Ադրբեջանը դատարանի իրավական պարտադիր որոշումներին ենթարկվելու փոխարեն զբաղված է դրանց տարամեկնաբանմամբ. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
22:48 - 07 նոյեմբերի, 2023

Ադրբեջանը դատարանի իրավական պարտադիր որոշումներին ենթարկվելու փոխարեն զբաղված է դրանց տարամեկնաբանմամբ. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Նոյեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած Արդարադատության միջազգային դատարանի զեկույցին նվիրված հանդիպմանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից:

Դեսպան Մարգարյանը շեշտել է միջազգային իրավունքի առանցքային դերը խաղաղության սպառնալիքներին դիմակայելու գործում՝ այս համատեքստում հիշատակելով Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի ներքո Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացրած հայցը։

Անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված մի շարք միջանկյալ միջոցներին՝ ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից ընդգծվել է, որ Ադրբեջանը դատարանի իրավական պարտադիր որոշումներին ենթարկվելու փոխարեն զբաղված է դրանց տարամեկնաբանմամբ՝ շարունակելով չկատարել իր պարտավորությունները։

Նշվել է, որ ՄԱԿ և Անվտանգության խորհրդի անդամներին արդեն իսկ պետք է պարզ լինի Ադրբեջանի կեցվածքը՝ որպես արդարադատության և օրենքի գերակայության պարբերաբար ոտնահարող երկիր, ինչի վառ դրսևորվումն է նաև շրջափակված ԼՂ բնակչության դեմ սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը։

Այդ առնչությամբ նշվել է, որ Հայաստանը դիմել է Դատարանին՝ հայցելով միջանկյալ միջոցներ կիրառել, որպեսզի հնարավոր լինի ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը։

Իր ելույթում դեսպան Մարգարյանը շեշտել է, որ ՄԱԿ-ը հատուկ պատասխանատվություն է կրում միջազգային իրավունքի գերակայությունը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրականացումն ապահովելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել