Առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ բնակիչները բարձր փոխհատուցում ստանան. Հակոբ Կարապետյանը՝ ընդդեմ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման բողոքի ակցիայի մասին |pastinfo.am|
pastinfo.am: Ամիսներ առաջ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մոտ բնակիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում, խնդիրները բարձրաձայնվեցին և հնարավորինս փոխզիջումային տարբերակ առաջարկվեց։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նշենք, որ այս պահին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման։
«Նախկին նախագծով ճանապարհը բարձրության վրա էր անցնում և մուտքերն ու ելքերն անբավարար էին։ Նոր նախագծով ավելացվել են մուտքեր, ելքեր, ավելացվել է վերգետնյա անցում և ճանապարհը բարձրությունից իջել է ներքև»,-ասաց Հակոբ Կարապետյանը։
Վերջինս նկատեց՝ անկախ նրանից նախագծում փոփոխություններ կլինեն, թե ոչ ավտոտնակների ապամոնտաժումը դրա հետ կապված չէ, որովհետև Հակոբ Կարապետյանի խոսքով քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ 2016-2017 թթ. ընթացքում այս տարածքներն իրացվել է և բավարար չափով փոխհատուցումներ տրվել են։
«Այն սկզբունքով ենք առաջնորդվել, որ բնակիչները բարձր փոխհատուցում ստանան։ Սեփականության իրավունքով օգտագործվող տարածքների համար շուկայական արժեքի 115տոկոսի չափով փոխհատուցում է տեղի ունեցել, իսկ ինքնակամ այսինքն «զավթած» տարածքների վրա համայնքն այդ տարածքների համար վճարել է 25 տոկոսի չափով փոխհատուցում, կոնկրետ ավտոտբնակները փոխհատուցվել են այն գնով, որով բնակիչը կարող է այս պահին նոր ավտոտնակ ձեռք բերել»,-նշեց քաղաքապետի մամուլի խոսնակը։
13:51 - 10 փետրվարի, 2020