RElection [#19] Որպես պետական ֆինանսավորման չափորոշիչ պետք է ընտրել նախորդ հերթական, այլ ոչ արտահերթ ընտրություններին մասնակցած լինելը․ Նարինե Դիլբարյան
14:46 - 12 նոյեմբերի, 2019

RElection [#19] Որպես պետական ֆինանսավորման չափորոշիչ պետք է ընտրել նախորդ հերթական, այլ ոչ արտահերթ ընտրություններին մասնակցած լինելը․ Նարինե Դիլբարյան

RElection նախագծի շրջանակում «Կուսակցությունների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ զրուցել ենք «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի հետ։

-«Ժառանգություն» կուսակցությունը հեղափոխությունից առաջ և դրանից հետո քանիցս խոսել է «Կուսակցությունների մասին» օրենքը բարեփոխելու անհրաժեշտության մասին։ Ըստ ձեր կուսակցության՝ ի՞նչ հիմնական բարեփոխումներ է պետք կատարել այդ օրենքում, ի՞նչ փոփոխություններով կարող ենք ձևավորել գաղափարական կուսակցական դաշտ։

-«Ժառանգություն»-ը միանշանակ եղել է ջատագովը ազատական օրենքների, և ազատականությունը նաև «Կուսակցությունների մասին» օրենքում մեզ համար շատ կարևոր է, որովհետև եթե կուսակցությունների գրանցման գործընթացն ազատական չէ, ապա շատ մեծ է վտանգը, և մեր ներկայիս կուսակցական համակարգը դրա ցցուն ապացույցներից է, որ պրոտեկցիոնիզմը և տարբեր ոչ քաղաքական ուժերի ազդեցությունը՝ պետական, ֆինանսական, կուսակցություն կոչվող միավորումներում մեծանում են։ Կամ էլ գործում է շատ հայտնի մի սկզբունք, երբ կուսակցությունը ոչ թե գաղափարակիր մարդկանց ծրագրային միություն է, այլ մեկ անձի շուրջ համախմբված բուրգ, այնտեղ պարզապես տեղի է ունենում մեկ անձի պաշտամունք, և գաղափարը, փաստորեն, վերափոխվում է անձի շահերի կամ անձին առաջ տանելու միտումներով։ 


Ողջունելի է, որ Ազգային ժողովում սկսվել է «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխումների քննարկումը։ Լսումները, որին ես ևս մասնակցել եմ, բարձր եմ գնահատում։ Այստեղ իսկապես բարձրացվեցին այն հարցերը, որոնք, հուսամ՝ տեղ կգտնեն նախագծում, և եթե լինի նախագիծը՝ ազատականության սկզբունքների վրա ձևավորված, ապա կարծում եմ կկատարվի առաջին քայլը՝ Հայաստանում ունենալու կուսակցական գործուն համակարգ։ Բայց ասեմ՝ առաջին քայլը, քանի որ պարզ է՝ միայն «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխմամբ չենք կարողանա ձևավորել իսկապես գաղափարական, իսկապես քաղաքական նպատակներ հետապնդող անձանց միություններ։

Հիմա առավել առարկայորեն․ ինչպես նշեցի, պետք է փոխել կուսակցությունների գրանցման կարգը, այն հնարավորինս դյուրացնել։ Այդ 800 հոգի, պարտադիր ստորագրություններ, այնուհետև համապատասխան կայքերում դրանց տեղադրում, մեկ ամիս հետո ժողովի հրավիրում, հիմնադիրներին ներկայացվող բազմաթիվ պահանջներ․․․դրանք ավելորդ են, միայն ուղղորդելու ու պրոտեկցիոնիզմի հնարավորություն են ստեղծում։ Ես համոզված եմ՝ եթե անգամ 300 մարդ հավաքվում է, և նրանք բերում են իրենց ծրագիրը, կանոնադրությունը կազմում են, տեղադրում կուսակցության կայքում, ապա դա լիովին բավարար է կուսակցությունը գրանցված համարելու համար։ Տեսեք՝ երբ մենք ազատականացնում ենք գրանցումը, դյուրացնում ենք իսկապես գաղափարական ուժերի համախմբումը, բայց գրանցման ազատականությունը պետք է ուղղորդվի ֆինանսական հաշվետվողականության խստացմամբ։ Այսինքն՝ կուսակցություն եկող ֆինանսական հոսքերը պետք է լինեն չափազանց թափանցիկ, որովհետև ունենք կուսակցությունների գրանցման բավական բարդեցված գործընթաց, ունենք կուսակցություններ, որոնք ընդհանրապես ֆինանսական թափանցիկ աղբյուրներ չունեն, բայց ծավալում են ընդլայնված գործունեություն, և հաճախ նրանց գործունեության մեջ Հայաստանի պետական շահը կարող է ստորադասվել տարբեր այլ շահերի։ Այսինքն՝ շատ խմբավորումներ, ըստ ամենայնի, ֆինանսավորում են ստանում այնպիսի ուղղություններից, որոնք չեն համապատասխանում Հայաստանի ո՛չ ազգային անվտանգության, ո՛չ պետական շահին։

Ֆինանսական մուտքերի թափանցիկությունը և դրա վերահսկողությունը շատ ավելի հստակ պետք է դառնա։ Տեսեք՝ այսօր ԿԸՀ-ն է այն մարմինը, որը զբաղվում է կուսակցությունների ֆինանսական հոսքերի վերահսկմամբ, իսկ փորձը ցույց է տվել, որ դա այդքան էլ արդյունավետ չէ։ Ազգային ժողովում առաջարկում էին նորաստեղծ և դեռևս գոյություն չունեցող հակակոռուպցիոն մարմնին տալ այդ լիազորությունները։ Մենք կարծում ենք՝ քանի որ այդ մարմինը դեռևս գոյություն չունի, և նրա լիազորությունների շրջանակն էլ հստակ չէ, պարզապես պետք է կուսակցությունների ֆինանսական վերահսկողական ծառայությունը դարձնել անկախ մարմին։ Այդ անկախ մարմինն իրավունք կունենա աուդիտ անցկացնել և կունենա հստակ կանոնակարգ, որը պետք է սահմանի, թե ֆինանսական ինչպիսի աղբյուրներ կարող է ունենալ կուսակցությունը։

-Կուսակցությունների հանրային ֆինանսավորման ինչպիսի՞ տարբերակ է առաջարկում «Ժառանգություն»-ը։

Կուսակցության ֆինանսավորման մի քանի ուղղություններ կան, օրինակ, ՀԱԿ-ը գտնում է, որ կուսակցություններին պետք է տալ ժողովրդին, ինչպես իրենք նշեցին փոխաբերաբար։ Իսկ կուսակցություններին տալ ժողովրդին ասելով նրանք նկատի ունեին, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձինք կարողանան իրենց, օրինակ, շահութահարկից կամ որևէ հարկերից համապատասխան տոկոս հատկացնել այն կուսակցությանը, որի գաղափարներն իր համար ընդունելի են։ Սա արտաքուստ շատ համոզիչ ու գայթակղիչ է հնչում, պարզապես Հայաստանում, որտեղ մանր ու միջին բիզնեսը չափազանց դժվար է իր գործունեությունը ծավալում, և որտեղ գաղափարների կարևորությունն այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, այս առաջարկությունը կվերածվի այն ամենին, ինչ եղել է։ Առաջ իշխող կուսակցություններին խոշոր բիզնեսը ֆինանսավորում էր, բայց դա, իհարկե, կատարվում էր ծրարներով և ոչ թափանցիկ։ Հիմա օրինականացնել դա և դարձնել թափանցիկ․․․դրանով մենք խնդիր չենք լուծի։ Այս պարագայում ժողովուրդը սահուն կվերածվի բիզնեսի, և վերստին կուսակցություններին կտանք բիզնեսին։

Ի տարբերություն, օրինակ, ԽՍՀՄ-ի՝ այսօր մենք փորձում ենք կառուցել իսկապես գաղափարական և բազմակուսակցական համակարգ։ Մինչ այդ եղած բազմակուսակցական համակարգն էլ, եկեք ընդունենք, որ բազմակուսակցական էր միայն որոշ առումով։ Ընդդիմությունն, իհարկե, կարող էր ներթափանցել Ազգային ժողով, բայց հիմնականում իշխող կուսակցությունը ստեղծում էր վասալական կամ իրենց աջակից կուսակցություններ, որոնք մտնում էին խորհրդարան և այնտեղ արդեն ստեղծում համապատասխան մեծամասնություն և իրականացնում իրենց քաղաքական գիծը։ Տեղի չէր ունենում քաղաքական գաղափարների կամ կոալիցիաների իրական ստեղծում։ Մեր կոալիցիաների հիմքում, ցավալի է արձանագրել, բայց իշխանության կերակրատաշտն էր։ Հիմա պետք է կուսակցություններին հնարավորինս հեռացնել բիզնեսից, և եթե կուսակցություններին պետք է վերադարձնել կամ տալ, ապա ես կարծում եմ՝ պետք է տալ պետությանը։ Նկատի ունեմ՝ այս էտապում, համենայնդեպս, խիստ կարևոր է, որ ֆինանսավորումը լինի պետական, որովհետև պետության կողմից ֆինանսավորումը կհամապատասխանի գաղափարական սկզբունքներին և «Կուսակցությունների մասին» օրենքի դրույթներին և կլինի վերահսկողական։

