Հնդկաստան

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով մահացածների թիվը հասել է 288–ի
 |armeniasputnik.am|

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով մահացածների թիվը հասել է 288–ի |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հնդկաստանում երկաթուղային աղետի զոհ է դարձել 288 մարդ, ևս 850-ը՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով նահանգի հրշեջ ծառայության ղեկավար Սուդհանշու Սարանգիին։  Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 2-ի երեկոյան (Երևանի ժամանակով` 18:20) Օդիշա նահանգի Բալասոր քաղաքի շրջանում։ Ինչպես ավելի վաղ հայտնել է երկաթուղային տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը, ուղևորատար գնացքի 10-12 վագոններ դուրս են եկել գծերից։ Նրանց է բախվել ևս մեկ ուղևորատար գնացք։ Արդյունքում ռելսերից դուրս է եկել երեք վագոն։ Դրանից հետո տեղի է ունեցել ևս մեկ բախում՝ արդեն բեռնատար գնացքի հետ, որը կանգնած է եղել գծերին։ Վթարի վայր են մեկնել փրկարարներ և շտապօգնության ավելի քան 200 մեքենա, տեղում աշխատում է մոտ 100 բժիշկ։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են. շրջված վագոններում դեռ կարող են ուղևորներ լինել:
10:12 - 03 հունիսի, 2023
Հնդկաստանում Հայաստանի դեսպանատանը ռազմական կցորդի հաստիք կստեղծվի |news.am|

Հնդկաստանում Հայաստանի դեսպանատանը ռազմական կցորդի հաստիք կստեղծվի |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 18-ի նիստում որոշում կայացրեց, որի հմաձայն Հնդկաստանում Հայաստանի դեսպանատանը ռազմական կցորդ կստեղծվի։ Նստավայրը կլինի Նյու Դելիում: Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջինիս ընդունումը հնարավորություն կստեղծի Հնդկաստանում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկակամական կապերի հետագա խորացմանը, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը: «Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը կունենա Հնդկաստանի Հանրապետությունում ռազմական կցորդ, որը կիրականացնի երկու պետությունների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ»,- նշվում է հիմնավորման մեջ: Ակնկալվում է նաև, որ ռազմական կցորդը, Հնդկաստանի զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը, կայցելի ռազմական օբյեկտներ և հաստատություններ։ «Հնդկական կողմի ռազմարդյունաբերական համալիրի պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և ընկերությունների կողմից փոխգործակցություն իրականացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությունն անհրաժեշտություն է առաջացրել Հնդկաստանի Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք»,- նշված է որոշման նախագծում։
15:35 - 18 մայիսի, 2023
Բորելը կոչ է արել Հնդկաստանին՝ թույլ չտալ ռուսական նավթի վերավաճառք

 |factor.am|

Բորելը կոչ է արել Հնդկաստանին՝ թույլ չտալ ռուսական նավթի վերավաճառք |factor.am|

factor.am: Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի Հնդկաստանի դեմ՝ կապված տարածաշրջանում ռուսական նավթի վերավաճառքի հետ՝ զտված վառելիքի, այդ թվում՝ դիզելային վառելիքի տեսքով։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Եթե դիզելային վառելիքը կամ բենզինը Հնդկաստանից մտնեն Եվրոպա և արդյունահանված լինեն ռուսական նավթից, դա, անշուշտ, պատժամիջոցների շրջանցում է, և անդամ երկրները (ԵՄ) պետք է քայլեր ձեռնարկեն»,- ասել է Բորելը: FT-ն նշում է, որ Հնդկաստանը դարձել է ռուսական հում նավթի խոշորագույն գնորդներից մեկը ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։ Միևնույն ժամանակ, հնդկական նավթավերամշակողները մեծ շահույթներ են ստանում՝ գնելով հում նավթը զգալի զեղչով, իսկ հետո վառելիքն ամբողջությամբ վաճառելով Եվրոպային։ Այս առևտուրը չի խախտում Ռուսաստանի Դաշնության դեմ նախկինում կիրառված պատժամիջոցները, սակայն քննադատվում է նրանց կողմից, ովքեր կոչ են անում խստացնել սահմանափակումները, գրում է պարբերականը։
15:46 - 16 մայիսի, 2023
«Համագործակցության շատ լավ փորձ և ավելի մեծ ներուժ ունենք». Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ-ում Հնդկաստանի նոր դեսպանին

«Համագործակցության շատ լավ փորձ և ավելի մեծ ներուժ ունենք». Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ-ում Հնդկաստանի նոր դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-հնդկական բարեկամական կապերի զարգացման: Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։ «Մենք համագործակցության շատ լավ փորձ ունենք: Վստահ եմ՝ Ձեր նշանակմամբ այդ համագործակցությունը կխորանա բոլոր ուղղություններով, որը, իսկապես, շատ կարևոր է: Ուրախ ենք, որ մեր բուհերում ավելի քան 2800 Հնդկաստանի քաղաքացի է սովորում: Կարծում եմ՝ այս թիվը կարող է էապես աճել. մենք միայն ուրախ կլինենք միջբուհական համագործակցության զարգացման հնարավորության համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել բժշկական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղություններով համագործակցության խորացումը՝ քննարկելով նաև  ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրեր, համատեղ կրթագիտական նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը: Նախարարը նաև տեղեկացրել է՝ նախորդ տարի հաստատվել է «ՀՀ  կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որը  ռազմավարական  նշանակություն ունի: Նա ներկայացրել է նախանշված թիրախները՝  մասնավորապես  առանձնացնելով ակադեմիական քաղաքի նախագիծը, որը բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության նոր հեռանկարներ է ապահովում: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ՄԿՈւ ոլորտում համագործակցությունը՝ հաշվի առնելով Հնդկաստանի փորձն այս բնագավառում: ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հեռանկարները: «Միջբուհական համագործակցությունը խորացնելը մեզ համար առաջնային է: Այս համատեքստում հետաքրքրված ենք ակադեմիական քաղաքի նախագծով՝ ինչպես ավելի մեծ թվով ուսանողներ ներգրավելու, այնպես էլ ներդրումների տեսանկյունից»,- նշել է դեսպան Նիլակշի Սահա Սինհայը: Անդրադառնալով սպորտի և երիտասարդության ոլորտներում հնարավոր համագործակցությանը՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել մարզիչների և մարզիկների փոխանակման ծրագրեր, մարզական համատեղ հավաքներ և սեմինարներ, ինչպես նաև երիտասարդների զբոսաշրջության զարգացման համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը ընդգծել է նաև սպորտային բժշկության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը:   ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել հնդկական կողմի՝ Գյումրիում մշակութային կենտրոն, մասնավորապես՝ առանձին ցուցասրահ-թանգարան հիմնելու, ինչպես նաև համատեղ ցուցադրություններ և փառատոններ անցկացնելու հարցերին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
12:07 - 15 մայիսի, 2023
Հնդկաստանում զբոսանավի խորտակման հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել․ մեծ մասը դպրոցականներ են |tert.am|

Հնդկաստանում զբոսանավի խորտակման հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել․ մեծ մասը դպրոցականներ են |tert.am|

tert.am: Հնդկաստանի Կերալա նահանգում զբոսանավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ։ Զոհերի մեծ մասը դպրոցականներ են, որոնք արձակուրդների ընթացքում նավով զբոսանքի էին գնացել։ ANI լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Մալապուրամ քաղաքում։ Ինչպես գործակալության հետ զրույցում հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը, զոհերի թիվը դեռ կարող է ավելանալ, քանի որ առայժմ հստակ հայտնի չէ՝ քանի մարդ է եղել նավի վրա։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Միջադեպից անմիջապես հետո նահանգի առողջապահության նախարարությունում արտակարգ խորհրդակցություն է հրավիրվել նախարարի մասնակցությամբ, որի ընթացքում տուժածներին անհապաղ օգնություն ցուցաբերելու որոշում է կայացվել։
10:16 - 08 մայիսի, 2023
Երկու երկրների սերտ գործակցությունը պայմանավորված է այդ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ. Գարեգին Երկրորդն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Երկու երկրների սերտ գործակցությունը պայմանավորված է այդ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ. Գարեգին Երկրորդն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Նորին Սրբությունը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, բարեմաղթել է արդյունաշատ առաքելություն Հայաստանում: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների սերտ գործակցությունը պայմանավորված է հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ: Նա անդրադարձել է Հնդկաստանում եկեղեցական կառույցների և, մասնավորապես, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունեությանը: Նորին Սրբությունն, ի դեմս դեսպանի, իր գնահատանքն է հայտնել Հնդկաստանի իշխանություններին կրթական հաստատության նկատմամբ դրսևորվող ուշադրության համար։ Իր հերթին նորանշանակ դեսպանն, անդրադառնալով հայերի պատմական ներկայությանը Հնդկաստանում և հայ-հնդկական հարաբերություներին ու ներկայիս գործակցությանը, տեղեկացրել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան իր այցի մասին՝ նկատելով, որ այն նաև յուրօրինակ կամուրջ է երկու երկրների մշակութային կապերի զորացման գործում: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հնդկաստանում հայ համայնքի կյանքին և հայկական եկեղեցիների բարվոք վիճակին։ Խոսվել է նաև Հայաստանի և Արցախի առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրների մասին:
17:52 - 04 մայիսի, 2023
Լավրովը բանակցություններ է վարել Հնդկաստանի իր գործընկերոջ հետ ՇՀԿ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում
 |armenpress.am|

Լավրովը բանակցություններ է վարել Հնդկաստանի իր գործընկերոջ հետ ՇՀԿ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հնդկաստանի ԱԳՆ ղեկավար Սուբրամանյամ Ջայշանքարն այսօր Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում քննարկել են առաջիկա շփումների ժամանակացույցը և պայմանավորվել են շարունակել հետևել միջպետական ​​հարաբերությունների արդարացի բազմաբևեռ համակարգի ստեղծման ուղեգծին։ Այդ մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ «Կայացել է մտքերի վստահելի փոխանակում երկկողմ հարաբերությունների հիմնական հարցերի, ներառյալ` առաջիկա շփումների ժամանակացույցի, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաների շուրջ, - նշել են նախարարությունում։ - Կողմերը համաձայնության են եկել շարունակել հետևել միջպետական ​​հարաբերությունների արդարացի բազմաբևեռ համակարգի ստեղծման ուղեգծին»։ Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, կողմերը հաստատել են իրենց նպատակադրումն ուժեղացնելու համակարգող միջոցառումները՝ մշակելու ընդհանուր մոտեցումներ կարևորագույն միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՇՀԿ-ում, BRICS-ում, ՄԱԿ-ում և Մեծ քսանյակում փոխգործակցության շրջանակներում: «Նախարարները բարձր գնահատական են տվել մեր երկրների ռազմավարական գործընկերության առանձնապես արտոնյալ առանցքային ուղղություններում համագործակցության դինամիկային», - հավելել են նախարարությունում:
17:10 - 04 մայիսի, 2023
Մենք համագործակցում ենք տարբեր ուղղություններով՝ մեր անվտանգային խնդիրները լուծելու առումով. Արմեն Գրիգորյան |tert.am|

