ԿԸՀ նախագահը չի կարծում, որ ոչ բոլոր ընտրողներին ծանուցում ուղարկելն ազդել է ընտրությունների արդյունքների վրա
21:42 - 17 սեպտեմբերի, 2023

ԿԸՀ նախագահը չի կարծում, որ ոչ բոլոր ընտրողներին ծանուցում ուղարկելն ազդել է ընտրությունների արդյունքների վրա

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, թե արդյոք խախտո՞ւմ է այն, որ ոչ բոլոր ընտրողներն են ծանուցվել քվեարկության տեղի, ժամի վերաբերյալ։

«Կա՞ն նախնական տվյալներ, թե քանի քաղաքացի չի ծանուցվել, ի՞նչ եք կարծում, արդյոք նաև սա՞ է պատճառը, որ համեմատաբար պասիվ են եղել այս ընտրությունները»,- հետաքրքրվեց լրագրողը։

ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ տեղյակ է ծանուցման խնդրին։

«Ինչպես գիտեք, ծանուցման գործընթացը կազմակերպում է ՆԳՆ-ն՝ «Հայփոստ» ընկերության միջոցով։ Ողջ օրը մեր թեժ գծերը քաղաքացիներին անընդհատ իրազեկել են, պարզաբանումներ են տրամադրել, այսինքն՝ այստեղ խնդիր լինել չէր կարող։ Ավելին՝ ԿԸՀ կայքում ինտերակտիվ քարտեզով տեղամասերի հասցեները, ողջ տվյալները տեղադրված են, ընտրողը հա՛մ իր տվյալները կարող է հայտնաբերել, հա՛մ իր տեղամասի տվյալները։ ՆԳՆ մեր գործընկերները պետք է որ «Հայփոստից» ստանան ծանուցում, թե քանի ծանուցում չի առաքվել, որպեսզի բյուջեից վճարումը լինի ըստ այդմ։ Եթե մենք ունենք փաստ, որ ծանուցումը ֆիզիկապես չի առաքվել, պետք է պարզենք, որպեսզի չմատուցված ծառայության համար պետությունը չվճարի»,- ասաց Վահագն Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահն ասաց՝ ինքը չի համարում, որ գործ ունենք մի գործընթացի հետ, որը կարող էր ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա․ «Բայց գործ ունենք նրա հետ, որ պետության պատվիրած ծառայությունը չի մատուցվել, բողոքներ կան, և էդ բողոքների գնահատակը պիտի տրվի»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել