Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Միացյալ Թագավորությունը կոչ է անում զերծ մնալ Հարավային Կովկասում ԿԽՄԿ մարդասիրական աջակցության քաղաքականացումից

Միացյալ Թագավորությունը կոչ է անում զերծ մնալ Հարավային Կովկասում ԿԽՄԿ մարդասիրական աջակցության քաղաքականացումից

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին: Հայտարարության մեջ ասված է. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարիներ շարունակ չափազանց կարևոր աշխատանք է իրականացրել Հարավային Կովկասում՝ ներառյալ Լաչինի միջանցքում, որտեղ նրանց գործունեությունն աջակցում է տեղացի բնակչությանը՝ ունենալ հասանելիություն առաջին անհրաժեշտության ապրանքներին և ծառայություններին՝ ներառյալ կյանք փրկող դեղամիջոցներն ու առողջապահական ծառայությունները։ Միացյալ Թագավորության կառավարությունը հաստատակամորեն սատարում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը և շարունակական աշխատանքը։ Միացյալ Թագավորությունը կոչ է անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ մարդասիրական աջակցության քաղաքականացումից»։
11:59 - 15 հուլիսի, 2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մեծ Բրիտանիայի Սոցիալական արդարադատության կենտրոնի (CSJ) գործադիր տնօրեն Էնդի Կուկի և ընտանիքի հիմնահարցերի բաժնի ղեկավար Քրիստինա Օդոնի հետ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև  Արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությանից,ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը քննարկել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես սոցիալապես անապահով խմբերի զբաղվածության խթանման, սոցիալական արդարության համակարգի զարգացման, երեխաների իրավունքների պաշտպանությանն ու ընտանիքի ամրապնդմանն ուղղված ծրագրերի մասին։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, որոնք նպատակ ունեն սոցիալական աջակցության, զբաղվածության ծրագրերի և այլ ծառայությունների միջոցով ակտիվացել սոցիալապես անապահով խմբերին, այդ թվում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև զբաղվածության ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ռազմավարության մշակման, գործատու-աշխատող իրավահարաբերությունների զարգացման, կամավոր աշխատանքի ինստիտուտի ներդրման, աշխատուժի հմտությունների կատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Նախարար Նարեկ Մկրտչյանը խոսել է Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ սերտ համագործակցության, ինչպես նաև առաջիկայում Երևանում «Աշխատանքի ապագան» թեմայով միջազգային ֆորումի կազմակերպման հնարավորության մասին։ Կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների շարունակականությանն ուղղված ջանքերը՝  գործընկերները   պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման, մասնագետների այցերի և ծրագրերի իրագործման շրջանակում աջակցել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։
13:56 - 05 հուլիսի, 2023
Սա ՌԴ-ի համար վերջին շրջանում ամենալուրջ մարտահրավերն է․ Մեծ Բրիտանիայի ՊՆ |factor.am|

Սա ՌԴ-ի համար վերջին շրջանում ամենալուրջ մարտահրավերն է․ Մեծ Բրիտանիայի ՊՆ |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը համարում է, որ ռուսական պետությունը կանգնած է անվտանգային ամենալուրջ խնդրի առաջ։ Այս մասին գրում է DW-ն։ «Առաջիկա ժամերին Ռուսաստանի անվտանգության ուժերի և հատկապես պետգվարդիայի հավատարմությունը առանցքային կլինի  ճգնաժամի զարգացման հարցում։ Սա ՌԴ պետության համար վերջին շրջանում ամենալուրջ մարտահրավերն է»,- կարծում են բրիտանական գերատեսչությունում։ «Վագներ» ռազմականացված խմբավորման ստորաբաժանումները շարժվում են Վորոնեժի մարզից դեպի հյուսիս, ամենայն հավանականությամբ, ձգտելով հասնել Մոսկվա,- գրում են Մեծ Բրիտանիայի ՊՆ զեկույցի հեղինակները։ «Հաշվի առնելով սահմանափակ տեղեկությունները վագներականների ու ՌԴ անվտանգության ուժերի միջև ռազմական գործողությունների մասին, վերջիններս ամենայն հավանականության, մի շարք դեպքերում պասիվ են մնացել՝ չխոչընդոտելով «վագներականներին»»,-ասված է հայտարարության մեջ։
12:51 - 24 հունիսի, 2023
Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների հասցեական հայտարարությունները եւ ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան

Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների հասցեական հայտարարությունները եւ ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի պատվիրակության անդամներին: Ողջույնների փոխանակումից հետո ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ բազմիցս ականատես է եղել բրիտանական խմբի ակտիվ աշխատանքին, ինչը խորհրդարանականների համար լավ օրինակ է: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը եւ մանրամասնել տարածաշրջանի բարդ իրադրությանն առնչվող հարցեր: Նա նշել է, որ մեր երկրում հետեւում են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի ունեցող զարգացումներին եւ բոլոր այն խորհրդարանականների գործունեությանը, որոնք ի ցույց դրեցին 2020 թվականի պատերազմից հետո մեր տարածաշրջանում իրավիճակի ընկալման մակարդակը: «Մենք հավատում ենք, որ մեր միջազգային գործընկերների հասցեական հայտարարությունները եւ ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի կողմից հետագա ագրեսիան, ինչպես նաեւ նպաստել անպատժելիության մթնոլորտի վերացմանը»,- հավելել է Ալեն Սիմոնյանը: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները բրիտանացի գործընկերներին հանգամանորեն իրազեկել են արցախահայության շրջափակման, Լաչինի միջանցքի ճգնաժամի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական զինուժի ոտնձգությունների մասին: Կողմերը փաստել են, որ Հայաստանը եւ Միացյալ Թագավորությունը ձեւավորել են երկկողմ հարաբերությունների հավակնոտ օրակարգ՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Հանդիպմանը քննարկվել է նաեւ Միջխորհրդարանական միության շրջանակում միասնական օրակարգ ունենալու անհրաժեշտությունը՝ հաջակցություն մեր երկրների ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման:
11:29 - 09 հունիսի, 2023
Ալեն Սիմոնյանն ու Դրյու Հենդրին անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին, հետպատերազմյան խնդիրներին և դրանց հետևանքներին

Ալեն Սիմոնյանն ու Դրյու Հենդրին անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին, հետպատերազմյան խնդիրներին և դրանց հետևանքներին

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանում Շոտլանդիայի Ազգային կուսակցության խոսնակ Դրյու Հենդրիին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային մարտահրավերներին, հետպատերազմյան խնդիրներին եւ դրանց հետեւանքներին: Անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից իրականացվող ագրեսիային՝ հայ պատվիրակները գործընկերներին ներկայացրել են Լաչինի ճգնաժամի հետեւանքները, խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից: Այս համատեքստում կարեւորվել են միջազգային գործընկերների աջակցությունը եւ հասցեական հայտարարությունները: Հանդիպման ավարտին նշվել է, որ Հայաստանը կարեւորում է ՄԹ հետ ապակենտրոնացված համագործակցությունը: «Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում համագործակցությունը լրացնում է միջպետական հարաբերություններին, եւ այդ համատեքստում ՄԹ փորձը չափազանց կարեւոր է մեզ համար: Այս առումով խնդրում ենք դիտարկել Հայաստանի ՏԻՄ սուբյեկտների՝ Շոտլանդիայի հետ գործակցության հնարավորությունը»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
13:46 - 08 հունիսի, 2023
Տեղեկացված եմ ադրբեջանցիների կողմից ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին. Միացյալ Թագավորության մշակույթի նախարար

Տեղեկացված եմ ադրբեջանցիների կողմից ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին. Միացյալ Թագավորության մշակույթի նախարար

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միացյալ Թագավորության մշակույթի նախարար Ջոն Ուիթինգդեյլին: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների բազմոլորտ, այդ թվում՝ մշակույթի բնագավառում ակտիվ համագործակցելու հեռանկարները: ԱԺ-ից հայտնում են, որ նախարարը, երկար տարիներ լինելով ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, նշել է, որ մանրամասն տեղեկացված է մեր երկրում տեղի ունեցող իրավիճակի, 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Նա անընդունելի է համարել մարդու հիմնարար իրավունքների դեմ ցանկացած ոտնձգություն` նկատի ունենալով նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական զինուժի շարունակական ագրեսիան: Հանդիպմանը զրույց է ծավալվել տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու անհրաժեշտության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ զարգացման կարեւորության շուրջ:
11:43 - 08 հունիսի, 2023
ՀՀ-ն շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել և զարգացնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ն շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել և զարգացնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Պենի Մորդընթին: ԱԺ խոսնակը նշել է, որ այս այցը Միացյալ Թագավորություն լավ առիթ է քննարկելու մեր երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները: Անդրադարձ է եղել հունիսի 1-ին Քիշնեւում երկու երկրների վարչապետների կարճ հանդիպմանը եւ ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի Հայաստան այցին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՄԹ կողմից իրականացվող խորհրդարանի կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրերը: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները տարածաշրջանի անվտանգության շուրջ մտքեր են փոխանակել բրիտանացի գործընկերների հետ՝ մանրամասնելով ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած իրավիճակը:
10:52 - 08 հունիսի, 2023
Ալեն Սիմոնյանն ու Ալիշա Քերնսը հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական շարունակական ագրեսիային

Ալեն Սիմոնյանն ու Ալիշա Քերնսը հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական շարունակական ագրեսիային

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը զրույց է ընթացել խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովների, մասնավորապես, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների միջեւ ուղիղ հաղորդակցություն սկսելու հնարավորության մասին: Հանդիպմանն ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայականը: Խոսելով տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության մասին՝ բրիտանացի գործընկերոջ խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով առաջացած հումանիտար եւ այլ խնդիրների մասին: Անդրադարձ է եղել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական շարունակական ագրեսիային: Ալիշա Քերնսը տեղեկացրել է Միացյալ Նահանգներ կատարելիք իր մոտալուտ այցի մասին՝ նշելով, որ այնտեղ իր պաշտոնական հանդիպումների ընթացքում պատրաստ է քննարկել անվտանգության վերոնշյալ հարցերը: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն: Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Հայկ Կոնջորյանը, բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանն ու պատգամավոր Սոնա Ղազարյանը:
16:50 - 07 հունիսի, 2023
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահին

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում է: Այցի շրջանակում հունիսի 7-ին պատվիրակությանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլը: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը նշվել է, որ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը եւ Միացյալ Թագավորությունը ձեւավորել են երկկողմ հարաբերությունների հավակնոտ օրակարգ՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սկզբունքների վրա: Կողմերը քննարկել են մարդու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ շուտով կավարտվի Հայաստան-ՄԹ Համապարփակ ընդլայնված համաձայնագրի համաձայնեցումը, եւ այն կստորագրվի հնարավորինս սեղմ ժամկետներում: «Հայաստանը՝ որպես երիտասարդ խորհրդարանական հանրապետություն, առավել կարեւորում է արդյունավետ միջխորհրդարանական համագործակցությունը եւ խորհրդարանականների միջեւ փոխգործակցությունը: Գոհունակությամբ եմ արձանագրում մեր խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի վերջին երկու տարվա ընթացքում փոխայցերն ու առկա ակտիվ գործակցությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ խոսնակը Հայաստան է հրավիրել իր բրիտանացի գործընկերոջը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Հայկ Կոնջորյանը, բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանն ու պատգամավոր Սոնա Ղազարյանը:
16:09 - 07 հունիսի, 2023