ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հերթական հարվածներն են հասցրել Եմենում հութիների ռազմական օբյեկտներին
 |armenpress.am|
12:27 - 23 հունվարի, 2024

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հերթական հարվածներն են հասցրել Եմենում հութիների ռազմական օբյեկտներին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան համատեղ հարվածներ են հասցրել Եմենում գործող հութի ապստամբների օբյեկտներին։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները։

Ըստ հայտարարության՝ հունվարի 22-ին հարվածներ են հասցվել 8 թիրախների, այդ թվում՝ ստորգետնյա պահեստարանի, ինչպես նաև «հութիների հրթիռային և հետախուզական հնարավորությունների հետ կապված վայրերի»։

Համատեղ գործողությանը մասնակցել են նաև Ավստրալիան, Բահրեյնը, Կանադան և Նիդեռլանդները։

Կողմերը հայտնել են, որ հարվածներն իրականացվել են՝ «ի պատասխան հութիների կողմից միջազգային և առևտրային նավարկության, ինչպես նաև Կարմիր ծովով անցնող ռազմածովային ուժերի նավերի դեմ ուղղված շարունակական հարձակումների»։

Ըստ հայտարարության՝ նոյեմբերի կեսերից հութիներն ավելի քան 30 հարձակում են գործել միջազգային և առևտրային նավերի վրա։

Խռովարար շարժումը հայտարարել էր, որ կթիրախավորի Իսրայելի հետ կապված նավերը, մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունները չդադարեն։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վերջին շաբաթների ընթացքում մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիներին պատկանող ռազմական օբյեկտներին, այդուհանդերձ, հութիների հարձակումները չեն դադարել։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել