Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը

Մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը

Վարկանիշային քվեարկության միջոցով մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը: Այս մասին հայտնում են Հեռուստատեսությանևռադիոյի հանձնաժողովիից։   «Այսօր՝ հուլիսի 15-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ: Օրակարգում ընդգրկված էր հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկութան և հաղթողի ընտրությանը վերաբերյալ հարցը:   Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին:   Նշենք, որ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել չորս՝ «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամ, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ», «ՅԱՆ ԹԻՎԻ» և «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 101, 73, 84 և 69 միավոր:   Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
14:01 - 15 հուլիսի, 2022
«ՇԱՐԿ» ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագիրը տուգանվել է

«ՇԱՐԿ» ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագիրը տուգանվել է

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 30-ին նիստ է գումարել, որի օրակարգում են «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերության՝ Ապարան քաղաքում հատկացված 90.7 ՄՀց հաճախականությունը փոխելու, «ԱՐՄՔՈՄ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման (ցանցային օպերատորի գործունեության) լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումների, «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 3-ի թիվ 1-Ա որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ կատարելու մասին հարցերը: Այս մասին հայտնում են ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։ Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի իրավական ապահովման բաժնի պետը ներկայացնելով «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը՝ նշել է, որ Հանձնաժողովն իր վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՇԱՐԿ» ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 10-րդ հոդվածի, 7-րդ մասի խախտման, ինչպես նաև «ՇԱՐԿ» ընկերության լիցենզիայի պայման հանդիսացող՝ հայտով նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ ներկայացված փաստաթղթին համապատասխան չգործելու  փաստեր։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում և տեսագրության մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ Ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագրի կողմից «Հայլուր» լրատվական թողարկումների ժամանակ նույն թեմայի մասին լուսաբանումը՝ ընդդիմության ակցիաների, այդ թվում՝ երթերի, ելույթների, հանրահավաքների վերաբերյալ կազմել է՝ 47%-ից մինչև 91,6 %, որի թույլատրելի սահմանը օրենքով պետք է կազմի հաղորդման եթերաժամի 25 %-ը, ինչպես նաև լրատվական, հասարակական-քաղաքական և վերլուծական ուղղվածության հաղորդումներում չի ապահովել բազմակարծության սկզբունքը, բազմակողմանի լրատվությունը, ինչպես նաև չի առաջնորդվել լրատվության անաչառության, բազմակարծության և անկողմնակալության ապահովման գերակա սկզբունքով: Ընկերությունը  իր գրավոր պարզաբանման, ինչպես նաև նիստի ժամանակ բանավոր խոսքում հայտնել է, որ մշտադիտարկման իրականացման ժամանակահատվածում հնարավոր է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի որոշ հոդվածների խախտման հատկանիշներ, և որ արձանագրության մեջ գրված դիտողությունների որոշ մասի հետ համաձայն են և կփորձեն շտկել, իսկ արձանագրության մեջ ձևակերպված որոշ փաստերի հետ ունեն անհամաձայնություն: Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում Հանձնաժողովը խիստ կարևոր է համարում այն հանգամանքը, որ Ընկերությունը Հանձնաժողովի կողմից լիցենզավորված  իրավաբանական անձ է, որը կազմում և սպառողին է ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն և խմբագրական պատասխանատվություն է կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար և պարտավոր է պահպանել տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջները, իսկ օրենքի դրույթները խախտելու դեպքում կրել պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով, ուստի, oրենքի պահանջի չկատարումն ինքնին բերում է պատասխանատվության: Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է Հեռարձակողի կողմից իրականացված երկու իրավախախտում: Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մի շարք դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՇԱՐԿ» ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ լրատվական հաղորդումներում նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը հաղորդման եթերաժամի 25 տոկոսը գերազանցելու պահանջը խախտելու համար և «ՇԱՐԿ» ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 29-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Քննարկելով «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերության՝ Ապարան քաղաքում հատկացված հաճախականությունը փոխելու վերաբերյալ դիմումը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գրությունը՝ Հանձնաժողովը որոշել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 50-Ա որոշմամբ «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ընկերությանը Ապարան քաղաքում հատկացված 90.7 ՄՀց հաճախականությունը փոխարինել 95.1 ՄՀց հաճախականությամբ: Հանձնաժողովը որոշել է բավարարել «ԱՐՄՔՈՄ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման (ցանցային օպերատորի գործունեության) լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը և ուժը կորցրած ճանաչել «ԱՐՄՔՈՄ» ընկերությանը 2019 թվականին տրամադրված հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման ԿՀ N 266 լիցենզիան:
12:16 - 01 հուլիսի, 2022
Խոսքի ազատությունը չպետք է վերածվի ատելության քարոզի. ՀՌՀ

Խոսքի ազատությունը չպետք է վերածվի ատելության քարոզի. ՀՌՀ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, անդրադառնալով հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակին, հաղորդագրություն է տարածել, որում ասվում է՝ իրավիճակը լիցենզավորված և հեղինակազորված հեռարձակողներից ոչ միայն լարվածության սահուն, առանց սրացումների հաղթահարելու դիրքորոշում է պահանջում, այլև բարձր աստիճանի զսպվածություն և ինքնահսկողություն։ «Լարված ներքաղաքական իրավիճակներում հենց մեծ ազդեցություն ունեցող հեռուստա- և ռադիոընկերությունները պետք է դառնան այն հարթակները, որոնք ո՛չ միայն կարող են մեղմել քաղաքական կրքերը, այլև ապահովել դրանց դրսևորման նորմալ, բանական և քաղաքակիրթ ձևերը։ Մասնագիտական ձեր պարտականությունն է՝ չբորբոքել դրանք և, ինչպես ասում են, յուղ չլցնել կրակին, այլ բոլոր հակասություններն ու վեճերը ուղղորդել դեպի քաղաքակիրթ ու բանական քննարկումներ, վերլուծություններ և բանավեճեր։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մշտապես հանդես է եկել խոսքի ազատության և կարծիքների ազատ արտահայտման սկզբունքի պաշտպանության դիրքերից։ Սակայն դա չի նշանակում, որ այդ ազատությունները պետք է վերածել ապատեղեկատվության գործիքի, ատելության խոսքի, անձնական թշնամանքի կամ միմյանց սևացնելով ու վարկաբեկելով՝ իրար հետ հաշիվներ մաքրելու միջոցի։ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ քաղաքական այս թոհուբոհում կարող են կողմնորոշվել հենց ձեր խոսքով, պահվածքով, բարեխղճությամբ։ Հանձնաժողովը ևս մեկ անգամ կոչ է անում Հեռարձակողներին` ապահովել հրապարակված տեղեկության ճշգրտությունը, անկողմնակալությունն ու բազմակարծությունը, ցուցաբերել ազնվություն՝ տեղեկությունները հավաքելու մեթոդներում, բացառել սոցիալական կարգավիճակի, անձի կամ խմբի որևէ այլ հատկանիշի հիմքով խտրականությունը։ Հանձնաժողովը նաև հիշեցնում է, որ լիցենզիա ստացած Հեռարձակողները պետք է հետևեն լիցենզիոն հայտով ստանձնած պարտավորություններին, որոնց խախտումները կարող են հանգեցնել օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:  
14:43 - 05 մայիսի, 2022
Արայիկ Հարությունյանի նախկին խորհրդականը՝  Գոհար Մամիկոնյանը, ՀՌՀ անդամի թեկնածու |hetq.am|

Արայիկ Հարությունյանի նախկին խորհրդականը՝ Գոհար Մամիկոնյանը, ՀՌՀ անդամի թեկնածու |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Գոհար Մամիկոնյանի թեկնածությանը: Գոհար Մամիկոնյանը սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնում, իսկ մագիստրատուրան՝ հանրային կառավարում բաժնում: Թեկնածուն 2018-2021 թվականներին զբաղեցրել է ԿԳՄՍ այն ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդականի պաշտոնը, 2021-ի ապրիլի 1-ից մինչ այժմ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետն է: Վերջինիս թեկնածությունը ներկայացրեց Նարեկ Բաբայանը, որի խոսքով՝ Մամիկոնյանը 2014-ից «Քաղաքացիական պայմանագիր» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ է, իսկ 2015-ից՝ ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ: «Գոհար Մամիկոնյանը, զբաղեցնելով քաղաքացիական ծառայության պաշտոններ, աչքի է ընկել համառ աշխատասիրությամբ ու քաղաքական զսպվածությամբ՝ որևէ կերպ չշահարկելով զբաղեցրած պաշտոնն ու քաղաքական դիրքորոշումները»,- ասաց Բաբայանը՝ վստահեցնելով, որ թեկնածուն կարող է առաջադրված պաշտոնում քաղաքական զսպվածություն ցուցաբերել: Հանձնաժողովը հավանություն տվեց Գոհար Մամիկոնյանի թեկնածությանը՝ հարցն ընդգրկելով լիագումար նիստերի օրակարգում: Նշենք, որ նիստին ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին:
16:17 - 26 ապրիլի, 2022
Հակամարտող կողմերի հաղորդագրությունները, լուրերը, պնդումները հաճախ քարոզչական բնույթ են կրում. Հակոբյանը՝ ԶԼՄ-ներին

Հակամարտող կողմերի հաղորդագրությունները, լուրերը, պնդումները հաճախ քարոզչական բնույթ են կրում. Հակոբյանը՝ ԶԼՄ-ներին

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ղեկավար Տիգրան Հակոբյանը հանձնաժողովի անունից դիմել է լիցենզավորված եւ հեղինակազորված բոլոր հեռարձակողներին՝ ռուս-ուկրաինական հակամարտության լուսաբանումը պատշաճ կազմակերպելու և տեղեկատվական սխալներից խուսափելու համար: Ըստ Հակոբյանի՝ քանի որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ծագած կոնֆլիկտը վերածվել է լայնածավալ ռազմական գործողությունների, որոնք համաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում են, այդ «պատերազմ»-ը թելադրում է նաեւ հայաստանյան լրատվամիջոցների տեղեկատվական օրակարգ: Նրա խոսքով՝ հայկական մեդիան գիտակցում է, որ վերջին օրերի իրադարձությունները նոր մարտահրավերներ, սպառնալիքներ եւ անորոշություններ են ստեղծում Հայաստանի եւ Արցախի համար, եւ վտանգավոր զարգացումները զսպվածություն եւ պատասխանատվություն են պահանջում մեր մեդիայից: ՀՌՀ նախագահի գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ամենեւին նպատակ չունենալով միջամտել ՀՌՀ կարգավորման տիրույթում գործող հեռարձակողների խմբագրական քաղաքականությանը՝ փոխանցեմ ձեզ մեր տեսակետը: Ամենակարեւորը. ոչ մի դեպքում չենք մոռանում, որ հանրային կարծիքի վրա մեծ ազդեցություն ունեցող հեռուստա եւ ռադիոընկերությունների եթերային բովանդակության կարեւորագույն բաղադրիչը մեր երկրի եւ ժողովրդի շահերի սպասարկումն է: Ուստի փորձենք խուսափել օտար տեղեկատվական օրակարգեր սպասարկելուց, չտրամադրել Հայաստանի մեդիահարթակները միմյանց հանդեպ «տեղեկատվական պատերազմ» վարող գլոբալ հակամարտության տարատեսակ շահագրգիռ կողմերին: Չմոռանանք, որ հակամարտող կողմերի հաղորդագրությունները, լուրերը, պնդումները հաճախ քարոզչական բնույթ են կրում եւ չեն համապատասխանում իրականությանը: Փորձենք ջանք գործադրել եւ ստուգել այդպիսի լուրերի ճշմարտացիությունը: Հայաստանի քաղաքացուն ներկայացնում ենք հնարավորինս ստուգված տեղեկատվություն: Կրոնական, ազգային խտրականությունը եթերում, թշնամանքի եւ բռնության քարոզը կան եւ մնալու են օրենսդրությամբ պատժելի եւ անընդունելի արարքներ: Այդ մասին եւս չենք մոռանում: Պահպանում ենք լրագրության մասնագիտական կանոնները, տարանջատում ենք լուրը մեկնաբանությունից, տարբեր տեսակետներ արտահայտելու հնարավորություն ենք տալիս, եթե այդ տեսակետները դեստրուկտիվ չեն: Անկախ քաղաքական հայացքներից, համակրանքներից ու հակակրանքներից՝ այս պատերազմը պառակտման եւս մեկ առիթ չենք դարձնում մեր հասարակության մեջ, զսպում ենք մեր հուզմունքները: Եթերային ճիշտ քաղաքականությամբ փորձում ենք կանխել Հայաստանի քաղաքացիների ներքաշումն այս հակամարտության մեջ: Հիշում ենք, որ ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Ուկրաինայում ապրում են հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ, որոնք հնարավորություն ունեն դիտել մեր հեռուստածրագրերը: Ով, եթե ոչ մենք շատ լավ ենք հասկանում, որ պատերազմը միայն չարիք է գեներացնում, զոհեր եւ տառապանքներ բերում: Ուրեմն խուսափենք միլիտարիստական բառապաշար օգտագործելուց, ոչ բռնի, ոչ ագրեսիվ հաղորդակցության օրինակ ծառայենք մյուսների համար: Հետագայում ե՛ւ Ուկրաինայում, ե՛ւ Ռուսաստանում երախտագիտությամբ կհիշեն այդ մասին: Այս հակամարտության կրակի վրա յուղ չենք լցնում: Ռուս եւ ուկրաինացի ժողովրդները ընդհանուր բազմադարյա պատմություն ունեն: Տա Աստված, որ այդ ընդհանրությունը օգնի հաղթահարել այս ամոթալի բաժանումն ու թշնամությունը, լուծի խնդիրները եւ խաղաղություն հաստատի մեր սահմաններից ոչ շատ հեռու: Հենց դա է բխում Հայաստանի շահերից»:
12:26 - 28 փետրվարի, 2022
«Արմնյուզ»-ը և «Ռադիո 107 ՖՄ»-ը լիցենզիաների գործողությունը դադարեցնելու դիմում չեն ներկայացրել. ՀՌՀ-ն վարչական տույժ է կիրառել

