Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

ՍԴ նախագահը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար

ՍԴ նախագահը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար

2022 թվականի հունիսի 22-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սահմանադրական դատարանը: Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ մեծապես կարևորում է Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումներին։ Արման Դիլանյանը փաստել է, որ Եվրոպայի խորհուրդը Սահմանադրական դատարանի առաջնային գործընկերներից է, և ձևավորված փոխգործակցությունը առանցքային նշանակություն ունի իրավունքի գերակայության խթանման և դատական համակարգի հանդեպ հանրային վստահության հետագա ամրապնդման համար։ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Սահմանադրական դատարանի նախագահի այցը Ստրաբուրգ՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդն արժևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունը և պատրաստակամ է աջակցելու Հայաստանի Հանրապետությունում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։  Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացման և հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։ 
18:25 - 22 հունիսի, 2022
Խորհրդարանն ընդունեց Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների վարձատրությունը բարձրացնող նախագիծը

 |armenpress.am|

Խորհրդարանն ընդունեց Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների վարձատրությունը բարձրացնող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների վարձատրությունը կբարձրանա: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 56 կողմ ձայն: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովման նպատակով սահմանել նրանց պաշտոնին, կարգավիճակին և պատասխանատվությանը համարժեք վարձատրություն: Մասնավորապես վերանայվում է վերջիններիս վարձատրությունը՝ նրանց տրամադրվող հավելումները և հավելավճարների սահմանման միջոցով: Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով, ինչի արդյունքում ՍԴ բոլոր դատավորները կստանան հավասար չափով հավելավճարներ:
19:36 - 09 հունիսի, 2022
Էդգար Ղազարյանը սխալվում է․ Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի ընտրված նախագահ է

Էդգար Ղազարյանը սխալվում է․ Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի ընտրված նախագահ է

Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր անցկացվում էր «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով խորհրդաժողով, որին մասնակցում էին ՀՀ դատական իշխանության եւ միջազգային կառույցների բազում ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովին զուգահեռ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում ընդդիմադիր մի շարք գործիչներ եւ ցուցարարներ, որոնք ցանկանում էին ներկա գտնվել ժողովին՝ իրենց խոսքով՝ ՀՀ-ում դատական իշխանության իրական վիճակը ցույց տալու նպատակով, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չէր տալիս։ Ցուցարարների թվում էր ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, որը, զավեշտ որակելով ոստիկանության գործողությունները, առանձին անդրադարձավ նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին՝ ասելով․ «Այս կոնֆերանսի հիմնական կազմակերպիչներից մեկը ՍԴ-ն է, եւ զեկուցողներից մեկը ՍԴ նախագահ կոչվածն է, ես ուզում եմ իմանալ՝ ԵԽ կամ ԵՄ դեսպանը որտեղի՞ց են իմացել, որ Արման Դիլանյանը ՍԴ նախագահ է, երբ նման որոշում գոյություն չունի, ՀՀ պատմության մեջ կա ընդամենը երկու ՍԴ նախագահ՝ Գագիկ Հարությունյանը եւ Հրայր Թովմասյանը, որոնց ՍԴ նախագահ լինելու վերաբերյալ կա ԱԺ որոշում, Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ լինելու վերաբերյալ որոշում բնության մեջ գոյություն չունի, հիմա նրան որ դիմում են ՍԴ նախագահ, որտեղի՞ց գիտեն, որ նա նախագահ է, եթե նման որոշում գոյություն չունի»։ Էդգար Ղազարյանի այս հայտարարությունը, սակայն, մանիպուլատիվ է եւ խնդրահարույց, քանի որ Արման Դիլանյանը ոչ միայն սահմանված կարգով ընտրվել է ՍԴ նախագահ, այլ նաեւ այդ ժամանակ դեռ ՍԴ աշխատակազմի ղեկավար լինելով՝ Ղազարյանն անձամբ է այդ մասին հայտարարել, եւ լրատվամիջոցները, օրինակ՝ news.am-ը, armtimes.com-ը, armeniatoday.news-ը, նրա ֆեյսբուքյան գրառմանը հղում կատարելով են հայտնել այդ լուրը՝ կից տեղադրելով նաեւ Ղազարյանի գրառումը։ Վերջինս, սակայն, այս պահին հասանելի չէ․ ֆեյսբուքյան կարգավորումներից պարզ է դառնում, որ հեղինակը կա՛մ դրա տեսանելիությունը փակել է, կա՛մ այն ջնջել է առհասարակ։ Ինչ վերաբերում է ընտրության ընթացակարգին, ինչպես նաեւ Ղազարյանի հայտարարության այն հատվածին, որ գոյություն ունի ՍԴ երկու նախագահ, որոնց ընտրության վերաբերյալ ԱԺ-ն որոշումներ է կայացրել, իսկ Դիլանյանի ընտրության վերաբերյալ որոշում չկա, ապա դա սոսկ սահմանադրական փոփոխությունների արդյունք է։ Բանն այն է, որ թե՛ 1995 թվականի, թե՛ 2005 թվականի Սահմանադրության համաձայն՝ ՍԴ նախագահին ընտրում էր Ազգային ժողովը։ Մասնավորապես, ըստ 1995 թ․ Սահմանադրության 83-րդ հոդվածի՝ ԱԺ նախագահի առաջարկությամբ ԱԺ-ն, ի թիվս այլնի, նշանակում էր ՍԴ անդամներ եւ ՍԴ կազմից` ՍԴ նախագահ, իսկ 2005 թ․ Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, ԱԺ նախագահի առաջարկությամբ խորհրդարանը ՍԴ կազմից նշանակում էր ՍԴ նախագահ։ Համապատասխան կարգավորումներ եղել են նաեւ այդ ժամանակ գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով։ Սրանով է պայմանավորված, որ թե՛ Գագիկ Հարությունյանը, թե՛ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ են ընտրվել ԱԺ որոշմամբ, որի ժամանակ եւս կազմակերպվել է գաղտնի քվեարկություն։ 2015թ․-ին տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, որոնցով արդեն ՍԴ նախագահի ընտրության լիազորությունը տրվել է հենց ՍԴ-ին։ Ըստ այդմ, գործող Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՍԴ-ն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է ՍԴ նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Համապատասխանաբար «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ գործող օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ կազմից նախագահ կարող է ընտրվել ՍԴ դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որը ստացել է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 2020 թ․ հոկտեմբերի 12-ին հրավիրված աշխատակարգային նիստում Արման Դիլանյանը եղել է ՍԴ նախագահի միակ թեկնածուն, նա ինքնառաջադրվել է եւ ձայների մեծամասնությամբ ընտրվել ՍԴ նախագահ։ Ընտրության արդյունքները, սակայն, չեն հրապարակվել, քանի որ դրանք գաղտնի են։ Մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հարցերը, ինչպես նաեւ ՍԴ բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ներքին ընթացակարգերը կարգավորելու նպատակով 2018 թ․ հուլիսի 9-ին ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ ընդունվել է ՍԴ աշխատակարգը, որի 11-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ նախագահի կամ փոխնախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ` ՍԴ աշխատակարգային նիստում։ Նախկինում աշխատակարգային այդ որոշումները հրապարակվում էին, ինչպես հրապարակվել է, օրինակ, 2018 թ․ ապրիլի 10-ին ՍԴ փոխնախագահ ընտրելու վերաբերյալ որոշումը, սակայն դրանից հետո ընդունված հիշյալ Աշխատակարգի 22-րդ հոդվածը սահմանում է միայն, որ քվեարկության արդյունքները արձանագրվում են։ Հետեւաբար, 2018 թ․ ապրիլի 10-ից հետո առանձին արձանագրային որոշում չի կայացվել եւ չի հրապարակվել ինչպես Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու, այնպես էլ Ալվինա Գյուլումյանի, հետագայում նաեւ՝ Աշոտ Խաչատրյանի ՍԴ փոխնախագահ ընտրվելու վերաբերյալ։ Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ներկայիս ղեկավար Սամվել Առաքելյանից, որը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ նախագահի ընտրության գործընթացը ամբողջությամբ տեղի է ունեցել Աշխատակարգին  համապատասխան․ «Քանի որ ՍԴ աշխատակարգի 11-րդ կետի հիման վրա ՍԴ նախագահի կամ փոխնախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ, իսկ 22-րդ կետի համաձայն՝ քվեարկության արդյունքները արձանագրվում են, ապա այս դեպքում, քվեարկությունը գաղտնի կազմակերպվել է, արդյունքները ամփոփվել են եւ արձանագրվել են, դա էլ հանդիսանում է ՍԴ որոշումը, որից հետո որեւէ անհրաժեշտություն չկա, նույնիսկ անտրամաբանական է, եւ իրավաբանության տեսանկյունից անհեթեթություն կլինի ընդունել մեկ այլ որոշում, որով կհաստատվի, որ այդ քվեարկությամբ ՍԴ նախագահի ընտրությունը ՍԴ կողմից կատարվել է»,- նշեց Առաքելյանը։   Միլենա Խաչիկյան
20:36 - 08 հունիսի, 2022
Վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի հայցը |1lurer.am|

Վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի հայցը |1lurer.am|

1lurer.am: Վարչական դատարանը մերժել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Տեղեկությունը հայտնեց Գասպարյանի ներկայացուցիչ Շուշանիկ Ստեփանյանը:  «Դատարանի աշխատակազմից եմ տեղեկացել, որ հայցը մերժվել է, բայց այս պահին դատարանի որոշումը ձեռքիս տակ չկա: Մենք իրավունք ունենք դա ստանալ առձեռն. սպասում ենք, մինչև դատարանն ուղարկի: Քանի դեռ չենք ստացել, ես ձեզ ավելի հավաստի տեղեկություններ հաղորդել չեմ կարող»,- ասաց նա: Վարչական դատարանից մեզ տեղեկացրին, որ այս պահին իրավասություն չունեն տեղեկություն տրամադրելու: Ավելի ուշ որոշումը կհրապարակվի datalex.am կայքում: Գասպարյանը դատարան էր դիմել պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով իրեն ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով։ Նշենք՝ ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հիմքում ընկած օրենքը: Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանն իրեն պաշտոնից ազատելու գործընթացը հակասահմանադրական էր որակել և հայտնել, որ դիմելու է վարչական դատարան։  Օնիկ Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2021 թ. մարտի 10-ին:
14:53 - 08 հունիսի, 2022
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հանդիպեց Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ |armenpress.am|

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հանդիպեց Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հունիսի 7-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի հետ։ ՍԴ նախագահը նախևառաջ ջերմորեն ողջունեց Կլեր Բազի Մալորիին և շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և Հայաստանի Հանրապետություն այց կատարելու համար։ « Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել ձեզ Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Բավական բարդ ժամանակներ է ապրում Եվրոպա մայրցամաքը, և հուսով եմ ձեր աջակցությամբ կկարողանանք հաղթահարել այդ խնդիրները։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ շատ ենք կարևորում Եվրոպայի խորհրդի հետ մեր համագործակցությունը, շատ կարևորում Վենետիկի հանձնաժողովի հետ մեր համագործակցությունը։ Մենք վաղեմի ավանդույթներ ունենք համագործակցության, տասնամյակներ են արդեն։ Հուսով եմ, որ ձեր նախագահության օրոք ոչ միայն կամրապնդվեն այդ կապերը, այլ նաև նոր լիցք կհաղորդվի այդ հարաբերություններին»,- ասաց Դիլանյանը` ևս մեկ անգամ ողջունելով Մալորիին։ Վենետիկի հանձնաժողովի նախագահը իր հերթին ասաց, որ շատ ուրախ է լինել Հայաստանում, նա կարևորեց հանդիպումը հատկապես կորոնավիրուսային համավարակից հետո և հարաբերությունների թարմացումը ԵԽ անդամ պետության հետ։
10:22 - 08 հունիսի, 2022
Վենետիկի հանձնաժողովի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Վենետիկի հանձնաժողովի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով հունիսի 8-10-ը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվելու է Հայաստանում: Այս մասին հայտնեցին ՀՀ սահմանադրական դատարանից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետություն կատարվող այցը լինելու է ոչ միայն տիկին Կլեր Բազի Մալորիի առաջին պաշտոնական արտասահմանյան այցերից մեկը, այլ նաև 2018 թվականից ի վեր ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից առաջին պաշտոնական այցը Երևան: Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմիններից է, որի աշխատանքներին մասնակցում են սահմանադրական իրավունքի լավագույն մասնագետներ՝ ողջ Եվրոպա աշխարհամասից, սակայն ժամանակի թելադրանքով այս խորհրդատվական մարմինը որոշ չափով փոխեց իր գործունեության շրջանակները՝ ընդլայնելով դրանք, և արդեն միջազգային ասպարեզում սկսեց հանդես գալ որպես առավելապես միջազգային կառույց, այլ ոչ՝ ներեվրոպական: Հանձնաժողովն ստեղծվել է 1990 թ., երբ փլուզվեց Բեռլինի պատը, և եվրոպական մայրցամաքը բախվեց նոր իրավական մարտահրավերների: Հանձնաժողովի ամբողջական և պաշտոնական անունն է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով, բայց քանի որ կազմակերպության աշխատանքները կազմակերպվում են Իտալիայի Վենետիկ քաղաքում, և հիմնականում նրա բոլոր լիագումար նիստերն ու խորհրդաժողովները տեղի են ունենում հենց այստեղ, հանրության լայն շրջանակներին այն հայտնի է Վենետիկի հանձնաժողով անունով: Երբ 1990-ականների սկզբին հանձնաժողովը նոր էր ձևավորվում, նրա անդամ էին ընդամենը 18 երկիր, սակայն հետագա տարիներին անդամագրվեցին Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները, իսկ արդեն 2002 թվականից սկսած հանձնաժողովի լիարժեք անդամ կարող է դառնալ նաև ցանկացած ոչ եվրոպական երկիր: 2022 թվականի դրությամբ Հանձնաժողովի անդամ են 61 պետություն, որոնցից 46-ը՝ Եվրոպայի խորհրդին անդամակցող անդամ պետություններն են: Հանձնաժողովի մասնակիցների աշխարհագրությունը շատ մեծ է՝ Հարավային Կորեայից մինչև Կենտրոնական Ասիա, Եվրոպայից ու Աֆրիկայից մինչև Մեքսիկա ու Բրազիլիա: 2004-2010 թվականների ընթացքում Հանձնաժողովին անդամակցեցին ԱՄՆ, Ղրղզստանը, Չիլին, Հարավային Կորեան, Կոստա Ռիկան, Մարոկկոն, Ալժիրը, Իսրայելը, Բրազիլիան, Պերուն, Թունիսը և Մեքսիկան: Հանձնաժողովում դիտորդի կարգավիճակ ունեն Արգենտինան, Կանադան, Վատիկանը, Ճապոնիան և Ուրուգվայը: Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Պաղեստինյան Ինքնավարությունն ունեն հատուկ գործընկերոջ կարգավիճակ, որը գրեթե համապատասխանում է դիտորդի կարգավիճակին: Վենետիկի հանձնաժողովի աշխատանքներին և նստաշրջաններին մշտապես մասնակցում են Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական միության Տարածաշրջանային կոմիտեն, ԵԱՀԿ-ն: Ներկայումս Հանձնաժողովի նախագահն է տիկին Կլեր Բազի Մալորին, որn այդ պաշտոնին է ընտրվել 2021 թվականի դեկտեմբերին: Հանձնաժողովի քարտուղարության աշխատանքները իրականացվում են Եվրոպայի Խորհրդի գլխամասում (Ֆրանսիա, ք. Ստրասբուրգ), կառույցի գլխավոր քարտուղարն է Սիմոնա Գրանատա-Մենղինին (Իտալիա): Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և ԵԽ Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությունն ու երկխոսությունը մշտապես եղել են բարեկամական և ունեցել են դրական դինամիկա: Համագործակցությունը պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ձևավորման (1996թ.) առաջին իսկ տարվանից, երբ Բարձր դատարանն անդամակցեց Վենետիկի հանձնաժողով սահմանադրական արդարադատության միասնական խորհրդին: Այդուհանդերձ, 2018–2021 թվականների ընթացքում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ համակարգային երկխոսությունը և գործընկերությունը՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամով, 44-օրյա պատերազմով և COVID-19 համավարակի հետևանքով, ընդհատվել էր ու կրում էր հատվածական բնույթ: Հայաստանում 2020 թվականի հունիսի 22-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո և որպես արդյունք՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանի դատավորների կողմից Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրությունից հետո սկզբունքորեն վերանայվել է նաև ՀՀ սահմանադրական դատարանի մոտեցումը միջազգային համագործակցությանը և երկկողմանի կապերի զարգացմանը, այդ թվում և Եվրոպայի խորհրդի ու դրա մասնագիտական կառույցների հետ: Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը և այլ պատասխանատու գերատեսչությունները մեծապես կարևորում են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը՝ իրավունքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման ու լավագույն եվրոպական փորձի փոխանակման ոլորտներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ երկարամյա համագործակցության շարունակական ամրապնդմանը և Հանձնաժողովի նորընտիր նախագահի այցն առավել կարևորվում է այդ իմաստով: Կառույցի հետ գործընկերությունն առավել կարևոր է դառնում նաև Հայաստանում ներկայումս առկա ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի և դատաիրավական համակարգի բարեփոխումների համատեքստում: ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ ծրագրերի իրականացումը կարող է մեծապես նպաստել հատկապես Հայաստանի դատական համակարգի ու իրավական բարեփոխւմների հանդեպ ազգաբնակչության կողմից հանրային վստահության հետագա բարձրացմանը:  
11:09 - 07 հունիսի, 2022
Գագիկ Ջհանգիրյանը կշարունակի պաշտոնավարել. ՍԴ-ի որոշումը հրապարակվեց

 |factor.am|

Գագիկ Ջհանգիրյանը կշարունակի պաշտոնավարել. ՍԴ-ի որոշումը հրապարակվեց |factor.am|

factor.am: Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանի ժամանակավոր պաշտոնավարումը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում։ Այս մասին տեղեկացրեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։ Բարձր դատարանում վիճարկվում էր «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածը, ըստ որի սահմանված են Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները, որի 9-րդ մասում ասվում է․ «Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում»: Իսկ 86-րդ հոդվածով սահմանված են Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը։ Հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով։ 20-րդ գլխով էլ սահմանված են դատավորի լիազորությունները դադարեցնելու և դադարելու դեպքերը։ Հիշեցնենք՝ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու համար։ Պատգամավորի դիտարկմամբ՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամների վրա տարածվում են դատավոր անդամներին ներկայացվող պահանջները, որոնց շարքում է նաև տարիքային ցենզը, միևնույն ժամանակ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մեկ այլ՝ 86-րդ հոդվածով, որով սահմանվում է ԲԴԽ անդամների լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը, ըստ էության, նախատեսվում է նաև մի փոքր ավելի ընդհանուր ձևակերպում, բայց ուղղակիորեն չի նախատեսում հենց տարիքային ցենզը՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամի վերաբերյալ։ Այսինքն՝ թեև տարիքային ցենզի հանգամանքը բառացի գրված չէ, բայց, ըստ Վարդևանյանի, դա անուղղակի ենթադրվում է։ Պատգամավորի դիտարկմամբ՝ դրույթն ուսումնասիրելու դեպքում, կարծես թե, բավականին հստակ է, որ ԲԴԽ ոչ դատավոր անդամը ևս չպետք է գերազանցի 65 տարեկան տարիքային շեմը, բայց քանի որ բառացիորեն գրված չէ, այն տարընկալումների, տարաբնույթ մեկնաբանությունների առարկա է դարձել հենց նույն Գագիկ Ջհանգիրյանի ընտրության դեպքում։
18:34 - 06 մայիսի, 2022
Պետք է ԱԺ-ն ունենա վերահսկողական մեխանիզմներ. գործող Սահմանադրությունը չի տալիս այդ հնարավորությունները. Մարուքյան |news.am|

Պետք է ԱԺ-ն ունենա վերահսկողական մեխանիզմներ. գործող Սահմանադրությունը չի տալիս այդ հնարավորությունները. Մարուքյան |news.am|

news.am: Մեր դիրքորոշումը եղել եւ մնում է եվրոպական մոդելի պետություն ունենալը՝ իր խորհրդարանական կառավարման համակարգով: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, Սահմանադրական բարեփոխումների խորհրդում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Այս մոտեցումը, բնականաբար, որոշակի հարվածներ է ստացել եւ քիչ էր մնում սասանվեր պատերազմից հետո ճգնաժամի ընթացքում: Որովհետեւ այդ ժամանակ քննարկումներ ենք ունեցել, որ միգուցե կիսանախագահական կամ նախագահական համակարգն ավելի ճիշտ էր: Բայց խորհրդարանական ընտրությունների գնալով եւ դրանով ճգնաժամը հաղթահարելով հասկացանք, որ այս մոդելն ավելի լավն է,  այն իմաստով, որ հաղթողին ամեն ինչ, պարտվողին ոչինչ սկզբունքը չէր եւ բնականաբար, ընտրություններով իշխանության չեկածները ստանում են լծակներ ու մեխանիզմներ: Բայց մյուս կողմից ԼՀԿ-ն շարունակում է պնդել, որ երբ խոսում ենք խորհրդարանական համակարգի մասին, ի՞նչ նկատի ունենք: Դա այն է, որ այսօր այս կեղծ Սահմանադրությամբ  սահմանված կառավարո՞ւմն է, երբ խորհրդարանը ընտրում է վարչապետ ու ձեռքերը լվանում գործադիր իշխանությունից, թե՞ խորհրդարանն ընտրում է վարչապետ, հաստատում է նախարարներին, դեսպաններին, ունի հստակ վերահսկողական մեխանիզմներ, դեր է խաղում ամբողջ կառավարման համակարգում: Մեր մոտեցումն այն է, որ խորհրդարանական համակարգը պետք է լինի իրապես բովանդակային խորհրդարանական համակարգ: Բնականաբար, այն Սահմանադրությունը, որ գործում է, չի տալիս այդ հնարավորությունները»,-ասաց Մարուքյանը: Նա հիշեցրեց իր բանավեճը երկրի նախագահի հետ՝ նշելով.  «Անվտանգային հարցերով քննիչ հանձնաժողովը չպետք է ստեղծվի միայն ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի բազայի վրա: Մինչեւ վերջ իրենք մնացին իրենց դիրքորոշմանը: Ես հիշում եմ իմ բանավեճը, որ քննիչ հանձնաժողովը պետք է իրավունք ունենա  որոշում կայացնել մարդկանց կանչել հանձնաժողով եւ նրանք  պարտավոր են ներկայանալ: Ես մենակ մնացի այդ բանավեճում: Ես շարունակում եմ պնդել, որ մենք ՀՀ-ում այդպես էլ չենք անցել ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգի, պետք է խորհրդարանը  ռեալ իր խոսքը, իր մեխանիզմներն ունենա պետական կառավարման գործում»:
13:33 - 06 մայիսի, 2022
Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց Ալեն Սիմոնյանի ընտրությունը
 |azatutyun.am|

Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց Ալեն Սիմոնյանի ընտրությունը |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական դատարանն այսօր սահմանադրական ճանաչեց Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։ Սահմանադրական դատարանից փոխանցեցին՝ որոշումը եռօրյա ժամեկտում կհրապարակվի դատարանի պաշտոնական կայքէջում։ Ընդդիմադիրները ութ ամիս առաջ Բարձր դատարան ներկայացված իրենց դիմումում պնդել էին, որ Ազգային ժողովի նախագահի իրենց թեկնածուները՝ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը հնարավորություն չեն ունեցել մասնակցել խորհրդարանի նիստին կալանավորված լինելու պատճառով և նրանք հնարավորություն չեն ունեցել նեկայացնել իրենց ծրագիրը, այդպիսով խախտվել է նրանց սահմանադրական իրավունքը։ Դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացրած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության իրավաբան պատգամավոր Արամ Վարդևանյանը չցանկացավ այն մեկնաբանել՝ պնդելով, թե հիմա այլ հարցեր են կարևոր։ Ավելի վաղ, Վարդևանյանն «Ազատության» հետ զրույցում, հինավորել էր իրենց դիմումը հետևյալ կերպ․ - «Ալեն Սիմոնյանը ունեցավ ելույթ, ուներ հնարավորություն պատասխանելու հարցերին, որոնք ներկայացվում էին։ Իսկ Արթուրը Սարգսյան և Մխիթար Զաքարյանը, որոնք «Հայաստան» խմբակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն էին, նման հնարավորություն չէին ունեցել։ Չէին ունեցել հակասահմանադրական, հակաօրինական միջամտության պայմաններում»։ Ընդդիմադիր պատգամավորը վկայակոչել էր Բարձր դատարանի մեկ այլ որոշում, որով հակասահմանադրական էր ճանաչվել պատգամավորի կարգավիճակում Զաքարյանի և Մխիթարյանի կալանավորումը․ - «Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ այդ հիմնավորումը, որը մենք ներկայացնում էին, որ պատգամավորը առանց Ազգային ժողովի համաձայնության, անձեռնմխելիությունից ելնելով, չէր կարող լինել քրեակատարողական հիմնարկում, հաստատվեց։ Հետևաբար Ազգային ժողովի նախագահի ընտրությունները այդ մասով արդեն հաստատված է, որ օրինականության խնդիր են ունեցել»։ Ընդդիմադիրների այս դիմումը Բարձր դատարանը սկզբում որոշել էր քննել բանավոր ընթացակարգով՝ հանրության ու լրագրողների համար բաց։ Հետո արդեն որոշվել էր այն քննել փակ՝ գրավոր ռեժիմով։ Որպես զեկուցող դատավոր էր նշանակվել Երվանդ Խունդկարյանը, որին հետո փոխարինեց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։ Պատճառը Խունդկարյանի դիրքորոշան տարբերությունն էր մյուս դատավորներից, այս դեպքում Սահմանադրական դատարանի աշխատակարգը հնարավորություն է տալիս փոխել դատավորին։ Խունդկարյանի դիրքորոշումը պարզ կդառնա, երբ Բարձր դատարանը հրապարակի այսօր կայացրած որոշումը։
15:02 - 29 ապրիլի, 2022
Արդարադատության նախարարության՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության վերաբերյալ դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել. Արամ Վարդևանյան

Արդարադատության նախարարության՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության վերաբերյալ դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել. Արամ Վարդևանյան

Փետրվարի 15-ին հերթական դիմումն էինք ներկայացրել Սահմանադրական դատարան, որը վերաբերում էր Արդարադատության նախարարության դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։«Դիմելու սահմանադրական խնդիրներից, միջազգային կառույցների կարծիքն անտեսելուց բացի, չափազանց կարևոր է, որ այդ լիազորության երկակի ստանդարտների հնարավորությանը վերջ տրվի: Սահմանադրական դատարանը մեր այս դիմումը ՎԱՐՈւՅԹ Է ընդունել, հետևաբար. 1) Արդարադատության նախարարության հարուցած վարույթները ենթակա են ԲԴԽ-ի կողմից (Ջհանգիրյան) կասեցման մինչ ՍԴ որոշումը, 2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը պետք է լինի իրապես ակտիվ, այդ թվում ՎԱՐՈւՅԹ հարուցի այն դատավորների նկատմամբ ովքեր անհարգելի պատճառով չէին ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովին»,-գրել է պատգամավորը:
15:39 - 26 փետրվարի, 2022
ՄԻՊ-ի գործունեությունում խոչընդոտներ առաջացնող օրենսդրության հարցով Թաթոյանը դիմել է ՍԴ

