Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Մեր գործելակերպի հիմքում  լինելու է թիմային աշխատանքը՝ սերտ համագործակցելով քաղաքական և գործադիր ինստիտուտների հետ․ Երևանի քաղաքապետի ամանորյա ուղերձը

Մեր գործելակերպի հիմքում  լինելու է թիմային աշխատանքը՝ սերտ համագործակցելով քաղաքական և գործադիր ինստիտուտների հետ․ Երևանի քաղաքապետի ամանորյա ուղերձը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ամանորյա ուղերձ է հղել, որում ասվում է․ «Սիրելի երևանցիներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ամանորը ամենասպասված ու գեղեցիկ տոնն է ամբողջ աշխարհում: Որպես նաև ընտանեկան տոն՝ այն յուրահատուկ ջերմությամբ է նշվում հայկական օջախներում:  Մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, բարի ծառայություն մեր զինծառայողներին, ուզում եմ, որ Ձեր ընտանիքներում թևածի տոնական մթնոլորտը: Առողջություն և բոլոր նվիրական երազանքների իրականացում:  Որպես հետպատերազմյան տարի՝ 2021 թվականը, ինչպես ամբողջ հանրապետության, այնպես էլ մայրաքաղաք Երևանի համար լի էր մարտահրավերներով ու դժվարություններով: Այդուհանդերձ, ցանկանում եմ հատկանշել, որ տարեկան ծրագրերով մեր ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարվել են: Քաղաքային տնտեսությունը անընդհատ զարգացող օրգանիզմ է, և մեզանից մեծ նվիրում ու  ջանքեր են պահանջվում՝ Երևանի շարունակական զարգացումն ապահովելու համար:  Ուզում եմ նաև վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը կանի հնարավոր առավելագույնը, որպեսզի ձեզ հետ միասին կարողանանք կյանքի կոչել նաև 2022-թ.-ի մեր նախանշած ծրագրերը: Քաղաքի առջև ծառացած խնդիրները ինստիտուցիոնալ, նորարարական  և հիմնավոր լուծումների կարիք ունեն: Մեր գործելակերպի հիմքում  լինելու է թիմային աշխատանքը՝ սերտ համագործակցելով քաղաքական և գործադիր ինստիտուտների, այդ թվում՝ Երևանի ավագանու հետ:  Սիրելի՛ երևանցիներ, քաղաքամայր Երևանի կառավարման գործում ակնկալում եմ նաև ձեր ակտիվ դերակատարումը: Մենք պատրաստ ենք լսել ձեր խորհուրդներն ու դիտարկել առաջարկները՝ ի բարօրություն մեր հրաշալի ու հինավուրց մայրաքաղաքի:  Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ և սիրով միանում Ձեր ընտանիքներում հնչող տոնական բարեմաղթանքներին»:
10:35 - 31 դեկտեմբերի, 2021
VisitYerevan.am. նոր հարթակ ու բջջային հավելված՝ զբոսաշրջիկների համար

VisitYerevan.am. նոր հարթակ ու բջջային հավելված՝ զբոսաշրջիկների համար

Երևանի քաղաքապետարանը գործարկել է զբոսաշրջային նոր եռալեզու հարթակ՝ visityerevan.am:  Ու˚ր գնալ, ի˚նչ տեսնել: Ամենակարևոր այս հարցերի պատասխանի համար մի ամբողջ թիմ գրեթե մեկ տարի աշխատել է նախագծի շուրջ: «Մենք պարբերաբար հրատարակում էինք զբոսաշրջիկների համար տպագրական տարբեր նյութեր՝ քարտեզներ և ուղեցույցներ: Սակայն հասկանում ենք, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը մեծ կարևորություն ունի քաղաքային կառավարման համակարգում: Ուստի ստեղծեցինք հենց այս հարթակը: Աշխատանքների ընթացքում ուսումնասիրեցինք նաև զբոսաշրջիկների նախապատվություններն ու ցանկությունները: Ստեղծեցինք նաև ինքնատիպ տարբերանշան», - նշում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:Այստեղ զբոսաշրջիկները հայերեն, անգլերեն ու ռուսերեն տարբերակով կգտնեն տեղեկություններ՝ քաղաքի պատմության, տեսարժան ու ժամանցի վայրերի, խոհանոցի ու խմիչքների մասին, և օգտակար այլ տեղեկություններ ու քարտեզներ:Կայքի 6 բաժին իր առանձին ենթաբաժիններով հագեցած, պատկերավոր ու հնարավորին մանրամասն զբոսաշրջիկին ծանոթացնում է Երևան այցելության բոլոր մանրամասներին:Զբոսնել քաղաքում, այցելել թանգարաններ, թատրոններ ու չկորչել քաղաքում՝ զբոսաշրջիկին կօգնի VisitYerevan-ի բջջային հավելվածը: Սա քաղաքապետարանի թողարկած առաջին բջջային հավելվածն է: Այն աշխատում է Android և iOS համակարգերով:VisitYerevan-ը կարևոր հարթակ է, որը կօգնի զարգացնել հատկապես անհատական տուրիզմը դեպի Երևան: Սա ավելին է, քան կայքը. վիրտուալ ընկեր, ով կհուշի, թե ինչպես կազմակերպել օրն ու ինչով զբաղվել Երևանում՝ առաջարկելով տուրեր, գնումներ ու հետաքրքիր միջոցառումներ:Հարթակն ամեն օր թարմացվում ու համալրվում է նոր տեղեկատվությամբ, լուսանկարներով: Առաջիկայում մասնավորի հետ համագործակցությամբ կայքը ևս նորություն կունենա:VisitYerevan-ը հետագայում կգործարկվի նաև մի շարք այլ լեզուներով: Մասնագետները վստահ են՝ հարթակը կնպաստի զբոսաշրջության զարցամանն ու կընդլայնի զբոսաշրջիկների աշխարհագրությունը:  
17:17 - 30 դեկտեմբերի, 2021
Երևանի քաղաքապետն ու ՉԺՀ դեսպանն այցելել են նոր ավտոբուսների հավաքակայան

Երևանի քաղաքապետն ու ՉԺՀ դեսպանն այցելել են նոր ավտոբուսների հավաքակայան

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ այցելել է Երևանի ավտոբուսների հավաքակայան, ծանոթացել նոր ավտոբուսների հարմարություններին: Քաղաքապետն ու դեսպանն ավտոբուսով պտույտ են կատարել հավաքակայանում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Շնորհակալություն հայտնելով աշխատանքային այցի համար՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորել է երկուստեք փոխգործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:ՉԺՀ դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնելով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ նկատել է, որ առողջ և կայուն կերպով զարգացող երկուստեք հարաբերությունները նոր նախաձեռնությունների լավ հնարավորություն են: «Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կլինի երկարատև, որպեսզի մենք ավելի շատ տեխնիկա, այս դեպքում ավտոբուսներ բերենք Երևան: Այս ավտոբուսները շահագործվում են նաև Չինաստանում, որևէ տարբերություն չկա թե՛ գունային առումով, թե՛ կառավարման տեսանկյունից, կարծում եմ՝ շատ հարմար են: Համագործակցության ընդլայնման մեր պատրաստակամությունը հայտնեցի պարոն քաղաքապետին, որպեսզի հետագայում նոր տեխնիկա կարողանանք բերել Հայաստան, Երևան, որպեսզի բնակիչների կյանքն ավելի հեշտացնենք և հարմարավետ դարձնենք»,- նշել է դեսպանը: Դեսպան Ֆան Յոնգին ներկայացնելով տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ տարբեր ուղղություններով ցուցաբերվելու է համալիր մոտեցում: «Երթևեկության կազմակերպումը, լուսացույցների սպասարկումը, որպես պատվիրակված լիազորություն, անցնելու է Երևան համայնքին, այս պահի դրությամբ քննարկում ենք որպեսզի նաև խելացի լուսացույցներ ունենանք Երևանում: Միայն ավտոբուսների ձեռքբերմամբ հնարավոր չէ տրանսպորտի հարցը լուծել մայրաքաղաքում, և այդ համատեքստում մենք ունենալու ենք նաև կառավարման կենտրոն, որը հնարավորություն է տալու ժամանակակից միջոցներով վերահսկողություն իրականացնել հանրային տրանսպորտի նկատմամբ, որպեսզի ավելի մատչելի և հասանելի դարձնենք քաղաքացիների սպասարկումն ու կարողանանք որակյալ ծառայություններ մատուցել»,-նշել է քաղաքապետը:
17:18 - 29 դեկտեմբերի, 2021
ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում |azatutyun.am|

ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում |azatutyun.am|

azatutyun.am: Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) աշխատակիցներն այսօրվանից ուսումնասիրություններ են սկսել Երևանի քաղաքապետարանում։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանը հաստատեց «Ազատության» այս տեղեկությունը։ Վարչապետին առընթեր մարմին հանդիսացող ՊՎԾ-ի լիազորությունների տիրույթում է պետական կառավարման մարմիններում ուսումնասիրություններ իրականացնելը՝ պետական միջոցների ծախսման արդյունավետությունը պարզելու համար։ Նախորդ շաբաթ, երբ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկության էր դրել քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը, Հայկ Մարությանը ծավալուն ելույթ ունեցավ՝ հայտարարություններ ու մեղադրանքներ հնչեցնելով իշխող ուժի հասցեին: Ի թիվս այլ հայտարարությունների՝ Մարությանը նշել էր, թե տարբեր պաշտոնյաներ են իրեն դիմել անօրինական շինություններ օրինականացնելու հարցերով ու մերժում ստացել։
16:16 - 29 դեկտեմբերի, 2021
Երևանին նվիրաբերվել է 75 հատ քարե նստարան, 135 աղբաման և 60 մոխրաման |armenpress.am|

Երևանին նվիրաբերվել է 75 հատ քարե նստարան, 135 աղբաման և 60 մոխրաման |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքին նվիրաբերվել է 75 հատ քարե նստարան, 135 աղբաման և 60 հատ մոխրաման: Դրանք տեղադրվել են Երևան քաղաքի Սարյան պուրակում, Օղակաձև զբոսայգում, Վարդան Մամիկոնյանի հուշարձանի շրջակայքում: «Ալեքս էնդ հոլդինգ» և «Նոյ ինվեստ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները ցանկություն են հայտնել օժանդակել Երևան համայնքի բնակչության համար բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը և առաջարկել են Երևան քաղաքի Սարյան պուրակում, Օղակաձև զբոսայգում, Վարդան Մամիկոնյանի հուշարձանի շրջակայքում, Երևանի Թևոսյան փողոցում գտնվող էլեկտրատրատրանսպորտային հավաքակայանի տարածքում իրենց միջոցների հաշվին և իրենց նյութերով իրականացնել նստարանների, աղբամանների տեղադրման աշխատանքներ և այդ աշխատանքների արդյունքը (գույքի բարելավումները) որպես նվիրաբերություն, սեփականության իրավունքով փոխանցել Երևան համայնքին: «Ռենշին» և «Բրենդ Քոմփյութրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված որոշակի գործառույթներ Երևան քաղաքապետարանի աշխատակազմի կողմից առավել որակով և լայն հնարավորություններ ունեցող համակարգչային տեխնիկայով իրականացնելու համար, ցանկություն են հայտնել Երևան համայնքին նվիրել համակարգչային տեխնիկա և այլ գույք:
14:48 - 28 դեկտեմբերի, 2021
Հաստատվեց Երևան քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագիրը |armenpress.am|

Հաստատվեց Երևան քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանին հաստատեց Երևան քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագիրը: Երևան քաղաքի զարգացման 2022 թվականին ծրագրում ներկայացված է 25 հիմնախնդիր և առաջնահերթություն: Երևանի զարգացման 2022 թվականի ծրագիրը նպատակ ունի ապահովել բնակչության կենսական շահերը և բարեկեցությունը՝ երաշխավորելով երևանցիների կյանքի որակի բարելավումը։ Երևանը պետք է լինի մաքուր, կանաչ ու բարեկարգ, աշխատանքի և կարգուկանոնի, հարմարավետ, ավանդույթների և ապագայի քաղաք, որտեղ ապահովված կլինի հասարակության յուրաքանչյուր անդամի անվտանգ և արժանավայել կյանքը, ինքնաարտահայտման հնարավորությունը, բավարարված կլինեն սոցիալական ապահովության կարիք ունեցող քաղաքացիների նվազագույն անհրաժեշտ կարիքները։ Զարգացման ծրագրի իրականացման գրավականը հանդիսանում է քաղաքացիների վստահությունը վայելող և արդյունավետ գործող քաղաքային իշխանությունը, ինչպես նաև Երևանի ավագանին, որոնք հիմնված են՝ հարգելու իրավունքները և ազատությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանն ակտիվ երկխոսության միջոցով կառավարման գործընթացներին մասնակից դարձնելը։ Ծրագիրը ներկայացնում է Երևան քաղաքի ընդհանուր վիճակի բնութագիրը, քաղաքային տնտեսության առանձին բնագավառներում և վարչական շրջաններում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև 2022 թվականին նախատեսված միջոցառումները՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2018- 2023թթ. հնգամյա ծրագիրը: Ծրագրին մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
13:37 - 28 դեկտեմբերի, 2021
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի տրանսպորտային ցանցի վերաբերյալ տվյալներում կան անճշտություններ և մանիպուլյատիվ տեղեկություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի տրանսպորտային ցանցի վերաբերյալ տվյալներում կան անճշտություններ և մանիպուլյատիվ տեղեկություններ

Վերջին օրերին քննարկումների առիթ էր դարձել ինչպես քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը, այնպես էլ քաղաքապետարանի ձեռք բերած և ձեռք բերվելիք ավտոբուսների խնդիրը։ Վերջինիս վերաբերյալ եղան տարատեսակ մեկնաբանություններ, մասնավորապես թե ինչ միջոցներով են ձեռք բերվում ավտոբուսները, քանի հատ պետք է ձեռք բերվեն, տրանսպորտային ցանցի քանի տոկոսն է թարմացվում և այլն։ Եղան նույնիսկ երկկողմանի մանիպուլյացիաներ, ինչին Ինֆոքոմն անդրադարձել է առանձին հրապարակմամբ։ Սակայն քաղաքապետարանի կայքի «Տրանսպորտ» բաժնում դեռևս շարունակում են մնալ տեղեկություններ, որոնք ճիշտ չեն կամ մասամբ են ճիշտ։ Այս բաժնի «Երթուղային ցանց» ենթաբաժնում նշված է․ ««Դաբլյու Վայ Ջի Ինտերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել է Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանց, որի ներդրման գործընթացի շրջանակներում նախատեսվել է Երևան համայնքի միջոցներով ձեռք բերել և մայրաքաղաք ներկրել նոր փոքր և միջին դասի քաղաքային ավտոբուսներ: Փոքր դասի ավտոբուսների ողջ խմբաքանակը (100 հատ) ներկրվել է մայրաքաղաք»։ «Ավտոբուսային փոխադրումներ» ենթաբաժնում էլ նշված է․ «Ավտոբուսային հավաքակազմը համալրելու նպատակով 2012-2021 թթ․ մայրաքաղաք է ներկրվել տարբեր մակնիշների թվով 472 նոր ավտոբուս (վերջին խմբաքանակը 2020-2021թթ․՝ «Գազել Սիթի» մակնիշի՝ 100 հատ)»։ Այսպես, քաղաքապետարանի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ WYG ընկերության հետազոտության արդյունքում նախատեսվել է գնել փոքր և միջին չափի ավտոբուսներ, ինչն էլ, ըստ քաղաքապետարանի, արվում է։ Սակայն Ընկերության ներկայացրած հաշվետվություններից պարզ է դառնում, որ իրականում փոքր դասի ավտոբուսների մասին ոչ մի խոսք չկա։  Ըստ հաշվետվության՝ առաջարկվել է ձեռք բերել 3 տեսակի ավտոբուսներ։ Առաջինը միակցված ավտոբուսն է, որի երկարությունը 18 մետր է, տեղատարողությունը՝ 150 ուղևոր։ Սա նախատեսվել է բարձր թողունակությամբ հիմնական երթուղիների սպասարկման համար։ Երկրորդը մեծ չափի ավտոբուսն է, որի երկարությունը 12 մետր է, իսկ տեղատարողությունը՝ 90-100 ուղևոր։ Սա նախատեսված է հիմնական որոշ երթուղիների և ծանրաբեռնված սնուցող երթուղիների սպասարկման համար։ Երրորդը միջին չափի ավտոբուսն է, որի երկարությունը 7․5-8․5 մետր է, իսկ տեղատարողությունը՝ 45-55 ուղևոր։ Սա էլ նախատեսված է սնուցող երթուղիների սպասարկման համար։ Բրիտանական ընկերությունը հաշվի է առել նաև նեղ փողոցները․ այնուամենայնիվ, ընկերությունը խորհուրդ չի տալիս միկրոավտոբուսների շահագործումը։ Ըստ հետազոտության՝ որոշ դեպքերում կարող է օգտակար լինել նաև ավելի նեղ ավտոբուսների օգտագործումը: Նորմալ ավտոբուսի լայնությունը 2.5 կամ ավելի մետր է, բայց կան մոտավորապես 2.2 մետր լայնությամբ տրանսպորտային միջոցների ևս: Դրանք հասանելի են տարբեր երկարություններով: Նման տրանսպորտային միջոցների օգտագործումը ավելի նեղ երթուղիներում կարող է հեշտացնել աշխատանքը: WYG ընկերությունը չի առաջարկել փոքր չափի ավտոբուս, հետևաբար անհասկանալի է, թե ինչու է քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշված, թե ընկերության հետազոտության արդյունքում նախատեսվել է ձեռք բերել փոքր և միջին դասի ավտոբուսներ, որոնցից փոքրերը, ըստ իրենց, արդեն ձեռք են բերվել։ Սակայն քաղաքապետարանի նշած տեղեկության մեջ այլ անճշտություն էլ կա։ Համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ ավտոբուսը ավտոմոբիլ է, որի նստատեղերի քանակը՝ բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է 18-ը։ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը՝ առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս։ Քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսների նստատեղերի քանակը 17 է։ Այս մասին նշվում է նաև քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում։ Բացի դրանից, քաղաքապետարանի ներկայացրած չափորոշիչներով (կարող եք տեսնել հավելված 6-ում) ավտոբուսի երկարությունը 6․6 մետր է, սակայն բրիտանական ընկերության առաջարկում ամենափոքր չափի տրանսպորտային միջոցի երկարությունը նշված է 7․5-8․5 մետր։  Այսինքն՝ ՀՀ օրենսդրության համաձայն ձեռք են բերվել միկրոավտոբուսներ։ Քաղաքապետարանի կայքում հատուկ տեղ է հատկացված միկրոավտոբուսներին, որտեղ նշված է, որ մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկման իրականացումը միկրոավտոբուսներով անընդունելի է, հետևաբար միկրոավտոբուսների փոխարինումը ավտոբուսներով այլընտրանք չունի։ WYG ընկերության վերջին հաշվետվությունը եղել է 2019 թվականի հունվարի 30-ին։ Այս հաշվետվությամբ տվյալներ են եղել նաև  Երևանի ավտոբուսների հավաքակազմի վերաբերյալ։ Սակայն հաշվետվությամբ նշված և քաղաքապետարանի կայքում առկա տվյալներում դարձյալ կան անճշտություններ։ Քաղաքապետարանի կայքի այժմյան տվյալներով՝ ավտոբուսային հավաքակազմում առկա է 525 ավտոբուս, սակայն սա կարող է չհամապատասխանել ընկերության ուսումնասիրության տվյալներին, քանի որ վերջին հաշվետվությունից հետո, գուցե, հավաքակազմում փոփոխված լինեն ավտոբուսների թվաքանակները։ Սակայն ինտերնետային արխիվի միջոցով դիտարկեցինք քաղաքապետարանի էջի տվյալները 2019 թվականի փետրվարի 3-ի դրությամբ՝ վերջին հաշվետվությունից 4 օր անց։ Դիտարկման արդյունքում պարզ դարձավ, որ այն ժամանակ էլ նշված տվյալները չեն համապատասխանել ընկերության հաշվետվության մեջ առկա տվյալներին։ Քաղաքապետարանի էջում նշված է եղել, որ մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում եղել է 667 ավտոբուս, իսկ բրիտանական ընկերության վերջին հաշվետվությամբ՝ շահագործվող ավտոբուսները 522-ն են, իսկ ընդհանուր՝ 576։ Հետևաբար հնարավոր է, որ  կայքում նշված տվյալներում և իրականում հիմա էլ լինեն անհամապատասխանություններ։ Այսպիսով՝ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի՝ Երևանի տրանսպորտային ցանցի վերաբերյալ տվյալներում կան անճշտություններ և մանիպուլյատիվ տեղեկություններ։ Նարեկ Մարտիրոսյան
21:43 - 25 դեկտեմբերի, 2021
Հրաչյա Սարգսյանը խոստանում է շարունակել բարեփոխումները Երևանի տրանսպորտի ոլորտում |armenpress.am|

Հրաչյա Սարգսյանը խոստանում է շարունակել բարեփոխումները Երևանի տրանսպորտի ոլորտում |armenpress.am|

armenpress.am: Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խոստանում է շարունակել այն բարեփոխումները, որոնք արդեն իսկ սկսվել են քաղաքի կառավարման գործում: Այդ մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: «Մենք սկսել ենք տրանսպորտի բարեփոխումները: Իմ համար սա կարևոր է, քանի որ ես անձամբ եմ ղեկավարել տրանսպորտի բարեփոխման ծրագիրը: Խոսքը միայն ավտոբուսների ձեռքբերման մասին չէ, այլ երթևեկության ճիշտ կազմակերպման, նոր պարկերի, նոր ճանապարհների կառուցման մասին է: Մենք արդեն ունենք նախագծեր, որոնց հիմնարկեքը կարծում եմ 2022 թվականին կտանք»,- նշեց Սարգսյանը: Նա հայտնեց, որ հաջորդ տարի ձեռք են բերելու 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ: «Մրցույթն արդեն ընթացքի մեջ է»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ ավելի ուշ մանրամասն կներկայացնի տրանսպորտի բարեփոխումների շուրջ իրենց անելիքները:
12:43 - 25 դեկտեմբերի, 2021
Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով Երևանի ավագանին քաղաքական կամք ցուցադրեց ՀՀ-ում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին․ Փաշինյան

Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով Երևանի ավագանին քաղաքական կամք ցուցադրեց ՀՀ-ում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին․ Փաշինյան

Շարունակելու ենք աջակցել Երևանին և Երևանի քաղաքապետարանին, քաղաքապետին, ավագանուն՝ իրականացնելու այն ծրագրերը, որ մենք միասին ձևակերպել ենք 2017, 2018 թվականներին։ Այս մասին Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմանակալության արարողության ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ հաջողություններ մաղթել քաղաքապետին  և Երևանի ավագանուն այս կարևորագույն շրջանում նախանշված ծրագրերը իրագործելու համար։ Ուզում եմ շնորհավորել նաև Երևանի ավագանուն, որովհետև իմ համոզմունքը այն է, որ մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը պետական ինստիտուտների կայացումն է, և վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց ՀՀ-ում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին։ Ի վերջո, եկեք արձանագրենք, որ այսօր արդեն ՀՀ 4000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր համայնքներում տեղի են ունենում համամասնական ընտրություններ, ինչը ենթադրում է քաղաքի կառավարման, համայնքի կառավարման նոր մոդել, որը, ըստ էության, համապատասխան է նաև երկրի կառավարման մոդելին և մենք պետք է արձանագրենք, որ այս նոր մոդելը, այո, իր արդյունավետությունը ցուցադրել է նաև Երևանի, նաև Գյումրիի, նաև Վանաձորի կառավարման առումով»։ Փաշինյանն ասաց՝ այն ծրագիրը, որը 2018 թ․-ից իրագործվում է Երևան քաղաքում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը մեծամասամբ բխում է «Ելք» դաշինքի ավագանու ընտրությունների 2017 թ․-ի ծրագրից․ «Այն զարգացման ուղղությունները, որ այսօր իրականացվում է Երևան քաղաքում, ահա իրականացվել են քաղաքական որոշումների արդյունքում, որովհետև դեռ 2018 թ․-ին, երբ Երևանի ավագանու ընտրություններ էին տեղի ունենում հեղափոխությունից անմիջապես հետո, մեր կարևորագույն տեսլականը և արձանագարումը եղել է այն, որ ընտրություններից հետո պետք է իրականացվի այն նախընտրական ծրագիրը, և այն նախընտրական ծրագրի հիմնադրույթները, որոնք դեռևս 2018 թ․-ին «Ելք» դաշինքը դրել է Երևանի ընտրողների առաջ և ավելի քան 20% ձայն է ստացել»։ Վարչապետը նաև նշեց, որ կառավարությունը այս ընթացքում էական և շոշափելի աջակցություն է ցուցաբերել Երևանի քաղաքապետարանին։ «2018 թ․-ից ի վեր շուրջ 50 միլիարդ դրամի ֆինանսական տարբեր գործիքներով կառավարությունը հատկացումներ է արել Երևանի քաղաքապետարանին։ Ընդ որում, ես ուզում եմ շատ կարևոր մի արձանագրում անել․ ոչ այն պատճառով, որ Երևանի ավագանիում մեր քաղաքական թիմը ունեցել է մեծամասնություն, եթե «Ելք» դաշինքն էլ հաշվենք, ավելի լայն մեծամասնություն, այլ որովհետև մենք կարևոր ենք համարել ինստիտուցիոնալ կառավարումը»։ Փաշինյանը նաև մի հանգամանքի անդրադարձավ․ «Վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններում այնտեղ, որտեղ գործող քաղաքապետերը մասնակցել են ընտրություններին, մեծ մասում գործող քաղաքապետերը հաղթել են։ Սա ամենևին պատահական չէ։ Դեռևս մի քանի տարի քաղաքական վերլուծաբանները և տեսաբանները ասում էին, որ կառավարությունը գործում է ինքը իր դեմ կամ քաղաքական մեծամասնությունը։ Ինչ նկատի ունեին։ Մենք, ըստ էության, 2018 թ․-ից ի վեր եթե Երևանն էլ ներառենք, շուրջ 350 միլիոն դոլարի ներարկումներ ենք արել տեղական ինքակառավարման մարմիններին և մենք ստեղծել ենք համակարգ, որը պարտադրաբար համայնքների ղեկավարներին դնում է ընտրողին հանդիման, քաղաքացուն հանդիման, ժողովրդին հանդիման, և մենք դա արել ենք երկու գործիքով»։ Նրա խոսքով՝ այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի նախ գիտի, որ ընտրությունների արդյունքները ՀՀ-ում չեն կեղծվում․ «Երկրորդը, մենք սուբվենցիոն համակարգերի ներդրմամբ  հստակ ուղերձ ենք հղել ՏԻՄ-երին, որ չի լինելու ՏԻՄ-երի, այսինքն՝ համայնքերի զարգացմանը իրոք նպաստող մի ծրագիր, որը կառավարության կողմից կմերժվի, և այդ սկզբունքը մենք պահել ենք, պահում ենք ու պահելու ենք»։ Նա նաև նշեց, որ համայնքների ավագանու նոր ընտրակարգ ամբողջ հանրապետության տարածքում ներդնելով համայնքների գործող ղեկավարներին ավելի մոտիկ են դարձրել իժողովրդին․ «Ավագանու անդամները, ըստ էության, դա հանրային, հասարակական գործունեության տեսակ է, որի նշանակությունը քաղաքացու և քաղաքապետի կապը ապահովելն է։ Ավագանու, ժողովրդի և համայնքի ղեկավարի խզումը ուղղակի ինստիտուցիոնալ առումով անհամատեղելի է։ Եվ ես այս ինստիտուցիոնալ կայացումը շատ կարևոր եմ համարում, և մենք, այո, պետք է շարունակենք պետական ինստիտուտների կայացման այս քաղաքականությունը, որովհետև հենց ինստիտուտների կայացումն է, որ պիտի երաշխավորի ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների հետագա և բնականոն զարգացումը։ Մենք շարունակելու ենք աջակցել համայնքներին, մենք շարունակելու ենք աջակցել Երևանին և Երևանի քաղաքապետարանին, քաղաքապետին, ավագանուն՝ իրականացնելու այն ծրագրերը, որ մենք միասին ձևակերպել ենք 2017, 2018  թվականներին»։
12:37 - 25 դեկտեմբերի, 2021
Հրաչյա Սարգսյանը երդվեց գործել ի բարօրություն Երևանի բնակիչների