«Արմնյուզ»-ը և «Ռադիո 107 ՖՄ»-ը լիցենզիաների գործողությունը դադարեցնելու դիմում չեն ներկայացրել. ՀՌՀ-ն վարչական տույժ է կիրառել

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր՝ փետրվարի 12-ին, գումարվել է արտահերթ նիստ, օրակարգում՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ (http://tvradio.am/wp-content/uploads/2022/02/16-22.pdf) և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ (http://tvradio.am/wp-content/uploads/2022/02/17-22.pdf) ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը: «Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության «ԱՐՄՆՅՈՒԶ» տեսալսողական ծրագրի և լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության «ԱՐՄՆՅՈՒԶ ՖՄ» լսողական ծրագրի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է, որ 2022 թվականի փետրվարի 11-ին ժամը՝ 00։01:00-ից Հեռարձակողներն ավելի քան 24 ժամ չեն ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակումը:  Ավելացնենք նաև, չնայած այն հանգամանքին, որ «Քառյակ մեդիայի» հիմնադիրները հայտարարություն են տարածել իրենց գործունեության դադարեցման մասին, սակայն վերջիններս թե տարածած հաղորդագրության մեջ, և թե գրությամբ պաշտոնապես չեն տեղեկացրել Հանձնաժողովին՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիաների գործողության դադարեցման իրենց որոշման մասին:  «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3–ին մասի 5–րդ կետի համաձայն՝ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե` այդ մասին դիմում է ներկայացվել։   Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն՝ Հանձնաժողովը 2022 թվականի փետրվարի 12-ին Հեռարձակողների նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ։ Վարչական վարույթի բազմակողմանի քննության արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ Հեռարձակողների կողմից առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովվել տեսալսողական և լսողական հաղորդումների հեռարձակումները և վերջիններիս կողմից որևէ հիմնավորում չեն ներկայացվել հեռարձակումները դադարեցնելու վերաբերյալ։  «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ կետի համաձայն՝ Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե լիցենզիա ստացած Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի  55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը՝ հինգ օր ժամկետով»,-նշված է ՀՌՀ հաղորդգրության մեջ։
13:53 - 12 փետրվարի, 2022
Ռուբիկ Հակոբյանը ՀՌՀ անդամի թափուր տեղի համար հանել է իր թեկնածությունը

Ռուբիկ Հակոբյանը ՀՌՀ անդամի թափուր տեղի համար հանել է իր թեկնածությունը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 26-ի արտահերթ նիստում շարունակել է քննարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության առաջադրած Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը: Հանձնաժողովի անդամների կարծիքով՝ հարցի քննարկման ժամանակ թեկնածուն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել իրենց նկատմամբ, որից հետո փոխադարձ վիրավորանքներ են հնչել: Այնուհետեւ Ռուբիկ Հակոբյանը հանել է իր թեկնածությունը: Նիստն ավարտվել է: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբիկ Հակոբյանի ելույթի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել իր և հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի միջև: Կողմերը միմյանց հասցեին վիրավորանքներ ու հայհոյանքներ էին հնչեցրել։
14:28 - 26 հունվարի, 2022
Վիրավորական արտահայտություններ ԱԺ հանձնաժողովի նիստում. վիճեցին ընդդիմության թեկնածուն և ՔՊ-ի պատգամավորը |hetq.am|

Վիրավորական արտահայտություններ ԱԺ հանձնաժողովի նիստում. վիճեցին ընդդիմության թեկնածուն և ՔՊ-ի պատգամավորը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում միջադեպ տեղի ունեցավ: Ընդդիմությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թափուր տեղի համար առաջադրել է նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը: Վերջինիս ելույթի ժամանակ միջադեպ եղավ իր և հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի միջև: Հակոբյանը ելույթում նշեց, որ ցանկություն չուներ առաջադրվելու այդ պաշտոնում, բայց տեսնելով, որ իշխանությունը քաղաքականացված թեկնածուների է առաջադրել, ինքը ընդունել է ընդդիմության առաջարկը: Նա անդրադարձավ իշխանական պատգամավոր Նարեկ Բաբայանի այն դիտարկմանը, թե իրեն չի հարգում քաղաքական թիմը փոխելու համար՝ նշելով, իր համար պատիվ է դա: Հակոբյանն էլ իր հերթին ասաց, թե Բաբայանը խորհրդարանում հայտնվել է որպես «Լենա Նազարյանի բաժինք»: Գաբրիելյանը ընդհատեց նրան, հրահանգեց անջատել խոսափողը, և սկսվեցին փոխադարձ վիրավորանքները: Գաբրիելյանի խոսքով՝ Ռուբիկ Հակոբյանի կյանքի նպատակը կրթության հանձնաժողովում կռիվ սարքելն է: «Իմ կյանքի նպատակը ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակելն է»,- ասաց Հակոբյանը: «Անտակտ խուլիգանը ծնողդ ա»,-արձագանքեց Սիսակ Գարիելյանը: Պատգամավորները շարունակեցին միմյանց հասեցին վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցնել, ինչից հետո նիստն ընդհատվեց:  
12:58 - 26 հունվարի, 2022
Քննարկվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի հարցը

Քննարկվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի հարցը

Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել:Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրվել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը:ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանձնաժողովին հակիրճ ներկայացրել է առաջադրված թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային անցած ուղին: Նշվել է, որ Ռուբիկ Հակոբյանը հիմնադրել և ղեկավարել է ՀՀ ԳԽ մամլո ծառայությունը, հեղինակել և վարել է մի շարք հեռուստածրագրեր:Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունն առաջադրելիս կարևորել են մասնագիտական առանձնահատկությունը՝ նշելով, որ այս հանգամանքը կօգնի արդյունավետ իրականացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեությունը:Ռուբիկ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքների, հանձնաժողովի անդամներին տրված վերահսկողական լծակների, լիազորությունների, գործիքակազմի վեաբերյալ իր տեսլականը, անդրադարձել  նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրարկելիությանը վերաբերող որոշ դրույթների:Հանձնաժողովի նիստը կշարունակվի հունվարի 25-ին:
19:32 - 24 հունվարի, 2022
Արթուր Մանուկյանը ՀՌՀ անդամի պաշտոնում ընտրվելու դեպքում կսառեցնի ՔՊ-ում իր կուսակցական գործունեությունը |armenpress.am|

Արթուր Մանուկյանը ՀՌՀ անդամի պաշտոնում ընտրվելու դեպքում կսառեցնի ՔՊ-ում իր կուսակցական գործունեությունը |armenpress.am|

armenpress.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում լինելու է անաչառ, սառեցնելու է գործունեությունը կուսակցությունում: Մանուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը: ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հիշեցրեց, որ Արթուր Մանուկյանը կուսակցական է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ընտրվելու դեպքում անկախ մարմնում այլևս չի կարող մնալ կուսակցական: Նա հետաքրքրվեց, թե Մանուկյանն ի՞նչ է անելու: «Եթե ընտրվում եմ, օրենքի պահանջով սառեցնում եմ կուսակցական իմ գործունեությունը: Նաև երդվելու եմ ամբիոնից, որ լինելու եմ անաչառ և դուրս կուսակցական տեսլականից»,-ասաց Մանուկյանը: Թեկնածուն նշեց՝ գուցե ոմանց համար երդվելը ոչինչ չի նշանակում, իր համար անկեղծորեն շատ մեծ բան է  նշանակում՝ վստահեցնելով, որ եթե երդվի լինել անաչառ, ուրեմն լինելու է անաչառ:
11:18 - 21 հունվարի, 2022
ԱԺ-ում ՀՌՀ անդամի պաշտոնում ներկայացվեց Արթուր Մանուկյանի թեկնածությունը

 |armenpress.am|

ԱԺ-ում ՀՌՀ անդամի պաշտոնում ներկայացվեց Արթուր Մանուկյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ներկայացվեց Արթուր Մանուկյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Թագուհի Ղազարյանը: Մանուկյանի թեկնածությունը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Անդրադառնալով Մանուկյանի գործունեությանը՝ Ղազարյանը նշեց, որ 1997-2000 թթ թեկնածուն աշխատել է Ա1+  հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր, 2001-2003 թթ «Հայրենիք» հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր, իսկ 2005-2007 թթ «Արմենակոբ» հեռուստաընկերությունում՝ կրկին որպես ռեժիսոր: Մի քանի թատրոններում Մանուկյանը եղել է որպես դերասան: Մանուկյանը 2015-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, 2018-2019 թթ եղել է Երևանի ավագանու անդամ, 2019-ի սեպտեմբերից՝ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Նա 2016 թ-ին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է Գարեգին Նժդեհ մեդալով:
19:24 - 20 հունվարի, 2022
Պետք չէ հեռուստաալիք կամ թերթ փակել, դեղին մամուլը նույնպես մամուլ է. ՀՌԱՀ անդամի թեկնածու |hetq.am|

Պետք չէ հեռուստաալիք կամ թերթ փակել, դեղին մամուլը նույնպես մամուլ է. ՀՌԱՀ անդամի թեկնածու |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է ՀՀ մշակույթի առաջին նախարար Հակոբ Հակոբյանի (բանաստեղծ Հակոբ Մովսեսի թեկնածությունը): «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ՀՌԱՀ թեկնածու Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց, եթե հեռուստաալիքների դեմ պետությունը փորձի բռնաճնշում իրականացնել ու փորձի կասեցնել լիցենզիան կամ հեռարձակումը, ո՞րն է լինելու իր դիրքորոշումը: Հակոբ Հակոբյանն արձագանքեց` քաղաքական նպատակով որևէ հեռուստաալիք փակելուն միանգամայն դեմ է: «Փառք ու պատիվ մեր իշխանություններին, որ մինչև այսօր ոչ մի հեռուստատեսություն չի փակել, ինչպես փակվել է սրանից առաջ: Ես կարծում եմ՝ մեր իշխանություններն այնքան խոհեմություն կունենան, որ կշարունակեն այդ գիծը»,- ասաց նա: Նույն խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հետաքրքրվեց թեկնածուի քաղաքական հայացքներից, արդյոք իրեն համարում է անկուսակցական, թե՞ որոշակի քաղաքական կողմնորոշում ունի: «Ասում են արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին է, ես էլ 200 երգ գիտեմ, 200-ն էլ` պետության մասին: Ես պետականամետ մարդ եմ, չեմ թաքցրել իմ քաղաքական հայացքները: Կարծում եմ` մինչև այսօր մենք պետություն չեք կառուցել, կամ չենք ուզեցել կամ հնարավորություն չի եղել, իսկ այսօր պետություն կառուցելու ռեալ հնարավորություն ունենք»,- արձագանքեց ՀՌԱՀ անդամության թեկնածուն: Պատգամավորն հստակեցրեց հարցը՝ հասկանալու համար ընդդիմադիր է, թե՞ ոչ: «Ես ընդդիմադիր եմ, որովհետև կարծում եմ 30 տարվա ընթացքում մեր երկրում պետության մոդելի մի կաղապար է ձևավորվել, որը բոլորիս մեջ էսպես թե էնպես կա: Ես կարծում եմ՝ եկել է մի իշխանություն, որն այդ մոդելին ընդդիմադիր է, և ես էլ, համակրելով այդ իշխանություններին, ինձ համարում եմ ընդդիմադիր»,- ասաց Հակոբյանը: Վարդևանյանը նաև անդրադարձավ թեկնածուի այն խոսքերին, որ տարիներ առաջ Հ/Ը է եթերազրկվել, ինչն իր համար անընդունելի է: Նա հարցրեց, թե արդյոք թեկնածուն գիտի վերջին չորս տարվա ընթացքում որևէ դեպքի մասին, երբ եթերազրկում է եղել: Հակոբյանն ասաց` չգիտի նման դեպքի մասին: Վարդևանյանը մանրամասնեց` Հ2 Հ/Ը-ը զրկվել է լիցենզիայից: «Ես տեղյակ չեմ, եթե նման բան է եղել, վատ բան է եղել, պետք չէ հեռուստաալիք կամ թերթ փակել, եթե իհարկե հանցագործ նպատակներ չեն հետապնդում: Դեղին մամուլը նույնպես մամուլ է, մեր մամուլը լիքն է դեղինով: Ես էն կարծիքին եմ, որ դա փակել պետք չէ, թող դեղինը դեղնի, վերջանա»,- եզրափակեց թեկնածուն:
17:56 - 20 հունվարի, 2022
Խորհրդարանը քննարկում է ՀՌՀ անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկում է ՀՌՀ անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ԱԺ-ին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրեց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Թեկնածուն իր ելույթում ասաց. «Ես կարծում եմ՝ այն ճանապարհը, որով այժմ անցնում է ՀՀ-ն, առանձնահատուկ ուշադրություն պետք է նվիրվի մեդիա դաշտին՝ հենց թեկուզ այն պատճառով, որ բազմիցս և բազմաթիվ մասնագետների կողմից նշված է, որ տեղեկատվությունը հասարակության, ինչպես նաև պետության բերանն է, նաև ականջը»,-նշեց Հակոբյանը: Անդրադառնալով տեսալսողական դաշտի իր պատկերացումներին՝ նա ասաց. «Այսօրվա մեր բոլոր իրողությունները՝ թե քաղաքական, թե հասարակական, տեղավորված են այդ դաշտում: Քաղաքական իմաստով ես առանձնապես մեծ խնդիրներ չեմ տեսնում»: Անդրադառնալով մեդիա դաշում իր նկատած խնդիրներին՝ նա նշեց. «Հեռուստատեսության մեջ մի շարք ալիքներ, չնայած կոռեկտությանը, չնայած նրան, որ տեղեկատվական դաշտի իրենց խնդիրները կատարում են, սակայն ստեղծվել են կամ կուսակցությունների, կամ կուսակցական լիդերների, կամ կուսակցական հնարավորությունների սահմաններում»,-ասաց նա:
16:03 - 20 հունվարի, 2022
Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի եթերը «փակ» է սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, ադրբեջանական անօրինականությունների մասին ՄԻՊ հայտարությունների համար․ Թաթոյան

