Բելառուս

Լուկաշենկոն պահանջել է աշխատանքից հեռացնել այն ուսուցիչներին, որոնք չեն ցանկանում դասավանդել պետական գաղափարախոսությանը համապատասխան |tert.am|

Լուկաշենկոն պահանջել է աշխատանքից հեռացնել այն ուսուցիչներին, որոնք չեն ցանկանում դասավանդել պետական գաղափարախոսությանը համապատասխան |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է աշխատանքից հեռացնել այն ուսուցիչներին, որոնք չեն ցանկանում դասավանդել պետական գաղափարախոսությանը համապատասխան։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 24-ին կրթության նախարար Իգոր Կարպենկոյի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «Բելտա» պետական լրատվական գործակալությունը։ Իր խոսքում շեշտելով Բելառուսում պետական կրթություն, պետական դպրոցներ, պետական գաղափարախոսություն տերմինները՝ Լուկաշենկոն հայտարարել է․ «Եվ նրանք, ովքեր ցանկանում են հետևել այս սկզբունքներին, խնդրեմ՝ գնացեք ուսուցանեք, ուսուցանեք, աշխատեք։ Նրանք, ովքեր չեն ուզում, ուրեմն դպրոցում չպետք է լինեն։ Այս մասին պետք է ասվի ուղիղ, անկեղծ և ազնիվ կերպով»։ Նա նաև պահանջել է պաշտպանել ուսուցիչներին։ «Պաշտպանեք ուսուցիչներին ամեն տեսակի հարձակումներից։ Մենք դա արդեն սկսել ենք անել, ընդ որում՝ շատ ակտիվորեն և շատ խստորեն կասեցնում ենք բոլոր տեսակի հարձակումներն ուսուցիչների, բժիշկների նկատմամբ»,-ասել է նա։
15:56 - 24 օգոստոսի, 2020
Բելառուսում մահացած են գտել բողոքի ակցիաների ժամանակ անհետացած երիտասարդին. նրան փնտրել են 10 օր. meduza.io |tert.am|

Բելառուսում մահացած են գտել բողոքի ակցիաների ժամանակ անհետացած երիտասարդին. նրան փնտրել են 10 օր. meduza.io |tert.am|

tert.am: Բելառուսում մահացած են գտել 28-ամյա Նիկիտա Կրիվցովին, որը կորած էր համարվում օգոստոսի 12-ից՝ երկրում բողոքի ակցիաների 4-րդ օրվանից: Կրիվցովի մահվան մասին հայտնել է «Հրեշտակ» որոնողափրկարարական ջոկատը, գրում է meduza.io-ն: Ինչպես Onliner.by-ին պատմել է Մինսկի ոստիկանության մամուլի խոսնակ Նատալյա Գանուսևիչը, երիտասարդի մարմինը հայտնաբերվել է օգոստոսի 22-ին, անտառում ծառից կախված վիճակում:  Կրիվցովի կինը պատմել է, որ չգիտի՝ մասնակցել է նա արդյոք բողոքի ցույցերին և ձերբակալվել է արդյոք: «Նա օգոստոսի 12-ից դադարել է կապի դուրս գալ, նա անհետացել էր: Իսկ այսօր մեզ զանգահարեցին և ասացին, որ նրան կախված են գտել»,- պատմել է Կրիվցովի կինը: Սկզբնապես հաղորդվել էր, որ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր: Սակայն որոնողափրկարարական ջոկատի ղեկավար Սերգեյ Կովգանի խոսքով՝ ոստիկանությունը հայտնել է զոհի ընտանիքին, որ նրա մարմնի վրա տեսանելի բռնության հետքեր չկան: Կրիվցովի կինը դեռ չի տեսել ամուսնու մարմինը: Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ իր ամուսինը չէր կարող ինքնասպան լինել:
13:16 - 24 օգոստոսի, 2020
Բելառուսի ընդդիմությունը հայտնել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքների մասին |tert.am|

