ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը

Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։ Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարության նախագիծը՝ մանրամասն անդրադարձ կատարելով դրա շրջանակներում տարբեր ոլորտային ուղղություններով սահմանված միջնաժամկետ և երկարաժամկետ թիրախների ապահովման համար անհրաժեշտ գործողություններին։ Խորհրդի անդամներին են ներկայացվել մթնոլորտային օդի մոնիթորինգի համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով օդի աղտոտվածության որակի մշտադիտարկման կայանների տեղադրման գործընթացի շարունակականության կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել նաև 2024 թվականին Խորհրդի աշխատանքների առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ՝ կլիմայական բաղադրիչ ունեցող միջոցառումների արդյունավետ համակարգման և ներդաշնակեցման նպատակով։
18:47 - 27 նոյեմբերի, 2023
Երկարատև խաղաղության հարցում կրթությունը շատ կարևոր է. Արթուր Մարտիրոսյանը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Երկարատև խաղաղության հարցում կրթությունը շատ կարևոր է. Արթուր Մարտիրոսյանը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչը, ԿԳՄՍՆ ոլորտային վարչությունների ներկայացուցիչներ: Կարևորելով կրթության դերակատարությունը թե՛ երկարատև խաղաղության հաստատման, և թե՛ մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում՝ կողմերն անդրադարձել են Հայաստանում կրթական գործընթացի կազմակերպմանը: ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հետաքրքրվել է, թե ինչպես են հասցեագրվում մարդու իրավունքների պաշտպանության հայեցակարգային մոտեցումները կրթության բովանդակության, մասնավորապես՝ դասագրքերի, ուսումնական ձեռնարկների մեջ, ինչպես նաև, թե ինչ գործիքակազմ է կիրառվում կրթության մեջ երկարատև խաղաղության մշակույթի ձևավորման համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին նախարարությունում և կարևորել Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի առաքելությունը. «Իսկապես, երկարատև խաղաղության հարցում շատ կարևոր է կրթության դերը»,- նշել է նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով, որ Հայաստանի կրթության բովանդակության մեջ երբևէ չի գործել «հակա» գաղափարը: «Ներկայում ներդրվող հանրակրթության պետական չափորոշիչը գիտելիքի և հմտությունների կողքին հավասարապես շեշտադրում է սովորողի արժեքները և դիրքորոշումները, որոնք, իհարկե, ամբողջությամբ արտացոլում են և համահունչ են մարդու իրավունքների պաշտպանության հայեցակարգային դրույթներին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ նոր չափորոշչով առաջադրվող կարողունակությունների մեջ, որպես առանձին բաժին, առկա է քաղաքացիական և ժողովրդավարական կարողունակությունը։ «Հանրակրթության բովանդակության մեջ գերակշռում են պետականակենտրոն մոտեցումները: Այդուհանդերձ, անկախ պատմական տարբեր ժամանակներում մեր երկրին և ժողովրդին պատուհասած փորձություններից՝ Հայաստանի կրթական ծրագրերը մշակվել են բացառապես մեր երկիրը սիրելու և պաշտպանելու պատրաստակամության և գիտակցության ձևավորման տեսանկյունից», — ընդգծել է Արթուր Մարտիրոսյանը և շեշտել՝ հանրակրթության պետական չափորոշիչն ու ծրագրերը լիովին համահունչ են երկարատև խաղաղության մշակույթի ձևավորման տրամաբանությանը: Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին կարևորել է կրթական ծրագրերում պատմական իրողությունների երկկողմանի և ամբողջական ներկայացնելու անհրաժեշտությունը՝ հնարավորինս արդարացի մոտեցումներ ցույց տալու նպատակով: Արթուր Մարտիրոսյանն այս համատեքստում կարևորել է միջազգային չափանիշներով Ադրբեջանի հանրակրթության բովանդակության ուսումնասիրումը՝ բացահայտելու հայատյացության դրսևորումները։ Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ 2022-2023 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում իրականացվում է տարածաշրջանային լեզուների՝ վրացերենի, թուրքերենի, պարսկերենի և ադրբեջաներենի ուսուցում, որն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել սովորողների շրջանում: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հիմնարար մի շարք իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի ապահովմանն ու ներկայացրել ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքներն այդ ուղղությամբ: Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումը, հումանիտար ճգնաժամը և, ի վերջո, լայնածավալ ռազմական հարձակումն ու խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումը հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի բնիկ ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանն իրենց բնօրրանից՝ հետևում թողնելով հազարամյակների մշակութային ու կրոնական ժառանգությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդրին՝ մասնավորապես ներկայացնելով պատմության և մշակույթի հուշարձաններն ավերելու կամ խեղաթյուրելու միջոցով հայկական հետքը Լեռնային Ղարաբաղից վերացնելու Ադրբեջանի քաղաքականությունը։ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է միջազգային կառույցների, այդ թվում՝ առաջնահերթ ՄԱԿ-ի դերը Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության առումով՝ ներկայացնելով, որ ցայսօր Ադրբեջանը  խոչընդոտում է մշակութային ժառանգության անկախ մշտադիտարկման և քարտեզագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
15:08 - 22 նոյեմբերի, 2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրներն ու Կառավարության աջակցության ծրագրերը ներկայացվել են ՄԱԿ գործընկերներին

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրներն ու Կառավարության աջակցության ծրագրերը ներկայացվել են ՄԱԿ գործընկերներին

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հատուկ ընթացակարգերի բաժնի մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։  Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել մարտահրավերներով լի ժամանակաշրջանում ՄԱԿ հատուկ զեկուցողի մանդատի ներքո Հայաստան այցի համար: Հանդիպման մեկնարկին նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերելի կարգավորումներին և Կառավարության կողմից մեկնարկած աջակցության ծրագրերին:Հանդիպման ընթացքում քննարկվել են Արդարադատության նախարարության կողմից իրականացված բարեփոխումները։ Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի կանխարգելմանը, ապօրինի գույքի բռնագանձնման ընթացակարգերին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, այդ թվում խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի կանխարգելմանը և գործերի արդյունավետ քննությանը, ինչպես նաև ներկայացվել են դատաիրավական և քրեական արդարադատության ոլորտների բարելավմանն ուղղված ընթացիկ միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռների կատարման ընթացքին: Այս համատեքստում, արդարադատության նախարարի տեղակալն ընդգծել է, որ 2023թ. ընդունված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրով նախատեսված են կոնկրետ միջոցառումներ՝ ուղղված ՄԻԵԴ վճիռներով բարձրացված ինստիտուցիոնալ խնդիրների հասցեագրմանը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ ուղղված մարդու իրավունքների խախտումների վերացմանը։
18:43 - 21 նոյեմբերի, 2023
Աննա Վարդապետյանը ՄԱԿ հատուկ զեկուցողին է ներկայացրել Դատախազության լիազորությունների էվոլյուցիան

Աննա Վարդապետյանը ՄԱԿ հատուկ զեկուցողին է ներկայացրել Դատախազության լիազորությունների էվոլյուցիան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի մանդատի կարևորությունը և ընդգծել, որ համակարծիք է նրա՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ ֆորումի ժամանակ արված հայտարարությանը, ըստ որի՝ պատերազմական հանցագործների հերոսացումը չի կարող համատեղվել ժողովրդավարական արժեքների հետ: Այդ համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է պատերազմական հանցագործություններին պատշաճ անդրադառնալու, համարժեք գնահատական տալու և դրանց կանխարգելմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Հանրապետության գլխավոր դատախազը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին է ներկայացրել ՀՀ դատախազության լիազորությունների էվոլյուցիան, Դատախազության գործիքակազմը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, պետական (համայնքային) շահերի պաշտպանությանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, խոշտանգումների կանխարգելմանն ու դրանց դեմ քրեաիրավական պայքարին և այլն: Դատախազության լիազորությունների համատեքստում քննարկվել են նաև Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում հայեցակարգային փոփոխությունները, որոնց արդյունքում քրեական արդարադատությունը դարձել է ավելի տուժողակենտրոն:
19:50 - 20 նոյեմբերի, 2023
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ

Նոյեմբերի 8-14-ը Աբուջայում (Նիգերիա) տեղի ունեցավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր կոմիտեի ժողովը։ Ժողովականները, հիմք ընդունելով ԵՀԽ պատվիրակության 2023 թ․ սեպտեմբերի 18-22-ը Հայաստան կատարած այցի զեկույցը, հանդես եկան հայտարարությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:   ԵՀԽ-ն իր զորակցություն է հայտնում հայ ժողովրդին, Եկեղեցուն և հատկապես բոլոր նրանց, ովքեր 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի ողբերգական իրադարձություններից հետո ստիպված են եղել փախուստի դիմել իրենց հինավուրց հայրենիքից՝ Լեռնային Ղարաբաղից։   Ժողովականները նաև ափսոսանք են հայտնել, որ 1992-1994 թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո չեն գտնվել ուղիներ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար:   ԵՀԽ-ն կոչ է անում միջազգային հանրությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, մասնավորապես խոցելի խմբերին՝ կանանց, երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցողներին և կարիքավորներին։   ԵՀԽ անդամները նաև կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել այն էթնիկ հայերի անվտանգությունն ու հավասար իրավունքները, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց բնակավայրերը Լեռնային Ղարաբաղում, պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական էթնիկ մշակութային և կրոնական ժառանգությունը, հարգել կրոնի, հավատքի ազատությունը (ներառյալ կրոնական և պաշտամունքային վայրեր այցելելը), ինչպես և հնարավորություն ընձեռնել ու դյուրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ գնահատման առաքելության այցը տարածաշրջան և փաստագրել համապատասխան վայրերի կարգավիճակը:   Ժողովականները դիմեցին Եվրամիությանը Հայաստանում ուժեղացնելու ԵՄ առաքելությունը՝ ապահովելով բավարար անձնակազմ և միջոցներ՝ դիտարկումներ իրականացնելու ու զեկուցելու Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների ներխուժման մասին։   ԵՀԽ-ն կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ձեռնամուխ լինել այդ խնդրի կարգավորմանը, և ձեռնարկել արագ ու վճռական գործողություններ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած հարձակման դեպքում։   Ժողովականները խնդրեցին ԵՀԽ գլխավոր քարտուղարին շարունակաբար հետևել 2023 թ․ սեպտեմբերի 18-22-ը Հայաստան այցելած ԵՀԽ պատվիրակության դիտարկումներին և եզրակացություններին։   ԵՀԽ-ն հրավիրեց անդամ բոլոր Եկեղեցիներին աղոթել տուժած անձանց համար, աջակցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն հայ ժողովրդին ցավալի և ապագայի նկատմամբ անորոշ այս ժամանակներում ծառայություն իրականացնելիս։
19:39 - 18 նոյեմբերի, 2023
Արմեն Գրիգորյանը Միրոսլավ Յենչային է ներկայացրել սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած հարձակումից հետո ստեղծված հումանիտար իրավիճակը

Արմեն Գրիգորյանը Միրոսլավ Յենչային է ներկայացրել սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած հարձակումից հետո ստեղծված հումանիտար իրավիճակը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Քաղաքական և խաղաղաշինության հարցերով վարչությունում ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո ստեղծված հումանիտար իրավիճակը և դրա հաղթահարման նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը կարևորել է ՄԱԿ համապատասխան կառույցների համագործակցությունը ՀՀ կառավարության հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը, ինչի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ մոտեցումներն ու տեսակետները:
14:21 - 17 նոյեմբերի, 2023
Հայաստանը պատրաստակամ է էլ ավելի ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ հատուկ ընթացակարգերի հետ. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը՝ ՄԱԿ հատուկ զեկուցողին

Հայաստանը պատրաստակամ է էլ ավելի ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ հատուկ ընթացակարգերի հետ. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը՝ ՄԱԿ հատուկ զեկուցողին

Նոյեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Հատուկ զեկուցողին, կարևորել և բարձր է գնահատել ՄԱԿ տարբեր մեխանիզմների հետ Հայաստանի համագործակցությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հատուկ զեկուցողի մանդատից բխող ուղղություններով Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ: Այս համատեքստում մասնավորապես անդրադարձ է կատարվել տարիներ շարունակ Հայաստանի կողմից ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող ջանքերին, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ կողմից տարվող աշխատանքներին, ինչպես նաև ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ վարած էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հարձակումների ընթացքում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումները: ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է էլ ավելի ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ հատուկ ընթացակարգերի հետ, այդ թվում միջազգային լավագույն փորձի ներկայացման և մարդու իրավունքների կրթական ծրագրերին մասնակցելու միջոցով:
09:42 - 17 նոյեմբերի, 2023
ՄԱԿ-ը չի մասնակցի Գազայում չհամաձայնեցված անվտանգության գոտիների ստեղծմանը |armenpress.am|

ՄԱԿ-ը չի մասնակցի Գազայում չհամաձայնեցված անվտանգության գոտիների ստեղծմանը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունները չեն մասնակցի Գազայի հատվածում «անվտանգ գոտիների» ստեղծմանը, քանի դեռ դրանք համաձայնեցված չեն հակամարտող բոլոր կողմերի միջև և ապահովված չէ մարդասիրական աշխատողների համար անվտանգ միջավայր։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է վերոհիշյալ գործակալությունների ղեկավարների հայտարարության մեջ: «Ներկա պայմաններում Գազայի հատվածում միակողմանի «անվտանգ գոտիներ» ստեղծելու առաջարկները կարող են վնաս պատճառել խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ հանգեցնել զանգվածային զոհերի, և պետք է մերժվեն»,- նշված է հայտարարության մեջ։ Հայտարարությունը ստորագրել են Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՀԿ-ի և այլ մասնագիտացված կազմակերպությունների ղեկավարները:
19:27 - 16 նոյեմբերի, 2023
ՄԱԿ-ի ԱԽ-ն Իսրայելի և «Համասի» հակամարտության վերաբերյալ առաջին բանաձևն է ընդունել |azatutyun.am|

ՄԱԿ-ի ԱԽ-ն Իսրայելի և «Համասի» հակամարտության վերաբերյալ առաջին բանաձևն է ընդունել |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Իսրայելի և «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) միջև հակամարտության վերաբերյալ առաջին բանաձևը՝ Մալթայի տարբերակը։ Բանաձևով կոչ է արվում «անհապաղ երկարատև հումանիտար դադարներ իրականացնել և ընդլայնված մարդասիրական միջանցքներ հիմնել Գազայի ողջ հատվածում՝ ապահովելու ՄԱԿ-ի գործակալությունների և նրանց գործընկերների համար մարդասիրական անվտանգ և անարգել մուտք և դյուրացնելու ապրանքների, այդ թվում՝ ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և բժշկական պարագաների շարունակական առաքումը տարածք»:Միաժամանակ, ըստ բանաձևի, կողմերը պետք է ձեռնպահ մնան Գազայի հատվածի խաղաղ բնակչությանը տարրական ծառայություններ և հումանիտար օգնություն ստանալու հնարավորությունից զրկելուց։ Անվտանգության խորհրդի անդամները հայտարարել են նաև մարդասիրական մատակարարումների ավելացման անհրաժեշտության մասին։ Նրանք կոչ են արել շտապ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել, այդ թվում՝ վնասված և ավերված շենքերում անհետ կորած երեխաներին, հիվանդներին, վիրավորներին հայտնաբերելու և տարհանելու համար։Բանաձևը նաև կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել «Համասի»-ի և այլ խմբերի պատանդներին, հատկապես երեխաներին:Սա Անվտանգության խորհրդի ընդունված առաջին բանաձևն է՝ կապված ծայրահեղական «Համաս»-ի և Իսրայելի պարտերազմի սրման հետ, որը սկսվել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համասի»-ի զինյալների հարձակմամբ։ Մինչ այս, Անվտանգության խորհրդում արդեն քվեարկության էին դրվել բանաձևերի մի քանի տարբերակներ, սակայն դրանցից ոչ մեկը չի ընդունվել։ Մասնավորապես, ԱՄՆ-ը վետո է դրել բանաձևի բրազիլական տարբերակի վրա, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել ԱՄՆ-ի առաջարկած նախագծի վրա։ Իսրայելը կրկնել է, որ քանի դեռ «Համասը»-ը շարունակում է պատանդներ պահել, հումանիտար զինադադարի կոչերն անտեղի են։ «Իսրայելը կշարունակի գործել այնքան ժամանակ, քանի դեռ «Համաս»-ը չի ոչնչացվել, իսկ պատանդները վերադարձվել», - ասել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը։ Հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում «Համաս»-ի հարձակման արդյունքում զոհվել է մոտ 1200 մարդ, հիմնականում խաղաղ բնակիչներ, մոտ 240 մարդ պատանդ է վերցվել։ Այս հարձակումից հետո Իսրայելը հայտարարեց պատերազմական դրություն՝ և սկսեց պատասխան գործողություններ Գազայի հատվածում, որի ընթացքում, ըստ «Համաս»-ի առողջապահության նախարարության, սպանվել է ավելի քան 11 հազար 200 մարդ, հիմնականում՝ խաղաղ բնակիչներ։ Անկախ աղբյուրները չեն կարող ստուգել «Համաս»-ի կառույցների հրապարակած տվյալների արժանահավատությունը:
10:58 - 16 նոյեմբերի, 2023
ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՀՀ ներկայացրած ժամանակավոր միջոցների պահանջի մասով վճիռը |1lurer.am|

ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՀՀ ներկայացրած ժամանակավոր միջոցների պահանջի մասով վճիռը |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոց կիրառելու հարցով վճիռը: Դատարանն իր որոշումը կհրապարակի 2023 թվականի նոյեմբերի 17-ին՝ ուրբաթ օրը։ Այս մասին տեղեկանում ենք դատարանի կայքից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։
10:12 - 11 նոյեմբերի, 2023
Փարիզում մեկնարկել է Գազային հումանիտար օգնության թեմայով համաժողովը |armenpress.am|

Փարիզում մեկնարկել է Գազային հումանիտար օգնության թեմայով համաժողովը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում համաժողով է անցկացնում Գազային հումանիտար օգնության թեմայով։ Համաժողովին մասնակցում են ավելի քան 50 երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների և հասարակական կազմակերպությունների տարբեր պաշտոնյաներ։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։ Իր ելույթում Մակրոնը նշել է, որ հարկավոր է Գազայի հատվածում մարտերի հումանիտար դադար տալ, և որ երկրները պետք է աշխատեն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմում հրադադարի հասնելու շուրջ։ Մակրոնի խոսքով՝ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմում Գազայի խաղաղ բնակիչներն են «գին վճարում»։ «Ահաբեկչության դեմ պայքարը երբեք չպետք է տարվի՝ առանց կանոնների։ Իսրայելը դա գիտի։ Ահաբեկչության թակարդը բոլորիս համար նույնն է՝ տրվել բռնությանը և հրաժարվել մեր արժեքներից», - ասել է Ֆրանսիայի նախագահը։ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության ղեկավար Ֆիլիպ Լազարինին հայտարարել է, որ Գազայում շարունակական հումանիտար օգնության, այդ թվում՝ վառելիքի կարիք կա։ Նրա պնդմամբ՝ «Ռաֆահ» անցակետով Եգիպտոսից մտնող օգնությունը բավարար չէ, և պետք է բացվեն Գազա տանող բոլոր անցակետերը։ Իսրայելի իշխանությունները Փարիզում ընթացող համաժողովին չեն մասնակցում, սակայն, ըստ հրապարակման, Ֆրանսիայի նախագահը համաժողովի ավարտից հետո պետք է հեռախոսազրույց ունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, վկայակոչելով The New York Times-ը, Կատարի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում, որպեսզի ՀԱՄԱՍ-ն ազատ արձակի մինչև 15 պատանդների՝ հումանիտար հրադադարի դիմաց, որը թույլ կտա Գազայի հատված մարդասիրական օգնություն մատակարարել։ Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում 1400 մարդ սպանվել է, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 10 500-ը․ նրանց 40 %-ը երեխաներ են։  
16:26 - 09 նոյեմբերի, 2023
Ադրբեջանը դատարանի իրավական պարտադիր որոշումներին ենթարկվելու փոխարեն զբաղված է դրանց տարամեկնաբանմամբ. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ադրբեջանը դատարանի իրավական պարտադիր որոշումներին ենթարկվելու փոխարեն զբաղված է դրանց տարամեկնաբանմամբ. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Նոյեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած Արդարադատության միջազգային դատարանի զեկույցին նվիրված հանդիպմանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից: Դեսպան Մարգարյանը շեշտել է միջազգային իրավունքի առանցքային դերը խաղաղության սպառնալիքներին դիմակայելու գործում՝ այս համատեքստում հիշատակելով Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի ներքո Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացրած հայցը։ Անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված մի շարք միջանկյալ միջոցներին՝ ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից ընդգծվել է, որ Ադրբեջանը դատարանի իրավական պարտադիր որոշումներին ենթարկվելու փոխարեն զբաղված է դրանց տարամեկնաբանմամբ՝ շարունակելով չկատարել իր պարտավորությունները։ Նշվել է, որ ՄԱԿ և Անվտանգության խորհրդի անդամներին արդեն իսկ պետք է պարզ լինի Ադրբեջանի կեցվածքը՝ որպես արդարադատության և օրենքի գերակայության պարբերաբար ոտնահարող երկիր, ինչի վառ դրսևորվումն է նաև շրջափակված ԼՂ բնակչության դեմ սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը։ Այդ առնչությամբ նշվել է, որ Հայաստանը դիմել է Դատարանին՝ հայցելով միջանկյալ միջոցներ կիրառել, որպեսզի հնարավոր լինի ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը։ Իր ելույթում դեսպան Մարգարյանը շեշտել է, որ ՄԱԿ-ը հատուկ պատասխանատվություն է կրում միջազգային իրավունքի գերակայությունը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրականացումն ապահովելու համար։
22:48 - 07 նոյեմբերի, 2023
ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները քննարկել են աշխատանքային շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր |1lurer.am|

ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները քննարկել են աշխատանքային շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը տեսակապով զրուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: «Պաշտոնյաները քննարկել են ՀԱՊԿ-ի քարտուղարության և ՄԱԿ-ի քարտուղարության միջև փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ տարածաշրջանային կանխարգելիչ գործունեության հաշվին անվտանգության ռազմավարական ռիսկերի նվազեցման հետ կապված միջազգային քայլերի համաձայնեցվածության վերաբերյալ խնդիրներ»,- նշված է ՀԱՊԿ-ի հաղորդագրությունում: Անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի պրոֆիլային կառույցների հետ ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքային շփումների հետագա զարգացմանը՝ ահաբեկչության, թմրանյութերի տարածման, անդրսահմանային հանցավորության, անօրինական միգրացիայի հակազդման, ինչպես նաև խաղաղապահության ոլորտում փոխգործակցության հարցերով: Տասմագամբետովն ու Գուտերեշը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունն ահաբեկչական գաղափարախոսության և քարոզչության տարածման դեմ պայքարի ու տեղեկատվական անվտանգության ոլորտում ջանքերի միավորման ուղղությամբ:
11:56 - 07 նոյեմբերի, 2023
ԵՄ դեսպանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ներկայացուցիչը գնահատել են Հայաստանի ՆԳ նախարարության տիրույթում գտնվող ոլորտների բարեփոխումների ընթացքը
 |armenpress.am|

ԵՄ դեսպանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ներկայացուցիչը գնահատել են Հայաստանի ՆԳ նախարարության տիրույթում գտնվող ոլորտների բարեփոխումների ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի կարծիքով՝ ՀՀ-ում ներքին գործերի նախարարության տիրույթում գտնվող ոլորտների բարեփոխումները տեղի են ունենում թափանցիկ և բաց գործընթացի շրջանակում՝ արձանագրելով բարձր արդյունքներ։ Վասիլիս Մարագոսը «ՆԳՆ բարեփոխումներին ընդառաջ․ ընթացիկ զարգացումներ և հեռանկարներ» խորագրով քննարկման ժամանակ նշեց, որ նորաստեղծ նախարարության կողմից արդեն իսկ արված աշխատանքը վկայում է այն մասին, որ ներառական և համագործակցային մոտեցումը բոլորի համար շատ կարևոր է։ «Այդուհանդերձ, աշխատանքը կանգ չի առնում, քանզի դեռ կան բազմաթիվ մարտահրավերներ։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել հայկական կողմին իր փորձագիտական ներուժով և կարողություններով, առավել ևս, որ հանդիսանում է տվյալ գործընթացի հանձնառուներից մեկը»,- ասաց Մարագոսը։ Նրա դիտարկմամբ՝ բարեփոխումների հաջողությունը կախված է մի քանի հիմնարար գործոններից, որոնցից հիմնականն առաջնորդությունն է, և այդ համատեքստում Մարագոսը բարձր գնահատեց վերջերս ԱՄՆ դեսպանի այցը Սյունիքի մարզ, ինչն, ըստ էության, բարեփոխումների գործընթացի ելակետն է։ Թափանցիկ, ներառական հաղորդակցությունը շահագրգիռ անձանց ակտիվ ներգրավումը, կարողությունների ու ներուժի զարգացումը, ռեսուրսների արդյունավետ կառավարումը, հաշվետու գործելակերպն ու վերահսկողության կուռ համակարգը ոստիկանական ծառայության, ինչպես նաև նախարարության մյուս բոլոր ուղղություններով կատարվող արդյունավետ գործողությունների հիմնական բաղադրիչներն են։ «Որոշ ոլորտներում տակավին կան մարտահրավերներ, սակայն իրական հաջողության հասնելու համար կարևոր են վճռորոշ գործողությունները։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի հոսքը դեպի Հայաստան ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ամրացնել պետական կառույցները։ ԵՄ-ն մեծապես կարևորում է հստակ և թափանցիկ հաղորդակցությունը՝ կապված բարեփոխումների հետ, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում ՝ քաղհասարակությունը և միջազգային գործընկերները լավ տեղեկացված լինեն։ Համապարփակ հաղորդակցության ռազմավարությունը կարևոր է քաղաքացիների կարիքները բավարարելու համար»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։ Մարագոսի կարծիքով՝ բարեփոխումների օրենսդրական պահանջն այն մշակույթի սերմանումն է, որը կխթանի ֆունկցիոնալ ուսումնառությունը ՆԳ նախարարության ներսում, ինչը կարելի է անել բազմաբնույթ մեխանիզմներով՝ սկսած իրավական լուրջ հիմքերից, վերջացրած կրթահամալիրի գործունեությամբ։ Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ն պատրաստ է խորացնել ուսումնական դասընթացներն ու գիտելիքի փոխանակման ծրագրերը՝ նշված ոլորտում կիրառելով եվրոպական այլ գործիքներ։   «Եվրամիության աջակցության շնորհիվ արդեն իսկ իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ հաշվետու կառույցների ու ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի միջոցով այլ գործընկերների մասնակցությամբ։ Ոստիկանության, իսկ այժմ նաև ներքին գործերի նախարարության կարողությունները շարունակաբար բարելավվել են, և այդ առումով շոշափելի արդյունքները տեսանելի դարձան նախորդ շաբաթվա ընթացքում, երբ մեկնարկեց պարեկային ոստիկանության վերջին բաղադրիչը՝ բավարարելով համազգային ծածկույթ։ ԵՄ-ի կողմից պարեկային ոստիկանության 75 մեքենաների գնումն ու առաքումը ՀՀ մարզեր նույնպես կարևոր հանձնառություն էր։ ԵՄ-ն կշարունակի ապահովել իր ներգրավվածությունը բարեփոխումներին առնչվող այլ ծրագրերով, որոնք կնպաստեն ՆԳՆ համակարգի ինստիտուցիոնալ ուժեղացմանը»,- ասաց Մարագոսը։ ԵՄ պատվիրակության ղեկավարը հայտնեց, որ նախորդ ուրբաթ Եվրախորհրդի հերթական ժողովի ընթացքում եվրոպական երկրների ղեկավարները խնդրել են, որ կառույցի արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ԵԽ-ն ներկայացնեն Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու տարբերակներ։ Այդ համատեքստում մոտակա շաբաթներին նախատեսվում է կազմակերպել քննարկում և պարզել ոլորտներն ու դրանցում սերտ համագործակցության հնարավորությունները։ Մարագոսը խոստացավ ավելի ինտենսիվ դարձնել երկխոսությունը՝ ներկայացնելով ԵՄ-ի լավագույն փորձը։   ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր հերթին նշեց, որ ՀՀ ՆԳ նախարարությունը մեծ պատասխանատվություն է կրում իրականացվող բարեփոխումների համար, հետևաբար շատ կարևոր է, որ հետայսու նույնպես դրանց աջակցությունը համակարգվի նախարարության ու միջազգային գործընկերների միջև։ «ՀՀ ՆԳ նախարարությունը կարևոր բարեփոխումներ է առաջնորդում, որոնք այս պահին իրականացվում են երկրում։ Մենք բարձր ենք գնահատում առկա համագործակցության գործընթացները, որոնք համակարգվում են ոստիկանության աշխատանքային խմբի և անձամբ ՆԳ փոխնախարարի գլխավորությամբ։ ԵՄ-ի հետ երկխոսությունն ավելի է ընդլայնվում՝ հասնելով որակապես նոր մակարդակի։ Եվրամիությունը այս բարեփոխումների գործում Հայաստանի առաջատար գործընկերն է։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի անունից, ներառյալ մեր մյուս երկու գործակալությունների՝ Երեխաների ու Բնակչության հիմնադրամների, ինչպես նաև ԵԱՀԿ-ի անունից հայտնում եմ մեր հավատամքն առ այն, որ մեր հավաքական ներդրումն ու աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին կշարունակվի, և հետագայում տեսանելի կլինեն նաև այլ շոշափելի արդյունքներ»,- ասաց Նացվլիշվիլին։ Նրա կարծիքով՝ թեև ՀՀ ՆԳ նախարարությունը նորաստեղծ մարմիններից է, այդուհանդերձ, ունի մարտահրավերներով պայմանավորված բազում պարտականություններ, ուստի պետք է լուծի բարդ, համալիր հիմնախնդիրներ և այդ ճանապարհին արդեն իսկ ցուցադրում է հավակնոտ ակնկալիքներ։ «Վերջին մի քանի շաբաթներին տեսել ենք, որ Հայաստանում շատ բարդ ժամանակներ են։ Նախարարությունը և իր ենթակայության ներքո գործող ծառայությունները կարողացել են արհեստավարժ կերպով արձագանքել խնդիրներին, կառավարել և ընդունել ավելի քան 100 հազար փախստականների ներհոսքը Հայաստան։ Այդ ընթացքում Հայաստանի ներքին գործերի նախարարությունը կատարել է նաև իր հանապազօրյա գործառույթները։ Պարեկային ծառայությունն արդեն գործում է ողջ երկրի տարածքում։ Կարևոր բարեփոխումների իրականացումից կարճ ժամանակ անց տեսնում ենք, որ արդեն կա տպավորիչ վիճակագրություն, որի համաձայն՝ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է, իններոդը հանցագործության համեմատաբար ցածր ցուցանիշներով։  Ոլորտի բարեփոխումներն, անշուշտ, պետք է շարունակվեն՝ ապահովելով թափանցիկություն, իրազեկվածություն, խորհրդակցություն հանրության հետ, ինչպես նաև ներգրավեն ավելի մեծ թվով կին ծառայողների։ Սպասվում է շատ մեծ աշխատանք, ուստի անհրաժեշտ են համահունչ գործողություններ շահագրգիռ բոլոր կողմերից»,- եզրափակեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցիչը։
14:40 - 03 նոյեմբերի, 2023