Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Ռուս խաղաղապահները Խծաբերդում են, հրամանի են սպասում՝ գնան, թե չգնան. համայնքապետը՝ գյուղը հանձնելու տեղեկությունների մասին |tert.am|

Ռուս խաղաղապահները Խծաբերդում են, հրամանի են սպասում՝ գնան, թե չգնան. համայնքապետը՝ գյուղը հանձնելու տեղեկությունների մասին |tert.am|

tert.am: Խծաբերդը հանձնելու մասին ես հիմա հստակ չեմ կարող ոչինչ ասել, բայց, իմ տեղեկություններով, ռուս խաղաղապահները հիմա այնտեղ են, հրամանի են սպասում՝ գնան, թե չգնան: Այս մասին հայտնեց Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքի ղեկավար Ալեքսանդր Ավանեսյանը: «Վերջին օրերի մարտերն անսպասելի էին, ադրբեջանական կողմն էր հարձակվել, բայց այդ գյուղերը պետք է մնային հայկական կողմում, մինչդեռ հակառակորդ կողմն ասում է՝ գծված քարտեզով չի երևում, որ այդ գյուղերը պետք է հայկական կողմում մնան, այսպես են ասում, բայց ստույգ չգիտեմ»,-ասաց նա: Համայնքապետը նշեց, որ գյուղի բնակիչները տարբեր տեղերում են՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, իսկ գյուղը 121 բնակիչ ունի: «Դե, եթե Հին Թաղերը հանձնվում է, Խծաբերդը պահելու իմաստ չկա, միակ գյուղն է լինում շրջանում»:
13:58 - 15 դեկտեմբերի, 2020
Պատերազմի հետեւանքով դիպլոմները կորցրած շրջանավարտներին Արցախի պետհամալսարանը կտրամադրի կրկնօրինակը

Պատերազմի հետեւանքով դիպլոմները կորցրած շրջանավարտներին Արցախի պետհամալսարանը կտրամադրի կրկնօրինակը

Արցախի պետական համալսարանը հայտարարություն է տարածել պատերազմի հետևանքով դիպլոմները կորցրած շրջանավարտների վերաբերյալ: «Արցախի պետական համալսարանի հարգելի՛ շրջանավարտներ, ովքեր պատերազմի պատճառով կորցրել են իրենց դիպլոմները, համալսարանից դիպլոմների կրկնօրինակները ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. հունվարի 20-ը դիմում ներկայացնել ԱրՊՀ գրասենյակ: Նախկինում դիպլոմների և դրանց կրկնօրինակների տրամադրումը իրականացվում էր  համալսարանի գիտխորհրդի կողմից ընդունված հատուկ կանոնակարգով, ըստ որի՝  շրջանավարտը նախապես պետք է դիմում ներկայացներ, որ կորցրել է դիպլոմը, որից հետո այն պետք է ստանար՝ ինքնարժեքից երեք անգամ ավելի գումար վճարելով: ԱրՊՀ գիտխորհուրդը որոշում է ընդունել, որ բոլոր այն շրջանավարտները, որոնք  պատերազմի հետևանքով կորցրել են դիպլոմները, նրանց անվճար հիմունքներով կտրամադրվի կրկնօրինակը: Մինչ այս բոլոր աշխատանքերի կազմակերպումը ուսանողները կարող են ստանալ տեղեկանք՝ ԱրՊՀ կնիքով կնքված, որտեղ ներկայացված կլինի տվյալ շրջանավարտի ուսումնառության տարիների, կրթական ծրագրի մասին տեղեկություն, ինչպես նաև ԱրՊՀ-ից ստացած նրա ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի համարանիշը»,- ասված է հայտարարության մեջ:
13:56 - 15 դեկտեմբերի, 2020
Հին Թաղերը ևս վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին. համայնքապետ |tert.am|

Հին Թաղերը ևս վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին. համայնքապետ |tert.am|

tert.am: Հին Թաղերը ևս վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին, թե դա, որ ղեկավարի շնորհքն է, ես չգիտեմ: Այս մասին այսօր ասաց Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր համայնքի ղեկավար Էդուարդ Այվազյանից:«Գյուղը պատերազմի օրերին հայաթափվել էր, մինչև վերջ էլ «մոբ»–ի (մոբիլիզացիոն ուժեր – խմբ․) տղերքը պահում էին: Ասել էին, որ պիտի ռուսը գա, այդ տարածքներում իր դիրքերը դնի, մինչև շաբաթ օրն սպասել ենք, ոչ մեկն էլ չի եկել, հետո արդեն լուրն իմացա, որ ադրբեջանցիները հարձակվել են ու մեր գյուղ մտել: Իբր ռուսական կողմը գնացել է, որ դրանց հանի, բայց փաստաթուղթ են ցույց տվել, որ այդ տարածքները հանձնված են Ադրբեջանին: Հիմա ռուսական զորքն այդտեղ չէ, Հին Թաղերն էլ մերը չէ»,-ասաց նա: Համայնքապետի խոսքով՝ գյուղը ցանկացած ձևով փորձել են պահել, գյուղում շաբաթ օրվա մարտերի ընթացքում մոբիլիզացիոն ուժերից 8 անձ է վիրավորվել, 9-10 անձի գերեվարվածության վերաբերյալ տվյալներ կան: Էդուարդ Այվազյանը նշեց, որ գյուղն ունեցել է 105 բնակիչ, որոնք հիմա ՀՀ-ի տարբեր մարզերում են բնակվում, ըստ նրա՝ բնակիչներին որպես այդպիսին պետական աջակցություն չի տրվել: Շարունակությունը՝ tert.am-ում
13:01 - 15 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանական ԶՈՒ-երի գործողությունները կենսական սպառնալիքներ են հարուցել Հին շեն գյուղի բնակչության ֆիզիկական անվտանգության համար. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական ԶՈՒ-երի գործողությունները կենսական սպառնալիքներ են հարուցել Հին շեն գյուղի բնակչության ֆիզիկական անվտանգության համար. Արցախի ՄԻՊ

Քիչ առաջ վերադարձա Շուշիի շրջանի Մեծ շեն ու Հին շեն գյուղերից, որտեղ այցելել էի տեղում հասկանալու համար իրավիճակն ու մեր քաղաքացիների իրավունքներին սպառնացող վտանգները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ակնհայտորեն ոչ միայն խախտել են քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, այլ նաև կենսական սպառնալիքներ են հարուցել հատկապես Հին շեն գյուղի բնակչության, ներառյալ՝ մի խումբ երեխաների ու կանանց ֆիզիկական անվտանգության համար: Մինչև հիմա այդ վտանգները շարունակում են գործել՝ պայմանավորված ադրբեջանական զինծառայողների զբաղեցրած դիրքերով ու ցուցաբերած վարքով: Ողջունելի է, որ Պաշտպանության բանակի և ՌԴ խաղաղապահ զորակազմի որոշ ստորաբաժանումներ  տեղում վերահսկում են իրավիճակը, ինչի շնորհիվ որևէ միջադեպ չի արձանագրվել: Սակայն ավելի լուրջ ջանքեր են անհրաժեշտ խնդիրը կարգավորելու և ադրբեջանական զինծառայողներին Արցախի այդ բնակավայրերից դուրս մղելու համար: Իրավիճակը ներկայացրել եմ Հանրապետության ղեկավարությանը և ստացել հավաստիացում, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունները ռուսական կողմի հետ համատեղ աշխատում են խնդիրն արագ կարգավորելու ուղղությամբ: Արցախի յուրաքանչյուր բնակչի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի անվերապահ կերպով»,- գրել է նա:
21:58 - 14 դեկտեմբերի, 2020
ՄԽ համանախագահները և միջազգային հանրությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի սադրանքները. ԱՀ ԱԳՆ

ՄԽ համանախագահները և միջազգային հանրությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի սադրանքները. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ու Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք ակնհայտորեն Բաքվի զավթողական քաղաքականության շարունակությունն են և փորձ՝ ընդլայնելու Արցախում օկուպացիայի գոտին։ Ըստ հայտարարության, այդ գործողոթւյուններևը, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, Արցախի զգալի մասի բռնազավթումն ու էթնիկ զտումները պետք է խստագույնս դատապարտվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, ընդհանրապես՝ միջազգային հանրության կողմից: Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարության մեջ նշված է. «2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում Պաշտպանության բանակի վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի ծանրության հրազենային վիրավորումներ: Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները շարունակվել են նաև դեկտեմբերի 13-ին Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերի ուղղությամբ:Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերն անմիջապես տեղեկացվել են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստերի մասին: Ռուսական խաղաղապահների միջամտության արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել են,  տեղակայվել են նաև խաղաղապահ ուժերի լրացուցիչ դիտակետեր՝ իրավիճակը շուրջօրյա դիտարկելու և հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու նպատակով:Դեկտեմբերի 11-13-ը ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են: Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների չկատարումը, ծայրաստիճան արհամարհական վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համաձայնեցված ձևաչափի նկատմամբ, Բաքվի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքական գործընթացի վերսկսման  արհեստական ձգձգումը  և ռազմական ուժի վրա հաշվարկը շարունակում են մնալ տարածաշրջանում սպառնալիքների հիմնական աղբյուրը և տևական ու ամուր խաղաղություն հաստատման համար խոչընդոտը:Ադրբեջանի գործողությունները, որոնք ակնհայտորեն Բաքվի զավթողական քաղաքականության շարունակությունն են և փորձ՝ ընդլայնելու Արցախում օկուպացիայի գոտին, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, Արցախի զգալի մասի բռնազավթումն ու էթնիկ զտումները պետք է խստագույնս դատապարտվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, ընդհանրապես՝ միջազգային հանրության կողմից:Արցախի Հանրապետությունը, իր կողմից, կշարունակի հետևողական ջանքեր գործադրել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև հանրապետության տարածքի դեօկուպացիային և նրա բնակչության՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադարձին հասնելու նպատակով»։
20:13 - 14 դեկտեմբերի, 2020
Օր առաջ պետք է վերականգնել բնակարանները, մարդիկ պետք է նաև վերադառնան աշխատանքի.Մարտունիում խորհրդակցություն է անցկացվել

Օր առաջ պետք է վերականգնել բնակարանները, մարդիկ պետք է նաև վերադառնան աշխատանքի.Մարտունիում խորհրդակցություն է անցկացվել

Դեկտեմբերի 14-ին, Մարտուն շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝  շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Գևորգ Բալայանի, աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ Արարատ Սուլեյմանյանի, Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանի, շինարարական ընկերությունների պատասախանատուների մասնակցությամբ: Քննարկվել են Մարտունի քաղաքում և Մարտունու շրջանում պատերազմի հետևանքով վնասված բնակելի շենքերի, տների, վարչական շենքերի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների և հետագա անելիքների մասին հարցերը: Այս մասին իրազեկում է Արցախի տեղեկատվական շտաբը: Շրջվարչակազմի ղեկավարը խորհրդակցության սկզբին նշել է, որ  բոլորի առաջ շատ կարևոր խնդիր է դրված՝ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի օր առաջ վերականգնվեն ավերածությունները և մարդիկ կարողանան բնակություն հաստատել իրենց բնակարաններում, նաև վերադառնան իրենց աշխատավայրեր: Շինարարության իրականացման համար անհրաժեշտ նյութերն ու միջոցները կան, մնում է ներգրավել ավելի շատ շինարարների ու արագացնել ընթացքը, աշխատել համակարգված և արագ տեմպերով: Մարտունու քաղաքապետը, խոսելով ներկայացված բնակելի շենքերի ու տների ցուցակի մասին, հատկանշել է բնակիչների կարգավիճակային առաջնահերթությունը, որով առաջնորդվել են հերթացուցակը կազմելու ժամանակ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև շրջանի այլ բնակավայրերում առկա վնասված տներին ու շինություններին, այս ուղղությամբ հետագա անելիքներին:    Տպել
19:55 - 14 դեկտեմբերի, 2020
Որոնողական աշխատանքների արդյունքում 828 հայ զինծառայողի դի է հայտնաբերվել |hetq.am|

Որոնողական աշխատանքների արդյունքում 828 հայ զինծառայողի դի է հայտնաբերվել |hetq.am|

hetq.am: Նոյեմբերի 13-ից Արցախի բոլոր այն բնակավայրերում, որտեղ տեղի են ունեցել ռազմական գործողություններ, որոնողական աշխատանքների արդյունքում մինչ օրս 828 հայ զինծառայողի դի է հայտնաբերվել։  Այս մասին հայտնել են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Որոնողական աշխատանքների ընթացքում վիրավորում ստացած և ողջ մնացած 2 զինծառայող է հայտնաբերվել՝ հայ և ադրբեջանցի: Նրանք հոսպիտալացվել են: Մյուս ուղղություններում ողջ մնացած զինվորներ դեռևս չեն հայտնաբերվել։ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի և Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներով պայմանավորված՝ վերջին 3 օրերի ընթացքում որոնողական աշխատանքները դադարեցվել են: Թեպետ, պայմանավորվածություն էր ձեռք բերվել այսօր այդ աշխատանքները շարունակել Հադրութի, Ֆիզուլու, Ղուբաթլուի, Մարտունու և Ջաբրայիլի ուղղություններով: Որոնողական աշխատանքներին վերջին 2 շաբաթների ընթացքում մասնակցել են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու պատերազմական փորձությունն անցած զինվորները: ԱԻ պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը ծնողների և հարազատների փոխանցած ինֆորմացիայի հիման վրա հավաքագրել  և քարտեզավորել է տվյալները, փոխանցել բանակցող կողմին՝ դրանով որոշակիորեն հեշտացնելով աշխատանքը:  Շարունակությունը՝ hetq.am-ում։
19:31 - 14 դեկտեմբերի, 2020
Պատերազմի սկզբից առայսօր Արցախում վնասազերծվել է 20 հազարից ավելի զենք- զինամթերք

Պատերազմի սկզբից առայսօր Արցախում վնասազերծվել է 20 հազարից ավելի զենք- զինամթերք

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական ջոկատներն ու հումանիտար ականազերծող կենտրոնները սեպտեմբերի 27-ից առայսօր ոչնչացրել են 20 հազարից ավելի հրթիռային, հարվածային ու գնդիկաբեկորային ռումբեր, ականանետերի ականներ եւ այլ զինատեսակներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Ամփոփելով շաբաթը՝ ծառայությունից հայտնում են. Դեկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ահազանգման կենտրոնը ստացել է 1132 զանգ: Դրանցից 3-ը ճանապարհատրանսպորտային պատահար են, զոհվել է երկու քաղաքացի։ Զենք-զինամթերքի հայտնաբերման 42 կանչ է գրանցվել: Արցախի մայրաքաղաքը գրեթե 90 տոկոսով անվտանգ է բնակչության համար: Հիմնական կանչերն արձանագրվում են անտառային գոտիներից, քաղաքների եւ գյուղական համայնքների հարակից տարածքներից: Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի 27-ից առայսօր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական ջոկատներն ու հումանիտար ականազերծող կենտրոնները ոչնչացրել են 20 հազարից ավելի հրթիռային, հարվածային ու գնդիկաբեկորային ռումբեր, ականանետերի ականներ եւ այլ զինատեսակներ: Ավելացել է հրդեհների թիվը՝ 7 դեպք մեկ շաբաթում․ տուժածներ չկան։ Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ հրդեհների բռնկման պատճառը էլեկտրականության հաճախակի անջատումներն ու տատանումներն են: Հրշեջ-փրկարարական ջոկատները, ԱԻՊԾ մնացած բոլոր ստորաբաժանումները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով, քանի դեռ գործում է ռազմական դրության ռեժիմը: Կենցաղային կանչերը 58-ն էին։ Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շարունակել են օգնել բնակչությանը։ Նոյեմբերի 13-ից առայսօր շարունակվում են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնողական եւ փոխանակման աշխատանքները: Վերջին տվյալներով՝ հայտնաբերվել է 828 մարմին:  
18:08 - 14 դեկտեմբերի, 2020