Թագուհի Թովմասյան

ՀՀ 8-րդ գումարման ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 

ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ Խմբակցությունից դուրս է եկել 2020թ․ նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության հրապարակումից հետո։

Գիդ-թարգմանիչ (անգլերեն), լրագրող, քաղաքագետ։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Թագուհի Թովմասյանը Մարինա Կալյուրանդի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանում անվտանգային իրադրության սրման ու դրա հետևանքների մասին

Թագուհի Թովմասյանը Մարինա Կալյուրանդի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանում անվտանգային իրադրության սրման ու դրա հետևանքների մասին

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդի հետ։ Թագուհի Թովմասյանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Թովմասյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է խաղաղության ձգտող Հայաստանին շարունակ պատուհասող սպառնալիքները:  Նա նշել է, որ ՀՀ սուվերեն տարածքը փոքրանում է 2020թ. Արցախյան պատերազմից հետո, սակայն միջազգային հանրությունը միայն մտահոգված հայտարարություններ է անում, որոնցով Հայաստանին և նրա քաղաքացիներին չեն օգնում: Թովմասյանն ընդգծել է, որ Արցախն արդեն 138 օր է՝ լիակատար շրջափակված է, և չնայած Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին՝ ճանապարհը մնում է փակ: ՀՀ ԱԺ պատգամավորը հանդիպման ընթացքում խոսել է Հայաստանում անվտանգային իրադրության սրման ու դրա հետևանքների մասին՝  ի թիվս այլնի հիշատակելով Սոթքի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցները, որոնց հետևանքով Սոթքի 800 աշխատակիցներ 1 շաբաթից ավել հարկադիր պարապուրդի մեջ են։ Մարինա Կալյուրանդը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, որոնցով խաղաղության գործընթացը վտանգվում է:
12:51 - 01 մայիսի, 2023
Նիկոլ Փաշինյանի ամեն սուտն ստանալու է համարժեք պատասխան․ Թագուհի Թովմասյան |aysor.am|

Նիկոլ Փաշինյանի ամեն սուտն ստանալու է համարժեք պատասխան․ Թագուհի Թովմասյան |aysor.am|

aysor.am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հրատապ ասուլիս է հրավիրել՝ անդրադառնալու խորհրդարանում  երեկ տեղի ունեցած միջադեպին  ու ներկայացնելու իրենց հետագա քայլերը։  Խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանում իր քաղաքական ակցիային ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքը խայտառակ որակեց։ Հիշեցնենք՝ Սիմոնյանը Թովմասյանի ելույթի ժամանակ անվտանգության աշխատակիցներին կանչեց ԱԺ նիստերի դահլիճ, որտեղ էլ քաշքշոց սկսվեց։ «Ես ուզում եմ հայտարարել, որ մեզ դահլիճից դուրս հրավիրելու՝ ԱԺ նախագահի հրամանը միանգամայն ապօրինի էր, երկրորդը՝ ԱԺ նախագահի հրամանը կատարողներն իրավունք չունեին որևէ կերպ խոչընդոտելու պատգամավորի աշխատանքին, որովհետև ԱԺ շենքի անվտանգության կանոնների պահպանման բոլոր կետերով նախատեսված է, որ նրանք պետք է չեզոքացնեն վտանգը, իսկ իմ ակցիան, որին հետո միացան իմ գործընկերները, որևէ մեկի անվտանգությանը չէր սպառնում։ Մենք բախվել ենք շատ կոշտ ապօրինության, և այդ ապօրինությունը պետք է ունենա հետևանքներ»,- այս առնչությամբ ասաց Թագուհի Թովմասյանը։ Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ քայլեր է ձեռնարկում, որով ակնկալում է, որ ապօրինություն կատարածները պատասխանատվության ենթարկվեն։ «Հիմա աշխատում եմ դիմումի տեքստի վրա, այն ուղարկելու եմ բոլոր ուժային կառույցներին՝ պահանջով, որ քրեական պատասխաատվություն կրեն բոլոր այն մարդիկ, ովքեր թույլ են տվել ապօրինություններ։ Մենք չենք կարող պարզապես հանդուրժել, որ ՔՊ խմբակցությունը, որն ԱԺ փորձում է դարձնել իրենց սեփական օբյեկտը, անընդհատ անի այն, ինչ ցանկանում է։ Չի լինելու այդպես»,- ասաց Թագուհի Թովմասյանը։ Նա նաև հայտարարեց՝ այսուհետև Նիկոլ Փաշինյանի ցանկացած սուտ արժանանալու է համարժեք արձագանքի։   «Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի ԱԺ ամբիոնից սուտ խոսել, ամեն անգամ սուտն ստանալու է համարժեք պատասխան։ Մենք այլևս չենք թողնելու՝ նա ստեր հնչեցնի ամբիոնից։ Եթե նրանք չեն հարգում ԱԺ ամբիոնը, մենք այդ ամբիոնի արժեքը լավ էլ գիտենք, հասկանում ենք խոսքի արժեքը և թույլ չենք տալու, որ վարչապետ կոչվածը գա և սկսի ստել»,- ասաց Թովմասյանը։
10:46 - 21 ապրիլի, 2023
Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց |armenpress.am|

Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց: ԱԺ ամբիոնից իր ելույթում Աղազարյանը հիշեցրեց՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հայտնի նիստից հետո, որում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել, ինքը հայտնել էր, որ նախաձեռնելու է Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց: «Եվ հետո ես նախաձեռնել եմ: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում այդ հարցը խմբակցությունում կդառնա քննարկման առարկա: Եվ Թագուհի Թովմասյանը, ամենայն հավանականությամբ, տեղյակ լինելով այդ մասին, սարքեց այս «շոուն», -ասաց Աղազարյանը: ԱԺ-ում ապրիլի 20-ին «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ամբիոնից իր ելույթի վերջում հայտարարեց, որ իրականացնում է քաղաքական ակցիա, ի նշան բողոքի չի հեռանալու ԱԺ ամբիոնից: ԱԺ նախագահը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին:
18:07 - 20 ապրիլի, 2023
Թագուհի Թովմասյանը չէր հեռանում ԱԺ ամբիոնից, Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին

Թագուհի Թովմասյանը չէր հեռանում ԱԺ ամբիոնից, Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին

Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում և ԱԺ ամբիոնից չի իջնի։ «Առաջնագիծ դարձած իմ հայրենիքում՝ Վարդենիսի շրջանում՝ Սոթքի հանքավայրում, 5 օր է՝ կրակոցներ են հնչում, 800 աշխատակիցներ, արդեն 6 օր է՝ չեն գնում աշխատանքի, որովհետև չկա անվտանգության տարրական պայմանների պահպանման նույնիստ ձևական միջոցներ, ստացվում է՝ չեք կարողանում պահպանել իմ հայրենակիցների անվտանգությունը։ Ես չեմ կարող առանց էմոցիաների քննարկել բյուջեի կատարողականը, ասես ոչինչ չի եղել»,- ասաց Թովմասյանը։ Նա հայտրարարեց, որ բողոքի ակցիա է իրականացնելու և ի նշան բողոքի՝ չի իջնի ԱԺ ամբիոնից․ «Թույլ չեմ տալու երկրի թիվ 1 ամբիոնից ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, որ հեռացնեն Թովմասյանին ամբիոնի մոտից։ Սիմոնյանի հրահանգով ԱԺ ուղիղ եթերն ընդհատվեց։ Ապա Թովմասյանը տեսանյութ հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում։ Այս պահին ԱԺ նիստը վերսկսվել է․ սկզբում Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ակցիային մասնակցած պատգամավորները նկատողություն են ստանում։ Սիմոնյանի խոսքով նրանք զրկվում են այսօր նիստերին մասնակցելու հնարավորությունից։ Նշենք՝ մի քանի պատգամավոր միացել էր Թագուհի Թովմասյանի հայտարարած ակցիային։ Մինչև օրվա ավարտը նիստերին մասնակցելու հնարավորությունից զրկվեցին Թագուհի Թովմասյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը։ Ավելի վաղ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը հայտնել էր, որ կրակոցների պատճառով Սոթքի հանքավայրի գործունեությունը դադարեցված է անժամկետ։
16:13 - 20 ապրիլի, 2023
Եթե Փաշինյանն ինձ նկատի ունենար, կհնչեցներ իմ անունը. Թագուհի Թովմասյանը՝ գաղտնի ձայնագրության մասին |aysor.am|

Եթե Փաշինյանն ինձ նկատի ունենար, կհնչեցներ իմ անունը. Թագուհի Թովմասյանը՝ գաղտնի ձայնագրության մասին |aysor.am|

aysor.am: Երեկ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 2021 թվականին Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված ձայնագրությանը՝ հարցադրումով. «Կարո՞ղ է այդ մարդը մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ ուրիշ խմբակցության անդամ է։ Եկել է, հեղափոխական թիմի նիստը ձայնագրել է, տարել, տվել է Սերժ Սարգսյանին»։ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իրեն նկատի ուներ Փաշինյանը, և ինչպե՞ս է մեկնաբանում այս հայտարարությունը։ «Նիկոլ Փաշինյանը, եթե ինձ նկատի ունենար, կհնչեցներ իմ անունը։ Եթե իմ անունը չի հնչեցրել, ես որևէ մեկնաբանություն չունեմ։ Ես գաղտնի ձայնագրելու սովորություն չունեմ, իմ ամբողջ կյանքի ընթացքում երբեք այդպիսի բան չեմ արել, ի տարբերություն այսօրվա գաղտնի ձայնագրությունների վրա հիմնված իշխանության գործելակերպի։ Դա իրենց ձեռագիրն է ու տարիների ավանդույթը»,- aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը։ Հիշեցնենք, որ 2021թ․ հունիսի 9-ին Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հրապարակել է ձայնագրություն Նիկոլ Փաշինյանի մասին, որտեղ վերջինս խոսում է ղարաբաղյան բանակցություններից, նշում, որ 2018 թվականի մայիսին Սոչիում իրեն են մոտեցել Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն, ասել, որ ինքն ունի ժողովրդական մեծ վստահություն, ու դա պատմական շանս է Ղարաբաղի հարցը լուծելու համար, և կրկին առաջարկել են Լավրովյան պլանը, իսկ Փաշինյանը նշել է, թե առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման դա ընդհանրապես քննարկելու թեմա չէ։ Ապա Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասում է․ «Ինձ համար պարզ էր, էդտեղ իմ խնդիրը հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում է լինի, պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել, ուրիշ տեղ հայտնվել։ Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, մի քիչ գժի տեղ դնելով, կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, բայց դա կլինի, պետք է այդ կոնվեյերի վրայից դուրս պրծնել»։
15:33 - 19 ապրիլի, 2023
19 երեխաներին Արցախի ճանապարհին ահաբեկելու դեպքով ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը նամակներ է ուղարկել ՄԱԿ

19 երեխաներին Արցախի ճանապարհին ահաբեկելու դեպքով ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը նամակներ է ուղարկել ՄԱԿ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․ «Խորհրդարանում հյուրընկալեցի Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի պատվիրակությանը։ Տիկին Վայգանդին կրկին ներկայացրի Հայաստանից Արցախ տեղափոխված 19 հայ երեխաների նկատմամբ Ադրբեջանի գործադրած էմոցիոնալ և հոգեբանական բռնությունը, որը պետք է ենթակա լինի միջազգային կառույցների թիրախային գնահատականին և դատապարտմանը։ Քննարկմանը բարձրաձայնեցի նաև այն ահազանգերը, որ ոստիկանության Երևան քաղաքի Էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել անչափահաս ուսանողների, ծեծի ենթարկել և խոշտանգել նրանց։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն իր խոսքում նշեց, որ տեղյակ է 19 հայ երեխաներին Արցախ տեղափոխող ավտոբուս ադրբեջանցիների ներխուժման միջադեպի մասին, իմ նամակներն ուղարկել է ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բավականին ակտիվորեն ներգրավված է երեխայի պաշտպանության ոլորտը կարգավորող մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնությունների մշակման աշխատանքներում։ Անթույլատրելի և խիստ մտահոգիչ համարելով անչափահասների նկատմամբ բռնության միջադեպերը՝ տիկին Վայգանդը հույս հայտնեց, որ առաջիկա օրենսդրական փոփոխությունները, որոնց շուրջ իրենք արդեն շահագրգիռ քննարկումներ են իրականացնում, կնպաստեն բռնության կանխարգելման ուղղությամբ առաջընթացի ապահովմանը։ Հանդիպմանն ընդգծեցինք մեր պատրաստակամությունը՝ խորացնել համագործակցությունը՝ ի շահ երեխաների իրավունքների պաշտպանության»։
09:39 - 12 ապրիլի, 2023
Իմ դիմումը ՀՀ գլխավոր դատախազին վերջապես ուղարկվեց. Թագուհի Թովմասյան

Իմ դիմումը ՀՀ գլխավոր դատախազին վերջապես ուղարկվեց. Թագուհի Թովմասյան

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստը պատմական խայտառակություն էր, որի մասով իմ դիմումը ՀՀ գլխավոր դատախազին վերջապես ուղարկվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Հիշեցնենք, որ երեկ Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ իր՝ գլխավոր դատախազին ուղղված դիմումը, որտեղ 7 էջ շարադրված է, թե «ինչ ենթադրյալ հանցանքներ է թույլ տվել ՔՊ-ի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 4-ին կայացած հանձնաժողովի նիստում, չի գնացել»․ «Աշխատակազմից ասում են՝ մենք չգիտեինք, որ մինչև հիմա հանձնաժողովի նախագահը բլանկ չունի: Մենք պետք է հանձնաժողովի բլանկ սարքենք, դրանով ուղարկեք, որովհետեւ եթե հանձնաժողովի բլանկով եք ուղարկում, պետք է հանձնաժողովի բոլոր անդամները քվեարկեն: Այսինքն ես հիմա պետք է սա ուղարկեմ ՔՊ-ին, ասեմ՝ ՔՊ-ի պատգամավորները կողմ քվեարկեն, որ Արթուր Հովհաննիսյանին պատժեն: Տաֆտալոգիա է»։ Ավելի վաղ պատգամավորը հայտնել էր, որ ընդդիմադիրները գրություն են ուղարկելու դատախազինԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու համար։ «Իհարկե ԱԺ-ը փորձեց խոչընդոտել գլխավոր դատախազին ուղղված իմ գրության ուղարկմանը, բայց դիմումն արդեն Աննա Վարդապետյանին հասել է։ Բայց դրանից՝ այդ օրը տեղի ունեցավ մեկ այլ քաղաքական պլանի ձախողում, որի մասին տեսանյութ եմ պատրաստել։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածուին թույլ չտրվեց ներկայացնել իր ծրագրային ելույթը։ Երբ նա նախադասություն էր ձևակերպում, իշխանական պատգամավորներն անմիջապես բղավում էին 15-20 հոգով, որոնք մեր հանձնաժողովի անդամներ չէին, վիրավորում՝ ծաղրածու, խեղկատակ, արա լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ և այլ՝ պատգամավորին ոչ հարիր բառեր արտաբերելով։ Այդ օրը իշխանական 4 պատգամավորներ ինձ ակնարկեցին, առաջարկեցին և սպառնացին, որ իմ հետագա պաշտոնավարման հարցը պետք է բարձրացնեն, քանի որ ինձ պաշտոնազրկելու քաղաքական որոշմամբ էին եկել այդ նիստին»,- գրել է Թովմասյանը և մեջբերել իր հասցեին հնչած սպառնալիքները. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյան - Մենք ձեզ ընտրել ենք հանձնաժողովի նախագահ, այստեղ հավաքվածներն են մեր խմբակցության պատգամավորները․․ եթե նիստը չվարեք այնպես, ինչպես հարկն է, մենք հանգիստ կարող ենք ձեր անվստահության հարցը բարձրացնել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան - Դուք չեք կարողանում իրացնել հանձնաժողովի նախագահի ձեր պարտականությունները․․․ Նախորդիվ էլ կար հանձնաժողովի նախագահ, ով փորձեց անվանարկել ժողովրդին, և ըստ էության երբ դուք չեք զսպում թեկնածուին, նշանակում է՝ կիսում եք պատասխանատվությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյան - կարող եմ առաջարկել նաև, որ կոնսենսուսային քվեարկություն լինի, և դուք էլ քվեարկեք կողմ տիկին Մանասյանին։ Տվյալ պարագայում ճանապարհ կհարթեք և ձեր հետագա գործունեության համար․․․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյան - Ձեզանից առաջ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին անվանում է ժեխ, և Ձեր գլխավորած նիստին և մեր մասնակցությամբ նիստին թեկնածուներից մեկը մեր ժողովրդին՝ 100000-ավոր ՀՀ քաղաքացիների և հայերի անվանում ադրբեջանա-թուրքական, ես կարծում եմ՝ ձեր կողմից հստակ գնահատականներ պետք է հնչեն՝ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, այս արտահայտությունը անթույլատրելի է և դատապարտելի»: Թագուհի Թովմասյանը նշում է, որ ինքը նիստի ընթացքում 4-5 անգամ ներողություն է խնդրել հնչած բոլոր վիրավորանքների և անթույլատրելի բառերի համար, և իշխանական պատգամավորների սցենարը չիրականացավ. «ՆՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ ՀԻՄՔ՝ ընդհանրապես խոսելու իմ հրաժարականի մասին։Ընդհակառակը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է օրենքով կրի իր բաժին պատիժը, քանի որ նա իր պահվածքով և գործունեությամբ խախտեց ՀՀ օրենսդրությունը։ Այդ օրը Արթուր Հովհաննիսյանի կողմից խախտվեց ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը՝ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք (…), «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի շատ կետեր․ մասնավորապես՝ դրսևորել պատգամավորին հարիր վարքագիծ, պահպանել ԱԺ հանձնաժողովի նիստերի անցկացման կարգը, ՀԱՐԳԱԼԻՑ վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Վնաս հասցվեցին նաև ՀՀ քրեական օրենսգրքով պաշտպանվող իրավահարաբերություններին, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով սահմանված, երբ հնչեց մարդու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ պայմանավորված ՄԻՊ թեկնածուի հայացքներով՝ (...) լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ և այլն, ոտնահարվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածով պաշտպանող անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները՝ օգտագործելով իշխանական լիազորությունները, և վերջապես ակնհայտ դրսևորվեց նույն օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանություն։ Ահա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասցեագրված գրության հիմնավորումներից մի հատված»։ Հիշեցնենք՝ ապրիլի 4-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ-ին ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցը։ Ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն էր, իսկ ՔՊ առաջադրած թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։ Էդգար Ղազարյանն իր ելույթի ժամանակ քննադատում էր իշխանությանը՝ նրանց անվանելով «հանցավոր ռեժիմ», «խուլիգանական խմբակ», ինչի հետևանքով նիստին ներկա ՔՊ պատգամավորները աղմուկ էին բարձրացնում ու կոչ անում Թագուհի Թովմասյանին թույլ չտալու նման արտահայտություններ անել։ Վերջինս միայն իշխանական պատգամավորների խոսքերից հետո, Ղազարյանին դիմելով, կոչ էր անում որակավորումներ չտալու։ Ղազարյանի եզարափակիչ ելույթի ժամանակ ՔՊ պատգամավորները դուրս եկան նիստերի սենյակից ու վերադարձան ելույթների ժամանակ։ Այնուհետև ՔՊ-ն առաջադրեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում առաջարկելու համար, ինչը դրական եզրակացություն ստացավ։ Էդգար Ղազարյանի թեկնածության կողմ քվեարկեց միայն Թագուհի Թովմասյանը։ Ընդդիմադիր այլ պատգամավոր նիստին ներկա չէր։ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ի պատասխան իր ու իր ելույթի մասին Թագուհի Թովմասյանի խոսքերի, ապրիլի 5-ին հայտարարել է, որ «հանձնաժողովի ընդդիմադիր նախագահը ծրագրված չի ապահովել նիստի բնականոն ընթացքը, իր գործողություններով հնարավորություն է ստեղծել վիրավորել հայ ժողովրդին ու ծաղրել մարդու իրավունքները։ Ինքս՝ որպես հանձնաժողովական, շարունակելու եմ ուշիուշով հետևել և կարգի հրավիրել առաջին հերթին հանձնաժողովի նախագահին և նաև այլոց, ովքեր կփորձեն ապալեգիտիմացնել ԱԺ-ն կամ, առավել ևս, վիրավորել մեր ժողովրդին»։
10:27 - 08 ապրիլի, 2023
Թագուհի Թովմասյան հայտնում է, որ իր դիմումը չի փոխանցվել Գլխավոր դատախազին |news.am|

Թագուհի Թովմասյան հայտնում է, որ իր դիմումը չի փոխանցվել Գլխավոր դատախազին |news.am|

news.am: Տեղի է ունեցել աննախադեպ բան. խայտառակություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: «Ես 1 տարի 7 ամիս է հանձնաժողովի նախագահ եմ եւ մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցերով օրական միջին 3-4 գրություն ուղարկում եմ պետական կառույցներին: Ապրիլի 5-ին գլխավոր դատախազին ուղարկել եմ մի գրություն Սպարտակ անունով մի քաղաքացու մասին, որին այսօր գլխավոր դատախազը շատ օպերատիվ պատասխանել է: Նույն ձեւով գրել եմ նաեւ երեկ եւ մուտքագրել ենք ընդհանուր բաժին գլխավոր դատախազին ուղղված դիմումը, որտեղ 7 էջ շարադրված է, թե ինչ ենթադրյալ հանցանքներ է թույլ տվել ՔՊ-ի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 4-ին կայացած մեր հանձնաժողովի նիստում: Այսօր գալիս եմ, պարզում եմ, որ նամակը չի գնացել: Աշխատակազմից ասում են՝ մենք չգիտեինք, որ մինչեւ հիմա հանձնաժողովի նախագահը բլանկ չունի: Մենք պետք է հանձնաժողովի բլանկ սարքենք, դրանով ուղարկեք, որովհետեւ եթե հանձնաժողովի բլանկով եք ուղարկում, պետք է հանձնաժողովի բոլոր անդամները քվեարկեն: Այսինքն ես հիմա պետք է սա ուղարկեմ ՔՊ-ին, ասեմ՝ ՔՊ-ի պատգամավորները կողմ քվեարկեն, որ Արթուր Հովհաննիսյանին պատժեն: Տաֆտալոգիա է»,-ասաց նա: Թովմասյանը նկատեց, որ ինքը կարող է այս նամակն ուղարկել որպես պատգամավոր, բայց ինքը գրել է որպես հանձնաժողովի նախագահ, քանի որ իր լիազորությունները որպես նախագահ չի կարողացել իրացնել. «Ես չեմ կարողացել նիստը այնպես վարել, որ վիրավորանք չհնչի: Ես ներկայացրել եմ մի շարք հանցագործություններ եւ օրինախախտումներ, այդ թվում պատգամավորի էթիկայի վարքականոնի խախտումը: Ես այս քաշքշուկը համարում եմ քաղաքական հրահանգ, եւ սա խայտառակություն է ինստիտուցիոնալ առւմով, որովհետեւ ԱԺ-ն խորհրդարանական երկրում անկախ մարմին է, երկրորդ, ԱԺ աշխտակազմն ապաքաղաքական մարմին է, նրանք չպետք է մտնեն բովանդակության մեջ ու ասեն՝ վայ, սա Արթուր Հովհաննիսյանին է առնչվում, տեսնենք ինչ խնդիր կարանք սարքենք, որ չգնա դիմումը: Այսինքն ինստիտուցիոնալ առումով մեր երկիրը գահավիժում է: Բա եթե այս խնդիրը կար, 1,5 տարի ես դատախազին ուղարկում եմ գրություններ, բա ինչի՞ չէիք ասում՝ հանձնաժողովի նխագահի բլանկով չի: Սա նշանակում է, որ ՔՊ խմբակցությունն ուղղակի աշխատակազմին վերահսկում է, ինչը չի կարելի»,-ասաց Թագուհի Թովմասյանը: Հանձնաժողովի նախագահը մանրամասնեց, որ այդ 7 էջում ենթադրյալ հանցագործության մասին բոլոր հղումներն են, թե քանի օրենք է խախտվել, ինչպիսի արտահայտություններ են թույլ տվել, որոնք պարունակում են սպառնալիք:
16:04 - 07 ապրիլի, 2023
Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը հյուրընկալվել է «Պատիվ ունեմ» խմբակցությունում

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը հյուրընկալվել է «Պատիվ ունեմ» խմբակցությունում

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ապրիլի 6-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ: ԱԺ հաղորդագրության համաձայն՝ Հայկ Մամիջանյանը, ողջունելով դեսպանին, կարեւորել է հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում: «Խմբակցության ղեկավարն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված հումանիտար եւ անվտանգային խնդիրներին: Նշվել է, որ ադրբեջանական սադրանքներն ապացուցում են` Արցախը երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու հարցում հայ խորհրդարանականները կարեւորել են միջազգային գործընկերների դերակատարությունը: Խոսելով արցախահայերի անվտանգային խնդիրների մասին` խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է նմանատիպ հանդիպումներն ընդդիմադիր գործընկերների հետ, որոնց ընթացքում հնարավորություն է լինում տեղեկանալու ներքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ նրանց տեսակետներին: Հանդիպմանն անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ:
09:38 - 07 ապրիլի, 2023
Թագուհի Թովմասյանն արտահերթ գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին

Թագուհի Թովմասյանն արտահերթ գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին

Հնչեցրե՛ք հրապարակային գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործության վերաբերյալ, կիրառե՛ք միջնորդական ջանքեր՝ Արցախը Հայաստանին եւ ամբողջ աշխարհին կապող ճանապարհի ապաշրջափակման ուղղությամբ. Թագուհի Թովմասյանն արտահերթ գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգել է, որ մի քանի ամիս ընտանիքներից բաժանված 27 հայ քաղաքացիական անձ, այդ թվում՝ տարեցներ, երեխաներ եւ հաշմանդամություն ունեցող անձինք, ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ եւ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ գրունտային էքստրեմալ ճանապարհով ապրիլի 4-ին Գորիս քաղաքից ուղեւորվել են դեպի Ստեփանակերտ: Չնայած նախնական պայմանավորվածությանը՝ «էկոակտիվիստ» ձեւացող ադրբեջանական կառավարական գործակալներն արգելել են քաղաքացիական անձանց տեղափոխությունը: Ադրբեջանցիները նույնիսկ ներխուժել են մեքենաներից մեկը, որի հետեւանքով քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ն ուշաթափվել են: Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Մյուս քաղաքացիական անձինք՝ 23 հոգի, վերադարձել են Գորիս: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն, օգտագործում են բոլոր անթույլատրելի եւ հանցավոր միջոցները՝ գործադրելու էմոցիոնալ եւ հոգեբանական բռնություն արցախահայության նկատմամբ: Նպատակ են հետապնդում ամեն կերպ հայաթափել Արցախը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Թագուհի Թովմասյանն արտահերթ գրություններով միջազգային բոլոր գործընկերներից պահանջել Է հրատապ արձագանք եւ հասցեական գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործությանը: Միաժամանակ խնդրել է կրկին գործադրել միջնորդական ջանքեր՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացման ուղղությամբ:
12:37 - 06 ապրիլի, 2023
Այս պատմության մեջ առանցքային դերակատարը ծաղրածու Էդգար Ղազարյանը չէր, այլ նրա տիկնիկավարը՝ Թագուհի Թովմասյանը․ Արթուր Հովհաննիսյան

Այս պատմության մեջ առանցքային դերակատարը ծաղրածու Էդգար Ղազարյանը չէր, այլ նրա տիկնիկավարը՝ Թագուհի Թովմասյանը․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Հովհաննիսյանը անդրադարձել է երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցած միջադեպին  «Երեկ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցածը խորհրդարանական ընդդիմության հերթական փորձն էր՝ ապալեգիտիմացնել ժողովրդավարական ճանապարհով ձևավորված Ազգային ժողովը՝ ՀՀ ՄԻՊ պաշտոնում առաջադրելով և հանձնաժողովի նիստին գործուղելով մի շարքային խեղկատակի։ Ընդդիմության ներկայացրած թեկնածուի որպիսության մասին պատկերացում կազմելու համար բավական է միայն այն փաստը, որ ընդդիմության ոչ մի պատգամավոր, անգամ հանձնաժողովի մշտական անդամները, չէին ներկայացել իրենց իսկ կողմից առաջադրված թեկնածուի հարցի քննարկմանը։ Կարևոր է արձանագրել, որ այս պատմության մեջ առանցքային դերակատարը ամենևին ծաղրածու Էդգար Ղազարյանը չէր, այլ նրա տիկնիկավարը՝ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ով, փաստորեն, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միակ «բացառիկ» պատգամավորներից է, որ ստանձնեց ԱԺ-ն ապալեգիտիմացնելու ու հայ ժողովրդին վիրավորելու՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հերթական պատվերն իրականացնելու կեղտոտ գործը։ Ինչպես ասվել է՝ երբ ես մտածում էի, որ հասել եմ հատակին, ներքևից ինչ-որ մեկը թակեց։ Արդյունքում ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ապալեգիտիմացրեց ինքն իրեն՝ ի ցույց դնելով նախ իր անտեղյակությունը շարքային ընթացակարգային հարցերի շուրջ և, ինչն ամենաառանցքայինն է, ծրագրված կերպով հնարավորություն տվեց, և հետո էլ որևէ կերպ չխոչընդոտեց ու չսաստեց դուրսպրծուկ թեկնածուի կողմից հայ ժողովրդին «ադրբեջանաթուրքական» անվանելը։ Տիկինը նաև միակ մարդն է, ով կողմ է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը ստանձնի մի շարքային խեղկատակ։ Այսպիսով, որպես ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պետք է արձանագրեմ, որ հանձնաժողովի ընդդիմադիր նախագահը ծրագրված չի ապահովել նիստի բնականոն ընթացքը, իր գործողություններով հնարավորություն է ստեղծել վիրավորել հայ ժողովրդին ու ծաղրել մարդու իրավունքները։ Ինքս՝ որպես հանձնաժողովական, շարունակելու եմ ուշիուշով հետևել և կարգի հրավիրել առաջին հերթին հանձնաժողովի նախագահին և նաև այլոց, ովքեր կփորձեն ապալեգիտիմացնել ԱԺ-ն կամ, առավել ևս, վիրավորել մեր ժողովրդին» ։  Հիշեցնենք՝ երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ-ին ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցը։ Ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն էր, իսկ ՔՊ առաջադրած թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։ Էդգար Ղազարյանն իր ելույթի ժամանակ քննադատում էր իշխանությանը՝ նրանց անվանելով «հանցավոր ռեժիմ», «խուլիգանական խմբակ», ինչի հետևանքով նիստին ներկա ՔՊ պատգամավորները աղմուկ էին բարձրացնում ու կոչ անում Թագուհի Թովմասյանին թույլ չտալու նման արտահայտություններ անել։ Վերջինս միայն իշխանական պատգամավորների խոսքերից հետո, Ղազարյանին դիմելով, կոչ էր անում որակավորումներ չտալու։ Ղազարյանի եզարափակիչ ելույթի ժամանակ ՔՊ պատգամավորները դուրս եկան նիստերի սենյակից ու վերադարձան ելույթների ժամանակ։ Այնուհետև ՔՊ-ն առաջադրեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում առաջարկելու համար, ինչը դրական եզրակացություն ստացավ։ Էդգար Ղազարյանի թեկնածության կողմ քվեարկեց միայն Թագուհի Թովմասյանը։ Ընդդիմադիր այլ պատգամավոր նիստին ներկա չէր։ Թագուհի Թովմասյանն իր հերթին հայտարարել է, որ ընդդիմադիրները գրություն են ուղարկելու դատախազին հանձնաժողովի նիստին տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու համար։  Թովմասյանի խոսքով՝ երկրորդ քայլով միջազգային գործընկերներին է ուղարկելու նիստի սղագրությունը։  Իսկ Էթիկայի հանձնաժողովի հարցով, ըստ Թովմասյանի, դեռևս քննարկումներ կան, սակայն նպատակահարմարություն չկա, քանի որ Էթիկայի հանձնաժողովի ձևավորումը կախված է ՔՊ պատգամավորների քվեարկությունից։
13:34 - 05 ապրիլի, 2023
Դատախազից պահանջելու ենք քրեաիրավական գնահատական՝ ՔՊ պատգամավորների հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ. Թագուհի Թովմասյան

Դատախազից պահանջելու ենք քրեաիրավական գնահատական՝ ՔՊ պատգամավորների հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ. Թագուհի Թովմասյան

Ընդդիմադիրները գրություն են ուղարկելու դատախազին երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու համար։ Այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ կոնկրետ Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, և նա պետք է պատժվի։ Նա նշեց, որ երկրորդ քայլով միջազգային գործընկերներին է ուղարկելու նիստի սղագրությունը։ Իսկ Էթիկայի հանձնաժողովի հարցով դեռևս քննարկումներ կան, սակայն նպատակահարմարություն չկա, քանի որ Էթիկայի հանձնաժողովի ձևավորումը կախված է ՔՊ պատգամավորների քվեարկությունից։ Հիշեցնենք՝ երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ-ին ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցը։ Ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն էր, իսկ ՔՊ առաջադրած թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։ Էդգար Ղազարյանն իր ելույթի ժամանակ քննադատում էր իշխանությանը՝ նրանց անվանելով «հանցավոր ռեժիմ», «խուլիգանական խմբակ», ինչի հետևանքով նիստին ներկա ՔՊ պատգամավորները աղմուկ էին բարձրացնում ու կոչ անում Թագուհի Թովմասյանին թույլ չտալու նման արտահայտություններ անել։ Վերջինս միայն իշխանական պատգամավորների խոսքերից հետո, Ղազարյանին դիմելով, կոչ էր անում որակավորումներ չտալու։ Ղազարյանի եզարափակիչ ելույթի ժամանակ ՔՊ պատգամավորները դուրս եկան նիստերի սենյակից ու վերադարձան ելույթների ժամանակ։ Այնուհետև ՔՊ-ն առաջադրեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում առաջարկելու համար, ինչը դրական եզրակացություն ստացավ։ Էդգար Ղազարյանի թեկնածության կողմ քվեարկեց միայն Թագուհի Թովմասյանը։ Ընդդիմադիր այլ պատգամավոր նիստին ներկա չէր։
13:28 - 05 ապրիլի, 2023
Ես եկել եմ ոչ թե ընտրվելու համար, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար. Էդգար Ղազարյան
 |armenpress.am|

Ես եկել եմ ոչ թե ընտրվելու համար, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար. Էդգար Ղազարյան |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածու Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ ԱԺ գնացել է ոչ թե ընտրվելու, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար:   Ղազարյանն այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր եզրափակից ելույթում: Էդգար Ղազարյանը նշեց, թե ընդդիմությունը չի առաջադրել իրեն, իրեն առաջադրել է «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական դաշինքը: «Խորհրդարանական ընդդիմությունը փորձել է առաջադրել այլ թեկնածուների, բայց այդ թեկնածուները հասկացել են, թե ովքեր պետք է քննարկեն իրենց թեկնածությունը (հեղ.- ցույց է տալիս իշխանական պատգամավորներին), նրանք չեն համաձայնվել հայտնվել այստեղ: Իսկ ես եկել եմ ոչ թե ընտրվելու համար, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար: Ես եկել եմ, որովհետև համերաշխ չեմ այս իրողության համար: Եվ ես պայքարելու եմ այս իրողությունը վերացնելու դեմ: Սա է այստեղ գալու իմ առաքելությունը»,- ասաց Ղազարյանը: Ղազարյանի կարծիքով՝ ՄԻՊ-ի լավագույն թեկնածուներ կան, ինքն անձամբ կառաջադրեր նրանց, երբեք որևէ հավակնություն չէր ունենա, սակայն առաջարկվել է, նրանք մերժել են՝ ընդամենը գնահատելով այս իրողությունները: «Ես եկել եմ այս իրողությունները փոխելու համար»,- նշեց նա: Արթուր Հովհաննիսյանն առաջարկում էր ամփոփմիչ ելույթից հետո քվեարկել, Թագուհի Թովմասյանը նշեց, որ ընթացակարգով այդպես չէ, պետք է լսել նաև մյուս թեկնածուին։ Մինչ պատգամավորները վիճում էին երբ անել քվեարկությունը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ճիշտ կլինի երկրորդ թեկնածուին լսելուց հետո քվեարկել։ Պատգամավորները գնացին 20 րոպե ընդմիջման, ինչից հետո կմեկնարկի երկրորդ թեկնածուի՝ ԱԺ-ին առաջարկելու հարցի քննարկումը։
13:25 - 04 ապրիլի, 2023
Ղազարյանը 2018-ի իրադարձություններն անվանեց «ադրբեջանաթուրքական հեղափոխություն», ՔՊ-ն կոչ արեց ներողություն խնդրելու

Ղազարյանը 2018-ի իրադարձություններն անվանեց «ադրբեջանաթուրքական հեղափոխություն», ՔՊ-ն կոչ արեց ներողություն խնդրելու

Ինչպես արդեն հայտնել ենք, ընթանում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Այն քննարկվում է հատուկ ընթացակարգով։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն առաջադրել է Անահիտ Մանասարյանի թեկնածությունը, իսկ ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն է։  Էդգար Ղազարյանը իր ելույթի ժամանակ ՔՊ-ին անվանեց «հանցավոր ռեժիմ», ինչը վրդովվեցրեց ՔՊ պատգամավորներին։ Վերջիններս կոչ արեցին Թագուհի Թովմասյանին ապահովելու նիստի բնականոն ընթացքը և թույլ չտալու նման որակավորումներ տալ։ Ելույթը մոտ տասը րոպե ընդհատվեց։ Թովմասյանը նշում էր, որ եթե Ղազարյանի ելույթում ՔՊ-ի համար վիրավորական արտահայտություն է եղել, պետք է դիմել դատարան։ Երբ Ղազարյանին հնարավորություն տրվեց շարունակելու ելույթը, նա ասաց․ «Գիտեմ, որ ԱԺ-ն ինստիտուցիոնալ մակարդակով է ղեկավարվում խուլիգանական վարքագիծ դրսևորող մարդկանց կողմից․․․»։ Ինչից հետո ՔՊ պատգամավորները դարձյալ միջամտեցին։ Նրանց բողոքը ուղղված էր Թովմասյանին, քանի որ վերջինս չէր ընդհատում Ղազարյանի ելույթը, երբ վերջինս, ըստ իրենց, վիրավորում էր ՔՊ խմբակցությունը։ Թովմասյանը կոչ արեց Ղազարյանին որակավորումներ չտալու։ Ղազարյանը, դարձյալ սկսելով իր ելույթը, նշեց․ «Հիմա մենք ուղղակի ականատեսն ենք անհավասարակշիռ պահվածք դրսևորող խմբի դրսևորման․․․»։ Ելույթը դարձյալ ընդհատվեց, Արթուր Հովհաննիսյանը նշեց․ ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ծաղրում են մարդու իրավունքները մեր երկրում՝ ուղարկելով ԱԺ այս ծաղրածուին»։ «Այս իրողությունը, որը ստեղծվել է մեր երկրում՝ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների ակնհայտ անկման, տեղի է ունեցել 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով»։ Նման հայտարարություն արեց ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանը՝ ավարտելով իր ելույթը, որտեղ ներկայացրեց, իր խոսքով, մի շարք ապօրինությունները, որոնք իրականացրել է իշխանությունը։ Նիստին ներկա իշխանական բոլոր պատգամավորները աղմուկ բարձրացրին՝ կոչ անելով Ղազարյանին ներողություն խնդրելու ժողովրդից։ «Լեզուն կկտրենք նրա, ով կհամարձակվի մեր ժողովրդին անվանել ադրբեջանաթուրքական ինչ-որ խումբ»,- հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը։ Էդգար Ղազարյանը բացատրեց իր հայտարարությունը․ «2018թ․-ին տեղի ունեցած իրադարձությունները ադրբեջանաթուրքական հեղափոխություն որակելը նկատի չունեմ հայ ժողովրդի վարքագիծը, ես նկատի ունեմ շահառուներին, ովքեր շահել են այդ իրադարձությունների արդյունքում։ 2018թ․-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների իրավունքների զանգվածային ոտնահարում, այսինքն՝ մի խումբ մարդիկ, որոնց մի մասը ներկայացված են այստեղ, տիրացել են մեր ժողովրդի օրինական իշխանությանը, այնուհետև այդ իշխանությունը շարունակում են պահել ապօրինական գործողությունների, բռնություններին, ինչպես ականատեսն ենք նաև, նման խուլիգանական վարքագծի հետևանքով, որը ծառայեցնում են հայ ժողովրդի թշնամիների շահերին ու իրենց անձնական բարեկեցությանը։ Հետևաբար այդ զանգվածային խաբեությունը ես համարում եմ ՄԻՊ ընտրվելու իմ հիմնական առաքելություններից մեկը»։ Ապա Ղազարյանը նշեց, որ հենց մարդու իրավունքների պաշտպանը պետք է պարզի «5000 մարդու մահվան պատճառը», ինչին ի պատասխան՝ ՔՊ-ից հորդորեցին զոհերի թիվը չավելացնել, ապա որոշեցին դուրս գալ նիստերի սենյակից, մինչ Ղազարյանը կավարտի իր ելույթը։ ՔՊ պատգամավորների դուրս գալուց հետո Ղազարյանը ասաց․ «Ինձ հաջողվեց անել այն, ինչ երազում էր ամբողջ ժողովուրդը՝ Ազգային ժողովից վռնդել իշխանական ամբողջ թիմին միանգամից, մի փաթեթով, և դա տեղի ունեցավ ընդամենը 20 րոպեի ընթացքում։ Ահա թե ինչ է նշանակում պայքար հանցախմբի դեմ»։
12:09 - 04 ապրիլի, 2023
Ընդդիմությունից միայն Թագուհի Թովմասյանն է ներկա Էդգար Ղազարյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելու նիստին

Ընդդիմությունից միայն Թագուհի Թովմասյանն է ներկա Էդգար Ղազարյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելու նիստին

«Ո՞ւր է ընդդիմությունը»,- նման հարց ուղղեց Թագուհի Թովմասյանին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Այն քննարկվում է հատուկ ընթացակարգով։  Թագուհի Թովմասյանն ընթերցեց ընդդիմության միակ թեկնածուի՝ Էդգար Ղազարյանի կենսագրությունը, ինչից հետո էլ հարց ուղղեց Արթուր Հովհաննիսյանը։ Հարցին ի պատասխան՝ Թովմասյանն ասաց, որ ընդդիմությունն ԱԺ-ում է, իր տեղում է, և եթե ՔՊ խմբակցության կեսը տվյալ դահլիճում է, որևէ լավ բանի մասին չի խոսում։ Արթուր Հովհաննիսյանն էլ պատասխանեց, որ ՔՊ խմբակցությունում 71 պատգամավոր կա, բայց կեսը այդ սենյակում չէ։ Նա խայտառակություն որակեց այն, որ ընդդիմությունը ներկա չէ նիստին։ Գևորգ Պապոյանն էլ հարց ուղղեց, թե ով է գրել կենսագրության տեքստը։ Թովմասյանն ասաց, որ այն գրել է Էդգար Ղազարյանը, Պապոյանն էլ ասաց, որ իրա համար պարզ էր, քանի որ «նարցիզիզմով տառապող մարդու տեքստ էր դա, իսկ այս սենյակում, իր տպավորությամբ այդ հոգեվիճակում գտնվող մեկ մարդ կա»։ Այս արտահայտությանը տեղից արձագանքեց Էդգար Ղազարյանը, ինչը վրդովվեցրեց Արթուր Հովհաննիսյանին, և նա Թովմասյանին կոչ արեց «հավաքելու իրենց թեկնածուին», ինչից հետո լեզվակռիվ սկսվեց Թովմասյանի ու Հովհաննիսյանի միջև։ ՔՊ խմբակցության պատգամավորները, մասնավորապես, համաձայն չէին այն պնդման հետ, որ Ղազարյանին քաղաքական հայացքների համար հեռացրել են բուհից։ Հարց հնչեց, թե հնարավո՞ր է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորների բացակայությունն այն պատճառով է, քանի որ կոնսենսուս չկա՝ Էդգար Ղազարյանի թեկնածության շուրջ։ Թովմասյանը պատասխանեց, որը Զեմֆիրա Միրզոևան ԱՄՆ-ում է՝ գործուղման, իսկ Արեգնազ Մանուկյանը երեկ էլ ներկա չէր, գուցե հիվանդ է։
11:46 - 04 ապրիլի, 2023
Հանձնաժողովը քննարկել է ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» հարցը

Հանձնաժողովը քննարկել է ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» հարցը

Ես ստացել եմ Կառավարության առաջարկությունը նախագծի վերաբերյալ եւ այն փաստարկը, որ երկարատեւ ժամկետով Մարդու իրավունքների պաշտպան չընտրելը կարող է բացասական հետեւանքներ ունենալ: Կառավարության առաջարկության մեջ նշվում է, որ նախագծով առաջարկվող ժամկետի փոփոխությունը թուլացնում է ՄԻՊ-ի թափուր պաշտոնի մնալու դեպքերի նվազագույն երաշխիքները: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապրիլի 3-ին հանձնաժողովի նիստի ընթացքում ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ: ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանձնաժողովի նախագահի խոսքով իր այս նախաձեռնությունը նպատակ չի հետապնդում լուծել ՄԻՊ ընտրություն հնարավորինս շուտ ացկացնելու հարցը, այլ նպատակը ժամկետներում իրավական որոշակիություն ապահովելն է: Թագուհի Թովմասյանի խոսքով Սահմանադրությունը սահմանել է եռամսյա ժամկետ ԱԺ-ի կողմից ՄԻՊ-ի պաշտոնի ընտրության համար, որից հետո մինչեւ ԱԺ-ի կողմից նրա ընտրությունը ՀՀ նախագահը սահմանված կարգով նշանակում է ՄԻՊ-ի պաշտոնակատար: Նա տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջարկում է  համապատասխան փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքի 145 հոդվածում` նախատեսելով, որ ՄԻՊ-ի ընտրությունը կանցկացվի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում սահմանված մեկամսյա ժամկետում: Թագուհի Թովմասյանն ընդգծել է, որ մայր օրենքում սահմանված է ՄԻՊ-ի ընտրության եռամսյա ժամկետ, որը գործելու է որպես բարձրագույն իրավական ուժ ունեցող, Սահմանադրությամբ սահմանված կարգավորում` անկախ նրանից, թե ինչ կարգավորում է նախատեսվում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքում համապատասխան եռամսյա ժամկետը մեկ ամիս դարձնելով չի ամրապնդում պաշտոնի թափուր մնալու նվազագույն երաշխիքները: «Առավել տրամաբանական է եւ գործնականում կիրառելի, երբ Սահմանադրությանը համահունչ եռամսյա ժամկետը լինի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում»,- ասել է նա: Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշել է. «Փաստացի Սահմանադրությունը եռամսյա ժամկետ այլ կերպ չի սահմանում ՄԻՊ նշանակելու համար: Սահմանադրությունը սահմանում է նախագահի լիազորությունը` նշված պաշտոնը թափուր մնալու դեպքում այն եռամսյա ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարով փոխարինելու, ինչը չի բացառում ԱԺ-ի կողմից` ՄԻՊ հետագայում առաջադրելու եւ ընտրելու»: Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում նշված մեկամսյա ժամկետը վերաբերելու է ոչ թե հենց այդ ժամկետում ընտրության կազմակերպմանը, այլ նրան, որ այն պետք է անցկացվի մեկամսյա ժամկետում, ինչը երաշխավորում է ՄԻՊ-ի պաշտոնը հնարավորինս սեղմ ժամկետում նշանակումն իրականացնելու եւ թափուր պաշտոնը չունենալու հնարավորությունը: «Փաստացի մենք չունենք հակասություն Սահմանադրության 138-րդ հոդվածի եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի միջեւ, ինչպես նաեւ «ԱԺ կանոնակարգ» օրենքի միջեւ: Անհրաժեշտություն կա «ԱԺ կանոնակարգ» օրենքը համապատասխանեցնել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքին եւ նախատեսել հնարավորություն` մեկամսյա ժամկետում ընտրություններ անցկացնելու համար»,- ասել է նախարարի տեղակալը: Ըստ Արմենուհի Հարությունյանի` Կառավարությունը կարծում է` անհրաժեշտ է ոչ թե ավելացնել, այլ պահպանել մեկամսյա ժամկետը եւ հնարավորություն տալ ԱԺ-ին սահմանված ժամկետում ընտրություններ իրականացնելու: «Մենք իսկապես խնդիր ենք տեսնում դրանում այն առումով, որ չենք ցանկանում ավելի երկարաձգել այդ ընթացքը, այլ  հակառակը` ցանկանում ենք հնարավորություն տալ խորհրդարանին ամեն ամիս առաջարկելու որեւէ թեկնածու եւ անցկացնել ընտրություններ, ինչը նախատեսված է օրենքով»,- ասել է նա: Արձագանքելով Կառավարության ներկայացուցչին` Թագուհի Թովմասյանը նշել է, որ երբ առաջարկում են մեկ ամիսը դարձնել երեք ամիս, ձեւակերպում են, որ հրաժարականից մեկ օր հետո մինչեւ երեք ամիս ժամկետում խմբակցությունները կարող են առաջարկել թեքկածու: Նրա խոսքով այս պահին խախտվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը: Հարակից զեկուցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանն էլ նշել է. «Խմբակցությունում մենք քննարկել ենք ու նախատեսում ենք համապարփակ փոփոխություններ իրականացնել օրենքում եւ այդ պատճառով համամիտ ենք Կառավարության տեսակետի հետ»: Նախագծի հեղինակի կողմից Կառավարության առաջարկությունը ընդունելի չէր, նախագիծը դրվել է քվեարկության Թագուհի Թովմասյանի առաջարկած տարբերակով, որը սակայն չի արժանացել հանձնաժողովի հավանությանը: Հանձնաժողովը հետաձգել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» եւ դրան կից օրինագծերի փաթեթի քննարկումը` հեղինակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի խնդրանքով: 
15:57 - 03 ապրիլի, 2023