Եթե շարունակենք նախկինում պետությունը զավթած հանցավոր համագործակցության կուսակցությունների ներկայացուցիչներով զբաղեցնել ընտրական հանձնաժողովներն, ապա ինչի՞ մասին է խոսքը, կամ ի՞նչ գործ ունի Մուկուչյանը՝ որպես ԿԸՀ նախագահ՝ իր կեղծարար թիմով հանդերձ։ Պետք է ոչ թե կուսակցություններից ձևավորվեն, այլ պետությունը պետք է ձևավորի ընտրական հանձնաժողովներ։ Պետությունը պետք է պատասխան տա սրա համար։ Նախկինում որպեսզի ցույց տային, թե պետությունը չեն զավթել, ստեղծել էին այդ համակարգը, ինչն, իհարկե, խորհրդային իներցիայով էր գալիս, ուղղակի կաղապարը պահելով՝ ներքին ֆունկցիան փոխեցին և ծառայեցրին իրենց։ Ստեղծվեց մի իրավիճակ, որ ահա, դուք՝ կուսակցություններդ եք հանձնաժողովները կազմում, պայքարեք ձեր ձայների համար։ Այսինքն՝ ժողովուրդը պիտի ամեն օր պետությունը զավթած հանցագործների հետ կռիվ տա, պաշտպանի իր ձայները, իսկ ինչպե՞ս պաշտպանի։ Տեսնում էինք էլի՝ ինչպես էին պաշտպանում, ամեն անգամ խեղճ ժողովուրդը ոտքի էր կանգնում, ջարդում, փշրում, բանտարկում, տուն էին ուղարկում։ Ամեն անգամ նույն պատմությունն էր։ Այս իմիտացիոն վիճակից դուրս գալու միակ տարբերակը պետության կողմից այդ հանձնաժողովների ձևավորումն է։-Ի՞նչպես եք պատկերացնում քաղաքականության մեջ կանանց ներկայացվածությունը մեծացնելու ռազմավարությունը։-Երբ խոսում էի առաջադիմական բնականության մասին, նաև հետևյալը նկատի ունեի․ մեր այսօրվա գործող օրենքով սահմանված է նույն սեռի 1/4-ով պարտադիր ներկայություն և հաջորդիվ նախատեսվում է արդեն՝ 1/3-ով։ Ամբողջությամբ ողջունելով և ջատագովը լինելով կանանց առավելագույն ներգրավվմանը քաղաքականության մեջ, ընդհանրապես հավասար ներառականությանը կյանքի բոլոր հարցերում, այդ մնացորդային խավարից դուրս գալու առաջամարտիկ լինելով՝ միևնույն ժամանակ դեմ եմ անբնականությանը։ Այսօր, ցավոք սրտի, մեր կանայք բավարար ակտիվություն, ներառականություն չեն ցուցաբերում քաղաքական կյանքում։ Ուրեմն՝ պետությունը պետք է ունենա մշակված ծրագիր՝ փուլ առ փուլ կանանց ներառականությունը մեծացնելու ուղղությամբ, բայց յուրաքանչյուր տվյալ վիճակում պետք է առաջնորդվի բնական չափանիշներով։ Արհեստական ներմուծումը բերելու է արհեստական ցուցակների, ինչպես ժողովուրդն է ասում՝ «կոճակ սեղմողների», և դրանով պայմանավորված՝ կառավարման արդյունավետության էական վատթարացման։ Պատգամավոր կամ քաղաքական գործիչ պետք է դառնա այն մարդը, որը նախ ունի մղում, ցանկություն և միևնույն ժամանակ ունի կարողություններ։ Եթե չկա, ուրեմն՝ չկա, եթե կա, կա։ Բայց ասում եմ՝ պետությունը պետք է ծրագիր ունենա կանանց ներառականության և ոչ միայն կանանց, այլև սոցիալական մյուս խմբերի, ասենք՝ հաշմանդամություն ունեցողների ներառականության վերաբերյալ խնդիրները լուծելու համար։ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ավելի նեղ առաջարկություններ ևս ունենք՝ երկարաձգել ընտրությունների արդյունքների, ընտրական գործընթացի վերաբերյալ որոշումների բողոքների ներկայացման ժամկետները, ներառյալ՝ դատական պաշտպանությունը, և պարզեցնել այդ գործընթացը։ Ապահովել քվեարկության ամբողջ գործընթացի առցանց հեռարձակում բոլոր տեղամասերից՝ սկսած առավոտյան ժամը 7-ից, ներառյալ մինչև տեղամասային կենտրոնի նիստը։ Բողոքարկման իրավունքի սուբյեկտների շրջանակը պետք է ընդլայնվի։ Ընտրական ցուցակների ներկայացման և պատգամավորի թեկնածուի առաջադրման ու գրանցման համար սահմանված են չափազանց խառնիճաղանջ և բազմազան պահանջներ։ Հիշում եմ, որ A4 ֆորմատի թղթերի երեք մեծ տուփ կազմեցին մեր փաստաթղթերը, որ ներկայացրինք։ Մենք 21-րդ դարում ենք ապրում, նախ, պետք է դրանք հնարավորինս թվայնացվեն, և պետք է պարզեցվի այդ համակարգը։ Այսօր ցանկացած մարդու վերաբերյալ տվյալներ կարելի է վայրկենական ստանալ, հատկապես, եթե նա քաղաքական գործիչ է։ Կարիք չկա ավելորդ թղթամոլությամբ տառապելու և ավելորդ ծանրաբեռնվածություն ստեղծելու և՛ կուսակցությունների, և՛ ընտրական հանձնաժողովի համար։ Դրամի կամ այլ նյութական միջոցների ազդեցությունն էապես պետք է նվազեցվի, ընտրական գրավն այս փուլում պետք է հանվի կամ առնվազն նվազեցնի։ Ամբողջությամբ պետք է բացառենք վարչական կամ այլ պետական ռեսուրսի օգտագործումը։ Հիմա կոնկրետ ապացույցներ ներկայացնելու հնարավորություն, ցավոք, չունենք, բայց ընտրությունների նախընտրական շրջանում և ընտրություններից հետո շփվելով քաղաքացիների հետ՝ բազմաթիվ ահազանգեր ենք ստացել վարչական ռեսուրսի չարաշահման, այդ թվում՝ ուժային կառույցների կողմից, որն, իհարկե, նախորդների համեմատությամբ ավելի մեղմ ձևով է իրականացվել, չեն ստիպել, չեն բռնացել, բայց, այնուամենայնիվ, նախազգուշացնող խոսակցություններ են վարել մարդկանց հետ։ Օրինակ՝ մեր մասով՝ դրանց հետ ի՞նչ գործ ունեք, դրանք այսպես, այնպես։ Արգելապատնեշը, շեմը պետք է հանվի։ Մենք չունենք կայացած քաղաքական դաշտ, սկսած կոմունիստական շրջանից մեկ փոփոխություն է եղել, երբ կոմունիստական կուսակցությունը նոմենկլատուրային ցուցակ էր, արդեն դե յուրե անկախություն ձեռք բերելուց հետո, երբ ստեղծվեցին կուսակցություններ, առաջացավ մի այլ վիճակ՝ նոմենկլատուրային ցուցակ + անկարող կամ ձևական կուսակցություններ։ Ցավոք, այդ ձևաչափը մինչև այսօր էլ գործում է։ Ե՛վ ՀՀՇ-ն էր նոմենկլատուրային ցուցակ, և՛ ՀՀԿ-ն էր, հիմա էլ ՔՊ-ն է։ Այդ մարդիկ մեղավոր չեն, որ այդպես է, համակարգն է այդպիսին։ Դրա համար էլ ասում ենք, որ համակարգը պետք է փոխվի։ Իսկ արգելապատնեշը նոր ծնվող կուսակցությունների կայացման թիվ մեկ խոչընդոտն է։ Եթե որևէ կուսակցություն թեկուզ մեկ պատգամավոր ունենալու չափով ձայն է ստացել, թող ներկա լինի խորհրդարանում։ Բազմազանությունից վնաս չկա։ Կգա մի փուլ, երբ  արգելապատնեշի հարցը դիտարկելու կարիքը կլինի։ Բայց դա հետո, երբ արդեն որոշակիորեն կկայանան կուսակցությունները։ -Անդրադառնանք նաև «Կուսակցությունների մասին» օրենքին, որո՞նք են այն կարևորագույն հարցերը, որ պետք է բարեփոխել այս օրենքում։-Այստեղ հիմնական խնդիրը արդիականացումն է։ Մեր կուսակցությունները խորհրդային իներցիայի ստվերի տակ են։ Ինչ ստեղծում են, Կոմկուս է ստացվում, որովհետև համակարգն է այդպիսին, և կառավարման մշակույթի որոշ խնդիրներ կան անցյալից մնացած ու նաև իրավական համակարգը չի կարողանում ամբողջությամբ կտրվել այդ իներցիայից։ Արմատապես պետք է վերանայվեն կուսակցությունների ստեղծման, պետական գրանցման, կառուցվածքի, գործունեության կարգը։ Դրանք էապես պիտի պարզեցվեն, հեղափոխական փոփոխություն պետք է կատարվի այս հարցում։ Պետք է վերացվի, օրինակ, կոշտանդամության ինստիտուտը, վերացվի մարզերում գրասենյակներ, ստորաբաժանումներ ունենալու պարտադիր պահանջը։ Դա անհեթեթություն է։ Համացանցի դարում ինչի՞ մասին է խոսքը։  Գրասենյակն ինչի՞ համար է, կազմակերպվելու համար է, չէ՞, հիմա եթե կարելի է վիրտուալ ժողովներ անել, դրա իմաստը ո՞րն է, ինչու՞ են կառչել դրանից։ Այսօր բոլոր կուսակցությունները, բացի նրանցից, որոնք օլիգարխիկ ֆինանսավորում ունեն և բացի նոմենկլատուրային ցուցակ իրենցից ներկայացնող իշխանական կուսակցությունից, չունեն այդպիսի մեծ ռեսուրսներ։ Այսօր իրականում նույն «Քաղաքացիական պայմանագիր»-ը չունի գրասենյակներ, որովհետև իր համար էլ է դա դժվար։ Ընդհանրապես, արգելքը, որ եթե կուսակցությունը չի մասնակցել ընտրությանը, պետք է կասեցնել գործունեությունը․․․Ժողովուրդն է որոշում՝ մասնակցել է, չի մասնակցել, ու՞մ ինչ գործն է, ինչու՞ ենք մենք դրանով հետաքրքրվում։ Ինչ ուզում են, թող անեն։ Հարյուրավոր կուսակցություններ կարող են առաջանալ, մարել։ Միտքը պետք է բախվի, ծեծվի, հունցվի, և ինչ-որ նոր ձևակազմեր առաջանան։ Ուրիշ տարբերակ չկա։Մի խնդիր էլ նշեմ՝ մեդիահնարավորություններից հավասարապես օգտվելու հնարավորությունը շատ է խախտվում։ Մենք ունենք հանրային հեռուստատեսություն և ռադիո, բայց այդ մեդիահարթակներից օգտվում են ըստ տվյալ լծակներին տիրապետողների հայեցողականությամբ։ Մասնավորապես, մեր կուսակցությունը, բացի նախընտրական շրջանում պարտադիր համարված ժամանահատվածից, որ մեզ Հ1-ը եթեր է տրամադրել, մինչ օրս եթերում չենք եղել, մեզ չեն հրավիրում՝ այդ պաշտոնյաների՝ մեր կուսակցության նկատմամբ ունեցած սուբյեկտիվ վերաբերմունքի պատճառով։ Պետք է լինեն համապատասխան պարտադրող մեխանիզմներ, որոնք նվազագույն քվոտաներ կսահմանեն հանրաքվեներին և ընտրություններին մասնակցած կուսակցությունների համար։ Եվ այդ հնարավորությունները պետք է հավասար լինեն, դա չի կարելի բաշխել ըստ ստացած ձայների։ Կարծում եմ՝ որոշակի նվազագույն չափաբաժիններ պետք է սահմանվեն նաև մասնավոր հատվածի համար։ Իհարկե, չես կարող նրանց հավելյալ սահամնափակել, բայց ինչպես ընտրությունների ժամանակ է որոշակի նվազագույն ժամանակ տրամադրվում, նույնպես պետք է լինի, երբ ընտրություններ չկան, հակառակ պարագայում այս մենաշնորհային վիճակը կպահպանվի։ Ըստ RElection նախագծի ձևաչափի` հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ բանախոսին: Մեր նախորդ զրուցակիցն էր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։ Նրա հարցը հետևյալն է․-Պետական ֆինանսավորման ինչպիսի՞ ձև է Հայաստանի ներկա իրադրության մեջ առավել օպտիմալ խորհրդարանական պետություն ստեղծելու ճանապարհին։-Ճիշտն ասած, դա ինձ համար երկրորդական հարց է, որովհետև եթե նշածս համակարգային փոփոխությունները տեղի չունենան, ինձ համար անընդունելի է, որ պետք է, օրինակ, Հանրապետական կուսակցությունը ֆինանսավորում ստանա, ես էլ փորձեմ լավագույն մեխանիզմն առաջարկել, թե ինչպես պիտի ազգադավներն ու ոճրագործները ֆինանսավորվեն։ Չի կարելի առանց տան հիմքը գցելու և պատերը սարքելու՝ դիզայնի, ներքին հարդարանքի կամ կահույքը դասավորելու ձևի մասին դատողություններ անել։ Կարծում եմ՝ հարցերն ըստ գերակայությունների պետք է շարվեն և ըստ այդմ քննարկվեն։ Ըստ իս՝ այս պահի դրությամբ պետք է դադարեցվի բոլոր կուսակցությունների ֆինանսավորումն առնվազն, որպեսզի հնարավորինս հավասար պայմաններ ստեղծվեն մյուս կուսակցությունների հետ համեմատությամբ։ Հետո, եթե տեղի կունենան համակարգային փոփոխություններ, արդեն հասկանալով այդ համակարգի նպատակն ու ֆունկցիաները՝ հնարավոր կլինի դրանք սպասարկող կոնկրետ մեխանիզմների մասին խոսել։ Կառավարման տրամաբանությունը դա է պարտադրում։ Վարուժան Ավետիսյանի հարցը՝ հաջորդ բանախոսին։-Ինչպե՞ս եք պատկերացնում առանց անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու, առանց անցումային արդարադատությամբ քաղաքական համակարգը մաքրելու և առանց ռազմավարական լուծումներ մշակելու, այդ թվում՝ առանց Սահմանադրություն փոխելու, դրանից ածանցյալ օրենքներում փոփոխություններ կատարելու արդյունավետությունն ու նպատակահարմարությունը։ Աստղիկ Քեշիշյան  
17:30 - 12 նոյեմբերի, 2019
RElection [#19] Որպես պետական ֆինանսավորման չափորոշիչ պետք է ընտրել նախորդ հերթական, այլ ոչ արտահերթ ընտրություններին մասնակցած լինելը․ Նարինե Դիլբարյան

RElection [#19] Որպես պետական ֆինանսավորման չափորոշիչ պետք է ընտրել նախորդ հերթական, այլ ոչ արտահերթ ընտրություններին մասնակցած լինելը․ Նարինե Դիլբարյան

RElection նախագծի շրջանակում «Կուսակցությունների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ զրուցել ենք «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի հետ։-«Ժառանգություն» կուսակցությունը հեղափոխությունից առաջ և դրանից հետո քանիցս խոսել է «Կուսակցությունների մասին» օրենքը բարեփոխելու անհրաժեշտության մասին։ Ըստ ձեր կուսակցության՝ ի՞նչ հիմնական բարեփոխումներ է պետք կատարել այդ օրենքում, ի՞նչ փոփոխություններով կարող ենք ձևավորել գաղափարական կուսակցական դաշտ։ -«Ժառանգություն»-ը միանշանակ եղել է ջատագովը ազատական օրենքների, և ազատականությունը նաև «Կուսակցությունների մասին» օրենքում մեզ համար շատ կարևոր է, որովհետև եթե կուսակցությունների գրանցման գործընթացն ազատական չէ, ապա շատ մեծ է վտանգը, և մեր ներկայիս կուսակցական համակարգը դրա ցցուն ապացույցներից է, որ պրոտեկցիոնիզմը և տարբեր ոչ քաղաքական ուժերի ազդեցությունը՝ պետական, ֆինանսական, կուսակցություն կոչվող միավորումներում մեծանում են։ Կամ էլ գործում է շատ հայտնի մի սկզբունք, երբ կուսակցությունը ոչ թե գաղափարակիր մարդկանց ծրագրային միություն է, այլ մեկ անձի շուրջ համախմբված բուրգ, այնտեղ պարզապես տեղի է ունենում մեկ անձի պաշտամունք, և գաղափարը, փաստորեն, վերափոխվում է անձի շահերի կամ անձին առաջ տանելու միտումներով։  Ողջունելի է, որ Ազգային ժողովում սկսվել է «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխումների քննարկումը։ Լսումները, որին ես ևս մասնակցել եմ, բարձր եմ գնահատում։ Այստեղ իսկապես բարձրացվեցին այն հարցերը, որոնք, հուսամ՝ տեղ կգտնեն նախագծում, և եթե լինի նախագիծը՝ ազատականության սկզբունքների վրա ձևավորված, ապա կարծում եմ կկատարվի առաջին քայլը՝ Հայաստանում ունենալու կուսակցական գործուն համակարգ։ Բայց ասեմ՝ առաջին քայլը, քանի որ պարզ է՝ միայն «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխմամբ չենք կարողանա ձևավորել իսկապես գաղափարական, իսկապես քաղաքական նպատակներ հետապնդող անձանց միություններ։ Հիմա առավել առարկայորեն․ ինչպես նշեցի, պետք է փոխել կուսակցությունների գրանցման կարգը, այն հնարավորինս դյուրացնել։ Այդ 800 հոգի, պարտադիր ստորագրություններ, այնուհետև համապատասխան կայքերում դրանց տեղադրում, մեկ ամիս հետո ժողովի հրավիրում, հիմնադիրներին ներկայացվող բազմաթիվ պահանջներ․․․դրանք ավելորդ են, միայն ուղղորդելու ու պրոտեկցիոնիզմի հնարավորություն են ստեղծում։ Ես համոզված եմ՝ եթե անգամ 300 մարդ հավաքվում է, և նրանք բերում են իրենց ծրագիրը, կանոնադրությունը կազմում են, տեղադրում կուսակցության կայքում, ապա դա լիովին բավարար է կուսակցությունը գրանցված համարելու համար։ Տեսեք՝ երբ մենք ազատականացնում ենք գրանցումը, դյուրացնում ենք իսկապես գաղափարական ուժերի համախմբումը, բայց գրանցման ազատականությունը պետք է ուղղորդվի ֆինանսական հաշվետվողականության խստացմամբ։ Այսինքն՝ կուսակցություն եկող ֆինանսական հոսքերը պետք է լինեն չափազանց թափանցիկ, որովհետև ունենք կուսակցությունների գրանցման բավական բարդեցված գործընթաց, ունենք կուսակցություններ, որոնք ընդհանրապես ֆինանսական թափանցիկ աղբյուրներ չունեն, բայց ծավալում են ընդլայնված գործունեություն, և հաճախ նրանց գործունեության մեջ Հայաստանի պետական շահը կարող է ստորադասվել տարբեր այլ շահերի։ Այսինքն՝ շատ խմբավորումներ, ըստ ամենայնի, ֆինանսավորում են ստանում այնպիսի ուղղություններից, որոնք չեն համապատասխանում Հայաստանի ո՛չ ազգային անվտանգության, ո՛չ պետական շահին։ Ֆինանսական մուտքերի թափանցիկությունը և դրա վերահսկողությունը շատ ավելի հստակ պետք է դառնա։ Տեսեք՝ այսօր ԿԸՀ-ն է այն մարմինը, որը զբաղվում է կուսակցությունների ֆինանսական հոսքերի վերահսկմամբ, իսկ փորձը ցույց է տվել, որ դա այդքան էլ արդյունավետ չէ։ Ազգային ժողովում առաջարկում էին նորաստեղծ և դեռևս գոյություն չունեցող հակակոռուպցիոն մարմնին տալ այդ լիազորությունները։ Մենք կարծում ենք՝ քանի որ այդ մարմինը դեռևս գոյություն չունի, և նրա լիազորությունների շրջանակն էլ հստակ չէ, պարզապես պետք է կուսակցությունների ֆինանսական վերահսկողական ծառայությունը դարձնել անկախ մարմին։ Այդ անկախ մարմինն իրավունք կունենա աուդիտ անցկացնել և կունենա հստակ կանոնակարգ, որը պետք է սահմանի, թե ֆինանսական ինչպիսի աղբյուրներ կարող է ունենալ կուսակցությունը։-Կուսակցությունների հանրային ֆինանսավորման ինչպիսի՞ տարբերակ է առաջարկում «Ժառանգություն»-ը։ Կուսակցության ֆինանսավորման մի քանի ուղղություններ կան, օրինակ, ՀԱԿ-ը գտնում է, որ կուսակցություններին պետք է տալ ժողովրդին, ինչպես իրենք նշեցին փոխաբերաբար։ Իսկ կուսակցություններին տալ ժողովրդին ասելով նրանք նկատի ունեին, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձինք կարողանան իրենց, օրինակ, շահութահարկից կամ որևէ հարկերից համապատասխան տոկոս հատկացնել այն կուսակցությանը, որի գաղափարներն իր համար ընդունելի են։ Սա արտաքուստ շատ համոզիչ ու գայթակղիչ է հնչում, պարզապես Հայաստանում, որտեղ մանր ու միջին բիզնեսը չափազանց դժվար է իր գործունեությունը ծավալում, և որտեղ գաղափարների կարևորությունն այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, այս առաջարկությունը կվերածվի այն ամենին, ինչ եղել է։ Առաջ իշխող կուսակցություններին խոշոր բիզնեսը ֆինանսավորում էր, բայց դա, իհարկե, կատարվում էր ծրարներով և ոչ թափանցիկ։ Հիմա օրինականացնել դա և դարձնել թափանցիկ․․․դրանով մենք խնդիր չենք լուծի։ Այս պարագայում ժողովուրդը սահուն կվերածվի բիզնեսի, և վերստին կուսակցություններին կտանք բիզնեսին։ Ի տարբերություն, օրինակ, ԽՍՀՄ-ի՝ այսօր մենք փորձում ենք կառուցել իսկապես գաղափարական և բազմակուսակցական համակարգ։ Մինչ այդ եղած բազմակուսակցական համակարգն էլ, եկեք ընդունենք, որ բազմակուսակցական էր միայն որոշ առումով։ Ընդդիմությունն, իհարկե, կարող էր ներթափանցել Ազգային ժողով, բայց հիմնականում իշխող կուսակցությունը ստեղծում էր վասալական կամ իրենց աջակից կուսակցություններ, որոնք մտնում էին խորհրդարան և այնտեղ արդեն ստեղծում համապատասխան մեծամասնություն և իրականացնում իրենց քաղաքական գիծը։ Տեղի չէր ունենում քաղաքական գաղափարների կամ կոալիցիաների իրական ստեղծում։ Մեր կոալիցիաների հիմքում, ցավալի է արձանագրել, բայց իշխանության կերակրատաշտն էր։ Հիմա պետք է կուսակցություններին հնարավորինս հեռացնել բիզնեսից, և եթե կուսակցություններին պետք է վերադարձնել կամ տալ, ապա ես կարծում եմ՝ պետք է տալ պետությանը։ Նկատի ունեմ՝ այս էտապում, համենայնդեպս, խիստ կարևոր է, որ ֆինանսավորումը լինի պետական, որովհետև պետության կողմից ֆինանսավորումը կհամապատասխանի գաղափարական սկզբունքներին և «Կուսակցությունների մասին» օրենքի դրույթներին և կլինի վերահսկողական։ -Իսկ պետությունն ինչպիսի՞ չափորոշիչներով պետք է ընտրի, թե որ կուսակցություններին է ֆինանսավորում։-Մինչ այս ընդգծված էր, որ չափորոշիչ է ընտրություններին մասնակցելը, խորհրդարան մտնելը։ Բնականաբար, խորհրդարանական կուսակցությունները պետք է պետական ֆինանսավորում ստանան, և նրանց գործունեությունը հատկապես մարզերում պետք է պետության կողմից խրախուսվի։ Գիտենք, որ պետական ֆինանսավորումը լինում է երկու ձևով՝ ուղղակի ֆինանսական միջոցներով և անուղղակի։ Իմ համոզմամբ՝ «Կուսակցությունների մասին» նոր օրենքում պետք է ամրագրել անուղղակի ֆինանսավորման վերաբերյալ բոլոր դրույթները, այսինքն՝ տարածքների տրամադրումը ժողովների, համաժողովների, հանդիպումների համար, տրանսպորտի հատկացումը, տպագրական նյութերի տրամադրումը և այլն։ Եվրոպական շատ երկրներում սա կիրառվում է, իսկ մեզ մոտ տրամադրվում է դրանցից միայն մեկը՝ նախընտրական շրջանում կուսակցություններին տարածքներ են հատկացնում, որտեղ նրանք կարող են իրենց քարոզչական և գովազդային միջոցները տեղավորել։Հիմա անդրադառնանք, թե այսօր խորհրդարանում կուսակցական ինչպիսի տարաբաշխում կա։ Տեղի էր ունեցել հեղափոխություն, տեղի ունեցան արդար, ժողովրդավարական ընտրություններ, բայց ի՞նչ ունեցանք։ Խորհրդարանում ջախջախիչ մեծամասնություն է «Իմ քայլը», մի փոքր սեգմենտ էլի հայտնի ուժ ԲՀԿ-ն է և շատ ավելի փոքր սեգմենտով՝ «Լուսավոր Հայաստան»-ը։ Այսինքն՝ Հայաստանի իրական քաղաքական դաշտը ավանդական քաղաքագիտական բնորոշմամբ՝ աջեր, ձախեր, կենտրոնամետներ, բացարձակ գոյություն չունի։ Հանցագործ նպատակներով գրված նախորդ Ընտրական օրենսգրքի արդյունքում ստացանք սա, բայց հաջորդ խորհրդարանում այլ պատկեր պետք է լինի։ Ուստի համարել, որ միայն այս խորհրդարանում գտնվող կուսակցություններին պետությունը պետք է ֆինանսավորի, ճիշտ չէ։ Հնչում են տեսակետներ, թե այն կուսակցությունները, որոնք մասնակցել են դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին և հավաքել են որոշակի տոկոսներ, ֆինանսավորումը պետք է տրվի նրանց։ Մենք համոզված ենք, որ դա այդքան էլ ճիշտ ելակետ չէ։ Ընդունենք հետևյալ փաստարկը՝ այս ընտրություններն արտահերթ էին և անցել են իսկապես արտակարգ իրավիճակում, արտակարգ, որովհետև չփոխվեց Ընտրական օրենսգիրքը։ Ուստի որպես պետական ֆինանսավորման չափորոշիչ պետք է ընտրել նախորդ ընտրություններին մասնակցելը, խորհրդարանական փորձ ունենալը, պետք է ներառել նաև մի կարևոր կետ՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու փորձը։ Երբ ասում ենք ընտրություններ, անմիջապես հասկանում ենք համապետական ընտրությունները, բայց ՏԻՄ ընտրությունները ոչ պակաս կարևոր են, իսկ մեզ մոտ հատկապես մարզերում, որտեղ բոլորը կապված են բարեկամական, արյունակցական կապերով, տարածված է ավատական սկզբունքը։ Ու եթե չենք սահմանափակում քանի անգամ տվյալ գյուղապետը, քաղաքապետը կարող է ընտրվել, ավատականությունը հաղթում է, իսկ ավատականությունից դեպի կոռուպցիա և տվյալ տարածքը քո վասալական իշխանության տարածք վերածելը կես քայլ է։ Ուստի պետությունը պետք է ֆինանսավորի այն կուսակցություններին, որոնք արդեն ունեն խորհրդարանական փորձ, այսինքն՝ պետք է վերադառնալ դեպի նախորդ հերթական ընտրությունները։ Արևմուտքում կա մի այսպիսի դրական փորձ, որ օրինակ՝ երիտասարդներին, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց դեպի կուսակցություններ մղելու համար համարժեք ծրագրեր կան։ Կարծում եմ՝ պատեհ է, որ Հայաստանը ևս օգտվի այդ հնարավորությունից։ Նկատելի է, որ մեր կուսակցությունների երիտասարդական կառույցներն առավել ընդլայնված ու գաղափարական դառնալու կարիք ունեն։ Նույնը վերաբերում է կանանց և հաշմանդամություն ունեցողների մասնակցությանը։ Իհարկե, ես հիշում եմ, որ իմ ընդդիմախոսներից մեկն ասում էր՝ իսկ ի՞նչ է, կուսակցությունը պետք է գնա, գտնի հաշմանդամություն ունեցող մարդկանց, որպեսզի գրանցվի կամ ֆինանսավորում ստանա։ Քավ լիցի, դրա հարկը ամենևին չկա, այդ մարդիկ, որոնք մեր քաղաքացիներն են, ունեն շատ արդյունավետ մտքեր և մեծ ցանկություն՝ մասնակցելու պետական կառավարմանը։ Խնդիրն այն է, որ նրանց հնարավորություն չի ընձեռվում։ Իսկ երբ օրենքով սահմանվեն դրույթներ, որ այդպիսի անդամներ հավաքագրելը պետական ֆինանսավորման, խրախուսման կարժանանա, ապա կուսակցությունները ոչ թե կգնան ճրագով փնտրելու հաշմանդամություն ունեցող մարդկանց, այլ նրանք իրենք կգան։-Եթե որպես պետական ֆինանսավորման չափորոշիչ ընտրվի խորհրդարանական փորձ ունենալը, ինչպես Դուք եք նշում, ապա այդ դեպքում նորաստեղծ կուսակցություններն ի՞նչ միջոցներով պետք է կայանան, զարգանան։-Ես ասացի դա՝ որպես ֆինանսավորման մի բաժին, բայց տեսե՛ք, բոլոր նորաստեղծ կուսակցություններին պետական ֆինանսավորում տրամադրել հնարավոր չէ։ Մեր պետռեգիստրում այս պահին գրանցված կուսակցությունների քանակն արհեստական մեծ է, նույնիսկ ծիծաղահարույց։ Եթե վերցնենք պետռեգիստրից այդ ցուցակն ու քաղաքացիներից հարցում անենք, ապա կտեսնենք, որ քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունը նրանց անունն անգամ չի լսել։ Ուստի խոսել այն մասին, որ ցանկացած նորաստեղծ կուսակցություն ֆինանսավորման պետք է արժանանա, ճիշտ չէ։ Բայց ես ասացի, որ կարող են լինել ծրագրեր, որոնց համար տվյալ կուսակցությունը կարողանա դիմել ու ստանալ համապատասխան ֆինանսական աջակցություն։ Դրանք և՛ նշածս երիտասարդական ծրագրերն են, և՛ հաշմանդամություն ունեցողների հետ կատարվող աշխատանքը, և՛ կուսակցություններում կանանց խորհրդի ուժեղացումը։ Ես կարծում եմ, որ պետք է ուժեղացնել նաև կուսակցությունների համակիրների բանակը, ընդ որում՝ դա օրենսդրորեն նշելով։ Համակրի գործունեությունն առավել անշահախնդիր է, այն իսկապես հիմնված է գաղափարական համակրանքի վրա։ Բացի դրանից կա նաև երկրորդ գործոնը․ եթե դու չունես մեկնարկային գոնե փոքր հնարավորություններ, ուրեմն՝ քո գաղափարները մարդկանց չեն խանդավառել։ Անդրադառնանք նաև ֆինանսավորման այնպիսի մի կետի, ինչպիսին է նվիրատվությունը։ Կային առաջարկներ, որ նվիրատվությունները պետք է զգուշորեն դիտարկել, քանի որ դրանց մեջ կարող է թաքնված կոռուպցիոն կամ բիզնես միջամտությունների հետք լինել։ Բայց իմ կարծիքով՝ պետք է սահմանափակել կամ անգամ բացառել կանխիկ նվիրատվությունների քանակը։ Դրանք կարող են լինել շատ համեստ, այսինքն՝ եթե քաղաքացին ուզում է որևէ կուսակցության տասը կամ քսան հազար դրամ փոխանցել, ապա կարող ենք այդ պատուհանը բաց թողնել, սակայն մեծ գումարների կանխիկ նվիրատվություններն ինքնին կասկածահարույց են, որովհետև իրենց և՛ աղբյուրը, և՛ ծախսման եղանակները դառնում են դժվար վերահսկելի կամ անվերահսկելի։ Անկանխիկի պարագայում էլ պետք է սահամանփակել մեկ անձի կողմից նվիրատվության չափի քանակը, որպեսզի դա իսկապես լինի նվիրատվություն, ոչ թե ուղղակի քաղաքական կաշառք։Ըստ RElection նախագծի ձևաչափի` հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ բանախոսին: Մեր նախորդ զրուցակիցն էր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։ Նա երկու հարց է ուղղել: -Աշխարհում այս պահին քննարկվում է, որ կուսակցություններին որևիցե ձևով այլևս պետք չեն գաղափարական ուղղվածություններ: Ադրդյո՞ք գտնում եք, որ կուսակցություն ստեղծելու համար պետք չէ այլևս որևիցե գաղափարական հիմք, լինի դա լիբերալիզմ, կոմունիզմ, սոցիալիզմ, թե՞ գաղափարական հիմք ունենալն, ամեն դեպքում, պարտադիր պայման է։-Առաջին հարցը Հայաստանում, կարծում եմ, ցավագին զարգացումներ է ստանում, որովհետև«Իմ քայլը» և «Քաղաքացիական պայմանագիր»-ը հիմնած ՀՀ մեր ներկայիս վարչապետը խոսում էր, որ «իզմ»-երի ժամանակաշրջանն անցել է։ Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, և «Ժառանգությունն» այն կուսակցությունն է, որը համոզված է՝ առանց գաղափարական հիմքի կուսակցություն ստեղծելը պարզապես անիմաստ է։ Տեսե՛ք, հետարտադրական հասարակության մեջ սոցիալիզմը բոլորովին այլ բովանդակություն ունի, քան ուներ 20-րդ դարասկզբին, նույնը վերաբերում է ազատականությանը։ Բայց «ձախ» և «աջ», սրանք երկու սրբազան կողմերն են, ինչպես մենք ունենք երկու աչք, երկու ձեռք, երկու ոտք, այդպես էլ աշխարհը երկանդամ է, բաժանվում է «աջ»-ի ու «ձախ»-ի գաղափարական առումով, բայց նրանց միջև տեղավորվում են ծայրահեղ աջերից մինչև ծայրահեղ ձախեր ու կենտրոնամետներ և այլն։ Եթե դու չունես գաղափարական տեսլական, չես կարող բերել ո՛չ տնտեսության, ո՛չ սոցիալական ոլորտին վերաբերող արդյունավետ ծրագրեր, և վերածվում ես փարիսեցու։ Բոլորն են ցանականում սոցիալական, իրավական, ժողովրդավարական, ազգային պետություն, բայց եթե չես մանրամասնում, թե քեզ համար ինչ է նշանակում ազգայինը, սոցիալականը և այլն, ապա դու պարզապես դատարկախոս ես, իսկ կուսակցությունը չպետք է լինի դատարկախոսների միություն։-Արդյո՞ք կուսակցությունը պետք է ներկայացնի որոշակի խմբի շահերը, ինչպես օրինակ բանվորական կուսակցությունները՝ Անգլիայում, թե՞ պետք է ցանկանա ներառել բոլորին ու ներկայացնել բոլորի շահերը։-Ամեն դեպքում, կուսակցությունը ներկայացնում է հասարակության որոշակի շերտերի շահեր։ Արտահայտել բոլորի շահերը հնարավոր չէ, գուցե հնարավոր է երազներում, հեքիաթներում։ Այդ փրկիչն է գալիս ու բոլորին փրկում, բայց եկեք փրկչական առաքելությունը, որը բնավ քաղաքական չէ, չվերագրենք կուսակցություններին։ Ամեն կուսակցություն ունի իր ընտրազանգվածը, այսինքն՝ այն շերտերը, որոնց շահերն ինքն արտահայտում է։ Չվախենանք դրանից, որ կուսակցություններն իսկապես խմբավորումներ են, և եթե այդ խմբավորումների գաղափարաբանության մեջ ընկած են ազնիվ արժեքներ, ապա դրանք չեն կարող մյուսների արժեքները տրորել։Նարինե Դիլբարյանի հարցը՝ հաջորդ բանախոսին․-Պետական ֆինանսավորման ինչպիսի՞ ձև է Հայաստանի ներկա իրադրության մեջ առավել օպտիմալ խորհրդարանական պետություն ստեղծելու ճանապարհին։Աստղիկ Քեշիշյան
14:46 - 12 նոյեմբերի, 2019
RElection [#18] Վերջին 30 տարիների ընթացքում բիզնեսը ավելի շատ ֆինանսավորել է այն կուսակցությանը, որը այդ պահի դրությամբ եղել է իշխանության. Կարեն Սիմոնյան

RElection [#18] Վերջին 30 տարիների ընթացքում բիզնեսը ավելի շատ ֆինանսավորել է այն կուսակցությանը, որը այդ պահի դրությամբ եղել է իշխանության. Կարեն Սիմոնյան

«Կուսակցությունների մասին» օրենքում սպասվող փոփոխությունների թեմայով զրուցել ենք Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հետ: - Պարո՛ն Սիմոնյան, նախորդ անգամ այս թեմայով զրուցում էինք ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ, և նա Ձեզ միանգամից երկու հարց է ուղղել: Ներկայացնեմ նրա առաջին հարցը. «Ինչպիսի՞ն է Ձեը կարծիքը կայուն մեծամասնության գաղափարի վերաբերյալ. արդյո՞ք մենք պետք է խորհրդարանում ունենանք կայուն մեծամասնություն, թե՞ ձգտենք կոալիցիոն կառավարման»:- Շնորհակալ եմ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններից խոսելու հնարավորության համար: Պատասխանելով տիկին Նազարյանի բարձրացրած հարցին` կարող եմ ասել, որ կայուն մեծամասնությունը, իմ կարծիքով, ոչ ժողովրդավարական կոմպոնենտ է պարունակում: Ցանկացած դեմոկրատական պետություն պետք է ձգտի, որ կառավարությունը լինի կոալիցիոն, որովհետև կոալիցիոն կառավարությունը նշանակում է, որ կառավարության կազմում ներկայացված են մեկից ավելի քաղաքական ուժեր, հետևաբար, եթե ցանկացած քաղաքական ուժ ներկայացնում է հասարակության այս կամ այն շերտը, դրանից ենթադրում է, որ կառավարության մեջ ներառված են ավելի շատ հասարակական շերտեր: Իհարկե, անհնար է բոլոր հասարակական շերտերի՝ այն մարդկանց, որոնք մասնակցել են քվեարկությունների, ձայնը տեղ գտնի կառավարության մեջ, բայց կոալիցիան, որ բաղկացած է մի քանի քաղաքական ուժերից, ավելի է ընդլայնում այդ շրջանակը, և ավելի շատ է նպաստում ժողովրդավարությանը: - Ներկայացնեմ տիկին Նազարյանի երկրորդ հարցը. «Հայաստանը նոր է ոտք դնում խորհրդարանական կառավարման ճանապարհին, մենք նոր-նոր ենք ձևավորելու պառլամենտարիզմի ավանդույթները: Այսպիսով, ինչպիսի՞ ավանդույթներ պետք է ձևավորենք»: - Ավանդույթները, ինձ թվում է, առաջին հերթին կապված են քաղաքական նոր մշակույթի հետ. դա բանախոսելու, բանավիճելու մշակույթն է, որը պետք է ունենա նոր քաղաքական համակարգը: Նոր խորհրդարանը մշակում է այնպիսի համակարգ, որը մեզ թույլ կտա բանավիճել ցանկացած հարցի շուրջ: Իմ կարծիքով, այս պահի դրությամբ լինում են օրինակներ, երբ ԱԺ-ն կամ հանձնաժողովը մերժում են նախագծերը կամ տալիս են բացասական եզրակցություն, սակայն լինում են նախագծեր, որոնք ունեն լայն հասարակական հնչեղություն, և պարտավոր են քննարկել: Նման հարցերում հանձնաժողովը պետք է վեր կանգնի տվյալ պահին քաղաքական իշխանության իրենց կուրսից ու փորձի հնարավորություն տալ տվյալ հարցը քննարկելու: Իսկ եթե հանձնաժողովը չի կարողանում այդքան լայն հնարավորություններով օժտել, այսինքն՝ թողնել, որ հարցը քննարկվի, ցանկացած հարց, որ գալիս է ԱԺ, պետք է քննարկվի: Եթե հարցը սնանկ է, չունի որոշակի իրավական, գաղափարական կամ քաղաքական հիմք, ցանկացած քննարկում անմիջապես բացահայտում է: Պետք չէ ափսոսալ ծախսած ժամանակի վրա, որովհետև ցանկացած դեպքում ԱԺ-ն այն տեղն է, որտեղ պետք է գաղափարները աշխատեն, բարձրաձայնվեն, և բանավեճի ընթացքում, որ տեղի կունենա այդ հարցի շուրջ, շատ հնարավոր է` ծնվի այլ գաղափար, որը կունենա այլ բովանդակություն և այլ դրական փոփոխություննեը կմտցնի հասարակության ներսում: Հետևաբար, առաջին հերթին դա բանավեճի մշակույթն է, երկրորդը քննարկումների լայն շրջանակն է, որպեսզի քննարկվի ցանկացած միտք, չմերժվի, և երրորդը փոխադարձ հարգանքն է, այսինքն` վեր կանգնել միջանձնային շփումներից, միջանձնային հարաբերություններից ու քննարկել գաղափարները, ոչ թե մարդկանց: - Մի քանի օր առաջ ԱԺ-ում կայացան լսումներ «Կուսակցությունների մասին» օրենքում սպասվող փոփոխությունների վերաբերյալ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետները Դուք էիք ներկայացնում: Դուք առաջարկում եք, որ խորհրդարան չանցած կուսակցություններից պետական ֆինանսավորում ստանան նրանք, որոնք առնվազն երկու տոկոս ձայն են հավաքել: Այդ դեպքում այն կուսակցությունները, որոնք այդ երկու տոկոսը չեն հավաքել, բայց խնդիր ունեն կայանալու, զարգանալու, որ մասնակցեն հաջորդ ընտրություններին, ի՞նչ պետք է անեն և ինչպե՞ս պետք է ֆինանսավորվեն: - Պետական ֆինանսավորումն ինքնանպատակ չէ, նպատակաուղղված է կուսակցական կարողությունների ու հնարավորոյթյունների զարգացմանը: Այս պահի դրությամբ Հայաստանում թղթի վրա գոյություն ունեն, եթե չեմ սխալվում, 80-ից ավելի կուսակցություններ, որոնց գործունեության մասին որոշակի ինֆորմացիա մենք ստացել ենք 60-ից: Սակայն թե այդ 60-ի մեծ մասում ովքեր են ներգրավված, ինչ անհատների են ներկայացնում, ինչ սոցիալական խմբերի շահեր են պաշտպանում՝ մենք ինֆորմացիա չստացանք: Դրանց մեծ մասն անհատ-կուսակցություններ են կամ իրավաբանական անձեր են, որոնք գրանցվել են մեկ անձի կողմից, ունեն նախագահ, քարտուղար, սակայն թե ինչ ուղղվածության են ու ինչով են այսօր զբաղվում, մենք չենք կարող ասել: Ու այդ հիմքով, որ զուտ նա կուսակցություն է, ստանա պետական ֆինանսավորում, ինձ թվում է՝ ոչ նպատակահարմար է: Դա Կլինի պետական միջոցների վատնում և, մյուս կողմից, կարող է դառնալ չարաշահման հիմք, որպեսզի, օրինակ, մարդիկ կարողանան 100 հոգով հավաքվել ու ստեղծել կուսակցություն, ինչը թույլ է տալիս այսօրվա օրենքը. շատ լիբերալ է այսօրվա օրենքը կուսակցությունների ստեղծման մասով: Դրա արդյունքում կարող է այնպես ստացվել, որ գործարար մարդկանց միություն, որոնք ձեռներեց են, փորձեն ինչ-որ ձևով օգտվել այդ հնարավորությունից:  Ինչո՞ւ հենց որոշակի տոկոս: Տեսե՛ք, երկու տոկոսը ՀՀ-ում բավականին մեծ տոկոս չէ: Եթե հիշեք, որ անցած ընտրություններին մասնակցել է 1 մլն 3 հարյուր հազարից մի քիչ ավել մարդ, մենք կարող ենք ասել, որ երկու տոկոսը ընդամենը 26 հազար մարդ է, այսինքն` եթե տվյալ կուսկցությունը գոնե չունի նման փոքրաթիվ աջակցություն, հետևաբար իր գաղափարները չեն վայելում այն հնարավարորությունները, որ մենք տեսնում ենք այս պահին: Այսինքն` կարող ենք պնդել, որ այս պահին դրանք գոնե ակտուալ չեն, այդքան լայն տարածում չեն գտել: Քանի որ փողը, հիշեք, տալիս է պետությունը, դա հենց հանրության փողն է, և հանրությունը իր ձայնի միջոցով տալիս է հնարավորություն այդ կուսակցությանը հետագայում օգտվելու իր մուծած հարկերից, բաշխումներից, և դրանով ամրանալու կամ ուժեղանալու կամ գտնելու այլ ճանապարհներ, որովհետև նման պարագայում, եթե կուսակցությունը չի հավաքել գոնե մինիմալ աջակցության շեմը, պետք է հասկանա հետևյալը. արդյո՞ք նպատակահարմար է նման գաղափարների տարածումը, միգուցե դրանք ոչ պոպուլյար են, այս պահի դրությամբ Հայաստանում չեն վայելում ժողովրդականություն, հետևաբար ինքը կարող է մտածել ռեֆորմների փուլով և հնարավորություն տա ինքնուրույն գտնելու, այսինքն՝ գոյատևելու ոչ հանրային միջոցների հաշվին: Այսինքն՝ մենք գտնում ենք մի ֆիլտր, որը հնարավորություն է տալիս մեզ հետագայում հասկանալու տվյալ կուսակցության կենսունակության չափը, որովհետև բոլորին հավասարաչափ տալը արդյունք չի տալու, կուսակցական համակարգը չի զարգանալու: Տեսե՛ք, նախորդ ընտրություններին մասնակցել է, ասենք, 15 կուսակցություն, 15-ից կամ 10 կուսակցությունից (սա տեսականորեն եմ ասում) անցել է 2 տոկոսի շեմը 8-ը: Դրանցից 2-ն են մտել խորհրդարան: Ստացվեց, որ 6 կուսակցություն ստանում է հնարավորություն որոշակի ֆինանսավորում ստանալու իր գործունեությունը հետագայում ապահովելու համար: Իսկ այն կուսակցությունները, որոնք չեն ստացել առնվազն երկու տոկոս, պետք է մտածեն այլ տարբերակներ, այլ հնարավորություններ ու զարգացման այլ ճանապարհներ, որը նույնպես կնպաստի հետագայում նոր որակի գաղափարներ տարածելու, որովհետև ասում են՝ կարիքը հայտնագործության մայրն է: Եթե դու չունես հնարավորություն այնպես, ինչպես չուներ «Լուսավոր Հայաստանը» 2015 թվականին (իսկ գիտեք, որ Լուսավոր Հայաստանը պետական ֆինանսավորում ստացել է առաջին անգամ Ելք դաշինքի կազմում 2017 թվականին և 2019 թվականին արդեն որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցություն է միայն ստացել, մենք մենակ այս տարի ենք ստացել ֆինանսավորում պետական՝ որպես առանձին անկախ կուսակցություն), պետք է մտածեն այլ տարբերակներ, ինչպես մենք ժամանակին մտածեցինք: Դա անդամավճաների, նվիրատվությունների դրամահայթյաթման համակարգ է, որը թույլ է տալիս կուսակցությանն այս կամ այն ծրագիրն իրականացնելու համար ներգրավել հանրային միջոցներ` ունենալով հանրային շատ լուրջ վերահսկողություն և պատասխանատվություն այս ոլորտում, որովհետև «Լուսավոր Հայաստանն» իր ներգրաված ցանկացած գումարի համար կրել է պատասխանատվություն, մենք ունեցել ենք հաշվետվություններ և մեր ցանկացած ներդրողի, ովքեր եղել են մեր դրամահայթայթման երեկոներին, ովքեր մեզ տվել են նվիրատվություններ, մենք պատասխանել ենք, թե որտեղ են ուղղվել գումարները, ինչի վրա են ծախսվել, և ինչ արդյունք է ստացվել: - Միգուցե այդ կուսակցությունները Ձեր նշած երկու տոկոսը չեն հավաքել, որովհետև չեն ունեցել ֆինանսական միջոցներ նախընտրական քարոզարշավը լիարժեք իրականացնելու համար, իրենց գաղափարներն ամբողջ Հայաստանի տարածքում տարածելու համար: Չպիտի՞ այդ կուսակցությունները ևս ունենան հնարավորություն զարգանալու այնքան, որ հետո կարողնան ավելի մեծ տոկոսներ հավաքել: - Այստեղ կոնցեպտուալ տարբերություն կա. կուսակցությունների ֆինանսավորումը նրա համար չէ, որ նրանք հնարավորություն ունենան մասնակցելու քարոզարշավներին, քարոզարշավները լրիվ ուրիշ պատմություն են: Խոսքը ֆունկցիոնալության մասին է տարիների ընթացքում, որպեսզի ունենան մինիմալ այն հնարավորությունները, որ տալիս է պետությունը: Մենք հիմա պարտադրել ենք հետևյալը, որ («Լուսավոր Հայաստանի» առաջարկն է)  ցանկացած պարագայում խորհրդարան անցած կուսակցությունը բոլոր մարզերում պետք է ունենա գրասենյակներ, այսինքն` օրենքի պահանջ մենք պետք է դնենք, որի բեռը պետությունն իր վրա կվերցնի: Այսինքն` կտա միայն ծախսային հոդվածով որոշակի գումար կուսակցությանը, թե ինչքան, մոտավորապես մենք ընդհանուր հաշվարկներ ենք արել, դա առավել մանրամասն կքննարկենք նաև հետագայում: Դա ի՞նչ է իրենից ներկայացնում. պետությունը դնում է պարտավորություն և այդ պարտավորութունը որոշակիորեն ապահովելու համար տալիս է ֆինանսական միջոցներ: Կուսակցությունը չի կարող այս գումարը ծախսել այլ նպատակի համար, քան գրասենյակներ, աշխատողներ տվյալ գրասենյակում, որը չի կարող գերազանցել որոշակի թիվը, մենք ենթադրում ենք` երկուսը կամ երեքը: Դա մաքսիմալ թիվն է, որ կարող է ունենալ գրասենյակում` կախված այն տարածքից, որտեղ ինքը զբաղեցնում է, այսինքն` այն ազգաբնակչության թվից, որ ինքը սպասարկում է, և դրան գումարած կոմունալների և հասարակ նյութերի տպագրության համար: Մյուս ոլորտը, որին գումարները պետք է ուղղվեն, առաջին հերթին խորհրդարանական կուսակցությունների կարողության զարգացմանը, որովհետև խորհրդարանականներն ունեն ավելի մեծ պատասխանատվություն, ու կապ չունի այս պահի դրությամբ «Լուսավոր Հայաստա՞նն» է խորհրդարանում, թե՞ այլ քաղաքական ուժ, ցանկացած ուժ, որը գտնվում է խորհրդարանում, պետք է ունենա ավելի մեծ պատասխանատվություն, և ես` որպես ՀՀ քաղաքացի, գտնում եմ, որ պետք է հնարավորություն տալ տվյալ կուսակցությանը, որը այս պահին ունի պոզիտիվ պարտավորություն պետության ու քաղաքացիների հանդեպ ու ունի հնարավորություն այդ ամեն ինչը իրացնելու, ունենա առավել լայն հնարավորություններ ու կարողություններ: Հենց այդ կարողությունների նպաստմանը պետք է ուղղված լինեն գումարները: Իսկ քարոզարշավի համար մենք այս պահի դրությամբ դեռևս չենք քննարկել դրա ֆինանսավորումը, սակայն ենթադրում ենք, որ էլի հիմնականում դա չպետք է լինի պետության կողմից տրամադրվող գումարների հաշվին, այսինքն` պետությունը պարտավոր չէ ֆինանսավորել քարոզարշավները, պետությունը պարտավոր է հավասար պայմաններ տրամադրել իր նյութական բազայից, այսինքն` շենքերից, շինություններից, իր ունեցած ենթակառուցվածքներից, կապի միջոցներից, Հանրային ռադիոյից, հեռուստատեսությունից, օգտվելու հնարավորություն տա բոլորին հավասարաչափ, այսինքն` կարող է ընդլայնել, կարող է նվազեցնել, սակայն պետք է բոլորի համար նույն հավասարաչափ ժամանակահատվածը տրամադրվի: Այս պարագայում սա պետության միակ պարտավորությունն է, իմ կարծիքով: Մնացած բոլոր ոլորտներում, ասենք` քարոզարշավի ֆինանսավորում, պետք է դրվի նույն սկզբունքներով, ինչ մենք անում ենք, այսինքն`  դրամահավաքների, անդամավճարների միջոցով, ընդհանուր կուսակցության միջոցներից է հավաքվում: Կուսակցությունը խոշոր գումարների կարիք մնացած բոլոր ժամանակներում չունի, պետք է օպերոցիոնալ ծախսեր կատարել, ինչ-որ նյութեր տպել, քարոզչություն, և այլն, որոնք ընթացիկ ծախսեր են, սակայն մեծ ծախսերի ծավալը գալիս է քարոզարշավի ժամանակ: Պետությունն այդքան քարոզարշավ չի կարող ֆինանսավորել, մի կողմից, որովհետև եթե ինքը տրամադրի որոշակի միջոցներ, պետք է բոլորի համար հավասար պայմաններ սահմանի, այսինքն` կստացվի, որ եթե, օրինակ, բոլորին տալիս է 100 մլն դրամ, բոլորը կարող են ծախսել 100 մլն դրամ, ոչ մի կոպեկ ավել, ոչ մի կոպեկ պակաս, պատասխանատվություն կրել այդ 100 միլիոնի համար, բայց մյուս կողմից էլ այստեղ էլ արդարության սկզբունքն է կորչում, այսինքն` այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն ավելի շատ գումարներ ներգրավելու կամ ինչ-որ միջոցներ անելու, հա՛, դա ավելի հեշտացնում է համակարգը, տալիս եք 100 միլիոն, ասում եք՝ այսինչը պետք անեք, բայց ստեղծարար ջիղն եք կոտրում: Գումար հայթայթելը նույնպես քարոզարշավի մի մաս է, որովհետև եթե ես կարողանում եմ ինչ-որ մեկին համոզել, որ դրամահայթայթման ժամանակ ինքը որոշակի գումար ներդնի, որպեսզի կարողանանք մենք մեր խոսքը տեղ հասցնել, տպագիր նյութեր ունենալ, քարոզարշավի ժամանակ մեքենա վարձել, այդ ամեն ինչի արդյունքը լինում է այն, որ տվյալ անձը հետամուտ է լինում իր գումարների ծախսմանը, հետամուտ է լինում նաև ընտրությունների ժամանակ և քվեարկության ժամանակ: Որևիցե մարդ, որը ֆինանսական ներդրում է արել, ցանկացած տիպի գումար՝ սկսած 1000 դրամից վերջացրած 100 հազար դրամով, ցանկացած մեկը կգնա այդ օրը ընտրության, կկատարի իր քաղաքացիական պարտքը, բայց, մյուս կողմից, նաև վերահսկողություն կունենա տվյալ կուսակցության վրա, որպեսզի հասկանա, թե ինչպես է ծախսել իր տված գումարը տվյալ կուսակցությունը: - Բանավեճերից մեկի ժամանակ Դուք նշել եք, որ «Կուսակցությունների մասին» օրենքի նոր նախագծում պետք է հստակ նշվի, թե կուսակցությունն ինչ աղբյուրներից կարող է ֆինանսավորվել: Որո՞նք են այն աղբյուրները, որոնցից կուսակցությունը չպետք է ֆինանսավորվի, և ի՞նչ պետք է անել, որ կուսակցությունների ֆինանսավորման ժամանակ բացառվեն կոռուպցիոն ռիսկերը: - Ցանկացած դեպքում կուսակցության ֆինանսավորումը հանրային միջոցներից է: Մենք դա բաժանել ենք մի քանի մասի. առաջինը պետական ուղղակի ֆինանսավորումն է, երկրորդն անդամավճարներն են և երրորդը` նվիրատվությունները ֆիզիկական անձերից: Մենք նույնպես գտնում ենք, որ իրավաբանական անձերից պետք է սահմանափակել նվիրատվությունները որոշակի կաշկանդվածություն չառաջացնելու համար, մյուս կողմից, գտնում ենք, որ նվիրատվության և անդամավճարի չափը տարեկան կտրվածքով պետք է հավասարեցվի մեկը մյուսին, որովհետև սկզբունքային տարբերություն այդ երկուսի մեջ չկա: Եթե այսօրվա գործող օրենքը նայենք, մարդը, որ կուսակցության անդամ է, կուսակցությանը կարող է որպես անդամավճար տալ մեկ միլիոն դրամից ոչ ավել տարեկան, իսկ ֆիզիկական անձը, որ ցանկանում է ֆինանսավորել կուսակցությանը, կարող է միանգածից 10 միլիոն դրամ նվիրատվություն կատարել կուսակցությանը: Իհարկե, դա նշանակում է, որ այս երկու սկզբունքները պետք է իրար հավասարեցվեն, և նվիրատվության չափն ու անդամավճարի չափը հավասարեցվեն, ու այս երեք աղբյուրները կիրառվեն, այսինքն` պետական, անդամավճարներ, նվիրատվություններ ֆիզիկական անձերից: - Մեր այս շարքի հարցազրույցներից մեկը ՀԱԿ-ի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի հետ էր, և նա կուսակցությունների ֆինանսավորման այսպիսի տարբերակ առաջարկեց. տնտեսվարողները իրենց վճարելիք ավելացված արժեքի հարկի որոշակի տոկոսով գումար փոխանցեն ոչ թե պետական բյուջե, այլ մի կուսակցության, որին իրենք նախապատվություն են տալիս: Կուսակցությունների ֆինանսավորման այսպիսի մոդելին Դուք ինչպե՞ս եք վերաբերվում: - Բացասական բավականին, որովհետև դա շահարկումների տեղիք է տալիս, ու նաև հնարավորություն է տալիս ճնշումներ գործադրելու տվյալ տնտեսվարողի վրա: Մենք գտնում ենք, որ բիզնեսը պետք է քաղաքականությունւց առանձնացված լինի, առանձնացված և՛ մարդկանցով, և՛ ռեսուրսով: Այսինքն` այս պարագայում, որպեսզի տվյալ ընկերությունը կարողանա իր նվիրատվությունը կատարել, տվյալ ընկերության սեփականատիրոջը որևիցե մեկը չի խանգարում, որ ինքը իր ունեցած մաքուր շահույթից, որը հարկվել է, տանի և նվիրաբերի տվյալ կուսակցությանը որպես ֆիզիկական անձ, որպես իրավաբանական անձ: Մենք ցանկանում ենք որոշակիորեն սահմանափակում դնել, որը մեզ հնարավորություն կտա ասել, որ բիզնեսը քաղաքականության հետ կապ չունի մեկ, և երկրորդը՝ զերծ պահել բիզնեսին հնարավոր ճնշումներից, որովհետև ցանկացած դեպքում, երբ ինքը որոշում է, որ տվյալ կուսակցությանը պետք է այսքան գումար գնա, տրամաբանական հարց է առաջանում. վերջին 30 տարիների ընթացքում բիզնեսը ավելի շատ ո՞ր կուսակցություններին է ֆինանսավորել: Պատասխանը միանշանակ մեկն է. ֆինանսավորել է այն կուսակցությանը, որը այդ պահի դրությամբ եղել է իշխանության, կապ չունի` եղել է ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն թե ՔՊ-ն: Ցանկացած դեպքում ֆինանսավորումը գնալու է դեպի իշխանություն: Բիզնեսը պետք է լավ հարաբերություններ ունենա իշխանության հետ, ինչո՞ւ, որովհետև առաջին հերթին բիզնեսը առաջնորդվում է իր շահույթով, իր շահով, հետևաբար երբ շահույթը կախված է իշխանության հետ լավ կամ վատ հարաբերությունների մեջ լինելուց, ինքը կնախընտրի ավելի լավ հարաբերություններ ունենալ. ես որոշակիորեն շահույթից կիսվում եմ, հետևաբար լավ հարաբերություն կարող է ունենալ ինձ հետ: Մենք ուզում ենք, որ նման մոտեցում այլևս տեղ չգտնի իրականության մեջ, մենք գտնում ենք, որ բիզնեսը ցանծկացած դեպքում պետք է լինի անկախ ու կախված չլինի նրանից, թե այս պահի դրությամբ ով է իշխանության: Բիզնեսը պետք է միշտ աշխատի իր համար, իր շահույթի համար ու մտահոգված չլինի քաղաքական փոփոխություններով, որովհետև քաղաքական փոփոխությունը առաջին հերթին պետք է լինի քաղաքական, ազդի միայն քաղաքականության ու դրա ընթացքի վրա, չազդի ընդհանուր բոլոր փոփոխությունների վրա, այսինքն՝ չլինի այնպիսի տոտալ փոփոխություն, որ հասարակությանն ամբողջովին փոխի կամ արմատապես փոփոխություններ լինեն: Քաղաքականության փոփոխությունները պետք է լինեն աստիճանաբար ու կետային, այսինքն` թիրախային փոփոխություն պետք է լինի: - Այսինքն` մտածում եք, որ այս տարբերակում կարող են նաև կոռուպցիոն ռիսկե՞ր լինել: - Իհարկե կարող են: Օրինակ, հարկայինի ղեկավարը, հիպոթետիկ, իր լոյալությունը ցույց տալու համար իշխանություններին, թեկուզ նաև առանց իշխանությունների իմացության, կարող է որոշակի ինքնագործունեությամբ զբաղվել ու ստիպել այս կամ այն ընկերությանը ֆինանսական միջոցներն օգտագործել, կամ ընկերությունը, մտածելով, որ կունենա որոշակի ֆինանսական արտոնություններ, հարկային արտոնություններ առաջիկայում, ինքը նախաձեռնի նման մոտեցում, ինքը փորձի ֆինանսավորել՝ հետագայում այլ ակնկալիքներ ունենալով, որովհետև իրավաբանական անձի ակնկալիքը, որը նաև առևտրային կազմակերպություն է, շահույթ հետապնդող կազմակերպություն է, շատ տրամաբանական է, որ այդ ընկերությունը ներդրում է անելու, դիտարկելու է ցանկացած նվիրատվություն ներդրում, որն իրականում հետ է գալու: Ֆիզիկական անձի պարագայում ներդրումն այլ կերպ կարող է լինել. պարտադիր չէ այս առօրեական, այսօրվա շահույթ լինել: Զուտ նրա համար, որ ինքը համակրում է տվյալ կուսակցության գաղափարախոսությանը, ցանկանում է, որ այն ծրագրերը, որ ներկայացնում է այդ կուսակցությունը, հնարավորություն ունենան կյանքի կոչվելու, որը կազդի հետագայում իր, իր զավակների, իր հետագա սերունդների կյանքի վրա, ինքն այսօր այդ գործունեությանը մասնակցում է, որոշակի ֆինանս է ներդնում: Ներդնում է իր աշխատածը, ներդում է այն մասը, որ լարող էր ծախսել իր վրա, սակայն գտնում է, որ պետության համար այս ծրագրերն իրականացնելու համար պետք է հնարավորություն տա այս խումբ մարդկանց, այս կուսակցությանը, որ նաև հնարավորություն կտա հետագայում վերահսկելու, պահանջելու տվյալ կուսակցությունից, որ կատարի այն, ինչ խոստացել է: - Մեր հարցազրույցներւց մեկն էլ «Լուսավոր Հայստանից» Գևորգ Գորգիսյանի հետ էր, և պարոն Գորգիսյանն ասաց, որ աշխատանքային քննարկումների ժամանակ փորձում եք հարցին մոտենալ կոնսենսուսային տարբերակով, ու ստացվում է: Հիմա էլի ստացվո՞ւմ է, թե՞ տարաձայնություննեը կան. օրինակ, «Լուսավոր Հայաստանը» ներկայացրե՞լ է այնպիսի առաջարկներ, որոնք հավանության չեն արժանացել: - Առայժմ ներկայացված առաջարկների շուրջ քննարկումներ տեղի չեն ունեցել: Աշխատանքային պրոցեսի ընթացքում լինում են, իհարկե, անհամաձայնություններ, սակայն մեր վերջնանպատակն է առաջարկել կոնսենսուսային տարբերակ, ինչը հնարավորություն կտա ասելու, որ պատասխանատվությունը հավասարաչափ կկրեն երեք քաղաքական ուժերն էլ այսօրվա «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններից հետո, այսինքն` կոնսենսուսը նշանակում է առաջին հերթին պատասխանատվության կիսում նաև մյուսների հետ: «Լուսավոր Հայաստանը» երբեք չի խուսափել պատասխանատվությունից, և մենք գտնում ենք, որ ցանկացած դեպքում հնարավորություն կա, որ մենք այսօր ազդենք հետագա գործողություների վրա, այսինքն` կուսակցությունների զարգացման, կուսակցական համակարգի կայացման վրա, և կրենք դրա համար պատասխանատվություն: Իհարկե, հեշտ կլիներ ցանկացած դեպքում ասել, որ չկա կոնսենսուսային տարբերակ, մենք որևիցե բան իշխանությունների հետ չենք քննարկում, ու խուսափել պատասխանատվությունից` ամբողջ բեռը թողնելով իշխանությունների վրա: Բայց մենք նաև այսօր հասկանում ենք, որ «Լուսավոր Հայաստանը» ստացել է քվեներ, ու այդ քվեները մեզ տալիս են պատասխանատու լինելու պահանջ, այսինքն` մենք պետք է կրենք այդ պատասխանատվությունը, որպեսզի կարողանանք մեր ընտրողներին նաև ապացուցել, թե ինչի համար ենք այստեղ հայտնվել, ու կարողանանք իրացնել նաև այդ մեզ տրված մանդատը: RElection ծրագրի ձևաչափի համաձայն՝ յուրաքանչյուր բանախոս հնարավորություն ունի հարց ուղղելու հաջորդ  բանախոսին: Կարեն Սիմոնյանի հարցը. «Աշխարհում այս պահի դրությամբ քննարկում է գնում, որ կուսակցություններին որևիցե ձևով այլևս պետք չեն գաղափարական ուղղվածություններ: Ադրդյո՞ք բանախոսը գտնում է, որ կուսակցություն ստեղծելու համար պետք չէ այլևս որևիցե գաղափարական հիմք, լինի դա լիբերալիզմ, կոմունիզմ, սոցիալիզմ, թե՞ դա պարտադիր պայման է, ու պետք է ցանկացած դեպքում կուսակցությունն ունենա գաղափարական հիմք, և արդյո՞ք կուսակցությունը պետք է ներկայացնի որոշակի խմբի շահերը, ինչպես օրինակ բանվորական կուսակցությունները՝ Անգլիայում, թե՞ պետք է ցանկանա ներառել բոլորին ու ներկայացնել բոլորի շահերը»:    
15:23 - 31 հոկտեմբերի, 2019
RElection [#17] Պետք է առաջնային մանդատ ունեցող պատգամավորի նկատմամբ ճնշում գործադրելու ինստիտուտ չլինի հետկանչի մեխանիզմը. Արթուր Սաքունց

RElection [#17] Պետք է առաջնային մանդատ ունեցող պատգամավորի նկատմամբ ճնշում գործադրելու ինստիտուտ չլինի հետկանչի մեխանիզմը. Արթուր Սաքունց

RElection նախագծի շրջանակներում տեղական հանրաքվեների և հետկանչի մեխանիզմների թեմայով զրուցել են «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ: - Պարո՛ն Սաքունց, այս թեմայով մեր նախորդ զրուցակիցը «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» խորհրդի անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանն էր, և ծրագրի ձևաչափի համաձայն՝ նա Ձեզ հարց է ուղղել. «Արդյո՞ք Դուք հնարավոր եք համարում Հայաստանում հետկանչի ինստիտուտի ներդրումը: Ի՞նչ եղանակներով դա պետք է իրականացվի, և արդյո՞ք հետկանչի ինստիտուտը պետք է գործի առանձին պաշտոնատար անձանց դեպքում, թե՞ ինստիտուտների դեպքում ևս»:- Հետկանչի մեխանիզմ ասվածը շատ հասկանալի է, բայց դրա կիրառելիության թույլատրելիությունը առանձին ինստիտուտների հետ կապված խիստ վիճահարույց է: Գտնում եմ, որ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ չպետք է կիրառվի հետկանչի մեխանիզմ, որովհետև նրանք առաջնային մանդատ ունեցող, ժողովրդի կողմից ընտրյալներն են, և պետք է ընտրվելուց հետո իրենց գործառույթներն իրականացնեն մինչև ժամկետի ավարտը, հակառակ պարագայում ընտրությունների գաղափարը ամբողջությամբ կամ քաղաքական գործընթացների գաղափարն ամբողջությամբ կխաթարվի: Արժե քննարկել, թե արդյո՞ք ԱԺ-ի կազմը կարելի է, ենթադրենք, որոշ ժամկետից հետո ինչ-որ չափով, մեկ երրորդով կամ մեկ քառորդով վերընտրել: Դա ես ուղղակի զուգահեռ եմ անցկացնում Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հետ, որը, ճիշտ է, ընտրվում է 4 տարի ժամկետով, բայց ընթացիկ ընտրությունների կազմակերպման միջոցով, կարծես, թարմացվում է: Սա հարց է, որ պետք է քննարկել, բայց էլի նկատենք, որ դա ոչ թե հետկանչի մեխանիզմ է, այլ քաղաքական գործընթացների փոփոխությանը համարժեք Ներկայացուցչական պալատի համապատասխանեցնելու տրամաբանությունն է աշխատում: Որպես հեկանչի մեխանիզմ պետք է դիտարկել իմպիչմենտ ասվածը, որ կարող է կիրառվել, եթե նախագահն ուղղակի ընտրությամբ է, նախագահի, կամ, ենթադրենք, ինչ-որ այլ ուղղակի ընտրությամբ ընտրվող մարմնի նկատմամբ: Քանի որ մերը պառլամենտական կառավարման է, չեմ կարծում, որ նախագահը ունի այն լիազորությունները, որոնց իրականացումն այնքան կենսական նշանակություն ունի, և որն անհրաժեշտաբար կենթադրի իր լիազորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում անվստահության հարցը բարձրացնել ԱԺ-ում: Եթե պառլամենտական կառավարման պայմաններում  նախագահն ընտրվեր ուղղակի, այնպես, ինչպես ընտրվում է Լեհաստանում, Ռումինիայում կամ Բուլղարիայում, պարզապես լիազորությունների որոշակի սահմանափակում կա, ինչպես Վրաստանի նախագահն էր մինչև վերջին փոփոխությունները ընտրվում ժողովրդի կողմից, ապա այդ դեպքում երևի թե իմաստ ունի հետկանչի  մեխանիզմը գործարկել որոշակի պահանջներին չբավարարելու դեպքում; Իմ համոզմամբ՝ կա խնդիր, և կա այդ անհրաժեշտությունը, որ համայնքի ղեկավարը, եթե նա ընտրվի (Հայաստանում հիմա համայնքի ղեկավարները, բացի Երևան, Վանաձոր և Գյումրի քաղաքաներից, ուղղակի են ընտրվում. ուղղակի ընտրվում են և՛ ավագանին, և՛ համայնքի ղեկավարները), ապա այդ համայնքներում տեղական հանրաքվե կարելի է կիրառել, որ համայնքի ղեկավարին ժամկետի ավարտից շուտ ինչ-ինչ խնդիրների առկայության դեպքում, եթե համայնքի բնակչությունը գտնում է, որ չի բավարարել, չի համապատասխանում նրա գործունեությունը, և այդտեղ չկա որևիցե քրեական հետապնդման խնդիր, բայց բարեխիղճ, արդյունավետ կառավարման մասին է խոսքը, ապա կարող են հանրաքվե նախաձեռնել և հետ կանչել: Դա, իհարկե, պետք է ոչ թե լինի այնպես, որ ցանկացած ժամանակ հանրաքվե անցկացնեն, այլ որոշակի պայմաններում, ենթադրենք, ընտրվելուց հետո առաջին կես տարում իրավունք չունեն կամ մեկ տարում իրավունք չուեն հանրաքվե անցկացնել, կամ պաշտոնավարման վերջին մեկ տարում իրավունք չունեն տեղական հանրաքվեով պահանջել նրա պաշտոնից հեռացումը: Ներկայացուցչական մարմինների նկատմամբ ընդհանրապես չի կարելի կիրառել այդ նույն սկզբունքը: Կառավարության դեպքում, երբ խոսքը վերաբերում է վարչապետին, ապա շատ հստակ պետք է սահմանվի, որ կառավարության ծրագիրը չհաստատելու դեպքում արդեն ուղղակի հարց է առաջանում խորհրդարանի ցրման և խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցը, որ պետք է նույնպես շատ հստակ կարգավորվի, կամ նախատեսվի, որ, ենթադրենք, մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը պառլամենտում փոխի վարչապետին, որի հնարավորությունն ունի: Կամ եթե կոալիցիա է, ապա նույնպես կարող է այդտեղ հետկանչի մեխանիմզը կիրառելի լինել: Այսինքն՝ մենք հասկանանք հետևյալը, որ սկզբունք է, որ ներկայացուցչական մարմիններում, դա կլինի պառլամենտ, թե տեղական պառլամենտ՝ հանձին ավագանու, չի կարելի կիրառել հետկանչի մեխանիզմն ընդհանրապես որպես սկզբունք, այլ կարող է դիտարկվել ազգային մակարդակում պառլամենտի ինչ-որ մի հատվածի վերընտրություն, բայց տվյալ դեպքում, քանի որ մենք ունենք մի մասի վերընտրություն, թարմացում, քանի որ մեզ մոտ համամասնական ընտրակարգով է, մեծամասնական ընտրակարգ չկա, ապա այդ դեպքում թարմացնելու մեխանիզմը վերաբերելու է, ամենյան հավանականությամբ, կուսակցությունների ցուցակներում ընդգրկված թեկնածուների շրջանակում, բայց դա պետք է քննարկել, որովհետև, ենթադրենք, կուսակցությունն ունի 100 հոգանոց թեկնածուների ցուցակ, ունի 10 պատգամավոր, ապա կարող է նախատեսվել, որ այդ 10 պատգամավորից 3-ը 2 տարի հետո փոխարինվում են 10-ից հետո եկող այլ մարդկանցով՝ էլի որոշակի սկզբունքով: Սա նաև կուսակցական համակարգի կայացմանն ուղղված նպաստավոր դրույթ կլինի: Իսկ իմպիչմենտ պետք է կիրառել գործադիր մարմնի ներկայացուցիչների նկատմամբ միայն, եթե նրանք ընտրվում են, իրենց գործառույթները պատշաճ չկատարելու դեպքում: Կամ կարող է լինել այնպիսի մի իրավիճակ, որ գործադիր իշխանության ղեկավարը կորցրել է վստահությունը: Նկատի ունեմ ոչ թե հանրային վստահությունը այն առումով, որ, ենթադրենք վատ քաղաքականություն կամ ոչ պոպուլյար քայլեր է կատարել, այլ թափանցիկ չի աշխատել, հաշվետու չի աշխատել, և այնպիսի գործարքներ են, որոնք չեն ձգում որպես քրեական հետապնդում, բայց որոնք, ենթադրենք, բարենպաստ նշանակություն չեն ունեցել, և խորացնում են ինչ-ինչ խնդիրներ կամ ինչ-որ ճգնաժամեր են առաջացնում: Այդ դեպքում իրապես ինպիչմենտը որպես իրավիճակ, խնդիր լուծելու տարբերակ պետք է ճանաչվի հստակ կանոնակարգելով և հստակ չափանիշերով: - Նրանք, ովքեր կողմ են հետկանչի մեխանիզմներ ներդնելուն, ասում են, որ սա ուղիղ ժողովրդավարության գործիք է, և մարդիկ պետք է հնարավորություն ունենան անվստահություն հայտնելու այն պաշտոնյաներին, ինստիտուտներին, որոնց իրենք ընտրել են: Եթե մենք այս մեխանիզմները չենք ներդնում, չե՞նք զրկում ընտրողներին ուղիղ ժողովրդավարության գործիքներից: - Եկեք վերստին արձանագրենք. ուղղակի ժողովրդավարություն է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը, երբ դու անմիջականորեն ընտրում ես և նաև որոշումմների կայացման մեխանիզմը պետք է ունենաս, ուղղակի ժողովրդավարության մեխանիզմ պետք է դիտարկել հենց հանրաքվեները, երբ համայնքային նշանակության որևէ խնդրի լուծման վերաբերյալ համայնքի բնակիչները իրենց մոտեցումը, դիրքորոշումը արտահայտում են տեղական հանրաքվեների միջոցով: Ընդ որում՝ այդ տեղական հանրաքվեի շրջանակում դիտարկվող հարցերը պետք է նույնպես ունենան իրենց շրջանակը. դրանք ոչ թե պետք է լինեն երկրորդական, ինչպես հիմա է, այլ նաև ուղղակի վերաբերեն համայնքի ինքնակառավարման մարմինների գործառույթների շրջանակում լուծվելիք այնպիսի խնդիրների, որոնք էական նշանակություն են ունենում համայնքի զարգացման համար: Բայց այնպիսի հարցեր, ինչպիսիք տեղական տուրքերը և հարկերն են կամ տուգանքները, որոնք ավագանին է սահմանել, չպետք է, իհարկե, դառնան հանրաքվեի առարկա, որովհետև բնակչությունը, ենթադրենք, հանրաքվե է անցկացնում, ասում՝ ազատում ենք բոլորին տեղական հարկերից՝ գույքահարկից կամ հողի հարկից կամ նախատեսում ենք 50 տոկոսով զեղչ գույքահարկի: Այսինքն՝ կան հարցեր, որոնք չի կարելի առարկա դարձնել ընթացիկ հասարակական տրամադրություններին: Ընթացիկ հասարակական տրամադրությունների ազդեցությունը ժողովրդավարական պետությունում նշանակություն ունի այն իմաստով, որ դրանք պահանջ են հանդիսանում և հիմք են հանդիսանում, որպեսզի որոշում կայացնելուց առաջ գնա երկխոսություն, գնա քննարկում, իրազեկում, հիմնավորում: Այնսինքն՝ սա է իմ ամբողջ խնդիրը, ուղղակի ժողովրդավարության մեխանիզմ է հենց այդ քննարկումը նաև, որովհետև սովորաբար հանրաքվեները նաև ծախսատար պրոցես են: Այդ առումով ես չեմ գտնում, որ ԱԺ-ի պատգամավորների նկատմամբ կիրառելի է: Առաջին հերթին, քանի որ համամասնական է, դա արդեն հանվում է օրակարգից: Դու չես կարող համազգային հանրաքվե անցկացնել և պահանջել, որ այսինչ կուսակցությունը մանդատները պետք է վայր դնի, որովհետև դա աբսուրդ է: Ընտրության պարբերականությունն է նաև ժողովրդավարության կայունության երաշխիքը, այսինքն՝ ժողովրդավարությունը պետք է դիտարկել կայունության տեսակետից որպես երևույթ: Երբ դու հաճախակի, ընթացքում ինչ-որ փոփոխությունների ուզում ես հասնել հանրաքվեի ճանապարհով, ապա, այդ դեպքում, ապակայունացման ռիսկերը մեծանում են: Ես պատահական չնշեցի հարկերը կամ տեղական տուրքերը. ենթադրենք հարկային օրենսգրքում որոշվում է, որ, ելնելով հանրային ծառայությունների կարգավորուման պետական ինստիտուտների ծառայության մատուցման տեսակետից, պետք է ոչ թե 100 միավոր գումար հատկացնել, այլ՝ 50, և այդտեղ նման հարցերը տեղափոխել հանրաքվեի լուծման միջոցով, երևի թե ճիշտ չէ: Բայց կարող են երկրի ինքնիշխանության հետ կապված հարցեր լինել, ասենք, միջազգային որևիցե պայմանագրին կամ պակտին կամ միությանը միանալու պարագայում կամ հավանություն տալու հետ կապված, կարող է նախատեսվել հանրաքվե, որպեսզի ժողովրդը, քաղաքացիները իրենց կամքը ներկայացնեն: Ամենաթարմ օրինակը Brexit-ն է: Ըստ էության՝ Մեծ Բրիտանիայում այս հանրաքվեն անցկացվեց՝ որոշելու համար Մեծ Բրիտանիան մնո՞ւմ է Եվրամիության կազմում, թե՞ դուրս է գալիս: Եվ հիմա, իհարկե, շատ կարևոր նշանակություն ունի հանրաքվեն, բայց պոպուլիստական, ոչ պատշաճ իրազեկման հետևանքով ընդունվել է մի որոշում, որ բնակչության մի մասի մոտ արդեն բավականին լուրջ հարցեր են ծագում: Տուրք տալով ինչ-որ մտայնությունների, ինչ-որ մոտեցումների, ոչ պատշաճ գնհատելով դրա հետևանքները՝ հանաքվե են անցկացրել, և հիմա ևս մեկ տարի ձգվում է, մինչև հիմա դուրս չեն եկել, Brexit-ը չի իրականացվել: Brexit-ի հետ կապված նաև հարց է առաջանում Շոտլանդիայի՝ Մեծ Բրիտանիայի կազմում մնալու; Այսինքն՝ երբ մենք խոսում ենք հետկանչի մեխանիզմի մասին, պետք է մի քանի կարևոր հանգամանք հաշվի առնենք հենց ժողովրդավարական պետության կայունության տեսակետից, ոչ թե ճահճային կայունության մասին է խոսքը, այլ այն խնդիրների բովանդակությունը պետք է հաշվի առնել, որոնք կարող են դրվել հանրաքվեի կազմում և դրանով որոշվեն: Իմ համոզմամբ՝ այստեղ մենք անվստահություն ենք հայտնում ժողովրդավարական մյուս ինստիտուտներին, հանձինս պառլամենտի, նախագահի, եթե ուղիղ է ընտրվում: Բայց մյուս կողմից կա ավելի վատթար տարբերակը. կարող է որոշակի տարածքում ինչ-որ պատգամավորի կամ քաղաքական ուժի ներկայացուցչի հետ կապված կա տեղական շահերի բախում, և որոշեն որոշակի խմբեր, իրենց շահերից ելնելով, մանիպուլացնել և հանրաքվե նախաձեռնեն, և պահանջեն, որ հետ կանչի: Այսինքն՝ դու դրանով ԱԺ պատգամավորի և օրինաստեղծ աշխատանքի վրա բացում ես բացասական ազդեցության տարբերակը: Պետք է ասեմ, որ, իհարկե, ուղղակի ժողովրդավարության այն մեխանիզմը, որ գոյություն ունի Շվեյցարիայում, որտեղ ուղղակի քվեարկում են, ունի ավանդույթը, այսինքն՝ այդ ուղղակի ժողովրդավարության տեսակները խիստ բազմազան են, բայց ամեն մի պետությունում դա հանդիսանում է իրենց զարգացման շրջանակում ձևավորված ավանդույթի արտահայտումը: Մենք, ցավոք սրտի, այդպիսի երկար զարգացման ավանդույթ չունենք, մեր այս կարճ ժամկետում՝ 30 տարվա ընթացքում, կարող ենք հիշել անկախության հանրաքվեն, Սահմանադրության ընունման և փոփոխությունների հանրաքվեները, որոնք, ցավոք սրտի, լավ օրինակներ չեն, որ հղում կատարենք: Տեղական հանրաքվեի պրակտիկա, ցավոք սրտի, նույնպես չունենք, դա էլ առանձին հարց է (հանրաքվեի միջոցով հետկանչի մասին է խոսքը, հանրաքվեի միջոցով ինչ-որ խնդրի լուծման): Ես կուզենայի, որ մենք պաշտոնատար անձանց հետկանչի խնդիրները նաև դիտարկենք նշանակության տեսակետից՝ արդյոք ինչքանո՞վ է դա արդյունավետ, և միաժամանակ այն հարցերի լուծման տեսակետից, որոնց վերաբերյալ հանրաքվեով պետք է որոշում կայացնել, որը, ըստ էության, պարտադրում է առանց  մարդկանց հետկանչելու գործողություն կատարել: Որովհետև երու տարբերակ կա. երբ որ նա չի կատարում քո ենթադրյալ կամ ակնկալիք գործողությունը, իրեն ես հետ կանչում, որպեսզի հաջորդը, որը պետք ընտրվի, ցանկալի որոշումը ընդունի, կամ դու ուղղակի խնդրի վերաբերյալ ենթադրյալ որոշումը հանրաքվեի միջոցով ես լուծում և պարտադրում, որ նա կատարի: Այստեղ բազմազանությունը շատ-շատ է: Կարելի է ասել՝ անձանց հետկանչի և որոշումների հետկանչի և կամ որոշումների պարտադրանքի այդ երկու մեխանիզմները կան: Մենք ունենք, իհարկե, այսօրվա կասկածելի Սահմանադրության մեջ օրենքների ընդունման նպատակով հանրաքվեների ինտիտուտը, երբ որ կարելի է ստորագրահավաք կազմակերպել և պահանջել հանրաքվե ինչ-որ իրավական նորմերի ընդունման նպատակով: Դեռևս չի կիրառվել, պետք է դիտարկել նաև դրանց հնարավորությունը, որովհետև կարող ես այնպիսի պայմաններ առաջադրել, որ անհնար լինի դա իրագործելը ժամկետների տեսակետից, թվաքանակաի տեսակետից, ռեսուրսների տեսակետից: Այնպես որ, եկեք այսպես ասենք, հարցը թողնում ենք բաց, բայց միաժամանակ կան հստակ, որոշակի մոտեցումներ՝ ելնելով շատ-շատ ռիսկերից, որպեսզի այդ ռիսկերը չավելացնենք, այլ ռիկսերն ընդհանրապես չունենան հնարավորություն: Պետք է առաջնային մանդատ ունեցող պատգամավորի նկատմամբ ճնշում գործադրելու ինստիտուտ չլինի հետկանչի մեխանիզմը: Սա շատ կարևոր հանգամանք է և ի սկզբանե ելնում է խորը անվստահության կոնցեպտից. ոչ թե դու պետք է խորը անվստահության կոնցեպտի տեսակետից հետկանչի մեխանիզմին մոտենաս, այլ պետք է քննարկումների, մասնակցության աստիճանի բարձրացման միջոցով լեգիտիմ որոշումների կայացման մեխանիզմը զարգացնես: Պետական դավաճանություն կարող է լինել, հանցագործություն է, որի համար քրեական հետապնդում է, բայց, այնուամենայնիվ, դրա համար կարող է ինչ-ինչ հանգամանքներում քրեական հետապնդումը քաղաքական նպատակներ հետապնդի, և այդ դեպքում պետք է դժվարացնել պրոցեդուրան անվստահություն հայտնելու, որի արդյունքում նոր կարող են քրեական պատասխանատվության ենթարկել: Դատական իշանության հետ կապված իմպիչմենտի մեխանիմզը՝ կարգապահական վարույթի հարուցումը, երբ կարող են որոշակի գործողությունների համար ազդել դատավորի վրա և նույնիսկ ազատվել դատավորից: Օրինակ, հիմա առաջարկվում է վեթթինգ մեխանիմզը՝ բարեվարքության կանոնների հետ կապված: Եկեք հասկանանք, որ հետկանչի մեխանիզմը ժողովրդավարական մեխանիմզմներից մեկն է, բայց ունիվերսալ չէ և համընդհանուր չի կարելի կիրառել բոլոր ինստիտուտների նկատմամբ, չի կարելի կիրառել բոլոր հանգամանքներում և բոլոր հարցերի կիրառման ժամանակ: Հանրաքվեն՝ որպես անմիջական և ուղղակի ժողովրդավարական մեխանիզմ, նույնպես կարևոր գործիքներից մեկն է, բայց նորից նրա միջոցով լուծվելիք հարցերի շրջանակը տեղական և ազգային մակարդակներում պետք է լինի հստակ սահմանված այնպես, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված լինի որևէ կենսական կամ համակարգային նշանակություն ունեցող խնդրի լուծման տեսակետից: Ես օրինակ բերեմ, որ, իհարկե, Հայաստանի համար կիրառելի չէ. մահապատժի վերացումը կարող է հանրաքվեի հարց դառնալ. պետությունը կամ հանրությունը հաաձա՞յն է մահապատժի վերացմանը ժողովրդավարական երկրներում, որտեղ դեռևս կա: Միացյայլ Նահանգնրում առանձին նահանգներում հանրաքվեի միջոցով են այդ հարցերը լուծում: Մեզ մոտ կարող են այդպիսի խնդիրներ լինել ասենք ճանապարհի կառուցումը: Շիկահողի արգելոցով պե՞տք է ճանապարհը գնա, թե՞ ոչ: Այդտեղ, իհարկե, պետք է հանրաքվեով որոշվի այդ խնդիրը: Կամ որևիցե քաղաքում ինչ-որ տարածք պետք է հատկացվի գործարան, մեծ խանութ կամ ծառայության վայր կառուցելու համար:  Անհրաժե՞շտ է հանրաքվե անցկացնել. ես կարծում եմ՝ այո, որովհետև կարող է դա աղճատել ճարտարապետական տեսքը, կարող է աղճատել նկարագիրը: Դա ոչ թե վերաբերում է կոնկրետ ինչ-որ անձանց շահեի, որ իմ տունը կարող է վնասվել և այլն, դրա համար կա այլ ընթացակարգ, այլ վերաբերում է հանրային այնպիսի շահերին, որ առնչվում են բոլորին: Նույն ձևով կարող է լինել իմ ասած տարածքների հատկացումը որևէ շինարարական, արտադրական կամ մշակութային կամ այլ նպատակներով: Լավ գործիքներ են, բայց լավ գործիքները կարող են արդյունավետ լինել, եթե նրանք ճիշտ խնիրների և համապատասխան ուղղություններով հստակ սահմանված լինեն: - Պարո՛ն Սաքունց, երբ նախորդ անգամ զրուցում էինք, Դուք ասացիք, որ մենք կարիք ունենք փոփոխություններ իրականացնելու ոչ միայն «Կուսակցությունների մասին» օրենքում, Ընտրական օրենսգրքում, այլ նաև «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում: Որո՞նք են այն փոփոխությունները, որ այս օրենքում պետք է արվեն: - Մի փոքր հիշեցնեմ, որ նախոդ Սահմանադրությունում կար այսպիսի մի հստակ հոդված, որ հանվեց երևի թե մեր կողմից նախաձեռնած տեղական հանրաքվեի փորձից հետո. համայնքային նշանակության խնդիրները կարող են լուծվել հանրաքվեի միջոցով: Այդ դրությը հանվեց Սահմանադրությունից, «Տեղական հանրաքվեի մասին» օրենքը մնաց: Էլի գտնում եմ, ինչպես քիչ առաջ նշեցի, որ համայնքային մակարդակում համայնքի ղեկավարի հետկանչի մեխանիմզը պետք է լինի լուծելու հարց հանրաքվեի միջոցով, որը մեզ մոտ չկա, այյսինքն՝ վերականգնել դա, և դա ենթադրում է նաև սահմանադրական հոդվածի փոփոխություն՝ էլի հստակ սահմանելով՝ ընտրությունից ինչքան ժամանակ հետո չի կարող լինել: Որովհետև եթե ընտրվել է, ու կես տարի հետո որոշում ես դու հանրաքվեով հետ կանչել կամ անվստահություն հայտնել, մի քիչ տարօրինակ է: Առնվազն կես տարին բավարար չէ, որ մարդը կարողանա ինքնադրսևորվել: Մեկ տարին ողջամիտ ժամանակ է տեղական մակարդակով, որպեսզի կարողանաս եզրակացություն կազմել համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման մասին: Մյուս կողմից էլ  պաշտոնավարման ժամկետը լրանալուց մի տարի առաջ չի կարելի, որովհետև դա արդեն ենթադրվող հաջորդ ընտրությունների վրա ազդելու միջոց կարող է լինել, որը կարող է նախաձեռնել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով որևիցե ընդդիմադիր ուժ կամ քաղաքացիների որևիցե խումբ: Պետք է, ուրեմն, այդ ժամկետում քաղաքացիները, համայնքի բնակիչները հնարավորություն ունենան հանրաքվեի միջոցով համայնքի ղեկավարին հետ կանչելու, և դա պարտադրվի: Ասեմ, որ եթե նույնիսկ Վանաձոր, Գյումրի, Երևան քաղաքներին է վերաբերում, որտեղ ավագանիները ձևավորվում են համամասնական ընտրակարգով (ի դեպ, նախատեսվում է, որ պետք նաև ընդլայնվի, քաղաքացիական նախաձեռնություններով գուցեև հետագայում, կամ ենթադրենք այնպիսի մի կարգավորում լինի, որ քաղաքացիություն չունեցող անձինք՝ փախստականները, քաղաքական ապաստան հայցողները, միգրանտները, որոնք համայնքներում բնակվում են, իրավունք ունենան մասնակցելու ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքային մակարդակում), եթե այդ տեսակետից ենք նայում, ապա հանրաքվեն դառնում է անմիջական ժողովրդավարության ինստիտուտ, որ ավագանու անդամները, որոնք ըտրվել են, չենթարկվեն միայն կուսակցության պահանջներին: Ներկուսակցական հարցերի շրջանակներում բնակիչները զրկվում են պարտադրելու իրավունքից, որովհետև կուսակցությանը դու չես կարող թելադրել, իսկ հանրաքվեի միջոցով կարող ես պարտադրել, որ, ենթադրենք, Պողոսը, որն այդ մեծամասնություն ունեցող կուսակցության ներկայացուցիչն է որպես քաղաքապետ, փոխարինվի մեկ այլ անձով: Այստեղ կա նաև կուսակցությունների վրա ազդելու համայնքի բնակչության այդպիսի ինստիտուտ: Ես գտնում եմ, որ սա պետք է ներմուծվի: Ուզում եմ ավելացնել, որ բացի տեղական հանրաքվեից, պետք է նաև իրապես բավական լուրջ փոփոխություն մտցվի ազգայի մակարդակով, հանրապետական հանրաքվեի օրենքում, որպեսզի նա նույնպես արդյունավետ աշխատի, բացի նրանից, ինչ նշված է, պետք է հստակ նրա արդյունավետությունն ապահովվի, որոշակի խնդիրները, որ կան, մի քիչ ընդլայնվեն: - Նախորդ զրույցի ժամանակ Դուք նաև նշեցիք, որ տեղական հանրաքվեները ոչ միայն կարող են օգտագործել քաղաքացիները՝ տեղական նշանակության հարցերը լուծելու համար, այլ նաև կուսակցությունները: Ինչպե՞ս են կուսակցություններն օգտագործելու տեղական հանրաքվեները որևէ հարց լուծելու համար: - Ենթադրենք, արտախորհրդարանական կուսակցություն է կամ կուսակցություն, որը փոքրամասնության մեջ է, և ֆունդամենտալ ինչ-որ հարց կա, որտեղ փորձ է արվում էական և բովանդակային նշանակության հարցերին տալ մեխանիկական լուծումներ՝ զուտ օգտվելով թվային մեծամասնությունից: Այդ դեպքում, եթե քաղաքացիները այդ փոքրամասնություն ունեցող կուսակցության դիրքորոշմանը հավանություն են տալիս, բայց չունեն տեղական ինքնակառավարման մարմնի ենթադրյալ որոշման վրա ազդեցություն, ապա կուսակցությունն ինքը կարող է նախաձեռնել: Եվ եթե ստանում է բնակչության հավանությունը իր այդ մոտեցմամբ, ապա նա է դառնում որոշիչը, այսինքն՝ այստեղ հավասարակշռում է մեծամասնության իշխանությունը, որովհետև ժողովրդավարության բուն էությունը իրապես մեծամասնության սահմանափակ իշխանությունն է: Այդ մեծամասնության իշխանության սահմանափակվածության կամ սահմանափակելու գործիքներից մեկը կարող է հանդիսանալ հանրաքվեն, որ կարող է նախաձեռնել փոքրամասնության մեջ գտնվող կուսակցությունը կամ կուսակցությունների մի խումբ, որոնք, ունենալով համայնքի բնակչության աջակցությունը, կարողանան պարտադրել և կայացնեն այն որոշումը, որը գտնում են, որ համայնքի բնակիչների շահերից է բխում: Եվ եթե համայնքի բնակիչները գտնում են, որ դա իրապես իրենց շահերից է բխում, բնականաբար, կքվերակեն, և մեծամասնություն կստանա այդ որոշումը: Եթե որևիցե կուսակցություն չի ներկայացնում, արտախորհրդարանական կուսակցությունը կարող է նախաձեռնել, և ինքը սպասում է ոչ թե մինչև մյուս ընտրությունները, այլ նաև ունենում է գործիք քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալու: Սա էլ նաև կուսակցությունների կայացման կարևոր լծակներից, գործիքներից մեկն է, որ գտնվելով դրսում, համայնքի բնակչության աջակցությունը ստանալով՝ կուսակցությունը նաև կարողանում է ազդել այդ որոշումների վրա: Սա ժողովրդավարության զարգացման տրամաբանությունից, անհրաժեշտությունից է բխում: Որտեղ ապրում ենք, այնտեղ պետք է ժողովրդավարություն մշակույթ ձևավորենք: Բայց մշակույթի ձևավորման համար պետք են գործիքներ, որ դու մարդկանց համոզելու հնարավորությունն ունենաս և նաև որոշում կայացնելու կամ որոշումը պարտադրելու կամ որոշմանը մասնակցելու հնարավորություն ունենաս: Ես կարծում եմ, որ այստեղ մենք, ելնելով մեր առանձնահատկություններից, որ չենք ունեցել ժողովրդավարական զարգացման նախապատմություն, պետք է մտածենք այդ գործիքների բազմազանության ձևավորման մասին, որպեսզի որևիցե մեկը՝ թե՛ բնակչությունը, թե՛ կուսակցությունները, որոնք չեն ընտրվել, դուրս չմնան համայնքային նշանակության խնդիրներում իրական արդյունավետ մասնակցության հնարավորությունից, որովհետև դուրս է գալիս՝ դու ընտրում ես ավագանի, կարող ես քննադատել, կարող ես չհամաձայնել, բայց չունես որևիցե ռեալ լծակ ազդեցություն ունենալու: Կաող է և ավագանու փոքրամասնություն ունեցող քաղաքական ուժն էլ զուտ ավագանու թվաքանակի սահմանափակությամբ չունենալ ազդեցություն: Դուրս է գալիս՝ մեծամասնությունն ունենում է բացարձակ մեծամասնություն, որն արդեն հակաժողովրդավարական է: Այսինքն՝ այստեղ մենք արդեն մտածում ենք թե՛ համայնքի բնակչության ներգրավման միջոցով հարցերի լուծման մասին, թե՛ նաև համայնքի բնակչության հետ քաղաքական կուսակցությունների աշխատելու դաշտն ենք ստեղծում, երբ որ նրանք նախագիծ են ներկայացնում, համոզում են: Այսինքն՝ անտարբերությունը վերացնելու, որոշումների կայացմանը արդյունավետ և բովանդակային, ոչ իմիտացիոն մասնակցության գործիքներ պետք է ձևավորենք, և ոչ միայն համայնքային, այլ նաև համազգային մակարդակում: - Ո՞րն է պատճառը, որ տեղական հանրաքվեի ինստիտուտը մեզ մոտ զարգացած չէ, և բացի Ձեր նշած օրենսդրական բարեփոխումներից, մեզ ի՞նչ է անհրաժեշտ այս ինստիտուտը զարգացնելու համար: - Երբ այդպիսի հարց եք տալիս, ինձ մոտ դեժավյու է առաջանում, որովհետև ամենատարբեր առիթներով ես անհրաժեշտ եմ համարում ընդգծել. թավշյա հեղափոխությամբ արդեն իսկ ամրագրված է, որ ոչ մի բան զարգացած չի եղել: Եթե զարգացած լիներ կամ թերզարգացած լիներ կամ ինչ-որ պրոցեսի մեջ լիներ, հեղափոխոթյուն չէր լինի: Սա ֆունդամենտալ և հիմնարար ելակետ է, որը մոռացության տալով՝ մենք ակամայից հայտնվում ենք կեղծ օրակարգերում: Իչ-որ մի բան կար, ու հիմա ուզում ենք զարգացնել. չէ՛, չկար: Ես դա հենց «Տեղական հանրաքվի մասին» օրենքի օրինակով կարող եմ բերել: Ընդունել էին մի օրենք՝ զուտ ցույց տալու համար, որ մենք ունենք այդ օրենքը,որովհետր ՀՀ-ն Եվրոպայի խորհրդի անդամ է, տեղական և տարածքային կատառավարման մարմինների կոնգրեսը Եվրոպայի խորհրդի կառուցվածքային ստորաբաժանում է, Տեղական ինքնակառավարման խարտիան մենք վավերացրել ենք, որով նախատեսվում է որոշակի անմիջական ժողովրդավարության մեխանիզմ, որն ընդունել ենք: Բայց ընդունել ենք զուտ թուղթ ունենալու համար, ձևական, ոչ բովանդակային: Մենք նախաձեռնեցինք Վանաձորի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացը, և չգրանցվեց մեր նախաձեռնությունը: Բողոքարկեցինք դատական ատյաններում, հաջողություն չունեցանք, այսինքն՝ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից մեր նախաձեռնող խմբի գրանցումը մերժվեց անհիմն, բողոքարկեցինք դատարանում, դատարանն էլ մերժեց: Սահմանադրական դատարան հասանք, և Սահմանադրական դատարանը գտավ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարին անվստահություն հայտնելու հանրաքվեն նման է ԱԺ-ի պատգամավորի հետկանչի մեխանիզմին և, հետևաբար, կիրառելի չէ: Այսինքն՝ ընդունեց ակնհայտ հակասահմանադրական որոշում: Եվ դա լիովին համապատասխանում էր այն ժամանակվա ավտորիտար կառավարման բովանդակությանը, որովհետև չի կարելի տալ քաղաքացիներին նախաձեռնություն, որպեսզի իրենք փոփոխություն կատարեն:Չի կարելի տալ քաղաքացիներին այնպիսի գործիք, որիի կիրառմամբ քաղաքացիները կարողանան փոփոխություն իրականացնել: Պատկերացնո՞ւմ եք ՀՀ-ի բոլոր համայնքներում կամ խոշոր համայնքներում ընդդիմությունը կիրառեր սա այն ժամանակ: Դուրս կգար, որ կեղծված ընտրություններ նրանք ազգային մակարդակում ունեն, իսկ մի ինչ-որ համայքնում արդեն տեղական նշանակության հարցերով շատ ավելի մեծ ուժեր պետք է կիրառվեին, ավելի շատ ճնշումներ պետք է լինեին, որ արդեն շատ ավելի ակնառու է դառնում: Ճնշումների կիրառման ինտենսիվությունը ստիպված էին մեծացնել, որպեսզի ապահովեն իրենց բացարձակ իշխանությունը: Ուզում եմ ասել՝ չի կարելի համեմատել: Ոչ թե լավ չի զարգացել, այլ չկար: Լոռեցու ասած, անունը կար, ամանումը չկար: Դրա համար մենք պետք է վերականգնենք: Քանի որ մենք թավշյա հեղափոխության արդյունքում վերցրել ենք պատասխանատվություն՝ Հայաստանում վերականգնելու ժողովրդավարությունը, վերականգնելու, ոչ թե զարգացնելու (եթե զարգացնելու խնդիր ենք դնում, ապա բացառում ենք թավշյա հեղափոխության փաստը, բայց հեղափոխությունը եկել է ամրագրելու, որ չի եղել այդ ժողովրդավարությունը), այդ առումով մենք վերականգնում ենք ժողովրդավարության ինստիտուտները, և շատ կարևոր է, որ լինի հանրային վստահություն այդ ժողովրդավարական ինստիիտուտների նկատմամբ: Հանրային վստահությունը կարող է ձևավորվել, եթե բնակիչները, քաղաքացիները ունեն արդյունավետ ազդեցության գործիքներ: Եթե դու ունես մի գործիք, որը ձևական նշանակություն ունի, դրանով չես կարող ձեռք բերել վստահություն: Ժողովրդավարության իմաստը սա է՝ ոչ թե ձևական, այլ արդյունավետ: Խորհրդային միության ժամանակ էլ կային ընտրություննր: Մի կուսկացություն էր, Լեհաստանում էլ 3 կուսակցություն էր, գնում էին, ընտրություններ էր անունը, բայց ձևական էր, արդյունավետ չէր: Եվ այս առումով մենք վերականգնելու մասին ենք խոսում: Նախորդ տոտալիտար, ավտորիտար կառավարման ժամանակ ժողովրդավարական ինստիտուտների բացակայություն կար, և դա պայմանավորված էր այդ իշխանության հակաժողովրդավարական տրամաբանությամբ: Խիստ տարբեր աշխարհներ են: Ճիշտ է, մենք այդ տարբեր աշխարհներից երկուսում էլ ապրել ենք, բայց հիմա մենք պետք է վերականգնենք: Սա է օրակարգային մեր խնդիրը. ոչ թե զարգացնել, այլ ամրագրել, ձևավորել, ստեղծել, այն ինչ չկար: Անունը կար՝  «Հանրաքվեի մասին» օրենք և «Տեղական հանրաքվեի մասին» օրենք, բայց դրանք երբևէ չեն կիրառվել: Ասում եմ՝ մի անգամ մենք փորձեցինք կիրառել, և արդյունք չեղավ: Գիտե՞ք ինչ է գրված «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում. հանրաքվեով կարող են լուծվել (որը չէր համապատասխանում իրենց իսկ սահմանդրական նորմին) հարցեր՝ բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերին: Իսկ ո՞ր հարցերն են, որ արդեն կարող են հանրաքվեով լուծել, վերջին հաշվով: Չկա ամրագրված: Եվ դրա համար էլ մերժեցին բողոք-դիմումը՝ ընդհուպ մինչև Սահմանադրական դատարանի մակարդակով: Երբ որ հիմա խոսում են Սահմանադրական դատարանի լեգիտիմության մասին, ես ուղղակի անընդհատ հիշում եմ այդ կոնկրետ որոշումները, ինչպիսի հակաժողովրդավարական որոշումներ էին կայացնում: Նույնիսկ իրենց իսկ սահմանադրական նորմերի անմիջական կիրառելիության սկզբունքն էին խախտում և տեսան, որ ամենահեշտ տարբերակն ուղղակի 2015 թվականի իրենց պարտադրած Սահմանադրության նախագծից հանելն է, որ ընդհանրապես մենք նույնիսկ հղում չկատարենք օրենքի սահմանադրականության հարցին: Այնպես որ, եկեք չհամեմատենք, դրանք խիստ տարբեր համակարգեր են, մենք վերաստեղծում ենք այն, ինչ 90-ական թվականների սկզբին սկզբնավորվել էր և այդպես էլ տրամաբանական շարունակություն չստացավ, խաթարվեց: Աննա Սահակյան    
10:11 - 30 հոկտեմբերի, 2019
RElection [#16] Հետկանչի ինստիտուտը զսպումների ու հակակշիռների արդյունավետ մեխանիզմ է հանրության և պետական մարմինների միջև. Սյուզաննա Սողոմոնյան

RElection [#16] Հետկանչի ինստիտուտը զսպումների ու հակակշիռների արդյունավետ մեխանիզմ է հանրության և պետական մարմինների միջև. Սյուզաննա Սողոմոնյան

RElection նախագծի շրջանակներում տեղական հանրաքվեների և հետկանչի մեխանիզմների թեմայով զրուցել ենք «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» խորհրդի անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի հետ: - Տիկի՛ն Սողոմոնյան, այս թեմայով մեր նախորդ զրուցակիցներն էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան, փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը, և նա Ձեզ այսպիսի հարց է ուղղել. «Նախքան 2015 թվականի սահմանադրական հանրաքվեն տեղական հանրաքվեի իրականացումը պարտադիր պայման էր համայնքների խոշորացման գործընթացի ժամանակ, արդյոք անհրաժեշտություն կա՞ վերականգնելու սահամանադրական այդ նորմը, և արդյոք համայնքի բնակիչների ձայնը վճռորոշ պետք է լինի երկրում վարչատարածքային բարեփոխումների իրականացման ժամանակ»։ - Ես կարծում եմ, որ հանրաքվեն, իբրև մասնակցային կառավարման ձև, շատ կարևոր է համայնքի բնակիչների կողմից իրենց իրավունքնեի, մտահոգությունների բարձրացման տեսանկյուից: Եվ ես կարծում եմ, որ այո՛, վարչատարածքային բաժանումների, խոշորացման, ընդհանրապես, տարածքային հարցերի հետ կապված ցանկացած հարց պետք է որոշի համայնքի բնակիչը, որովհետև, վերջիվերջո, ինքն է այդտեղ ապրել, ինքը գիտի, թե ինչ խնդիրներ, թե ինչ նրբություններ կան, նաև, թե ինչ մտածելակերպ կա այլ համայնքի բնակիչների հետ: Ես հիշում եմ՝ նաև տարիներ առաջ այդ հարցը բարձրացվում էր, ամեն դեպքում, կարծում եմ, սա այն հարցերի շրջանակն է, որ պետք է Սահմանադրությամբ կարգավորվի և բնականաբար նորից ամրագրվի Սահմանադրության համապատասխան հոդվածով: - Այսինքն՝ պետք է ունենանք սահմանադրական բարեփոխումնե՞ր, որպեսզի նորից այդ կետը վերականգնվի: - Այո՛, մենք այստեղ սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտություն ունենք այս նորմի ամրագրման տեսանկյունից: Վերջերս նաև հրապարակվել էր դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, որտեղ սահմանված էր նաև սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը․մինչև 2023 թվականը պետք է իրականացվեն: Եվ այս համատեքստը կարևոր է, որ ոչ միայն կոնկրետ դատական բարեփոխումներին ուղղված լինեն սահմանադրական բարեփոխումները, այլ նաև տարբեր ոլորտների, այդ թվում՝ նաև տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական հանրաքվեների կարգավորման մասով: - Մենք ունենք «Տեղական հանրաքվեի մասին» օրենք, բայց այնքան էլ ընդունված պրակտիկա չէ, երբ բնակիչներն իրենց այս կամ այն խնդիրը լուծում են տեղական հանրաքվե նախաձեռնելու եղանակով: Ի՞նչ պետք է անել, որ այս պրակտիկան տարածվի: - Իրավացի եք, ցավոք տեղական հանրաքվեի անցկացումը Հայաստանում և Հայաստանի համայնքներում այդքան էլ տարածված մեխանիզմ չէ՝ չնայած այն հանգամանքին, որ սա ուղիղ ժողովրդավարության գործիք է, և այս գործիքի միջոցով է, որ համայնքի բնակիչները իրավունք ունեն և կարող են անմիջականորեն մասնակցել համայնքի կառավարմանը, այդ թվում՝ նաև հանրային նշանակության հարցերի բարձրացումը, դրանց վերաբերյալ իրենց հստակ դիրքորոշումն արտահայտելը: Ցավոք սրտի, մինչ օրս, որպես այդպիսին, տեղական հանրաքվե իրակաանցվել է Հայաստանի խոշորացված համայնքների ընտրության դեպքում, երբ տեղական համայնքի բնակիչներն են որոշել՝ արդյո՞ք պետք է մեզ խոշորացում, թե՞ ոչ: Բայց ես կարծում եմ, որ այս ինստիտուտը պետք է զարգացնել, և պետք է զարգացվի նաև իրավական մշակույթը, այդ թվում՝ համայնքի կառավարմանը և նրա կյանքին մասնակցելու մշակույթը հենց բնակիչներ կողմից: Մենք այստեղ լուրջ անելիքներ ունենք քաղաքացիների հետ աշխատելու: Նույն ավագանու ինստիտուտը. ցավոք սրտի ավագանու մասով մարզերում մենք ունենք կայացվածության խնդիր: Ոչ միշտ է, որ այդ ինստիտուտը կարողանում է ծառայել այն նպատակին, որի համար վերջինս ամրագրվել է նաև Տեղական ինքնակառավարման մարմինների Եվրոպական խարտիայով: Այստեղ ավագանին ևս մեծ դեր ունի իրականացնելու, ուղղակի խնդիր է, թե ինչքանով մենք պետք է օժանդակենք, որ նույն ավագանու անդամները, նույն բնակիչները հասկանան այն կշիռը և այն արդյունքը, որ կարող է վերջիններիս անմիջական մասնակցության առումով տեղի ունենալ համայնքում: - Այն, որ համայնքերում բնակիչները չեն օգտագործում այս մեխանիզմն իրենց հարցերը լուծելու համար, օրենսդրական բացերի պատճառո՞վ է, թե՞ ուղղակի մարդկանց մոտ չկա այդ իրավագիտակցությունը, որ իրենք կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե և լուծել իրենց խնդիրները: - Այսօր այդ խնդիրը մեզ մոտ իրականում առաջանում է ոչ թե օրենսդրական բացերի պատճառով, այլ բնակիչների կողմից իրենց իրազեկվածության, համապատասխան մեթոդների դիմելու ցանկության բացակայության դեպքում: Օրինակը մենք կարող ենք քննարկել Ամուլսարի դեպքում, երբ համայնքի բնակիչներն իրավունք ունեն անցկացնելու տեղական հանրաքվե, բնականաբար գործող իրավակարգավորումների համաձայն համայնքի ավագանուն պետք է դիմեն, այնտեղ հարցն օրակարգում ընդգրկվի: Բայց տեղական հանրաքվեի իրականացման իրավունք ունեն համայնքի բնակիչները, և ես կարծում եմ, որ սա այն իրավունքն է՝ առողջության իրավունք, կյանքի իրավունք, մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունք, որ համայնքի բնակիչները պետք է իրավունք ունենան տեղական հանրաքվեով որոշելու՝ իրենց պե՞տք է արդյոք հանքի շահագործումը, թե՞ ոչ: Սա այն վառ օրինակներից մեկն է, որ մենք կարող ենք դիտարկել տեղական հանրաքվերի կոնտեքստում, որ քաղաքացիներն իրենք պետք է որոշեն՝ դա իրենց պե՞տք է, թե՞ ոչ: Վերջիվերջո մարդու իրավունքների խախտման, պաշտպանության մասին ենք մենք այստեղ քննարկում, որը պետք է բացառապես ենթակա լինի համայնքի բնակիչների լուծմանը: Այսինքն՝ այստեղ խնդիրն իրականում ոչ թե օրենսդրական բացերն են, մենք ունենք կարգավորումներ, գուցե կարգավորումներն ընթացքում պետք է բարելավվեն օրենսդրական բարեփոխումների միջոցով, բայց այս պահի դրությամբ մենք խնդիր ունեն իրազեկվածության մասով: - Այսինքն՝ Դուք հիմա հնարավո՞ր սցենար եք համարում, որ Ջերմուկի կամ միգուցե շրջակա բնակավայրերի բնակիչները հավաքվեն, նախաձեռնեն տեղական հանրաքվե, կողմ քվեարկեն այն բանի օգտին, որ չպետք է իրենց մոտ հանք շահագործվի, և հանքը չշահագործվի: - Ես կարծում եմ, որ, այո՛, դա լուծումներից մեկը կարող է լինել․ տեղական հանրաքվեի միջոցով հանրությունը, համայնքն իր կարծիքը հայտնի հանքի շահագործման վերաբերյալ: Վերջիվերջո նույն բնակիչների վրա սահմանադրությամբ պարտավորություն է դրված շրջակա միջավայրի վերաբերյալ հոգ տանելու: Վերջիններս այդ պարտավորությունը կարող են իրականացնել՝ նաև տեղական հանրաքվեի միջոցով կարծիք արտահայտելով, որովհետև իրենք են այդտեղ ապրում, բնակիչներների բացառիկ իրավունքը պետք է լինի որոշելու՝ թո՞ւյլ տալ հանքի շահագործումը, թե՞ ոչ, որովհետև Երևանում կամ մեկ այլ մարզում կամ ընհանրապես Հայաստանի սահմաններից դուրս ապրողը չի հասկանա, թե համայնքում ինչ խնդիրներ կան, և հանքի շահագործումից կամ այլ կոնկրետ գործողությունների կատարման արդյունքում բնակիչների մոտ ինչ խնդիրներ կառաջանան, հետևապես, ես կարոծում եմ, սա բացառապես համայնքի լուծման հարց է: - Օրենքով տեղական հանրաքվեներով ընդունված որոշումներն ունեն պարտադիր ուժ, բայց հնարավո՞ր է, որ իշխանությունները կարողանան ինչ-որ մեխանիզմներով խուսափել այդ որոշումներն իրականացնելուց: - «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով տեղական հանրաքվեի արդյունքում կայացված որոշումները «Իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց մեկ օր հետո օրինական ուժի մեջ են մտնում և այնուհետև արդեն հրապարակվում են համապատասխան պաշտոնական տեղեկագրերում որպես որոշումներ: Նույն օերնքով նաև տեղական հանրաքվեով ընդունված որոշումները կարող են փոփոխվել բացառապես տեղական հանրաքվեի միջոցով: Այսինքն՝ եթե համայնքի բնակիչները տեղական հանրաքվեի միջոցով կայացնում են որևէ որոշում, վերջիններիս այդ որոշումը կարող է փոփոխվել տեղական հանրաքվեի միջոցով: Հետևապես, պետական մարմինները, իշխանությունները պետք է իրականացնեն տեղական հանրաքվեի միջոցով ընդունված որոշումները, այսինքն՝ պետք է ձեռնամուխ լինեն այդ որոշումների կատարմանը, քանի որ օրենքով դրանք պարտադիր իրավաբանական ուժ ունեն և ուժի մեջ են մտնում հաջորդ օրը, եթե չկա այդ որոշումները փոփոխելու մասին օրենքով սահմանված կարգով այլ որոշում, որը տվյալ դեպքում տեղական հանրաքվեի մեկ այլ որոշում պետք է լինի: - Եթե բնակիչները դժգոհ են պաշտոնյաներից, որոնց իրենք ընտրել են, այսինքն՝ համայնքապետերից, ավագանու անդամներից, ԱԺ պատգամավորներից, արդյո՞ք նրանք պետք է հնարավորություն ունենան անվստահություն հայտնելու այդ պաշտոնյաներին, և ինչպիսի՞ն պետք է լինեն ընտրովի պաշտոնյաների հետկանչի մեխանիզմները: - Դասական իմաստով հետկանչի որևէ ընթացակարգ ՀՀ-ում սահմանված չէ: Ես կարծում եմ, որ հետկանչի ինստիտուտի վերաբերյալ իրավակարգավորումները ևս պետք է սահմանադրական բարեփոխումների քննարկման առարկա լինեն, և ՀՀ-ում պետք է ներդրվի ընտրովի պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց հետկանչի ինստիտուտը, և մենք պետք է ունենանք հայեցակարգային դրույթներ՝ հասկանալու՝ արդյո՞ք մենք հետկանչի ինստիտուտը կիրառելու ենք պաշտոնատար անձանց նկատմամբ, թե՞ նաև ինստիտուտների նկատմամբ: Օրինակ, անգլոսաքսոնական համակարգում երկու մոդելն էլ ներդրված է. բնակիչները, քաղաքացիները իրավունք ունեն անվստահություն հայտնելու և հետկանչի գործընթաց սկսելու, օրինակ, հենց խորհրդարանի նկատմամբ, և ոչ թե առանձին պատգամավորների: Այս հայեցակարգային դրույթներն են, որ արդեն ժամանակն է, մենք պետք է քննարկենք, ու նաև սահմանադրական բարեփոխումների համատեքստում ուսումնասիրենք, քանի որ, կարծում եմ, քաղաքացիները տալով իրենց վստահության քվեն, պետք է նաև հնարավորություն ունենան այդ քվեն չարդարացնելու դեպքում հետկանչի մեխանիզմների դիմելու և ոչ թե սպասելու՝ հերթական հինգ տարին լրանալուց հետո նոր ընտրությունների մասնակցեն: Իհարկե, մենք հայեցակարգային դրույթներով պետք է հստակ սահմանենք, թե որոնք են այն դեպքերը, որ հետկանչի ինստիտուտը պետք է գործի. կոռուպցիոն սկանդալի մեջտեղում է հայտնվել պաշտոնատար անձը, թույլ է տվել շատ էական կարգապահապական խախտումներ կամ օրենսդրական այլ խախտումներ, որոնց առկայության դեպքում անձն ուղղակի և՛ բարոյապես, և՛ մասնագիտորեն իրավունք չունի այլևս զբաղեցնելու այդ պաշտոնը: Վերջիվերջո վստահության քվեն տվել է ժողովուրդը, և վերջինս նաև պետք է ստանա համապատասխան գործողություններ, համապատասխան արդյունքներ, և եթե այդ արդյունքները չեն բավարարում, և լուրջ խախտումներ են թույլ տրվել, ապա հետկանչի ինստիտուտը պետք է դրվի: - Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ ինստիտուտը: Օրինակ, էլի բնակիչների մի որոշ հատված նախաձեռնում է հանրաքվե՞, որով էլ որոշվում է՝ այդ պաշտոնյան շարունակո՞ւմ է պաշտոնավարել, թե՞ ոչ, կամ այդ ինստիտուտը պահպանվո՞ւմ է, թե՞ լուծարվում: - Այս բոլորն, իրականում, հարցեր են, որ հայեցակարգային դրույթներով պետք է քննարկվեն: Մի բան ինձ համար պարզ է, որ այս ինստիտուտը ես դիտարկում եմ որպես զսպումների ու հակակշիռների արդյունավետ մեխանիզմ ժողովրդի, հանրության, պետական մարմինների, պաշտոնատար անձանց միջև: Եվ արդյո՞ք մենք ինստիտուտին ենք հայտնում անվստահություն, թե՞ պաշտոնատար անձին՝ ևս մենք պետք է հայեցակարգային դրույթներով որոշենք: Սա մեկ-երկու ամսվա աշխատանք չէ, սա բոլորովին նոր ինստիտուտ է ՀՀ-ի համար, և լուրջ հանրային քննարկումներ պետք է անցկացվեն այդ հարցի պատասխանը ստանալու համար:  Տեղական հանրաքվեով, չեմ կարծում, այս հարցը լուծվելու է, որովհետև տեղական հանրաքվեն վերաբերում է տեղական մակարդակում հանրային նշանակության հարցերին գնահատական տալու պրոցեսին: Սա, ըստ էության, ոչ թե տեղական հանրաքվեի տիրույթում է, սա ընդհանրապես, եթե մենք դիտարկում ենք խորհրդարանի աշխատանքները կամ այլ տեղական ինքնակառավարման մարմինների, նրանց, որոնք ընտրովի են, յուրաքանչյուրի դեպքում տարբեր մեխանիզմներ են գործելու՝ կախված ընտրազանգվածից, կախված այն օրենքներից, որոնք կիրառվել են համապատասխան ընտրությունների ժամանակ: - Ենթադրենք, մենք զարգացնում ենք տեղական հանրաքվեի ինստիտուտը, ներդնում ենք պաշտոնյաների հետկանչի մեխանիզմներ: Այս ամենն ինչ-որ վտանգներ չի՞ պարունակում և արդյո՞ք չի դժվարացնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Ընդհակառակը, սրանք մեխանիզմներ են, որ ուղղված են հենց պետական մարմինների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը: Եթե, համաձայնեք, պաշտոնատար անձն իր կողմից նախընտրական քարոզչության ընթացքում տրված խոստումներին ետամուտ չի լինելու կամ թույլ է տալու այնպիսի իրավախախտումներ, որոնք մեզ մոտ օրենքով արգելվում են, որոնք հանրության կողմից չեն ընդունվի, վերջինս նաև որոշակի զսպողական վերաբերմունք կունենա իր ստանձնած պաշտոնի և յուրաքանչյուր նախաձեռնություն, գործողություն, ոչ օրինաչափ վարքագիծ դրսևորելուց առաջ կգիտակցի, որ ցանկացած ժամանակ հանրությունը կարող է իրեն անվստահություն հայտնել, և կապ չունի՝ տվյալ պաշտոնատար անձը հինգ տարի ժամկետով է ընտրվել, երեք տարի ժամկետով է, ենթադրենք, ընտրվել, նրան կարող է համապատասխան հիմքերի առկայության դեպքում հանրությունը հայտնել անվստահություն: Այստեղ խնդիր է, թե ինչքանով այդ գործընթացներն օբյեկտիվ կիրականացվեն: Ընդհանրապես, ցանկացած նոր ինստիտուտ ներդնելու դեպքում այդ խնդիրները միշտ էլ լինում են: Մենք ունենք որոշակի մտավախություններ՝ արդյո՞ք նման ռիսկեր չեն առաջանա, ինչպե՞ս ռիկերը մենք կարող ենք նվազեցնել: Դրա համար գոյություն ունի միջազգային փորձ, մենք պիտի ուսումնասիրենք միջազգային փորձը, հասկանանք՝ ինչքանով է դա համապատասխանում հայաստանյան կոնտեքստին, և կոնկրետ որ մոդելն է, որ հնարավորինս լավագույնը կարտահայտի այն կարգավորումները, որ ՀՀ-ին հատուկ են: Հակառակ դեպքում մենք ուղղակի զարգացում չենք ունենա, կունենանք այն, ինչ ունենք մինչ այժմ, որևէ նոր ինստիտուտ չենք ներդնի, ու դա վերաբերում է ոչ միայն այս երկու ոլորտներին: Ընդհանրապես, հանրային ցանկացած բնագավառում ռիսկեր միշտ էլ լինելու են. հարց է, թե ինչքանով են այդ ռիսկերը կառավարարելի և ինչքանով են լինելու հանրային ուժեղ վերահսկողության մեխանիզմներ: - Խոսքը նաև ԱԺ-ի մասի՞ն է: Օրինակ, եղել են ԱԺ ընտրություններ, ինչ-որ մի կուսակցություն կամ դաշինք ամենաշատ ձայներն է հավաքել, ձևավորվել է կառավարություն, մեկ էլ որոշում են անվստահություն հայտնել այդ ԱԺ-ին, այն ցրվում է, ու նորից խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Այս ամենը երկրում անկայուն իրավիճակ չի՞ ստեղծի: - Գիտե՞ք, այս հարցի լուծման համար, նաև հնարավորինս խուսափելու համար հենց սկզբում նշեցի՝ մեզ հարկավոր են հայեցակարգային դրույթներ: Եթե մենք չունենանք հայեցակարգային դրույթներ, թե դեպի ուր ենք գնում և կոնկրետ ինչ սկզբունքներով ենք ղեկավարվում, բնականաբար, Ձեր ասած քաոսը, հնարավոր է, վրա հասնի: Բայց եթե մենք կոնկրետ տալիս ենք իրավակարգավորումներ, որևէ հայեցողական և կամային գործողություն օրենքով սահմանված կարգով արգելված է լինում, լինում են հստակ իրավական հիմքեր, որոնց վրա գալու դեպքում է հնարավոր միայն անվստահություն հայտնել, այս խնդիրները չեզոքանում են: Այսինքն՝ նմանատիպ գործընթացներում պետք է առաջինը բացառվի հայեցողական որևէ գործողություն: Սա այն բացառիկ օրենքներից և իրավական ակտերից պետք է լինի, որ հստակ սահմանված կարգով պետք է հիմքերն ամրագրվեն Ձեր ասած խնդիրներց խուսափելու համար: Ըստ RElection-ի ձևաչափի՝ հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ փորձագետին։ Սյուզաննա Սողոմոնյանի հարցը. «Արդյո՞ք հաջորդ փարձագետը հնարավոր է համարում Հայաստանում հետկանչի ինստիտուտի ներդրումը: Ի՞նչ եղանակներով դա պետք է իրականացվի, և արդյո՞ք հետկանչի ինստիտուտը պետք է գործի առանձին պաշտոնատար անձանց դեպքում, թե՞ ինստիտուտների դեպքում ևս»: Աննա Սահակյան    
10:59 - 28 հոկտեմբերի, 2019
RElection [#15] Կուսակցություններում պետք է լինեն բացառապես գաղափարական մարդիկ և չառաջնորդվեն անձնական կամ խմբային շահերով․ Լենա Նազարյան

RElection [#15] Կուսակցություններում պետք է լինեն բացառապես գաղափարական մարդիկ և չառաջնորդվեն անձնական կամ խմբային շահերով․ Լենա Նազարյան

RElection նախագծի շրջանակում «Կուսակցությունների մասին» օրենքում  նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ զրուցել ենք Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ։-Ի՞նչ հիմնական բարեփոխումներ է պետք կատարել կուսակցությունների ներքին ժողովրդավարության կայացման համար։ Այս տեսանկյունից հնարավոր համարու՞մ եք, որ ներդրվի կուսակցությունների ղեկավար մարմնի նիստերը պարտադիր ուղիղ եթերով հեռարձակելու կարգավորում։ Ինչպե՞ս կվերաբերվեք դրան։   -Նախ, կա կուսակցությունների գործունեության կարգավորման երկու մոտեցում: Առաջին մոտեցումն այն է, երբ պետությունը չի միջամտում կուսակցության ինքնավարությանը, ներքին գործերին: Երկրորդ մոտեցումն այն է, երբ պետությունը կուսակցությունների գործունեության համար որոշակի նաև խիստ կարգավորումներ է նախատեսում, որոնք կապված են կուսակցության ներքին ժողովրդավարության հարցերի հետ, մասնավորապես` կուսակցության ղեկավար կազմի ընտրության և ընտրական ցուցակների ձևավորման հետ: Այս երկու հարցերը, թերևս, ամենազգայուն հարցերն են, որոնք վերաբերում են ներքին ժողովրդավարությանը։ Եվ եկեք հենց այդ համատեքստում էլ քննարկենք այդ հարցերը. կուսակցության ղեկավար կազմի և ընտրական ցուցակների ձևավորում: Ներկայումս գործող «Կուսակցությունների մասին» օրենքը պահանջում է, որ կուսակցությունն իր կանոնադրության մեջ սահմանի, թե ինչ կարգով է ձևավորելու կուսակցության ղեկավար կազմը և ընտրական ցուցակները: Նաև գրված է, որ ընտրական ցուցակների ձևավորման ժամանակ առնվազն հաշվի են առնվում կուսակցությունների անդամների առաջարկները: Հիմա օրենքով կա ազատ գործելու որոշակի դաշտ և, փաստացի, տեղի է ունենում այն, որ հաճախ կուսակցության առաջնորդը միանձնյա որոշում է կայացնում, թե ով կլինի կուսակցության ղեկավար կազմում, ղեկավար կազմը տարիներով չի փոխվում, կուսակցության ղեկավարը կամ ղեկավար կազմն են կազմում ընտրական ցուցակները: Քննարկելով այս հարցերը՝ մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցին. ինչպե՞ս անել, որ կուսակցություններում հաստատվի ներքին ժողովրդավարություն, ղեկավար կազմը և ընտրական ցուցակները չձևավորվեն միանձնյա կամ մի խումբ մարդկանց կողմից միայն և գործեն ժողովրդավար մեթոդներ, մյուս կողմից՝ դա չդիտարկվի անհարկի, անհամաչափ միջամտություն կուսակցության ինքնավարությանը: Այս երկու հարցերն են, որ մենք պետք է բալանսավորենք: Որպես ժողովրդավարության գործիք մենք՝ որպես կուսակցություն, ես նկատի ունեմ Քաղաքացիական պայմանագիրը, ղեկավար կազմն ընտրել ենք փակ քվեարկությամբ, ինչն օրենքով չի պահանջվում:  Շատ ենք խոսել կուսակցության կողմից ընտրական ցուցակների ձևավորման ընթացքում նախնական ներկուսակցական ընտրությունների կամ այպես կոչված փրայմերիզների ներդրման գաղափարի մասին: Նաև ունենք դրա փորձը, և ես շարունակում եմ պաշտպանել այդ գաղափարը: Կարծում եմ, որ կուսակցությունների կայացման համար անհրաժեշտ է օրենսդրական կարգավորում, որով նրանք պարտադրված կլինեն ներքին ընտրություններ անելիս առաջնորդվել ժողովրդավար մեթոդներով, իսկ փրայմերիզը ընտրական ցուցակների ձևավորման համար ամենահայտնի ժողովրդավար մեթոդն է: Հիմա այս մոտեցմանը վստահաբար դեմ կլինեն քաղաքական շատ ուժեր,որոնց անդամները գաղափարական հենքով չեն հայտնվել կուսակցությունում։ Եվ դրա պատճառով հնարավոր է ինչ-ինչ ազդեցությունների ներքո նենգափոխել ընտրությունների իրական պատկերը։ Եթե մարդիկ չեն եկել կուսակցություն, և նրանց ընտրությունը գաղափարական չէ, իսկապես կա վտանգ, որ եթե լինեն ներքին ընտրություններ, ապա ղեկավար կազմում կամ ընտրական ցուցակներում առաջին տեղերում կընտրվեն մարդիկ, որոնք գաղափարական նկատառումներով չեն ընտրված, այլ ինչ-որ անձանց, պատվիրակների անձնական կամ խմբային շահերով է պայմանավորված այդ ընտրությունը:Բայց ես, իհարկե, գալիս եմ այն մտքին, որ կուսակցություններում պետք է լինեն բացառապես գաղափարական մարդիկ և չառաջնորդվեն անձնական կամ խմբային շահերով, հակառակ պարագայում պարզապես չենք ունենա քաղաքական կուսակցություններ և քաղաքական քննարկումներ, առողջ քաղաքական դաշտ: Սա է ներքին ժողովրդավարության հետ կապված իմ պատկերացումը։Ինչ վերաբերում է ղեկավար կազմի նիստերի ուղիղ հեռարձակմանը, ես այստեղ միանգամից և միանշանակ ասում եմ՝ ո՛չ, ես կողմ չեմ: Ես եղել եմ կուսակցության ղեկավար կազմի փոխնախագահ ու վարչության անդամ և շատ լավ գիտեմ, թե որքան կարևոր է այդ նիստերի ժամանակ անկաշկանդ, ազատ խոսելը։ Շատ հարցեր կան, որոնք հնարավոր չէ քննարկել հրապարակային, ինչը բոլորովին չի նշանակում, թե փակ հանդիպմանը կայացվում է հակաժողովրդավարական որոշում։ Պարզապես վստահ եմ, որ լիարժեք բաց խոսակցության համար պետք են նաև որոշակի պայմաններ, որպեսզի չգործի ինքնագրաքննությունն այնքան, որքան որ դա կարող է ազդել անկեղծ խոսքի վրա: Դա բոլորովին կապ չունի ժողովրդավարության հետ: Եթե կուսակցությունը ցանկանում է ներկայացնել իր ղեկավար կազմի որոշումը, ապա ամեն նիստից հետո կարող է ներկայացնել դա ասուլիսի միջոցով և հանրությանը հայտնել իր որոշումների մասին:-Կուսակցություններում սեռերի հավասար ներգրավվածության, կուսակցությունների վարչություններում կանանց ներկայացվածության ցուցանիշի բարձրացման ուղղությամբ ի՞նչ բարեփոխումներ են նախատեսվում։ -Դեռ հնչում են հարցեր` արդյոք պե՞տք է խստացնել սեռերի հավասարության կամ ավելի պարզ ասած՝ կանանց քվոտայի մեխանիզմը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որի անդամ ենք մենք 2001 թվականից, իր երաշխավորություններում առաջարկում է մինչև 2020 թվականը մեծացնել կանանց ներգրավվածությունը խորհրդարաններում մինչև 40%: Եվ առավել արդյունավետ մեխանիցմներից է դիտարկվում գենդերային քվոտաների ամրագրումը, այսինքն` դա այն գործիքն է, որով հնարավոր է կանանց ներկայացվածությունը խորհդարաններում մեծացնել: Գոյություն ունեն երեք տեսակի քվոտաներ․ կանանց ներկայացվածության որոշակի նվազագույն չափ կուսակցությունների ընտրական ցուցակներում: Այդ քվոտայի տեսակը մենք կիրառում ենք 25%-ի չափով: Հաջորդ հերթական ընտրությունների համար, եթե չփոխենք օրենքը, կլինի արդեն 30%: Հաջորդ քվոտայի տեսակը որոշակի քանակությամբ տեղեր խորհրդարանում է ապահովում։ Եվ երրորդը կուսակցությունների կողմից սահմանված կամավոր քվոտաներն են, այսինքն` օրենսդրական որևէ իմպերատիվ պահանջ չկա ո՛չ ընտրական ցուցակներում, ո՛չ խորհրդարանում տեղեր ունենալու վերաբերյալ, բայց սահմանված է, որ կուսակցությունները կամավոր կերպով կարող են նախատեսել քվոտաներ: Ես կարծում եմ, որ կարևոր է հիմնավորել, թե ինչու է պետք կանանց քվոտան: Նախ ներկայացնեմ փաստացի վիճակը մեր երկրում։ 132 պատգամավորից 31-ն է կին, 12 նախարարից միայն մեկն է կին, 45 փոխնախարարներից՝ ընդամենը 12-ը, բոլոր 10 մարզերի մարզպետները տղամարդ են, 20 խոշոր քաղաքների քաղաքապետներից միայն մեկն է կին, 43 դեսպաններից` միայն 6-ը։ Ահա այսպիսի, իմ կարծիքով, շատ անարդար պատկեր է։ Եվ ես ուզում եմ ներկայացնել նաև փաստարկները, թե ինչու է պետք փոխել այս պատկերը։ Նշեմ, որ սրանք իմ փաստարկները չեն, առհասարակ միջազգային փաստաթղթերում են նշվում սրանք։ Նախ, արդարության փաստարկը․ կանայք պետք է զբաղեցնեն մանդատների կեսը, քանի որ նրանք զբաղեցնում են բնակչության կեսը։ Շատ տրամաբանական և արդար է չէ՞ թվում։ Հաջորդը փորձի փաստարկն է․ կանայք ունեն կենսաբանական և սոցիալական գործոններով պայմանավորված այնպիսի տարբերվող փորձ, որը չի կարող ներկայացնել հակառակ սեռի ներակայացուցիչը, և պետք է ներկայացնի միայն տվյալ սեռի ներկայացուցիչը, այսինքն՝ կինը։ Շահագրգռվածության փաստարկ․ կանայք և տղամարդիկ որոշ հարցերում ունեն հակասական շահեր, և այդ շահերը չեն կարող ներկայացվել տղամարդկանց կողմից։ Խորհրդանշական փաստարկ․ յուրաքանչյուր կին քաղաքական գործիչ, անկախ քաղաքական հայացքներից կամ կուսակցական պատկանելիությունից, օրինակ է բոլոր կանանց համար։ Եվ ևս երկուսը՝ կրիտիկական զանգվածի փաստարկ․ կանաց ներգրավվածությունը պետք է հասնի որոշակի մակարդակի, որպեսզի նրանք կարողանան հասնել կանանց շահերը արդյունավետ ներկայացնելու նպատակին, այսինքն՝ եթե մենք ապահովում ենք կանանց ներգրավվածություն, բայց դա բավարար չէ, նշանակում է, որ շահերը չեն կարող արդյունավետ ներկայացվել և հասնել նպատակին։ Դա ավելի շատ ձևական ներկայացվածություն կլինի, քան կոնկրետ արդյունքի միտված։ Վերջինը ժողովրդավարության փաստարկն է․ կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը նպաստում է կառավարման ժողովրդավարացմանը։ 40% քվոտան, որին ես կողմ եմ, վերաբերում է ընտրական ցուցակներին: Ինչ վերաբերում է կուսակցությունների ղեկավար կազմում սեռերի հավասարության քվոտային, ապա պետք է ասեմ, որ մենք դեռ ուսումնասիրում ենք միջազգային փորձը՝ հասկանալու՝ արդյոք կան աշխարհում «Կուսակցությունների մասին» օրենքներ, որտեղ ձևակերպված է կանանց պարտադիր քվոտա ունենալու պայմանը։ Ես կողմ եմ, որ սահմանվեն, բայց պետք է ուսումնասիրվի՝ ինչ օրինակներ կան, քանի որ բերվում են նաև հակափաստարկներ՝ կապված կուսակցության ղեկավար կազմի ինքնավարության հետ։ Բայց եթե անգամ «Կուսակցությունների մասին» օրենքում չամրագրենք պարտադիր պայման կանանց քվոտա ունենալու կուսակցությունների ղեկավար կազմերում, ապա կարծում եմ՝ գոնե պետք է հատուկ նշենք կանանց ներառականության հարցը՝ որպես ժողովրդավարության սկզբունք, նախատեսենք, որ կուսակցություններն իրենց կանոնադրություններում և ծրագրային փաստաթղթերում հատուկ դրույթներ ունենան դրա վերաբերյալ։ Իսկ արդեն ընտրական ցուցակների ձևավավորման ժամանակ կարող ենք Ընտրական օրենսգրքում սահմանել քվոտա ունենալու իմպերատիվ պայման և այդ ժամանակ էլ քննարկենք քվոտայի չափը, տեսակները, նկատի ունեմ՝ քվոտա ցուցակու՞մ,  թե՞ հստակ տեղեր խորհրդարանում։ Ուզում եմ նաև նշել, որ շատ կարևոր եմ համարում կանանց գործունեությունը կուսակցությունում, մասնակցությունը ժողովներում, որովհետև այդ միջավայրը շատ կարևոր է, որ և՛ կանայք, և՛ տղամարդիկ իրենց համար հասկանան՝ ցանկանում են արդյոք շարունակել միասին իրենց գործունեությունը քաղաքական դաշտում՝ արդեն խորհրդարանում կամ ավագանիում, որովհետև եթե այդ միջավայրում նրանք չեն գտնվել ի սկզբանե, հայտնվելով խորհրդարանում՝ շատ դեպքերում մի տեսակ մոլորված վիճակում են հայտնվում՝ չհասկանալով, թե ինչից պետք է սկսեն, ինչ գործունեություն ծավալեն, և շատ դժվար է լինում կողմնորոշվելը։ Լինում է, որ այդպես էլ մինչև վերջ չեն կարողանում կոմնորոշվել։ Իսկ ի սկզբանե ներգրավված լինելով կուսակցությունում, ղեկավար կազմի աշխատանքներում և առհասարակ կուսակցության գործունեության մեջ՝ և՛ կանայք, և՛ տղամարդիկ ի սկզբանե կողմնորոշված են լինում՝ ուզում են արդյոք շարունակել, թե, այնուամենայնիվ, դա նրանց համար չէ։ -Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի կուսակցությունների հանրային ֆինանսավորման տրամաբանությունը։ Համազասպ Դանիելյանը նշում էր, որ աջակցություն կստանան ընտրություններին մասնակցած և որոշակի արդյունք գրանցած կուսակցությունները։ Համաձայն չե՞ք արդյոք, որ սա այնքան էլ չի տարբերվում գործող կարգավորման փիլիսոփայությունից։-Նորաստեղծ կուսակցությունները կարող են, և կարծում եմ՝ նրանց խնդիրը հենց պետք է լինի մասնակցել ընտրություններին, և որշակի շեմը հաղթահարելու դեպքում միայն ստանան պետական ֆինանսավորում հետագա գործունեությունը անխափան կազակերպելու համար։ Ինձ նույնպես այս մոտեցումը տրամաբանական է թվում, որովհետև հակառակ դեպքում պետությունը չի կարող ֆինանսավորել ստեղծված բոլոր կամ նորաստեղծ կուսակցություններին, զուտ որովհետև ստեղծվել են, սակայն ո՛չ մասնակցում են ընտրություններին, ո՛չ էլ որոշակի արդյունք են գրանցում, որպեսզի դրա հիման վրա պարզ լինի՝ արդյոք ունեն հանրային աջակցություն, թե ոչ։ Այնպես որ ես համաձայն եմ իմ գործընկերոջ հետ այդ առումով և կարծում եմ, որ պետական աջակցություն պետք է տրամադրվի ընտրություններին մասնակցած և որոշակի շեմը հաղթահարած կուսակցություններին։ Այժմ գործող օրենքով նախատեսվում է պետական ֆինանսավորում 3%-ի արգելապատնեշը հաղթահարած կուսակցությունների համար և 40 դրամ մեկ քվեի դիմաց։ Հիմա մենք քննարկում ենք պետական աջակցության չափը, արդյոք շատ, թե քիչ է 40 դրամը 1 քվեի դիմաց և միանշանակ պատասխանի դեռ չենք հանգել։ Գուցե այդ 3%-ը պակասի, գուցե արգելապատնեշից բացի լինեն նաև այլ չափանիշներ։ Օրինակ, եթե կուսակցությունը ներկայացնում է կանաց, երիտասարդների, հաշմադամություն ունեցող կամ էթնիկ խմբերի քաղաքական մասնակցությանն ու ներառմանն ուղղված ծրագրեր, ապա ֆինանսավորումը կարող է ավելի շատ լինել։ Կարող է լինել նաև հակառակ մոտեցումը՝ չտալ պետական ֆինանսավորում այն կուսակցություններին, որոնք ջանք չեն գործադրում խրախուսելու նշված խմբերի մասնակցությունը քաղաքական գործընթացներին։ Այս երկու մոտեցումերի փորձն էլ կա աշխարհում, նոր բան հորինելու կարիք չկա։ Մենք պետք է պարզապես ուսումնասիրենք և հասկանանք՝ ինչպիսի մոտեցում ենք ուզում կիրառել։ Պետական ֆինանսավորում պետք է, բայց պետք է պարզապես հասկանանք չափը, հասկանանք՝ քանի տոկոսի հաղթահարման դեպքում կուսակցությունը կարող է ակնկալել այդ աջակցությունը։-Որոշ փորձագետներ և քաղաքական ուժեր առաջարկում են քաղաքացիների կողմից իրենց նախընտրած կուսակցությանը իրենց վճարած հարկերի որոշակի տոկոսը փոխանցելու հանրային ֆինանսավորման մեխանիզմը։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս մոդելին։-Մի քիչ լավ չեմ հասկանում այդ տրամաբանությունը, որովհետև հարկերն արդեն իմը չեն, իմ անձնական գումարները չեն, որ ես որոշեմ՝ ում եմ փոխանցում։ Օրենսդրորեն սահմանված են հարկեր, որոնք ես պարտավոր եմ վճարել՝ ուզեմ թե չուզեմ, և դա փոխանցվում է պետական բյուջե։ Արդյոք ես կարո՞ղ եմ որոշել, թե դրա մի մասը փոխանցվի որևէ կուսակցության, թե ոչ։ Չգիտեմ՝ այդպիսի փորձ կա արդյոք, բայց եթե ներկայացնում են, գուցե կա, սակայն ինձ ծանոթ չէ, որ դրա մասին խոսեմ։ Ինձ դուր է գալիս մի մոդել, որ պետությունը կուսակցությանն աջակցում է նույն չափով, որ չափով կուսակցությունը հանրային նվիրատվություններ է ստացել և ծախսել կուսակցության գործունեության համար՝ ասենք տարեկան կտրվածքով։ Այսպես կարելի է հասկանալ, թե որքանով է պահանջված տվյալ կուսակցության գործունեությունը։ Ես էլ այսպիսի մի մոդել կարող եմ առաջարկել, երբ էլի հանրությունը որոշակի կերպով ցույց է տալիս իր աջակցությունը, և այդ չափով էլ պետությունը շարունակում է լրացնել կուսակցության ֆինանսավորումը։-Պատժամիջոցներ ներդնելու ի՞նչ հիմնական տարբերակներ է քննարկում ԱԺ աշխատանքային խումբը։ -Գործող օրենսդրությամբ կուսակցությունների կողմից կատարված իրավախախտումների համար նախատեսված պատժամիջոցները համաչափ չեն, օրինակ՝ կարող է վարչական պատժամիջոց սահմանվել մի գործունեության համար, որը,  տրամաբանորեն, ավելի մեծ պատիժ է ենթադրում, կամ կարող է անհամաչափ խիստ պատիժ սահմանել մի խախտման համար, որը կարելի է համարել ոչ այնքան խիստ պատժամիջոցի ենթակա։ Հիմա մենք պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ պատժամիջոցները լինեն արդյունավետ, համաչափ և կանխարգելող։ Եվ որպեսզի կանխարգելիչ ազդեցությունը շատ ավելին լինի, մենք նախ պետք է ստեղծենք պայմաններ, որ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունները լինեն թափանցիկ և հասանելի։ Դա հնարավոր է անել հայտարարագրման և հրապարակման նոր համակարգ ներդնելով։ Այդպես մենք կուսակցույունների համար կստեղծենք պայմաններ, որ նրանք հեշտությամբ ներկայացնեն իրենց ֆինանսական հաշվետվությունները, և չենթարկվեն պատժամիջոցների, եթե, իհարկե, դիտավորյալ չեն արել սխալը։ Դեռևս հստակ չենք որոշել, թե որ իրավախախտման համար ինչ պատժամիջոց կարող է լինել, բայց գոնե սամանել ենք սկզբունքները, որ պատժամիջոցները պետք է լինեն արդյունավետ, համաչափ և կանխարգելող։Ըստ RElection նախագծի ձևաչափի` հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ բանախոսին: Մեր նախորդ զրուցակիցն էր ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը։ Նրա հարցը հետևյալն է. -Ո՞րն եք համարում Հայաստանի քաղաքական համակարգի առջև ծառացած կարևորագույն խնդիրը:-Ներքին ժողովրդավարության,գաղափարական հենքով անդամության, ղեկավար կազմի և ընտրական ցուցակների արդար ու մասնակցային ձևավորման հարցերը համարում եմ կարևորագույն խնդիրներ, որովհետև դրանցով է պայմանավորված լինելու կուսակցության կենսունակությունը, մարդկանց ձգտումը՝ կուսակցության զարգացման մեջ ներդրում ունենալու և ընտրական ցուցակներում ընդգրկվելու ցանկությունը։ Իհարկե, հասկանալի է, որ կլինեն մարդիկ, որ անկախ այդ հանգամանքից կցանկանան լինել կուսակցության ցուցակներում, որովհետև օրվա իշխանության մաս կազմելը անձնական տեսանկյունից շահավետ կդիտարկեն, բայց ես կարծում եմ, որ այդպիսի մարդիկ չպետք է լինեն կուսակցություններում։ Ընդհակառակը, կուսակցությունը պետք է պայմաններ ստեղծի, որ գաղափարական մարդիկ ցանկանան ներդրում ունենալ՝ գաղափարական և ֆինանսական, ցանկանան առաջադրվել այդ կուսակցության ցուցակներում և ներկայացնել այդ կուսակցությունը։ Այնպես որ, ներքին ժողովրդավարության հարցերը ներկա քաղաքական իրողության ամենակարևոր հարցերից են։ Լենա Նազարյանի հարցերը՝ հաջորդ բանախոսին․-Ինչպիսի՞նն է հաջորդ զրուցակցի կարծիքը կայուն մեծամասնության գաղափարի վերաբերյալ, արդյոք մենք պե՞տք է խորհրդարանում ունենանք կայուն մեծամասնություն, թե՞ ձգտենք կոալիցիոն կառավարման։ Ի դեպ, եվրոպական գրեթե բոլոր երկրներում կառավարումը կոալիցիոն կառավարման միջոցով է իրականացվում, բայց ես կուզեի լսել կողմ և դեմ կարծիքներ՝ հաշվի առնելով հայաստանյան պայմանները։-Հայաստանը նոր է ոտք դնում խորհրդարանական կառավարման ճանապարհին, մենք նոր-նոր ենք ձևավորելու պառլամենտարիզմի ավանդույթները, այսպիսով՝ ինչպիսի՞ ավանդույթներ պետք է ձևավորենք։Աստղիկ Քեշիշյան
09:28 - 20 հոկտեմբերի, 2019
RElection [#14] Փակ համամասնական ընտրակարգն այլընտրանք չունի այսօր․ Սամվել Աբրահամյան

