Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Տարածաշրջանի հոգևոր առաջնորդների կողմից ևս ջանքեր են ներդրվում Արցախյան հակամարտության հանգուցալուծման և ազգերի միջև խաղաղության հաստատման գործում. Ամենայն հայոց կաթողիկոս

Տարածաշրջանի հոգևոր առաջնորդների կողմից ևս ջանքեր են ներդրվում Արցախյան հակամարտության հանգուցալուծման և ազգերի միջև խաղաղության հաստատման գործում. Ամենայն հայոց կաթողիկոս

Դեկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան կապերի ու մշակույթի կազմակերպության համատեղ կազմակերպած «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի բանախոսներին և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը, գոհունակություն հայտնելով համաժողովի կազմակերպման առիթով, ընդգծեց, որ նմանօրինակ համաժողովներն ու միջկրոնական երկխոսություններն իրենց նպաստն են բերում ազգերի միջև խաղաղության հաստատման ու ամրապնդման միջավայրի ձևավորմանը։ Վերջինիս վառ վկայություն Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց երկու հարևան ժողովուրդների համերաշխ գոյակցության և փոխհարաբերությունների բազմադարյա պատմական փորձը։ Հանդիպմանն անդրադառնալով աշխարհում տիրող բարդ իրավիճակին և առկա հակամարտություններին՝ Հայոց Հովվապետը հորդորեց ականջալուր լինել խաղաղության կոչին, որը հնչելու է բոլոր քրիստոնեկան Եկեղեցիների խորաններից առաջիկա Սուրբ Ծննդյան տոնին․ «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղութուն և հաճութո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ․ Գ,14․)։ Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց  նաև արցախյան հակամարտությանը՝ տեղեկացնելով, որ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների կողմից ևս ջանքեր են ներդրվում հակամարտության հանգուցալուծման և ազգերի միջև խաղաղության հաստատման գործում։ Իր հերթին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վստահություն հայտնեց, որ միջկրոնական երկխոսությունը կարող է ամուր կամուրջ հանդիսանալ տարբեր ոլորտներում ազգերի փոխգործակցային հարաբերությունների զարգացման համար։ Վերջում Նորին Սրբությունը, իր գնահատանքը բերելով համաժողովի բանախոսներին, բարի և արդյունավոր ընթացք մաղթեց համաժողովի աշխատանքներին։
17:28 - 26 դեկտեմբերի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախի պատվիրակության հետ քննարկել է Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի հաղթահարման քայլերը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախի պատվիրակության հետ քննարկել է Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի հաղթահարման քայլերը

Սուրբ Գայանե վանքում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեկտեմբերի 25-ին կատարվել է խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի։ Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, արարողությանը ներկա է եղել Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ միասին աղոթք է վերառաքել առ Աստված՝ Հայաստանի և Արցախի խաղաղության և համայն հայ ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։ «Հավարտ արարողության՝ Արցախի պատվիրակությանն ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հանդիպմանը պատվիրակության անդամները Հայոց Հայրապետին մանրամասներ ներկայացրեցին Արցախում, մասնավորաբար Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղված իրավիճակի առնչությամբ, ինչը հանգեցրել է արցախցիների կենսական իրավունքների ոտնահարմանը և արցախահայությանը կանգնեցրել հումանիտար աղետի առաջ։ Դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ զրուցկիցները քննարկեցին իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առնչությամբ կարևորելով համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի, Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին շարունակելու է ջանքեր գործադրել հնարավոր աջակցություն ու զորակցություն ապահովելու Արցախին և արցախահայությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Հայոց Հայրապետը տեղեկացրել է նաև, որ բոլոր եկեղեցիներում, հընթացս կիրակնօրյա Սուրբ Պատարագների, կկատարվի խաղաղության աղոթք հանուն Արցախի։
21:13 - 25 դեկտեմբերի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի պատվիրակությանը

Նոյեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման  և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։ Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-ռուսական բարեկամությունն ու փոխհարաբերություններն ունեն բազմադարյա հարուստ պատմություն։ Նորին Սրբությունն անհրաժեշտ նկատեց պետական այրերի, հասարակական և մշակութային գործիչների նման փոխադարձ այցերը ՝ ի նպաստ երկու երկրների գործակցության և ժողովուրդների եղբայրության ամրապնդման։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց ՌԴ Պետդումայի պատվիրակության ժամանումը Հայաստանի և Արցախի համար դժվարին այս շրջանում` անդրադառնալով մասնավորաբար 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և հետպատերազմյան մարտահրավերներին։ Այս կապակցությամբ Հայոց Հայրապետը երախտագիտությամբ արձանագրեց բարեկամ Ռուսաստանի, անձամբ ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից ներդրվող ջանքերը ի խնդիր հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման։ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այդ ջանքերը կնպաստեն Արցախի մեր ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի ապահովվմանը, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրս բերմանը, Ադրբեջանում պահվող գերիների ու քաղաքացիական անձանց ազատ արձակմանը և զոհված հայորդիների մամինների վերադարձին։ Հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց նաև երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ ու եղբայրական հարաբերություններին և գործակցությանը։ Պարոն Կազբեկ Տայսաևն իր հերթին անդրադարձավ այցի արդյունքներին` ընդգծելով, որ այցի ընթացքում կարևոր աշխատանքներ են տարվել երկու երկրների միջև առկա բարեկամական և դաշնակցային հարաբերությունները առավել զորացնելու ուղղությամբ։ Վերջինս հաստատեց, որ պատվիրակությունն իր կարելին պիտի անի` նպաստելու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված երկու ժողովուրդների խաղաղ ու բարօր կյանքի համար։
09:59 - 14 նոյեմբերի, 2022
Գարեգին Երկրորդը հույս է հայտնել, որ ՌԴ-ի ջանքերը կնպաստեն Արցախի ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի ապահովմանը

Գարեգին Երկրորդը հույս է հայտնել, որ ՌԴ-ի ջանքերը կնպաստեն Արցախի ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի ապահովմանը

Նոյեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:    Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-ռուսական բարեկամությունն ու փոխհարաբերություններն ունեն բազմադարյա հարուստ պատմություն։ Նորին Սրբությունն անհրաժեշտ է նկատել պետական այրերի, հասարակական և մշակութային գործիչների նման փոխադարձ այցերը ՝ ի նպաստ երկու երկրների գործակցության և ժողովուրդների եղբայրության ամրապնդման։   Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ՌԴ Պետդումայի պատվիրակության ժամանումը Հայաստանի և Արցախի համար դժվարին այս շրջանում` անդրադառնալով մասնավորաբար 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և հետպատերազմյան մարտահրավերներին։ Այս կապակցությամբ Հայոց Հայրապետը երախտագիտությամբ արձանագրել է բարեկամ Ռուսաստանի, անձամբ ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից ներդրվող ջանքերը ի խնդիր հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման։   Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ այդ ջանքերը կնպաստեն Արցախի ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի ապահովմանը, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը, Ադրբեջանում պահվող գերիների ու քաղաքացիական անձանց ազատ արձակմանը և զոհված հայորդիների մամինների վերադարձին։ Հանդիպմանը մասնավոր անդրադարձ է կատարվել նաև երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ ու եղբայրական հարաբերություններին և գործակցությանը։   Կազբեկ Տայսաևն իր հերթին անդրադարձել է այցի արդյունքներին` ընդգծելով, որ այցի ընթացքում կարևոր աշխատանքներ են տարվել երկու երկրների միջև առկա բարեկամական և դաշնակցային հարաբերությունները առավել զորացնելու ուղղությամբ։ Վերջինս հաստատել է, որ պատվիրակությունն իր կարելին պիտի անի` նպաստելու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։   Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք է բարձրացրել առ Աստված երկու ժողովուրդների խաղաղ ու բարօր կյանքի համար։
17:16 - 12 նոյեմբերի, 2022
Այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, պիտի զինվենք քաջությամբ, որպեսզի պաշտպան լինենք սրբազան հողին․ Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Ջերմուկ

Այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, պիտի զինվենք քաջությամբ, որպեսզի պաշտպան լինենք սրբազան հողին․ Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Ջերմուկ

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Վայոց Ձորի Ջերմուկ քաղաք։ Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանը։Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած շքախմբին Ջերմուկ քաղաքի մուտքի մոտ դիմավորեցին Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։ Այնուհետև Նորին Սրբությունը հոգևոր դասի և մարզային ու քաղաքային իշխանությունների հետ միասին մեկնեց Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ Հայոց Հայրապետին դիմավորեցին քաղաքի բնակիչները և զինվորականները։ «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով հավատավոր ժողովրդին, մուտք գործեց տաճար, ուր սաղմոսերգությունից և աղոթքից հետո կատարվեց Խաղաղության մաղթանք Հայաստանի, Արցախի և հայրենյաց սահմանների անսասանության ու հայ ժողովրդի անվտանգ, խաղաղ և բարօր կյանքի համար։ Աղոթք բարձրացվեց նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար։ Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկա ժողովրդին։ «Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ և աղոթքով հայցում Երկնավորից, որ այս դժվարին պահին օգնական լինի նեղություններին դիմագրավող հայորդիներիդ։ Առաջին անգամը չէ, որ այցելում ենք մեր երկրի այս գողտրիկ անկյունը: Ջերմուկում եղել ենք բազմաթիվ առիթներով, հմայվել այս բնաշխարհի շքեղությամբ և վայելել այստեղի ժողովրդի հոգու ջերմությունն ու հյուրընկալությունը: Ջերմուկն իր բուժիչ ջրերով և գեղատեսիլ բնաշխարհով մեր երկրի կարևորագույն այցեքարտերից է և մշտապես եղել է հիվանդությունների բուժման ու տագնապների փարատման օրրան մեր ժողովրդի և բյուրավոր այցելուների համար: Այսօր Ջերմուկն ինքը կարիքն ունի ապաքինման ու վշտերի թոթափման»,–ասաց Հայոց Հայրապետը։ Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակմանը՝ Նորին Սրբությունն իր սրտակցությունը բերեց մեր ժողովրդի սգավոր և վշտացյալ զավակներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայորդիների, ավերված քաղաքների ու շեների համար, հայցելով, որ Տերն Իր ողորմությամբ հանգստություն պարգևի հայրենիքի համար նահատակված քաջորդիներին, մխիթարություն ու սփոփանք շնորհի զոհվածների ընտանիքներին և կամք ու քաջություն հավատավոր զավակներին, որպեսզի կարողանան դիմակայել հառնած խնդիրներին։ «Տագնապներն ու անհանգստությունները չափազանց շատ են այսօր մեր կյանքում: Մենք մտահոգված ենք մեր հայրենիքի, հարազատ երկրում ապրող մեր ժողովրդի զավակների ներկայով և ապագայով, հատկապես երբ մեր հայացքները ամեն անգամ հանդիպում են անմեղ, բայց արդեն հոգսաշատ դարձած մեր մանուկների աչքերին։ Մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած մտահոգություններից ու անհանգստություններից դրդված՝ որոշ ընտանիքներ հեռանում են երկրից և դառնում գաղթական՝ օտարության մեջ փնտրելով իրենց և իրենց զավակների երջանկությունն ու ապահովությունը։ Մենք եկել ենք այստեղ ասելու, որ այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, մեր հայրենիքը: Պիտի զինվենք քաջությամբ ու տոկունությամբ, որպեսզի պաշտպան լինենք այն սրբազան հողին, ուր ապրել ու արարել են մեր հայրերը և մեր հայրերի հայրերը, ուր նահատակվել են մեր զավակները»,–նշեց Հայոց Հայրապետը։ Ապա հիշատակելով ժողովրդի մեջ տարածված ավանդազրույցը՝ Ջերմուկ աշխարհի վիրավոր եղնիկի մասին, որը որսորդից ստացած ծանր վերքերը ապաքինում է Ջերմուկի բուժիչ ջրերում, Նորին Սրբությունն ընդգծեց․ «Մենք հավատում ենք, որ Ջերմուկի խորհրդապատկերի նմանողությամբ այս գեղատեսիլ քաղաքը, այլև մեր ողջ երկիրը վերստին կապաքինվի իր վերքերից, կվերապրի ողբերգությունները և կհաղթահարի դժվարություններն ու նեղությունները: Եվ մեր ժողովուրդը իր իմաստնությամբ, իր աշխատասիրությամբ, տոկունությամբ ու քաջությամբ պիտի շարունակի կառուցել արժանապատիվ ու ստեղծագործ իր կյանքը, զորացնել երկիր հայրենին և կերտել լուսավոր գալիքը»: Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական գնահատանքը և օրհնությունը փոխանցեց Վայոց Ձորի թեմի հոգևոր սպասավորներին՝ թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատավոր մեր ժողովրդի հավատն ու ոգին ամուր պահելու, Աստծո խոսքով հավատավոր հոտին զորացնելու ու մխիթարելու, սահմանամերձ բնակավայրերում իրենց նվիրյալ ծառայությունը շարունակելու համար։ Հայոց Հովվապետը նաև իր հայրական օրհնությունը բերեց Վայոց Ձորի մարզային և Ջերմուկի քաղաքային իշխանություններին, ովքեր ինչպես պատերազմական դժվարին օրերին, այնպես էլ այսօր բնակիչների հետ ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Վերջում Նորին Սրբությունն աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Ամենակալ Տերը խաղաղություն սփռի համայն աշխարհում, խաղաղության մեջ պահի Հայոց աշխարհն ու ժողովրդին և ամենախնամ Իր Աջի հովանու ներքո զորություն ու ամրություն պարգևի ամենքին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև առանձին հանդիպում ունեցավ Ջերմուկ քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու երիտասարդաց միության անդամների հետ։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ծանոթացավ երիտասարդների եկեղեցանվեր ու հայրենասեր ձեռնարկումներին։ Իր օրհնությունն ու հայրական պատգամը փոխանցելով վերջիններիս՝ հորդորեց, որ հաստատուն մնան առ Աստված սիրո ու հավատքի մեջ, զորեղ պահեն միմյանց հանդեպ քրիստոսապատվեր սերը, շարունակեն ոգու քաջությամբ ու անսասան հավատքով կապված մնալ Մայր Եկեղեցուն և ծառայել Հայրենիքին։ Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաև պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին՝ առնչված Հայ Եկեղեցու երիտասարդական ծրագրերին և առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղված ջանքերին իրենց ներգրավվածությանը։ Այնուհետև հայրապետական պատվիրակությունը համայնքային իշխանությունների ուղեկցությամբ այցելեց Ջերմուկ քաղաքի հիվանդանոց, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց բուժանձնակազմի հետ, ծանոթացավ առկա դժվարություններին։ Փոխանցելով իր օրհնությունը՝ Հայոց Հովվապետը գնահատանք հայտնեց վերջիններիս անձնվեր ծառայության համար, ինչի շնորհիվ ռազմական գործողությունների ընթացքում փրկվեցին բազմաթիվ կյանքեր։ Բուժանձնակազմի հետ զրույցին անդրադարձ կատարվեց տիրող իրավիճակից բխող անհանգստություններին ու առկա խնդիրներին։
14:44 - 07 նոյեմբերի, 2022
Մայր Աթոռում մեկնարկած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կքննարկի նաև իրավիճակն Արցախում և Հայաստանում

Մայր Աթոռում մեկնարկած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կքննարկի նաև իրավիճակն Արցախում և Հայաստանում

Նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 1-ին սկսվել են Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները: Ժողովին, որպես ատենապետ, մասնակցել է Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։   Ինչպես հայտնում ենՄայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ժողովը բացվել է Տերունական աղոթքով, ապա ժողովականները մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ռազմական ագերսիայի հետևանքով զոհված հայորդիների հիշատակը և աղոթել նրանց հոգիների խաղաղության ու հանգստության համար։   «Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Կ. Պոլսո Հայոց Պատրիարքի և սփյուռքյան թեմերից ժամանած հոգևորականների մասնակցությունը ժողովին, իր օրհնությունը և բարեմաղթանքները բերեց Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական ու աշխարհական անդամներին և հրավիրեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին վարելու ժողովի նիստերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։   Ըստ աղբյուրի՝ ժողովին քննարկման առարկա կդառնան հետպատերազմյան շրջանում Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մայր Տաճարի հիմնանորոգման, օծման և մյուռոնօրհնության միջացառումների կազմակերպման ընթացքը։ Օրակարգում ընդգրկված են նաև ազգային, եկեղեցա-վարչական, կազմակերպչական, սոցիալական, եկեղեցիների և սրբավայրերի բարեկարգմանն ու վերանորոգմանը, Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելությանն առնչված հարցեր:
20:50 - 01 նոյեմբերի, 2022
Հույս ունեմ, որ միջազգային կառույցները, այդ թվում՝ Եվրոպայի Խորհուրդը, քայլեր կձեռնարկեն Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների զսպման ուղղությամբ. կաթողիկոսն ընդունել է ԵԽ պատգամավորներին

Հույս ունեմ, որ միջազգային կառույցները, այդ թվում՝ Եվրոպայի Խորհուրդը, քայլեր կձեռնարկեն Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների զսպման ուղղությամբ. կաթողիկոսն ընդունել է ԵԽ պատգամավորներին

Նոյեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրա­գույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի։   Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ԵԽ պատգամավորների այցը Հայաստան տեղի է ունենում հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում, երբ երկրի առջև ծառացած են հետպատերազմյան բազմաթիվ մարտահրավերներ և անվտանգային հարցեր։ Նորին Սրբությունը կարևորեց նման այցելությունները, որոնք նպատակ ունեն ամրապնդելու ու զորացնելու փոխգործակցությունը ԵԽ և Հայաստանի միջև՝ միտված առկա մարտահրավերների հաղթահարմանը։Անդրադառնալով սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին՝ Հայոց Հայրապետը ցավով արձանագրեց, որ հայկական կողմն ունեցել է մարդկային ու տարածքային մեծ կորուստներ։ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության դատապարտման և կանխման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց միջազգային հանրության աջակցությունը՝ հույս հայտնելով, որ բարեկամ երկրները, միջազգային կառույցները, այդ թվում նաև Եվրոպայի Խորհուրդը, հստակ կեցվածք կարտահայտեն ու քայլեր կձեռնարկեն տարածաշրջանն ապակայունացնող Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների զսպման, Արցախի ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքի ապահովման, առ այսօր Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձման ուղղությամբ։     ԵԽ պատգամավորներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին զորակցելու հիշյալ խնդիրների բարձրաձայնման և հաղթահարման գործում։   Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության  ոչնչացման ու յուրացման փաստերին։
19:02 - 01 նոյեմբերի, 2022
Գարեգին Բ-ն ասաց, որ չի մասնակցի պետության կազմակերպած միջոցառմանը, Արամ Ա-ն ասաց՝ միջավայրը տոքսիկ է. Սինանյան
 |news.am|

Գարեգին Բ-ն ասաց, որ չի մասնակցի պետության կազմակերպած միջոցառմանը, Արամ Ա-ն ասաց՝ միջավայրը տոքսիկ է. Սինանյան |news.am|

news.am: Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովի չեն մասնակցելու Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ՀՅԴ-ն, նրանք տարբեր պատճառաբանություններով մերժել են։ Այս մասին Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Հանդիպել եմ երկու կաթողիկոսների հետ ամիսներ առաջ։ Իրենք տարբեր պատճառներով չեն ուզել մասնակցել, սա է իրականությունը։ Գարեգին Բ-ն չէր ուզում, ասում էր, որ պատճառը կառավարության կողմից ոչ բարյացակամ վերաբերմունքն է։ Նաև ասաց, որ չի կարող մասնակցել պետության կազմակերպած միջոցառմանը։ Խոսակցությունը եղել է ամիսներ առաջ։ Արամ Ա-ն ասում էր՝ միջավայրը հեղհեղոկ և տոքսիկ է, ու այս պահին ճիշտ չէ հավաքվել։ Համաձայն չեմ, այսօր օրհասական պահեր է ապրում մեր պետությունը, հենց սա է պահը, որ պետք է հավաքվենք, հանդիպենք, քննարկենք մեր ազգին հուզող հրամայականները։ Երկուսին էլ չեմ կարողացել համոզել։ ՀՅԴ-ի հարցը քաղաքականացված է, իրենք պետք է պատասխանեն, թե ինչու չեն մասնակցում։ Հրավիրել ենք դաշնակցական անհատների»,-ասել է Սինանյանը։ Նա նշեց՝ մյուս ավանդական կուսակցությունները ներկա են լինելու։ Հարցին, թե արդյոք չի ստացվում, որ միասնության փոխարեն ստանում ենք պառակտում, Սինանյանը ասաց, որ միգուցե կատարյալ միասնություն չենք ստանում, բայց ստանում ենք միասնություն:   Լուսանկարը՝ Photolure-ի
10:45 - 26 հոկտեմբերի, 2022
Վեհափառ Հայրապետն ԱՄԷ պատվիրակության հետ քննարկել է Բաքվի վերահսկողության տակ հայտնված հայկական արժեքների ոչնչացման խնդիրը

Վեհափառ Հայրապետն ԱՄԷ պատվիրակության հետ քննարկել է Բաքվի վերահսկողության տակ հայտնված հայկական արժեքների ոչնչացման խնդիրը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը՝ Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ, Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ ալ Մուսալլամի գլխավորությամբ։   Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխհարաբերությունները շարունակական և բարեկամական բնույթ են կրում` արդյունավորվելով տարբեր ոլորտներում նոր ձեռքբերումներով։   Հայոց Հայրապետը նաև անդրադարձել է Հայաստանի հետպատերազմյա ծանր ու դժվարին իրավիճակին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր զորեղ հավատքի շնորհիվ և բարեկամ երկրների աջակցությամբ կկարողանա հաղթահարել առկա մարտահրավերները։   Իր հերթին Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ ալ Մուսալլամը, Հայոց Հովվապետին փոխանցելով Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի շեյխ, դոկտոր Սուլթան բեն Մոհամմադ ալ Կասիմիի ողջույնն ու բարեմաղթանքները, գոհունակությամբ հաստատել է, որ հայ-արաբական կապերն ամուր են` համահունչ դարավոր բարեկամությանը։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային արժեքների ոչնչացման և յուրացման խնդիրը։
22:05 - 19 հոկտեմբերի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Հոկտեմբերի 15-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը՝ գլխավորությամբ խմբի անդամ Շտեֆան Մյուլեր Ալտերմատի։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածննի տեղեկատվական համակարգը։  Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը, Շվեյցարիայի դաշնային պատգամավոր Միշել Մատերը և Հայաստան–Շվեյցարիա խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։ Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-շվեյցարական բարեկամական կապերն ունեն դարերի պատմություն։ Նորին Սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին Հայոց ցեղասպանությունից վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու, նրանց նկատմամբ հոգատար վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու համար։  Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Շվեյցարիայի հայ համայնքը ևս իր ներդրումն է ունեցել երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների հաստատման գործում։  Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային՝ Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ Շվեյցարիան ևս իր ջանքերը կներդնի միջազգային հանրության հետ միասին կանխելու Ադրբեջանի ոտնձգությունները, ինչպես նաև՝ հետևողական քայլեր կձեռնարկի գերության մեջ հայտնված հայորդիների վերադարձման ուղղությամբ։ Իր հերթին Շտեֆան Մյուլեր Ալտերմատը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում ջանքեր են գործադրվում դատապարտելու Ադրբեջանի ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ։
22:07 - 15 հոկտեմբերի, 2022
{Չհաստատված} Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության  |armtimes.com|

{Չհաստատված} Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության |armtimes.com|

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com կայքն այսօր «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ հրապարակում է արել, որտեղ, կայքի ձեւակերպմամբ, ներկայացվում են Ռուսաստանի ցանկություններն ու պահանջները Հայաստանից։ Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ առանց խմբագրման․ «Մեր տարածաշրջանում Ռուսաստանի ցանկությունները տեղավորվում են նրա գլոբալ ցանկությունների շղթայի մեջ և Հայաստանն ու Ղարաբաղը նրա այդ ցանկությունների շղթայի մի օղակն են։ Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։ Գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը։ Վերջին գործիքի կիրառումը պատահական չէ և օգտագործվել է նաև նախկինում, զորօրինակ՝ 2016-ի պատերազմից առաջ և հետո։ Հայաստանը պետք է հնարավորինս խոցելի լինի, որ հնարավորինս պինդ գրկի Ռուսաստանին։ Ղարաբաղի պարագան ևս մտնում է այս տրամաբանության մեջ, որոշակի տարբերությամբ։ Ռուսաստանին պետք է ԼՂ հարցի չլուծում, այսինքն, որ ԼՂ հարցը լինի չլուծված, որպես ազդեցության լծակ թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա։ Այս ցանկությունն է եղել ԼՂ հակամարտության գոտում տասնամյակներ հաստատված ստատուս քվոյի անկյունաքարը և այս անկյունաքարի վրա հիմնվելով է հնարավոր եղել բանակցությունները անվերջ շարունակելու Հայաստանի քաղաքականությունը։ Սա շարունակվել է մինչև 2011 թվականը, որից այսկողմ քայլ-քայլ Ռուսաստանը հանգել է ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտությանը։ Այս եզրակացությանը ՌԴ-ն եկել է ոչ թե այն պատճառով, որ այլևս ուզում է ԼՂ հարցի կարգավորում, այլ որովհետև սկսել է հասկանալ, որ չի կարողանում պահել ստատուս քվոն։ Առանցքային պատճառներից մեկը Թուրքիայի աճող դերն է և Արևմուտքի հետ ՌԴ այլևս անշրջելի բախման ժամանակ Թուրքիայի շատ թե քիչ հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը Ռուսաստանի համար։ Այստեղ է պետք փնտրել 44-օրյա պատերազմի պատճառը։ Նաև այն, որ Արևմուտքի հետ կանխատեսելի կամ պլանավորվող բախման պայմաններում, երբ ակնհայտորեն արևմտյան տրանսպորտային ուղիները պիտի փակվեին, կամ առնվազն կասկածի տակ հայտնվեին, Ռուսաստանի համար չափազանց կարևոր էր Դարդանելի և Բոսֆորի նեղուցների՝ իր համար շատ թե քիչ բնականոն գործունեությունն ապահովելը (հակառակ դեպքում Սև ծովը ՌԴ-ի համար կդառնար սովորական մի լիճ), ինչպես նաև Թուրքիայի միջոցով դեպի Արևմուտք ցամաքային կապի ապահովումը։ ՌԴ-Վրաստան-Թուրքիա երթուղին նոր ցամաքային հոսքերի խնդիրը չէր լուծի․ Աբխազիայի և Հարավային Օսիայի կոնֆլիկտների պատճառով դրանցով անցնող ճանապարհները չէին բացվելու։ Իսկ Վերին Լարսը դեռ մինչև ուկրաինական կոնֆլիկտը աշխատում էր ծանրաբեռնված։ Եվ հետևաբար՝ այս հարցի արդյունավետ լուծման միջոցը Հայաստան-Ադրբեջան առանցքի օգտագործումն էր լինելու։ Այս է պատճառը, որ ԼՂ հարցի Լավրովյան պլանը նախատեսում էր հարավային շրջանների հանձնում Ադրբեջանին, որ Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու և ավտոճանապարհների երթուղին ազատվեր խոչընդոտներից։ Այս իմաստով՝ չնայած հրապարակային հայտարարություններին, Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո։ Էականը վերջին գործոնն է, որովհետև ավտոճանապարհ Իրանի տարածքով էլ կա։ Երկաթուղի՝ Իրանով էլ կարելի է կառուցել։ Ուկրաինայում գործերի ոչ այնքան հաջող ընթացքը ըստ էության ավելի է սրել 2011-ից հետո հաստատված այն վիճակը, որ Ռուսաստանը դժվարանում է հիմա արդեն 2020 թվականից հետո հաստատված ստատուս քվոյի երաշխավորը լինել․ Խծաբերդն ու Փառուխը դրա վառ վկայությունն են։ Թուրքիայի և Ադրբեջանի դերը ավելի է մեծացել և հիմա Ադրբեջանը կարող է դառնալ ՌԴ-ից ԵՄ գազի և նավթի արտահանման հարթակ»։ Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 3-ին armtimes.com կայքը հրապարակել էր «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հոդված, որտեղ, կայքի ձեւակերպմամբ, ներկայացվում են Ադրբեջանի հինգ հիմնական պահանջները Հայաստանից։ Հոդվածին անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով․ «Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը»։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ հայտնել է․ «Անանուն աղբյուրներին հղումներ պարունակող հոդվածներ չեմ մեկնաբանում, որքան էլ դա հրապարակված լինի որևէ պաշտոնյայի ընտանեկան թերթում»:
12:03 - 04 հոկտեմբերի, 2022
Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ

Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Եսայի քահանա Արթենյանը: «Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը»,- նշել է նա: Ավելի վաղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել էր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված՝ Ադրբեջանի պահանջների մասին նյութին, որտեղ նշել էր. «Իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը: Ի դեպ, ՀՀ Առաջին նախագահը հարկ է համարում նաև ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»:
11:31 - 04 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի ագրեսիան կանխելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության կողմից խիստ դատապարտումը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ադրբեջանի ագրեսիան կանխելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության կողմից խիստ դատապարտումը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի։   Հանդիպմանը ներկա էր նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը։   Ողջույնի իր խոսքում Վեհափառ Հայրապետն արձանագրել է, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է տածում բարեկամ Իտալիայի նկատմամբ, որի հետ հարաբերությունները խարսխված են ընդհանուր պատմամշակութային և քրիստոնեական արժեքների հիման վրա։   Բարձր գնահատելով երկու երկրների Վճռաբեկ դատարանների միջև ձևավորվող գործակցությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատել է, որ հայ-իտալական դարավոր բարեկամությունն արտահայտվում է նաև եկեղեցական մակարդակով, ինչի վկայությունն են Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների եղբայրական փոխհարաբերությունները։   Անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմին և սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողություններին՝ Նորին Սրբությունը նշել է, որ Արցախի և Հայաստանի հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան ու ոտնձգությունները կանխելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության խիստ դատապարտումը։   Նորին Սրբությունը կարևորել է նաև միջազգային հանրության գործուն աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի գործընթացում։   Իր հերթին Պիետրո Կուրցիոն ընդգծել է, որ Հայաստանն ու Իտալիան, լինելով քրիստոնյա երկրներ, ունեն նույն արժեհամակարգը և այդ առիթով վստահություն է հայտնել, որ հայ-իտալական ջերմ հարաբերությունները կզարգանան ու կամրապնդվեն նաև երկու երկրների Վճռաբեկ դատարանների միջև փորձի փոխանակմամբ և համագործակցությամբ։   Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերին։  
19:17 - 03 հոկտեմբերի, 2022
Լևոն Տեր-Պետրոսյանը արձագանքել է «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված հոդվածին

Լևոն Տեր-Պետրոսյանը արձագանքել է «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված հոդվածին

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՀՀ Առաջին նախագահի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում այսօր հրապարակված հոդվածի վերաբերյալ, որտեղ նշված է, թե ինչ է Ադրբեջանը պահանջում Հայաստանից։   «Արձագանքը վերաբերում է ՀՀ վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցի այսօրվա հրապարակմանը, որն, ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն սկսելու առաջարկին:   Նախագահը գնահատում է այդ հրապարակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը, որի մանրամասներին, ինչպես նշվել էր ՀՀ Առաջին նախագահի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում, մինչ այժմ տիրապետում էին միայն վարչապետը և իշխանության վերին էշելոնի մի նեղ շրջանակ: Նույնպիսի նախագիծ, բնականաբար, պատրաստել է նաև Հայաստանը, որի մանրամասները չեն բացահայտվում, և ճիշտ է, որ չեն բացահայտվում՝ ելնելով քաղաքական խորհրդապահության նկատառումներից:   Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից:   Այսպիսով, պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը:   Ի դեպ, ՀՀ Առաջին նախագահը հարկ է համարում նաև ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»:
17:17 - 03 հոկտեմբերի, 2022