ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգապահական պատասխանատվության չենթարկվեց․ միջնորդության քննության եռամսյա ժամկետն ավարտվել է 
 |factor.am|

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգապահական պատասխանատվության չենթարկվեց․ միջնորդության քննության եռամսյա ժամկետն ավարտվել է |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգապահական պատասխանատվության չենթարկվեց։ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որոշեց առանց քննության թողնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդությունը։  Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում: Դատավոր Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը ԲԴԽ-ն ստացել է 2022 թվականի հուլիսի 29-ին, այսինքն՝ ավելի, քան երեք ամիս առաջ։ Այսօրվա նիստի ընթացքում Մարտիրոսյանի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանը, հղում կատարելով այս դրույթին, միջնորդեց կարճել Մարտիրոսյանի վերաբերյալ վարույթը կամ մերժել Արդարադատության նախարարի միջնորդությունը։  «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ «բացառիկ դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան երեք ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով»։ Հղում կատարելով այս հիմքին՝ Արդարադատության նախարարի ներկայացուցիչ Հայկ Սանոսյանը դիրքորոշում հայտնեց, որ պետք է տվյալ դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը երկարացնել, քանի որ այս գործով բոլոր նիստերը հետաձգվել են։ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշեց առանց քննության թողնել Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ դրա քննության համար սահմանված ժամկետն ավարտված լինելու հիմքով։  Շարունակությունը՝ factor.am - ում
17:38 - 03 նոյեմբերի, 2022
Քաղհասարակության ներկայացուցիչների մտահոգությունները «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Քաղհասարակության ներկայացուցիչների մտահոգությունները «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը ներկայացնում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգությունները «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ «Մենք՝ ներքոնշյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներս, ահազանգում ենք, որ Արդարադատության նախարարության կողմից մշակված և վերջերս www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հրապարակված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (Նախագիծ) լուրջ խնդիրներ է առաջացնում իրավական որոշակիության և արդարադատության կանխատեսելիության տեսանկյունից։ Նախագծով առաջարկվում է լիազորել դատարանի նախագահին դիմել ԲԴԽ-ին գործերի բաշխման ցուցակից որևէ դատավորի անունը հանելու միջնորդությամբ՝ դրանով կախվածության մեջ դնելով դատավորին դատարանի նախագահի հայեցողությունից կամ որոշումից (անմիջականորեն դատավորի կողմից այս հարցը բարձրացնելու վերաբերյալ գործող կարգավորման փոխարեն)։ Ավելին՝ Նախագծով սահմանվում է, որ ԲԴԽ-ն մասնագիտացված դատարանի դատավորներից կարող է ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի գործեր (Նախագծի 6-րդ հոդվածի 6-րդ կետով), իսկ առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանի համար նման գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանում է ԲԴԽ-ն (նույն հոդվածի 7-րդ կետով) (նման կարգ գործում է քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորների համար)։ Քննարկված կարգավորումների համատեքստում մեզ համար տարակուսելի է, թե մասնագիտացված դատարանների դատավորները ի՞նչ հիմնավորմամբ պետք է քննեն առանձին տեսակի գործեր, և ի՞նչ է ենթադրում առանձին տեսակի գործերի ցանկը։ Իրավական որոշակիության սկզբունքից ելնելով՝ անհրաժեշտ է օրենսգրքում սահմանել հստակ և որոշակի չափանիշներ, որոնց հիման վրա հետագայում պետք է կատարվի գործերի բաշխումը։ Հակառակ դեպքում կա վտանգ, որ այս դրույթը կարող է բավականին տարածական մեկնաբանվել և կամայական կիրառվել պրակտիկայում։ Ուստի, պահանջում ենք վերանայել նախագիծը՝ հստակեցնելով դատավորների միջև գործերի բաշխման բոլոր լրացուցիչ չափանիշները և սկզբունքները»։  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա- Վանաձորի գրասենյակ» ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
11:17 - 21 հոկտեմբերի, 2022
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են մինչեւ քրեական վարույթի ավարտը․ ԲԴԽ

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են մինչեւ քրեական վարույթի ավարտը․ ԲԴԽ

ԲԴԽ որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են մինչև քրեական վարույթի ավարտը: «2022 թվականի հոկտեմբերի 17-ին, դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» և «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 7/58236222 և թիվ 7/58236222 միջնորդությունները բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ ԲԴԽ-100-Ո-Ք-4 և թիվ ԲԴԽ-100-Ո-Ք-5 որոշումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․ 1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը»,- ասված է որոշման մեջ։  Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, երեկ՝ հոկտեմբերի 19-ին, փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։  Փաստաբանը ձերբակալվել էր հոկտեմբերի 17-ի կեսօրին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է որոշում կայացնելու մեղադրյալին ձերբակալելու մասին: Այդ ընթացքում, մինչ դատարանը քննում էր նրա կալանավորման միջնորդությունը, ձերբակալման առավելագույն ժամկետը լրացել էր, եւ Ալեքսանյանն ազատ էր արձակվել։ Այն բանից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունները՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, նույն հոդվածի հիման վրա ձերբակալվել է նաեւ Արուսյակ Ալեքսանյանը։ Մինչ դատարանի որոշման հրապարակումը Ալեքսանյանը եւս ազատ էր արձակվել։ Թե ինչ քրեական գործով են անցնում փաստաբանն ու դատավորը, պաշտոնապես առայժմ հայտնի չէ։ Գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը այս փուլում հրաժարվել են մեկնաբանություն տալ։
13:35 - 20 հոկտեմբերի, 2022
Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին Infocom-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից։ Քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին։  Նշենք, որ Դոլմազյանը նախկին դատախազ է․ 2017-2022 թթ աշխատել է Գլխավոր դատախազությունում՝ զբաղեցնելով Հատկապես կարեւոր գործերով վարչության դատախազի, ապա՝ ավագ դատախազի, այնուհետեւ՝ Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի, որից հետո՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի պաշտոնները։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր է նշանակվել 2022 թ. օգտոստոսի 8-ին։ Ռուբեն Վարդազարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը եւ հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող` բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ կատարել է Սահմանադրությամբ եւ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ, օգտագործել է իր պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունը, եւ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։  Անդրանիկ Սիմոնյանի վարույթում այդ ժամանակ քննվում էր «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի վերաբերյալ քրեական գործը, եւ ըստ մեղադրանքի՝ Վարդազարյանի միջամտությունը դրսեւորվել է նրանում, որ նա խնդրել է փոխել Աբգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ինչը, սակայն, չի արվել։ Հաշվի առնելով Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ 2021 թ․ ապրիլի 15-ին ԲԴԽ-ն որոշում էր կայացրել նրա լիազորությունները կասեցնելու մասին, իսկ ավելի քան մեկ տարի անց՝ 2022 թ․ հունիսի 23-ին, ԲԴԽ-ն դադարեցրել էր նրա լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։ Քրեական գործի հարուցումից ամիսներ անց՝ 2021 թ․ սեպտեմբերին, այն ուղարկվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ գործով կայացել է 3-4 նիստ, որոնց ընթացքում գործի ըստ էության քննություն չի իրականացվել։ Նշանակված վերջին՝ 2022 թ․ մայիսի 25-ի նիստը չի կայացել։ Դրանից հետո Շահվերդյանի վարույթում գործով նիստ այլեւս չի նշանակվել։ Ներկայումս, երբ ՀՀ-ում ձեւավորվել են հակակոռուպցիոն դատարաններ, դատավոր Մանվել Շահվերդյանը որոշում է կայացրել քրեական գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին․ «Սույն քրեական գործով ամբաստանյալ Ռ.Վարդազարյանին մեղսագրվում է մինչև 01.07.2022թ. գործող ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 6 հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործության ենթադրյալ կատարման փաստ, իսկ հակակոռուպցիոն դատարանի գործելու պահից կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը քննվում են բացառապես հակակոռուպցիոն դատարանի կողմից, եթե տվյալ գործով անցում չի կատարվել դատաքննության փուլ: Նկատի ունենալով, որ սույն քրեական գործով անցում չի կատարվել դատաքննության փուլ, դատարանը գտնում է, որ այն ընդդատյա է բացառապես հակակոռուպցիոն դատարանին»,- ասված է որոշման մեջ։ Հավելենք, որ Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ հայտարարելով, որ դրա նպատակն իրեն պաշտոնից հեռացնելն էր։ Նրա պաշտպանական թիմը բողոքարկել էր մեղադրանք առաջադրելու որոշումը՝ նաեւ այն հիմնավորմամբ, որ Դատախազությունը պարտավոր էր դիմել ԲԴԽ՝ նրան անձենռմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու նպատակով։ Դատախազության դիրքորոշումը, սակայն, այն էր, որ դիմելու անհրաժեշտություն չկար, քանի որ Վարդազարյանի գործողությունները նրա լիազորությունների հետ կապված չէին։   Միլենա Խաչիկյան
18:35 - 19 հոկտեմբերի, 2022
Դատարանը դատավոր  Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու որոշում կայացրեց

Դատարանը դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու որոշում կայացրեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նույն դատարանի մեկ այլ դատավորի որոշմամբ կկալանավորվի։ Այս մասին հայտնել  է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։   Ալեքսանյանը, հիշեցնենք, մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու մեջ։   Պաշտպանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ․    «Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց Աջափնյակ 1 նստավայրի դատավորի կողմից։ Իհարկե այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների և դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձևավորելուն (ինչպես և խոստացել էին)։   Դժվար է պատկերացնել, որ ԲԴԽ-ի կողմից դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու համաձայնություն տալը, նրան ԱաԾ-ի կողմից ձերբակալելը և կալանավորման միջնորդություն ներկայացնելը չէր ազդելու դատավորների, առավել ևս Աջափնյակ 1 նստավայրի դատավորների վրա, որպեսզի ԱԱԾ-ին և դատախազությանը հակառակ որոշում կայացնելուց առաջ ևս 10 անգամ մտածեն ու ապահովագրվելու, շառից ու փորձանքից հեռու մնալու համար չմերժեն նրանց միջնորդությունները։   Կալանքն ինչպես կար, այնպես էլ մնում է միակ խափանման միջոցը, իսկ չկալանավորելու ցանկությունը կախված է միայն մեղադրանքի կողմից (եթե իհարկե ցանկալի ցուցմունք կտաս)»,- գրել է պաշտպանը։  Հիշեցնենք, որ նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա մեղադրվում է դատավորի կողմից լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Թե ինչ քրեական գործով են անցնում փաստաբանն ու դատավորը, պաշտոնապես առայժմ հայտնի չէ։ 
12:38 - 19 հոկտեմբերի, 2022
Փաստաբանի և դատավորի վերաբերյալ գործը կաշառքի հետ առնչություն չունի․ «Արմենիա» ՀԸ–ն սխալվում է

Փաստաբանի և դատավորի վերաբերյալ գործը կաշառքի հետ առնչություն չունի․ «Արմենիա» ՀԸ–ն սխալվում է

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի եթերով երեկ երեկոյան լուր է հեռարձակվել՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի եւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի քրեական գործի վերաբերյալ, որում երկու սխալ տեղեկություն է եղել։ Հեռուստամեկնաբանը ասել է․ «Կաշառքի գործով ձերբակալված փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կմնա ազատության մեջ․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը։ Նույն գործով անցնում է նաեւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու միջնորդությունը Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է»։ Իրականում, սակայն, փաստաբանի եւ դատավորի վերաբերյալ քրեական գործը առնչություն չունի կաշառքի հետ: Թեեւ գործի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն մինչ այս պահը չկա, եւ միակ հայտարարությունը, որ եղել է, պաշտպանական կողմինն է, սակայն վերջինս քանիցս հերքել է այդ լուրերը։ Մասնավորապես, կաշառքի հետ առնչության մասին մամուլը գրել է Ալեքսանյանի ձերբակալման հաջորդող ժամերին, սակայն կարճ ժամանակ անց նրա պաշտպան Գայանե Պապոյանը հերքել է այդ լուրը․ «Թեեւ նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին, սակայն ցանկանում ենք բոլորին տեղեկացնել, որ նախաձեռնված քրեական վարույթը կաշառքի հետ բացարձակ կապ չունի»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։ ԶԼՄ–ների հետ ճեպազրույցում երեկ դա հերքել է նաեւ ինքը՝ Ալեքսանյանը․ «Լուրեր են պտտվում, թե իբրեւ ինձ առաջադրվել է մեղադրանք՝ ինչ–որ կաշառքի հետ կապված, եկեք ուղիղ ասեմ՝ դա իրականությանը չի համապատասխանում, որեւէ կաշառքի մեղադրանքի մասին խոսք չի գնում, չի էլ կարող գնալ, ինձ ճանաչող բոլոր մարդիկ շատ լավ գիտեն, որ ես կոռուպցիոն որեւէ գործի մեջ չեմ կարող ներգրավված լինել»,– ասել է փաստաբանը՝ մանրամասնելով, թե իր մեղադրանքը ինչ հանգամանքների է առնչվում։ Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։  Ինչ վերաբերում է Էրիկ Ալեքսանյանի՝ ազատության մեջ գտնվելու հանգամանքին, ապա դա ոչ թե կալանավորման միջնորդության մերժման, այլ ձերբակալման ժամկետի ավարտով է պայմանավորված։ Բանն այն է, որ Ալեքսանյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 17-ի կեսօրին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է որոշում կայացնելու մեղադրյալին ձերբակալելու մասին: Նույն հոդվածի համաձայն՝ այդ հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տեւել 24 ժամից ավելի: Հետեւաբար, երեկ՝ հոկտեմբերի 18-ի կեսօրին, երբ լրացել է Ալեքսանյանի ձերբակալման ժամկետը, նա օրենքի ուժով ազատ է արձակվել։ Դրան զուգահեռ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, քննել է փաստաբանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը եւ ավարտելով այն՝ հեռացել առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Ալեքսանյանի պաշտպան Գայանե Պապոյանը տեղեկացրել է, որ որոշման հրապարակման կոնկրետ ժամ դատարանը չի նշել։ Համենայն դեպս, այս պահի դրությամբ էլ փաստաբանի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշում առկա չէ։ Հավելենք, որ այն բանից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունները՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, նույն հոդվածի հիման վրա ձերբակալվել է նաեւ Արուսյակ Ալեքսանյանը։ Նրան կալանավորելու միջնորդության քննությունը եւս ավարտվել է․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 12։00-ին։ Մինչ այդ դատավորի ձերբակալման ժամկետը լրացել է, եւ նա եւս օրենքի ուժով ազատ է արձակվել։ Մենք փորձել ենք տեղեկություն ստանալ նաեւ պատկան մարմիններից, սակայն ԱԱԾ–ից մեր զանգերին չեն պատասխանել, իսկ Դատախազությունից առայժմ հրաժարվել են գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ։ ԼՐԱՑՈՒՄ․ Հոկտեմբերի 24-ին ԱԱԾ-ն դեպքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով եւս հերքվել է կաշառքի հանգամանքը։   Միլենա Խաչիկյան
11:20 - 19 հոկտեմբերի, 2022
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալումից ազատ է արձակվել․ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության հարցը քննվում է |tert.am|

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալումից ազատ է արձակվել․ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության հարցը քննվում է |tert.am|

tert.am: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման 24-ժամյա ռեժիմը լրացել է և նա քիչ առաջ ազատ է արձակվել։ Այս մասին հայտնեց Ալեքսանյանի փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։ Նա նշեց, որ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությունը դեռևս շարունակվում է։ «Դատարանը 15 րոպե ընդմիջումից հետո այս պահին շարունակում է կալանքի միջնորդության քննությունը, ակնկալում ենք արդար դատական ակտ»,- ասաց փաստաբանը։ Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Ալեքսանյանը ձերբակալվել էր։ Ազգային անվտանգության ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, որը քննվում է դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ։ Նույն քրեական գործի շրջանակում Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, ինչը երեկ ուշ երեկոյան ԲԴԽ-ն բավարարել է։ Թե ինչ քրեական գործով են անցնում փաստաբանն ու դատավորը, պաշտոնապես առայժմ հայտնի չէ։ Էրիկ Ալեքսանյանի պաշտպանների խոսքով՝ դատավորին մեղադրում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իսկ փաստաբանին՝ դրա օժանդակության մեջ։  Ալեքսանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ 
14:51 - 18 հոկտեմբերի, 2022
ԲԴԽ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանում գործարարությամբ զբաղվող ՌԴ քաղաքացիների հիմնախնդիրները

ԲԴԽ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանում գործարարությամբ զբաղվող ՌԴ քաղաքացիների հիմնախնդիրները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ԲԴԽ նախագահ Անդրեասյանը ներկայացրել է դատական համակարգի ներկայիս իրավիճակը և սպասվող բարեփոխումները։ ՌԴ դեսպանն իր հերթին կարևորել է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների գործընթացը՝ հատկապես համակարգի թվայնացումը, որի մեկնարկն արդեն տրված է։  Դեսպան Կոպիրկինը բարձր է գնահատել համագործակցությունը Կարեն Անդրեասյանի հետ՝ որպես արդարադատության նախարարի, և համոզմունք հատնել, որ նոր կարգավիճակում էլ ավելի արդյունավետ կլինի համագործակցությունը վերջինիս և ռուս գործընկերների միջև։ Քննարկման առարկա են դարձել հատկապես վերջին շրջանում Հայաստանում գործարարությամբ զբաղվող՝ Ռուսաստանի Դաշնության մեծ թվով քաղաքացիների հիմնախնդիրները, որոնք հաճախ գործ են ունենում դատական համակարգի տարբեր ատյանների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել և երկուստեք առանձնակիորեն կարևորվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները, դրանց արդյունքները, ինչպես նաև հետագա քայլերը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության ամրապնդման և փորձի փոխանակման վերաբերյալ։
13:33 - 18 հոկտեմբերի, 2022
ԲԴԽ–ն բավարարել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները

ԲԴԽ–ն բավարարել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունները՝ դատավորներից մեկի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին Infocom–ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասին է։ Վերջինս դատավոր է նշանակվել 2021 թ․ հոկտեմբերի 20-ին։ Նույն քրեական գործի շրջանակում ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նրա պաշտպաններից Գայանե Պապոյանը հայտարարել է, որ Ալեքսանյանը մեղադրանքը չի ընդունել եւ դրան ժպիտով է վերաբերվում։   Լուսանկարում՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը
22:33 - 17 հոկտեմբերի, 2022
Ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ

Ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ

Ձերբակալվել է փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Տեղեկությունը Infocom-ի հետ զրույցում հաստատեց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։ Նշենք, որ «Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանին ձերբակալելու կամ կալանավորելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն այդ մասին անհապաղ տեղեկացնում է փաստաբանների պալատի նախագահին: Նույն քրեական գործի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով։  Infocom-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը` նշելով, որ նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության եւ դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը եւ դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն: Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանից, որը, սակայն, նշեց, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը Երևան քաղաղքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասին է։  Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանը դատավորի պաշտոնին է նշանակվել 2021 թ․ հոկտեմբերի 20-ին։ Մինչ այդ նա աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ որպես քննիչ։ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի համաձայն՝ դատավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կարող է ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազը։ Օրենքի համաձայն՝ միջնորդությանը կից ներկայացվում են դրա համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը: Նման միջնորդություն ստանալու դեպքում ԲԴԽ-ն անհապաղ նիստ է հրավիրում։ Մեր տեղեկություններով՝ այս պահին ԲԴԽ-ում ընթանում է Դատախազության միջնորդության քննությունը․ դատավոր Ալեքսանյանը չի մասնակցում նիստին։ Լուսանկարում՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Գլխավոր լուսանկարում՝ Էրիկ Ալեքսանյանը   Միլենա Խաչիկյան      
16:46 - 17 հոկտեմբերի, 2022
Մեսրոպ Մակյանը նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Մեսրոպ Մակյանը նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 17 հրամանագրով դատավոր Մեսրոպ Մակյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 13-ի ԲԴԽ-98-Ո-301 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ ՄԱԿՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր»,- ասված է որոշման մեջ։ Նշենք, որ Մակյանը 2013 թվականիից ի վեր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր։ 2019 թվականի հուլիսի 11-ին էլ նա ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ՝ 5 տարի ժամկետով:
14:15 - 17 հոկտեմբերի, 2022
Վահագն Խաչատուրյանը և Կարեն Անդրեասյանը քննարկել են դատաիրավական համակարգի գործունեությանն առնչվող հարցեր

Վահագն Խաչատուրյանը և Կարեն Անդրեասյանը քննարկել են դատաիրավական համակարգի գործունեությանն առնչվող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ:Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է ԲԴԽ նախագահին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումները կշարունակվեն սկզբունքային ուղեգծով:Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և առանձնահատուկ ընդգծել, որ Հանրապետության նախագահի կողմից հետևողական ուշադրությունը դատական համակարգում կատարվող բարեփոխումներին շատ պարտավորեցնող է:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգի գործունեությանը և իրականացվող բարեփոխումների ներկայիս փուլին:
16:51 - 14 հոկտեմբերի, 2022
Դատախազությունը դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել

Դատախազությունը դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել

Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 11-ին տեղեկացրել էր, որ Դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: ԲԴԽ-ն, նույն օրենսգրքով նախատեսված ընթացակարգով և ժամկետներում, հրավիրել էր նիստ և ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշում էր կայացրել այն հիմնավորմամբ, որ առերևույթ բացահայտված հանցագործության դեպքը կապված չէ դատավորի լիազորությունների իրականացման հետ, որպիսի պայմաններում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար ԲԴԽ համաձայնությունը չի պահանջվում: ԲԴԽ վերոնշյալ որոշումը չի բացառում դատավորի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը, ավելին՝ փաստում է, որ քրեական հետապնդման համար չի պահանջվում դատավորի անձեռնմխելիության հաղթահարում: Վերոգրյալի հիման վրա՝ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին, Գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով գույքի չհայտարարագրմամբ զուգորդված հայտարարագրում  կեղծ տվյալ ներկայացնելու համար, որը նախատեսված է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Որոշումն ուղարկվել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ իրազեկման նպատակով, ինչպես նաև նախաքննությունն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար: «Հետք»-ը տեղեկություններ ուներ, որ գլխավոր դատախազի միջնորդությունը վերաբերում է վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին: Նա վարչական դատարանի դատավոր է նշանակվել 2013թ. հունվարին: Մինչ այդ զբաղեցրել է դատավորի օգնականի պաշտոնը: 
13:05 - 13 հոկտեմբերի, 2022
Այսօր որոշել եմ դադարեցնել ԲԴԽ անդամի լիազորություններս, ինչի համար համապատասխան դիմումը արդեն ներկայացրել եմ Խորհրդին․  Գրիգոր Բեկմեզյան

Այսօր որոշել եմ դադարեցնել ԲԴԽ անդամի լիազորություններս, ինչի համար համապատասխան դիմումը արդեն ներկայացրել եմ Խորհրդին․ Գրիգոր Բեկմեզյան