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի եթերը «փակ» է սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, ադրբեջանական անօրինականությունների մասին ՄԻՊ հայտարությունների համար․ Թաթոյան

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է ուղարկել Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերություն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության գործունեության լուսաբանումը «Լուրեր» թողարկմամբ արգելափակելու և մարդու իրավունքները, օրենսդրությունն ու միջազգային պահանջները խախտող քաղաքականության, պետության պարտավորությունները չկատարելու վերաբերյալ պարզաբանումների պահանջով։ «2021թ. դեկտեմբերի 28-ի ծավալուն հայտարարությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել էր շուրջ 5 ամիսների նպատակային մշտադիտարկման արդյունքները՝ շեշտելով, որ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, իր «Լուրեր» թողարկումներում շարունակում է առավելագույն անտեսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումները երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, գործում է Պաշտպանի գործունեության եթեր հեռարձակելն առավելագույնը բացառելու սկզբունքով։ (https://ombuds.am/am/site/ViewNews/2067): Այս հայտարարությունից հետո վիճակը նույնն է ու նույնիսկ ավելի է վատացել: Խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ հայտարարություններ, վերլուծություններ, զեկույցներ ու հանրային իրազեկման աշխատանքները հանրությանը հասանելի չդարձնելուն, մարդկանց իրենց իրավունքներին վերաբերող հարցերը, խնդիրների լուծման առաջարկները հանրությունից թաքցնելուն՝ սկսած վիրավորանքի ու ատելության դեմ պայքարից, կանանց ու երեխաների, բանտերում ու հոգեբուժարաններում մարդկանց իրավունքներից մինչև սահմանային բնակիչների անվտանգություն: Հատկապես «փակ» է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման եթերն այն հայտարարությունների համար, որոնք վերաբերում են սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը, ադրբեջանական անօրինականություններին ու նրանց հեռացնելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներին: Սրանով, ոչ միայն չի խթանվում ճիշտ հանրային դիսկուրս և քաղաքացիների վերահսկողությունը պետության նկատմամբ, այլ նաև Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում մարդկանց չի ներկայացվում, թե մարդու իրավունքների տեսանկյունից ադրբեջանական զինված ծառայողներին ինչ եղանակներ կան հեռացնելու ՀՀ գյուղերի մոտից ու ճանապարհներից: Չի զարգացվում քննարկում այն մասին, որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը իրար լրացնող երևույթներ են: Սրան էլ ավելանում է այն, որ քիչ չեն հարցերը, որոնք Սահմանադրության և օրենքների ուժով գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի բացառիկ իրազեկման տիրույթում . այսինքն` որևէ այլ աղբյուրից այդ տվյալները ստանալ հնարավոր չէ: Արդեն տևական ժամանակ լուսաբանման անտեսումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանքներ տանել նաև համակարգային խնդիրների լուծման հարցերում: Այսինքն՝ ակնհայտ է, որ այս կերպ խոչընդոտվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելությունը: Այս քաղաքականությամբ խախտվում են «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ԵԽԽՎ, ԵԽ նախարարների կոմիտեի, ԵԱՀԿ-ի և մի շարք այլ միջազգային պահանջներ: Ոտնահարվում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու, խոսքի ազատության և մի շարք այլ սահմանադրական դրույթներ: Անտեսվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լուսաբանումն ու բարձր հանրային հասանելիությունը երկրի ժողովրդավարության կարևոր ցուցիչ է և ընկած է հաստատության միջազգային ակրեդիտացիայի հիմքում: Այսինքն՝ խոսքը ինստիտուցիոնալ վերաբերմունքի մասին է: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մանրամասն հարցեր են առաջադրվել յուրաքանչյուր իրավասու մարմնի իր իրավասությունների մասով։ Հանրային հեռարձակողի խորհրդին ուղղված գրությամբ հատուկ շեշտվել է, որ բարձրացված մտահոգությունները հիմնավոր կերպով չփարատելու դեպքում Պաշտպանի մշտադիտարկման արդյունքների հաշվառմամբ՝ ստեղծված ու շարունակվող մտահոգիչ իրավիճակն ընկալվելու է որպես Հանրային հեռարձակողի խորհրդի և Հ1-ի համաձայնեցված քաղաքականության արդյունք: Առկա օբյեկտիվ գործոններն արդեն իսկ ստեղծում են նման հիմնավոր ենթադրություն: Ստացվում է` «դաս» է տրվում Մարդու իրավունքների պաշտպանության միակ ազգային սահմանադրական մարմնին առ այն, որ հաստատության նկատմամբ քաղաքական կամ Կառավարության վերաբերմունքը փոխվելու դեպքում փոխվելու է նաև Կառավարության կողմից հիմնադրված հեռուստաընկերության վերաբերմունքը՝ լուսաբանումները դադարեցնելու առումով և օրենսդրությունը ոտնահարելու հաշվին: Մինչդեռ, հաշվի չի առնվում նաև, որ մարդու իրավունքների խնդիրները օբյեկտիվ լուսաբանելը, հանրային դիսկուրսը, այդ թվում՝ քննադատական տեղեկություններով խթանելը պետության պոզիտիվ պարտավորություն է, որ այս դեպքում պարտավոր են ապահովել Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային հեռարձակողի խորհուրդը»:
11:15 - 13 հունվարի, 2022
ՀՌՀ նախագահն առաջարկում է հեռուստաընկերությունների համար «Գովազդի մասին» օրենքի կիրառումը հետաձգել 1-2 տարով |armenpress.am|

ՀՌՀ նախագահն առաջարկում է հեռուստաընկերությունների համար «Գովազդի մասին» օրենքի կիրառումը հետաձգել 1-2 տարով |armenpress.am|

armenpress.am: «Գովազդի մասին» օրենքի կտրուկ փոխելը բացասաբար կազդի հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների գործունեության, եկամուտների վրա և բովանդակության որակի վրա։ «Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ այս մասին ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ «Կորոնավիրուսի բռնկումից և Արցախյան պատերազմից հետո հեռուստառադիոգովազդային շուկան գրեթե փլուզվեց, և մեր հանձնաժողովի վերլուծությունները ցույց են տալիս, որ շահումով խաղերի գովազդի եկամտի տեսակարար կշիռը 7 տոկոսից աճել է 12-15 տոկոս։  Որոշ հեռուստառադիոընկերություններում շահումով խաղերի գովազդներից ստացած եկամուտները կազմում են մինչև 15 տոկոս։Այստեղ երկու հանգամանք կա՝ մենք խոսում ենք միայն հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների մասին, որոնք 2020 թվականին ընդունված օրենքով կատարում են որոշ գործառույթներ, որոնք բարձրացնում են հաղորդումների պատրաստման ինքնարժեքը և հավելյալ ֆինանսական ծախսեր են պահանջում։ Երկրորդ, երբ անցած տարի մրցույթը կայացավ, այն բոլոր մասնակիցները, որոնք մասնակցում էին սլոթերի համար մրցույթին, տվել էին զարգացման 7 տարվա ծրագիր, և բնական է, որ իրենց բյուջեներում հաշվարկել են բոլոր այն եկամուտները, որոնք պետք է ստանան նաև շահումով խաղերի գովազդից»,-ասաց նա։ Ըստ ՀՌՀ նախագահի՝ հանրային մուլտիպլեքսում գործող բոլոր հեռուստաընկերությունները և հաճախություններ օգտագործող ռադիոընկերությունները բավական մեծ ծախսեր ունեն՝ համեմատած ինտերնետ հեռարձակողների կամ կայքերի հետ․ ազդանշան տարածելու բավականին մեծ ծախսեր, հարկեր և այլն։ «Այդ պարագայում, երբ հանրային մուլտիպլեքսի էությունն այն է, որ նրանք կարողանան փող գեներացնել և պատրաստել հանրօգուտ հաղորդումներ, հիմա այդպիսի սահմանափակում մտցնելը, ես կարծում եմ, շատ չմտածված քայլ է»,-ասաց նա։ Հակոբյանը նշեց, որ գովազդի մասին օրենքը արմատական փոփոխության կարիք ունի, այն հետ է ընկել այսօրվա տեխնիկական ամբողջ միջավայրից։ «Մեր առաջարկն է, որ հաշվի առնելով այս մի քանի հանգամանքն ու տասնյակ այլ գործոններ, հանրային մուլտիպլեքսում գործող ընկերությունների համար այս օրենքի կիրառումը հետաձգել ինչ-որ ժամանակով՝ մեկ կամ երկու տարով, որ կարողանան պատրաստվել, հայթայթել եկամուտների նոր աղբյուրներ»,- եզրափակեց Հակոբյանը։
16:09 - 09 նոյեմբերի, 2021