«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են մեծ տրամաչափով զենքի կրակոցներ․ Ալեն Սիմոնյան

Ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են մեծ տրամաչափով զենքի կրակոցներ․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին մեր սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են «մեծ տրամաչափով զենքի կիրառման կրակոցներ»․ «Հետեւությունները թողնում եմ Ձեզ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ ինքը մասին բազմաթիվ անգամներ ասել է, որ ընդդիմության գործողությունները գրեթե միշտ համընկնում են կա՛մ կարեւոր այցերի հետ, օրինակ՝ ՌԴ ղեկավարի կամ ԵՄ ղեկավարների, կա՛մ սահմանում տեղի ուենցող իրադարձությունների հետ․ «Ես չեմ համարում, որ դա զուգադիպություն է, համարում եմ, որ ինչ-որ ձեւերով դա համակարգվում է, եւ այն բացահայտումները, որ այսօր արդեն ԱԱԾ-ի կողմից արվում են, դրա մի մասն են, բայց մեր քաղաքացիները ամեն ինչ հասկանում են եւ չեն միանում, եւ այդ ակցիաները գնալով սակավ մարդկանցով են տեղի ունենում»,- նշեց նա։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ երբ իրենք էին ընդդիմություն, նույն բանը իրենց վերաբերյալ էին ասում, Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ ասելով․ «Գիտեք՝ ինչ, երկու բան․ նախ նույնության մասին ով-ով, իրենք չպետք է խոսեն, որովհետեւ բացի երեւի մորուք պահելուց, ամեն ինչ կրկնում են, եւ չեն հասկանում, որ եթե ուզում ես ինչ-որ բան անել, չի նշանակում, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ պահի դա արել է, դու էլ, նույնն անելով, կհաջողես, դրա ձեւերը շատ երկար կարող եմ բացատրել։ Ինչ վերաբերում է նույնությանը, 2018 թ․-ին սահմանին տեղի չէր ունենում այն, ինչ հիմա է տեղի ունենում, եւ այդ խոսակցությունը մի կարճ պահ տեւեց»։ Սիմոնյանի կարծիքով՝ արդեն երկարատեւ ժամանակ է՝ այնպիսի տպավորություն է, թե ընդդիմության գործողությունները եւ հայտարարությունները կարծես հարեւան երկրի ՊՆ լրատվական բաժնից լինեն․ «Եւ ոչ միայն իմ մոտ է այդ տպավորությունը, իմ խոսքերը դնենք մի կողմ, տեսեք՝ գործողություն, կրակոց, գործողություն, կրակոց, սա ես չեմ ասում, սա ուղղակի փաստ է»։
13:02 - 03 մայիսի, 2022
Ալեն Սիմոնյանը բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ է գնահատում

Ալեն Սիմոնյանը բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ է գնահատում

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր անդրադարձավ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողություններին՝ ընդհանուր առմամբ, այն գնահատելով համաչափ։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե «ոստիկանությունը բոքսում էր» քաղաքացուն, դրա՞ համար էր ինքը երեկ շնորհակալություն հայտնում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․   ««Ոստիկանությունը բոքսում էր» արտահայտությունը հանեք ձեր լեքսիկոնից, մի կոնկրետ դեպքը ընդհանրացնել եւ հոգնակի թվով ներկայացնելը պատիվ չի բերում ե՛ւ ձեզ, ե՛ւ լրատվամիջոցին, որովհետեւ եթե ես խնդրեմ ասել այդպիսի մեկ, երկու, երեք դեպք, դուք դա չեք անի» ։ Երբ լրագրողները հիշեցրին երեկ տեղի ունեցած բռնության այլ դեպք, մասնավորապես՝ լրագրողի նկատմամբ, Սիմոնյանն ասաց․ «Դե ես ասացի՝ բացի 2-3 դեպքից․․․» Դիտարկմանը, թե 3 դեպքը արդեն հոգնակի է, ԱԺ նախագահը արձագանքեց՝ ասելով․ «Հիմա սա Ձե՞ր հարցազրույցն է թե՞ իմ, վերջացավ Ձեր հարցը, ես այլեւս չեմ պատասխանի»։ Այնուհանդերձ, ԱԺ նախագահը նշեց, որ այդ դեպքի մասին լսել է, բայց բավականին քիչ է հետեւում ակցիաներին եւ ընդհանուր առմամբ, ոստիկանության գործողությունները գնահատում է համաչափ։ Նա կրկին շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որ պահպանում են մյուս քաղաքացիների իրավունքները եւ թույլ չեն տալիս, որ տարբեր փոքր միջոցառումներ խանգարեն մնացած քաղաքացիների իրավունքները․ «Բայց միեւնույն ժանանակ կրկնում եմ, որ հարգանքով եմ վերաբերվում այն քաղաքացիներին, ովքեր իրենց իրավունքն են իրացնում, ազատ ցույցեր, երթեր իրականացնում, կարող եք տեսնել՝ ոստիկանությունը ինչպես է ուղեկցում, նաեւ ընդդիմադիր գործիչներն են նշում, որ ոստիկանության աշխատակիցները օգնում, աջակցում են, երբ ինչ-որ դեպք է տեղի ունենում, համենայն դեպս պետք է հասկանանք, որ գործողություններ, քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, եւ ոստիկանությունը իր աշխատանքն է իրականացնում»,- ասաց նա։
12:50 - 03 մայիսի, 2022
Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ընդդիմության հետագա անելիքները

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ընդդիմության հետագա անելիքները

Հանրահավաքին հաջորդած երթից հետո մասնակիցները կրկին վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ խոսեց հետագա անելիքների մասին․ Սաղաթելյանն ասաց, որ շարունակելու են մնալ հրապարակում։  «Վաղը առավոտվանից՝ 8։15, կրկին սկսում ենք անհնազանդության բողոքի ակցիաները։ Տարբեր խմբեր կգտնվեն վաղը մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կպարալիզացնեն քաղաքը, մեր մնացած հայրենակիցները, ժամը 8։30-ից սկսած, սպասում ենք այս հրապարակում, այստեղից կձավորենք խմբեր, և ամեն մեկս կգնանք մի ուղղությամբ»,-ասաց Սաղաթելյանը։  Սաղաթելյանը քաղաքցիներին կոչ արեց միանալ պայքարին․ «Որտեղ մենք շատ էինք, Ոստիկանությունը որևէ կերպ չէր կարողանում խոչընդոտել այն, ինչ ուզում էինք անել, որտեղ մեր ուժերը չէին հերիքում, կարողանում էին ձերբակալել, բերման ենթարկել։ Հետևաբար, շատ կարևոր է ձեր բոլորի ներկայությունը։  Մեր բոլոր քաղաքացիները, առաջարկում եմ, վաղը Երևանում իրենք մեքենան վարել առավելագույնը 15 կմ/ժամ արագությամբ, խաչմերուկների տակ 3-5 վայրկյան սպասել, նոր շարժվել։ Մեխանիկորեն ունենալու ենք այն, ինչ բոլորս ուզում ենք»։ Սաղաթելյանը նշեց, որ վաղվանից պետք է փակեն նաև մարզային ճանապարհները։  «Վաղը առավոտվանից, կոչ եմ անում մարզերում գտնվող հայրենակիցներին, միաժամանակ փակել մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողանան կենտրոնանալ Երևանում»։ Իսկ ուսանողներին Սաղաթելյանը կոչ արեց շարունակել դասադուլը․ «Կոչ եմ անում մեր երիտասարդությանը վաղը շարունակել դասադուլը և միանալ պայքարին, ծնողներին կոչ եմ անում երեխաներին չուղարկել դպրոց, հայտարարել դասադուլ, միանալ մեզ, գործարաններին կոչ եմ անում, մի քանի օր դադարեցրե՛ք աշխատանքը և միացե՛ք մեզ»։ Սաղաթելյանը անդրադարձավ նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի վաղվա հանդիպմանը․ «Վաղը Հայաստանի բանագնացը՝ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ կողմից հանդիպելու է իր թուրք գործընկերոջ հետ։ Ընդամենը ուզում եմ փոխանցել, որ դուք ժողովրդի կողմից մանդատ չունեք բանակցելու»,- նշեց Սաղաթելյանը։ 
21:11 - 02 մայիսի, 2022
Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան․ դա Ոստիկանությունն է, էսօր Ոստիկանությունն իր սահմանն անցել է․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան․ դա Ոստիկանությունն է, էսօր Ոստիկանությունն իր սահմանն անցել է․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան․ դա Ոստիկանությունն է։ Էսօր Ոստիկանությունն իր սահմանն անցել է՝ Ոստիկանության որոշ ներկայացուցիչներ։ Այս մասին ընդդիմության կազմակերպած հանրահավաքին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Իշխան Սաղաթելյանը դիմեց ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին․  «Եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի և բռնի միջոցների, ուրեմն ես քեզ այս հրապարակից այս ժողովրդի անունից խոստանում եմ՝ ուսադիրներդ պոկելու եմ, ու դու պատժվելու ես դրա համար։ Սաղաթելյանի խոսքով՝ իրենք ֆիքսել են ոստիկանների, ովքեր բացահայտ բռնության են ենթարկել քաղաքացուն։  «Մենք Ոստիկանության հետ հարց չունենք, բայց Ոստիկանության մեջ, ակնհայտ է, կան մարդիկ, էսօր մենք ֆիքսել ենք նաև երկու հոգի, ովքեր բացահայտ բռնության են ենթարկել քաղաքացուն։ Մեկ անգամ ևս զգուշացնում ենք․ ո՞վ է պատասխանատվություն կրում այդ անձանց լկտի պայվածի համար։ Մենք տեղեկություն ունենք՝ որոշ օլիգարխներ, քանի որ Ոստիկանության ուժերը չեն բավարարում ճնշել մեր հայրենակիցների ցասումը և բողոքը, որոշ օլիգարխներ համազգեստով Ոստիկանության իրենց  ախրաննիկներին ուղարկում են ժողովրդին ճնշելու»,- նշեց Սաղաթելյանը։  ԱԺ փոխխոսնակը կոչով դիմեց նաև միջազգային հանրությանը․  «Դիմում եմ միջազգային հանրությանը․ այս դեպքերին պետք է դեսպանատները, իրավապաշտպան կազմակերպությունները արձագանքեն և գնահատական տան։ Իրենք իրենց լռությամբ նպաստում են, որ կառավարության ղեկին հայտնված խելագարը [Նիկոլ Փաշինյանը] շարունակի իր բռնությունները։ Հետևաբար, պահանջում ենք, որ շատ հստակ գնահատական տան միջազգային մեր գործընկերները ստեղծված իրավիճակին»։ Սաղաթելյանը դիմեց նաև մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին և ՄԻՊ աշխատակազմին․ «Երբ որ ընտրվում էր ՄԻՊ-ը, խորրդարանական երկու խմբակցությունները հայտարարեցին, որ ինքն, ըստ էության, Նիկոլի պաշտպանն է և ոչ թե մարդու իրավունքների։ Էս օրերին ակնհայտ դա ապացուցվում է։ Դեռ շանս և հնարավորություն ունի ՄԻՊ-ը, ասի, որ նման ինստիտուտ կա Հայաստանում»,- ասաց Սաղաթելյանը։ Նշենք, որ ՄԻՊ-ը հաղորդագրություն էր տարածել՝ արագ արձագանքման խմբերի աշխատանքի նախնական ամփոփմամբ։  Իսկ վերջում Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին առաջարկեց երթ անցկացնել, կրկին փակել ճանապարհները և վերադառնալ հրապարակ։  
19:01 - 02 մայիսի, 2022
Բերման ենթարկվածների մեծ մասն ազատ արձակվեց
 |azatutyun.am|

Բերման ենթարկվածների մեծ մասն ազատ արձակվեց |azatutyun.am|

azatutyun.am: Առավոտից մայրաքաղաքում բերման ենթրակված հարյուրավոր ցուցարարների մեծ մասը մի քանի ժամ անց ազատ է արձակվել, հաղորդում են ոստիկանությունից։ Անհնազանդության ակցիաների ժամանակ բաժին էր տարվել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկելու համար։ Նրա գործընկերը՝ Գեղամ Մանուկյանն, ապօրինի որակեց իրավապահների այս քայլը՝ պնդելով, թե Սահմանադրությամբ պատգամավորին կարող են ազատազրկել միայն հանցանք կատարելու վայրում։ «Բացառությամբ, երբ բռնվել է հանցանք կատարելու վայրում, Աշոտ Սիմոնյանը հանցանք է կատարե՞լ, որ բերման են ենթարկել։ Պատգամավորին բերման ենթարկելն անօրինական է, եթե չի ձերբակալվում հանցանքի վայրում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը։ Ոստիկանության Էրեբունու բաժնում երեք ժամ անցկացնելուց հետո ազատ արձակվեցին նաև մոտ երեք տասնյակ ընդդիմադիր ցուցարարներ։ «Հրահրում էին որպեսզի մենք ինչ-որ բան անենք, այսինքն՝ հարվածենք ոստիկանին, ձայն բարձրացնենք։ Կանգնած բերման ենթարկվածը սպասում է, որ իրականացվի գործողություն, պրոցեսը գնա, կազմվի արձանագրություն և այլն, ոստիկանը էդ ամեն ինչը թողած, փոխանակ իրա գործով զբաղվի, սադրում է», - ասաց ցուցարարներից Զավենն, ով ևս ազատ է արձակվել։ Ոոստիկանությունը վարչական տուգանք է կիրառել՝ պարտավորեցնելով 50 հազար դրամ վճարել՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ 26-ամյա Զավենն ասաց, որ չի պատրաստվում վճարել այդ տուգանքը, քանի որ անօրինական ոչինչ չի արել։
16:50 - 02 մայիսի, 2022
Բավականին լուրջ անձնավորություններ ունենք բոլոր ոլորտներում, ովքեր պրոֆեսիոնալ կերպով կարող են իրենց ոլորտները ղեկավարել․ Օհանյանը՝ վստահության կառավարության մասին

Բավականին լուրջ անձնավորություններ ունենք բոլոր ոլորտներում, ովքեր պրոֆեսիոնալ կերպով կարող են իրենց ոլորտները ղեկավարել․ Օհանյանը՝ վստահության կառավարության մասին

Փողոցային պայքարը միանշանակ անհրաժեշտություն է, որովհետև դրանք այն գործողություններն են, որոնք կստիպեն այս իշխանություններին առաջինը փորձել խելքի գալ, բայց կարծում եմ, որ այս իշխանությունների օրոք երբևիցե Հայաստանը ճիշտ ուղու վրա չի լինելու զարգանալու։  Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Դրա համար այս գործողություններն են, որ պետք է գեներացնեն այն ամբողջ ուժը, որ մեր ժողովուրդը հասկանա, որ յուրաքանչյուրը պետք է կանգնի մեր արժանապատվության պահպանման համար։  Կեղծ օրակարգ է, որ եթե մենք ըմբոստանանք, հակառակորդը կարող է սադրանքներ իրականացնել։ Ազնիվ օրակարգը մեր արժանապատվությանը պաշտպանության կանգնելն է, ազնիվ օրակարգը մեր ողնաշարն ուղղելն է հետագա պայքարի համար»։ Խոսելով այն քաղաքացիների մասին, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանին, սակայն չեն ուզում մասնակցել ակցիաներին, որտեղ ներգրավված են նախկին իշխանությունների ներկայացուցիչները՝ Օհանյանն ասաց․ «Մենք պետք է համապատասխան աշխատանք տանենք յուրաքանչյուր քաղաքացու հետ, և յուրաքանչյուր քաղաքացի իր համոզմունքների մեջ պետք է վստահ լինի, որ այս ճանապարհը ճիշտ ճանապարհ է, և չպետք է հնազանդվել և էսպես կուրորեն գնալ թուրքահպատակության։  Դրա համար համոզելու աշխատանքն ամենաբարդ աշխատանքն է, համոզման մեթոդը ամենադժվար մեթոդն է։ Ավելի հեշտ մեթոդ է այսպիսի բիրտ ուժ կիրառել, ինչպես այսօր կիրառեցին այսօրվա իշխանությունները։ Եթե այսքան ուժ ունեին նրանք՝ ոստիկանություն և այլ ուժային կառույցներ, թող այդ ուժերը տանեին Շուշի, Հադրութ և պաշտպանեին մեր հայրենիքը», - նշեց Օհանյանը։  Օհանյանը ներկայացրեց, թե որոնք են լինելու ընդդիմության քայլերը։ Նշեց՝ մենք ամեն ինչ անելու են, որ հայ ժողովրդի վստահությունը բարձր մակարդակի վրա պահեն․ «Լինելու է երևի ժամանակավոր կառավարություն, վստահության կառավարություն, բարձր պրոֆեսիոնալների կառավարություն, որոնք էլ հետագա քայլերը քաղաքական առումով կորոշեն, նկատի ունեմ՝ ընտրություններ կլինեն և այլ քայլեր։  Ուզում եմ նաև մեր ժողովրդին ասել․ չպետք է վախենալ «հին» ասելուց։ «Հին» ասել չի նշանակում միայն ու միայն թերություններ, միայն ու միայն բացթողումներ։ Հին իշխանությունների մենձ ձեռք են բերել անկախություն, հին իշխանության օրոք մեր իշխանության բոլոր թևերը ձևավորվել են և զարգացել են, հին իշխանությունների օրոք մենք բանակ ենք ձևավորել և նաև Արցախում հաղթանակ ենք ունեցել, Հայաստանն ու Արցախը միասին զարգացել են։ Նոր իշխանությունների օրոք է, որ անփորձների մի թիմ է այսօր հայտնվել մեր իշխանության ղեկին, և մեր երկիրը բերեցին հասցրին այս իրավիճակին»։ Պատգամավորը հայտնեց՝ պարտադիր չէ, որ «հները» բոլորը լինեն իշխանության ղեկին։ «Իհարկե, խելացի մարդիկ միշտ փորձի հետ նաև կիրառում են նաև երիտասարդությունը, բայց միայն փորձի հետ, որովհետև փորձը պետք է գերակայի։ Եվ նաև պետք է անցումային գործողություններ իրականացնել, ասենք՝ մեր երիտասարդներին նախապատրաստելու ժամանակ։ Բայց նաև հների մոտ մի առավելություն կա․ այս իշխանությունները դեռևս չեն գնահատում, դասեր չեն քաղել իրենց բացթողումներից, իրենց սխալներից։ Ես, օրինակ, տեսնում եմ և՛ իմ սխալները, տեսնում եմ և՛ այսօրվա իշխանությունների սխալները։ Ես ավելի լավ հետևություններ կարող եմ անել, թե ինչպիսի ուղով մեր երկիրը պետք է գնա։ Հին, փորձառու, մանավանդ՝ ռազմական ոլորտում փորձառու մարդկանցից չպետք է խուսափել», - ասաց նա։ Հարցին, թե ովքեր պետք է լինեն վստահության կառավարության թիմում, պատասխանեց․ «Ես հիմա չեմ  ասել, կարծում եմ, ,որ հայի գենը թույլ է տալիս մեզ ասելու, որ բավականին լուրջ անձնավորություններ ունենք բոլոր ոլորտներում, ովքեր պրոֆեսիոնալ կերպով կարող են իրենց ոլորտները ղեկավարել»։
15:58 - 02 մայիսի, 2022
Իշխան Սաղաթելյանը ցուցարարներին խորհուրդ տվեց՝ տաք հագնվել ու վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ |armenpress.am|

Իշխան Սաղաթելյանը ցուցարարներին խորհուրդ տվեց՝ տաք հագնվել ու վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ |armenpress.am|

armenpress.am: Հայ Յեղափոխական Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմության անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 14:00-ն, իսկ ժամը 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք: «Ժամը 18:00-ին հրավիրում ենք հանրահավաքի, իսկ մինչ այդ ժամը մենք այստեղ ենք և էլի շարունակելու ենք բողոքի տարբեր ակցիաները: Այս ընթացքում, այս անձրևի պայմաններում պետք չի, որպեսզի որևէ մեկը հիվանդանա: Ձեզանից յուրաքանչյուրը մեզ համար կարևոր է և անհրաժեշտ: Ժողովուրդ ջան, ձեր օրն այնպես կազմակերպեք, որ անընդհատ այս հրապարակում մարդ լինի: Եթե չեք կարող 4 ժամ անընդմեջ այստեղ լինել, գնում եք տուն, ապա տաք հագնվեք ու կրկին վերադարձեք»,- Ֆրանսիայի հրապարակում դիմելով ցուցարարներին՝ ասաց Սաղաթելյանը:
13:27 - 02 մայիսի, 2022
Իշխան Սաղաթելյանը խոսել է «Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիների թալանը հետ բերելու մասին»

Իշխան Սաղաթելյանը խոսել է «Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիների թալանը հետ բերելու մասին»

Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանը ձևավորելու է նոր կառավարության կազմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Այդ կառավարությունը պետք է լինի արժանիների կառավարություն, պետք է լինի պրոֆեսիոնալ կառավարություն, ինչը չի կարող լինել մեկ անհատի կամ կուսակցության, այլ լինելու է այս պայքարին մասնակցած ուժերի կողմից կարող, պրոֆեսիոնալ մարդկանց կառավարություն, ովքեր կստաձնեն երկիրը այս իրավիճակից դուսր բերելու պատասխանատվությունը և կհրաժարվեն էն քաղաքական գծից, որ իրականացնում է Նիկոլը»։ Սաղաթելյանի խոսքով՝ միասին կորոշեն, թե ով է գլխավորելու այդ կառավարությունը։ «Առնվազն մի քանի արժանի թեկնածուներ կան»,- ասել է նա։ Լրագրողներից մեկը հարցրեց Սաղաթելյանին․ «Դուք Ձեր ելույթներից մեկում ասել եք, որ գալու եք իշխանության և այս իշխանությունների տված խոստումները կյանքի եք կոչելու, այդ թվում նաև թալանն եք հետ բերելու։ Երբվանի՞ց սկսած եք թալանը հետ բերելու»։ Սաղաթելյանը պատասխանեց․ «Ե՛վ վերջին 4 տարիներին, ինչ որ արել են, և՛ դրանից առաջ»։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք դրանից առաջ ասվածը վերաբերում է նաև Ռոբեչտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության տարիների թալանին, Սաղաթելյանը պատասխանեց․ «Բոլոր տարիներին։ Ովքեր իրականում մեր պետությունից գողացել են, և կան դրա ապացույցները, օրենքով սահմանված հնարավորությունները, այո՛, պետք է դա լինի»։  
12:48 - 02 մայիսի, 2022
Ոստիկանների կողմից փողոցները բացվելիս կիրառվում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցների կիրառում չի նկատվել․ Դանիել Իոանիսսյան

Ոստիկանների կողմից փողոցները բացվելիս կիրառվում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցների կիրառում չի նկատվել․ Դանիել Իոանիսսյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Իրազեկ քաղաքացիների միավորման» թիմը ժամը 8:30-ից տեղերում հետևում է բողոքի գործողություններին: Այս ընթացքում փակվել են փողոցներ միմիայն Երևանի կենտրոնում և Արաբկիրում: Մայրաքաղաքի մուտքերի, ինչպես նաև դրա ծայրամասերում ու մարզերում փողոցների փակման փորձեր չեն նկատվել: Ժամը 10:00-ի դրությամբ պարբերաբար փակվում և ապա ոստիկանների կողմից բացվում են տարբեր փողոցներ մայրաքաղաքի կենտրոնում, ավելի կայուն փակ է Ֆրանսիայի հրապարակը (վրաններով) ու Կիևյան փողոցը (բեռնատարերով): (10։40-ի դրությամբ Կիևյան փողոցը երթևեկելի է, - խմբ․) Ոստիկանների կողմից փողոցները բացվելիս կիրառվում է ֆիզիկական ուժ (երբեմն՝ նաև անհամաչափ): Հատուկ միջոցների կիրառում չի նկատվել: Համարյա բոլոր դեպքերում ուժ գործադրելուց առաջ ոստիկաններ բանավոր առաջարկում են փողոցը բացել, բայց, ցավոք սրտի, լինում են նաև դեպքեր, երբ ուժը գործադրվում է առանց նախազգուշացման: Նկատվել են դեպքեր, երբ ցուցարարները նոր փակված փողոցներում վեճի են բռնվել վարորդների հետ, բայց դա չի շարունակվել ոստիկանների ժամանումից հետո»:  
10:42 - 02 մայիսի, 2022
«Մինչև 44-օրյա պատերազմը հնարավոր էր բանակցել, հնարավոր էր այնպես անել, որ երկիրը չներգրավվի պատերազմի մեջ»․ Սեյրան Օհանյան

«Մինչև 44-օրյա պատերազմը հնարավոր էր բանակցել, հնարավոր էր այնպես անել, որ երկիրը չներգրավվի պատերազմի մեջ»․ Սեյրան Օհանյան

Այսօր 16։30-ից մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ Ընդմիջումից հետո կազմակերպիչները հայտնեցին, որ վրանների մի մասն արդեն տեղադրված է։  Ելույթ ունեցավ ՀՀ պաշպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։ Նա հայտարարեց, որ պայքարի կենտրոնը պետք է լինի յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր գյուղ, բնակավայր, յուրաքանչյուր տուն։ «Եվ եթե մենք մտածում ենք մեր ապագայի մասին, ապա յուրաքանչյուր սիրտ պետք է լինի այդ պայքարի հիմքը։ Ամեն մեկս մեր խղճի կամոք, մեր սրտի թելադրանքի ներքո պետք է մտածենք՝ պե՞տք է անկախ լինի հայ ժողովուրդը, թե՞ ոչ, թե՞ մենք պետք է, էսպես ծնկի իջած, ենթարկվենք այն բոլոր պայմաններին, որ այսօր թելադրում են Հայաստանի Հանրապետության իշխանություններին», - նշեց Օհանյանը։ Սեյրան Օհանյանն հայտարարեց, որ մինչև 44-օրյա պատերազմը հնարավոր էր բանակցել․ «Այսօրվա իշխանություններն ասում են, որ այս պայմաններով հնարավոր չէ այս կամ այն գործունեությունը։ Ես ձեզ ուզում եմ ասել հետևյալը․  մինչև 20 թվականի 44-օրյա պատերազմը հնարավոր էր բանակցել, հնարավոր էր խելացի բանակցային քաղաքականությամբ այնպես անել, որ երկիրը չներգրավվի պատերազմի մեջ։ Նրանք միտումնավոր կամ անգրագիտությամբ (կապ չունի իմ համար) իմ հայրենիքի ճակատագրի հետ են խաղացել՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի։ Պատերազի ժամանակ, նրանք ասում են, որ հնարավոր չէր պայքարել։ Իհարկե, ձեր անկազմակերպվածության, պետությունը ռազմական ռելսերի վրա չդնելու պայմաններում, երկիրը չհամախմբելու պայմաններում, սև ու սպիտակի բաժանելու պայմաններում անհնարին էր։ Այն մեծ անօրինականությունների, խառնաշփոթի պայմաններում, իհարկե, անհնարին էր։ Իսկ դուք գնացեք, հարցրե՛ք իմ ծառայակից ընկերներին, իմ մարտական ընկերներին, իմ այսօրվա գաղափարակից ընկերներին՝ հնարավո՞ր էր պատերազմում այնպես անել, որ գոնե չպարտվենք, Գոնե Հադրութի, Շուշիի լեռնաանտառային պայմաններում մենք կանգեցնեինք նրան։ Հնարավո՛ր էր։ Հնարավոր էր նաև հաղթանակ տանել,  բայց մատը մատին չենք խփել, ոչ միայն օրենսդիրը, ոչ միայն գործադիրը», - ասաց ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում։ Նա նշեց, որ ո՛չ դատախազությունը, ո՛չ մնացած իրավապահ մարմինները «մատը մատին չեն խփել անօրինականությունները, խառնաշփոթը մարտի դաշտում և ՀՀ թիկունքում կարգի բերելու, կանգնեցնելու, վերախմբավորում իրականացնելու և հաղթելու համար»։ «Ոչ մեկը՝ ո՛չ Քարվաճառում, ո՛չ Մարտակերտում, ո՛չ Ակնայում, ո՛չ Մարտունիում կռվող ո՛չ հրամանատար, ո՛չ զինվոր, մեղավոր չէ, որ հարավային հատվածում  մխրճում է եղել․ բոլորը հերսաբար կռվել են։ Մալաձյեց այն բոլոր այն վայրերում, որ հրամանատարն ու զինվորը կռվել են, բայց ոչ մալաձյեց այս երկրի իշխանություններին, որոնք, խորքում կանգնելով, չեն տեսել այդ թատերաբեմը, ուժ չեն կուտակել այդ մխրճումը, ճեղքվածքը փակելու համար։ Իսկ ես ասում եմ՝ հնարավո՛ր էր դա անել։ Հնավոր էր ՀՀ սահմաններն ամրապնդել», - հայտարարեց նա։ Օհանյանն անդրադարձավ բանակի բարեփոխումներին․ «Եվ այս պայմաններում, մեկուկես տարի է անցել, խոսում են թմբկահարում են (կներեք, այս բառը պիտի օգտագործեմ), երգում են բանակի բարեփոխումների մասին։ Մեկուկես տարի է անցել, ես ցավով եմ ասում, բայց այդ բարեփոխումներն այն տեմպերով չեն իրականացվում։ Իսկ հավատացե՛ք, որ բանակն այն կառույցն է, որն ամենաարագը, պետք է վերականգնի իր ողնաշարը, ամենաարագը պետք է վերականգնի իր մարտունակությունը։ Եվ հավատացե՛ք, որ այսօր զինվորներն էլ տրամադրված են, և բանակը ժողովրդի կողքին է։ Այսօր, երբ խոսում ենք խաղաղության դարաշրջանի մասին, կուրորեն գնալ, մտնել խաղաղության խաբկանքի մեջ անընդունելի է։ Սո՛ւտ են ասում, որ ասում են՝ եթե դուք այստեղ հավաքվեք, Ադրբեջանը կհարձակվի։ Եթե նույնիսկ հարձակվի, պետության ղեկավարության, այսօրվա բանակի խնդիրն է։ Ընդհակառակը, եթե մենք այսօր այստեղ չպայքարենք մեր ինքնության համար, կասեն՝ սրանք ժողովուրդ ե՞ն, թե՞ չէ, ա՛յ մարդ, սրանք ուզում են չոքած մնա՞ն թուրքի առաջ։ Հավատացա՛ծ եղեք, և՛ բանակը կարելի է վերականգնել արագ տեմպերով, և տնտեսությունը  կարելի է վերականգնել արագ տեմպերով, և՛ կարելի է արագ տեմբերով բանակցային գործընթացում ունենալ հաջողություններ, որովհետև բանակցային գործընթացը միջազգային երաշխիքներ է ձևավորում խաղաղության համար։ Այս իշխանությունների՝ 2021 թ․ ծրագրում նշված է հետևյալը, որ ՀՀ կառավարության համար անվտանգության երաշխիք է խաղաղությունը։ Խաղաղությունը երաշխիք չի կարող լինել․ խաղաղությունն անվտանգության հիմնարար արժեք է այնպես, ինչպես անկախությունը, պաշտպանունակությունը», - հայտարարեց նա։
19:36 - 01 մայիսի, 2022
Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության հետագա անելիքները

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության հետագա անելիքները

Առաջիկա օրերին պետք է ցույց տալ, որ էս մարդը [Նիկոլ Փաշինյանը] չունի նաև իշխանություն։ Այս մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:  «Դիմում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը․ դուք գերի եք այս մեկ մարդու ձեռքում, ձեզանից մեծամասնությունը իրականում կապ չունի կամ անմիջական առնչություն չունի այդ բոլոր հանցանքների և որոշումների հետ։ Դուք ունեք պատմական շանս ձեր սխալը ուղղելու, կանգնելու ժողովրդի կողքին։ Հետագայում ուշ է լինելու։ Հասկացե՛ք, գիտակցե՛ք և առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում որոշո՛ւմ կայացրեք» ,- ասաց Սաղաթելյանը։  Սաղաթելյանը խոսեց նաև անելիքների մասին և հայտարարեց, թե վաղվանից ինչ քայլերի է դիմելու ընդդիմությունը։  «Այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում։ Այս հրապարակում քիչ հետո կտեղադրվեն վրաններ և համապատասխան միջոցներ, որպեսզի գիշերը կարողանանք անցկացնել, վաղը առավոտ՝ ժամը 8։30-ից սկսած, մենք սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ, վաղը Կենտրոն համայնքում, հատկապես, որևէ մեքենայի շարժ պետք է չլինի վաղը հանրապետության բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ, կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ուսանողներին․ վաղվանից սկսե՛ք դասադուլ և գործադուլ, Երբեք այլ հայացքներ ունեցող քաղաքացիների հետ կոնֆլիկտի չեք բռնվում․ իրենք մեր քույրերն ու եղբայրներն են, մեր հայրենակիցներն են, մենք անկարգություններ չենք անելու․ բայց պինդ, վճռական, մինչև վերջ և կազմակերպված գնալու ենք առաջ։ յուրաքանչյուրդ յուրովի դրսևորե՛ք ձեր բողոքի ակցիան, յուրաքանչյուրդ փակե՛ք ձեր հայաթի փողոցը, ձեր գյուղի փողոցը, ցո՛ւյց տվեք, որ սրանք իշխանություն չունեն։ «Հայաստանում իշխանությունը այս հրապարակն է և ժողովուրդը»,- եզրափակեց Սաղաթելյանը։ 
17:50 - 01 մայիսի, 2022
Վերջ ենք տալու սևերի ու սպիտակների բաժանմանը,  լինելու ենք միասնական, կերտելու ենք իրական ժողովրդավարությունը․ Արամ Վարդևանյան

Վերջ ենք տալու սևերի ու սպիտակների բաժանմանը, լինելու ենք միասնական, կերտելու ենք իրական ժողովրդավարությունը․ Արամ Վարդևանյան

Այսօրվա հանրահավաքը խաղաղության համար է․ մենք նոր պատերազմ չենք ուզում, մենք նոր զոհեր չենք ուզում, մենք դուրս ենք եկել պայքարի հանուն խաղաղության, բայց իրական խաղաղության։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։  «Նիկոլ Փաշինյանը խոստանում է, իբր, խաղաղություն, բայց բերում է միայն պատերազմ ու մահեր ու ամեն օր էդ իրականության մեջ ապրեցնում է մեզանից յուրաքանչյուրին։ Մենք էլ ասում ենք՝ մեր օրակարգը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որ լինի իրական խաղաղություն»,-ասաց նա: Վարդևանյանի խոսքով՝ վերջ են տալու պառակտմանը, վերջ են տալու սևերի ու սպիտակների բաժանմանը։ «Մենք լինելու ենք միասնական, հզոր ու ուժեղ և կերտելու ենք իրական ժողովրդավարությունը, իրական արժեքները, հայ մարդու արժեքները։ «Բնական է, բոլոս էլ հասկանում ենք․ 30 տարվա մեջ եղել են մեծ, փոքր, միջին սխալներ, տո է՛լ լկտի չինովնիկներ են եղել, է՛լ վատ դատավորներ են եղել, որոնց մեծ մասը մինչև հիմա կա։ Բայց մի բանը հստակ ա․ էդ վատ բարքերը, վատ երևույթները, որոնք եղել են նախկինում, ու որոնք կան հիմա։ Որ, օրինակ, կարելի է մեկ անձից միլիարդավոր գնումներ անել, որ կարելի է պետական բյուջեի միջոցները ավտոների վրա վատնել։  Էդ ամենը չի՛ լինելու, դրան վերադաձ չի՛ լինելու»։
17:28 - 01 մայիսի, 2022
Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան
 |news.am|

Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Անցնող մեկ շաբաթվա ընթացքում  հայ  ժողովուրդը ապացուցեց, որ ոտքի է կանգնել եւ  մերժում է օրվա իշխանության քաղաքական գիծը: Այս մասին այսօր` մայիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց «Դիմադրություն» շարժման համկարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: «Իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու: Արձանագրում թիվ 2, հայ ժողովուրդը միասնական դուրս եկավ փողոց եւ ամբողջ աշխարհին ասաց, որ ինքը իր  ճակատագրի եւ ապագայի տերն է, հայ ժողովուրդն է որոշում, որ տեր է Արցախին, տեր է Հայաստանին, փաստեց, որ հայ ժողովրդի ճակատագիրը Ալիեւից եւ Նիկոլից կախված չէ»,-ասաց նա: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ մայիսի 1-ը պատմական օր է, միասնականության եւ վերջնական հաղթանակի գնալու սկիզբ է: «Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է այդ կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի, սա է մեր առջեւ դրված խնդիրը»,- ասաց նա: Իշխան Սաղաթելյանի առաջարկությամբ հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը:   Գլխավոր լուսանկարը՝ iravaban.net-ի 
16:55 - 01 մայիսի, 2022