Բելառուսի ընդդիմությունը հայտնել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքների մասին |tert.am|

tert.am: Բելառուսի ընդդիմության ստեղծած Համակարգող խորհուրդը հայտարարել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովան։  Նրա խոսքով՝ «նախկին նախագահի ձեռքում իշխանության պահպանումը ձեռնարկությունների հսկայական վնասների կհանգեցնի և կազդի ազգի բարօրության վրա»։  «Ասում է մեզ, որ Ռուսաստանից, Չինաստանից, Ուկրաինայից աշխատավորներ կբերի, բայց սա մե՛ր երկիրն է։ Մենք Բելառուսի ժողովուրդն ենք, և մեզ միայն պետք է, որ նա հեռանա։ Հայտարարում ենք, որ գործում ենք միայն Սահմանադրության շրջանակում։ Կոչ ենք անում երկրի բոլոր քաղաքացիներին Ներկայացուցիչների պալատի պատգամավորների և տեղական խորհուրդների պատգամավորների լիազորությունների զրոյացման գործընթաց սկսել։ Սկսում ենք Սահմանադրության մեջ փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները»,-գրել է Կովալկովան։  Երեկ, տարբեր գնահատականների համաձայն, 100-150 հազար ցուցարարներ հավաքվել են Անկախության հրապարակում, որտեղից շարժվել են «Պլանետա» հյուրանոց, որը տեղակայված է «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտակայքում: Հարյուրավոր զինվորականներ շրջապատել են «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի տարածքը: 
11:39 - 24 օգոստոսի, 2020
Մինսկում իշխանությունների պահանջով նվազեցրել են շարժական ինտերնետի արագությունը |tert.am|

Մինսկում իշխանությունների պահանջով նվազեցրել են շարժական ինտերնետի արագությունը |tert.am|

tert.am: Բելառուսի բջջային օպերատորներից մեկը՝ A1 ընկերությունը, պետական իշխանության մարմինների պահանջով Մինսկի որոշ շրջաններում նվազեցրել է իր 3G ցանցի թողունակությունը: Այս մասին հայտնել է կապի A1 օպերատորի մամուլի ծառայությունը։ «Ափսոսանքով հայտնում ենք, որ պետական մարմինների պահանջով Ազգային անվտանգության ապահովման կապակցությամբ Մինսկ քաղաքի որոշ շրջանների տարածքում էականորեն նվազեցվել է A1 3G ցանցի թողունակությունը։ Այս պահանջի կատարումը հանգեցնում է տվյալների փոխանցման ծառայության որակի վատթարացմանը»,- ասված է մեկնաբանության մեջ: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ համացանցի աշխատանքի զգալի խափանումներ են նկատվել կիրակի՝ տեղական ժամանակով ժամը 18:35-ի սահմաններում, երբ ցուցարարների զգալի մասը մոտեցել է Անկախության հրապարակին։
10:04 - 24 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է Անկախության պալատ․ նա ուղղաթիռից դուրս է եկել՝ ինքնաձիգը ձեռքին

Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է Անկախության պալատ․ նա ուղղաթիռից դուրս է եկել՝ ինքնաձիգը ձեռքին

Ալեքսանդր Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է Մինսկի Անկախության պալատ, որի մոտ հավաքվել էին ցուցարարները, որոնք այսօր երթ էին կազմակերպել քաղաքի կենտրոնում: Այս մասին հայտնում է meduza.io-ն։ Դատելով «Пул Первого» տելեգրամյան ալիքի տեսանյութից (այն Լուկաշենկոյի մամուլի ծառայության ալիքն է)՝ նա ուղղաթիռից դուրս է եկել՝ ինքնաձիգը ձեռքին: «Նախագահը կրում է զրահաբաճկոն, ձեռքին ինքնաձիգ է», - հայտնել է մամուլի ծառայությունը:  Անկախության պալատը Լուկաշենկոյի նստավայրն է: Ոստիկանությունն այսօր արգելափակել էր Հաղթանակի պողոտան, որտեղ գտնվում է նստավայրը, որպեսզի կանխեր ցուցարարների զանգվածային երթը: Ակցիայի մասնակիցները կանգ էին առել ոստիկանական շղթայի առաջ. ցուցարարներից ոմանք ցրվել էին, ոմանք շարժվել էին հակառակ ուղղությամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մինսկի Անկախության հրապարակում ավելի քան 100 հազար մարդ է հավաքվել։ Ցուցարարները պահանջում էին ազատել բոլոր ձերբակալվածներին և քաղբանտարկյալներին, դատել նրանց, ովքեր մեղավոր են խոշտանգումների և սպանությունների համար, ինչպես նաև Ալքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։   Լուսանկարը՝ Дождь-ի տելեգրամյան ալիքից։  
21:54 - 23 օգոստոսի, 2020
Բելառուսում ցուցարարները պահանջում են ազատել բոլոր ձերբակալվածներին և քաղբանտարկյալներին, դատել նրանց, ովքեր մեղավոր են խոշտանգումների և սպանությունների համար