-Իսկ պետությունն ինչպիսի՞ չափորոշիչներով պետք է ընտրի, թե որ կուսակցություններին է ֆինանսավորում։

-Մինչ այս ընդգծված էր, որ չափորոշիչ է ընտրություններին մասնակցելը, խորհրդարան մտնելը։ Բնականաբար, խորհրդարանական կուսակցությունները պետք է պետական ֆինանսավորում ստանան, և նրանց գործունեությունը հատկապես մարզերում պետք է պետության կողմից խրախուսվի։ Գիտենք, որ պետական ֆինանսավորումը լինում է երկու ձևով՝ ուղղակի ֆինանսական միջոցներով և անուղղակի։ Իմ համոզմամբ՝ «Կուսակցությունների մասին» նոր օրենքում պետք է ամրագրել անուղղակի ֆինանսավորման վերաբերյալ բոլոր դրույթները, այսինքն՝ տարածքների տրամադրումը ժողովների, համաժողովների, հանդիպումների համար, տրանսպորտի հատկացումը, տպագրական նյութերի տրամադրումը և այլն։ Եվրոպական շատ երկրներում սա կիրառվում է, իսկ մեզ մոտ տրամադրվում է դրանցից միայն մեկը՝ նախընտրական շրջանում կուսակցություններին տարածքներ են հատկացնում, որտեղ նրանք կարող են իրենց քարոզչական և գովազդային միջոցները տեղավորել։

Հիմա անդրադառնանք, թե այսօր խորհրդարանում կուսակցական ինչպիսի տարաբաշխում կա։ Տեղի էր ունեցել հեղափոխություն, տեղի ունեցան արդար, ժողովրդավարական ընտրություններ, բայց ի՞նչ ունեցանք։ Խորհրդարանում ջախջախիչ մեծամասնություն է «Իմ քայլը», մի փոքր սեգմենտ էլի հայտնի ուժ ԲՀԿ-ն է և շատ ավելի փոքր սեգմենտով՝ «Լուսավոր Հայաստան»-ը։ Այսինքն՝ Հայաստանի իրական քաղաքական դաշտը ավանդական քաղաքագիտական բնորոշմամբ՝ աջեր, ձախեր, կենտրոնամետներ, բացարձակ գոյություն չունի։ Հանցագործ նպատակներով գրված նախորդ Ընտրական օրենսգրքի արդյունքում ստացանք սա, բայց հաջորդ խորհրդարանում այլ պատկեր պետք է լինի։ Ուստի համարել, որ միայն այս խորհրդարանում գտնվող կուսակցություններին պետությունը պետք է ֆինանսավորի, ճիշտ չէ։

Հնչում են տեսակետներ, թե այն կուսակցությունները, որոնք մասնակցել են դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին և հավաքել են որոշակի տոկոսներ, ֆինանսավորումը պետք է տրվի նրանց։ Մենք համոզված ենք, որ դա այդքան էլ ճիշտ ելակետ չէ։ Ընդունենք հետևյալ փաստարկը՝ այս ընտրություններն արտահերթ էին և անցել են իսկապես արտակարգ իրավիճակում, արտակարգ, որովհետև չփոխվեց Ընտրական օրենսգիրքը։ Ուստի որպես պետական ֆինանսավորման չափորոշիչ պետք է ընտրել նախորդ ընտրություններին մասնակցելը, խորհրդարանական փորձ ունենալը, պետք է ներառել նաև մի կարևոր կետ՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու փորձը։ Երբ ասում ենք ընտրություններ, անմիջապես հասկանում ենք համապետական ընտրությունները, բայց ՏԻՄ ընտրությունները ոչ պակաս կարևոր են, իսկ մեզ մոտ հատկապես մարզերում, որտեղ բոլորը կապված են բարեկամական, արյունակցական կապերով, տարածված է ավատական սկզբունքը։ Ու եթե չենք սահմանափակում քանի անգամ տվյալ գյուղապետը, քաղաքապետը կարող է ընտրվել, ավատականությունը հաղթում է, իսկ ավատականությունից դեպի կոռուպցիա և տվյալ տարածքը քո վասալական իշխանության տարածք վերածելը կես քայլ է։ Ուստի պետությունը պետք է ֆինանսավորի այն կուսակցություններին, որոնք արդեն ունեն խորհրդարանական փորձ, այսինքն՝ պետք է վերադառնալ դեպի նախորդ հերթական ընտրությունները։

Արևմուտքում կա մի այսպիսի դրական փորձ, որ օրինակ՝ երիտասարդներին, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց դեպի կուսակցություններ մղելու համար համարժեք ծրագրեր կան։ Կարծում եմ՝ պատեհ է, որ Հայաստանը ևս օգտվի այդ հնարավորությունից։ Նկատելի է, որ մեր կուսակցությունների երիտասարդական կառույցներն առավել ընդլայնված ու գաղափարական դառնալու կարիք ունեն։ Նույնը վերաբերում է կանանց և հաշմանդամություն ունեցողների մասնակցությանը։ Իհարկե, ես հիշում եմ, որ իմ ընդդիմախոսներից մեկն ասում էր՝ իսկ ի՞նչ է, կուսակցությունը պետք է գնա, գտնի հաշմանդամություն ունեցող մարդկանց, որպեսզի գրանցվի կամ ֆինանսավորում ստանա։ Քավ լիցի, դրա հարկը ամենևին չկա, այդ մարդիկ, որոնք մեր քաղաքացիներն են, ունեն շատ արդյունավետ մտքեր և մեծ ցանկություն՝ մասնակցելու պետական կառավարմանը։ Խնդիրն այն է, որ նրանց հնարավորություն չի ընձեռվում։ Իսկ երբ օրենքով սահմանվեն դրույթներ, որ այդպիսի անդամներ հավաքագրելը պետական ֆինանսավորման, խրախուսման կարժանանա, ապա կուսակցությունները ոչ թե կգնան ճրագով փնտրելու հաշմանդամություն ունեցող մարդկանց, այլ նրանք իրենք կգան։

-Եթե որպես պետական ֆինանսավորման չափորոշիչ ընտրվի խորհրդարանական փորձ ունենալը, ինչպես Դուք եք նշում, ապա այդ դեպքում նորաստեղծ կուսակցություններն ի՞նչ միջոցներով պետք է կայանան, զարգանան։

-Ես ասացի դա՝ որպես ֆինանսավորման մի բաժին, բայց տեսե՛ք, բոլոր նորաստեղծ կուսակցություններին պետական ֆինանսավորում տրամադրել հնարավոր չէ։ Մեր պետռեգիստրում այս պահին գրանցված կուսակցությունների քանակն արհեստական մեծ է, նույնիսկ ծիծաղահարույց։ Եթե վերցնենք պետռեգիստրից այդ ցուցակն ու քաղաքացիներից հարցում անենք, ապա կտեսնենք, որ քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունը նրանց անունն անգամ չի լսել։ Ուստի խոսել այն մասին, որ ցանկացած նորաստեղծ կուսակցություն ֆինանսավորման պետք է արժանանա, ճիշտ չէ։ Բայց ես ասացի, որ կարող են լինել ծրագրեր, որոնց համար տվյալ կուսակցությունը կարողանա դիմել ու ստանալ համապատասխան ֆինանսական աջակցություն։ Դրանք և՛ նշածս երիտասարդական ծրագրերն են, և՛ հաշմանդամություն ունեցողների հետ կատարվող աշխատանքը, և՛ կուսակցություններում կանանց խորհրդի ուժեղացումը։

Ես կարծում եմ, որ պետք է ուժեղացնել նաև կուսակցությունների համակիրների բանակը, ընդ որում՝ դա օրենսդրորեն նշելով։ Համակրի գործունեությունն առավել անշահախնդիր է, այն իսկապես հիմնված է գաղափարական համակրանքի վրա։ Բացի դրանից կա նաև երկրորդ գործոնը․ եթե դու չունես մեկնարկային գոնե փոքր հնարավորություններ, ուրեմն՝ քո գաղափարները մարդկանց չեն խանդավառել։

Անդրադառնանք նաև ֆինանսավորման այնպիսի մի կետի, ինչպիսին է նվիրատվությունը։ Կային առաջարկներ, որ նվիրատվությունները պետք է զգուշորեն դիտարկել, քանի որ դրանց մեջ կարող է թաքնված կոռուպցիոն կամ բիզնես միջամտությունների հետք լինել։ Բայց իմ կարծիքով՝ պետք է սահմանափակել կամ անգամ բացառել կանխիկ նվիրատվությունների քանակը։ Դրանք կարող են լինել շատ համեստ, այսինքն՝ եթե քաղաքացին ուզում է որևէ կուսակցության տասը կամ քսան հազար դրամ փոխանցել, ապա կարող ենք այդ պատուհանը բաց թողնել, սակայն մեծ գումարների կանխիկ նվիրատվություններն ինքնին կասկածահարույց են, որովհետև իրենց և՛ աղբյուրը, և՛ ծախսման եղանակները դառնում են դժվար վերահսկելի կամ անվերահսկելի։ Անկանխիկի պարագայում էլ պետք է սահամանփակել մեկ անձի կողմից նվիրատվության չափի քանակը, որպեսզի դա իսկապես լինի նվիրատվություն, ոչ թե ուղղակի քաղաքական կաշառք։

