Գեղամ Ստեփանյան

Գեղամ Ստեփանյանն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան է (ՄԻՊ), այդ պաշտոնում ընտրվել է 2021 թ․ մարտին։

2014թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

2014-2016թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:

2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:

2016-2019 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում:

2020 սեպտեմբերից 2021թ մարտ աշխատել է Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմում:

Իրավապաշտպանները իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է. Գեղամ Ստեփանյան

Իրավապաշտպանները իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է. Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանի կողմից Արցախի` 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների կողմից ներդրված ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել միջազգային ազդեցիկ իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպությունների և մի շարք հեղինակավոր փորձագետների հստակ, հասցեական գնահատականն Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս ընթացքում իրենց դիրքորոշումներն են արտահայտել է Amnesty International, Human Rights Watch, Freedom House, Global Center for Responsibility to Protect կազմակերպությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցողները, Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկին ինստիտուտը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան և մի շարք այլ իրավապաշտպաններ։ Այս մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Իրավապաշտպան և մարդասիրական բոլոր կազմակերպությունների հայտարարությունները միաձայն պահանջում են Ադրբեջանի իշխանություններից դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ապահովել անձանց, բեռների և մեքենաների ազատ և անխոչընդոտ երթևեկությունը միջանցքով և վերջ դնել Արցախում հումանիտար ճգնաժամին։ Բոլոր կազմակերպությունների հայտարարություններին ադրբեջանական իշխանությունները տալիս են արհամարհական և լկտի պատասխաններ` ամենապարզ ձևով ցույց տալով անարգանք բոլորի նկատմամբ, կարծես թե բոլորը ստում են և միայն իրենք են ճիշտ։ Ադրբեջանի այս պահվածքը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն պարզ ճշմարտությունը, որ Ադրբեջանը ոչ հանձնառություն, ոչ էլ ցանկություն ունի կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, ավելին՝ ի տես բոլոր կառույցների շարունակում է արհամարհել մարդու իրավունքները և իրականացնել Արցախի ժողովրդի նկատամբ ցեղասպանական քաղաքականություն։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականները չպետք է մնան թղթի վրա։ Այս հասցեական հայտարարությունները պետք է դառնան Արցախի ժողովրդին սովամահությունից, էթնիկ զտումից, ցեղասպանությունից փրկելու տարբեր պետությունների և միջազգային կառույցների դիրքորոշումների հիմքը։ Հենց սրա համար էլ այդ կառույցները ստեղծված են՝ կանխելու մասայական վայրագություններն ու մարդու իրավունքների խախտումները։ Իրավապաշտպաններն իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է՝ ապացուցելու, որ թույլ չեն տա Ադրբեջանի հանցավոր իշխանություններին կասկածի տակ դնել միջազգային բարձր հեղինակություն ունեցող իրավապաշտպան և մարդասիրական կառույցների հեղինակությունը։ Հակառակ պարագայում, ցուցաբերվող անտարբերությունն ու հեղինակավոր կարծիքների անտեսումը հանգեցնելու է մարդկային անդառնալի հետևանքների, որում արդեն միջազգային դերակատարները կրելու են հանցակցության ուղիղ պատասխանատվություն։»,- գրել է Ստեփանյանը։
18:32 - 09 օգոստոսի, 2023
Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է ՊՊՀԿ հայտարարությանը

Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է ՊՊՀԿ հայտարարությանը

Ողջունում ենք «Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոն» (Global Centre for the Responsibility to Protect) կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից ԼՂ-ի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը ահազանգում է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակի մասին։ Այդ մասին ասված է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հայտարարության մեջ:   «Ավելի քան յոթ ամիս Ադրբեջանի իշխանությունները շրջափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ։ Շրջափակումը Լեռնային Ղարաբաղում ապրող ավելի քան 120 000 էթնիկ հայերի, այդ թվում՝ 30 000 երեխաների զրկել է կենսական ռեսուրսներից, ինչպիսիք են սնունդը, դեղորայքը, էլեկտրաէներգիան և վառելիքը։  Մարդասիրական օգնության կանխամտածված և անօրինական մերժումը կարող է համարվել ռազմական հանցագործություն և մարդկության դեմ հանցագործություն:   Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ վերացնեն Լաչինի միջանցքի շրջափակումը և թույլատրեն խաղաղ բնակիչների և ապրանքների անխոչընդոտ և անվտանգ անցումը միջանցքով, ինչպես նաև երաշխավորեն մարդասիրական անարգել մուտքը՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան։   Միջազգային իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչների կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակի վերաբերյալ ահազանգող հայտարարություններն ու իրավիճակի հասցեականն գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային տարբեր դերակատարների համար՝ Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար»,- նշված է հայտարարության մեջ։
20:18 - 03 օգոստոսի, 2023
Ուշագնացության դեպքերը աճում են. Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է
 |1lurer.am|

Ուշագնացության դեպքերը աճում են. Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է |1lurer.am|

1lurer.am: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել ինչ-որ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար: «Այդ բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացությունների դեպքեր, որոնք ուղղակիորեն կապված են բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակի, թերսնուցման պայմաններում իմունային համակարգի խոցելիության և շոգ եղանակային պայմանների հետ:   Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուշագնացության դեպքերը գնալով աճում են: Սա անհերքելիորեն փաստում է, որ հումանիտար ծանրագույն իրավիճակը անմիջականորեն իր աղետալի հետևանքներն է ունենում հանրային առողջության պահպանման վրա՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց կյանքեր»,- ասված է Ստեփանյանի գրառման մեջ:
20:33 - 31 հուլիսի, 2023
Արցախից ՀՀ տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրն այս պահին անհայտ է․ Արցախի ՄԻՊ

Արցախից ՀՀ տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրն այս պահին անհայտ է․ Արցախի ՄԻՊ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։  ՄԻՊ-ը նշում է՝ հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։ Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը արգելանքի է վերցրել այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու և անցակետից տեղափոխել այլ վայր։  
14:46 - 29 հուլիսի, 2023
Հորդորում ենք ԿԽՄԿ-ին հավատարիմ մնալ և հարգել Արցախի ժողովրդի մարդկային արժանապատվության իրավունքը․ Արցախի Մի պաշտպան

Հորդորում ենք ԿԽՄԿ-ին հավատարիմ մնալ և հարգել Արցախի ժողովրդի մարդկային արժանապատվության իրավունքը․ Արցախի Մի պաշտպան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայտարարությանն առ այն, որ ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ երթուղով։ «Մենք ողջունում ենք ԿԽՄԿ-ի հնչեցրած ահազանգն Արցախում արագորեն սրվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։  Միևնույն ժամանակ, հորդորում ենք ԿԽՄԿ-ին հավատարիմ մնալ և հարգել Արցախի ժողովրդի մարդկային արժանապատվության իրավունքը, որն ամրագրված է տարբեր միջազգային կոնվենցիաներով, և դադարեցնել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին Ակնայով (Աղդամով) մարդասիրական օգնության տրամադրման ադրբեջանական անհիմն առաջարկները լեգիտիմացնելու փորձերը։ Բացի այդ, տվյալ համատեքստում ԿԽՄԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ Արցախ/Լեռնային Ղարաբաղ անվանումը օգտագործելուց միտումնավոր խուսափելը վիրավորում է արցախցիների զգացմունքներն ու արժանապատվությունը»,- գրել է Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում։
21:56 - 25 հուլիսի, 2023
Արցախի լրագրողներն իրավունք ունեն պահանջելու միջազգային գործընկերներից երկերեսանիություն չցուցաբերել և գալ, լուսաբանել այստեղի ծանր իրավիճակը. ՄԻՊ |artsakhpress.am|

Արցախի լրագրողներն իրավունք ունեն պահանջելու միջազգային գործընկերներից երկերեսանիություն չցուցաբերել և գալ, լուսաբանել այստեղի ծանր իրավիճակը. ՄԻՊ |artsakhpress.am|

artsakhpress.am: Արցախի լրագրողների խաղաղ ակցիան շատ հստակ ազդակ պետք է լինի աշխարհի լրագրողներին, միջազգային մեդիային, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում Գլոբալ մեդիա ֆորում կազմակերպելը միջազգային հանրության աչքերին հերթական թոզ փչելն է, իսկ մարդիկ ովքեր եկել են հումանիտար աղետից ընդամենը կիլոմետր այն կողմ ու խրախճանքների մեջ են և որոնց ադրբեջանցիները կերակրում են բառի բուն ու փոխաբերական իմաստներով, բարի լինեն, իջնեն Ստեփանակերտ, Արցախի այլ համայնքներ՝ ներկայացնելու օբյեկտիվ իրականությունը, թե ինչպիսի զրկանքների ու տառապանքների միջով է անցնում Արցախի հազար բնակչությունը:   Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով Արցախի մի խումբ լրագրողների հրավերով մասնակցել է Ստեփանակերտ-Շուշի ճանապարահատվածին նրանց կողմից կազմակերպված խաղաղ ակցիային, որի ժամանակ կաչ է արվել ֆորումի մասնակիցներին հավատարիմ մնալ լրագրողի առաքելությանը՝ ներկայացնելու ճշմարտությունը և պաշտպանելու մարդու իրավունքները և արժանապատվությունը: «Արցախի լրագրողները 7 ամիս շարունակ իրենք էլ կրելով շրջափակման ամենամեծ դժվարությունները, շարունակել են իրենց աշխատանքը գոնե ինչ-որ ձևով Արցախի Արցախի ձայնը դրսում ներկայացնելու ուղղությամբ և նրանք կարող են ու իրավունք ունեն պահանջելու իրենց գործընկերներից երկերեսանիություն չցուցաբերել և գալ Արցախում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը ներկայացնել»,- նշել է նա՝ հավելելով, որ արցախցի լրագրողների հրավերով եկել է մասնակցելու և աջակցելու, որ նրանց  ձայնը տարածվի աշխարհում:
12:02 - 23 հուլիսի, 2023
Տեր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով․ Արցախի ՄԻՊ-ը կոչով դիմեց խաղաղապահներին

Տեր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով․ Արցախի ՄԻՊ-ը կոչով դիմեց խաղաղապահներին

Արցախի՝ 7 ամիս շարունակվող ամբողջական շրջափակումը հասել է օրհասական կետի, երբ այլեւս լրջագույնս վտանգված է 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների կյանքը, երբ այլեւս մի ողջ ժողովրդի գլխին կախված են գոյաբանական սպառնալիքներ, որոնք անհերքելի են եւ ընդգծված։ Այս մասին Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը․ «Գտնվելով շրջափակման մեջ եւ հունիսի 25-ից ամբողջությամբ կտրվելով հումանիտար հասանելիությունից՝ մեր ժողովուրդը կանգնել է թերսնուցման, սովի, Ադրբեջանի կողմից անթաքույց իրականացվող էթնիկ զտման, բռնի հպատակեցման եւ ցեղասպանության իրական եւ անհերքելի սպառնալիքի ներքո։ Իրավիճակի մասին խոսել եմ յոթ ամիս շարունակ, ահազանգել եմ բոլորին, խոսել շատերի հետ, անդադար՝ ամեն հանդիպման ժամանակ զրուցակիցներիցս ակնկալելով հարգանք մեր ժողովրդի իրավունքների նկատմամբ, հարգանք՝ մեր ժողովրդի կյանքի եւ սեփական հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքի նկատմամբ, ակնկալել եմ կարեկցանք, ըմբռնում այն ամենի, ինչ կատարվում է մեզ հետ։ Խոսել եմ խնդրանքով, խոսել եմ ցասումով․․․ Այսօր արդեն ահազանգի կոչնակը հնչեցնելու հերթական պահն է, որն այսօր այստեղ հավաքվելով բոլորս միասին պետք է անենք»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը՝ դիմելով միջազգային հանրությանը։  «Մարդու իրավունքնե՞ր, ասում եք, ուրեմն ասեք ինձ՝ ես ինչպե՞ս նայեմ այս ժողովրդի աչքերին եւ ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ, ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել, ես ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց օրվա երազանքը իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է, ես ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքարավազ կամ ձեթ ստանալու համար, ես ինչպե՞ս նայեմ 20 հազար տարեցների աչքերին, որոնք հանապազօրյա հացը հայթայթելու համար անմարդկային դժվարությունների միջով են անցնում, եւ վերջապես ինչպե՞ս նայեմ այս հողակտորի համար իր ամենաթանկը տված զոհվածի մոր աչքերին, որն ահաբեկված հայացքով նայում է ինձ՝ վախենալով, որ կկորցնի իրեն մնացած վերջին սրբությունըհ՝ զավակի գերեզմանը։ Պատասխանեք ինձ, ես ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, ես ուզում եմ, որ դուք պատասխանեք նրանց, որովհետեւ ես այլեւս պատասխաններ չեմ գտնում։ Գեղեցիկ ու շքեղ դահլիճներում մարդու իրավունքներից խոսելը մի բան է, այդ իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելը մեկ այլ բան։ Մտահոգված ենք, խիստ մտահոգված ենք, խորապես մտահոգված ենք, կոչ ենք անում եւ նմանատիպ այլ հայտարարություններ․․․ Բավ է, հերիք է, մինչ դուք մերկապարանոց մտահոգություններ եք հայտնում, 120 հազար մարդ մատնվում է անմարդկային զրկանքների»։ Ստեփանյանը դիմեց նաեւ ռուս խաղաղապահներին, որոնց 2020թ․ եռակողմ հայտարարությամբ վերապահվել է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի եւ ֆիզիկական գոյության հիմնական երաշխավորի դերը․ «Մեզ խաղաղություն էր խոստացվել, խաղաղությունն ամեն օր տեղեկագրերում հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրումը չէ, խաղաղությունն ամենօրյա հաց հայթաթելով՝ ֆիզիկական գոյություն քաշ տալը չէ, խաղաղությունը սեփական հայրենիքում պատանդառված եւ ամեն ինչից զրկված լինելը չէ, խաղաղությունը ամեն օր հոգեբանական հարձակումները եւ մեր վրա թափվող անորոշությունները չեն։ Տեր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, ապահովելու բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով»։ Հաջորդիվ Ստեփանյանը դիմեց Հայաստանում ապրող հայրենակիցներին․ «Արցախը յուրաքանչյուր հայի համար բացառիկ արժեք եւ սրբություն է, 31 տարի առաջ Արցախում ապրող հայը կանգնեց մի պարզագույն ցանկությամբ՝ միանալու մայր հայրենիքին, այդ ցանկությունը վաղեմության ժամկետ չունի, դա սրբագույն երազանք ու նպատակ է, որ պետք է իրականություն դառնա։ Ինչպես միշտ, այս անգամ էլ կանգնեք ի պաշտպանություն Արցախի, մենակ մի թողեք Արցախում ապրող հային իր այդ սրբագույն երազանքի հետ՝ մեն-միայնակ։ Սփյուռքում ապրող քույրեր եւ եղբայրներ, ձեզանից շատերն իրենց նախնիների օրինակով գիտեն՝ ինչ է նշանակում ցեղասպանվել, հայրենազրկվել, ամբողջ կյանքն ապրել հայրենիքից հեռու՝ հայրենիքի կարոտը սրտում անթեղած։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, ձեզ խնդրում եմ, եթե կուզեք՝ աղաչում եմ, վեր ելեք՝ կանխելու հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը, վեր ելեք՝ պարտադրելու աշխարհին գոնե այս անգամ պատասխանատվություն ստանձնել հայի ճակատագրի համար։ Ամենուրեք ասում էին՝ այլեւս երբեք, պարտադրեք նրանց՝ հավատարիմ մնալ իրենց հայտարարություններին, մենք պետք է ջնջենք մեր ճակատից անընդհատ ցեղասպանվող ժողովրդի խարանը։ Այս ամենը էկրանից այնկողմ ինչ-որ օտարի հետ տեղի ունեցող իրականություն չէ, սա Արցախում ապրող ձեր քույրերի եւ եղբայրների ամեն օր խեղվող ճակատագիրն է։ Եթե աշխարհի շատ ժողովուրդներին պետությունն ու պետականությունը մատուցվել են սկուտեղի վրա, մենք վաստակել ենք մեր ինքնորոշման իրավունքը, արցախյան բոլոր պատերազմներում վճարված թանկ գինը, յոթամսյա շրջափակման տառապանքները աղաղակող փաստեր են, որ մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, չենք կարող ու վերջ։ Վերջապես հասկացեք։ Բոլոր նրանք, ովքեր դեռ իլյուզիաներ ունեն այս առիթով, թող պատկերացնեն՝ արդյոք հնարավո՞ր էր պատկերացնել հրեաների կյանքը Նացիստական Գերմանիայում։ Այո, Ադրբեջանը այդ նույն նացիստական երկիրն է, որտեղ հասարակությունն ամբողջությամբ ներծծված է հայատյացությամբ, հայի նկատմամբ ատելությամբ ու թշնամանքով, բոլորը դրանում վաղուց արդեն համոզված պետք է լինեին։ Սա 21-րդ դարում իրականացվող ամենամեծ ողբերգություններից մեկն է․ ուրեմն վերջ տվեք խոսելուն, անհապաղ եւ կոնկրետ գործողություններ ձեռնարկելւ ցպահանջ է՝ Արցախում ողբերգությունը կանխելու համար։ Անտարբերությունը հավասարազոր է մեղսակցության, եւ հիշեք, անպատիժ հանցագործությունը կրկնվող հանցագործություն է, այսուհետ մեր անյալը, մեր ներկան ու ապագան նաեւ ձեր ձեռքերում է։ Արցախի ապրելու է, Արցախի հարատեւելու է՝ ի հեճուկս բոլոր չկամների ու թշնամիների, եւ ի փառս համայն հայության»։ Հիշեցնենք, որ այսօր՝ Արցախի շրջափակման 215-րդ օրը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժման հանրահավաքը, որի մասին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։  Հանրահավաքին ներկա են Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ 
10:11 - 14 հուլիսի, 2023
Ստեփանակերտում հարձակվել են ՍիվիլՆեթի լրագրողի վրա. Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Ստեփանակերտում հարձակվել են ՍիվիլՆեթի լրագրողի վրա. Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Հուլիսի 11-ին ՍիվիլՆեթ լրատվականի լրագրող Հայկ Ղազարյանի` Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բանավոր դիմումի և համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք հարձակվել են լրագրողի վրա, քաշքշել և հարվածներ հասցրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ։ Մարդու իրավունքների պաշտպանը խստագույնս դատապարտում է լրագրողի նկատմամբ կիրառված բռնությունը՝ պահանջելով իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր գործողությունները դեպքի մանրամասները բացահայտելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- գրել է Ստեփանյանը: Հիշեցնենք՝ ըստ ՍիվիլՆեթի հրապարակման՝ ՍիվիլՆեթի արցախյան թղթակից Հայկ Ղազարյանը հուլիսի 8-ին և 9-ին լուսաբանել է Արցախի ԱԱԾ-ի և Դատախազության առջև տեղի ունեցող բողոքի ակցիաները։ Փաստաբաններ Ռոման Երիցյանը և Ռաֆայել Ջհանգիրյանը գտնում են, որ խախտվել է փաստաբանի մասնագիտական իրավունքը՝ չեն թույլատրում տեսակցել իրենց պաշտպանյալ Արման Իսրայելյանին։ Հուլիսի 9-ին Արման Իսրայելյանի փաստաբանների և նրա հարազատների և ծնողների բողոքի ակցիան տեղափոխվեց Դատախազության շենքի առջև, որտեղ ավելի ուշ բախում եղավ Իսրայելյանի փաստաբանների ու ոստիկանների միջև։ Բախման ընթացքում ոստիկաններից մեկը, քաջատեղյակ լինելով Հայկ Ղազարյանի՝ լրագրող լինելու փաստի մասին (լրագրողը կրել է համապատասխան լրագրողական բեյջ տեսանելի վայրում), խլել է նրա հեռախոսը, որով տեսալուսանկարահանվում էր ակցիան։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի միջամտությունից հետո Հայկ Ղազարյանը Արցախի ոստիկանությունից ստացել է հեռախոսը, որից արդեն հեռացված էին բողոքի ակցիայի ժամանակ արված տեսանյութերը (լրագրողի հեռախոսը միանգամից չեն տվել, այլ ոստիկանություն այցելելուց հետո 20-30 րոպե անց)։ Ղազարյանը պարզել է, որ հեռախոսը խլողը Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, գնդապետ Արայիկ Գասպարյանն է։ Վերջինս ոչ արժանահավատ հիմնավորումներ է ներկայացրել հեռախոսը խլելու գործողության հետ կապված։ Միջադեպից հետո լրագրողը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է տեղի ունեցածն ու միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ պահանջել ոստիկանությունից, ներքին գործերի նախարարից։ Հաջորդ օրը ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանին հրավիրել են Արցախի ԱԱԾ, որի ղեկավար Արարատ Մելքումյանը կոշտ և սպառնալից տոնով է խոսել նրա հետ, պահանջել է ուղիղ եթերով ներողություն խնդրել ներքին գործերի նախարարության և ԱԱԾ ծառայողներից։ Ավելի ուշ Սիվիլնեթը մեկ այլ հրապարակում արեց՝ նշելով, որ վերոնշյալ հրապարակումից ժամեր անց տեղի է ունեցել մեկ այլ միջադեպ․ «Ստեփանակերտում ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանին քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք քաշքշել են, հարվածներ հասցրել։ Միջադեպը տեղի է ունեցել Հայկ Ղազարյանի՝ երկու օր առաջ մի խումբ քաղաքացիների բողոքի ցույցը լուսաբանելուց հետո, որի ընթացքում մի ոստիկան խլել էր նրա հեռախոսը։ Ավելի ուշ հեռախոսը վերադարձրել էին՝ տեսագրությունը ջնջած։ «Քաղաքի կենտրոնում էր՝ Վազգեն Սարգսյան փողոցի վրա՝ մեր գրասենյակից մի քիչ ցած։ Գնում էի տուն։ Բռնեցին, մտցրին դալանը, ուզում էին առևանգել։ Գոռգոռոցս դիտավորյալ դրել եմ, որ չտանեն։ Ընկել եմ, քաշքշել են։ Քթիս խփել են»,- ասել է Հայկ Ղազարյանը»։
09:37 - 12 հուլիսի, 2023
Առաջինի լրատվական ալիքի կայքը սկսել է չկիրառել Արցախ անունը՝ խմբագրելով պաշտոնական հաղորդագրություններն ու ուղիղ մեջբերումները

Առաջինի լրատվական ալիքի կայքը սկսել է չկիրառել Արցախ անունը՝ խմբագրելով պաշտոնական հաղորդագրություններն ու ուղիղ մեջբերումները

Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը՝ 1lurer.am-ը, արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Արցախին վերաբերող գրեթե բոլոր լուրերում, Արցախ կամ Արցախի Հանրապետություն բառերի փոխարեն գրում է Լեռնային Ղարաբաղ։ Կայքը մոնիտորինգ անելիս նկատում ենք, որ 1lurer.am-ը ոչ միայն իր սեփական ձեւակերպումներում է Արցախի փոխարեն ԼՂ գրում, այլ նաեւ հաղորդագրություններն է խմբագրում, ավելին՝ նույնիսկ արցախցի պաշտոնյաների հայտարարությունների սղագրություններում նրանց հնչեցրած Արցախ անունն է փոխարինում ԼՂ-ով։ Արցախի տեղեկատվական շտաբը, Արցախի Հանրապետության պաշտոնյաները, գերատեսչությունների էջերը հրապարակումներում եւ հայտարարություններում կիրառում են Արցախ կամ Արցախի Հանրապետություն բառերը։  1lurer.am-ը հուլիսի 3-ին, օրինակ, հրապարակել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրությունը՝ տեքստում թողնելով Արցախ եւ Արցախի ՊՆ բառերը, նույնը նաեւ հուլիսի 5-ի հրապարակման մեջ, իսկ ահա հրադադարի խախտումների մասին հուլիսի 6-ի եւ 7-ի հրապարակումներում Արցախի ՊՆ-ն ու Արցախի ՆԳՆ-ն փոխարինվել են ԼՂ ՊԲ եւ ԼՂ ՆԳՆ հապավումներով։  Այսօր ադրբեջանական կողմը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին։ Արցախի ՊԲ-ն այդ հաղորդագրության հերքման տեքստում կիրառել է Արցախի Հարապետություն, Արցախի Հանրապետության քաղաքացիներ, ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն բառերը, մինչդեռ 1lurer.am-ը հաղորդագրությունը կայքում հրապարակելիս դրանք փոխարինել է ԼՂ, ԼՂ քաղաքացիներ, ԼՂ ՊԲ բառերով։ Եթե հուլիսի 4-ին Արցախի սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարության՝ արցախցիներին ձեթ եւ շաքարավազ տրամադրելու մասին հաղորդագրությունը հրապարակվել էր առանց խմբագրման, ապա հուլիսի 7-ին 1lurer.am-ը նույնանման հաղորդագրությունը հրապարակելիս Արցախի սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարության փոխարեն գրել է Լեռնային Ղարաբաղի սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարություն։ Հուլիսի 5-ին 1lurer.am-ը Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը կայքում հրապարակելիս ե՛ւ վերնագրում, ե՛ւ տեքստում թողել է Արցախի ԱԳՆ բառակապակցությունը, իսկ ահա Արցախի ԱԳՆ-ի՝ հուլիսի 6-ի հայտարարությունը կայքում հրապարակելիս Արցախը վերնագրում եւ տեքստում դարձել է ԼՂ։ Եթե հուլիսի 5-ին մի հրապարակման մեջ Արայիկ Հարությունյանը նշվել է որպես Արցախի Հանրապետության նախագահ, ապա հուլիսի 10-ի նմանատիպ մի հրապարակման մեջ արդեն՝ ԼՂ նախագահ։ Իսկ Արցախ բառի փոխարեն գրվել է ԼՂ։  Հուլիսի 5-ից հետո արդեն ավելի շատ հրապարակումներում է գործածվում ԼՂ կամ Լեռնային Ղարաբաղ։ Բացի դրանից, մենք նկատեցինք, որ, օրինակ, հուլիսի 7-ի՝ ԿԽՄԿ միջնորդությամբ ՀՀ տեղափոխված բուժառուների մասին հրապարակման վերնագիրը խմբագրված է․ բանն այն է, որ այդ լուրի հղման մեջ պահպանված է վերնագրի նախնական տեքստը՝ այսպես․ «17-բուժառու-Կարմիր-խաչի-ուղեկցությամբ-Արցախից-տեղափոխվել-է-Հայաստանի-բուժկենտրոններ», իսկ կայքի էջում վերնագիրն այժմ այսպես է․ «17 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ»։ Հուլիսի 5-ից հետո մի շարք այլ հրապարակումներում [1, 2, 3, 4, 5, 6, 7, 8] այլեւս չի գործածվում Արցախ բառը, փոխարենը՝ «ԼՂ-ում վառելիքի սղության պատճառով․․․, ԼՂ մարտակերտի շրջանում․․․, ԼՂ ՔԿ, ԼՂ ՊԲ, Հայաստան-ԼՂ գազատար խողովակ․․․, ԼՂ պետնախարար, կյանքը՝ շրջափակված ԼՂ-ում․․․», եւ այսպես շարունակ։ Օրեր առաջ կայացավ Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջը, որին մասնակցում էին Արցախի պետնախարարը, Արցախի ՄԻՊ-ը, Արցախի ԱԳ նախարարը, ՀՀ ՄԻՊ-ը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։ 1lurer.am-ը լուսաբանել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ելույթը, սակայն նրա խոսքում հնչած Արցախ բառերը դարձյալ գրելով ԼՂ։ Մասնավորապես, Ներսիսյանն ասել է․ «․․․միջազգային հանրությունը լուռ մասնակիցն է Արցախի բազմաչարչար ժողովրդի հետ այսօր կատարվող աներեւակայելի ոճրին։․․․»։ 1lurer.am-ը գրել է այսպես․ «․․․միջազգային հանրությունը լուռ մասնակիցն է Լեռնային Ղարաբաղի բազմաչարչար ժողովրդի հետ այսօր կատարվող աներեւակայելի ոճրին:․․․»։ Այնուհետեւ Ներսիսյանն ասել է․ «․․․գիտակցեք, որ ոչ մի խաղաղություն չի կարող ձեռք բերվել ցեղասպանության, Արցախի ժողովրդի էթնիկ զտման գնով։․․․»։ Իսկ 1lurer-ը սղագրել է այսպես․ «Գիտակցեք՝ ոչ մի խաղաղություն չի կարող ձեռք բերվել ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման գնով»։ Այս հրապարակման վերնագիրը, ի դեպ, դարձյալ փոխվել է հետագայում․ նյութի հղման մեջ պահպանված է Արցախ բառը։ Կայքը Արցախ բառը ԼՂ-ով է փոխարինել նաեւ Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի՝ տեսակամրջի ժամանակ հնչեցրած խոսքի սղագրությունում։ Մասնավորապես, Ղազարյանն ասել է․ «Արցախյան կողմը չի մերժել [Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները՝ խմբ․] մի պարզ պատճառով, որ արցախյան կողմն ամենից շահագրգիռ կողմն է նման իրական երկխոսության մեջ․․․»։ 1lurer-ը գրել է այսպես․ «ԼՂ կողմը չի մերժել Բաքու-Ստեփանակերտ հանդիպում անցկացնելու առաջարկը: [․․․] ԼՂ կողմը չի մերժել մի պարզ պատճառով. որ ամենից շահագրգիռ կողմ է նման իրական երկխոսության մեջ»: Ներսիսյանը նաեւ ասել է․ «․․․ արցախյան կողմը իր հերթին խաղաղապահների միջոցով փոխանցել է առաջարկներ հանդիպումների մասին․․․», բայց 1lurer-ը գրել է այսպես․ «ԼՂ կողմն իր հերթին բազմիցս խաղաղապահների միջոցով փոխանցել է առաջարկներ․․․»։ Նշենք նաեւ, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ անդրադարձել էր Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանման օգտագործմանը՝ նշելով, որ դա տարակուսանք է առաջացնում, որովհետեւ մինչեւ վերջերս մշտապես օգտագործվում էր Արցախ անվանումը։  Infocom-ը փորձեց կապ հաստատել կայքի խմբագիր Լուսինե Բարսեղյանի եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ՝ ճշտելու, թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Ի դեպ՝ օրերս factor.am-ը հրապարակում էր արել այն մասին, որ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն ամեն օր կայքում հրապարակում է Հանրապետության տարածքում սպասվող եղանակի կանխատեսումը, նախկինում ՀՀ մարզերում սպասվող եղանակը ներկայացնելուց հետո՝ վերջում՝ մարզերին կից, ներկայացնում էր նաեւ Արցախում սպասվող եղանակը, բայց հունիսի 28-ից եղանակի կանխատեսման մեջ Արցախի փոխարեն նշում է Լեռնային Ղարաբաղ, ավելին՝ այն առանձնացված է ՀՀ մարզերից։ Նախարարությունից մեկնաբանել էին, թե «Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ընդունված տերմին է»։ Հայարփի Բաղդասարյան
21:02 - 11 հուլիսի, 2023
Ադրբեջանը մաքսանենգության կեղծ պատրվակով փորձում է ԼՂ-ում Կարմի Խաչի գրասենյակը ենթարկել Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը մաքսանենգության կեղծ պատրվակով փորձում է ԼՂ-ում Կարմի Խաչի գրասենյակը ենթարկել Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին. Արցախի ՄԻՊ

Վերջին շրջանում ադրբեջանական պետական քարոզչամեքենան ակտիվորեն շրջանառում էր ԼՂ-ում ԿԽՄԿ գրասենյակն Արցախից դուրս հանելու կամ Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին ենթարկելու ապօրինի պահանջն՝ անընդհատ առիթ փնտրելով այն հիմնավորելու և իրականացնելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն, ընդգծելով, որ «մաքսանենգության կեղծ պատրվակով՝ Ադրբեջանի հուլիսի 11-ի քայլն այդ ստոր քաղաքականության իրականացմանն ուղղված գործողությունների շղթայի մի մասն է: «Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով Հայաստանից Արցախ վերադարձող բուժառուների և նրանց ուղեկիցների, ինչպես նաև դեղորայքի առանց այն էլ սահմանափակ քանակի մուտքն Արցախ՝ այս անգամ «մաքսանենգության» կեղծ պատրվակով: Աշխարհի ոչ մի կետում ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներն այնքան մանրազնին չեն խուզարկվում ինչքան Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետում, որը միտված է դիտավորյալ խոչընդոտելու Արցախում միակ միջազգային մարդասիրական կազմակերպության կողմից իրականացվող առաքելությանը: Ադրբեջանն ակնհայտորեն արհամարհում է միջազգային իրավունքով սահմանված ԿԽՄԿ հատուկ կարգավիճակը, որը ենթադրում է ԿԽՄԿ անձնակազմի, տրանսպորտային միջոցների և բեռների անձեռնմխելիությունը: Սա Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ գործունեությունը իրականացնելու համար միտումնավոր խոչընդոտներ հարուցելու առաջին դեպքը չի: Նախկինում ադրբեջանական կողմն ապօրինի արգելափակված հատվածում պահանջել էր իրականացնել ԿԽՄԿ վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային ու մեքենաների ստուգումներ: Հարուցված խոչընդոտների հետևանքով հունիսի 15-ից 10 օր շարունակ ամբողջովին կասեցված էր ԿԽՄԿ կողմից դեպի Արցախ մատակարարվող դեղորայքի և բուժառուների երկկողմանի տեղափոխումը: ԿԽՄԿ գործունեությանը խաթարելով՝ ադրբեջանական կողմը հերթական անգամ ապացուցում է, որ մարդասիրական հարցերը և հումանիտար ճգնաժամը օգտագործվում են որպես Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ճնշում գործադրելու և անտանելի կենսապայմաններ ստեղծելու լծակ: Վերջին շրջանում ադրբեջանական պետական քարոզչամեքենան ակտիվորեն շրջանառում էր ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի գրասենյակի Արցախից դուրս հանելու կամ Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին ենթարկելու ապօրինի պահանջը՝ անընդհատ առիթ փնտրելով այն հիմնավորելու և իրականացնելու համար: Եվ այս քայլը այդ ստոր քաղաքականության իրականացմանն ուղղված գործողությունների շղթայի մի մասն է կազմում»,- ասված է Արցախի ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքով երթևեկությունը ժամանակավոր դադարեցրել է՝ որպես պատճառ նշելով այն, թե հայերը ԿԽՄԿ մեքենաների միջոցով փորձել են բենզին, ծխախոտ և այլ ապրանքներ տանել Արցախ։  Ավելի ուշ ԿԽՄԿ-ից հայտնեցին՝ տեղյակ են Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին․ «Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա  ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից»։
16:38 - 11 հուլիսի, 2023
Քաղաքական հայտարարությունները, որ արվում են ՀՀ տարբեր խորհրդարանականների կողմից, որոշակի խոչընդոտներ են հարուցում․ Արցախի ՄԻՊ

Քաղաքական հայտարարությունները, որ արվում են ՀՀ տարբեր խորհրդարանականների կողմից, որոշակի խոչընդոտներ են հարուցում․ Արցախի ՄԻՊ

Քաղաքական հայտարարությունները, որ արվում են տարբեր խորհրդարանականների կողմից, կարող եմ ասել, որ որոշակի խոչընդոտներ են հարուցում, երբ տարբեր քննարկումների ժամանակ հենց նաեւ մեր միջազգային գործընկերների կողմից մատնանշվում են, վկայակոչվում են այդ հայտարարությունները։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Այս առումով կարող եմ անվերպահորեն ասել, որ ցանկալի կլիներ, որ ՀՀ-ի հանրային իշխանությունը ներկայացնող մարմինների, կառույցների կամ ներկայացուցիչների կողմից նման հայտարարություններ չհնչեն, որոնք ընդհանուր գործին իրենց վնասն են հասցնում։ Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք չեն բխում Արցախի ժողովրդի շահերից եւ կասկածի տակ են դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը մեր պարագայում այլեւս ակնհայտ է, որ հավասարազոր է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքին»,- ընդգծեց Ստեփանյանը։ Նա նշեց, որ մի կողմից աշխատանք է տարվում, որ միջազգային հանրության կողմից ամբողջությամբ ընկալվի ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակը․ «Կարող եմ ասել, շրջափակման շուրջ յոթ ամսվա ընթացքում սպառնալիքներն այսքան ընդգծված եւ արտահայտված չեն եղել, որքան հիմա են։ Մենք իրապես խոսում ենք գոյաբանական սպառնալիքի մասին, եւ ես ուզում եմ, որ նաեւ ՀՀ մեր հայրենակիցները եւ հայաստանյան հասարակությունը ավելի ճիշտ եւ հստակ հասկանա, թե ինչ իրավիճակ է այսօր Արցախում։ Իրավիճակի լրջությունը եւ այն սպառնալիքը, որ այսօր Արցախում ապրող մարդու գլխին կախված է, անգամ հայաստանյան հասարակության մեջ ամբողջական չի ընկալվել, եւ այն հանդարտությունը, որ կա Հայաստանում, երբեմն նաեւ հայկական սփյուռքում Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ, ինձ համար անընդունելի է»։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելով Արցախում ստեղծված իրավիճակը, հայտարարել էր․ «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղն այն ըմբռնմամբ, որ ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվի Բաքվի ու ԼՂ հայության ներկայացուցիչների միջև՝ նման երկխոսության համար միջազգային ներկայությամբ»։
12:13 - 06 հուլիսի, 2023
Արցախի ՄԻՊ-ը փաստեր է հրապարակել Արցախում ՀՀ զինծառայողների գտնվելու մասին ադրբեջանական պնդումների կեղծ լինելու վերաբերյալ

Արցախի ՄԻՊ-ը փաստեր է հրապարակել Արցախում ՀՀ զինծառայողների գտնվելու մասին ադրբեջանական պնդումների կեղծ լինելու վերաբերյալ

Արցախի ՄԻՊ-ը փաստեր է հրապարակել, որոնք ապացուցում են, որ Արցախում ՀՀ զինծառայողների գտնվելու մասին ադրբեջանական պնդումները կեղծ են: «2023 թ․ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված հերթական ագրեսիայի հետևանքով զոհված չորս զինծառայողներից երկուսի՝ Սամվել Թորոսյանի և Երվանդ Թադևոսյանի մարմինները ՀՀ տեղափոխելու և Եռաբլուրում հուղարկավորելու՝ նրանց ծնողների խնդրանքն ու ԿԽՄԿ֊ի կողմից տեղափոխման հանգամանքն ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից օգտագործվում են՝ պնդելու, որ Արցախում գտնվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ։ Ադրբեջանն այս պնդմամբ անթաքույց տեղեկատվական հող է նախապատրաստում Արցախի դեմ նոր հարձակումներ նախաձեռնելու համար, ինչի մասին արդեն իսկ խոսվում է ադրբեջանական լրատվական դաշտում։ Ադրբեջանի այս պնդումը կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ, որն ապացուցելու համար, զոհված զինծառայողների հարազատների թույլտվությամբ, հրապարակում ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հավաքագրված փաստերը։  Սամվել Տիգրանի Թորոսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում 2003 թվականի դեկտեմբերի 16-ին (Նկար 1` Սամվել Թորոսյանի ծննդյան վկայականը)։ Հաճախել է Ստեփանակերտի համար 7 հիմնական դպրոցը։ Այնուհետև կրթությունը շարունակել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրում (քոլեջ)՝ քաղաքաշինական կադաստր որակավորմամբ (Նկար 2` Սամվել Թորոսյանի դիպլոմը)։ Նա բարձրագույն կրթություն էր ստանում Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի տնտեսագիտության և իրավագիտության ֆակուլտետում՝ տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ (Նկար 3` Սամվել Թորոսյանի՝ ուսանողի անձնական քարտը)։ Սամվել Թորոսյանն Արցախի Հանրապետության քաղաքացի էր, հաշվառված էր Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում (Նկար 4` Սամվել Թորոսյանի անձնագիրը)։ Զորակոչվել է Ստեփանակերտի զինվորական կոմիսարիատից։ Ընտանիքը և հարազատները մշտապես բնակվում են Ստեփանակերտում։ Երվանդ Հովհաննեսի Թադևոսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում 2003 թվականի մայիսի 27֊ին (Նկար 5` Երվանդ Թադևոսյանի ծննդյան վկայականը)։ Հաճախել է Բերձորի Վ․Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Հիմնական կրթությունն ավարտել է 2018 թվականին (Նկար 6` Երվանդ Թադևոսյանի հիմնական կրթության վկայականը)։ Երվանդ Թադևոսյանն Արցախի Հանրապետության քաղաքացի էր, հաշվառված էր Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում (Նկար 7` Երվանդ Թադևոսյանի անձնագիրը)։ Զորակոչվել է Քաշաթաղի զինվորական կոմիսարիատից։ 2020 թ֊ի պատերազմից հետո Երվանդ Թադևոսյանի ընտանիքը՝ որպես բռնի տեղահանված ընտանիք, ապաստան է գտել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում՝ շարունակելով պահպանել Արցախի Հանրապետության քաղաքացիությունը։ Կանխելու համար ներկայացվող փաստաթղթերի շուրջ հնարավոր շահարկումները՝ հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը տրվում են Հայաստանի Հանրապետության կողմից՝ հաշվառման հասցեի տարբերությամբ: Դա վաղուց հայտնի մոտեցում է, որը կիրառվում է Արցախի չճանաչվածության պատճառով, որպեսզի Արցախի բնակիչները կարողանան ճամփորդել և իրացնել իրենց իրավունքները նաև այլ երկրներում: Այդ մոտեցումը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր չճանաչված պետությունների քաղաքացիների համար՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի ու հարաբերությունների բացթողումները մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Սամվել Թորոսյանին ու Երվանդ Թադևոսյանին Հայաստանի Հանրապետության «Եռաբլուր» զինվորական հուշահամալիր-պանթեոնում հուղարկավորելու որոշումը կայացրել են նրանց ծնողները՝ իրենց իրավունքների շրջանակներում: Հարկ է հիշեցնել, որ սա նոր մոտեցում չէ, և նախընթաց տարիներին Արցախի Հանրապետության բազմաթիվ զոհված քաղաքացիներ նույնպես հուղարկավորվել են Եռաբլուրում՝ հաշվի առնելով այդ պանթեոնի համազգային նշանակությունը: Ինչ վերաբերում է Արցախի Պաշտպանության բանակի շարքերում իբր ՀՀ քաղաքացիների (բնակիչների) զինծառայության վերաբերյալ ադրբեջանական կեղծ պնդումներին, ապա Մարդու իրավունքների պաշտպանի շարունակական փաստահավաք ջանքերը վկայում են, որ 2021 թ. ի վեր Արցախում զինծառայություն են իրականացնում միայն Արցախի Հանրապետության քաղաքացիներն ու բնակիչները: Ուստի, միջազգային հանրության պատասխանատու դերակատարների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը, խրախուսված շրջափակման ու ռազմական ագրեսիաների անպատժելիությամբ, նոր պատրվակներ է փնտրում Արցախի ժողովրդի հանդեպ հերթական հանցավոր գործողությունների իրականացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:16 - 01 հուլիսի, 2023
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հունիսի 28-ին Արցախում զոհված 2 զինծառայողների մարմինները տեղափոխվել են ՀՀ

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հունիսի 28-ին Արցախում զոհված 2 զինծառայողների մարմինները տեղափոխվել են ՀՀ

Հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով: Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար: Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը»,- հայտնում է Ստեփանյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան, Գագիկ Բալայան:
12:14 - 01 հուլիսի, 2023