Բելառուսում ցուցարարները պահանջում են ազատել բոլոր ձերբակալվածներին և քաղբանտարկյալներին, դատել նրանց, ովքեր մեղավոր են խոշտանգումների և սպանությունների համար

Բելառուսի մայրաքաղաք Մինսկի Անկախության հրապարակում, Tut.by- ի և Euroradio-ի գնահատմամբ, ավելի քան 100 հազար մարդ է հավաքվել։ Այս մասին հայտնում է meduza.io-ն։ Ցուցարարները երթով առաջ են շարժվել, բայց նախագահ  Լուկաշենկոյի նստավայրի մոտ նրանց ճանապարհը փակել են։ Այնուհետև ցուցարարները քաղաքի կենտրոնով քայլել են դեպի «Պլանետա» հյուրանոցը: Այստեղ տեղի ունեցած կարճ հանրահավաքից հետո նրանք գնացել են Պետական ​​դրոշի հրապարակ: Բելառուսի քաղաքներում բնակիչները հավաքվում են կենտրոնական հրապարակներում և երթեր կազմակերպում: Գրոդնո քաղաքում կա ավելի քան 10 հազար ցուցարար: Nexta տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ ցուցարարները պահանջում են ազատել բոլոր ձերբակալվածներին և քաղբանտարկյալներին, դատել նրանց, ովքեր մեղավոր են խոշտանգումների և սպանությունների համար, ինչպես նաև Ալքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մինսկի  Անկախության հրապարակում ցուցարարները կաթվածահար են արել տրանսպորտի աշխատանքը:   Լուսանկարը՝ Nexta-ի։  
19:29 - 23 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն բանակը բերել է լրիվ մարտական պատրաստվածության վիճակի |azatutyun.am|

Լուկաշենկոն բանակը բերել է լրիվ մարտական պատրաստվածության վիճակի |azatutyun.am|

azatutyun.am: 25 տարվա ընթացքում առաջին անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակը բերել է լրիվ մարտական պատրաստվածության վիճակի: Այս մասին հայտնում է բելառուսական պաշտոնական աղբյուրը: Նախօրեին Բելառուսի առաջնորդը, այցելելով զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը, հայտարարել է, թե Բելառուսում կիրառվում է գունավոր հեղափոխությունների սցենարը։ «Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի զորքերի լուրջ տեղաշարժ մեր սահմանների անմիջական հարևանությամբ՝ Լեհաստանի և Լիտվայի տարածքում»,- «ԲելՏԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը Գրոդնո քաղաքում ուժայինների հետ հանդիպմանն ասել է Լուկաշենկոն, ում հրաժարականի պահանջով երկրում արդեն երկու շաբաթ է` բողոքի ցույցերը, գործադուլները շարունակվում են: Հյուսիսատլանտյան դաշինքը կտրականապես հերքում է Լուկաշենկոյի պնդումները` դրանք որակելով անհիմն: «Ինչպես նախկինում մենք արդեն հասկացնել ենք տվել, ՆԱՏՕ-ն որևէ սպառնալիք չի ներկայացնում Բելառուսի կամ մեկ այլ երկրի համար»,- հայտարարել է դաշինքի մամլո խոսնակ Օանա Լունգեսկուն:
11:15 - 23 օգոստոսի, 2020
Տիխանովսկայան հայտարարել է, որ Լուկաշենկոն վաղ թե ուշ ստիպված կլինի հեռանալ