ՄԻՊ-ի գործունեությունում խոչընդոտներ առաջացնող օրենսդրության հարցով Թաթոյանը դիմել է ՍԴ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ վիճարկելով ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրությունը, որը խոչընդոտներ է հարուցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար՝ աշխատակազմի հետ կապված կարևոր հարցեր կախվածության մեջ դնելով Կառավարությունից: Այս մասին նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում։ «Խոսքը «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վարչապետի, ՀՀ առաջին փոխվարչապետի որոշումների և մի շարք այլ ակտերի դրույթների մասին է: Այս հակասահմանադրական ակտերի, ինչպես նաև Կառավարությունում քաղաքացիական ծառայության համակարգի պատասխանատու պաշտոնյաների մոտ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ սկզբունքային սխալ պատկերացումների, բյուրոկրատական քաշքշուկների պատճառով մենք աշխատանքում բախվում էինք խոչընդոտների արդեն տևական ժամանակ: Անգամ Արման Թաթոյանի դիմումի հիման վրա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովն իրենց պաշտոնական դիրքորոշումներով քննադատության ենթարկեցին առկա վիճակը. այդ թվում՝ սահմանադրականության տեսանկյունից, բայց հարցն այդպես էլ չլուծվեց»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:
21:01 - 23 փետրվարի, 2022
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դիմել ՍԴ և գործի վարույթը կասեցնել |armenpress.am|

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դիմել ՍԴ և գործի վարույթը կասեցնել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ենթադրյալ կաշառք ստանալու գործով հերթական նիստի ժամանակ միջնորդեց դիմել Սահմանադրական դատարան և կասեցնել գործի վարույթը մինչև ՍԴ որոշումը։   Ալումյանի խոսքով՝ միջնորդության առարկան օրենսդրական բացն է․ Քրեական Դատավարությունը գործը քննող դատարանին հնարավորություն չի տալիս պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքերում, երբ այդ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձևով և միաժամանակ նման պարտավորություն չի դնում մեղադրողի վրա։ Պաշտպանը պնդեց, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միացավ միջնորդությանը, միևնույն ժամանակ նշելով, որ մեղադրանքի պարզաբանման հարցը շատ հեշտ կարելի էր լուծել նախորդ դատական նիստին։ «Մեղադրանքի վերաբերյալ մենք ունեինք առավելագույնը 10 հարց, և եթե դատախազները կպատասխանեին այդ հարցերին, ոչ ոք չէր ասի, որ նրանք դուրս են եկել իրենց լիազորություններից», - նկատեց Խուդոյանը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր համար այդ ձևակերպումներն անհասկանալի էին հենց մեղադրանքն առաջադրելու պահին, իսկ երբ քննիչին ասել է այդ մասին, վերջինս պատասխանել է, որ պարզաբանելու պարտավորություն չունի․ եթե համաձայն չեք, այդպես էլ մակագրեք։ «Իմ փաստաբաններն ասում են, որ նրանք էլ չեն հասկանում մեղադրանքը։ Քննիչը համարել է, որ այն պարզաբանելու պարտականություն չունի։ Դուք ինձ հարցնում եք՝ հասկանալի՞ է, թե՝ ոչ։ Եթե Դուք պարզաբանելու պարտականություն չունեք, ինչո՞ւ եք ինձ այդ հարցը տալիս։ Կամ եթե այս դահլիճում ոչ ոք նման պարտականություն չունի, ինչո՞ւ եք այդ հարցը ինձ տալիս։ Ձևական ինչ-որ մի բա՞ն է։ Ենթադրում եմ, որ օրենքի պահանջ է։ Ուրեմն կա օրենսդրական բաց», - հայտարարեց Քոչարյանը։ Միջնորդությանը միացավ նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց՝ համարելով միջնորդությունը ոչ հիմնավորված։ Ըստ նրա՝ մեղադրանքի էությունը պետք է դատարանը պարզաբանի:
14:41 - 22 փետրվարի, 2022
Աշոտ Խաչատրյանը՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահ

Աշոտ Խաչատրյանը՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահ

2022 թվականի փետրվարի 15-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը։ Ծնվել է 1962 թվականին Կամո քաղաքում (ներկայում՝ Գավառ): Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան: 1987 թվականին ավարտել է ՍՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության նախարարության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը: 1989-1993 թթ. սովորել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի ասպիրանտուրայում: 1996-1999 թթ. սովորել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտուրայում:  2010 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամ: 2020 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին օրենքի ուժով ժամանակավորապես կատարել է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները:  2022 թվականի փետրվարի 15-ին ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ: Հեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում` 5 մենագրությունների, 1 մենագրության (համահեղինակությամբ), 1 ուսումնական դասագրքի ու 2 գիտական զեկույցների:
19:41 - 15 փետրվարի, 2022
Իշխանությունների հետ որևէ ուղղակի կամ քողարկված կապ չեմ ունեցել, կալանքը չի փոխել իմ մոտեցումները․ Արմեն Չարչյան |tert.am|

Իշխանությունների հետ որևէ ուղղակի կամ քողարկված կապ չեմ ունեցել, կալանքը չի փոխել իմ մոտեցումները․ Արմեն Չարչյան |tert.am|

tert.am: Իշխանությունների հետ ո՛չ ուղղակի, ո՛չ էլ քողարկված կապ չեմ ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե իշխանություններն իրեն հորդորել են մանդատը վայր դնել, դուրս գալ քաղաքականությունից, փոխարենը քրեական գործի հետ կապված հանգիստ կթողնեն։ «Իշխանությունները չեն փորձել որևէ կերպ կապի դուրս գալ, էդ ամենը մտացածին հերյուրանքներ են»,-ասաց նա։ Արմեն Չարչյանն ասաց, որ կալանքը չի փոխել իր մոտեցումները, աշխարհայացքը։  Ինչ վերաբերում է իրեն կալանավորելուն, ապա Չարչյանն ասաց․ «Բացարձակ ապօրինություն էր, որի մասին վկայում է ՍԴ որոշումը, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողովի որոշումը ՝ առողջական վիճակից ելնելով»,-նկատեց նա։
13:21 - 08 փետրվարի, 2022
Բազմաթիվ հիմնավորումներ կան, թե ինչու է անհրաժեշտ փոխել Սահմանադրությունը. Մարուքյան |armenpress.am|

Բազմաթիվ հիմնավորումներ կան, թե ինչու է անհրաժեշտ փոխել Սահմանադրությունը. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարևորում է սահմանադրական բարեփոխումների այնպիսի գործընթաց ունենալը, որը երկրում կբերի ոչ թե նոր բաժանումներ, այլ համերաշխություն ու համախմբում: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում: «Մենք պետք է կարողանանք ունենալ այնպիսի գործընթաց, որ այն ոչ թե նոր բաժանումներ բերի մեր երկրում, այլ համերաշխություն և համախմբում: Եվ պետք է ամեն ինչ անել, որ այդ համերաշխությունն ու համախմբումը լինի մայր օրենքի՝ Սահմանադրության տեքստի շուրջ: Առանց որի ես նաև չեմ տեսնում հանրաքվեի միջոցով այդ տեքստի ընդունում, եթե չեղավ հանրային լավ կոնսոլիդացիա, մեր սահմանադրական հանրաքվեի բարիերն այնքան բարձր է, որ անհնար կլինի ուղղակի թեկուզ ամենալավ գրված տեքստը դարձնել ՀՀ սահմանադրություն»,-ասաց Մարուքյանը: Նա նշեց՝ ինքը խորհրդում է, քանի որ այն, ինչ չի ստացվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը տեղ հասցնել 2014-ին, 2015-ին Սահմանադրական բարեփոխումների ժամանակ: Այն, ինչ չի ստացվել այդ առաջարկներով, լոբբինգով այնպիսի Սահմանադրություն ունենալ, որ Մարուքյանը նշեց՝ նախորդ բարեփոխումների ընթացքում իր քաղաքական ուժին չի հաջողվել առաջարկներով, լոբբինգով այնպիսի Սահմանադրություն ունենալ, որ լինի իրական խորհրդարանական համակարգ, իրական հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմներ, անկախ ինստիտուտներ ունենանք: «Եվ ունենանք Սահմանադրություն, որտեղ հստակ նշված է, թե ով է տարածքային ամբողջականության երաշխավորը, օրինակ` այս Սահմանադրության մեջ հստակ չկա նման բան, իսկ նախկին Սահմանադրություններում կար, և էլի շատ հարցեր»,-ասաց Մարուքյանը: Նա կարևորեց դրա համար ռեսուրս և ջանք ներդնելը: «Ակնհայտ է մի բան, որ բազմաթիվ հիմնավորումներ կան, թե ինչու է պետք փոխել Սահմանադրությունը: Սկսած հանրաքվեից, որ օրինակ գործող Սահմանադրությունը կեղծված հանրաքվեով է ընդունվել, կեղծ պառլամենտական համակարգ է ներդրվել երկրում»,-կարծիք հայտնեց նա: Մարուքյանը հավելեց՝ վճռական կամքով են եկել խորհուրդ՝ իրենց ժամանակը, ներուժը գիտելիքը ներդնելու, փոխադարձ հարգանքի, համերաշխության մթնոլորտում քննարկելու, բանավիճելու և հասնելու այն լուծումներին, որ ՀՀ-ն ավելի կզորացնեն:
17:48 - 04 փետրվարի, 2022