tert.am: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը 36 հարված են հասցրել Եմենում գտնվող օբյեկտներին, որոնք կապված են «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների հետ: Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Ավստրալիան, Բահրեյնը, Մեծ Բրիտանիան, Դանիան, Կանադան, Նիդեռլանդները և Նոր Զելանդիան աջակցություն են ցուցաբերել ամերիկյան և բրիտանական ուժերին, հայտնում է apnews.com-ը։
Փաստաթղթից հետևում է, որ հարվածները հասցվել են «հութիների 36 թիրախի Եմենի 13 վայրում՝ ի պատասխան Կարմիր ծովով նավարկող օտարերկրյա առևտրային նավերի և ռազմանավերի վրա նրանց շարունակվող հարձակումներին»։
Հայտարարության մեջ նշվում է, որ «այս ճշգրիտ հարվածները կոչված են թուլացնելու և խաթարելու հութիների հնարավորությունները»։
Հարվածների թիրախները եղել են «խոր ստորգետնյա զենքի պահեստները, հրթիռային համակարգերն ու կայանքները, հակաօդային պաշտպանության համակարգերը և ռադարները»։ Փաստաթղթում նշվում է, որ երկրները «հանձնառու են նվազեցնել լարվածությունը և վերականգնել կայունությունը Կարմիր ծովում»։
«Մենք չենք վարանի պաշտպանել կյանքը և ազատ առևտուրը աշխարհի ամենակարևոր ջրային ուղիներից մեկի երկայնքով»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
comment.count (0)