«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Նախատեսվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը

Նախատեսվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը: Գործող իրավակարգավորմամբ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ 6 ամիս է, որը կարող է մեկ անգամ` հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ 6 ամսով: Ըստ հեղինակի` այս կարգավորումը խնդրահարույց է: Փորձը ցույց է տվել, որ նախորդ խորհրդարանի գործունեության ընթացքում նշված ժամկետների ոչ բավարար լինելու արդյունքում քննիչ հանձնաժողովները եւս 6 ամսով երկարաձգել են հանձնաժողովի լիազորությունները, ինչը նույնիսկ այդ դեպքում բավարար չի եղել: Հետեւաբար` նախագծով առաջարկվում է քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը փոփոխել` դարձնելով 1 տարի ժամկետով, որը կարող է մեկ անգամ` հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ մեկ տարով: Սերգեյ Բագրատյանը պարզաբանել է, որ փոփոխությունը վերաբերելու է ընդունումից հետո ստեղծվող քննիչ հանձնաժողովներին: Քննարկմանն առաջարկվել է հանձնաժողովի լիազորությունների ժամկետը դարձնել 1 տարի, որը կարող է երկարաձգվել մինչեւ 6 ամսով, ինչը հեղինակն ընդունել է: Նշենք, որ խորհրդարանական քննիչ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով: Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը կարեւորել է առաջարկության ընդունումը` նշելով, որ գործող 6 ամիսը բավարար չէ: Նա հորդորել է կողմ քվեարկել նախագծին: Առաջին ընթերցմամբ քննարկված նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Նախագծի վերաբերյալ Կառավարության եզրակացությունը ներկայացրել է Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը: Փոխնախարարն առաջարկել է լրամշակել նախագծի հիմնավորումները, նաեւ հստակեցնել անցումային դրույթները:
12:43 - 17 մայիսի, 2022
Խորհրդարանական կառավարման մոդելը մերժողներին հաջորդ ընտրությանը մարդիկ պետք է իրենց վերաբերմունքը ցույց տան. Թորոսյան

Խորհրդարանական կառավարման մոդելը մերժողներին հաջորդ ընտրությանը մարդիկ պետք է իրենց վերաբերմունքը ցույց տան. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախկին նախարար, Ազգային ժողովի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ամփոփել է խորհրդարանական անցած շաբաթը: Վերջինս հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ակտիվ աշխատում է և՛ խորհրդարանում, և՛ խորհրդարանական դիվանագիտության ոլորտում: Թորոսյանը նաև հիշեցրել է, որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է և չի ներկայանում ԱԺ աշխատանքներին: «Ընդդիմությունը կարծես թե մերժում է խորհրդարանական կառավարման մոդելի էությունը՝ անտեսելով մեր 100 հազարավոր քաղաքացիների տված քվեն: Ես կարծում եմ՝ հաջորդ ընտրություններում մեր քաղաքացիները պետք է իրենց վերաբերմունքը ցույց տան այդ քաղաքական ուժերին, որոնք, չօգտագործելով խորհրդարանական որևէ գործիքներ, հատկապես միջազգային ատյաններում, մեր երկրի ընդհանուր և գործընկեր երկրներում մեր երկրի շահերը ներկայացնելու հնարավորությունները չեն օգտագործում: Փաստորեն, նրանք անարդյունավետ գործողություններ են իրականացնում, որը ի սկզբանե հայտնի էր՝ արդյունք չի տալու»,- նկատել է պատգամավորը: Ըստ նրա՝ ընդդիմությունը կեղծ օրակարգով է առաջ շարժվում՝ խոսելով մտացածին թշնամիների մասին, որոնք երկրի ներսում են. «Իրականում, բոլորը շատ լավ գիտեն՝ մեր անվտանգային մարտահրավերները երկրից դուրս են, և դրանք մեղմելու, խաղաղության օրակարգը ամրապնդելու և առաջ մղելու համար բոլորս միասնական պետք է գնանք առաջ»: Պատգամավորի պնդմամբ՝ իշխանությունը ցանկանում է ընդդիմության հետ կոնստրուկտիվ աշխատանք՝ թե՛ հանձնաժողովներում, թե՛ բարեկամական խմբերում, թե՛ պատվիրակություններում, թե՛ պարզապես նախագծեր կազմելիս, սակայն կա հակառակ պատկերը:
14:08 - 16 մայիսի, 2022
Քաղաքական ակցիաների անվան տակ տեղի է ունենում մեր հայրենակիցների իրավունքների զանգվածային ոտնահարում. պատգամավոր

Քաղաքական ակցիաների անվան տակ տեղի է ունենում մեր հայրենակիցների իրավունքների զանգվածային ոտնահարում. պատգամավոր

Տարեց քաղաքացիներին ծեծող այս ստահակ խուժանն իրեն հայ է համարում ու ժողովրդին թուրք անվանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ խոսքն ուղղում է ՀՀ դատախազությանը, ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: «Չի կարող այսպես շարունակվել, ժողովրդի համբերությունը սահման ունի։ Սա արդեն մասսայական ահաբեկման դրսևորում է։ Մարդու և քաղաքացու քաղաքական իրավունքների իրացման սահմանն այնտեղ է, որտեղից սկսվում են այլոց իրավունքներն ու ազատությունները։ Այս օրերին քաղաքական ակցիաների անվան տակ տեղի են ունենում մեր հայրենակիցների իրավունքների զանգվածային ոտնահարում։ ՀՀ դատախազություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որպես Ազգային ժողովի պատգամավոր և հազարավոր մեր հայրենակիցների ներկայացուցիչ՝ պահանջ եմ ներկայացնում իրականացնել կտրուկ և գործուն միջոցներ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավունքների ոտնահարման դեպքերը նախականխելու, կանխարգելելու և քաղաքական ակցիաների ընթացքում կատարված հանցագործությունները բացահայտելու համար»,-գրել է պատգամավորը։
11:25 - 10 մայիսի, 2022
Հակաժողովրդավարական ուժերը պիտի համակերպվեն ժողովրդի քվեի հետ. Արսեն Թորոսյան
 |azatutyun.am|

Հակաժողովրդավարական ուժերը պիտի համակերպվեն ժողովրդի քվեի հետ. Արսեն Թորոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում: Խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի խոսքով` մի անգամ չստացված և ժողովրդի քվեով մարած շարժումը ընդդիմությունը փորձում է նորից արթնացնել, որը ըստ նրա` հաջողություն չի ունենա: «Ազատության» հետ զրույցում պատգամավորը պնդում է` վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմությունը կեղծ օրակարգ ունի: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից. Արսեն Թորոսյան. - Մենք ներքաղաքական ճգնաժամ չենք տեսնում, եթե շատ անկեղծ ասեմ, նույնիսկ անցյալ տարի էլ տեսնում էինք մասամբ, երբ որ գնացինք լուծումների: Եվ չի կարելի պարզապես, ասենք, 3-4 ամիսը մեկ արտահերթ ընտրություններ անել և ասել, որ քանի որ փողոցում կան մեր 12 հազար քաղաքացի կամ 50 հազար քաղաքացի, կապ չունի, մենք պետք է գնանք արտահերթ ընտրությունների: Արտահերթ ընտրությունները եղել են, եղել են ազատ և արդար, ինչպես և նախկին ընտրությունները, և կլինեն հերթական ընտրություններ 2026 թվականին, որին կարող են մասնակցել թե՛ այսօրվա ընդդիմադիր ուժերը, իմ կարծիքով` իրենք շանս չեն ունենա, իհարկե, անցնելու այլևս խորհրդարան` տեսնելով, թե ինչ են հիմա իրենք անում, թե՛ այլ ուժեր նոր խորհրդարան ձևավորելու համար: Կարծում եմ` պետք է ողջամտությունը, այնուամենայնիվ, իրենց մոտ էլ, իրենց մտքում էլ հաղթի, և հասկանանք` ուր են գնում. ի վերջո, գալիս են կառուցողական բանավեճի, որը, ի դեպ, ես մոտավորապես համարում եմ, որ կամուրջները գրեթե այրված են այդ առումով, իրենք են այրել, ոչ մենք, թե պետք է ագրեսիվացման տանեն, որպեսզի սևերես չլինեն իրենց աջակիցների առաջ: Դա էլ, գիտեք, ինչի է բերում:  - Այդ սցենարն էլ չի՞ անհանգստացնում ձեզ… Արսեն Թորոսյան. - Իհարկե, անհանգստացնում է, և մեզ անհանգստացնում է մեր ցանկացած քաղաքացու առողջություն, կյանք և բարեկեցություն, և նաև դրանով է պայմանավորված, որ մենք շատ ողջախոհ ենք գտնվում նույնիսկ ինչ-որ չափ սահմաններն անցնող դեպքերում և փորձում ենք զսպվածության կոչերով այդ ամեն ինչը կարգավորել, ոչ թե, օրինակ, միանգամից ոստիկանությունը ուժ է կրառում այդ դեպքերում: - Ինչո՞ւ եք ասում, որ կամուրջները այրված են, գուցե նախաձեռնե՞ք, այնուամենայնիվ, երկխոսության փորձ: Արսեն Թորոսյան. - Մենք պատրաստ ենք: Երեկ ձեզ առաջին նախագահն էլ էր նման հուշում արել` հանգուցալուծելու այս վիճակը: Արսեն Թորոսյան. - Ախր այնքան պարզ բաների մասին ենք խոսում: Երեկ Ազգային ժողովում կար հարց ու պատասխանը, հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը պատասխանում էր իրենց իսկ տված հարցին, թողեցին, գնացին մարդիկ, սկսեցին կոչեր անել: Իրենց իրավունքն է, բայց այդ նախաձեռնելը տեղի է ունենում մեր Ազգային ժողովի առաջին նիստից: Մենք ասում ենք` եկեք, խոսենք, իրենք ասում են` ձեզ հետ խոսելու բան չունենք, մենք գնում ենք ձեր հրաժարականը պահանջելու: Պահանջեք, դա էլ է ձեր իրավունքը, բայց պահանջելու արդյունքում մենք ժամանակին տվել ենք հրաժարական, վարչապետը տվել է հրաժարական, կառավարությունը դարձել է ժամանակավոր, տեղի են ունեցել ընտրություններ, ընտրությունների արդյունքում եղել է այս պատկերը: Կլինեն նոր ընտրություններ, կլինի այլ պատկեր, իրենք կձևավորեն իշխանությունը, իհարկե ես չեմ ուզենա, որ որևէ հակաժողովրդավարական ուժ ձևավորի իշխանությունը Հայաստանում, որովհետև մենք գիտենք` դա ինչով է հղի, իրենք կլինեն իշխանություն: Չի ձևավորվի, իրենք պետք է համակերպվեն ժողովրդի քվեի հետ:  
16:16 - 06 մայիսի, 2022
ՔՊ-ն ձեզ հետ կարող է քննարկել միայն թալանը անցնցում վերադարձնելու հարցը․ Բադալյանը՝ ընդդիմությանը

ՔՊ-ն ձեզ հետ կարող է քննարկել միայն թալանը անցնցում վերադարձնելու հարցը․ Բադալյանը՝ ընդդիմությանը

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ, ձեզ հետ կարող է քննարկել միայն թալանը անցնցում վերադարձնելու տարբերակը»։ Ընդդիմությանը դիմելով՝ այս մասին այսօր՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում, հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ հիշեցնելով, որ ընդդիմադիրները այս օրերին հաճախ են տեղեկություններ տարածում, թե վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ կամ անցնում հեռանալու տարբերակներ է քննարկում․ «Մնացած տարբերակները քննարկելի չեն»,- ասաց նա: Նշենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման նպատակով։ Մտքերի փոխանակման փուլում, սակայն, Բադալյանը նախագծից չխոսեց։ Նա նախ հիշեցրեց, որ ընդդիմությունը հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 12-ին, պարալիզացնելու է Երեւան քաղաքը, եւ ասաց՝ քանի հարմար առիթ է, եւ բոլորը հավաքվել են մի տեղում, նրանց մի քանի հարց կհղի, որոնք շատ կարեւոր են, եւ որոնց պատասխանները հետաքրքրում են քաղաքացիներին․ «Երբ դուք մեկ տարի ութ ամիս բոլոր հնարավոր հարթակներից եւ ամբիոններից անընդհատ Նիկոլ Փաշինյանին մեղադրում եք պատերազմի համար, դրանով ի՞նչ եք ուզում ասել, աշխարհին ուզո՞ւմ եք ասել, որ Ադրբեջանը բացարձակապես մեղք չունի պատերազմ սանձազերծելու համար, ո՞րն է դրա նպատակը, խնդրում եմ հստակ պատասխանել, արդյո՞ք նպատակը այն է, որ վաղը հնարվորության դեպքում ասեք՝ մենք ձեզ արդարացրեցինք, խնդրում ենք՝ Շուշին ու Հադրութը հետ տվեք»։ Այնուհետեւ Բադալյանը հետաքրքրվեց՝ ինչպես են լինելու ընդդիմության հարաբերությունները հարեւանների հետ, բանակցելո՞ւ են թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպե՞ս, ի՞նչ ֆորմատով, եթե այո, ապա ի՞նչ է լինելու դրանից հետո․ «Երրորդ հարցը հետեւյալն է․ ով է վարչապետի ձեր թեկնածուն, այսօր դուք անընդհատ խոսում եք այն մասին, որ Փաշինյանն ասել է, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ ՀՀ-ն չի ունենա վարչապետ, եւ փորձում եք տարբեր ձեւերով մանիպուլացնել այս արտահայտությունը, ինչո՞ւ չունեք վարչապետի թեկնածու, հնարավո՞ր է արդյոք, որ ձեր ենթադրյալ հաղթանակի դեպքում ՀՀ-ն իսկապես չունենա»։ Պատգամավորը հետաքրքրվեց նաեւ, թե ինչ է լինելու Արցախի հետ եւ խնդրեց այդ հարցին շատ հստակ պատասխանել։
12:50 - 06 մայիսի, 2022
Պետրոս Ղազարյանի՝ բանավեճի առաջարկը Հայկ Կոնջորյանը ընդունել է, Սեյրան Օհանյանը՝ մերժել

Պետրոս Ղազարյանի՝ բանավեճի առաջարկը Հայկ Կոնջորյանը ընդունել է, Սեյրան Օհանյանը՝ մերժել

Հանրային Հեռուստաընկերության հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում բանավեճի է հրավիրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին։  Հրավերին արձագանքել է և՛ Հայկ Կոնջորյանը, և՛ Սեյրան Օհանյանը։  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ « Պետրոս Ղազարյանը ինձ և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել է բանավեճի՝ Հանրային եթերում։ Ես համաձայն եմ բանավիճել՝ բաց և հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։ Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ՝ գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ։ Հուսամ՝ պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը և չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից՝ ի տես ամբողջ ժողովրդի»,- գրել է Կոնջորյանը։  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատասխանել է․  «Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ, որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, եւ հիմա այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը։ «Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել եւ պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետև ամեն ինչ վաղուց ակնհայտ է»,- ասված է Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։  Հայկ Կոնջորյանը կրկին գրառում է կատարել՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի՝ հրավերի մերժմանը։  «Փախչող ընդդիմության մայրամուտը   Սեյրան Օհանյանը պաշտոնապես հրաժարվեց ինձ հետ Հ1֊ի եթերում բանավիճել։ Չեմ ուզում հավատալ, որ գեներալ Օհանյանը վախեցավ։   Այժմ եկեք արձանագրենք 3 բան.   Ընդդիմությունը փախչում է արտաքին դիվանագիտության խրամատից,   Ընդդիմությունը փախչում է ԱԺ նիստերի դահլիճից,   Ընդդիմությունը փախչում է հեռուստատեսային տաղավարներից։   Հիմա հարց՝ որտե՞ղ և ինչպե՞ս է պատրաստվում ընդդիմությունը փրկել հայ ժողովրդին, եթե բոլոր տեղերից փախչում է։ Եվ ինչպե՞ս կարող է փախչողը փրկել ժողովրդին։   Սիրելի՛ ժողովուրդ, ձեր ոգին ամուր պահեք, ձեր միտքը՝ սթափ։ Մենք կանգուն ենք և կանգուն ենք մնալու՝ հանուն մեր ժողովրդի, հանուն մեր պետության»,- նշել է Կոնջորյանը։     
20:41 - 05 մայիսի, 2022
Քոչարյանն ու Սարգսյանը մարտական ընկերներ են. ոչ ես, ոչ դուք չենք կարող վերլուծել իրենց հարաբերությունները. Մամիջանյան
 |news.am|

Քոչարյանն ու Սարգսյանը մարտական ընկերներ են. ոչ ես, ոչ դուք չենք կարող վերլուծել իրենց հարաբերությունները. Մամիջանյան |news.am|

news.am: Խնդրում եմ իրենց մասին խոսելիս մի օգտագործեք իշխանություն բառը, Հայաստանում իշխանությունը պականում է ժողովրդին. Հայ ժողովուրդը վաղուց իր ընդվզմամբ ցույց է տվել, որ այս խունտան իրավունք չունի իր անունից՝ բանակցելու կամ ներկայանալու որպես իշխանություն: Այս մասին անհնազանդության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «Երեկ, երբ գնում էի ԱԺ եւ տեսա մի քանի շերտ ոստիկանական «կարդոնները», այլ կերպ բնազդային վախ, դա անվանել հնարավոր չէ»,-ասաց նա: Անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե բացահայտում էր անելու, բայց ընդդիմությունը փախավ նիստերի դահլիճից, Մամիջանյանն ասաց. «Էլ ի՞նչ ինքը կարող է բացահայտել: Արդեն բացահայտել է, որ Սյունիքի հանձնումը եղել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս եւ իր միանձնյա որոշմամբ: Արդեն բացահայտել է, որ մոբիլիզացիան եւ բանակի կազմակերպման աշխատանքում թերացել է ինքը, արդեն բացահայտել է, որ կարող էր կանխել պատերազմը, կանգնեցնել պատերազմը: Արդեն իր թիմակիցները բացահայտել են, որ մենք ճիշտ ենք, երբ ասում էինք, որ 2019-ին սեղանին փուլային տարբերակ էր: Ինքը քողարկված տեքստով բացահայտել են իրենց պլանները՝ այլեւս չպայքարել Արցախի համար, նվազեցնել նշաձողը եւ կասկածի տակ դնել այն միտքը, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Խոսելով երեկ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների պահվածքի մասին, Հայկ Մամիջանյանն ասաց, որ սովորություն ունեն ծափահարել իրենց ղեկավար կոչեցյալի զեղումներից հետո՝ բացարձակ չհարգելով ու չգիտակցելով նահատակված զինծառայողների հարազատների վիշտը, Հայաստանի ներկա իրավիճակը։ «Երբ ասելիք չկա, ծափահարելը լավագույն ու ամենահեշտ միջոցն է»,- ասաց նա։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ «Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է», Մամիջանյանը նշեց. «Վերջին շրջանում դեպքերի մեծ մասում գործընթացների մասին տեղեկանում ենք թուրք կամ ադրբեջանցի պաշտոնյաների խոսքերից։ Այս պարագայում ունեմ որոշակի խիստ հիմնավոր մտահոգություններ, բայց մինչև դրանց հաստատվելը չեմ մեկնաբանի Ալիևի հայտարարությունը, թեպետ մինչև այսօր Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների և այլ պաշտոնյաների ասածները հետագայում, ցավոք սրտի, իրականություն են դարձել»։ Լրագրողի հարցին՝ «տպավորություն կա, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խուսափում են ակցիաների ժամանակ միմյանց հանդիպելուց, ինչ որ հակասություն կա՞ նրանց միջև, Հայկ Մամիջանյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մարտական ընկերներ են։ Ոչ ես, ոչ դուք չենք կարող վերլուծել իրենց հարաբերությունները։ Իրենք ունեն մեծ անցած ուղի, որի մի մասն անցել է մարտական գործողություններով և, կարծում եմ, որ դա մեր քննարկման խնդիրը չէ։ Սերժ Սարգսյանը երբ այցելում է վրանային ավան, շփվում է ակտիվիստների, քաղաքացիների հետ, տալիս է կազմակերպչական հանձնարարություններ հենց տեղում ձևավորված շտաբից»։   Գլխավոր նկարը՝  panorama.am
12:43 - 05 մայիսի, 2022
Ընդդիմության միակ նպատակը իշխանության զավթումն է, բայց նրանք, ըստ էության, տապալվել են․ Արթուր Հովհաննիսյան

Ընդդիմության միակ նպատակը իշխանության զավթումն է, բայց նրանք, ըստ էության, տապալվել են․ Արթուր Հովհաննիսյան

«Վարչապետն ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին, ընդդիմադիրներն այդ փաստով պայմանավորված՝ միանգամից փախան դահլիճից»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս տեսակետը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե բացահայտում ունի անելու։ Նրա կարծիքով՝ ընդդիմությունը մշտապես փախչել է ճշմարտությունից, այս դեպքն էլ բացառություն չէր։ Իսկ թե որն էր վարչապետի ասելիքը՝ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Փաշինյանն ասել է՝ ասելիքը կասի՝ նայելով ընդդիմադիրների աչքերին, որպեսզի նրանք լավ հասկանան այդ ճշմարտությունը եւ հաշվի նստեն դրա հետ․ «Վարչապետը, երբ կգա պատեհ պահը, կասի իր ասելիքը ընդդիմադիրների ներկայությամբ»։ Արթուր Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ ընդդիմության նպատակն Արցախը փրկելը չէ․ «Նրանք հստակ հայտարարեցին՝ որն էր իրենց նպատակը, դա իշխանության զավթման անհաջող փորձն է։ Կոչեր, կենացներ, ճառեր են հնչում Արցախի մասին, բայց մարդիկ Երեւանի փողոցներում Արցախի դրոշներ տեղադրելով չեն կարող Արցախ փրկել»։ Ինչ վերաբերում է ընդդիմության հետ կառավարող ուժի հնարավոր քննարկումներին, Հովհաննիսյանն ասաց, որ ոչ մեկ անգամ իրենք հանրային եւ ոչ հանրային կերպով առաջարկել են ընդդիմությանը գալ եւ ծանոթանալ տարբեր փաստաթղթերի, հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ ստանալ․ «Երեկվա դեպքը դրան էր վերաբերում, երեկ էլ սկսվել էր խոսակցություն, հնչել էր հարց, որին պետք է տրվեր պատասխան, որն, ըստ էության, կարեւոր բովանդակություն էր պարունակում։ Բայց ընդդիմությունը փախել է ճշմարտությունից, որովհետեւ եթե նրանք մտնեն եւ ծանոթանան ողջ ճշմարտությանը, չեն կարող դուրս գալ փողոց եւ ծակ բաժակներով կենացներ ասել։ Ընդդիմության միակ նպատակը իշխանության զավթումն է, բայց նրանք, ըստ էության, տապալվել են։ ՀՀ-ում ժողովուրդն է իշխանություն, եւ Հայաստանը՝ որպես պետություն, իր ուժային կառույցներով, կառավարությունով, օրենսդիրով ամուր կանգնած է իր տեղում եւ թույլ չի տալու, որ ժողովրդավարությունն օգտագործեն՝ որպես խուլիգանություններ եւ անկարգություն անելու միջոց»։
11:45 - 05 մայիսի, 2022
«Նրանց մոտ չի ստացվելու». Վարդանյանն անդրադարձավ ընդդիմության կազմակերպած ակցիաներին |armenpress.am|

«Նրանց մոտ չի ստացվելու». Վարդանյանն անդրադարձավ ընդդիմության կազմակերպած ակցիաներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վստահ է, որ ընդդիմությունն իր նպատակին չի հասնելու: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ ամբիոնից իր ելույթում՝ անդրադառնալով ընդդիմադիրների ակցիաներին: Պատգամավորը նախ անդրադարձավ Իշխան Սաղաթելյանին՝ ընդգծելով, որ ԱԺ նախագահի տեղակալի գործառույթներից է ԱԺ-ի բնականոն գործունեությունն ապահովելը: «Սրան հակառակ` մենք ունենք իրավիճակ, երբ  ոչ միայն չի ապահովվում այդ բնականոն գործունեությունը, այլև ամեն ինչ արվում է, որ այդ բնականոն գործունեությունը խաթարվի, և դա կատարվում է ցանկացած հայտարարությամբ, արտահայտությամբ: Տպավորությունն այնպիսին է, որ այդ մարդիկ որևիցե կապ չունեն ԱԺ-ի հետ, իրենց պարզապես դիտարկում են արտախորհրդարանական քաղաքացիական ինչ-որ նախաձեռնություն, որը փորձում է բարձրաձայնել ինչ-որ հարց, որը կառավարությունը կամ ԱԺ-ն չեն լսում, և դրան ավելի հստակ անդրադառնալու կարիք է զգացվում»,- ասաց Վարդանյանը: Անդրադառնալով ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության վերաբերմունքին, տեսակետներին, թե բիրտ ուժ է կիրառվում՝ Վարդանյանը դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց, որ այդ ոստիկանական ավտոմեքենաները, ամեն ինչը ձեռք են բերվել այն ժամանակահատվածում, երբ ներկայիս ընդդիմությունը այն ժամանակ որպես իշխանություն դա հարիր է համարել: «Ոստիկանությունը բիրտ ուժ ե՞րբ է կիրառել, հատուկ միջոցնե՞ր է կիրառել, փորձել է գեթ մեկ փամփո՞ւշտ կրակել օդ. Ոչ, որևիցե բան չի անում, ոստիկանությունը կատարում է իր գործառույթները՝ փորձելով ապահովել քաղաքացիների մյուս իրավունքների իրականացումը»,- ասաց Վարդանյանը: Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ Ոստիկանությունը պարտավոր է գործել օրենքի շրջանակում, պարտավոր է հարգել «Հավաքների ազատության մասին» օրենքը, պարտավոր է հարգել «Ոստիկանության մասին» օրենքը: Այսպիսով, պատգամավորը նիստերի դահլիճում ներկա Գլխավոր դատախազին հորդորեց ուշի ուշով ուսումնասիրել ցանկացած դեպք և դրան գնահատական տալ: Բայց միաժամանակ Ոստիկանությանը կոչ արեց պահպանել օրենքը: Վարդանյանը նշեց՝ իր համար ցավալի էր, երբ ընդդիմությունը հեռացավ ԱԺ դահլիճից: «Նայում եմ Արցախի այս դրոշներին և ցավում. շատ խորհրդանշական եղավ, եկան դրոշները տեղադրեցին և լքեցին»: Ապա նա հարց բարձրացրեց. «Ընտրություններն ավարտվել են անցյալ տարի հունիսին, դրանից հետո շատ ժամանակ է անցել, բան չի փոխվել, այդ ինչո՞ւ ապրիլի վերջին, մայիսին սկսեցիք քայլել. եղանակը տաքացավ, հարմա՞ր է: Այսինքն, եթե ցրտի, վերադառնալու են տաք տե՞ղ, հետո գարնանն էլի գնալո՞ւ են մասնակցեն ցույցերի»: Ապա անդրադառնալով Ֆրանսիայի հրապարակում հավաքվող պաշտոնատար անձանց՝ հարցրեց՝ 44-օրյա պատերազմի ընթացքում այդ միասնականությունն ինչո՞ւ չէին ապահովում: «Սա ոչ այլ ինչ է, քան սեփական գույքը, սեփական անձը պաշտպանելու քայլ: Սա իշխանության գալու պայքար չէ, սա հինգերորդ շարասյան գործառույթ է: Այդ մարդիկ կատարում են հինգերորդ շարասյան գործառույթներ: Նրանց պետք չէ ոչ իշխանությունը, ոչ ԱԺ-ն, ոչ երկիրը, ոչ միջազգային հարաբերությունները, ոչ Արցախը: Նրանց պետք է կատարել «հինգերորդ շարասյան» գործառույթ, ինչը նրանց մոտ չի ստացվելու, որովհետև, հարգելի գործընկերներ, No pasarán, ձեզ մոտ չի ստացվելու, դուք չեք անցնելու»,- եզրափակեց նա:    Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի
12:24 - 04 մայիսի, 2022
Իշխանության հետ երկխոսելու մի օրակարգ կա, դա Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ խոսելու բան չկա. Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Իշխանության հետ երկխոսելու մի օրակարգ կա, դա Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ խոսելու բան չկա. Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Իշխանության հետ երկխոսելու միակ օրակարգը Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ բան չկա խոսելու: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ պատրաստ են ընդդիմության հետ երկխոսել: Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների գրառումներին, որոնց միջոցով շնորհակալություն էին հայտնում Ոստիկանությանը՝ այս օրերին իրականացվող գործողությունների համար, Իշխան Սաղաթելյանն ասաց. « ՔՊ-ն շնորհակալ է Ոստիկանությանը, քանի որ նրանք հասարակական կարգ չեն պահում, իրենց իշխանությունն են պահում, այնքան անամոթ են, որ այդ նույն ոստիկաններին, որոնք Շուշիում կոտորվեցին, մեկ անգամ չցավակցեցին, իսկ այսօր անընդհատ ծափահարում են և ստիպում, որ բռնություն գործադրի քաղաքացիների նկատմամբ և երբեմն ոստիկանությունը տեղիք տալիս է»:
15:32 - 03 մայիսի, 2022
Սա իրենց համար միգուցե վերջին շանս է, կարծում եմ՝ այս փորձից հետո շատերը, որպես քաղաքական գործիչ, չպետք է վերադառնան այս դահլիճ. Ալեն Սիմոնյան

Սա իրենց համար միգուցե վերջին շանս է, կարծում եմ՝ այս փորձից հետո շատերը, որպես քաղաքական գործիչ, չպետք է վերադառնան այս դահլիճ. Ալեն Սիմոնյան

«ՀՀ իշխանությունը, մեր իրավիճակից ելնելով, այսօր ապահովում է ՀՀ անվտանգությունը շատ ավելի լավ, քան այսօր դրա մասին խոսող այն դերակատարները, որոնք կարողացել են ապահովել կամ կկարողանան այս իրավիճակում ապահովել»։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունը ասելիք չունի, բայց նրանք դուրս են եկել փողոց՝ Արցախի եւ Հայաստանի անվտանգության համար, արդյո՞ք դա ասելիք չէ, դա իշխանության համար լուրջ ազդակ չէ՞, որ իրենց քաղաքականությունը այս առումով սխալ է, Սիմոնյանը պատասանեց․ «Խնդրում եմ՝ թող ընդդիմությունը, դուք բացատրեք, թե ինչ է նշանակում այդ «համար»-ը, ո՞րն է դա, երբ վիրավորում են, գոռում են՝ միացի՛ր, դա առաջա՞րկ է անվտանգության համար, այն, ինչ իրենք՝ Դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պիտի անեին, մոտ քսան տարի ժամանակ ունեցել են, եւ ոչինչ չեն արել»։Անդրադառնալով նախկինում հնչած այն տեսակետին, թե Նիկոլ Փաշինյանն այլեւս չպետք է բանակցի՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ներողություն եմ խնդրում, բայց նախ դուք չպետք է որոշեք, այլ ժողովուրդը, եւ ժողովուրդը այդ որոշումը կայացրել է, եւ երկրորդ, բա ո՞վ պետք է բանացկի․ Քոչարյա՞նը, որը Ղարաբաղը դուրս թողեց բանակցային պրոցեսից, եւ քննարկում էր Մեղրին Արցախի հետ փոխարինելու հարցը, թե՞ Սերժ Սարգսյանը, որը տասը տարվա պաշտոնավարումից հետո եկավ եւ ասաց, որ բանակցային պրոցեսը այլեւս լավատեսություն չի ներշնչում, եւ մենք գտնվում ենք փակուղում, թե՞ Վանեցյանը թե՞ Դաշնակցությունը»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ ինքն ուզում է հասկանալ ընդդիմության առաջարկները։Լրագրողի հարցին՝ բայց արդյո՞ք այս իշխանությունը պետք է բանակցի, որը պարտվել է եւ Արցախի 75 տոկոսը տվել է թշնամուն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Նախ, այդ հարցի պատասխանը տվել է ՀՀ  քաղացացին, ոչ թե ես, ոչ թե դուք, այս նույն մարդիկ ութ ամիս առաջ այս նույն լոզունգներով գնացին քաղաքացու մոտ, ի դեպ, իրենք չէին ուզում գնալ, մենք ենք պարտադրել այդ օրակարգը, որ ժողովուրդը պիտի որոշի, եւ ժողովուրդը այդ հարցի պատասխանը տվել է»։ Անդրադառնալով «75 տոկոս» ձեւակերպմանը, ԱԺ  նախագահը հարց հնչեցրեց․ «Եկեք մի բան հասկանանք․ այդ որ ասում եք 75 տոկոս, այն գրավյալ տարածքները մե՞ջն են, որոնց մասին խոսում էր Սերժ Սարգսյանը եւ ասում, որ դրանք որեւէ նշանակություն չունեն, թե՞ դուք նկատի ունեք հենց Արցախի տարածքը, որով Արցախի Հանրապետությունը  իր անկախությունն է հռչակել։ Անվերջ կան բաց տեղեր, անվերջ կա քաղաքական որեւէ կոնկրետ հարցի պատասխանի բացակայություն, եւ դա է պատճառը, որ մեր ընդդիմությունը այսօր, մեղմ ասած, բավականին վատ իրավիճակում է հայտնվել»,- նշեց նա՝ հավելելով, որ ընդդիմությանը, ամեն դեպքում, հասկանում է․ «Սա իրենց համար միգուցե վերջին շանս է, եւ կարծում եմ՝ այս փորձից հետո շատերը, որպես քաղաքական գործիչ, չպետք է վերադառնան այս դահլիճ, որովհետեւ նրանց քաղաքական ասելիքը սպառված է»։
13:52 - 03 մայիսի, 2022
Ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են մեծ տրամաչափով զենքի կրակոցներ․ Ալեն Սիմոնյան

Ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են մեծ տրամաչափով զենքի կրակոցներ․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին մեր սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են «մեծ տրամաչափով զենքի կիրառման կրակոցներ»․ «Հետեւությունները թողնում եմ Ձեզ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ ինքը մասին բազմաթիվ անգամներ ասել է, որ ընդդիմության գործողությունները գրեթե միշտ համընկնում են կա՛մ կարեւոր այցերի հետ, օրինակ՝ ՌԴ ղեկավարի կամ ԵՄ ղեկավարների, կա՛մ սահմանում տեղի ուենցող իրադարձությունների հետ․ «Ես չեմ համարում, որ դա զուգադիպություն է, համարում եմ, որ ինչ-որ ձեւերով դա համակարգվում է, եւ այն բացահայտումները, որ այսօր արդեն ԱԱԾ-ի կողմից արվում են, դրա մի մասն են, բայց մեր քաղաքացիները ամեն ինչ հասկանում են եւ չեն միանում, եւ այդ ակցիաները գնալով սակավ մարդկանցով են տեղի ունենում»,- նշեց նա։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ երբ իրենք էին ընդդիմություն, նույն բանը իրենց վերաբերյալ էին ասում, Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ ասելով․ «Գիտեք՝ ինչ, երկու բան․ նախ նույնության մասին ով-ով, իրենք չպետք է խոսեն, որովհետեւ բացի երեւի մորուք պահելուց, ամեն ինչ կրկնում են, եւ չեն հասկանում, որ եթե ուզում ես ինչ-որ բան անել, չի նշանակում, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ պահի դա արել է, դու էլ, նույնն անելով, կհաջողես, դրա ձեւերը շատ երկար կարող եմ բացատրել։ Ինչ վերաբերում է նույնությանը, 2018 թ․-ին սահմանին տեղի չէր ունենում այն, ինչ հիմա է տեղի ունենում, եւ այդ խոսակցությունը մի կարճ պահ տեւեց»։ Սիմոնյանի կարծիքով՝ արդեն երկարատեւ ժամանակ է՝ այնպիսի տպավորություն է, թե ընդդիմության գործողությունները եւ հայտարարությունները կարծես հարեւան երկրի ՊՆ լրատվական բաժնից լինեն․ «Եւ ոչ միայն իմ մոտ է այդ տպավորությունը, իմ խոսքերը դնենք մի կողմ, տեսեք՝ գործողություն, կրակոց, գործողություն, կրակոց, սա ես չեմ ասում, սա ուղղակի փաստ է»։
13:02 - 03 մայիսի, 2022
Ալեն Սիմոնյանը բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ է գնահատում

Ալեն Սիմոնյանը բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ է գնահատում

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր անդրադարձավ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողություններին՝ ընդհանուր առմամբ, այն գնահատելով համաչափ։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե «ոստիկանությունը բոքսում էր» քաղաքացուն, դրա՞ համար էր ինքը երեկ շնորհակալություն հայտնում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․   ««Ոստիկանությունը բոքսում էր» արտահայտությունը հանեք ձեր լեքսիկոնից, մի կոնկրետ դեպքը ընդհանրացնել եւ հոգնակի թվով ներկայացնելը պատիվ չի բերում ե՛ւ ձեզ, ե՛ւ լրատվամիջոցին, որովհետեւ եթե ես խնդրեմ ասել այդպիսի մեկ, երկու, երեք դեպք, դուք դա չեք անի» ։ Երբ լրագրողները հիշեցրին երեկ տեղի ունեցած բռնության այլ դեպք, մասնավորապես՝ լրագրողի նկատմամբ, Սիմոնյանն ասաց․ «Դե ես ասացի՝ բացի 2-3 դեպքից․․․» Դիտարկմանը, թե 3 դեպքը արդեն հոգնակի է, ԱԺ նախագահը արձագանքեց՝ ասելով․ «Հիմա սա Ձե՞ր հարցազրույցն է թե՞ իմ, վերջացավ Ձեր հարցը, ես այլեւս չեմ պատասխանի»։ Այնուհանդերձ, ԱԺ նախագահը նշեց, որ այդ դեպքի մասին լսել է, բայց բավականին քիչ է հետեւում ակցիաներին եւ ընդհանուր առմամբ, ոստիկանության գործողությունները գնահատում է համաչափ։ Նա կրկին շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որ պահպանում են մյուս քաղաքացիների իրավունքները եւ թույլ չեն տալիս, որ տարբեր փոքր միջոցառումներ խանգարեն մնացած քաղաքացիների իրավունքները․ «Բայց միեւնույն ժանանակ կրկնում եմ, որ հարգանքով եմ վերաբերվում այն քաղաքացիներին, ովքեր իրենց իրավունքն են իրացնում, ազատ ցույցեր, երթեր իրականացնում, կարող եք տեսնել՝ ոստիկանությունը ինչպես է ուղեկցում, նաեւ ընդդիմադիր գործիչներն են նշում, որ ոստիկանության աշխատակիցները օգնում, աջակցում են, երբ ինչ-որ դեպք է տեղի ունենում, համենայն դեպս պետք է հասկանանք, որ գործողություններ, քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, եւ ոստիկանությունը իր աշխատանքն է իրականացնում»,- ասաց նա։
12:50 - 03 մայիսի, 2022
Պետական շահն անտեսվում է, և ընդդիմադիրներն ավելի շատ քաղաքական շահի ընթացքի մեջ են․ Սերգեյ Բագրատյան

Պետական շահն անտեսվում է, և ընդդիմադիրներն ավելի շատ քաղաքական շահի ընթացքի մեջ են․ Սերգեյ Բագրատյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ ընդդիմության արդեն երկու օր տևող ակցիաների պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթն է՝ նշաձողն իջեցնելու պահանջի մասին։ Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունը սպառել էր ներքաղաքական օրակարգը, չկար մի բան, որով հնարավոր էր հանրությանը գեներացնել,  դրա համար էլ փորձում է «ելույթի այդ մի հատվածով» գեներացնել հանրային դժգոհություն։ «Արտաքին դիվանագիտական ճակատում մեր կարևորագույն հանդիպումներից առաջ անպայման ձեռնարկվում են որոշակի ակցիաներ, ընդդիմության կողմից ճնշում է գործադրվում գործող իշխանության վրա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանության գերկենտրոնացումը արտաքին ճակատում կարող է թուլացրած լինել ներսը, իրենք [ընդդիմադիրները] փորձում են օգտվել հնարավորությունից և իրենց նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չեն դնում»,- 1in.am-ին տված հարցազրույցում հայտարարեց Սերգեյ Բագրատյանը։ Խոսելով ակցիաների մասին՝ Բագրատյանը նշեց, որ պետական շահն անտեսվում է, և ընդդիմադիրներն ավելի շատ «քաղաքական շահի ընթացքի մեջ են»։ «Ենթադրվում է նաև, որ հնարավոր է, որ որոշակի կենտրոններից ուղերձներ են հղվում ընդդիմությանը, և փորձում են գեներացնել այնպիսի իրավիճակ, որ իշխանությունները սխալվեն այս դիվանագիտության հարաբերության ընթացքում, իսկ ներքին և արտաքին ճնշման տակ այդ սխալների արդյունքում իրենք կարողանան իշխանափոխություն իրականացնել»,- նշեց պատգամավորը։ Բագրատյանը նաև մտահոգությու հայտնեց, որ ընդդիմության մի թևը Հայաստանի ապագան տեսնում է «առնվազն Ռուսաստանի հետ համընթաց»։ «Այսինքն՝ այստեղ մենք անկախության լուրջ կորուստներ կարող ենք արձանագրել և մեր սուվերենությունը հանձնել որևէ երրորդ պետության։ Ոչ ոք չի հրաժարվում ռազմավարական դաշնակցի հետ համագործակցությունից, բայց ցանկացած համագործակցություն և ցանկացած հարաբերություն պետք է չլինի ի հաշիվ երկրի անկախության և սուվերենության»,- ասաց նա։ Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ ընդդիմությունն ու իշխանությունն ունեն կուլիսային պայմանավորվածություններ, Բագրատյանը նշեց․ «Ցանկացած ակցիա, որը կոնկրետ նշում է Արցախի հարցում իշխանության բացթողումները՝ նշաձողն իջեցնելու հետ կապված և այլն, դու կարող ես դա օգտագործել արտաքին հարթակներում, որ կա ընդդիմություն, որն Արցախի հարցում այլ դիրքորոշում ունի, և այդ դիրքորոշումը կարող է բերել արհավիրքների։ Եվ արտաքին խաղացողները, որոնք շահագրգռված են տարածաշրջային խաղաղությամբ, հաշվի են նստելու այդ իրողության հետ։ Եթե իշխանությունը ճիշտ է խաղարկում այս իրողությունը, կարող է որոշակի դիվիդենտներ շահել և այս դժգոհությունը վերածել արտաքին հաջողության որոշակի սեգմենտներում։ Բայց արդյո՞ք դա կուլիսային պայմանավորվածություն է․ չեմ կարծում, որ հնարավոր է կուլիսներում պայմանավորվել մի հարցի շուրջ, որը, ի  վերջո, իշխանւթյան խնդիր է լուծում։ Բագրատյանի խոսքով՝ սա սոցիալական հենք չունեցող շարժում է․ «Արցախի ղեկավարությունը հստակ հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները Արցախի ընտրված իշխանության հետ համատեղ իրականացնում են նույն քաղաքականությունը։ Այսինքն՝ եթե Արցախի իշխանությունը դժգոհություն հայտներ Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունից, բնականաբար, ընդդիմությունն ավելի լայն զանգվածներ կարող էր գեներացնել։ Արցախի արտգործնախարարը հստակ հայտարարեց, որ ներքաղաքական օրակարգում Արցախը մի՛ քննարկե։ Դա վերաբերում էր և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը։ ․․․ Ընդդիմությունը, եթե ասում էր՝ Արցախի հարցը լուծելու համար եմ ես իշխանություն ուզում, Արցախի հարցը վերացավ, մնաց «իշխանություն եմ ուզում» հատվածը, իսկ իշխանություն բոլորը ուզում են»։ Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության ընդլայնված նիստին հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ: Հիշեցնենք նաև, որ ընդդիմությունը, երկու օր է, բողոքի ակցիաներ է իրականացնում։ Այսօր առավոտվանից ևս ակցիաները շարունակվում են։
10:13 - 03 մայիսի, 2022
Ըստ ՔՊ նախընտրական ծրագրի՝ բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից էր լինելու Արցախի տարածքների դեօկուպացիան․ Մարիա Կարապետյանը սխալ է ներկայացնում ծրագիրը

Ըստ ՔՊ նախընտրական ծրագրի՝ բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից էր լինելու Արցախի տարածքների դեօկուպացիան․ Մարիա Կարապետյանը սխալ է ներկայացնում ծրագիրը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր՝ «Ազատությանը» տված հարցազրույցում, հայտարարեց, որ իրենք նախընտրական ծրագրում չեն գրել, թե դեօկուպացնելու են Արցախի տարածքները։ «Այնտեղ [նախընտրական ծրագրում] գրված չի եղել, որ մենք դեօկուպացնելու ենք Շուշին և Հադրութը, գրված է եղել՝ այդ հարցը բանակցություններում քննարկման առարկա կարող է լինել։ Ստեղ նյուանս կա, տարբերություն կա։ Ես հասկանում եմ, որ բառի գործածությունը  ավելի ցայտուն է թվում․ օգտագործվա՞ծ է բառը, թե՞ ոչ։ Բայց ձևակերպման տարբերություն կա»,- նշեց պատգամավորը։ Մարիա Կարապետյանը, սակայն, սխալ է ներկայացնում ՔՊ նախընտրական ծրագրում դեօպուկացիայի մասին ձևակերպումը․ այնտեղ գրված չէր, որ Արցախի տարածքների հարցը բանակցություններում քննարկման առարկա կարող է լինել։ Ծրագրում նշվում էր հետևյալը․ «Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ՝ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»: Ավելին, Նիկոլ Փաշինյանը 2021-ի ապրիլի 14-ին՝ Կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցի քննարկմանը, ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Որպես քաղաքական և ոչ թե որպես ռազմական հարց ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա․ որպես բանակցային հարց, այո՛, պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը»:  Մարիա Կարապետյանը, փաստորեն, սխալվում է․ ՔՊ նախընտրական ծրագրում Արցախի տարածքների դեօկուպացիայի հարցը նշում էր որպես բանակցային գործընթացի առաջնահերթություններից մեկը, իսկ նախընտրական քարոզարշավից առաջ Փաշինյանը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօպուպացիայի խնդիրը պետք է և ոչ թե կարող է դրվել որպես բանակցային հարց։ Infocom-ն արդեն անդրադարձել է այն հարցին, թե ԼՂ հակամարտության կարգավորման մասին ինչ էր նշված ՔՊ նախընտրական և 2021-ին ձևավորված կառավարության ծրագրերում, և ինչ են այժմ փաստացի հայտարարում կառավարող ուժի ներկայացուցիչները։ Գլխավոր լուսանկարը՝ ԱԺ կայքից Աննա Սահակյան
19:11 - 27 ապրիլի, 2022