Հրաչյա Սարգսյանը երդվեց գործել ի բարօրություն Երևանի բնակիչների

Երևանի քաղաքապետարանում քիչ առաջ Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երդմամբ ստանձնեց քաղաքապետի լիազորությունները․ «Ստանձնելով ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը երդվում եմ Երևանի քաղաքապետի լիազորությունները իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազրությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրոմով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»։ Այնուհետև Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար․ «Մեծ պատասխանատվություն է ստանձնել ավելի քան 2800-ամյա քաղաքի՝ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Մեր առջև ծառացած են բազում խնդիրներ, որոնք արդյունավետ և հիմնարար լուծումների կարիք ունեն, և որոնց ճշգրիտ լուծումներից է կախված մեր մայրաքաղաք Երևանի հետագա կայուն զարգացումը։ 2018 թ․-ի ընտրություններից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել, որոնք թիմային աշխատանքի արդյունք են, և մեր նպատակն է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա՝ համագործակցելով նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» ընդդիմադիր խմբակցությունների հետ՝ իրագործել հավակնոտ, բայցև իրատեսական ծրագրերը։ Քաղաքաի կառավարումը և ենթակառուցվածքների զարգացումը համակարգային մոտեցման անհրաժեշտություն ունի և պետք է հիմնված լինի արդյունավետ կառավարման, նորարարական մոտեցումների և ամենօրյա նվիրված աշխատանքի վրա»։ Սարգսյանը կարևորեց  ներդաշնակ և արդյունավետ համագործակցությունը քաղաքական և գործադիր ինստիտուտների միջև․ «Լիահույս եմ և ակնկալում եմ ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական և հասարակական կառույցների կողմից աջակցությունը Երևանի զարգացման ուղղված խնդիրների լուծման հարցում։ Եվ ամենակարևորը, ակնկալում եմ երևանցիների, ՀՀ այլ համայնքների բնակիչների, Արցախի Հանրապետության, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը՝ մեր բոլորի մայրաքաղաք Երևանի զարգացման գործում»։
11:45 - 25 դեկտեմբերի, 2021