 Բարձրագույն դատական խորհուրդի անդամ Գրիգոր Բեկմեզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ ժողովուրդ, Ցանկանում եմ հայտնել, որ այսօր որոշել եմ դադարեցնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորություններս, ինչի համար համապատասխան դիմումը արդեն ներկայացրել եմ Խորհրդին։   Պատճառները, կարծում եմ, խորքային են և ինստիտուցիոնալ։ Համաձայն չլինելով վերջին ամիսներին Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ՝ փորձել եմ իմ լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում ամեն կերպ բացառել կամ կանխել Խորհրդի ու դատական իշխանության անկախությունը վնասող տարբեր գործընթացները։ Որպես խորհրդի անդամ կաշկանդված լինելով օրենքով նախատեսված սահմանափակումներով՝ չեմ կարողացել հրապարակայնացնել այն մտահոգություններս, որոնք առաջացել են Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձություններից, սակայն միևնույն ժամանակ, որպես Խորհդի անդամ՝ ամեն ինչ արել եմ կանխելու կամ մեղմացնելու այն գործընթացները, որոնք կարող էին բացասաբար անդրադառնալ Խորհրդի գործունեության վրա։ Ինչ-որ տեղ հաջողել եմ, ինչ-որ տեղ՝ ոչ։   Իմ մտահոգությունների մասին հայտնել եմ գործընկերներիս, պատկան մարմիններին։ Նույնիսկ վերջին շրջանի հարցազրույցներիս ժամանակ բարակ կարմիր թելով ցույց եմ տվել մտահոգություններս, քանի որ մշտապես ունեցել եմ մեկ սկզբունք՝ չստել, դեմագոգիայով չզբաղվել, այլ ասել այն, ինչ զգում եմ, տեսնում եմ, կամ այն, ինչ մտահոգում է։ Ինձ միշտ հույս է տվել նաև այն հանգամանքը, որ Խորհուրդը կոլեգիալ մարմին է, և մեկ կամ երկու անդամը չեն կարող որոշիչ ձայն ունենալ և բոլոր դեպքերում պարտադրել իրենց համար ցանկալի որոշումները։   Ցավոք, վերջին մեկ շաբաթվա գործընթացները, ներառյալ այսօրը, ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իմ և Խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում։ Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով։   Իհարկե, ես կարող էի մնալ և շարունակել պայքարը Խորհրդի և դատական իշխանության անկախության համար, բայց գործընկերներիս մեծամասնության իներտությունը և նրանց կողմից աջակցության բացակայությունը ինձ հուշում են, որ ես այլևս Խորհրդում անելիք չունեմ։ Խորհրդի անդամի երդումը հնարավորություն չի տալու ազատորեն բարձրաձայնել առկա խնդիրների մասին, ուստի իմ պարտքը համարելով մշտապես պայքարել դատական իշխանության անկախության համար՝ ես որոշեցի դա անել Խորհրդից դուրս, ինչը ինձ ավելի շատ ազատություն կտա և, գուցե, ավելի մեծ հնարավորություն՝ կանխելու այն բացասական գործընթացները, որոնք տեղի են ունենում դատական իշխանությունում»։
18:58 - 10 հոկտեմբերի, 2022
Իշխանություններն արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը. «Հայաստան» խմբակցություն

Իշխանություններն արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը. «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.   «Մինչ հանրության ուշադրությունը կենտրոնացած է Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային ծանրագույն վիճակի վրա, իշխանություններն, օգտվելով այդ հանգամանքից, արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը:    Անցնող շաբաթվա ընթացքում սահմանադրական անկախ մարմինների ղեկավար պաշտոններում ընտրվել են օրվա իշխանությունների հետ ուղղակի փոխկապակցված անձինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և Բարձրագույն դատական խորհրդում:    Ժողովրդավարության սկզբունքի հստակ պահանջներից է բխում, որ նման կառույցները պետք է համալրվեն իրապես անկախ, արհեստավարժ ու քաղաքականապես չեզոք թեկնածուներով: Չնայած այս պահանջներին՝ մեկ քաղաքական միավոր առաջադրեց ու ընտրեց հենց նույն քաղաքական միավորի անդամների ձևական ընթացակարգով, նախքան ընտրությունն էլ ապահովելով  անկուսակցականի կարգավիճակը:    Հատկանշական է, որ ԿԸՀ նախագահ է ընտրվել այն անձը, ով օրվա իշխանությունների ներկայացուցիչ է հանդես եկել 2021 թվականի արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ում և կուսակցության ակտիվ անդամ է եղել, ինչը ԿԸՀ նախագահի պաշտոնի դեպքում աննախադեպ է:    Միաժամանակ ԲԴԽ նախագահը մի քանի ամիս առաջ ընտրվել էր իշխող կուսակցության ղեկավար պաշտոններից մեկում: Նման քաղաքականության իրացման նպատակն ակնհայտ է. անկախ սահմանադրական մարմինները ծառայեցնել մեկ քաղաքական միավորի շահերին և ամբողջությամբ խաթարել անկախության երաշխիքները:   Խիստ անհանգստացնող է, որ ժողովրդավարության այսպիսի նահանջի փաստերին որևէ կերպ չեն արձագանքել միջազգային կառույցները, որոնք հանդես էին գալիս ժողովրդավարական արժեքների պաշտպանությամբ մեր երկրում»։
12:06 - 10 հոկտեմբերի, 2022