Ըստ RElection նախագծի ձևաչափի` հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ բանախոսին: Մեր նախորդ զրուցակիցն էր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։ Նա երկու հարց է ուղղել: 

-Աշխարհում այս պահին քննարկվում է, որ կուսակցություններին որևիցե ձևով այլևս պետք չեն գաղափարական ուղղվածություններ: Ադրդյո՞ք գտնում եք, որ կուսակցություն ստեղծելու համար պետք չէ այլևս որևիցե գաղափարական հիմք, լինի դա լիբերալիզմ, կոմունիզմ, սոցիալիզմ, թե՞ գաղափարական հիմք ունենալն, ամեն դեպքում, պարտադիր պայման է։

-Առաջին հարցը Հայաստանում, կարծում եմ, ցավագին զարգացումներ է ստանում, որովհետև«Իմ քայլը» և «Քաղաքացիական պայմանագիր»-ը հիմնած ՀՀ մեր ներկայիս վարչապետը խոսում էր, որ «իզմ»-երի ժամանակաշրջանն անցել է։ Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, և «Ժառանգությունն» այն կուսակցությունն է, որը համոզված է՝ առանց գաղափարական հիմքի կուսակցություն ստեղծելը պարզապես անիմաստ է։ Տեսե՛ք, հետարտադրական հասարակության մեջ սոցիալիզմը բոլորովին այլ բովանդակություն ունի, քան ուներ 20-րդ դարասկզբին, նույնը վերաբերում է ազատականությանը։ Բայց «ձախ» և «աջ», սրանք երկու սրբազան կողմերն են, ինչպես մենք ունենք երկու աչք, երկու ձեռք, երկու ոտք, այդպես էլ աշխարհը երկանդամ է, բաժանվում է «աջ»-ի ու «ձախ»-ի գաղափարական առումով, բայց նրանց միջև տեղավորվում են ծայրահեղ աջերից մինչև ծայրահեղ ձախեր ու կենտրոնամետներ և այլն։ Եթե դու չունես գաղափարական տեսլական, չես կարող բերել ո՛չ տնտեսության, ո՛չ սոցիալական ոլորտին վերաբերող արդյունավետ ծրագրեր, և վերածվում ես փարիսեցու։ Բոլորն են ցանականում սոցիալական, իրավական, ժողովրդավարական, ազգային պետություն, բայց եթե չես մանրամասնում, թե քեզ համար ինչ է նշանակում ազգայինը, սոցիալականը և այլն, ապա դու պարզապես դատարկախոս ես, իսկ կուսակցությունը չպետք է լինի դատարկախոսների միություն։

-Արդյո՞ք կուսակցությունը պետք է ներկայացնի որոշակի խմբի շահերը, ինչպես օրինակ բանվորական կուսակցությունները՝ Անգլիայում, թե՞ պետք է ցանկանա ներառել բոլորին ու ներկայացնել բոլորի շահերը։

-Ամեն դեպքում, կուսակցությունը ներկայացնում է հասարակության որոշակի շերտերի շահեր։ Արտահայտել բոլորի շահերը հնարավոր չէ, գուցե հնարավոր է երազներում, հեքիաթներում։ Այդ փրկիչն է գալիս ու բոլորին փրկում, բայց եկեք փրկչական առաքելությունը, որը բնավ քաղաքական չէ, չվերագրենք կուսակցություններին։ Ամեն կուսակցություն ունի իր ընտրազանգվածը, այսինքն՝ այն շերտերը, որոնց շահերն ինքն արտահայտում է։ Չվախենանք դրանից, որ կուսակցություններն իսկապես խմբավորումներ են, և եթե այդ խմբավորումների գաղափարաբանության մեջ ընկած են ազնիվ արժեքներ, ապա դրանք չեն կարող մյուսների արժեքները տրորել։

Նարինե Դիլբարյանի հարցը՝ հաջորդ բանախոսին․

-Պետական ֆինանսավորման ինչպիսի՞ ձև է Հայաստանի ներկա իրադրության մեջ առավել օպտիմալ խորհրդարանական պետություն ստեղծելու ճանապարհին։

Աստղիկ Քեշիշյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել