Կորոնավիրուս

Խուճապահար գնումներ կատարելու կարիք չկա. պաշարները մեծ են |lragir.am|

Խուճապահար գնումներ կատարելու կարիք չկա. պաշարները մեծ են |lragir.am|

lragir.am: Առևտրի խոշոր ցանցերում սննդամթերքի գների թանկացում տեղի չի ունեցել վերջին օրերին: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: «Երեկ տեսանք, որ մարդիկ խուճապահար վիճակով որոշակի խանութներից գնումներ են կատարում: Դրա անհրաժեշտություն ընդհանրապես չկա: Մենք ունենք հիմնական ապրանքների ծավալներ, նույնիսկ շաքարավազի ծավալն այնքան շատ է, որ կբավականացնի դեռևս մեկ տարի, նույնը վերաբերում է ալյուրին: Ուղղակի կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին մեծ ծավալների գնումներ չանել, դրա անհրաժեշտությունը բնավ չկա, որովհետև որևէ ապրանքի գծով այս պահին չունենք անհանգստացնող երևույթ»,- նշեց նա: Գեղամ Գևորգյանն ասաց, որ չեն կարող ՀՀ բոլոր փոքր խանութներում հսկել իրավիճակը, բայց որևէ խոշոր խանութում գների որևէ բարձրացում չկա: «Մենք ամենօրյա կտրվածքով ստանում ենք ինֆորմացիա, նույնիսկ այսօր կխնդրեմ մեր խոշոր տնտեսվարողներին, որ նախկին և ներկա գները հրապարակեն, որ տեսնենք, որ նման խնդիր չկա»,- նշեց նա: Ինչ վերաբերում է Իրանից բեռների ներկրման սահմանափակումներին՝ Գևորգյանն ասաց, որ չկա այդ երկրից ներկրվող այնպիսի ծավալի ապրանք, որը կարող է շուկայում դեֆիցիտ առաջացնել:
13:08 - 02 մարտի, 2020
Մեր քաղաքացիներին կոչ ենք անում խուսափել բեռնափոխադրումերի համար Իրան տեղափոխվելուց և բեռներ ներկրելուց․ Նիկոլ Փաշինյան

Մեր քաղաքացիներին կոչ ենք անում խուսափել բեռնափոխադրումերի համար Իրան տեղափոխվելուց և բեռներ ներկրելուց․ Նիկոլ Փաշինյան

Այն հայրենակիցներին , որոնք որևէ ախտանիշ չունեն, կրկին կոչ եմ անում խստիվ հետևել Առողջապահության նախարարության  հայտնի պաստառների վրա առաջարկվող միջոցներին, պահպանել անձնական հիգիենայի կանոները, նրանց, ում մոտ կան որոշակի ախտանշաններ՝ կոչ եմ անում ինքնաբուժմամբ չզբաղվել, դիմել առողջապահական հաստատություններ և սպասել պատասխաններին։ Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստից հետո ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բնական է, որ վերջին օրերին ահազանգերի թիվն ավելացել է, բայց, բարեբախտաբար,  այդ ահազանգերից ոչ մեկը մինչև այս պահը չի հաստատվել որպես կորոնավիրուսով հիվանդացության դեպք»,- նշել է նա։ Վարչապետն ասել է, որ աշխատանքային խումբն այսօր կպատրաստի կառավարության որոշումները, իսկ կառավարությունը  հեռակա նիստով այդ որոշումները կընդունի։ Վաղվանից արդեն դրանք կմտնեն ուժի մեջ։ «Կա արդեն որոշում որ ուսումնական  հաստատություններում մեկ շաբաթ  արձակուրդը առաջ է բերվել,  շաբաթվա վերջում կտեսնենք իրավիճակը և, ըստ այդմ,  կկայացնենք որոշումներ։  Գիտեմ, որ հարց է հնչելու, թե ինչու  այլ ուղղություններով հաղորդակցությունները չենք փակում։ Նախ, չենք կարող բոլոր ուղղությունները փակել, որոհետև դա նշանակում է՝ 100 տոկոսով մեկուսանալ։ Այս  պահին մենք գնահատում ենք ռիսկային ուղղությունները  և ավելի  ինտենսիվ աշխատանքներ ենք տանում ամենառիսկային ուղղություների մասով»,- ասել է նա։ Վարչապետի խոսքով՝ կխստացվեն նաև բեռնափոխադրումների տեղափոխման գործընթացները։ Այսօր ՊԵԿ-ը և Էկոնոմիկայի նախարարությունը  միասին կաշխատեն, բեռների համար էլի կարվեն բացառություններ՝ ըստ անհրաժեշտության ։ «Պետք է խնդրենք, որ մեր քաղաքացիները խուսափեն բեռնափոխադրումերի համար Իրան տեղափոխվելուց և բեռներ ներկրելուց»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։  
12:58 - 02 մարտի, 2020
Դիմակների նոր խմբաքանակի ձեռքբերման դեպքում դրանց գինը կբարձրանա․ ՏՄՊՊՀ նախագահ

Դիմակների նոր խմբաքանակի ձեռքբերման դեպքում դրանց գինը կբարձրանա․ ՏՄՊՊՀ նախագահ

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացնելով շուկայում տիրող իրավիճակը, ասաց. «Երեկ մոտ իննսուն դեղատներում դիտանցում ենք կատարել,չհաշված ցանցերը։ Դիմակների խնդիրնը հետևյալն է, տեղի է ունեցել դիմակների արտահանում, ընդ որում ոչ խոշոր վաճառողների կողմից,խոշոր դեղատնային ցանցերը դիմակ չեն արտահանել։ Այս պահին կան ցանցեր, որ դիմակ գոյություն չունի, բայց գին չի բարձրացվել, փոքր դեղատներում կա դիմակի գների բարձրացում, նույնիսկ մեզ ուղարկում են, որ List.am-ում են դիմակ վաճառում, բայց դրանք  տնտեսվարող սուբյեկտներ չեն և մեր հսկողության տակ չեն գտնվում։ Դրսի մեր գործընկերները հայտարարել են, որ աշխարհում կա դիմակների դեֆիցիտ և գների բարձրացոըն, այսինքն, եթե նոր խմբաքանակներ կարողանան ձեռք բերել, կլինի թանկ», - ասաց նա։ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունն ունի պահեստավորած դիմակներ։ Պահեստավորված դիմակներ ունեն նաև խոշոր դեղատնային ցանցերը։ Ինչ վերաբերում է ախտահանիչ նյութերին, ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ ախտահանիչ նյութերի քանակի խնդիրն առաջացել է մեկ-երկու օրվա ընթացքում, որովհետև կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի մասին իմանալուց հետո քաղաքացիները մեծ քանակությամբ սկսել են գնել ախտահանիչ նյութեր։ Սակայն դեղատներում ախտահանիչ նյութերի դեֆիցիտ չկա։ 
12:54 - 02 մարտի, 2020
Հինգ օրվա ընթացքում ժամանակավորապես կվերականգնվի Իրանի հետ վիզային ռեժիմը․ Նիկոլ Փաշինյան

Հինգ օրվա ընթացքում ժամանակավորապես կվերականգնվի Իրանի հետ վիզային ռեժիմը․ Նիկոլ Փաշինյան

Հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա համաճարակային իրավիճակը՝ մենք որոշում կայացրինք երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ․ մենք կսկսենք Իրանի հետ վիզայի ռեժիմը ժամանակավորապես վերականգնելու գործընթացը, և հինգ օրվա ընթացքում վիզային ռեժիմը կվերականգնվի։ Այս մասին Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի ընդլայնված նիստի ավարտին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյան և հավելեց․ «Իհարկե,  Իրանի մեր գործընկերների հետ  մշտական կապի մեջ  ենք և մեր զորակցություն ենք հայտվում Իրանի ժողովրդին և կառավարությանը այս դժվար իրավիճակը հաղթահարելու գործում և մեր հնարավորությունների սահմանում կաջակցենք  մեր հարևան և բարեկամ ժողովրդին»։ Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի ամփոփման ընթացքում վարչապետը նշեց, որ աշխատանքային խումբը կոչ է անում կրճատել ճանապարհորդությունների թիվը, մանսավորապես՝ Իտալիա և Թուրքիա։ «Իհարկե, առողջապահության նախարարությունը և կառավարությունը բոլոր անհրաժեշտ և հասուն միջոցառումները ձեռնարկում են, բայց և՛ մասնագետների և՛ մեր այսօրվա քննարկման  ամենակարևոր եզրակացությունը այն է, որ ամենահուսալի  միջոցը, կորոնավիրուսի  տարածման կանխարգելումը  յուրաքանչյուր մարդու ինքնապատասխանատվությունն է»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
12:33 - 02 մարտի, 2020
Երկրների թիվը, որտեղ կորոնավիրուս Է հայտնաբերվել, հասել Է 65-ի |armenpress.am|

Երկրների թիվը, որտեղ կորոնավիրուս Է հայտնաբերվել, հասել Է 65-ի |armenpress.am|

armenpress.am: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մարտի 2-ին հաստատել Է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը. երկու պացիենտներն Էլ հոսպիտալացվել են: Այսպիսով, այն երկրների թիվը, որտեղ հայտնաբերվել Է կորոնավիրուսային վարակը, կազմել Է 65:Նախօրյակին վարակման առաջին դեպքերն են գրանցվել Չեխիայում եւ Դոմինիկյան Հանրապետությունում:Չինաստանում, որտեղից նոր կորոնավիրուսն սկսել Է տարածվել մյուս երկրներ, վիրուսից զոհերի թիվը հասել Է 2912-ի՝ մեկ օրում ավելանալով 42-ով: Այդ մասին մարտի 2-ին հայտնել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն: Նրա տվյալներով՝ Չինաստանի տարածքում վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել Է 80 հազարը:Կորեայի Հանրապետությունում, որն ինֆեկցիայի խոշորագույն օջախն Է դարձել ՉԺՀ-ի սահմաններից դուրս, վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 476-ով՝ հասնելով 4212-ի. մահացել Է 22 մարդ, տեղեկացրել Է երկրի առողջապահության նախարարությանն առընթեր հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման կենտրոնը:Նոր տիպի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ մարտի 2-ին արտահերթ արձակուրդներ են սկսվել Ճապոնիայի դպրոցների մեծ մասում: Երկրի 47 պրեֆեկտուրաներից միայն մեկը, որտեղ վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել, հրաժարվել Է դադարեցնել դպրոցական պարապմունքները: Ներկա դրությամբ Ճապոնիայում նշվել Է վարակման 961 դեպք, 12 մարդ մահացել Է: Վարակվածների հիմնական մասը՝ 705 հոգի, Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմի անդամներն են:Իտալիայի իշխանությունները, որը Եվրոպայում կորոնավիրուսի հիմնական օջախն Է (1,5 հազարից ավելի վարակվածներ, 34 մահացած), երկարացրել են ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի միջոցառումների գործողության ժամկետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:30 - 02 մարտի, 2020
Երեկվա ընթացքում մենք 3-4 կասկածել դեպք ենք ախտորոշել, բոլորի դեպքում թեստի պատասխանները բացասական են եղել․ Նիկոլ Փաշինյան

Երեկվա ընթացքում մենք 3-4 կասկածել դեպք ենք ախտորոշել, բոլորի դեպքում թեստի պատասխանները բացասական են եղել․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը այսօր ժամը 10-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ նիստ է  անցկացրել: Նիստի ավարտին, խոսելով վարկված քաղաքացու և մեկուսացված քաղաքացիների առողջական վիճակի մասին, վարչապետը նշել է․ «Նախ արձանագրենք, որ երեկվանից իրադրության նեգատիվ որևէ փոփոխություն չունենք, այսինքն՝ կորոնավիրուսով հիվանացության նոր դեպք չունենք։ Այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, և պատասխանները բացասական են։ Այս պահի դրությամբ մենք սպասում ենք 9 թեստերի պատասխանների և պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք»։ Վարչապետը հորդորել է խուճապի չմատնվել, քանի որ սա հաղթահարելի հիվանդություն է, և առայժմ  միակ վարակված հիվանդը փաստացի բուժում չի ստանում, որովհետև ոչ մի բողոք, անգամ ջերմություն չունի։ «Երեկվա ընթացքում մենք 3-4 կասկածել դեպք ենք ախտորոշել, բոլորի դեպքում թեստի պատասխանները բացասական են եղել։ Կարծում եմ՝ այսօրվա ընթացքում կկարողանանք թեստավորել մյուս ինը հոգուն։ Հասարակությունը կիմանա երկրորդ, վերջնական թեստի արդյունքները, որպեսզի չճշտված ինֆորմացիա չտանք»,- նշել է նա։
12:05 - 02 մարտի, 2020
Արցախում ևս գարնանային արձակուրդները տեղափոխվել են մարտի 2-7-ը

Արցախում ևս գարնանային արձակուրդները տեղափոխվել են մարտի 2-7-ը

Արցախի Հանրապետության կառավարությանը կից ստեղծված՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, փետրվարի 29-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի հայտնաբերման փաստով պայմանավորված, որոշում է ընդունել մարտի 23-29-ի գարնանային արձակուրդները տեղափոխել մարտի 2-7-ը ներառյալ: Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունից։ Աղբյուրի   հաղորդմամբ՝ հետագա որոշումները կընդունվեն և կհրապարակվեն՝ համաճարակաբանական հսկողության պահանջներին համապատասխան: Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը քննարկում է բաց թողնված պարապմունքները լրացնելու խնդիրն ուսումնական ծրագրի բեռնաթափման և ուսումնական գործընթացի ռեժիմի փոփոխությամբ լուծելու հնարավորությունները: «Ստեղծված իրավիճակում կարևորում ենք բոլորի և յուրաքանչյուրի համարժեք վարքագիծը՝ համաճարակի տարածումը կանխարգելելու և անհրաժեշտության դեպքում՝ պայքարի արդյունավետ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Հորդորում ենք առաջնորդվել  առողջապահության համաշխարհային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունների կողմից հրապարակված ուղեցույցներով: Հիգիենայի սահմանված կանոններին հետևելը զգալիորեն կնվազեցնի գրիպի, կորոնավիրուսային վարակի և այլ սուր շնչառական վիրուսային վարակի և դրանց հետագա տարածման ռիսկը: Շարունակեք հետևել պաշտոնական հաղորդագրություններին Արցախի Հանրային հեռուստատեսությամբ և ԿԳՍ ու ԱՆ նախարարությունների կայքէջերով և ֆեյսբուքյան էջերով: Մաղթում ենք բոլորիդ առողջություն»- տեղեկացնում է ԿԳՍ նախարարությունը: Ավելացնենք, որ Արցախի Հանրապետության տարածքում սուր շնչառական ուղիների հիվանդությունների և համաճարակաբանական ընդգծված ֆոնի պատճառով Արցախի տարածքում գործող բոլոր հանրակրթական հաստատություններում փետրվարի 21-22-ը, այնուհետև 25-29-ը՝ բոլոր նախակրթարաններում և այն դպրոցներում ու մասնագիտական հաստատություններում, որտեղ դասերից բացակայությունների թիվն անցել է թույլատրելիի սահմանը, դադարեցվել են ուսումնական պարապմունքները: Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը և Առողջապահության նախարարությունը համատեղ այս որոշումն ընդունել են՝ հիվանդությունների հետագա տարածումը կանխելու նպատակով, միաժամանակ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի ներթափանցման ռիսկերը: Կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ, հանրապետությունում վերջին օրերին նկատվել է սուր շնչառական հիվանդության դեպքերի նվազման միտում, ինչն արձանագրվել է նաև բուժհաստատություններ դիմելիության և շտապ օգնության կանչերի թվի նվազմամբ: Այս ընթացքում մանկապարտեզներում, դպրոցներում և ուսումնարաններում իրականացվել են ախտահանման, օդափոխման և շենքերում ջերմային ռեժիմի կարգավորման լրացուցիչ աշխատանքներ:
09:50 - 02 մարտի, 2020
TIME. Բավարար բժշկական դիմակներ չկան. Ահա, թե ինչու մոտ ապագայում իրավիճակի բարելավում չի լինի |ampop.am|

TIME. Բավարար բժշկական դիմակներ չկան. Ահա, թե ինչու մոտ ապագայում իրավիճակի բարելավում չի լինի |ampop.am|

ampop.am: Եթե անհանգստացած եք կորոնավիրուսով և չեք կարողանում բժշկական դիմակներ ձեռք բերել, TIME ամերիկյան պարբերականում հրապարակված այս նյութում առկա տվյալները կբացատրեն, թե ինչն է պատճառը։ Աշխարհում բժշկական դիմակների ամենամեծ արտադրողը Չինաստանն է, որի արտադրական հզորությունն օրական կազմում է 20 միլիոն դիմակ։ Մինչդեռ արտադրողների գնահատմամբ՝ միայն ներքին պահանջարկն օրական մոտ 50-ից 60 միլիոն է կազմում: Այնպես որ զարմանալի չէ, որ ձեր մոտակա դեղատներում դիմակներ չկան։ Որոշ փորձագետներ թերահավատ են, որ այդ դիմակներն արդյունավետ են՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը։ ԱՄՆ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վարակը հիմնականում տարածվում է օդակաթիլային եղանակով, երբ վարակված անձը հազում կամ փռշտում է։ «Բժշկական դիմակը կարող է որոշ չափով պաշտպանել, բայց այն բավարար չէ», – ասում է Վանդերբիլտի համալսարանի կանխարգելիչ բժշկության պրոֆեսոր Ուիլյամ Շաֆները: Ինչևէ, սա չի նվազեցնում պահանջարկը։ Համաճարակի ծավալները Չինաստանում, որտեղից սկիզբ է առել վիրուսը, և որտեղ գրեթե 78 500 մարդ արդեն վարակված է [առ փետրվարի 27], ինչպես նաև վիրուսի շարունակվող տարածումն ամբողջ աշխարհում, հանգեցրել է դիմակների համաշխարհային դեֆիցիտի։ Բազմաթիվ երկրների մանրածախ առևտրի կետերում վերջանում են դիմակները։ Amazon-ի նման մանրածախ առևտրի առցանց հարթակներում մեկ տուփ դիմակի գինը կտրուկ բարձրացել է: Երկուշաբթի օրը, օդային տեսանկարահանող սարքերը ֆիքսել են, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ Հարավային Կորեայի Դաեգու քաղաքում, որտեղ համաճարակը շարունակվում է, դիմակներ գնելու հերթ կանգնել։ Այն օրը, երբ Իտալիայում հաստատվեց ավելի քան 370 վարակվածների մասին լուրը, արդյունաբերական ապրանքների խանութը բացվելուն պես՝ 30 րոպեում վաճառեց ավելի քան 500 արդյունաբերական դիմակ: Չինական պահանջարկը գերազանցում է առաջարկը Ըստ Չինաստանի պաշտոնական աղբյուրների՝ փետրվարի կեսերի տվյալներով Չինաստանում դիմակ արտադրողներն իրենց օրական արտադրանքի 76% են թողարկում՝ օրական 20 միլիոն դիմակի փոխարեն արտադրելով մոտ 5 միլիոնով պակաս: Իսկ բժշկական N95 դիմակները, որոնք կրում են բուժաշխատողները լրացուցիչ պաշտպանվածության համար, ավելի քիչ են արտադրվում՝ օրական 200 000 հատ՝ պայմանավորված դրանց պատրաստման առավել բարդ տեխնոլոգիայով և անհրաժեշտ նյութերով: Հնարավոր է Չինաստանում դիմակների պահանջարկն անգամ ավելին է, քան մասնագետների հաշվարկներն են: Հյուսիսային Կարոլինայի առողջապահական ընկերության կենտրոնական գրասենյակի ռազմավարական մատակարարման ներգրավվածության փոխնախագահ Չան Փոուելը, TIME-ին հայտնում է, որ Չինաստանում բժշկական դիմակների օրական պահանջարկը կարող է գերազանցել 400 միլիոնը, եթե յուրաքանչյուր աշխատողի մեկ հերթափոխի համար մի քանի դիմակ տրամադրվի: Դեֆիցիտը կրճատելու համար դիմակների արտադրության հետ կապ չունեցող չինական որոշ ընկերություններ ևս սկսել են բժշկական դիմակներ արտադրել։ Չինաստանում Apple ֆիրմայի iPhone արտադրող Foxconn ընկերությունն իր արտադրանքի մի մասի փոխարեն դիմակներ է արտադրում։ Ընկերությունը նպատակ ունի մինչև ամսվա վերջ օրական երկու միլիոն դիմակ արտադրել: Դիմակներ են արտադրում նաև Չինաստանի հարավային Գուանսի-Չժոունի ինքնավար շրջանի ավտոարտադրողները։ Չկարողանալով պահանջարկը սեփական արտադրանքով բավարարել՝ Պեկինը փորձում է դիմակներ ներկրել նաև դրսից: Փետրվարի սկզբին Ինդոնեզիան հայտնել է, որ Չինաստանի կողմից ինդոնեզական արտադրության դիմակների պատվերները հավասար են նրանց երեք ամսվա արտադրանքին։ Վիետնամը նույնպես հսկայական քանակությամբ դիմակներ է արտահանել Չինաստան: Տեղեկություններ կան, որ չին առևտրականները նույնիսկ սկսել են հեռավոր Քենիայի և Տանզանիայի շուկաներով հետաքրքրվել։ Դիմակների դեֆիցիտ է ամբողջ աշխարհում Ըստ սոցիալական ցանցերով շրջանառվող հաղորդագրությունների՝ Գերմանիայի, Կանադայի, Իտալիայի և մինչև անգամ ԱՄՆ-ի դեղատներում բժշկական դիմակների դեֆիցիտ է: Ֆրանսպրեսի լրագրողն իր թվիթերյան էջում գրել է, որ Լոնդոնի կենտրոնում միայն մեկ դեղատանն են դիմակներ վաճառվում․ մեկ դիմակի արժեքը՝ մոտ 3․25 դոլար։ Միացյալ Նահանգների խանութներում ևս՝ Նոքսվիլից մինչև Թենեսի ու անգամ Նյու Յորք, դիմակների դեֆիցիտ կա։ Իռլանդիայի Դուբլին քաղաքում բժշկական հաստատություններից մեկը հայտարարել է, որ պայքարում է խելքին մոտ գնով դիմակներ գտնելու համար: Իսկ ԱՄՆ-ի և Ավստրալիայի ատամնաբույժներն ասում են, որ իրենց ի սկզբանե Չինաստանն է մեծ քանակությամբ դիմակներ մատակարարել, և այժմ նրանց մոտ նույնպես դեֆիցիտ է։ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքից մոտ 80 մղոն հեռավորության վրա գտնվող Քվինսլենդ նահանգի 137 000 բնակչություն ունեցող Ուիթերսթ քաղաքի մի ատամնաբույժ TIME- ին հայտնել է, որ իրենք նույնպես դիմակների խնդիր ունեն։ Շարունակությունը՝ ampop.am-ում
09:21 - 02 մարտի, 2020
Անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների եւ ուղեկցողների հետ ներկայանալուց. ՀՀ ոստիկանություն

Անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների եւ ուղեկցողների հետ ներկայանալուց. ՀՀ ոստիկանություն

ՀՀ Անձնագրային եւ վիզաների վարչությունը հայտարարություն է տարածել եւ քաղաքացիներին կոչ արել մինչև 16 տարեկան երեխայի համար ցանկացած անձնագրային գործողություն կատարելու համար  անձնագրային ծառայություններ այցելել առանց երեխաների եւ ուղեկցողների:  Վարչության տարածած տեղեկատվության մեջ մասնավորապես գրված է.  «Հաշվի առնելով այն, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից հստակ տրվել են առողջության պահպանման, հնարավոր վիրուսի տարածման կանխմանն ուղղված ուղեցույցեր, խնդրում ենք նաև պահպանել հետևյալ պարզ կանոնները:1. Երբեմն օրենսդրության չիմացության արդյունքում մինչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու, բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու և այլ գործողությունների համար ծնողը անձնագրային ծառայություն ներկայանում է նաև երեխայի հետ, որի անհրաժեշտությունը բացակայում է կամ ներկայացնում է հիմնավորում, որ երեխային տանը խնամող չկա:Անհրաժեշտ է ընդունել ի գիտությունՄինչև 16 տարեկան երեխայի համար ցանկացած անձնագրային գործողություն կատարվում է առանց երեխայի պարտադիր ներկայության: Հետևաբար, անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց:2. Երբեմն անձնագրային ծառայություններ ներկայանում են ոչ միայն այն քաղաքացիները, ովքեր պետք է դիմեն կոնկրետ ծառայություն մատուցելու համար, այլ նրանց հետ գալիս են ուղեկցողներ: Խնդրում ենք զերծ մնալ ուղեկցողների հետ անձնագրային ծառայություններ ներկայանալուց:3. Տեղեկացնում ենք նաև, որ բացի անձնագիր ստանալու և ՀՀ քաղաքացության դիմում ներկայացնելու դեպքերից, մյուս բոլոր գործողությունները հնարավոր է կատարել նաև լիազորված անձի միջոցով: Հետևաբար, պետք է հաշվի առնել, որ մեկ անձը կարող է ընտանիքի մյուս անդամների, հարազատների, մտերիմների համար բացի իր համար կոնկրետ գործողության համար դիմելուց, դիմի նաև այլ անձանց համար, նույնիսկ հասարակ գրավոր լիազորագրի առկայությամբ:Շնորհակալ ենք, ըմբռնումով մոտենալու համար: Առողջության պահպանումը շատ դեպքերում նաև բոլորիս ձեռքերում է»:
09:05 - 02 մարտի, 2020
Կորոնավիրուս․ հին և նոր տեսակները, ախտանշանները, տարածման եղանակները, դեղամիջոցի ու պատվաստանյութի որոնումները

Կորոնավիրուս․ հին և նոր տեսակները, ախտանշանները, տարածման եղանակները, դեղամիջոցի ու պատվաստանյութի որոնումները

Կորոնավիրուսը վիրուսների ընտանիք է, որն ունի 30-ից ավելի ենթատեսակ։ Վիրուսը հայտնաբերվել է 1960 թվականին և իր անունը ստացել է մակերեսի վրա առկա, տարբեր կողմեր տարածվող մազիկների պատճառով, որոնք նման են թագերի։ Հայտնի է, որ կորոնավիրուսները կարող են առաջացնել մի շարք հիվանդություններ՝ սկսած սովորական մրսածությունից մինչև ատիպիկ թոքաբորբ։ Այս տեսակի վիրուսը վարակիչ է կաթնասունների համար։ Վիրուսը համեմատաբար քիչ դիմացկուն է բաց տարածքում գոյատևելու համար։ +4 °С-ի դեպքում նրա վարակելիությունը մնում է ակտիվ մի քանի տարի, ուլտրամանուշակագույն ճառագայթումը ապաակտիվացնում է վիրուսը 15 րոպեի ընթացքում, բաց միջավայրում +33 °С  ջերմատիճանի պայմաններում այն ապաակատիվանում է 16 ժամվա ընթացքում, իսկ +56°С-ի դեպքում՝ 10 րոպեում։ Կորոնավիրուսի տեսակները 20-րդ դարում կորոնավիրուսները մի շարք սուր շնչառական հիվանդությունների պատճառ էին դառնում, բայց քանի որ առաջացած հիվանդությունները հեշտ էին բուժվում, վիրուսը չէր համարվում առանձնակի վտանգավոր։ Կորոնավիրուսով պայամանավորված սուր շնչառական վարակի կամ ատիպիկ թոքաբորբի առաջին բռնկումը տեղի ունեցավ 2003 թվականին։ Վիրուսը ստացավ SARS անվանումը։ Այդ ժամանակ վարակը տարածվեց աշխարհի 33 երկրում, գրանցվեց վարակի մոտ 8 500 դեպք, որից մահացավ մոտ 800 մարդ։ Ծանր վարակի հաջորդ բռնկումը, որը տեղի ունեցավ 2012 թվականին Սաուդյան Արաբիայում, ստացավ միջինասիական շնչառական սինդրոմ անվանումը (MERS-CoV)։ Հիվանդությունը տարածվել էր Միջին Արևելքում։ Մահացավ 400-ից ավելի մարդ, որը կազմում էր վարակվածների մոտ 35%-ը։ Մարդիկ վարակվում էին, երբ շփվում էին ուղտերի կամ վարակված մարդկանց հետ՝ առանց պաշտպանության միջոցներ կրելու։ Նոր տեսակը Նոր տեսակի կորոնավիրուսը նկատվել է անցած տարվա դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում։ Ըստ գիտնականների՝ վարակի աղբյուր կարող էր լինել Ուհանի ծովամթերքի շուկան։ 2020 թվականի փետրվարի 11-ին ԱՀԿ-ն այդ նոր տեսակի վիրուսին տվեց պաշտոնական անուն՝ COVID-19։ Ուսումնասիրելով 2019-ncoV-ի կառուցվածը՝ գիտնականները պարզեցին, որ նման տիպի վիրուս հանդիպում է չղջիկների մոտ։ Գիտնականները պարզել են, որ COVID-19 վիրուսը գենետիկորեն 70,5%-ով նույնական է SARS-CoV վիրուսին․ դա, այսպես կոչված, ատիպիկ թոքաբորբի վիրուսն է։ Սակայն նոր կորոնավիուսի կլինիկական նշաններն ավելի մեղմ են, գանգատների ու մահացության ցուցանիշներն էլ ավելի ցածր։ Գիտնկանների կարծիքով՝ վիրուսի նոր տեսակը վտանգավոր է, քանի որ այն շատ արագ առաջացնում է թոքաբորբ։ Հայտնվելով մարդու օրգանիզմում՝ այն ադապտացվել է ու այժմ փոխանցվում է մարդուց մարդ ճանապարհով ևս։ Այդ է պատճառը, որ խստիվ կարգադրվում է հիվանդներին մեկուսացնել մինչև վերջնական ապաքինումը։ Վերջնական ապաքինումը, բացի ակնհայտ ախտանշանների բացակայությունից՝ ջերմություն, հազ, փռշտոց, ներառում է նաև լաբորատոր անալիզ․ հիվանդից վերջին 24 ժամվա ընթացքում վերցված 2 անալիզն էլ պետք է բացասական լինեն։ Միայն այս դեպքում կարելի է խոսել վերջնական ապաքինման մասին։ Ինչ վերաբերում է գաղտնի շրջանին, ապա կորոնավիրուսների դեպքում այն սահմանված է միջինում 14 օր, սակայն նոր COVID-19 վիրուսի պայմաններում եղել են դեպքեր, որ հիվանդության ինկուբացիոն շրջանը տևել է ավելի երկար՝ ընդհուպ 4 շաբաթ, ինչը պայմանավորված է օրգանիզմի անհատական հատկանիշներով։ Ու սա էլ է հատուկ այս տեսակի համար, ինչը ավելի է դժվարացնում և՛ ախտորոշումը, և՛ պատշաճ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը։ Ախտանշանները COVID-19 վիրուսով վարակի դեպքում շնչառական ախտանշանները կարող են տարբեր լինել՝ սկսած որևէ գանգատի բացակայությունից մինչև ծանր թոքաբորբ՝ շնչառական անբավարարվածությամբ, որը կարող է անգամ մահվան պատճառ դառնալ։ Հիվանդի մոտ, որպես կանոն, նկատվում են բարձր ջերմություն, հազ, շնչառության խանգարումներ, հոգնածություն, մկանային ցավեր, ֆարինգիտ։ Այդ բոլոր ախտանշանները զարգանում են աստիճանաբար ու թույլ արտահայտված են լինում, որոշ մարդկանց մոտ ընդհանրապես որևէ նախանշան չի նկատվում։ Հիվանդությունը ծանր ընթացք է ստանում մոտավորապես ամեն 6-րդ վարակվածի մոտ, մահացությունը կազմում է գրանցված դեպքերի 2%-ը (Առողջապահության համաշխարհային կազմկերպություն)։ Միշտ չէ, որ վիրուսն առաջացնում է թոքաբորբ․ որոշ դեպքերում հիվանդությունը կարող է ուղեկցվել նաև աղեստամոքսային խանգարումներով, փորլուծությամբ։ Հիվանդության ծանր ընթացքը կարող է հանգեցնել շնչառական խնդիրների, ընդհուպ արհեստական շնչառական սարքավորման անհրաժեշտույթան ու հիվանդին վերակենդանացման բաժին  տեղափոխելուն։ Ըստ առկա տեղեկությունների՝ վիրուսը հատկապես վտանգավոր է ցածր իմունիտետ ունեցող մարդկանց ու տարեցների համար, ինչպես նաև այն անձանց համար, որոնք ունեն այլ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, թոքերի խրոնիկ հիվանդություններ և այլն։ Վարակաբանները նշում են, որ COVID-19 վիրուսը չունի խիստ առանձնահատուկ ախտանշաններ, այն կարող է ախտորոշվել միայն լաբորատոր պայմաններում։ Ուստի, եթե Դուք վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում եղել եք վարակված երկրներից որևէ մեկում կամ շփվել եք այդպիսի անձանց հետ և այժմ ունեք նմանատիպ գանգատներ՝ բարձր ջերմություն, հազ, շնչառության խանգարումներ, ապա ոչ մի տեղ մի՛ գնացեք, ինքնաբուժությամբ մի՛ զբաղվեք, այլ միանգամից զանգահարե՛ք շտապ օգնություն։ Ինչպե՞ս է տարածվում 2019‑nCoV վիրոսուվ կարելի է վարակվել վարակակիր այլ անձանցից, հազի կամ փռշտոցի ժամանակ օդում կամ շրջապատող առարկաների վրա հայտնված մանրագույն կաթիլներից։ Բացի այդ օդը շնչելուց՝ մարդիկ կպչում են այդ առարկաներին, իսկ հետո, առանց ձեռքերը լվանալու՝ իրենց աչքերին, քթին կամ բերանին, ու այդպես վարակը հայտնվում է օգանիզմում։ Քանի որ վարակը հիմնականում տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազալիս կամ փռշտալիս, ապա նման ախտանշաններ չունեցող մարդկանցից վարակվելու հավանականությունը բավականին ցածր է, թեև լիովին բացառել չի կարելի։ Ինչ վերաբերում է դիմակներին, ապա, բժիշկների կարծիքով, դրանք ավելի շուտ պետք է կրեն վարակվածները՝ վարակը չտարածելու համար, իսկ որպես պաշտպանիչ միջոց առողջների համար նրա արդյունավետությունը բավականին ցածր է, հատպակես եթե խոսքը գնում է մեկանգամյա օգտագործման սովորական դիմակների մասին։ Ի՞նչ անել ու ինչպե՞ս պաշտպանվել Եթե Դուք բնակվում եք տարածքում, որտեղ չկա կորոնավիրուսի գրանցված դեպք, ապա առանձնապես վախենալու կարիք չկա, հետևե՛ք նշված հիգիենայի կանոններին․ հաճախ մշակե՛ք ձեռքերը սպիրտ պարունակող նյութերով կամ լվացե՛ք օճառով, խուսափե՛ք կենդանիների օրգանական մնացորդ պարունակող վայրերից, սնունդը պատշաճ ջերմային մշակմա՛ն ենթարկեք և այլն։ Եթե Դուք վերջին 14 օրվա ընթացքում վերադարձել եք երկրից, որտեղ գրանցվել են վարակի դեպքեր, կամ շփվել եք նման անձանց հետ և այժմ ունեք բարձր ջերմություն, հազ, մկանային ցավ, շնչառության հետ կապված խնդիրներ, ապա միանգամից զանգահարե՛ք շտապ օգնություն ու հենց հեռախոսո՛վ պատմեք Ձեր գանգատների մասին՝ անպայման նշելով նաև, որ վերադարձել եք վարակված երկրներից մեկից կամ այդպիսի մարդու հետ եք շփվել։ Բժիշկներն ամիջապես կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները։ Իսկ եթե բնակվում եք մի տարածքում, որտեղ գրանցվել է վարակի դեպք, առաջին հերթին խուճապի մի՛ մատնվեք, խուսափե՛ք մարդաշատ վայրերից, տնից դո՛ւրս եկեք միայն ծայրաստիճան անհրաժեշտության դեպքում, կրե՛ք դիմակ, բայց ոչ սովորական, այլ՝ կտորից, հետևե՛ք, որ այն փակի քիթն ու բերանը, ձեռքերով մի՛ կպեք աչքերին, քթին ու բերանին, գնե՛ք մոտավորապես 2 շաբաթվա ուշ փչացող կամ չփչացող սննդի պաշար ու աշխատե՛ք տնից դուրս չգալ։ Իսկ եթե Ձեզ մոտ նկատում եք որևէ գանգատ, անմիջապես դիմե՛ք բժշկի։ Նշենք նաև, որ հակաբիոտիկները չեն բուժում ոչ մի տեսակի վիրուս։ Տնային միջոցները՝ թեյ, կիտրոն, կոճապղպեղ, ևս արդյունավետ չեն, և Դուք միայն կկորցնեք թանկարժեք Ձեր ժամանակը։ Պատվաստանյութ Վարակի հայտնաբերվելուց հետո գիտնականները ձեռնամուխ եղան նոր COVID-2019 վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը։ Ուրբաթ օրը ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը նշել է, որ արդեն կա պատվաստանյութի մշակված մոտ 20 տարբերակ, որոնք ենթադրաբար կարող են լինել արդյունավետ նոր վիրուսի դեմ պայքարում։ Գիտնականներն ավելի վատատես են այս հարցում․ նրանց պնդմամբ՝ մոտ մի տարի է անհրաժեշտ, որ մշակվի ու փորձարկվի պատվաստանյութ, որի էֆեկտիվությունը կապացուցվի։ Միաժամանակ ԱՀԿ-ն նշում է, որ կան դեղորայքային միջոցներ, որոնք կարող են թեթևացնել կորոնավիրուսի ազդեցությունը։ «Այժմ կա միայն մի դեղորայք, որ, մեր կարծիքով, կարող է արդյունավետ լինել․ դա ռեմդեսիվիրն է», - այս շաբաթ՝ Պեկինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, նշել է ԱՀԿ գլխավոր տնօրենի օգնական Բրուս Ալվարդը։ Նշենք, որ ռեմդեսիվիրը փորձարարական հաբ է, որ փորձարկվել է մարդկանց վրա Էբոլա վիրուսը բուժելու նպատակով, թեև ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Էբոլայի դեպքում այն արդյունավետ չէ։ Սակայան այս շաբաթ տեղեկություն ստացվեց, որ Գալիլեայի գիտահետազոտական կենտրոնի  (MIGAL) մի շարք գիտնականներ մոտ են կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծմանը։ Դրա մասին հայտարարել էր Իսրայելի Գիտության ու Տեխնոլոգիաների նախարար Օֆիր Ակունիսը։ Կենտրոնի տնօրեն Դավիդ Զիգդոնը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է․ «Հաշվի առնելով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համամարդկային անհրաժեշտությունը՝ մենք անում ենք ամեն ինչ՝ արագացնելու գործընթացը։ Մեր նպատակն է այն ունենալ մոտակա 8–10 շաբաթվա ընթացքում և 90 օրվա ընթացքում ստանալ նաև անվտանգության հաստատումը»։ Այժմ գիտնականների խումբը սպասում է անվտնագության հաստատմանը, ինչը թույլ կտա անցնել նախակլինիկական փորձարկումներին։ Աղբյուր՝ 1,2,3,4,5Լիլիթ Հարությունյան
19:43 - 01 մարտի, 2020
Դասերը կընդհատվեն նաև արվեստի, երաժշտական դպրոցներում եւ մշակույթի ու սպորտի մանկապատանեկական կենտրոններում․ Հակոբ Կարապետյան

Դասերը կընդհատվեն նաև արվեստի, երաժշտական դպրոցներում եւ մշակույթի ու սպորտի մանկապատանեկական կենտրոններում․ Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյբուքյան էջում տեղեկացնում է, որ դասերը կընդհատվեն նաեւ քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող արվեստի, երաժշտական դպրոցներում եւ մշակույթի եւ սպորտի մանկապատանեկական կենտրոններում։ Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև։ «Հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-7-ը։ Նույն ժամանակահատվածում, Երեւանի քաղաքապետի որոշմամբ, կընդհատվի նաեւ քաղաքի ենթակայության տակ գործող մանկապարտեզների աշխատանքը։ Դասերը կընդհատվեն նաև արվեստի, երաժշտական դպրոցներում եւ մշակույթի եւ սպորտի մանկապատանեկական կենտրոններում»։  
17:34 - 01 մարտի, 2020