hetq.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործը քննելու է առաջնահերթության կարգով: Հենց այդ նպատակով ՄԻԵԴ-ն անհապաղ Հարությունյանի գանգատի մասին տեղեկացրել է Հայաստանի կառավարությանը: Այս մասին «Հետքին» հայտնեց Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյանը:
Հիշեցնենք, որ էական կարգապահական խախտման հիմքով 2023թ. հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշել էր դադարեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները:
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել լրատվամիջոցների հետ ունեցած հարցազրույցի պատճառով: 2023թ. ապրիլի 7-ին` դատավորների ընդհանուր ժողովի օրը, Դ. Հարությունյանը լրագրողներին ասել էր, որ ԲԴԽ-ում միշտ փոխհամաձայնեցում կա, ինչը նշանակում է, որ այն ուղղորդվում է ինչ-որ մեկի կողմից։ Դ. Հարությունյանը քննադատել էր նաև դատավորների լիազորությունները դադարեցնելու` ԲԴԽ որոշումները։
Դրանից հետո Արդարադատության նախարարությունը դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմել էր ԲԴԽ:
Դիմումը փոստային ծառայության միջոցով ՄԻԵԴ ուղարկվել էր 2023թ. նոյեմբերի 1-ին: Դիմումով արձանագրվել են Դավիթ Հարությունյանի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից դատաքննության, հրապարակային դատաքննության, պաշտպանության, ընտրված պաշտպանների միջոցով ներկայացված լինելու, զենքերի հավասարության իրավունքների, ինչպես նաև ազատորեն արտահայտվելու իրավունքի խախտումները (Եվրոպական կոնվենցիայի 6, 8, 7, 10-րդ հոդվածներ)։
Զորայր Հարությունյանի փոխանցմամբ՝ դիմումին կից ներկայացվել են խախտումների փաստերը հաստատող շուրջ 400 թերթից բաղկացած նյութեր։ Դիմումով նաև արձանագրվել են ՀՀ դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու, նրանց խոսքի ազատությունն ու անկախությունը վտանգող Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունները, հեղինակված օրենսդրական փոփոխություններն ու կարգապահական վարույթները։
comment.count (0)