Տիխանովսկայան հայտարարել է, որ Լուկաշենկոն վաղ թե ուշ ստիպված կլինի հեռանալ

Բելառուսի ժողովուրդը թույլ չի տա, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերաբերվի իրեն այնպես, ինչպես նախկինում, և վաղ թե ուշ Լուկաշենկոն ստիպված կլինի լքել իր պաշտոնը: Այս մասին այսօր «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան: Այս մասին տեղեկացնում է dw.com-ը։ Բացի այդ՝ Տիխանովսկայան նշել է, որ վերջին շրջանում նա բազմաթիվ զանգեր է ստացել միջազգային առաջնորդներից, այդ թվում ՝ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի: Տիխանովսկայայի խոսքով՝  նա խնդրել է իր զրուցակիցներին սատարել բելառուս ժողովրդին և հարգել Բելառուսի ինքնիշխանությունը: Տիխանովսկայան ասել է, որ բողոքի ցույցերի ընթացքում տուժած ցուցարարների մասին լուրերը ցնցել են նրան: Անդրադառնալով Բելառուսի և այլ երկրների հարաբերությունների ապագայի հարցին՝ նա նշել է, որ այդ  ոլորտում որոշումներ պետք է կայացնի ոչ թե ինքը, այլ բելառուս ժողովուրդը: Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ գտնվում է Լիտվայում, որտեղ ստիպված է եղել ապաստանել Բելառուսի նախագահական ընտրություններից հետո, հավելել է, որ այս պահին իրեն ապահով է զգում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ իր հետ մի քանի թիկնապահ է շրջում:
21:33 - 22 օգոստոսի, 2020
Գործադուլի դուրս եկած լրագրողների փոխարեն կաշխատեն ռուս լրագրողները. Լուկաշենկո |hetq.am|

Գործադուլի դուրս եկած լրագրողների փոխարեն կաշխատեն ռուս լրագրողները. Լուկաշենկո |hetq.am|

hetq.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուս է հրավիրել ռուս լրագրողների, որոնք կաշխատեն Բելառուսի հեռուստառադիոընկերությունում։ Վերջինս միավորում է Բելառուսի պետական հեռուստա և ռադիոընկերությունները։ Լուկաշենկոն այդ հայտարարությունն արել է «Ձերժինսկի» գյուղատնտեսական կոմբինատի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։ Նա պատմել է, որ ռուս լրագրողները ժամանել են այն բանից հետո, երբ պետական հեռուստաընկերությունների որոշ աշխատակիցներ «դուրս են թռել փողոց և սկսել մասնակցել բողոքի ցույցերին»։ «Ես խնդրել եմ ռուսներին. համենայն դեպս մեզ տվեք երկու-երեք խումբ լրագրողներ։ Նրանք առաջատար հեռուստաընկերություններից մեկի վեց կամ ինը աշխատակիցներ են»,- նշել էԼուկաշենկոն։ Նրա խոսքերով՝ ռուս լրագրողների ժամանումից առաջ, բողոքի ցույցերի որոշ մասնակիցներ որոշել են շարունակել աշխատանքը Բելառուսի հեռուստառադիոընկերությունում։ Լուկաշենկոն հավելել է, որ ռուս լրագրողները Բելառուսում իրենց աշխատանքի համար չեն վճարվում։ «Մենք ռուսներին ընդհանրապես չենք վճարում։ Լսեք, միթե ես վեց կամ ինը մարդու համար Ռուսաստանում չեմ գտնի ընկերներ, որոնք կաջակցեն այդ մարդկանց»,- նշել է նա։   Շարունակությունը՝ hetq.am-ում։
18:05 - 22 օգոստոսի, 2020
Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է փակել գործադուլներ անող բոլոր հիմնարկությունները |tert.am|

Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է փակել գործադուլներ անող բոլոր հիմնարկությունները |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով Գրոդնոյում անցկացվող ցույցի ընթացքում, հանձնարարել է օգոստոսի 24-ից փակել գործադուլներ անող բոլոր հիմնարկությունները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Աղբյուրը մանրամասնում է, որ օգոստոսի 9-ին նախագահական ընտրությունների արդյունքներով վերընտրված նախագահը նշել է, որ ավելի ուշ «կհասկանան, թե այդ հիմնարկություններոմ ում աշխատանք կառաջարկեն»։ Բելառուսական մի շարք հիմնարկություններ ավելի վաղ հաղորդել էին, որ իրենց աշխատակիցները գործադուլ են հայտարարել․ կանգնեցված է ձեռնարկությունների արտադրական գորունեությունը։ Դրան հակառակ՝ երկրի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի խոսքով՝ տնտեսության խթանիչ ուժ համարվող բոլոր կազմակերպություններն այժմ աշխատում են նահանգային ռեժիմով։ Աղբյուրը մանրամասնում է, որ Ժողովրդավարական արհմիությունների բելառուսական կոնգրեսում արդյունաբերական հսկաները գործադուլի հանձնաժողովներ են ստեղծում, իսկ Գործադուլի ազգային հանձնաժողովի ձևավորումը մոտ ապագայում կլինի։ 
17:40 - 22 օգոստոսի, 2020