ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է. տրվեց ԵԽ-ի՝ ՀՀ-ի համար իրականացվող գործողությունների նոր ծրագրի մեկնարկը
 |armenpress.am|

Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է. տրվեց ԵԽ-ի՝ ՀՀ-ի համար իրականացվող գործողությունների նոր ծրագրի մեկնարկը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի Խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագրի հիմնական շահառուն Հայաստանի քաղաքացիներն են, ծրագրերն ուղղված են առաջնահերթ ոլորտների՝ օրինակ երեխաների և կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը ԶՈՒ-ում, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական բարեփոխումներին և այլն: Երևանում փետրվարի 16-ին կայացած միջոցառմամբ տրվեց Եվրոպայի Խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թ.թ. ծրագրի մեկնարկը: Հայաստանի համար նոր գործողությունների ծրագրով նախանշվել են առաջիկա 4 տարիների հիմնական առաջնահերթությունները: «Գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգում՝ ուղղված եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանը, անկախ դատական համակարգի կայացմանն ու հակակոռուպցիոն ինստիտուտների հզորացմանը»,- ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ով մասնակցում էր միջոցառմանը: ԱԳ նախարարը գործողությունների նախորդ ծրագրերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի դրական արձագանքը համարեց  խոստումնալից, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող, այս գործողությունների ծրագրի իրականացման համար ավելի բարձր նշաձող սահմանելու առումով: Այս առնչությամբ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների անվերապահ հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքներին ու արժեքներին, որոնք ամրագրված են նաև կառավարության գործողությունների ծրագրում: «Կառավարության հանձնառությունն ու քաղաքական կամքի առկայությունը անկյունաքարային են բարեփոխումների համար: Միաժամանակ շատ կարևոր է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ կայուն հաջողություն ու շոշափելի արդյունքներ ունենալու համար»,-ասաց Միրզոյանը՝ այս առնչությամբ շնորհակալություն հայտնելով Հայաստանի բարեկամներին ու գործընկերներին, որոնք միավորել են իրենց ջանքերը՝ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին աջակցելու համար: Միրզոյանը շեշտեց՝ Հայաստանը բարձր է գնահատում իր ավանդական գործընկերների՝ ԵՄ-ի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության, Դանիայի, նաև Ավստրիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ռումինիայի և այլ երկրների, կազմակերպությունների կամավոր ներդրումները, որոնք լրացնում են Եվրոպայի խորհրդի ինստիտուցիոնալ կարողություններն ու փորձը: «Գոհունակությամբ արձանագրում ենք, որ գործողությունների նախորդ ծրագրերի իրականացման դրական փորձը մեր գործընկերների մոտ ձևավորել է այն համոզմունքը, որ այս ծրագրերի հիմնական շահառուն ՀՀ քաղաքացիներն են, ծրագրեր՝ ուղղված այնպիսի առաջնահերթ ոլորտների, ինչպիսիք են սոցիալական արդարությունը, երեխաների և կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքները, մարդու իրավունքների պաշտպանությունը ԶՈՒ-ում, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական բարեփոխումները, ապակենտրոնացումը և տեղական ինքնակառավարման խթանումը»,-ասաց Միրզոյանը:   ԱԳ նախարարը հատուկ ընդգծեց ՀՀ իշխանությունների և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության բարձր մակարդակը՝ գործողությունների ծրագիրը կառավարության կարիքներին ու առաջնահերթություններին համապատասխանեցնելու հարցում ճկունության ցուցաբերումը: Հիշեցնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի, ՀՀ ինքնիշխան տարածքներ օկուպացնելու մասին՝ Միրզոյանը շեշտեց, որ, չնայած Հայաստանի և նրա ժողովրդավարության դեմ ուղղված այդ քայլերին և առկա սուր մարտահրավերներին, Հայաստանը հավատարիմ է մնում իր արժեքներին և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցաբար շարունակում է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: «Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է»,-եզրափակեց ԱԳ նախարարը: Նախքան միջոցառումը ՀՀ ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանն ու Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն քննարկում են ունեցել՝ անդրադառնալով համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակի:  
16:50 - 16 փետրվարի, 2023
Տոյվո Կլաարը պատմական է որակել Հայաստանի ԱԳ նախարարի այցը Թուրքիա և երկու երկրների հարաբերություններում նոր զարգացումների հույս հայտնել
 |armenpress.am|

Տոյվո Կլաարը պատմական է որակել Հայաստանի ԱԳ նախարարի այցը Թուրքիա և երկու երկրների հարաբերություններում նոր զարգացումների հույս հայտնել |armenpress.am|

armenpress.am: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պատմական է որակել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա: «Կարիքի մեջ գտնվող հարևանին աջակցելու՝ Հայաստանի որոշումից հետո սա պատմական այց է: Հուսով ենք, որ սա Թուրքիա-Հայաստան հարաբերություններում սպասվող զարգացումների լավ նախանշան է», -  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Տոյվո Կլաարը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը կից ներկայացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի գրառումը, որում հաղորդվում է, որ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին կմեկնի Թուրքիա, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, ինչից հետո Ադըյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարների հետ:
10:42 - 15 փետրվարի, 2023
«Արմատական փոփոխությունները հաջողության կարող են հասնել միայն լայն կոնսենսուսի պարագայում»․ ԳԱԱ-ն դեմ է ինստիտուտների և բուհերի միավորմանը

«Արմատական փոփոխությունները հաջողության կարող են հասնել միայն լայն կոնսենսուսի պարագայում»․ ԳԱԱ-ն դեմ է ինստիտուտների և բուհերի միավորմանը

Վերջին օրերին սկսել է քննարկվել գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի հնարավոր միավորման հարցը։ Այս թեմայով խոսակցություններ կային դեռևս նախորդ տարվա սկզբին, երբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) շրջանառության մեջ դրեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։   Հնարավոր միավորման մասին առաջին խոսակցությունները 2022-ի ամռանը կառավարությունը հաստատեց «ՀՀ կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ Կառավարության նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նախագիծը ներկայացնելիս խոսեց նաև առաջարկվող կարևոր փոփոխությունների մասին․ «Արմատական բարեփոխումների մեջ պետք է առանձնացնել պետական բուհերի, ըստ ուղղությունների, խոշորացումը, գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորումը, հետազոտությունների որակի և մրցունակության բարձրացման, ինչպես նաև արդյունավետ սերնդափոխության նպատակով բուհերի խոշորացման ծրագրի շրջանակներում բուհերի կառավարման համակարգի վերանայումը։ Կստեղծվեն 100% պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը»։  Նախագծում նշվում է նաև, որ առաջարկվող փոփոխություննների արդյունքում 2030 թ․ առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ։ Խորհրդարանն ընդունել է նախագիծը, իսկ Հանրապետության նախագահն այն ստորագրել է 2022-ի դեկտեմբերին։ Գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի միավորման թեման վերջին օրերին սկսեց կրկին քննարկվել այն բանից հետո, երբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելեց Գիտությունների ազգային ակադեմիա (ԳԱԱ)։ Այստեղ նա հանդիպեց Ակադեմիայի ղեկավարության և ԳԱԱ կազմում ընդգրկված ինստիտուտների տնօրենների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Հանդիպման ընթացքում, դատելով ԳԱԱ տարածած մամուլի հաղորդագրությունից, քննարկվել է նաև ինստիտուտների ու բուհերի միավորման թեման։ Ինստիտուտների տնօրենները դեմ են արտահայտվել նման հնարավոր փոփոխությանը, իսկ ԳԱԱ ղեկավարությունն ունի փոփոխությունների սեփական առաջարկը։   Ինչպես հարցը բերվեց օրակարգ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը պատմում է, որ 2022-ի հուլիսին «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծն իր վերջնական փուլում էր և համաձայնեցված էր գերատեսչությունների, շահագրգիռ կողմերի միջև․ «Հուլիսի 1-ին այն պետք է արժանանար վերջնական հավանության և ապա գնար Ազգային ժողով»։ Հիշեցնենք, որ օրենքի նախագծի առաջին տարբերակն ԱԺ-ն ընդունել էր 2021-ին, սակայն դրա որոշ դրույթներ հակասահմանադրական էին ճանաչվել։ 2022-ի ամռանն այն լրամշակման փուլում էր (վերջին լրամշակված տարբերակը հրապարակվել է 2022-ի հոկտեմբերին)։ 2022-ի հուլիսին օրենքի լրամշակված տարբերակը չդրվեց շրջանառության մեջ, քանի որ կառավարությունը նախընտրեց սկզբում գնահատել իրավիճակը, ապա ռազմավարական որոշումներ կայացնել, որոնցից էլ պետք է բխեր «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքը։ Ապա վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որն, ըստ Արթուր Իշխանյանի, սկսեց գործել 2022-ի աշնանից։ «Ստեղծվեց այդ աշխատանքային խումբը, որի  կազմում ընդգրկված է, որքան գիտեմ, 9 հոգի։ Ոչ մի բուհի ռեկտոր չկա, գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն չկա․ միայն Ակադեմիայի նախագահն է, Գիտկոմի նախագահը, իսկ մյուսները բավականաչափ հեռու են ոլորտից։ Եվ սա շատ մեծ անհանգստություն է առաջացնում։ Քննարկումները եղել են փակ, օպերացիոն մակարդակի հիմնական շահառուների մասնակցայնության զրո աստիճանով»,- ասում է ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը։ Նրա խոսքով հենց այս աշխատանքային խումբն էլ քննարկել է գիտահետազոտական ինստիտուտները բուհերին միավորելու սցենարը, ընդ որում՝ առաջարկվում է այս փոփոխությունն իրականացնել 8 ամսվա ընթացքում։ Ակադեմիայի ղեկավարությունը դեմ է եղել նման փոփոխությանը։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, որն ընդգրկված է աշխատանքային խմբում, ներկայացրել է Ակադեմիայի մշակած առաջարկը, որին, ըստ Արթուր Իշխանյանի, իրենց համաձայնությունն են տվել նաև ԳԱԱ ինստիտուտների տնօրենները։ Կառավարությունը, սակայն, հակված չէ ընդունելու ԳԱԱ առաջարկը։ Արթուր Իշխանյանը շեշտում է՝ այն հանգամանքը, որ քննարկումը կայացել է առանց ռեկտորների և ինստիտուտների տնօրենների հետ խորհրդակցելու, ինստիտուտների տնօրենների մոտ զարմանք և դժգոհություն է առաջացրել։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ ունեցել են մասնավոր քննարկումներ բուհերի ռեկտորների հետ, և իրենց տպավորությամբ նրանք էլ են դեմ որոշմանը։ «Արմատական փոփոխությունները հաջողության կարող են հասնել միայն մեծ, լայն կոնսենսուսի պարագայում։ Այդ կոնսենսուսին կարելի էր հասնել, եթե նմանատիպ քննարկումներին մասնակցեին շահագրգիռ կողմերը։ Այսպիսի հարցում այս գործելաոճն անընդունելի է»,- նշում է ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը։    Ինչու է ԳԱԱ-ն դեմ միավորմանը Խոսելով հետազոտական ինտիտուտների և բուհերի համագործակցության կարևորությունից՝ Արթուր Իշխանյանը նախ նշում է երկու խնդիր։ Առաջին խնդիրն ինստիտուտներում է․  գիտական համակարգը կարիք ունի սերնդափոխության, նոր, երիտասարդ կադրերի ներգրավման, և այդ նոր կադրերը պետք է գան բուհերից։ Երկրորդ խնդիրը բուհերում է․ «Բուհերն ունեն ուսման մակարդակի բարձրացման խնդիր։ Բուհերում գոյություն ունեն որոշ դեպքերում հնացած կրթական ծրագրեր, շատ քիչ են այդ ծրագրերն առնչվում արդիական գիտական ուսումնասիրություններին»։  Խնդիրներից մեկն էլ, ըստ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի, այն է, որ բուհերի դասախոսների ծանրաբեռնվածությունը նրանց հնարավորություն չի տալիս զբաղվելու գիտական աշխատանքով։ Անդրադառնալով արդեն ինստիտուտների և բուհերի հնարավոր միավորմանը՝ Արթուր Իշխանյանը նշում է․ «Խոսքն ավելի շատ մեխանիկական միավորման մասին է, որ բուհերի հաշվետվություններում ներգրավվի Ակադեմիայի տված գիտական արդյունքը, որը դեռևս բավականաչափ բարձր դիրքեր է զբաղեցնում։ Արդյունքում տվյալ համալսարանի գիտական արդյունքը կշատանա, և դա նրան հնարավորություն կտա վարկանիշային աղյուսակներում ինչ-որ զարգացում ունենալ, բարձրանալ։ Սկսենք նրանից, որ թեպետ գիտական արդյունքը ռեյտինգների կազմման հարցում կարևոր ցուցանիշ է, բայց միայն դրանով չէ, բազմաթիվ այլ ցուցանիշներ կան՝ սկսած սաքավորումների քանակից և այլն։ Միայն դրանով շատ բանի հասնել հնարավոր չէ։ Կա Վրաստանի տապալված փորձը, երբ այդ մեխանիկական միավորման արդյունքում ինստիտուտները բացարձակ տուժեցին, մեծամասամբ վերացան․ օրինակ, 270 գիտաշխատող ունեցող 3 ինստիտուտից մնաց գումարային ընդամենը 32 գիտաշխատող։ Իսկ 20 տարվա ընթացքում Վրաստանի համալսարանը կարողացավ միայն 100 կետով բարձրանալ մինչև մոտ 1500-րդ տեղ։ Այսինքն, մեխանիկական միավորման  իրական արդյունքն, ըստ երևույթին, լինելու է բավական աննշան»։ Հիշեցնենք՝ կառավարությունը խոստանում է, որ 2030 թ․ առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-յակում։ Արթուր Իշխանյանի խոսքով կառավարությունը ռիսկերի գանահատում չի իրականացրել։ Նա մի քանի կարևոր կետեր է առանձնացնում, թե ինչու է ռիսկային գիտահետազոտական ինստիտուտները բուհերին միացնելը։  Համապատասխան ֆինանսական ռեսուրսների ներհոսք չկա նման լայնածավալ փոփոխություն իրականացնելու համար։ Բուհերը շոշափելիորեն ավելի ծանրաքարշ կառույցներ են․ «Բուհերում, օրինակ, գնումների գործընթացը տևում է անգամներ երկար։ Դա բացասական է անդրադառնալու ինստիտուտների գործունեության վրա»։ Բուհական համակարգը չունի բրգաձև կառույց․ «Բրգաձև կառույցը ֆիզիկայից հայտնի է որպես առավել կայուն, իսկ կայունության ծարավ այսօր մենք ունենք ամեն ինչում։ Եվս մեկ ցնցում հարուցել առանց դրա էլ ցնցված մեր այս իրավիճակում անընդունելի է»։ Հասարակական-քաղաքական կայունության ժամանակը․ «Եթե մենք ունենայինք քաղաքական կայունության երաշխիքներ 20-ամյակի կտրվածքով, ինչպիսին ուներ Էստոնիան՝ Եվրամիության անդամ լինելով, խնդրեմ։ ԵՄ-ի նման կայուն, կայացած, քաղաքակրթական համակարգում կարելի է անել այդպիսի ռեֆորմներ։ Մենք կարո՞ղ ենք խոսել քաղաքական կայունության մասին։ Չէ՞ որ 10 տարի տևելու պարագայում հաջորդ կառավարությունը կարող է գալ, ասել՝ ո՛չ, չենք անում։ Իսկ եթե աշխարհաքաղաքական փոփոխություններ եղա՞ն»։ Ակադեմիան ունի պատմական նշանակություն․ «Տեսեք՝ այս 30 տարվա ընթացքում որքան ոտնձգություններ են եղել գիտական համակարգի գույքի, տարածքների նկատմամբ։ Նույնիսկ սեփականաշնորհել էին Արագածի կայան գնացող էլեկտրագծերը։ Ապօրինի կերպով սեփականաշնորհել են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի լողավազանը և այնտեղ հիմա շինարարություն են անում։ Ակադեմիայի համակարգից դուրս գտնված ինստիտուտների մեծ մասը վերացել է։ Իսկ Ակադեմիան մեծամասամբ պահպանվել է։ Սա պատմական առաքելություն էր, որն Ակադեմիան իրականացրել է, և որը պետք է ողջունվի, գնահատվի պետական տեսակետից։ Ակադեմիական համակարգի կայունությունը կարևոր հանգամանք է»։ Արթուր Իշխանյանը հավելում է, որ, ընդհանուր առմամբ, Ակադեմիան ավելի զարգացած է, քան բուհական համակարգը․ «Ուստի, առնվազն ինտուիտիվ մակարդակով տրամաբանական չէ պակաս զարգացած համակարգի գերակայությունը ավելի զարգացածի նկատմամբ։ Ես հակառակը կառաջարկեի՝ Ակադեմիայի կողմից բուհերի նկատմամբ որոշ վերահսկողություն՝ առնվազն գիտական մասով, կարելի է նաև՝ ուսումնական։ Դե իսկ, բացի ասվածից, գաղտնիք չէ նաև, որ բուհական համակարգը շատ ավելի քաղաքականացված է և կոռումպացված, քան Ակադեմիան (hամենայն դեպս, այդպիսին է հանրային կարծիքը)։ Ընդհանրապես, պետք է ասել, որ Ակադեմիան շատ ավելի դեմոկրատական կառույց է։ Եվ մենք հիմա դմեոկրատական քայլեր ավելի ենք անում, որովհետև բաց հարթակներ ենք ստեղծել, որտեղ լսում ենք բոլորին։ Ամեն գիտնական կարող է գալ, ներկայացնել ծրագիր, մենք դա քննարկում ենք, ընթացք ենք տալիս, կարող է բարեփոխումների պրոցեսին մասնակցել և այլն։ Նմանատիպ բաներ պատկերացնել բուհերում քիչ հավանական է հենց թեկուզ այն պատճառով, որ բուհերում շատ ավելի շատ են քաղաքականացված անձինք, իսկ Ակադեմիայի կազմում հիմնականում առավելապես միայն գիտությամբ հետաքրքրված մարդիկ են, նրանք ավելի քիչ են դրան ենթակա»։   Բարձրագույն կրթության և գիտության համագործակցության սցենարներ 2018-ին ՀՀ կառավարությունը դիմել էր ԵՄ Եվրոպական խորհրդին խորհրդատվական աջակցության համար։ Եվրոպական խորհուրդն անկախ փորձագետներից աջակցման խումբ էր ձևավորել, որը ՀՀ կառավարությանը պետք է առաջարկություններ ներկայացներ հետազոտական ինստիտուտների գործունեության ամրապնդման և բուհերի ու ինստիտուտների միջև համագործակցության ընդլայնման համար։ Անկախ փորձագետների խումբը 2019-ին երկու անգամ այցելել էր Հայաստան, իսկ ուսումնասիրություններից հետո զեկույց կազմել, որը հրապարակվեց 2020-ին։ Փաստաթղթում ներկայացված են Հայաստանի կրթության ու գիտության առկա վիճակը, զարգացման հնարավոր սցենարները, ինչպես նաև այլ երկրների օրինակներով խորհուրդ-առաջարկներ, թե ինչ փոփոխություններ է պետք իրականացնել։ Հետազոտական համակարգի համախմբման համար անկախ փորձագետներն այս փաստաթղթում ներկայացնում են երեք հնարավոր սցենար․ Պահպանել ինստիտուտների ստատուս քվոն և փորձել խթանել ինստիտուտների ու համալսարանների համագործակցությունն ու «կամավոր» միավորումները։ ԳԱԱ կազմում ընդգրկված և դրանից դուրս գործող այլ ինստիտուտներն ինտեգրել բուհերում։ Փաստաթղթում նշվում է, որ այլ երկրներում այսպիսի փոփոխությունը տևական ժամանակահատվածում է իրականացվում, և բերվում է  Էստոնիայի օրինակը, որտեղ նախկին ԳԱԱ ինստիտուտների ամբողջական ինտեգրումը համալսարաններին տևել է առնվազն մեկ տասնամյակ։ Ուժեղացնել բուհերի հետազոտական բաղադրիչը և վերակազմավորել ինստիտուտները՝ որպես հանրային աջակցություն ունեցող մեկ կամ մի քանի հետազոտական կազմակերպություններ, որոնք նման են եվրոպական երկրներում գործողներին (օրինակ՝ CNRS-ը Ֆրանսիայում, Ֆրաունհոֆերի, Լայբնիցի, Հելմհոլցի և Մաքս Պլանկի ինստիտուտները Գերմանիայում և այլն):  Փորձագետները խորհուրդ չեն տալիս միանգամից ռադիկալ փոփոխություններ իրականացնել, որ սցենարն էլ ընտրելու լինի կառավարությունը։ Փաստաթղթում նշվում է, որ գիտահետազոտական ինստիտուտների արագ միավորումը բուհերի հետ կարող է հանգեցնել արդյունավետության թուլացման․ «Հայաստանյան բուհերի կարողությունները՝ ապահովելու այնպիսի հիմք, որի շրջանակներում ինստիտուտները կարող են որակյալ հետազոտություններ իրականացնել, թույլ է: Բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացի արդյունքներն ընդգծում են, որ քիչ բուհեր ունեն բավարար ռազմավարություններ՝ իրենց ԳՀՓԿ գործառույթը կառավարելու համար: Հայաստանը պետք է ուշադիր ուսումնասիրի Վրաստանում և Մոլդովայում նմանատիպ բարեփոխումների դասերը և խուսափի սխալներ թույլ տալուց, ինչպես, օրինակ, թերի բարեփոխում իրականացնելը՝ թողնելով ինստիտուտներին անորոշ կարգավիճակով, առանց բավարար ֆինանսավորման, համալսարաններ տեղափոխված հետազոտողներին դարձնելով «երրորդ կատեգորիայի» կադրեր և այլն»։   Ինչ է առաջարկում ԳԱԱ-ն Արթուր Իշխանյանը նշում է, որ ԳԱԱ-ն այս երեք սցենարներից բացառում է առաջինը և երկրորդը։ Առաջինն, ըստ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի, պահպանողական տարբերակ է․ «Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները մեզնից պահանջում են ավելի ակտիվ քայլեր։ Մենք շատ երկար ժամանակ չունենք, պիտի ձգտենք նաև ինչ-որ արագություն ապահովել»։ Երկրորդ՝ միավորման սցենարին դեմ են և՛ ԳԱԱ ղեկավարությունը, և՛ ինստիտուտների ղեկավարները վերևում թվարկված ռիսկերի պատճառով։ ԳԱԱ-ն, ինչպես արդեն նշեցինք, իր սեփական առաջարկությունների ծրագիրն է մշակել ու  ներկայացրել կառավարությանը, և այդ ծրագիրը շատ նման է փորձագետների ներկայացրած երրորդ սցենարին։ Այսպիսով, ԳԱԱ-ն առաջարկում է, որ չփոխվեն ո՛չ ինստիտուտների, ո՛չ բուհերի կարգավիճակները, փոխարենը ստեղծվեն համատեղ հետազոտություններ իրականացնող գիտաուսումնական ցանցեր, որտեղ կներառվեն և՛ բուհերը, և՛ ինստիտուտները։ Արթուր Իշխանյանը նշում է, որ կարող է, օրինակ, ձևավորվել կենսաբանական ուղղության ինստիտուտների և համալսարանների կենսաբանական ուղղվածության ֆակուլտետների ցանց։ Այս ցանցերում կիրականացվեն համատեղ գիտական աշխատանքներ, որոնց համար Գիտկոմը կհայտարարի համապատասխան դրամաշնորհային մրցույթներ։ Հետազոտությունները համատեղ կղեկավարեն Ակադեմիայի և բուհերի գիտնականները, իսկ խմբերում կներառվեն բուհերի մագիստրոսներն ու ասպիրանտները։ Ակադեմիային նաև կտրվի համապատասխան բուհական ծրագրերի փորձաքննությունը։ Արթուր Իշխանյանը նշում է, որ ըստ ԳԱԱ առաջարկի՝ այս ցանցերը չեն լինելու միայն «մաքուր» հետազոտական․ որոշ ցանցեր կլինեն գիտաարտարդրական, այսինքն՝ գիտական արդյունքը կհասցվի մինչև արտադրական փուլ։ ԳԱԱ առաջարկած սցենարն, ըստ Արթուր Իշխանյանի, կլուծի և՛ ինստիտուտներում կադրերի խնդիրը, և՛ բուհերում հետազոտական բաղադրիչի խնդիրը․ «Այսպիսի ցանցերի ձևավորումը կբարձրացնի համալսարանական գիտության մակարդակը և միաժամանակ կսկսի անդրադառնալ մագիստրոսական ծրագրերի վրա, որովհետև այդ ծրագրերում պարտադիր ընդգրկվելու են մագիստրոսներ և ասպիրանտներ։ Ակնհայտարաբար, այն գիտնականները (ինչպե նաև մագիստրոսները և ասպիրանտները), որոնք կընդգրկվեն այդ հետազոտություններում, կծանոթանան գիտության առաջնագծային արդյունքներին․ դա չի կարող չարտացոլվել ծրագրերում։ Մագիստրոսական ուսումը հետազոտական բաղադրիչ է ենթադրում, և մագիստրոսները հենց այդ հետազոտական բաղադրիչը կսկսեն անել»։  Անդրադառնալով այն հարցին, որ բուհերի դասախոսները հաճախ գործող գիտնականներ չեն և գիտությամբ չեն զբավում՝ Արթուր Իշխանյանը նշում է, որ ինստիտուտները բուհերին միավորելը չի լուծի այս խնդիրը։ Նրա խոսքով այժմ էլ ակադեմիայի 600 գիտնականներ դասավանդում են հայաստանյան բուհերում, իսկ բուհերն ավելի շատ կադրեր չեն կարող վերցնել, քանի որ դասաժամերը զբաղված են։ «Պետք է դասախոսների ծանրաբեռնվածություններն իջեցվեն, և որոշակի ժամանակ պրոֆեսորադասախոսական կազմը հատկացնի գիտական հետազոտություններին, դրանով տեղյակ լինի արդի զարգացումներից և արտացոլի դա իր ուսումնական ծրագրերում։ Դա՝ մեկ։ Ապա՝ իր հետազոտական ծրագրերում պետք է ներգրավի իր ուսանողներին՝ նրանց մագիստրոսական ծրագրերն իրականացնելու համար։ Ակնհայտ է, որ այդ ծանրաբեռնվածության նվազեցումը կբերի կրկնակի էֆեկտի,- նշում է Արթուր Իշխանյանն ու շեշտում, որ իրենց առաջարկած սցենարով շարժվելու դեպքում փոփոխությունները չպետք է իրականացվեն միանգամից։- Այսպիսի մի ցանց պետք է ստեղծել, փորձարկել 1-2 տարի այդ մոդելը, եթե հաջողված է, եթե մենք տեսնում ենք, որ արդիականացվեցին ուսումնական ծրագրերը, և գիտական արդյունքի աճ գրանցվեց, այդ գնահատականի հիման վրա արդեն հաջորդ քայլին ստեղծել այդպիսի 5-10 ցանց»։   Ով պիտի ղեկավարի ցանցերը ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում Արթուր Իշխանյանը նաև նոր առաջարկ էր արել, որն, ըստ նրա, լրացնում է ԳԱԱ մշակած առաջարկը։ Այն է՝ ստեղծվելիք ցանցերն ունենան ղեկավար մարմին, որտեղ մեծամասնություն կլինի և որոշումներ կայացնելու լիազորություն կունենա Ակադեմիան։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ այս առաջարկն ունի երկու պատճառ․ առաջինն այն է, որ Ակադեմիան ավելի կայացած կառույց է, քան բուհերը, երկրորդը, որ Ակադեմիայի ինստիտուտներն ունեն ավելի մեծ աշխատակազմ, քան բուհերի համապատասխան ֆակուլտետները, և տալիս են ավելի շատ գիտական արդյունք․ «ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն, օրինակ, ունի համեմատաբար քիչ թվով աշխատակիցներ, իսկ մեր 7-8 ինստիտուտներն ավելի մեծ թվով աշխատակիցներ, որոնք տալիս են շոշափելի գիտական արդյունք։ Կամ պատմության ֆակուլտետում կա 30-ի կարգի աշխատակից, իսկ Հնագիտության և ազգագրության ինստիտուտն ունի 180 աշխատակից։ Անտրամաբանական է վերջիններս միավորել բուհերին, ընդ որում՝ բուհերի թուլության պարագայում»։  Արթուր Իշխանյանի խոսքով Ակադեմիայն պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել․ «Մենք կարող ենք բուհերին մեր դրական փորձը փոխանցել, բայց եթե պահպանողական միջավայր լինի, նրանք լինեն մեծամասնությունը, ապա մեր առաջարկներին ընդառաջ չեն գնալու, որովհետև այդ առաջարկներն իրենց համար երբեմն ցավոտ են լինելու»։  Արթուր Իշխանյանի խոսքով ԳԱԱ ղեկավարությունը կողմ է իր այս առաջարկին։ Հաշվի առնելով, որ ինստիտուտները բուհերին միավորելու նախագիծ դեռ չկա, և խոսքն աշխատանքային խմբի առաջարկի մասին է, Արթուր Իշխանյանը կարծում է, որ խոհեմությունը կհաղթի։   Ինստիտուտների օպտիմալացումը և ԳԱԱ բարեփոխումների օրակարգը Ինստիտուտները բուհերին միավորելու խոսակցությունների ֆոնին հարց է առաջանում՝ արդյո՞ք շարունակում է օրակարգում մնալ ԳԱԱ ինստիտուտների օպտիմալացման թեման, որի մասին խոսվում է դեռ 2021-ից։ Արթուր Իշխանյանը նշում է, որ ինստիտուտների միացմամբ խոշոր կենտրոնների ստեղծման հարցը շարունակում է օրակարգային մնալ։ Չնայած Ակադեմիան պլանավորում էր ինստիտուտների միավորմամբ 8-9 խոշորացված կենտրոն ստեղծել, կառավարությունն առաջարկում է առայժմ 2 նման կենտրոն ստեղծել։ Պատճառն այն է, որ օպտիմալացումը ենթադրում է ֆինանսական միջոցների հատկացում՝ ենթակառուցվածքների, շենքային պայմանների բարելավման նպատակով, և այս պահին միջոցներ կան միայն 2 կենտրոնի ստեղծման համար։  Նշված երկու կենտրոնները կստեղծվեն այս տարի․ առաջինում կմիավորվեն Բուսաբանության և Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտները, երկրորդում՝ Մոլեկուլային կենսաբանության և Կենսաքիմիայի ինստիտուտները։ Արթուր Իշխանյանը նշում է, որ գործընթացը ոչ շատ արագ տեմպերով իրականացնելն ունի դրական կողմեր․ «Մենք էլ շատ չէինք ուզի շտապել այն պատճառով, որ բոլոր դեպքերում, որքան սահուն, անցնցում տեղի ունենան պրոցեսներն, այնքան լավ։ Բացի այդ՝ երկրորդ, իմ անձնական տեսակետն ավելացնեմ․ մենք այնպիսի աշխարհաքաղաքական վիճակում ենք գտնվում, որ չափից շատ են տարատեսակ ցնցումները, և կայուն ու սահուն քայլերն ավելի նպատաահարմար եմ համարում։ Ավելացնեմ երրորդը․ նմանատիպ գործունեություն ծավալելիս միգուցե մարտավարական տեսանկյունից ձեռնտու է ունենալ մեկ-երկու այդպիսի միավորում, հագեցնել դրանք ժամանակակից սարքավորումներով, արդիականացնել ենթակառուցվածքները, ապա փորձարկել, ցույց տալ, որ այդ միավորումը աշխատում է գործնականորեն, նոր արդեն միանգամից անել մնացած 6-ը»։  Քննարկումներ են եղել նաև Ակադեմիայից անկախ գործող գիտական կազմակերպությունների հետ, և ապագայում ստեղծվելիք կենտրոններում ԳԱԱ ինստիտուտների հետ կմիավորվեն նաև այդպիսի մի քանի կառույցներ։ Արթուր Իշխանյանը նշում է, որ ինստիտուտների միավորմամբ նոր՝ խոշոր կենտրոնների ստեղծման նախագիծը ԳԱԱ-ն մշակել ու ներկայացրել է վաղուց, սակայն ինչպես այլ դեպքերում, այս դեպքում ևս գործադիրը ուշ է արձագանքել։ ԳԱԱ կառուցվածքին, կանոնադրությանը, անդամների ընտրության կարգին վերաբերող մի շարք հարցեր կան, որոնք օրենսդրական փոփոխություններ են պահանջում, իսկ կառավարությունն ամիսներով ԳԱԱ առաջարկները թողնում է անպատասխան, երբեմն՝ առանց հիմնավորման։ Այս խնդրի մասին ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը խոսել էր նաև ԳԱԱ նախագահը։ Ակադեմիան ունի բարեփոխումների օրակարգ․ հինգ բաժանմունքի փոխարեն ԳԱԱ-ն ցանկանում է ունենալ երեքը, քանի որ բաժանմունքներն այս տարիներին տկարացել են։ Փոփոխության առաջարկով դիմել են կառավարությանը, բայց դեռ արձագանք չկա։  Մի տարի առաջ ԳԱԱ-ն առաջարկել էր ղեկավար կազմում պաշտոններ զբաղեցնելու համար տարիքային շեմի սահմանում։ Անցած տարվա վերջին միայն Ակադեմիայի առաջարկը ներառվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում, սակայն նախագիծը դեռ չի ընդունվել։ Պետք է իրականացվեն Ակադեմիայի նոր անդամների ընտրություններ, և ԳԱԱ-ն ցանկանում է ընտրությունների համար բարձր չափանիշներ սահմանել, ինչը հնարավորություն կտա երիտասարդ, բարձրակարգ կադրերի ներգրավելու, որ վերջիններս ղեկավարեն ԳԱԱ բաժանմունքները։ Այս առաջարկին ևս արձագանք չկա։ Չնայած «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի փոփոխությունները քննարկվել էին ԳԱԱ ղեկավարության հետ, և նախագծում ներառվել էին Ակադեմիայի որոշ առաջարկներ, օրենքի լրամշակված տարբերակում այլ լրացումներ էլ են արվել, որոնց մասին ԳԱԱ-ն տեղյակ չէ։ Խոսքը, մասնավորապես, ԲՈԿ-ի և Գիտության կոմիտեի միավորմամբ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ստեղծելու մասին է։ Ստեղծվելիք կառույցը կիրականացնի նաև ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ այս կառույցների՝ միմյանցից առանձին լինելը գործադիրի թևերի միջև լծակների որոշ հավասարակշռություն էր տալիս․ «Ընդհանուր դատողությունների տեսակետից՝ ամեն ինչ բերել մի կետի տակ պարունակում է և՛ վարչական միջամտությունների, և՛ սուբյեկտիվ որոշումների, և՛ քաղական ռիսկեր։ Այսինքն՝ հավասարակշռության մեխանիզմներից մենք զրկվում ենք։ Բայց ամեն ինչ, իհարկե, կախված է այն բովանդակությունից, որ կդրվի այդ միավորման տակ»։   Աննա Սահակյան
18:38 - 14 փետրվարի, 2023
Արևմուտքը հայկական կողմին որևէ բան չի պարտադրել․ԱԽ քարտուղարը՝ ռուսական կողմի հայտարարությունների մասին
 |armenpress.am|

Արևմուտքը հայկական կողմին որևէ բան չի պարտադրել․ԱԽ քարտուղարը՝ ռուսական կողմի հայտարարությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Արևմուտքը հայկական կողմին որևէ բան չի պարտադրել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ռուսական կողմի քննադատությանը։ «Մեզ որևէ մեկը որևէ բան չի կարող պարտադրել։ Այս համատեքստում՝ Արևմուտքը մեզ որևէ բան չի պարտադրել։ Այդ առաքելության տեղակայումը հայկական կողմի որոշումն է եղել։ Կարող եմ ասել, որ այդ առաքելության ժամանումը փոխկապակցված է նաև մեր փորձի հետ։ Ի՞նչ նկատի ունեմ. 2021 թվականի մայիսին և նոյեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է եղել, լայնածավալ հարձակում է տեղի ունեցել նաև անցած տարի սեպտեմբերին։ Եվ հաշվի առնելով այն փորձը, որ գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում, Հայաստանը, որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծելու նպատակով, հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանը »,- ասաց Գրիգորյանը, նկատելով, որ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը հավելյալ անվտանգության երաշխիքներ կստեղծի։ ԱԽ քարտուղարը նշեց, որ չի կարող Մոսկվայի տեղը պատասխանել նրանց մտահոգությանը վերաբերող հարցերին։ «Մենք, բնականաբար, մեր ռուս գործընկերների հետ պարբերաբար խոսում ենք բոլոր այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն, և ներկայացնում ենք հայկական կողմի մոտեցումները, բացատրում ենք, թե ինչի ենք այս քայլերը կատարել»,- նշեց Գրիգորյանը։
16:25 - 14 փետրվարի, 2023
«Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծմանը նոր խնդիրներ կստեղծի»․ Վոլոդին |azatutyun.am|

«Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծմանը նոր խնդիրներ կստեղծի»․ Վոլոդին |azatutyun.am|

azatutyun.am: «Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի», - այսօր Մոսկվայում, Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Այն գործիչները, որոնք հայտարարություններ են հնչեցնում եվրոպական կառույցների ուղղությամբ, հեշտությամբ կարող են կորցնել երկիրը», - հայտարարել է Վոլոդինը՝ կոչ անելով կատարել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթները։ «Այն մարդիկ, որ ցանկանում են ԵՄ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ներգրավել այս հարցում՝ Ուկրաինայի, Հարավսլավիայի, այլ երկրների օրինակից ելնելով, պետք է 10 անգամ մտածեն և ծանրութեթև անեն, թե ինչով կարող է ավարտվել այդ ամենը», - հայտարարել է Վոլոդինը։
17:29 - 13 փետրվարի, 2023
Եվրոպային սպառնում է խորհրդային զենքի խելահեղ պաշարներով մի բռնապետ․ Զելենսկին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում
 |factor.am|

Եվրոպային սպառնում է խորհրդային զենքի խելահեղ պաշարներով մի բռնապետ․ Զելենսկին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում |factor.am|

factor.am: Ուկրաինան և Եվրամիությունը համատեղ պաշտպանվում են ժամանակակից աշխարհի «ամենամեծ հակաեվրոպական ուժից», որն այժմ Ռուսաստանն է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրախորհրդարանում ունեցած ելույթում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նա շնորհակալություն է հայտնել եվրոպացիներին ռուսական ագրեսիան հետ մղելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Զելենսկին ընդգծել է, որ իր նպատակն է՝ Ուկրաինան տանել դեպի Եվրամիություն, այսինքն՝ «տուն»: Եվրոպային և նրա ազատ ապրելակերպին սպառնում է «խորհրդային զենքի խելահեղ պաշարներով» բռնապետը, ասել է Զելենսկին՝ նկատի ունենալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իր երկրի դեմ պատերազմ սկսելու որոշումը։ Ուկրաինայի նախագահը նաև վստահություն է հայտնել, որ իր երկիրը Ռուսաստանի հետ պատերազմում հաղթանակած դուրս գալուց հետո կկարողանա անդամակցել Եվրամիությանը։
17:00 - 09 փետրվարի, 2023
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի կարծիքով՝ «Զանգեզուրի միջանցքը» իրականություն կարող է դառնալ
 |hetq.am|

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի կարծիքով՝ «Զանգեզուրի միջանցքը» իրականություն կարող է դառնալ |hetq.am|

hetq.am: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը կարծում է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որով Բաքուն Հայաստանի տարածքով անխափան կապ է ցանկանում ունենալ Նախիջևանի հետ, ունի բոլոր հիմքերն իրագործվելու։ «Ես կարծում եմ, որ այդ ուղղությունը ունի բոլոր հիմքերը իրագործվելու։ Ես չեմ տեսնում որևէ անլուծելի տարաձայնություն այս հարցով»,- ադրբեջանական haqqin.az լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։ Նա հիշեցրել է, որ գոյություն ունի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվում է այսպիսի հարցերով։ «Նրանք փաստացի հասել են ըմբռնման բարձր մակարդակի ինչպես գործարար շահերի տեսանկյունից, այնպես էլ այդ նախագծի իրագործման տեխնիկական նկատառումներից։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ դա լրիվ իրագործելի է, և հույս ունենք, որ այդ նույն տնտեսական նկատառումները կգերակշռեն»,- ընդգծել է Բոչարնիկովը։ Ռուսաստանցի դեսպանի խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում կա երեք հիմնական գործոն. տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնում, սահմանազատում և խաղաղության պայմանագրի կնքում։ «Կարծում եմ, որ դրանցից մեկով առաջընթացի բացակայությունը չպետք է արգելակի առաջընթացը մյուսներով»,- հավելել է նա։ Ընդ որում, նրա պնդմամբ՝ ի տարբերություն խաղաղության պայմանագրի և սահմանազատման, որոնք քաղաքական հարցեր են, կապերի վերականգնումը «մաքուր տնտեսական է»։ «Ես կարծում եմ, որ տնտեսությունն առաջին տեղում դնելը վատ չէր լինի»,- ասել է Բոչարնիկովը։ Ռուսաստանցի դեսպանն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայմանը։ Ըստ նրա՝ Եվրամիության գործողություններն ուղղված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից Ռուսաստանի դուրսմղմանը։ «Կարծում եմ, որ չպետք է խաբվել «քաղաքացիական առաքելություն» եզրույթով։ Դուք ինքներդ ասացիք, որ կան հիմքեր ենթադրելու, որ այն այդքան էլ քաղաքացիական չի լինի։ Ես լսել եմ, որ արդեն իսկ խոսակցություն է գնացել այն մասին, որ այդ առաքելության մեջ կներառվեն ֆրանսիացի ժանդարմներ»,- հայտարարել է Բոչարնիկովը։ Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները հաստատել էին Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը՝ Հարավային Կովկասում կարգավորմանն աջակցելու նպատակով։ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ առաքելության ստեղծմամբ Հարավային Կովկասում Եվրամիության ջանքերի նոր փուլ է մեկնարկում։ Ըստ ռուսաստանցի դեսպանի՝ «այս առաքելությունը հանդիսանում է անվտանգության և պաշտպանության ոլորտում Եվրամիության ընդհանուր քաղաքականության ուղեկիցը, այլ ոչ թե քաղաքացիական ոլորտի»։ «Հնարավոր ռազմական բաղադրիչներով ինչ-որ ներկայության վերաճելու հնարավորությունը, հնարավոր սցենարը, որ այդ առաքելությունը կսկսի նայել Ղարաբաղի տարածքին, ինչը նրա մանդատի խախտում կլիներ, ստիպում են ասել, որ ռիսկեր կան»,- ասում է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը։ Ըստ նրա՝ եթե եվրոպական առաքելությունը փորձեր անի Ղարաբաղում ներկայություն ունենալու, ապա դա կարող է խնդիրներ առաջացնել խաղաղապահների ու սահմանապահների համար, որոնք գտնվում են տարածաշրջանում։ «Այդպիսի խնդիրները ռիսկ են ողջ տարածաշրջանում անվտանգության համար, ամբողջ Հարավային Կովկասում։ Մեզ, բաղկացուցիչ մասերին, այս տարածաշրջանի բնակիչներին հարկավոր չեն ոչ տարածաշրջանային ուժեր, որպեսզի լուծեն այստեղ մեր խնդիրները»,- նշում է Բոչարնիկովը։ Ռուսաստանցի դիվանագետը նաև նշել է, որ Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային գործոնի առկայության հիմքեր չկան։ «Եվ Եվրամիությունը ամեն ինչ տանում է հենց դրան։ Ընդ որում, դա շատ անշնորհք ձևով է անում, առանց Ադրբեջանի հետ համաձայնության։ Իհարկե, Եվրամիությունն այս հարցում հանդես է գալիս որպես Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի ուղղակի կցորդի, որոնք ԱՊՀ տարածքը դիտարկում են որպես Ռուսաստանին հակազդման գոտի և փաստացի փորձում են այստեղ՝ այս տարածաշրջանային իրավիճակում աշխարհաքաղաքական բաղադրիչ բերել»,- հայտարարել է նա։ Հունվարի 26-ին էլ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ Հայաստանին մեղադրելով Եվրամիության օգտին ընտրություն կատարելու մեջ։ «Արձանագրում ենք, որ Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու աշխատանքները, նախընտրել են ԵՄ-ն»,- ասված էր հաղորդագրության մեջ։  
16:05 - 09 փետրվարի, 2023
Փաշինյանը մարտական թատերաբեմի է վերածում Հայաստանը Արևմուտք-ՌԴ հարաբերություններում․ Անդրանիկ Թևանյան

Փաշինյանը մարտական թատերաբեմի է վերածում Հայաստանը Արևմուտք-ՌԴ հարաբերություններում․ Անդրանիկ Թևանյան

Հայաստանի իշխանության ղեկավարը երեկ խոստոսվանեց, որ Հայաստանը խայտառակ դիվանագիտական պարտություն է կրել Ադրբեջանից։ Այս մասին խորհրդարանում «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալիս հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։ Նշենք, որ ԱԺ-ում ընթանում է Սարգիս Խանդանյանին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցի քննարկումը։ Նախագահի պաշտոնից վերջերս հրաժարվել էր Էդուարդ Աղաջանյանը։ Թևաննյանն իր ելույթում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա խոսքին՝ Հայաստանում տեղակայվելիք ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ․ «Ինչպիսի ինքնախոստովանական տեքստ ենք մենք լսում։ Փաստորեն սեպտեմբերյան իրադարձություններից հետո Ադրբեջանին հաջողվել է արևմուտքում առաջ տանել էն գիծը, որ Հայաստանն ու ՌԴ-ն ագրեսիա են ուզում իրականացրել Ադրբեջանի դեմ, համոզել ՌԴ-ին, որ Հայաստանը արևմտամետ խաղեր է տալիս, ու ինքը դրա համար չի ընդունում ԵՄ դիտորդներին Ադրբեջանի տարածքում, որի արդյունքում Հայաստանը, փաստորեն, երեկ հայտարարվեց, որ ԵՄ դիտորդներին հրավիրում է, ոչ թե էն բանի համար, որ անվտանգային հարցեր լուծեն, ինչպես իշխանական քարոզչությունն է տարածում, այլ հրավիրում է, որ իրենք դիտարկեն հայկական և ռուսական ենթադրյալ զորաշարժերը։ Սա ավելի մեծ դիվանագիտական խայտառակություն է, քան տեսել ենք այլ դեպքերում»։ Նա շնորհակալություն հայտնեց ԵՄ երկրներին, հատկապես Ֆրանսիային հասցեական հայտարարությունների համար։ «Բայց ԵՄ-ն շատ լավ գիտի, որ անվտանգություն չի կարող ապահովել, և անկեղծ ու ազնիվ ասում է հայ ժողովրդին։ Մինչդեռ ՀՀ իշխանութունները հակառակն են քարոզում։ Ասում են՝ իրենք գալու են, դիտարկումներն անեն, որ Ադրբեջանը չհարձակվի։ Հիմա նայեք, ԵՄ-ն չունի գործիքակազմ, որ ապահովի անվտանգություն, բայց ԵՄ դիտորդների ներկայությունը նյարդայնացնում է մեր ռազմավարական դսաշնակից ՌԴ-ին ու մեր դաշնակից-բարեկամ Իրանին։ Իրենք պարզ ասել են դրա մասին։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը «գետնի վրա» ապահովում են ՌԴ-ն ու Իրանը, ստացվում է՝ Փաշինյանը զրկում է Հայաստանին դաշնակիցներից, թողնում է մենակ։ ԵՄ միջոցով չի ապահովում, չի էլ կարող ապահովել անվտանգություն ու սրան զուգահեռ՝ մարտական թատերաբեմի է վերածում Հայաստանը Արևմուտք-ՌԴ հարաբերություններում։ Սա ավելի մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, քան մենք տեսել ենք 44-օրյա պատերազմից առաջ արված քաղաքականության շրջանակներում»,- հայտարարեց Թևանյանը։
13:21 - 09 փետրվարի, 2023
Չպետք է խաբվենք «քաղաքացիական առաքելություն» տերմինով. արդեն խոսվում է, որ ֆրանսիացի ժանդարմներ են ընդգրկվելու ԵՄ առաքելության կազմում. Ադրբեջանում ՌԴ դեսպան
 |tert.am|

Չպետք է խաբվենք «քաղաքացիական առաքելություն» տերմինով. արդեն խոսվում է, որ ֆրանսիացի ժանդարմներ են ընդգրկվելու ԵՄ առաքելության կազմում. Ադրբեջանում ՌԴ դեսպան |tert.am|

tert.am: Եվրամիության գործողություններն ուղղված են Ռուսաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելուն, ադրբեջանական Haqqin պորտալին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։ «Կարծում եմ, որ մենք չպետք է խաբվենք «քաղաքացիական առաքելություն» (նկատի ունի ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որ պետք է տեղակայվի Հայաստանում-Խմբ.) տերմինով։ Դուք ինքներդ ասացիք, որ հիմքեր կան ենթադրելու, որ այն ամբողջովին քաղաքացիական չի լինելու։ Լսել եմ՝ արդեն խոսվում է, որ ֆրանսիացի ժանդարմներ են ընդգրկվելու այս առաքելության կազմում»,- նշել է Բոչարնիկովը։ Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում երկու տարի ժամկետով Եվրոպական միության քաղաքացիական նոր առաքելություն ստեղծելու մասին։ Առաքելության կոնկրետ պարամետրերը կորոշվեն առաջիկայում։ «Այդ առաքելության՝ հնարավոր ռազմական բաղադրիչներով որոշակի ներկայության վերածվելու հավանականությունը, ինչպես նաև հավանականությունն առ այն, որ այս առաքելությունը կսկսի աչքը գցել Ղարաբաղի տարածքին, ինչը կլինի նրա մանդատի խախտում, ստիպում է մեզ ասել, որ ռիսկեր կան»,- նշել է ռուս դիվանագետը։ Նրա խոսքով՝ եթե փորձեր արվեն ընդլայնելու այդ առաքելության ներկայությունը Ղարաբաղում, դա կարող է խնդիրներ առաջացնել տարածաշրջանում ներկա ռուս խաղաղապահների և սահմանապահների համար։ «Նման խնդիրներն անվտանգության վտանգ են ամբողջ տարածաշրջանում, ամբողջ Հարավային Կովկասում: Մեզ՝ այս տարածաշրջանի բաղկացուցիչ միավորներին, այս տարածաշրջանի բնակիչներին, արտատարածաշրջանային ուժեր պետք չեն՝ այստեղ մեր խնդիրները լուծելու համար»,- ընդգծել է Բոչարնիկովը։Շարունակությունը՝ tert.am-ում
11:09 - 09 փետրվարի, 2023
ՀԱՊԿ-ից խնդրել ենք  ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում․ այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել․ Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ-ից խնդրել ենք ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում․ այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ- կառավարություն անդրադարձավ ԵՄ դիտորդական առաքելությանը ընդունելու և ՀԱՊԿ առաքելությունը չընդունելու վերաբերյալ քննարկումներին․ «Թեմայի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան, այդ թվում և փորձագիտական հանրության շրջանում․ ինչպե՞ս է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, ԵՄ դիտորական առաքելությունը ժամանում է Հայաստան։ Մեր ՀԱՊԿ գործընկերները արձանագրել են, որ այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, ինչի համար մենք, իհարկե, շնորհակալ ենք, բայց մենք ՀԱՊԿ-ի պարագայում շատ հստակ ձևակերպել ենք խնդիր։ Քանի որ ՀԱՊԿ-ը ունի շատ մանրամասն նկարագրություններով փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգը, որտեղ հստակ գրված են գործողություններ, բայց միևնույն ժամանակ կա հստակ ըմբռնում և հասկացության ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին։ Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան․ ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե որն է ՀՀ-ն։ Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել»։ Մյուս կողմից, Փաշինյանի խոսքով, ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն հստակ գծագրել է, այդ թվում ՀՀ-ի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է ՀՀ-ն․ «Այսինքն՝ իրենք ասել են, որ մեր պատկերացմամբ ՀՀ-ի քարտեզը սա է։ Կամ մենք ասել ենք, իրենք էլ դա ընդունել են ի գիտություն ու հաստատել են։ Իրենք եկել են այդ տարածքը մոնիթորինգ անելու, դիտելու, առանց այս առաքելության և տարածքի մասին պատկերացման դիտորդական առաքելությունը կլինի առնվազն տարօրինակ, որովհետև իրենց համար պարզ չի, թե իրենք ինչ են դիտում, քանի որ հարցը առաջացել է այն իրավիճակից, երբ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքներ։ Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ-ն, ինչպե՞ս է դիտարկելու օկուպացվա՞ծ է Հ Հ տարածքը, թե օկուպացված չի»։ Փաշինյանը կրկնեց, որ Ադրբեջանը արևմտյան հարթակներում ընդդեմ Հայաստանի իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ ՀՀ վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում և տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին և պատրաստվում է «հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ», և Ադրբեջանը իր ագրեսիվ հարձակումներով փորձում է քիչ թե շատ հավասարակշռել իրավիճակը՝ իր «խոցելիությունը» կառավարելու համար․ «Արևմուտքում Հայաստանը փորձ էր արվում ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում փորձ էր արվում ներկայացնել որպես արևմտյան դավադրության մասնակից, բայց քանի որ Ռուսաստանի գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ և արևմտյան մեր գործընկերները սկսել են մեզ խեթ նայել, որ դուք հիմա իրականում պատասրավում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև ռուսական և հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, «խեղճ» ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավել, որ հավասարակշռենք։ Մենք ասեցինք՝ եկեք դիտարկեք, հասկացեք, այս ամենը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ չի համապատասխանում»։ Փաշինյանն ընդգծեց՝ այս ամենում չկա աշխարհաքաղաքական ենթատեքստ, կա կոնկրետ օրակարագ, կա կոնկրետ հարց, որը մենք փորձում ենք լուծել։
17:28 - 08 փետրվարի, 2023
ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին որևէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում․ Խորվաթիայի ԱԳ նախարար
 |armenpress.am|

ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին որևէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում․ Խորվաթիայի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միակարծիք են, որ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի մոտ կարող է լուրջ դեր ունենալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի մոտ և Եվրամիությունն ընդհանրապես կարող են որևէ ձև նպաստել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զսպելուն և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դրական պատասխան տվեց։ «Այո, կարծում եմ, որ Եվրամիությունը, ինչպես և ողջ միջազգային հանրությունը շատ լուրջ դեր ունի  Լեռնային Ղարաբաղի իրավունքների ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման հետագա քննարկման և Լեռնային Ղարաբաղի այժմյան  բլոկադայի վերացման հարցում։ Կրկնում եմ, որ բոլոր հարցերի լուծման ճանապարհը մեկն է՝ խաղաղ բանակցությունները, դիվանագիտական ճանապարհը, և այստեղ միջազգային հանրությունը ու մասնավորապես Եվրոպական Միությունը դեր ունեն խաղալու»,- ասաց Միրզոյանը։ Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանն ուրախ է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։ «Իսկապես շատ կարևոր է այս թեման, թե ինչպես Եվրամիությունը կարող է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանը ճանաչում է ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ԵՄ դիտորդական առաքելությանը մինչև հարյուր անձ է մասնակցում, և երկու տարի է նախատեսված այս առաքելությունը իրականացնելու համար։ Եվ այդ հանձնառությունը կրել ենք՝ որպես տարածաշրջանում կայունությանը շահագրգիռ կողմ։ Այս առաքելությունը ժամանակավոր գործիք է հետագա կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում։ Սա որևէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում»,- ընդգծեց Ռադմանը։
15:18 - 08 փետրվարի, 2023
Շատ կարեւոր է Վրաստանի դերը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կամուրջ հանդիսանալու համար․ Տոյվո Կլաար |1tv.ge|

Շատ կարեւոր է Վրաստանի դերը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կամուրջ հանդիսանալու համար․ Տոյվո Կլաար |1tv.ge|

1tv.ge: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը մենք խոսեցինք նախագահի և Հայաստանի վարչապետի հետ նրա անձնական մասնակցության և ներգրավվածության մասին, ինչպես նաև նրա ցանկության մասին՝ որպես օժանդակող հանդես գալ Ադրբեջանի և Հայաստանի միջև նրանց մերձեցման համար, մենք սատարում ենք դրան։ «Մոամբի»-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Տոյվո Կլաարը հուսով է, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունը կավելանա և կսերտանա։ Ինչպես ասում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, տարածաշրջանում խաղաղության և կայունության համար ողջունելի է Վրաստանի ցանկությունը կամուրջի դեր խաղալ հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ «Շատ կարեւոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն եւ նպաստեն խաղաղությանը, եւ այստեղ շատ կարեւոր է Վրաստանի դերը՝ կամուրջ հանդիսանալու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Վարչապետի հետ քննարկել ենք այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, և հուսով եմ, որ ապագայում այս առումով ավելի մեծ համագործակցություն կլինի Եվրամիության և Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև»,- ասել է Տոյվո Կլաարը։ Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Թբիլիսիում կարևոր էր, և Վրաստանի մայրաքաղաքը դեռ կարող է օգտագործվել ամենաբարձր մակարդակի և տարբեր ձևաչափերի հանդիպումների համար։ «Թբիլիսին այն վայրն էր, որտեղ կայացավ ԱԳ նախարարների հանդիպումը և կարող է նորից դառնալ նման վայր՝ թե՛ առաջնորդների հանդիպումների, թե՛ տարբեր ձևաչափերի համար։ Այս առումով Վրաստանը աշխարհագրորեն շատ հարմար է, հարեւան երկրներից կարելի է արագ և հեշտությամբ հասնել այստեղ։ Ի վերջո, տրամաբանական է, որ նույն տարածքում գտնվող երեք երկրները՝ Հարավային Կովկասը, պետք է փորձեն գտնել համագործակցության ոլորտներ։ Օրինակ՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության և այլ հարցերում։ Ես մեծ ներուժ եմ տեսնում ինչպես հիմա, այնպես էլ ապագայում»,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Տոյվո Կլաարը։
14:43 - 08 փետրվարի, 2023
ԵՄ դիտորդների թվում կլինեն ֆրանսիացի ժանդարմներ․ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր
 |civilnet.am|

ԵՄ դիտորդների թվում կլինեն ֆրանսիացի ժանդարմներ․ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր |civilnet.am|

civilnet.am: Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերի նախկին նախարար Նատալի Լուազոն ՍիվիլՆեթի հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում երկու տարով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ Բրյուսելի որոշմանը։ Լուազոն խոսել է նաև ԵՄ առաքելությունում և ընդհանրապես խաղաղության գործընթացում Ֆրանսիայի դերի մասին։  – Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որը կոչ էր անում ոչ միայն բացել Լաչինի միջանցքը, այլև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին կամ ԵՄ փաստահավաք առաքելություններին մուտք ապահովել Լեռնային Ղարաբաղ: Միջազգային ճգնաժամային խումբը անցյալ շաբաթ հրապարակեց զեկույց, որտեղ նշվում էր, որ ձեզ և ձեր գործընկերներին այդ որոշումը հեշտ չի տրվել, եղել է դիմադրություն․ ԵՄ-ում ոմանք ցանկանում էին կենտրոնանալ Ուկրաինայի վրա, մյուսներն անհանգստանում էին, որ նման բանաձևերը կարող են վտանգել Ադրբեջանի հետ կարևոր էներգետիկ գործարքները: Կպատմե՞ք, թե ինչ պահանջվեց այս բանաձևի ընդունման համար։ – Մեր բանաձևը լայն աջակցություն ստացավ և ընդունվեց Եվրախորհրդարանի կողմից՝ ցույց տալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ իրականացվող շրջափակումը դատապարտող զորեղ կոնսենսուս։ Մենք փաստերով և հստակ վերլուծությամբ ներկայացրեցինք, թե ինչ է կատարվում. չափազանց երկար ժամանակ է, ինչ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մուտք ունի Լեռնային Ղարաբաղ: Մենք ակնկալում ենք, որ այնտեղ ներկա կլինեն ՄԱԿ-ի գործակալությունները, հատկապես հիմա: Չափազանց երկար ժամանակ ԵՄ-ն իրեն հեռու է պահել հակամարտությունից: Այժմ, երբ հումանիտար ճգնաժամ է, և Ռուսաստանը բավարար պաշտպանություն չի ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն պետք է ավելին անեն։ – Բանաձևը նաև դատապարտում էր ռուս խաղաղապահների ակնհայտ անգործությունը։ Անշուշտ, ԵՄ-ն շատ հստակ դիրքորոշում է որդեգրել անցյալ փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման առնչությամբ, և նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ ամենացածր մակարդակի վրա են: Այնուամենայնիվ, կարելի՞ է արդյոք ասել, որ Բրյուսելում ըմբռնում կա, որ Հայաստանն անհանգստացած է ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների վատթարացմամբ և դրա հնարավոր բացասական ազդեցությամբ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա, ինչը նրանց համար կարող է հանգեցնել անվտանգության ռիսկերի: – Մենք նայում ենք փաստերին և լսում հայտարարությունները։ Փաստն այն է, որ չնայած ռուս «խաղաղապահների» առկայությանը, շրջափակումը շարունակվում է ավելի քան 50 օր։ Եթե Մոսկվան ցանկանար կասեցնել այն, նա դա արդեն արած կլիներ։ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանն էր պարտավորություններ ստանձնել Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքում երթևեկության վերաբերյալ, այլ ոչ թե ԵՄ-ն։ Ուզում եմ հիշեցնել, որ այս պարտավորությունը ճանաչվել է ԵՄ-ի կողմից և հիշատակվել անցյալ հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի անգործությունը չի վնասում ԵՄ-ին։ Այն վնասում է հայ ժողովրդին։ Մենք լսում ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի թերահավատությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵՄ կողմից գործադրվող ջանքերի նկատմամբ։ Բայց մենք նաև տեսնում ենք, որ նա Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի կողմն է բռնում: Եթե ունես նման ընկերներ, թշնամիների կարիք չունես: – Բացի ԵՄ-Հայաստան հարաբերություններից, ձեր հայրենի Ֆրանսիան բազմիցս բարձրաձայնել է Հայաստանի անվտանգության մարտահրավերների մասին: Ֆրանսիայի խորհրդարանը նույնպես աջակցել է Հայաստանին և Արցախին։ Կցանկանայի՞ք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ավանդական բանակցային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ֆրանսիան է՛լ ավելի շատ ջանք, ռեսուրսներ և ժամանակ ներդնի կողմերի միջև միջնորդության համար: – Դուք իրավացիորեն եք ընդգծում, որ Ֆրանսիան Հայաստանի մասին հոգ տանող ամենաակտիվ երկիրն է։ Հարցն այն է, թե ո՞րն է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդության լավագույն ձևաչափը: Ճիշտն ասած, ես ագնոստիկ եմ։ Անկախ նրանից՝ կատուն սև է, թե սպիտակ, քանի դեռ այն մուկ է բռնում, լավ է։ Ես այս պահին մեծ դինամիկա չեմ տեսնում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, հավանաբար Ռուսաստանի աճող մեկուսացման պատճառով։ Ես ողջունում եմ առաջընթացը, որը ձեռք է բերվել անցած հոկտեմբերին Պրահայում Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի նախագահներ Շառլ Միշելի և Էմանուել Մակրոնի միջև քառակողմ հանդիպման ընթացքում՝ Ֆրանսիայի ուժեղ ներդրմամբ։ Հենց այդ ժամանակ էլ համաձայնեցվեց առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման։ Այն այժմ ընդլայնվել և երկարացվել է, և ես կարծում եմ, որ դա շատ դրական զարգացում է։ Ուստի, ըստ իս, այս քառակողմ ձևաչափը տեղին է։ – ԵՄ-ի բանաձևը, Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Բրաուն-Պիվեի այցը, եվրոպացի առաջնորդների բազմաթիվ հեռախոսազանգերը․․․ բոլորը կոչ են անում վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Չնայած դրան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարին պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ, մեջբերեմ, ինքն այդ զանգերին պատասխանում է քաղաքավարությունից ելնելով։ Անկասկած, այս հայտարարություններն ու բանաձևերը կարևոր են և մեծապես գնահատվում են Հայաստանի կողմից։ Բայց մտահոգություններ կան, որ հայտարարություններն ու բանաձևերն ազդեցություն չեն ունենում։ Կա՞ որևէ լրացուցիչ բան, որը դուք կցանկանայիք տեսնել՝ շրջափակումը վերացնելու համար Բաքվի վրա ճնշում գործադրելու մասով: – Իմ առաջին արձագանքը կլինի պնդել, որ բանակցություններ չեն կարող լինել, քանի դեռ Լաչինի միջանցքը արգելափակված է։ Ես նաև կցանկանայի տեսնել փաստահավաք առաքելություն, որը շտապ կուղարկվի միջանցք: Սա կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերը՝ գնալ, տեսնել և բարձրաձայնել: Այդ դեպքում չպետք է հրաժարվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի ընդունման հեռանկարից։ – Եվրամիությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում առաքելություն տեղակայելու շատ կարևոր որոշում է կայացրել։ Հույս կա, որ նրանց ներկայությունը ապագայում կկանխի Հայաստանի վրա Ադրբեջանի կողմից ցանկացած հարձակում։ Սահմանի հայկական կողմում քաղաքացիական առաքելություն տեղակայվել էր անցյալ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Կարո՞ղ եք մի փոքր խոսել այս առաքելության մեջ Ֆրանսիայի ներգրավվածության և ներդրման մասին: – Ես վճռականորեն աջակցում եմ այս նոր առաքելությանը` ավելի լայն շրջանակներով և չափերով: Ուրախ եմ, որ Ֆրանսիան առաքելությանը տրամադրելու է ութ ժանդարմ։ Առաքելությունը կգործի փետրվարի 20-ից, և ես այդ օրը ներկա կլինեմ Հայաստանում։ Ես ողջունում եմ առաքելությանը Հայաստանի աջակցությունը և համագործակցությունը։ Այն կլինի մեր աչքերն ու ականջները տեղում, և դրա առկայությունը պետք է զսպի նոր հարձակումները: Ես կարող եմ միայն հուսալ, որ Ադրբեջանը բարեխղճորեն կհամագործակցի առաքելության հետ: Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:22 - 08 փետրվարի, 2023
Էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ակտիվացումը չի նշանակում, որ մարդու իրավունքների հարցերը երկրորդ պլան են մղվելու. Աննալենա Բերբոկ
 |armenpress.am|

Էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ակտիվացումը չի նշանակում, որ մարդու իրավունքների հարցերը երկրորդ պլան են մղվելու. Աննալենա Բերբոկ |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը վստահեցնում է, որ էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ակտիվացումը չի նշանակում, որ Եվրոպական Միության համար երկրորդ պլան են մղվելու մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերը: Գերմանիայի արտաքին գործերի նախարարն այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: Բերբոկն ընդգծեց՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պատճառով ԵՄ-ն հրաժարվել է ռուսական էներգետիկ ռեսուրսներից և այլ գործընկների է փնտրում՝ էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար, սակայն հավաստիացրեց, որ մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերը չեն կարող երկրորդ պլան մղվել, քանի որ դա կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել: «Այո, մենք գործընկերներ ենք փնտրում էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար, սակայն դա չի նշանակում, որ մենք անտեսելու ենք մարդու իրավունքները: Այս սկզբունքը գործելու է նաև Ադրբեջանի պարագայում»,- հայտարարեց Գերմանիայի ԱԳ նախարարը:  
17:36 - 07 փետրվարի, 2023