RElection [#14] Փակ համամասնական ընտրակարգն այլընտրանք չունի այսօր․ Սամվել Աբրահամյան

RElection նախագծի շրջանակում «Կուսակցությունների մասին» օրենքի, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թեմայի շուրջ զրուցել ենք Հայ ազգային կոնգրեսի վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի հետ։-Պարոն Աբրահամյան, այս պահին որևէ ձևաչափով ՀԱԿ-ի և ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խմբի միջև քննարկում կամ համագործակցություն կա՞ կամ սպասվո՞ւմ է արդյոք։ -Ո՛չ, այս պահին որևէ ձևաչափով այդպիսի համագործակցություն չկա, հնարավոր է, որ լինի: Որքանով ես տեղյակ եմ, այդ աշխատանքային խմբի ղեկավարը հարցազրույցներից մեկում ասել է, որ այդ աշխատանքներին նախատեսում են ներգրավել նաև արտախորհրդարանական ուժերին, այնպես որ դա հնարավոր համարում եմ իհարկե: Եթե լինի այդպիսի առաջարկ, մենք անպայման կմասնակցենք, Ընտրական օրենսգիրքը և «Կուսակցությունների մասին» օրենքն այսօր մեր առաջնահերթությունների մեջ են մտնում:-Փետրվարին դուք բարեփոխումների առաջարկություններ էիք հրապարակել: Խնդրում եմ՝ անդրադառնաք դրան, մասնավորապես՝ ձեր առաջարկած հանրային ֆինանսավորման մոդելին: -Այդ ծրագրից բացի` ՀԱԿ-ը վերջին 10-11 տարիներին ընտրական համակարգի բարեփոխումների մասին խոսել է տասնյակ անգամներ: 2008 թվականից սկսած` բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել։ Երբ Կոնգրեսը ներկայացված էր պառլամենտում, գործը հասավ նույնիսկ նրան, որ 2016 թվականին ստեղծվեց 4+4+4 ձևաչափով աշխատանքային խումբ, որտեղ ներկայացված էին պառլամենտական բոլոր խմբակցություններն ու կառավարությունը: Այդտեղ էլ բավականին փոփոխությունների մենք հասանք: Իհարկե, դրանք 2017 թվականի ընտրություններում, կարելի է ասել, արդյունք չտվեցին, որովհետև այդ ընտրությունները, գիտեք, ինչպես անցան: Դա մեր պատմության մեջ երևի նախադեպը չունեցող ընտրազեղծարարության մի ամբողջ աննախադեպ մասշտաբներով հրեշավոր գործողություն էր: Անցած տարի էլ` հեղափոխությունից հետո, չորս հայտարարություն է արել ՀԱԿ-ը` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ, քանի որ սպասվում էին ԱԺ արտահերթ ընտրություններ։ Դրանց մի փոքր մասը կատարվեց, ամենագլխավոր հարցն այդպես էլ լուծում չստացավ՝ համամասնական ընտրակարգի ացնելու վերաբերյալ: Հիմա, մինչև փոփոխությունների մասին խոսելը, ճիշտ կլինի` խոսենք ընդհանրապես կոնցեպցիայի մասին, թե ինչ խնդիր է այսօր կանգնած մեր առջև, որպեսզի հասկանանք, թե այդ փոփոխություններով մենք ինչ ենք ուզում անել, ինչ խնդիր լուծել: Իսկ գլխավոր խնդիրը հիմա պետք է համարել հետևյալը. Հայաստանում վերջին 20 տարիներին՝ մինչև հեղափոխությունը, ձևավորվել էր մի համակարգ նախկին ռեժիմի կողմից, որի գլխավոր նպատակն էր ապահովել մի նեղ, շատ փոքր խմբակի անսահմանափակ իշխանությունը: Օլիգարխներն ամբողջովին իրենց ֆինանսական ռեսուրսներով ներգրավվում էին ընտրական պրոցեսների մեջ, և ընտրակաշառքի ինստիտուտը դառնում էր իշխանության ձևավորման գլխավոր միջոցը: Կուսակցությունների ծրագրերը, գաղափարախոսությունները այլևս ոչ մի նշանակություն չէին ունենում: Իսկ ինչո՞ւ էր սա հնարավոր, այդ ռեժիմը ի՞նչ պայմաններ էր ստեղծել, որպեսզի սա կարողանա անել: Հայաստանի ազգային հարստության շուրջ կեսը կուտակված է մեր բնակչության ընդամնեը 0.5 տոկոսը կազմող անձանց ձեռքում: Միևնույն ժամանակ մեր ժողովրդի շուրջ 40 տոկոսը աղքատ կամ ծայրահեղ աղքատ էր: Հիմա, եթե դու ունես աղքատության այդքան բարձր աստիճան, և մյուս կողմից էլ ունես 5 տոկոսի ձեռքում կենտրոնացած ամեն ինչ, հետևաբար այդ հինգ տոկոսը այս 40 տոկոս աղքատության պայմաններում կարող է ֆինանսական ռեսուրսներով լուծել ցանկացած խնդիր: Հեղափոխությունը լուծեց բազմաթիվ խնդիրներ, կոռուպցիայի դեմ պայքարը շատ հաջող ընթացավ,  նախորդ ընտրությունները բավականին արդար անցան, այսինքն՝ բուն քվեարկության խնդիրը, օրինականությունը լուծվեց, բայց Հայաստանում դեռևս սոցիալական ծայրահեղ բևեռացվածության խնդիրը չի լուծվել, նույնսիկ մեկ ընտրական ցիկլը բավարար չէ, որ այս ծայրահեղ աղքատությունը հաղթահարվի:  Իշխանությունն այսօր ունի քաղաքական կամք՝ ապահովելու արդար ընտրություններ, բայց առկա են այնպիսի օբյեկտիվ իրողություններ, որոնք ինչ-որ պահի շատ հնարավոր է, որ գործադրվեն նույնիսկ իշխանության ամենաբարձր քաղաքական կամքի դեպքում: Հեղափոխությունից կանցնի էլի ժամանակ, հետհեղափոխական շրջանի ոգևորությունը, բնականաբար, կնվազի, սոցիալական բևեռացվածությունը կնվազի որոշ չափով, սակայն այդ մարդկանց ձեռքում ֆինանսական հսկայական լծակները կպահպանվեն դեռ, և այդ պայմաններում մենք կբախվենք նույն խնդրին:  Հիմա, հետևաբար, գալիս ենք այդ գլխավոր խնդրին՝ ինչպե՞ս վերականգնել հավասարակշռությունը պետական պետական կառավարման և ինչպե՞ս անել, որ քաղաքական համակարգն առողջանա: Ընտրական օրենսգիրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները նախ և առաջ պետք է ծառայեն այս խնդրի լուծմանը: Այսինքն՝ խնդիրը ոչ թե ուղղակի արդար ընտրություններ կազմակերպելն է, այդ հարցը, գոնե այս պահի համար, կարելի է համարել լուծված, այլ այս իրավիճակը, որն ինչ-որ պահի մեզ նորից բերելու է ճգնաժամի: Հետևաբար, պետք է հիմիկվանից անենք փոփոխություններ, որոնք ապագայում բացառեն այդ նոր ճգնաժամերը, հավասարակշռեն քաղաքական համակարգը և օգնեն մեզ զարգանալ ու գնալ առաջ: Մենք շատ առաջակություններ ունենք Ընտրական օրենսգքի վերաբերյալ, 30-ից ավելի առաջարկ ենք ներկայացրել անցած տարի, բայց ամենակարևորը այս խնդրի լուծումն է. ներդնել մեխանիզմներ Ընտրական օրենսգրքում, որոնք առավելագույնս կսահմանափակեն խոշոր կապիտալի ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա, և երկրորդ, ներդնել այնպիսի մեխանիզմներ, որ կուսակցությունները կայանան, որովհետև Հայաստանում այս պահին լիարժեք կայացած կուսակցություններ չկան: Կան  համեմատաբար ավելի կազմակերպված, ավելի գրագետ, հասուն քաղաքական ուժեր, բայց միևնույն է, Հայաստանում չկա որևէ կուսակցություն, որը որպես ինստիտուցիոնալ, լուրջ կառույց ձևավորված լինի: Կուսակցությունների դերը պետական, հասարակական կյանքում շատ ավելի մեծ է, քան ընդունված է այսօր Հայաստանում պատկերացնել: Դրանք են կոչված ապահովելու պետական կառավարումը, և թույլ կուսակցություններ նշանակում է թույլ պետություն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս,  որպես ինստիտուցիոնալ կառույց, գոյություն չունի: Այսօր էլ տեսնում ենք, որ նույն այդ կուսակցությունը լրջագույն խնդիրներ ունի կադրերի հարցում: Ընտական օրենսգրքում գլխավորապես պետք է լուծենք այն հարցը, որ նվազագույնի հասցնենք կամ չեզոքացնենք խոշոր կապիտալի ազդեցությունը պառլամենտի և հետևաբար ամբողջ իշխանության ձևավորման վրա: -Ի՞նչ մեխանիզմներով։-Ամենակարևոր մեխանիզն այս պահին 100 տոկոսանոց համամասնական համակարգին անցնելն է: Ինչո՞ւ: Միշտ գործել է մեծամասնական համակարգը, որ հետո վերափոխվեց ռեյտինգայինի։ 2016 թվականին 4+4+4 ձևաչափով բանակցությունների արդյունքում կարողացանք ստիպել իշխանությանը կատարել հետևյալ զիջումները՝ հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները, որից նրանք հրաժարվում էին տարիներ շարունակ, որովհետև դա կարող էր բացահայտել կեղծարարության ամբողջ ծավալը՝ ուրիշի փոխարեն քվեարկությունները: Տեսախցիկների տեղադրմանը հասանք տեղամասերում, որպեսզի լցոնումներ, բռնությունյուններ չլինեն: Իշխանությունը սրան էլ համաձայնեց: Խստացրինք պատասխանատվությունը ընտրական խախտումների համար, դիմումների քննարկման համակարգը փոխեցինք, որը, ցավոք սրտի, շատերը խորությամբ չհասկացան, բայց դա շատ լուրջ բան էր: Ընտրախախտումների ապացուցման բեռը ոչ թե մնում էր բողոքող կողմի վրա, այլ ընտրական հանձնաժողովները պետք է ապացուցեին, որ չի խախտվել: Միակ բանը, որի չհամաձայնեցին կյանքի գնով, մեծամասնական համակարգի փոփոխությունն էր, որովհետև շան գլուխն այդտեղ էր թաղված: Մեծամասնական կամ ռեյտինգային ընտրակարգն անձերի մրցակցություն է, կուսակցությունների, գաղափարախոսությունների, ծրագրերի մրցակցություն չէ։ Իսկ ես ներկայացրի արդեն, որ անձերի մրցակցությունը շատ արագ վերածվում է փողի մրցակցության: Այդ ռեյտինգային կոչվածը նույն մեծամասնականի քողարկված տարբերակն է: Ռեյտինգային կոչվածը ստեղծում է հարմար պայմաններ ընտրությունը քաղաքականից վերածելու ֆինանսականի: Նույնիսկ անցած տարի ՀՀԿ-ն այդպես դիմադրում էր, որովհետև դա իր փրկության վերջին հույսն էր: Եվ 4.5 տոկոս ստացավ, քիչ էր մնում անցներ: Ասեմ, որ աշխարհում շատ տարբեր մեթոդներ կան: Այդ նույն ռեյտինգային համակարգը, որ ՀՀԿ-ն ներդրել էր, շատ երկրներում կիրառվում է: Իտալիայում, օրինակ, անընդհատ փոխվում է ընտրական համակարգը. կարող է 10 տարի մաքուր փակ համամասնական լինի, հետո դարձնեն մեծամասնական, հետո նորից փոխեն: Ինչո՞ւ է սա կատարվում, որովհետև ամեն անգամ պետությունը որոշում է իր խնդիրը, որ այս պահին պետք է լուծել, և այդ խնդրին համապատասխան փոխում է ընտրական համակարգը: Հիմա այս պահին մեր խնդիրը քաղաքական համակարգը փրկելն է, կապիտալի այդ հսկայական ազդեցությունից ձերբազատելը, հետևաբար փակ համամասնական ընտրակարգն այլընտրանք չունի այսօր, եթե ուզում ենք գնալ զարգացման ճանապարհով, եթե ուզում ենք թույլ չտալ, որ փոքր մի խումբ, օգտվելով արդար ընտրությունների հանգամանքից, փորձի ֆինանսական լծակներով վերցնել իշխանությունը: -Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նրանք կողմնակից են բաց համամասնական ընտրակարգին, որովհետև դա կնպաստի կուսակցությունների ներքին ժողովրդավարության զարգացմանը, ու քաղաքացիների ձայնն ավելի լսելի կլինի: Դուք այսինքն համաձայն չե՞ք այս դիտարկմանը։  -Ես չգիտեմ՝ «Լուսավոր Հայաստանը» որն է համարում այսօր գլխավոր խնդիր՝ նեքաղաքական համակարգի առջև կանգնած․ ես բացատրեցի՝ որն է գլխավոր խնդիրը:  Ճիշտ է, փողը, միևնույնն է, ունենալու է ազդեցություն, բայց դա չպիտի լինի վճռորոշ, գլխավոր գործոն, իսկ դա բացառելու համար թիվ մեկ հարցը նա է, որ ընտրությունները վերածենք քաղաքական գործընթացի, ոչ թե անձերի պայքարի, իսկ դա հնարավոր է անել միայն փակ համամասնական ընտրակարգով: Փակ համամասնական ընտրակարգն այնքան ժամանակ պետք է գործի Հայաստանում, միչև ձևավորվեն լուրջ կուսակցություններ: Այսօր կուսակցություններ չկան Հայաստանում, ի՞նչ ներքին ժողովրդավարություն: Ես, իհարկե, շատ եմ խտացնում գույները, իհարկե, կան: Մենք էլ ենք կուսակցություն, բավականին լուրջ կուսակցություն ենք՝ հրաշալի ավանդույթներ ու կադրեր ունեցող, բայց, միևնույնն է, ինստիտուցիոնալիզացիայի խնդիր ունեն բոլորը: Եթե դու տարածքային կառույցներ չունես, եթե դու չես կաողանում նրանց համար գրասենյակներ ապահովել, եթե տեղական քաղաքական կյանք գոյություն չունի, էլ ի՞նչ մրցակցության մասին է խոսք լինելու այդ տեղերում: Պարզ է, որ դա լինելու է մի անձ, որը տիրապետում է ինչ-որ լծակների, ֆինանսական ռեսուրսների, որի շուրջ տեղի է ունենալու կոնսոլիդացիա, հետո ինքը մրցելու է մեկ այլ փողատիրոջ հետ, տեսնեն՝ ով է հաղթում: Ես գիտեմ նաև, թե «Լուսավոր Հայաստանը» 2017 թվականին ինչպես էր այդ անձանց գտնում շրջաններում: Այսօր կուսակցությունները նախ պետք է կարողանան ամրապնդվել, ձևավորվել, հետո նոր կարելի է անցնել այդ տիպի մրցապայքարի: -Անդրադառնանք հանրային ֆինանսավորմանը։Տեսեք, ռեժիմը 20 տարի զբաղվել է կուսակցությունները ոչնչացնելով: Կոնգրեսը՝ չունենար իր սկզբնական հսկայական պոտենցիալը, չէր դիմանա 10 տարվա այդ հակամարտությանը։ Մենք դա կարողանում էինք տանել, որովհետև նախնական հսկայական պոտենցիալ ունեինք՝ 88 թվականի շարժման բազայի հիման վրա, այլ կուսակցություններ ևս միացան, Տեր-Պետրոսյանի հսկայական  գործոնը կար, բայց ռեժիմը 20 տարի ամեն ինչ արել է կուսակցությունները պարզապես ոչնչացնելու համար՝ քարոզչական դաշտից սկսած, բայց գլխավոր խնդիրը դրել է ֆինանսավորումը: Մենք ընդդիմության առաջատար ուժն էինք, չէ՞, 10 տարի: Չկար մեկը, բացառությամբ ընտրական փուլերում, որ կհամարձակվեր մեզ նվիրատվություն անել: Դա վտանգավոր էր։ Այսօր Հայաստանի բոլոր կուսակցություններն աղքատ են ուղղակի, ես չեմ վախենում այս բառերն ասելուց, աղքատ են, եթե չեն պատկանում օլիգարխի: Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչպես լուծել կուսակցությունների ֆինանսավորման հարցը: Չէ՞ որ  ասում ենք, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի քաղաքական համակարգի վրա խոշոր կապիտալը չկարողանա ազդել: Հիմա, եթե խոշոր կապիտալը չի ազդում, ինչպե՞ս պետք է ֆինանսավորվեն այդ կուսակցությունները, ո՞վ պետք է ֆինանսավորի, ինչպե՞ս պետք է այդ կուսակցություններն ապահովեն իրենց անկախությունը: Ուրեմն, կուսակցությունները պետք է ունենան ֆինանսավորման շատ լուրջ աղբյուրներ և  ֆինանսական անկախություն, այ այդ դեպքում ներքին դեմոկրատիա կլինի: Գորգիսյանը պետք է այդ ուղղությամբ մտածի, որ կուսակցությունը ֆինասապես այնքան անկախ լինի․․․ ֆինանսապես անկախ կուսակցությունը չի կարող չլինել դեմոկրատական, որովհետև այնտեղ բոլորն են բաժնետեր: Իսկ եթե ֆինանսավորողը մեկն է, այնտեղ չի կարող լինել դեմոկրատիա, այդ ամեն ինչը ձև է ուղղակի։  Մենք կարծում ենք, որ կուսակցությունների ֆինանսավորման լավագույն միջոցը հենց ժողովուրդն է։ Հանրությունը պետք է պահի այդ կուսակցություններին, որովհետև այդ կուսակցություններն, ի վերջո, ապահովելու են այն երկրի կառավարումը, որտեղ այդ հանրությունն ապրում է: Ի դեպ, չենք ասում, որ սա միակ և անփոխարինելի ձևն է: Ձևեր շատ կան, ենթադրենք, ինչքան ձայն ստացավ կուսակցությունը, ձայնը մի դոլար, հաշվում են, ստացել ես 20 հազար ձայն՝ 20 հազար դոլար տարեկան ֆինանսավորում ես ստանում: Կա ֆինանսավորման մի մոդել, որ Գերմանիայում է կիրառվում. և՛ ստանում ես քո ստացած ձայներին համապատասխան պետական ֆինանսավորում, դե այնտեղ եկամուտների համընդանուր հայտարարագրերի համակարգ է գործում, և՛ եթե որևէ մեկը նվիրատվություն է անում կուսակցությանը, ապա դա իր եկամտահարկից նվազեցվում է: Սա ինչ-որ մեթոդ է, որ մարդիկ հասկանան՝ կուսակցութունների ֆինանսավորումը խրախուսվում է պետության կողմից: Մեր առաջարկի իմաստը հետևյալն էր. կիրառվի և՛ եկամտահարկի նվազեցման մոդելը այն մարդկանց համար, որոնք եկամտահարկ են վճարում։ Բայց ավելի շատ կիրառվի մեկ այլ մոդել․ տնտեսվարողները իրենց վճարելիք ավելացված արժեքի հարկի, ենթադրենք, զրո ամբողջ այսինչ տոկոսի չափոով գումարը փոխանցում են ոչ թե բյուջե, այլ փոխանցում են որևէ կուսակցության, որին իրենք նախընտրում են: Վերին շեմ կարող ենք սահմանել, որ էլի չստացվի՝ խոշոր կապիտալը մեծ գումարներ է տալիս: Իրենք կարող էին ամբողջ գումարը վճարել բյուջե, հետո պետությունը որոշեր՝ այս կուսակցությանն այսքան, սրան՝ այսքան: Հիմա ասում ենք՝ չէ՛, թող պետությունը չորոշի, թող որոշեն մարդիկ։ Ոչ թե հինգ տարվա համար անփոփոխ մի չափանիշ դրվի, որովհետև կյանքը շատ դինամիկ է, մի քաղական ուժն այսօր ցածր ռեյտինգ ունի, կարող է մի տարի հետո բարձր ռեյտինգ ունենալ: Մարդը, կարող է, այս ընտրություններում ինձ է ձայն տվել, մի տարի հետո, ենթադրենք, հիասթափվել է, բայց ես շարունակում եմ նրա տված ձայնով ֆինանսավորում ստանալ․ հիմա նա հիասթափվել է՝ փոխանցի մեկ այլ կուսակցության: -Բացի փակ համամասնական ընտրակարգ ունենալու կարգավորումից` ՀԱԿ-ի համար որո՞նք են մյուս առաջնահերթ փոփոխությունները, որ պետք է կատարվեն Ընտրական օրենսգրքում: -Ընտրակաշառքը պետք է դասել ծանր հանցագործությունների շարքին, այսինքն` պետք է վեց տարվա ազատազրկման դատապարտել (հինգ տարուց բարձրը ծանը է), որովհետև դա պետության նկատմամբ կատարվող ծանրագույն հանցագործություն է: Մյուսն այդ բարեգործական ծրագրերն են: Հայտնի բան է, որ բարեգործության անվան տակ նույն ընտրակաշառքը բաժանվում է տարբեր եղանակներով: Բարեգործական կազմակերպություններ ունեցող անձինք իրավունք չպիտի ունենան զբաղվելու քաղաքականությամբ: Բարեգործական ծրագրերը ընտրությունների օրը հայտարարելուց հետո պետք է դադարեցվեն: Բիզնեսը պետք է հանձնվի պետական կառավարման, պետությունը պետք է տնօրեն նշանակի, պետությունն այդ եկամուտմերը պետք է տնօրինի: Պետք է նախընտրական ծախսերի շեմերն էապես կրճատել, այնքան կրճատել, որ ֆինանսական կարողությունների ակնհայտ տարբերությունը չտա մեկին առավելություն: Դրանից բացի` մենք կարծում ենք, որ իսկապես ժամանակն է, որ ընտրական բոլոր հանձնաժողովները լինեն պետական: Մենք դա ասում էինք 2008-ից սկսած, եվ մեզ ասում էին` ո՞նց, ի՞նչ եք ասում, դուք Սերժի՞ն եք հանձնում բոլոր հանձնաժողովները։ Ասում էինք` այո՛, այդ ամբողջը պետք է դնել պետության վրա, պետությունը պետք է պատասխանատու լինի ընտրությունների համար, ոչ թե կուսակցությունները: Բոլոր հանձնաժողովները պետք է լինեն պետական, և պետությունը պետք է 100 տոկոսանոց պատասխանատվություն կրի դրանց համար: Քոչարյանը մի անգամ, երբ ինքը նախագահ էր, մի լրագրող հարց տվեց, թե ընտրական հանձնաժողովներում իշխանության ներկայացուցիչները կաշառել էին հանձնաժողովի անդամներին և վերջում արդյունքներն էին կեղծել, ասաց` է թող չկաշառվեին: Որովհետև այդ հանձնաժողովներում կուսակցություններ էին, ասում էր` իրենք չե՞ն այդ մարդկանց նշանակել, թող այնպիսի մարդկանց նշանակեին, որ չկաշառվեին: Ի դեպ, ՀՀԿ-ն, չնայած թվում էր` իրեն ձեռնտու է մեր առաջարկը, որևէ կերպ դրան չհամաձայնեց, որովհետև շատ լավ հասկացան, որ հաջորդ ընտրություն կեղծելն իրենց վրա շատ ծանր է նստելու: Մենք մի առաջարկ էլ ունենք համայնքների վերաբերյալ: Գործող օրենսդրությամբ համայնքի ղեկավարն անսահման ժամկետով կարող է ընտրվել, ընդ որում` սա փոխել է Քոչարյանը, 90-ականներին այդպես չի եղել, երկու ժամկետից ավել որևէ անձ իրավունք չուներ լինելու համայնքի ղեկավար: Քոչարյանը դա փոխեց, դարձրեց անժամկետ: Եվ պարզ էր` ինչու, որովհետև այդ մարդիկ, որոնք գյուղապետ, քաղաքապետ էին դառնում, դառնում էին համակարգի մաս, և նրանք պետք է երաշխիքներ ունենային այս համակարգին ծառայելու համար: Դու անժամկետ կմնաս քաղաքապետ, պետք է լուծես այս և այս խնդիրը, ընտրություններ կեղծես, ընդդիմադիրներին ջարդես, թալանես, փայը տաս ինձ, և այլն: Կան մարդիկ, որ երեսուն տարի է գյուղապետ են: Մենք առաջարկում ենք անպայման փոխել նաև այս համակարգը, վերադարձնել հնին: Կան երիտասարդ կադրեր, կան մարդիկ, որոնք ուզում են զբաղվել կառավարմամբ: Նրանք այդ հնարավորությունից զրկված են, նրանք գիտեն, որ այս գյուղապետը ցմահ է: -Ըստ RElection-ի ձևաչափի՝ մեր բոլոր զրուցակիցները հաջորդ բանախոսին հարց ուղղելու հնարավորություն ունեն: Նախորդ անգամ մենք զրուցել էինք ՔՈ ՍԴԿ մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանի հետ, նրա հարցն այսպիսին էր.-Եթե որևէ պարագայում որոշում կայացվի Կուսակցությունների ծասին օրենքը ձևակերպել այնպես, որ Ձեր կուսակցության ղեկավար մարմնի նիստերը հեռարձակվեն ուղիղ եթերում, թափանցիկ լինեն, ինչպե՞ս կվերաբերվեք այդ դրույթին, և հնարավո՞ր է արդյոք, որ եթե այդպիսի որոշում կայացվի, Դուք ուղիղ եթերում հեռարձակեք միայն այն մասը, որը ձևական է, իսկ հիմնական քննարկումները գնան կուլիսներ: -Կուսակցության վարչության նիստը հեռարձակվի ուղիղ եթերո՞ւմ: Ես չգիտեմ, ճիշտն ասած, դրա իմաստն ու անհրաժեշտությունը, ո՞ւմ է դա պետք, ինչքանո՞վ է դա հետաքրքիր: Ես ասեմ մեր կուսակցության կանոնադրությունը: Մեր կուսակցության բոլոր նիստերը բաց են, բայց եթերով տալու մասով՝ ոնց որ պարտադրես մարդկանց` նստեք, նայեք իմ նիստը: Մենք փակ նիստ մեր պատմության մեջ չենք ունեցել, ցանկացած քաղաքացի կարող է գալ, մեր նիստին նստել, լսել` մենք ինչ ենք խոսում, քննարկում: Եթե ուզում են, որ հեռարձակվի, խնդրեմ, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում։ Ուղղակի կարծում եմ, որ գործնական նայենք հարցին, դա կլինի չափազանց անհետաքրքիր։ Սա ձև է, ինձ թվում է, սա ֆորմա է, որի տակ չգիտես` ինչ բովանդակություն կա: Մեզ դա շատ ձեռնտու կլինի, որ մարդիկ տեսնեն` ինչ հարցեր ենք քննարկում, բայց ոչ մի հեռուստատեսություն չի համաձայնի այդքան ծախս կատարել, որ մեր վարչության նիստը ցուցադրի: -Իսկ ֆեյբուքյան էջերո՞վ: -Ֆեյսբուքյան էջերով կարելի է: Խնդիր չեմ տեսնում: Շատ հաճախ է եղել, որ ինչ-որ քաղաքացի եկել, ասել է` ես ուզում եմ ձեր նիստին ներկա լինել, կարելի՞ է, ասել ենք` իհարկե, եկեք, մենք գաղտնի բաներ չենք խոսում: Կարող է` մենք ինքներս հետո նախաձեռնենք ֆեյբուքով ցուցադրել մեր նիստերը: Սամվել Աբրահամյանի հարցը՝ հաջորդ բանախոսին։Ո՞րն է համարում Հայաստանի քաղաքական համակարգի առջև այսօր ծառացած գլխավոր խնդիրը: Ո՞ր խնդիրն է ամենակարևորը իր կարծիքով:Աստղիկ Քեշիշյան
07:27 - 20 հոկտեմբերի, 2019
RElection [#13] Օրենքի պահանջներից պետք է լինի, որ կուսակցությունը հստակ նկարագրի իր մոտեցումները կյանքի համար կարևոր հարցերի վերաբերյալ․ Միքայել Նահապետյան

RElection [#13] Օրենքի պահանջներից պետք է լինի, որ կուսակցությունը հստակ նկարագրի իր մոտեցումները կյանքի համար կարևոր հարցերի վերաբերյալ․ Միքայել Նահապետյան

RElection նախագծի շրջանակում ընտրական բարեփոխումների թեմայով զրուցել ենք «Քաղաքացու որոշում» կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանի հետ։-«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի և Ազգային ժողովում ընտրական բարեփոխումների համար ստեղծված աշխատանքային խմբի միջև այս պահին որևէ համագործակցություն կա՞ կամ սպասվու՞մ է, թե ոչ։-Ստեղծված աշխատանքային խմբի և «Քաղաքացու որոշում» կուսակցության միջև պաշտոնական համագործակցության որևէ դրսևորում առ այս պահը չի եղել։ Կուսակցությունը քննարկում է ձևաչափը, որով ներգրավված կլինի այդ գործընթացում, որն առավելագույնս արդյունավետ կլինի և՛ քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից, այսինքն՝ որ ֆորմատով ենք ուզում լսելի լինել, և՛ գործընթացի վերջնարդյունքի վրա դրական ազդեցության տեսանկյունից։ Կարծում եմ՝ մեկ-երկու օրվա ընթացքում պարզ կլինի ձևաչափը, որով կմասնակցենք մեզ համար չափազանց կարևոր այդ օրակարգին։ -Ըստ ՔՈ-ի՝ ի՞նչ հիմնական բարեփոխումներ է պետք կատարել «Կուսակցությունների մասին» օրենքում՝ զարգացած կուսակցական համակարգ ունենալու համար։-Որպեսզի հասկանանք՝ ինչն է պետք փոխել, պետք է հասկանանք՝ այն, ինչ կա, ինչ է ստեղծել, իր հետևից ինչ է բերել։ Հայաստանում կուսակցությունները, որպես կանոն, անձի կամ խմբի անձնական, տնտեսական, կլանային շահեր սպասարկելու համար ձևավորված միավորումներ են։ Այսինքն՝ մեկ անձի շուրջ ստեղծված միավորումներ, որտեղ այդ անձն ունի ավտորիտար առաջնորդություն, փակ կառավարման համակարգ, որ ոչ ոք չհասկանա՝ ինչ է կատարվում։ Սովետական մի ֆիլմ կա, որ հարցնում է «А почему "Ы"?», ասում է «Чтобы никто не догадался!», այ մոտավորապես այս վիճակն է եղել մեր կուսակցական համակարգում։ Դրանք պարբերաբար գեներացրել են սոցիալական կապիտալ՝ հանրային տարբեր տրամադրությունների վրա խաղարկումներ անելով, և հիմա եթե դիտարկեք դաշտը, կտեսնեք, որ նույն բանն է տեղի ունենում։ Մարդը լիբերալ է, իրեն բացարձակ չի հետաքրքրում, որ ազատական գաղափարներ պետք է պաշտպանի, գնում պաշտպանում է 2000 տարի առաջվա կղերական դասի գաղափարները։ Ես խնդիր չունեմ այդ գաղափարները պաշտպանելու հետ, եթե լինի կուսակցություն, որը հանդես է գալիս պահպանողական դիրքերից, շատ լավ, նա կլինի քաղաքական մրցակից, որի հետ կարելի է համաձայնել կամ ոչ։ Բայց երբ մարդն իրեն հայտարարում է լիբերալ ու գնում, պաշտպանում է այդպիսի գաղափարներ, դա խնդիր է։Եղել է դասական օլիգարխիկ համակարգ, որտեղ կուսակցությունները չպետք է որևէ վտանգ սպառնային ՀՀԿ-ի՝ կառավարող ուժի իշխանությանը, այսինքն՝ ոչ մի կուսակցություն չպետք է կարողանար այդ սահմաններից դուրս գալ։ Ով կփորձեր, իրեն դուրս էին մղում քաղաքական կյանքից՝ ֆինանսական և բոլոր առումներով։ Արդյունքում՝ կուսակցությունների գործունեությունը եղել է հետևյալը․ ժամանակի ընթացքում կուտակել սոցիալական կապիտալ, հանրային վստահություն՝ տարբեր ցավոտ թեմաների անդրադառնալով, և կապ չունի դա իրենց գաղափարախոսության հետ կապ ունի, թե ոչ։ Այսինքն՝ բացարձակ տնտեսական ազատության մասին կարող էր խոսել մեկը, որ ներկայացնում է սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։ Սա է եղել քաղաքական համակարգը, ադ պահին ինչը ականջահաճո է եղել մարդկանց համար, իրենք դա հայտարարել են, կուտակել սոցիալական կապիտալ, որպեսզի ընտրությունների ժամանակ վաճառեն։ Այ, լավ հարց է, թե այս վիճակից անցում կատարելու համար ինչ պետք է փոխենք։ Կա երկու տեսակի մոտեցում։ Մեկը միջազգային հանրության սրտով փոփոխություններ անելու մոտեցումն է, մյուսը՝ մեր կարիքներից ու պահանջմունքներից ելնող փոփոխություններինը, որն, ի դեպ, պարտադիր չէ, որ հակասի միջազգային հանրության՝ լավագույն փորձի վերաբերյալ պատկերացումներին։ Խնդիրը հետևյալն է՝ դու կհրաժարվե՞ս անելու մի բան, որը գիտես, որ քեզ պետք է, միայն այն պատճառով, որ միջազգային հանրությունը դրա հետ գուցե պրոբլեմ ունի, իր համար դա արտասովոր է, թե՞ դու, այնուամենայնիվ, կանես դա՝ միևնույն ժամանակ խնդիր չդնելով անպայման անել մի բան, որի օրինակը միջազգային հանրությունը տեսած չլինի։ Այս երկուսի արանքում է պետք կողմնորոշվել՝ մեզ ինչ է պետք։ Երբ խոսում ենք այս օրենքում որոշակի կտրուկ փոփոխություններից, հակադարձումը հետևյալն է՝ ախր շատ լավ բան եք ասում, բայց պատկերացնու՞մ եք՝ Վենետիկի հանձնաժողովը դրան ինչ կասի։Վենետիկի հանձնաժողովը ձևավորվել է մի տարածքում, որտեղ 300 տարի առաջ հրացաններով իրար սպանում էին, որովհետև քաղաքական պլատֆորմ չկար։ Քաղաքականությունը ծագել է որոշակի պատմության, ցավոտ էջերի վրա, և այդ թափված արյունն է ամեն անգամ վկայակոչվում՝ բացատրելու քաղաքական գործիչներին, թե ինչու չի կարելի վարվել այնպես, ինչպես այն ժամանակ։ Այսինքն՝ կա որոշակի պատմական ուղեծիր, որով իրենք անցել են։ Մենք, չունենալով այդ քաղաքական պատմությունը, բայց այսօր սկսելով այն կետից, որտեղ հիմա իրենք են, լավ հայտ ենք ներկայացնում, բան չունեմ ասելու, բայց արդյոք դա մի՞շտ է աշխատելու։ Ես համաձայն չեմ, որ միշտ է աշխատելու։Եվ հեղափոխությունը, պետք է արձանագրենք, որ տեղի է ունեցել մի պայմաններում, երբ Վենետիկի հանձնաժողովի առնվազն դիմակայությանը չարժանացած Սահմանադրությունն է ընդունվել, «Կուսակցությունների մասին» օրենքն ու Ընտրական օրենսգիրքն է ընդունվել։ Միջազգային դիտորդական առաքելությունները ընտրությունները ճանաչել են ընդհանուր առմամբ առանց խախտումների, քաղաքական ուժերը հիմնականում չեն բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Փաստորեն, եթե դրական է արձագանքել միջազգային հանրությունն, ուրեմն՝ կատաստրոֆա չկա, բայց հենց այդ կատաստրոֆա չլինելուց ամիսներ հետո է, որ հեղափոխություն է տեղի ունեցել։ Այսինքն՝ այն, ինչ կարող է արժանանալ միջազգային հանրության հավանությանը, միշտ չէ, որ քաղաքական լավ համակարգի մասին է խոսում։ Եվ ես պնում եմ՝ այն խնդիրները, որ ունենք, միշտ չէ, որ խորապես ըմբռնվում է միջազգային էքսպերտների կողմից։ Ես հանդիպել եմ շատ պատկառելի կազմակերպություն ներկայացնող մարդու, որ ասում էր, թե մեր միակ խնդիրը կուսակցությունների ընտրական ֆոնդի առավելագույն շեմը մի քիչ փոքրացնելն է, այ եթե դա փոխենք, ընդհանուր առմամբ լավն է մեր օրենսդրությունը։ Ի պատիվ մեր ԱԺ պատգամավորների՝ շատ ավելի հեղափոխական իդեաներ կան, քան այդ միջազգային լավագույն փորձը վկայակոչող փորձագետներն են պնդում։Եթե առարկայական գանք, դա վերաբերում է հարցերի մի լայն շրջանակի՝ ֆինանսավորման խնդիրներ, ներքին դեմոկրատիայի խնդիրներ։ Տեսակետ կա օրինակ, որ իրավունք չունենք միջամտելու և ասելու, թե կուսակցության ներսում որոշումներն ինչպես պետք է կայացվեն։ Ես ասում եմ՝ ո՛չ, մենք իրավունք ունենք միջամտելու և ասելու, թե ընդհանուր առմամբ ոնց պիտի կայացվեն, որովհետև այդ կուսակցությունները կառույցներ են, որոնք կարող են մի օր մեր կյանքը կառավարել։ Եվ ես իրավունք ունեմ տեսնելու, թե այնտեղ ինչպես են կայացվում որոշումները։ Երբ խոսում ենք գաղափարախոսության մասին, դա ցավոտ է ընկալվում, որովհետև իսկապես հնարավոր է՝ արդի քաղաքական միջավայրում ֆիքսված, տերմին ունեցող գաղափարախոսություններն ամբողջովին չեն արտահայտում կուսակցության սկզբունքները։ Միշտ չէ, որ կգնաս ու կգտնես կոնկրետ «իզմ»-ը, որը քո սրտով է։ «Իզմ»-երը որոշակի հարցերին մարդու կամ կուսակցության մոտեցումների ամբողջությունն են։ Հիմա եթե չկա այն անունը, որը քեզ բնորոշում է, դու շարադրիր այդ հարցերի քո պատասխանները, թող դա կոչվի «իմքայլիզմ», թող «ոչմիիզմ» կոչվի, բայց մարդիկ իրավունք ունեն իմանալու՝ տնտեսական բլոկում նրանք ավելի շատ պետական միջամտությանն են հավատում, թե ազատ շուկային, անտեսանելի ձեռքին, կամ մշակութային առումով իրենք ավանդապաշտ, պահպանողական են, թե այսպես կոչված ազատականությանը, առաջադիմությանն են հավատում և այլն։ Կարծում եմ՝ «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջներից մեկը պետք է լինի, որ կուսակցությունը հստակ նկարագրի իր մոտեցումները կյանքի համար կարևոր հարցերի վերաբերյալ։ Պրոբլեմ է ունենալ միավորում, որը ֆաշիստներից մինչև լիբերալներ բոլորին կհավաքի իրար գլուխ ու պետական կառավարման համակարգը կվերածի կարապի, խեցգետնի ու գայլաձկան պատմությանը։ Կառավարության կազմում սոցիալիստ և նեոլիբերալ ունենալը մեծ խնդիր է։-Կցանկանայի՝ առարկայական անդրադառնայինք կուսակցությունների ֆինանսավորման խնդիրներին։ Շատ է խոսվում, որ անհրաժեշտ է մեծացնել կուսակցություններին տրամադրվող հանրային ֆինանսավորումը, սրա վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք ու ինչպե՞ս եք պատկերացնում այդ մեխանիզմը։ Առհասարակ ինչպե՞ս է պետք ֆինանսավորել կուսակցություններին, որ հնարավորինս փակվեն օլիգարխիկ ֆինանսավորման ճանապարհները։-Հանրային ֆինանսավորմանը շատ դրական եմ վերաբերվում, որովհետև ի վերջո կուսակցությունների գործունեության վերջնական արդյունքը հանրությանն է, եթե լավն է այդ պրոդուկտը, կարելի է դրա համար վճարել։ Սեղանի վրա հանրային ֆինանսավորման տարբեր մոտեցումներ են քննարկվում։ Ասենք՝ հավաքած տոկոսների բերումով։ Գործող տարբերակը հենց սրա մի դրսևորում է։ Սրա խնդիրն այն է, որ ով ուժեղ է, ստանում է ավելի մեծ հնարավորություն՝ ավելի ուժեղ դառնալու, և ով ավելի թույլ է, ստանում է փոքր հնարավորություններ հետագայոմ ուժեղանալու համար։ Մյուս կողմից, այս դեպքում ի՞նչ անի ընտրություններից երկու օր առաջ ստեղծված կուսակցությունը, որը ոչ մի շեմ չի հաղթահարել, բայց կայացման խնդիր ունի, կարող է հինգ տարի հետո շատ ավելի լավ, ներառական կուսակցություն լինել, քան ընտրություններում շեմեր հաղթահարած կուսակցությունները։ Իմ անձնական մոտեցմանը եթե գանք, սա դեռ կուսակցական դիրքորոշում չէ, կարծում եմ, որ հանրային ֆինանսավորումն անձնական որոշման տիրույթում պետք է լինի։ Այսինքն՝ հարկատուն ինքը որոշի իր հարկերից ինչ-որ չափի գումար (կարող է պետությունը սահմանել, թե այդ ինչ-որ չափը որքան է), փոխանցել այսինչ կուսակցությանը։ Սրա իմաստն այն է, որ ֆինանսավորումը լինում է հանրային, բայց հանրային ֆինանսավորման այն ռիսկը, որ կուսակցությունները դրանից հղփանում են, որ մեկ ա, փողը կա, էլ ինչու աշխատենք մարդկանց հետ, վերանում է։ Ես կարող եմ ոչ մի շեմ չհատել, բայց տասը հազար հոգու համոզել, որ իրենց ամսական եկամտահարկից հազարական դրամ տան իմ կուսկացությանը, որովհետև համակրում են։ Դա վարչարարության առումով կարող է խնդիր լինել հարկային մարմնի համար, բայց կարծում եմ՝ քաղաքական առումով ամենալավ մեսիջն ունեցող տարբերակն է։ Եթե ես իմ համակրին ասեմ՝ քո տնօրինվող եկամտից հազար դրամ տուր, ինքը կարող է դա չտալ, բայց եթե դա այսպես թե այնպես հարկ է մուծելու, այդ հարկից ինչ-որ գումար էլ այսպես թե այնպես գնալու է կուսակցություններին, նա կարող է ինքը որոշել, որ այդքան կուսակցություններից ուզում է հենց այս մեկին գնա այդ գումարը։-ՔՈ ՍԴԿ-ի ծրագրում անդրադարձ կա ընտրովի պաշտոնյաների հետկանչի մեխանիզմների ներդրման և հանրաքվեների մեխանիզմների պարզեցման անհրաժեշտությանը։ Օրենսդրական ի՞նչ փոփոխությունների միջոցով եք տեսնում սրա իրականացումը։ -Գործող օրենսդրությունը հանրաքվեների համար անհաղթահարելի մեխանիզմներ է ստեղծել, հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունքը կեղծ իրավունք է, պրակտիկայում անհնար է իրացնել։ Անհնար է, որովհետև ստորագրությունների թվի այն շեմը, որ ենթադրվում է, չափազանց բարձր է հաղթահարելու համար, բայց դա հաղթահարելն անգամ չի նշանակում, թե հանրաքվե կլինի, դեռ ԱԺ-ի համաձայնությունն է պետք ստանալ։ Հետևաբար, եթե ինչ-որ փոփոխություն ենք ուզում, խորհրդարանը կարող է ուղղակի արգելակել և վերջ, իսկ մենք նման իրավիճակ տեսել ենք արդեն։ Ընդ որում՝ պարտադիր չէ, որ խորհրդարանը չընտրված լինի։ Երկրորդ խնդիրն անհիմն սահմանափակումներն են, թե ինչի վերաբերյալ մարդիկ իրավունք ունեն հանրաքվե նախաձեռնելու։ Իսկապես անհասկանալի է, թե ինչու մարդիկ իրավունք չունեն իրականացնել հանքարդյունաբերությունն իրենց տարածքում արգելելու վերաբերյալ հանրաքվե։ Դու չես կարող որոշել, որ քո տան դիմաց հանք չլինի։ Փոփոխությունների տեխնիկական իրագործման համար կդժվարանամ հստակ ասել՝ Սահմանադրության մեջ արգելքներ կան, թե ոչ, բայց խնդիր կա «Հանրաքվեների մասին», «Տեղական հանրաքվեների մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։Իսկ հետկանչի խնդիրը շատ բարդ է։ Դա անհրաժեշտ, բայց աշխատանք պահանջող գործընթաց է, որովհետև գալիս է տվյալ քաղաքական համակարգի առանձնահատկությունից, պետական կառավարման մարմինների և իշխանությունների տարանջատման սկզբունքներից։ Օրինակ, արդյոք մարդիկ իրավունք ունեն հետ կանչել խորհրդարանի ընտրած պաշտոնյային, ասենք՝ վարչապետին, թե՞ պետք է դիմեն ԱԺ-ին, որ դու հետ կանչի, թե չէ մենք քեզ հետ կկանչենք։ Այս տեսակ հարցերը քննարկման ենթակա են, բայց միանշանակ հաղթահարելի խնդիրներ են։ Պետք է ուսումնասիրել միջազգային փորձը։Ըստ RElection-ի ձևաչափի՝ հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ բանախոսին։ Մեր նախորդ զրուցակիցն էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, և նա այսպիսի հարց է ուղղել.-Արդյոք չե՞ք կարծում, որ Ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածը, այսինքն՝ կոալիցիա կազմելու համար կուսակցությունների թվի սահմանափակումն առնվազն երեքով հստակ խոչընդոտ է ժողովրդավարության և խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը։-Այստեղ ներկայացված լինելու իրավունքի և կայունության հակադրության մասին է խոսքը։ Նախորդ կառավարող ուժի մոտեցումը կայունությունն էր, իրենց դա պետք էր, որովհետև, եթե չկա լեգիտիմություն, ամեն ինչ պետք է բռիդ մեջ հավաքված լինի։ Եվ իրենք ամեն ինչ արել են, որ հանկարծ չստացվի իրավիճակ, երբ ամենաշատ ձայներ հավաքած ուժն, այնուամենայնիվ, չկարողանա կառավարություն ձևավորել։ Իսկ փորձը ցույց է տվել, որ անգամ ընտրակեղծիքներով իրենք 50%-ից ավել ձայն չեն գրանցել։ Երկրորդը ներկայացված լինելու խնդիրն է, որ եթե օրինակ 12 հազար մարդ կոնկրետ մի կուսակցության մեջ է տեսնում իրեն ներկայացնելու պոտենցիալը։ Ավելի ծայրահեղ իրավիճակ ներկայացնեմ․ ենթադրենք՝ Հայաստանում սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական գաղափարներին հարում է ընդամենը 20-25 հազար մարդ, և մնացած բոլորը լիբերալ գաղափարներին են հավատում, հիմա ի՞նչ, իրենք ներկայացված պիտի՞ լինեն քաղաքական սպեկտորում, թե՞ աբսուրդը կհասնի այնտեղ, որ լիբերալները կասեն՝ ոչինչ, իրենց էլ մենք կներկայացնենք։Այս հարցը երկու կողմ ունի, մեկն այն է, որ ինչու, ընկեր, մենք ուզում ենք շատով դաշինք կազմել, յոթ ուժ անցել է խորհրդարան, յոթով ուզում ենք կոալիցիա կազմել, մյուսը անցողիկ շեմերի խնդիրն է, ինձ համար դրանք ևս խնդրահարույց են։ Չեմ ասում՝  պետք է հանվի, բայց դրանց մնալը հարց է, որը պետք է քննարկվի, ուսումնասիրվի։ Էլի եմ ասում, ենթադրենք՝ մենք ընդամենը 12 հազար հոգի ենք, մեզ ընդամենը մի խնդիր է հետաքրքրում, բոլորը կողմ են այդ գաղափարին, բացի մեր 12 հազարից, հիմա մենք խորհրդարանում կարո՞ղ ենք ներկայացված լինել, թե՞ ոչ։ Ասել, որ 12 հազարն ի՞նչ թիվ է, թող ներկայացված չլինեն, նշանակում է ունենալ12 հազարանոց խումբ, որը դուրս է քաղաքական համակարգից։ Հենց այդպես մի հինգ-վեց խումբ ձևավորվում է, ստեղծվում է իրավիճակ, երբ քաղաքականությունը դուրս է մնում պետական ապարատից, գալիս փողոցներ։ Հիմա ո՞րն է ավելի անկայունություն։  Այո՛, համաձայն եմ, շատ պրոբլեմատիկ է այն, ինչ ձևավորվել է, դա խոչընդոտում է ներկայացված լինելու իրավունքի իրացմանը և ինչ-որ ասպեկտներով նաև՝ խորհրդարանական դիվանագիտությանը։Միքայել Նահապետյանի հարցը հաջորդ բանախոսին․-Եթե որևէ պարագայում որոշում կայացվի Կուսակցությունների մասին» օրենքը ձևակերպել այնպես, որ ձեր կուսակցության ղեկավար մարմնի նիստերը հեռարձակվեն ուղիղ եթերով՝ պարզ, թափանցիկ, ինչպե՞ս կվերաբերվեք այդ դրույթին, և հնարավո՞ր է արդյոք, որ եթե այդպիսի որոշում կայացվի ուղիղ եթերով հեռարձակեք միայն այն մասը, որը ոչ այնքան կարևոր է, ձևական է, և հիմնական քննարկումները գնան կուլիսներ։Աստղիկ Քեշիշյան
21:14 - 17 հոկտեմբերի, 2019
RElection [#12] Պետք է բացառել որպես բարեգործներ հանդես եկած կուսակցությունների և թեկնածուների մասնակցությունը ընտրություններին․ Անժելա Խաչատրյան

RElection [#12] Պետք է բացառել որպես բարեգործներ հանդես եկած կուսակցությունների և թեկնածուների մասնակցությունը ընտրություններին․ Անժելա Խաչատրյան

RElection նախագծի շրջանակներում ընտրական իրավունքի թեմայով զրուցել ենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի հետ: Հարցազրույցն իրականացվել է հոկտեմբերի 4-ին։ - Տիկի՛ն Խաչատրյան, այս թեմայով մենք նախորդ անգամ զրուցում էինք Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հետ, և ծրագրի ձևաչափի համաձայն՝ նա Ձեզ հարց է ուղղել. «Արդյո՞ք կարծում եք, որ լրացուցիչ օրենսդրական կարգավորումների միջոցով պետք է խրախուսել կանանց ներկայացվածությունը կուսակցություններում: Եթե այո, որո՞նք են այդ կարգավորումները»:- Նախևառաջ ուզում եմ նշել, որ Ընտրական օրենսգրքում հստակ կարգավորումների անհրաժեշտություն ունենք: Ինչ վերաբերում է «Կուսակցությունների մասին» օրենքին, դրանց կարգավորումների անհրաժեշտությունը դեռևս քննարկումների մեջ է: Կարծում եմ` քանի դեռ չկա այն գիտակցումը մեր երկրում, որ պետք է կանայք լինեն ակտիվ դերերում և բարձր հորիզոնականներում՝ թե՛ կուսակցության ղեկավար կազմում, թե՛ Ազգային ժողովում և նաև կառավարությունում, այդ կարգավորումների անհրաժեշտությունը մենք ունենալու ենք: Բնականաբար, եթե ես խոսեմ իմ անձնական օրինակով և հենց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության օրինակով, մեզ մոտ այդ խնդիրը չկա, որովհետև կուսակցության ղեկավար կազմում կանայք ներկայացված են, կուսակցության վարչությունում կանայք ներկայացված են, և եթե Դուք դիտարկեք մեր ցուցակները վերջին ընտրությունների մասնակցության՝ թե՛ 2017 թվականի, թե՛ 2018 թվականի, ապա այնտեղ ակնհայտ էր կանանց, նաև երիտասարդության ներգրավվածության բավականին բարձր տոկոսը: Նաև կուսակցության ներսում, կուսակցական աշխատանքում երիտասարդությունը բավականին ակտիվ ներգրավված է: Բայց մեկ-երկու-երեք կուսակցության օրինակով չէ, որ պետք է ընդհանուր կարգավորումների մասին խոսել: Այդ է պատճառը, որ մենք խոսում ենք ընդհանուր Հայաստանի Հանրապետության մասին, և ՀՀ-ում, այո՛, կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ, կանանց դիրքը կուսակցությունում և կանանց ակտիվ մասնակցությունն Ազգային ժողովում, կառավարությունում դեռևս խնդրահարույց է: Այդ իսկ պատճառով օրենսդրական կարգավորումներ, կարծում եմ, պետք է լինեն թե՛ «Կուսակցությունների մասին» օրենքում և թե՛ Ընտրական օրենսգրքում: Ուզում եմ նշել, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումները, երբ արվում էին 2018 թվականին (հիշում եք, կառավարության կողմից ձևավորվել էր հատուկ հանձնաժողով, որը քննարկում էր փոփոխությունների իրականացումը, և որին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մասնակցում էր, ես անձամբ ներկայացնում էի մեր առաջարկների փաթեթը, հանձնաժողովին ևս գրավոր տեսքով փաթեթը ներկայացվել է), այնտեղ մենք առաջարկում էինք, որ 2016 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքի անցումային դրույթներում նշված 30/70 համամասնությունը՝ ընտրական ցուցակներում կանանց ներգրավվածության, բերվեր հենց Ընտրական օրենսգրքի բուն հոդվածների մեջ, այսինքն` դա չթողնվեր 2022-ից կամ 2023-ից հետո, այլ կիրառվեր հենց 2018 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ:  Ցավոք սրտի, գիտենք` ինչ տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, այսպես ասած, «չընդունման» ժամանակ. ԱԺ-ն չկարողացավ այն անցկացնել, չընդունվեց այն, և մենք ունեցանք ընտրություններ նախկին Ընտրական օրենսգրքով, որը մեզ համար անընդունելի էր, որովհետև նախկին Ընտրական օրենսգիրքը կարված էր նախորդ իշխանությունների հագով, և դրանով գնալն ընտրությունների ինչ-որ տեղ նաև հարված էր հասցնում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած փոփոխություններից հետո սահմանված սկզբունքներին: Բայց ունենք այն, ինչ ունենք, և ես հուսով եմ, որ կառավարության և ԱԺ-ի կողմից գործուն քայլեր են գործադրվելու և մենք էլ, իհարկե, պատրաստ ենք կրկին մասնակցելու այդ քննարկումներին և մեր առաջարկությունները ներկայացնելու, այդ թվում՝   ընտրական օրենսգրքում կանանց մասնակցության առումով 30/70 համածասնությունը, եթե կգանք համաձայնության, 40/60 համածասնության, քավ լիցի, մենք դեմ չենք: Բայց ես ուզում եմ մի բան շեշտել. բացի այն, որ պետք է Ընտրական օրենսգիրքը սահմանի սեռերի 30/70 կամ 40/60 համամասնությունը, եկեք հիմա հստակ տոկոսներից չխոսենք, դա պետք է սահմանվի նաև խմբակցություններում հետագայում, որովհետև մենք ունենք դառը փորձ, երբ կանանց զուտ, որպեսզի ԿԸՀ-ն ընդունի ցուցակը, քվոտաները հստակ լինեն, ներգրավում են ցուցակում, հետագայում այդ կանայք, որոնք անցնում են ԱԺ, հրաժարվում են իրենց մանդատներից` հօգուտ իրենց կուսակից ընկեր տղամարդկանց: Ես կարծում եմ, և մեր կուսակցության առաջարկն էր նաև, որ այդ քվոտան սահմանվի նաև խմբակցությունների կազմի հաստատման ժամանակ, որպեսզի, եթե կինը անգամ հրաժարվում է մանդատից, և համամասնությունը տոկոսային առումով խախտվում է՝ հօգուտ սեռերից մեկի, ապա այդ մանդատից հրաժարվածին ոչ թե պետք է փոխարինի իր հաջորդ համարը, այլ կին պետք է փոխարինի, թեկուզ նա լինի երեք կամ չորս համար ներքև: - ԱԺ-ում քննարկումներ են մեկնարկել, որոնց նպատակն է բարեփոխել «Կուսակցությունների մասին» օրենքը և Ընտրական օրենսգրքի այն հատվածը, որ վերաբերում է նախընտրական քարոզչությանը: Քննարկումներին մասնակցում են արտախորհրդարանական ուժեր, քաղհասարակության ներկայացուցիչներ: «Ազատ դեմոկրատներ»-ը մասնակցո՞ւմ է այս քննարկումներին: - Մենք մասնակցել ենք 2018-ի սեպտեմբերին տեղի ունեցած քննարկմանը՝ ԱԺ-ի: Նաև միջազգային մի շարք կառույցների հետ միասին կազմակերպված քննարկում էր, որտեղ արտասահմանյան փորձագետներ էին ներկայացված, որոնք ներկայացնում էին միջազգային փորձը: Եվ, բնականաբար, շարունակելու ենք մասնակցել: Նաև առաջիկայում տեղի է ունենալու «Կուսակցությունների մասին» օրենքի վերաբերյալ քննարկումներ, որտեղ առանձին հենց կանանց ակտիվ ներգրավվածության մասին դրույթներն են հիմնականում քննարկվելու, այսինքն` առանձին թեմատիկան դրա առումով է լինելու: Բնականաբար, մենք կարծում ենք, որ բարեփոխումների անհրաժեշտություն կա: Դուք նշեցիք Ընտրական օրենսգրքի նախընտրական քարոզչության մասը, ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգիրքն ընդհանրապես, բացի նախընտրական քարոզչությունից, որտեղ, այո՛, աշլատանք կա անելու, նաև այլ դրույթներ ունի, որոնք պետք է փոփոխման ենթարկվեն: Եվ ամենակարևոր դրութներից մեկն էլ հենց ռեյտինգային համակարգի վերացումն է, որովհետև այն նաև իր հստակ անդրադարձն է ունենում նախընտրական քարոզչության վրա, որովհետև մենք երկու անգամ փորձել ենք այս օրենքը ռեյտինգային համակարգով և տեսել ենք, որ նախընտրական քարոզչության վրա ինչպիսի վատ անդրադարձ են ունենում որոշ կուսակցությունների կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուները: Մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք` ինչի մասին է խոսքը: Երբ մենք խոսում ենք ռեյտինգային համակարգի մասին, մենք խոսում ենք ոչ թե գաղափարական, քաղաքական պայքարի մասին՝ նախընտրական շրջանում, այլ խոսում ենք ռեսուրսների մասին. այդ մարդն ինչքանով է հարգված, ես կասեի նաև «լավ տղա», կամ «լավ ազգի աղջիկ» իր թաղում, իր գյուղում: Այպիսի մակարդակով ընտրություններ են մեզ մոտ սկսում տեղի ունենալ, ինչը ժողովրդավարացման ճանապարհ և ազատականացման ճանապարհ բռնած Հայաստանի համար, իմ կարծիքով, անընդունելի է: Մենք պետք է դիտարկենք նաև այդ մասը, և մեր առաջարկներից մեկն էլ նաև այն է, որ մենք ունենանք պարզ համամասնական ընտրություններ մեկ համընդհանուր ցուցակով, և որևէ մեկը չի խանգարում կուսակցություններին բոլոր մարզերից ներկայացուցիչներ ունենալ իրենց ցուցակում: Նախկին կռվանները, նախկին հակափաստարկները, որ ռեյտինգային համակարգը նրա համար է, որպեսզի բոլոր մարզերը ներկայացված լինեն, ես կարող եմ ասել, որ թույլ հակափաստարկ է, որովհետև նաև երբ որ խոսում ենք «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխման մասին, նաև այնտեղ է հստակ նշվում, թեկուզ գործող օրենքով, բայց կարելի է նաև բարեփոխված օրենքում ևս ավելի հստակեցնել այդ դրույթները․ այնտեղ հստակ նշվում է, որ կուսակցությունը պետք է իր մարզային կառույցներն ունենա, մարզային ներկայացուցիչներ ունենա: Քաղաքային, երևանյան կուսակցություն չի լինում, այսինքն` ունենք մենք Հայաստանում այդպիսի կուսակցություններ, բայց կյանքը ցույց է տվել, որ դրանք գոյատևում չեն կարողանում ապահովել: Եթե կուսակցությունը չունի մարզային կառույցներ, եթե կուսակցությունը չունի մարզում իր ներկայացուցիչները, ուրեմն ինքը, պարզ է, ակտիվ քաղաքական գործունեությանը և կարևորագույն քաղաքական իրադարձություններին՝ ընտրություններին, մասնակցել չի կարող: Ուստի, կարծում եմ, այդ ռեյտինգային համակարգի առկայությունը այլևս ավելորդ է, երբ որ մենք հստակեցնում ենք, որ կուսակցությունը պետք է նաև իր մեջ բոլոր մարզային կառույցների ներկայացուցիչներ ունենա: Իսկ եթե դու ունես ուժեղ մարզային ներկայացուցիչներ, դու նաև քո ցուցակը ձևավորելու ես հենց այնպես, որպեսզի քո բոլոր ներկայացուցիչները բոլոր մարզերից ներառված լինեն ցուցակում: Ես այստեղ արդեն ոչ գաղափարական ընտրություններ ունենալու խնդիրը դուրս կգա, երբ որ մենք հանենք դրանից ռեյտինգային կոչվող, ես կասեի՝ ռեսուրսային պայքարը, և թաղային պայքար կոչվող այդ համակարգը: Ես, ինչպես նշեցի, այո, մասնակցում ենք քննարկումներին: Դեռևս հստակ նախագիծ չկա, ընդամենը քննարկումներ են, և այդ քննարկումների արդյունքում ծնվելու են հայեցակարգը և նախագիծը: Բնականաբար, նախագիծը լինելու ժամանակ էլ արդեն հստակ կետերի վրա կաշխատենք և մեր առաջարկությունները կներկայացնենք: - Դեռևս 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ «Ազատ դեմոկրատները» ներկայացրել էր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների առաջարկներ: Այդ առաջարկների մեջ նշվում էին Ձեր նշած լրիվ համամասնական ընտրակարգի անցումը, կոալիցիաներ կազմելու արգելքների վերացումը: Բացի ձեր նշած առաջարկներից, հիմա, երբ մեկնարկի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փուլը, դուք ուրիշ առաջարկներ ունե՞ք, թե՞ էլի հանդես եք գալու այդ առաջարկներով: - Բնականաբար առաջարկներ էլի կան, և բացի դրանցից մի շարք այլ առաջարկներ ևս ներկայացրել էինք Քրեական օրենսգրքում: Զուգահեռ նաև քննարկվում էր Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելը: Հենց այնտեղ էլ ունեցել ենք առաջարկություններ, և քրեական օրենսգրքի մասով փոփոխությունները կարողացան իրականացնել ԱԺ-ում, դա ընդունվեց մինչև ընտրությունները: Նաև առաջարկել էինք մի քանի դրույթներ, մասնավորապես` կար դրույթ, նախորդ ԱԺ-ի կողմից ընդունվեց, որ, եթե անձը գնացել և ներկայացել է ոստիկանություն, նշել է, որ ինչ-որ մեկը այլ անձի փոխարեն քվեարկություն է իրականացրել, և եթե պարզվի, որ կեղծ վկայություն է, անձի նկատմամբ քրեական պատասխանատվություն էր դրվում: Մենք մեր առաջարկություններում ներկայացրել էինք, որ սա կարող է վախեցնող և զսպող ինչ-որ մեխանիզմ լինել, որպեսզի մարդիկ վախենան գնալ և նշել կրկնաքվեարկության մասին իրենց տեսածը, նաև ոստիկանությունում պատմելու: Սա մարդկանց կզսպեր, որպեսզի իրենց տեսածը չհայտնեն, և այսպես կրկնաքվեարկությունը կանխելու խնդիր մենք կունենայինք: Այդ իսկ պատճառով մենք առաջարկեցինք, որ քրեական պատասխանատվության մասը դուրս գա, որովհետև Հայաստանում, գիտենք, այդ խնդիրը կա, նաև ոտիկանությանը վստահելու, պետական մարմիններին վստահելու, և մարդիկ պարզապես կուզենային իրենց «անցավ գլուխն» ինչ-որ «ցավի տակ չդնել», անգամ եթե իրենք վստահ էին, որ կրկնաքվեարկություն է տեղի ունեցել: Ի ուրախություն մեզ բոլորիս՝ այդ առաջարկությունն ընդունվել է: Այլ առաջարկությունների մասով․ մենք խոսեցինք նախընտրական քարոզչության մասին: «Բարեգործության մասին» հոդվածի հետ կապված մենք հստակ առաջարկ ներկայացրել ենք և շարունակելու ենք այդ առաջարկը պնդել նաև հիմա, որովհետև երբ խոսում ենք նախընտրական քարոզչության անաչառության մասին, նախընտրական քարոզրության կարևորության մասին, պետք է բացառել այն կուսակցությունների և այն թեկնածուների մասնակցությունը, որոնք մինչ այդ հանդես են եկել որպես բարեգործներ կամ իրենց անվան հետ ինչ-ինչ բարեգործական կառույցներ են առնչվում: Մեր Ընտրական օրենսգրքում կա 19-րդ հոդվածը, որտեղ սահմանվում է, որ կուսակցության կամ թեկնածուի անվան հետ առնչվող կամ նույնականացվող բարեգործական կառույցները պետք է նախընտրական քարոզչության ընթացքում դադարեցնեն իրենց գործունեությունը: Բայց մենք կարծում ենք, որ նախընտրական քարոզչության ընթացքում միայն դադարեցնելը դեռ իր ազդեցությունը չի մարելու մարդկանց մոտ, որովհետև մարդիկ, միևնույն է, հիշելու են տվյալ բարեգործական կազմակերպությանը, և որևէ մեկն էլ չի կարող վերահսկել, որ թեկնածուն առանձին հանդիպումների ժամանակ չի հիշեցնի, որ այս-այս բարեգործական գործընթացներն իրենք իրականացրել են: Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք, որ փոփոխություն կատարվի տվյալ հոդվածում, և ոչ միայն նախընտրական քարոզչության, այլ նաև ԿԸՀ-ի կողմից ընտրությունների հայտարարման օրվանից սկսած՝ պետք է նման կառույցները դադարեցնեն իրենց գործունեությունը: Եվ նաև խստացնող մեկ այլ առաջարկ ունենք, որ եթե շարունակեն իրենք իրենց գործունեությունը, կա՛մ կուսակցության, կա՛մ կուսակցության կողմից առաջադրվսծ ինչ-որ թեկնածուի անվան հետ առնչվող բարեգործական կառույց գործունեություն ծավալի այդ ընթացքում, ապա ԿԸՀ-ն պետք է մերժի տվյալ թեկնածուի գրանցումը: Եվ եթե անգամ դա կրկնվում է ևս մի քանի անգամ, այդ դեպքում կարելի է նաև տվյալ թեկնածուին արգելել հերթական կամ արտահերթ ընտրություններին մասնակցել, որովհետև այդ բարեգործության քողի տակ մարդկանց կաշառք բաժանելու, մարդկանց նյութական խոստումներ տալու դեմ մենք պայքար մղելու այլ ճանապարհ չունենք: Կոալիցիաների հետ կապված․ ինչո՞ւ ենք մենք շեշտում, որ  շատ կարևոր է, և թե՛ նախորդ քննարկումների ժամանակ, թե՛ դեռևս 2016-ին մենք դա հստակ նշել ենք, որովհետև դա իրականում խոչընդոտում է նույն արժեքները կրող կուսակցություններին, վարչապետի թեկնածուի շուրջ համաձայնության եկած կուսակցություններին կազմել կոալիցիա: Եվ ո՞վ է ասել, որ պարտադիր պետք է երեք ուժերի մեջ լինի կոալիցիան, ինչպես նշված է 97-րդ հոդվածով, որ առավելագույն միավորներ հավաքած կուսակցությունը հնարավորություն է ստանում առավելագույը ևս երկու կուսակցությունների հետ կոալիցիա կազմել: Մենք ասում ենք, որ կուսակցությունը կարող է ևս 3-ի, 4-ի հետ կոալիցիա կազմել, եթե իրենց ստացած ձայները անցնում է 54 տոկոսը, և իրենք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի շուրջ: Սա հստակ խնդիր է մեր Ընտրական օրենսգրքում, հստակ խոչընդոտ՝ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համար: Չմոռանանք, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն էլ խոսել են սրա մասին, նաև 2017 թ. ընտրություններից հետո միջազգային դիտորդներն են խոսել սրա մասին, որ կոալիցիաների կազմման առջև դրված այս խոչընդոտը նաև հստակ ժողովրդավարական նորմերի ոտնահարում է, և սա պետք է դուրս գա Ընտրական օրենսգրքից: Եվս մի առաջարկ Ընտրական օրեսնգրքի 141-րդ հոդվածի հետ կապված, որը վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, մասնավորապես` Երևանի, Վանաձորի, Գյումրու ՏԻՄ-երի ձևավորմանը: Այդտեղ ֆիքսված է այլ շեմ, քան ԱԺ ընտրությունների ժամանակ: Եթե անցողիկ շեմը ԱԺ ընտրությունների դեպքում 5 և 7 է տոկոս է համապատասխանաբար կուսակցությունների և դաշինքների համար, ՏԻՄ-ի դեպքում 6 և 8 տոկոս է: Մենք կարծում ենք, որ սա արհեստական բաժանում է, և որևէ խնդիր չկա, որ մենք համահարթեցնենք այս անցողիկ շեմը ևս: Չնայած որ նախկին քննարկումների ժամանակ եղել էին առաջարկներ նաև անցողիկ շեմի իջեցման հետ կապված, մենք այդպիսի առաջարկ չենք ներկայացրել, բայց հարցազրույցներում նշել ենք ի աջակցություն մեր մյուս գործընկերների, որոնք նման առաջարկություն ներկայացրել են, որ մենք կողմ ենք դրան, և բազմաթիվ եվրոպական զարգացած երկրներում գործում է այդ համակարգը, որ շեմն ինչքան ցածր է, այնքան իրենց մոտ բազմակարծությունն ԱԺ-ում ապահովվում է, որովհետև այդ դեպքում հասարակության մոտեցումների ամբողջ ներկապնակի ներկայացվածություն ենք ունենում մենք ԱԺ-ում, և ոչ թե մեկ-երկու կուսակցություն և քննարկումների ու իրական քաղաքական բանավեճի պակաս այն դեպքում, երբ  մենք արդեն խորհրդարանական ենք անցել, և խորհրդարանում է, որ պետք է բանավեճերի, քննարկումների միջոցով ձևավորվի քաղաքական օրակարգը: - Ո՞րն է «Ազատ դեմոկրատների» դիրքորոշումը հետկանչի մեխանիզմների վերաբերյալ, այսինքն՝ ընտրողները պե՞տք է ունենան հնարավորությունը անվստահություն հայտնելու այն պաշտոնյաներին և ինստիտուտներին, որոնց իրենք են ընտրել: - Բնականաբար, որպես կուսակցություն, որն ազատական գաղափարների կրող է, մեզ համար ՀՀ քաղաքացու կարծիքը և որոշումը շատ կարևոր են, և մենք ոչ միայն ընդհանուրի, այլ նաև անհատի իրավունքների պաշտպանն ենք, և նաև նշում ենք, որ, բնականաբար, եթե Ազգային ժողովը ձևավորվում է քաղաքացիների միջնորդավորված ընտրությունների միջոցով, որպեսզի ներկայացնի քաղաքացուն պետական կառավարման ապարատում, ապա նույն այդ քաղաքացին պետք է նաև հետ կանչելու հնարավորություն ունենա: Ինչո՞ւ ենք մենք ասում, որ ծրագրային, գաղափարական, քաղաքական պայքարը շատ կարևոր է, որպեսզի նաև այս հետկանչի մեխանիմզը աշխատի, որպեսզի մեր քաղաքացին ընտրություն կատարի ոչ թե մեկի լավ մարդ լինելու, հարգված մարդ լինելու ֆակտորները հաշվի առնելով (բնականաբար, դա ևս կարևոր ֆակտոր է), բայց հաշվի առնի տվյալ մարդու ներկայացրած ծրագրերը, տվյալ կուսակցության ներկայացրած մոտեցումները․ արտաքին քաղաքականություն կլինի, ներքին քաղաքականություն կլինի, տնտեսական զարգացման բանաձև կլինի, կրթություն և այլն, որպեսզի քաղաքացին հնարավորություն ունենա կշռելու, թե ինչ են իրեն առաջարկում, այդ կշռելուց հետո գնա ընտրության, ընտրի տվյալ անձին և  hետո նաև պահանջատեր լինի: Հաշվետվողականությունը ամենակարևոր գործիքներից մեկն է քաղաքականության մեջ, և, երբ քաղաքացին ծրագրով չի ընտրում, քաղաքացին չի ընտրում առաջադրված սկսզբունքներով, հետագայում նա նաև չի էլ հետևի, թե ինչ է ասում կամ անում տվյալ պաշտոնյան: Հենց դա է պատճառը, որ մենք ասում ենք՝ քաղաքական, գաղափարական պայքար պետք է լինի, պետք է ընտրություն կատարվի ծրագրերի միջոցով, ծրագրերին պետք է քաղաքացին ձայն տա և հետագայում նաև հաշվետվողականության մեխանիզմ պետք է ներդրվի, որպեսզի պաշտոնյան հաշվետու լինի իրեն ընտրողին, նաև ընտրողը հնարավորություն ունենա հետ կանչելու տվյալ պաշտոնյային իր որդեգրած սկզբունքներից, իր առաջ քաշած ծրագրերից, ինչի համար ինքը մանդատ է ստացել, քայլ անգամ շեղվելու պատճառով: Կարծում եմ ՝ հետկանչի մեխանիզմը շատ կարևոր մեխանիզմ է, և դրա գործարկումը Հայաստանում թերևս նաև սթափեցնող կլինի պաշտոնյաների համար, որովհետև մենք տեսել ենք և շարունակում ենք տեսնել պաշտոնյաների, որոնք այլ բան են ասել, և հասնելով իրենց մանդատին կամ բաղձալի աթոռին՝ սկսել են այլ բաներ ասել և անել, ինչն անընդունելի է և ոտնահարում է նաև մեր քաղաքացիների իրավունքը, իսկ Սահմանադրությամբ հստակ նշված է, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին, իսկ պաշտոնյաները, ԱԺ պատգամավորները ժողովրդի իշխանությունն իրականացնողներն են ժողովրդի ստացած մանդատի, վստահության քվեի միջոցով: Եվ եթե կա այդ մեխանիզմը, ապա պետք է լինի նաև հակառակ մեխանիզմը, որ երբ պաշտոնյան չկատարի և իր ստացած մանդատի համաձայն գործունեություն չծավալի, իր առաջ քաշած ծրագրերի համաձայն գործունեություն չծավալի, ապա քաղաքացին իրավուն ունենա հետ կանչելու, որովհետև ինքը պարտավոր չէ տարիներ շարունակ հանդուրժել պաշտոնյաներին, որոնք ակնհայտ ստել են իրենց ընտրությունների ժամանակ զուտ ձայն կորզելու համար: Համաձայն ծրագրի ձևաչափի՝ բանախոսը հնարավորություն ունի հարց ուղղելու հաջորդ բանախոսին: Անժելա Խաչատրյանի հարցը. «Արդյո՞ք չեն կարծում, որ Ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի գոյությունը, այսինքն՝ կոալիցիա կազմելու համար կուսակցությունների թվի սահմանակփակումը առնվազն 3-ով, հստակ խոչընդոտ է ժողովրդավարության զարգացմանը, նաև խորհրդարանական դիվանագիտության կայացմանը»: Աննա Սահակյան    
19:12 - 17 հոկտեմբերի, 2019