Մենք համագործակցում ենք տարբեր ուղղություններով՝ մեր անվտանգային խնդիրները լուծելու առումով. Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Հայաստանը գտնվում է շատ ծանր վիճակում, անվտանգային այն մեխանիզմները, որոնք իբրև պիտի մեզ պաշտպանեին, հիմա չեն աշխատում, և Հայաստանը հիմա փորձում է նոր երաշխիքներ գտնել, անվտանգության նոր երաշխիքների փնտրտուքների մեջ է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Իհարկե մեզ մեղադրում են Արևմուտք գնալու մեջ, բայց մենք ինտենսիվ համագործակցում ենք Հնդկաստանի հետ։ Մենք համագործակցում ենք տարբեր ուղղություններով՝ մեր անվտանգային խնդիրները լուծելու առումով»,- ասաց ԱԽ քարտուղարը։ Ըստ Գրիգորյանի՝ Ռուաստանի Դաշնությունը քաղաքական մակարդակով չի ասում, որ չի կարող Հայաստանի համար անվտանգային խնդիրներ լուծել։ Դիտարկմանը, որ Ռուսաստանին այլընտրանք չկա և հարցին՝ եթե այլընտրանք չկա, ավելի լավ չի՞ Արևմուտքին դուրս մղել, ավելի պրոռուսական լինել, և գոնե փորձել այդ վատի մեջ հնարավոր լավը պոկել, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Ես կփորձեմ այդ հարցի պատասխանը տալ․․․ Մի քիչ հետ գնալ, Սերժ Սարգսյանի կառավարման փորձից մի դրվագ հիշել ու փորձել այս հարցին պատասխանել»։ «2013 թվականին Հայաստանը միացել է ԵԱՏՄ-ին, գլխավոր պատճառներից մեկը որպեսզի Արցախում անվտանգություն ունենանք։ Հայաստանը մտնում է ԵԱՏՄ, 3 տարի հետո լինում է ապրիլյան պատերազմը, 6 տարի հետո՝ 44-օրյա պատերազմը։ Խնդրեմ, սրանք պատասխանն են Ձեր հարցի»,- ասաց ԱԽ քարտուղարը։
10:01 - 27 ապրիլի, 2023
Ալեն Սիմոնյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են Լաչինի միջանցքի ճգնաժամին առնչվող հարցեր

Ալեն Սիմոնյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են Լաչինի միջանցքի ճգնաժամին առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ` պատասխանատու պաշտոնում մաղթելով ձեռքբերումներ: Կողմերը փաստել են, որ հայ-հնդկական հարաբերություններն առավել քան երբեւէ գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շահագրգռված են խորացնելու փոխգործակցությունը բոլոր ոլորտներում: ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին խնդրել է ողջույններ փոխանցել Հնդկաստանի Լոկ Սաբհայի հարգարժան խոսնակ Օմ Բիրլային, որի հետ մեկ ամիս առաջ Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում բովանդակալից զրույց են ունեցել: Ալեն Սիմոնյանը հիշեցրել է նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի արդյունավետ գործունեությունը` հույս հայտնելով, որ Հնդկաստանի խորհրդարանում եւս խորհրդարանական բարեկամական խումբ կձեւավորվի: Արձանագրվել է միջազգային հարթակներում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դրական համագործակցությունը, ուշադրություն է հրավիրվել միջազգային կազմակերպություններում կենսական հարցերի շուրջ ներկայացվող փոխվստահությանը: Քննարկվել են տարածաշրջանին, Հայաստանին եւ Լաչինի միջանցքի ճգնաժամին առնչվող հարցեր: Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր առաքելության շրջանակում մշտապես կապ պահել Ազգային ժողովի հետ եւ նպաստել խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը:
14:51 - 25 ապրիլի, 2023
Կայացել են Հայաստան-Իրան-Հնդկաստան քաղաքական խորհրդակցություններ․ ՀՀ ԱԳՆ

Կայացել են Հայաստան-Իրան-Հնդկաստան քաղաքական խորհրդակցություններ․ ՀՀ ԱԳՆ

Երևանում ապրիլի 20-ին կայացել են Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Նշվում է, որ պատվիրակությունները գլխավորել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Իրանի ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Սեյեդ Ռասուլ Մուսավին և Հնդկաստանի ԱԳՆ տարածքային գլխավոր վարչության պետ Ջիտենդեր Պալ Սինգհը: «Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել են տնտեսական, տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր, նախանշվել են մշակութային և միջմարդկային կապերի խորացման և տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության հեռանկարները: Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությանը միտված եռակողմ ձևաչափով խորհրդակցությունները»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
17:54 - 20 ապրիլի, 2023
«Հայ-հնդկական հարաբերություններն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են»․ ԱԽ քարտուղարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

«Հայ-հնդկական հարաբերություններն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են»․ ԱԽ քարտուղարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Ապրիլի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ Նշվում է, որ քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-հնդկական հարաբերությունների խորացման: «Ա. Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական համագործակցության օրակարգն ավելի է ընդլայնվել՝ ներառելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտները: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, ինչի վառ ապացույցն է Կալկաթայի հայ համայնքը: Տիկին դեսպանը նաև ընդգծել է, որ հայ-հնդկական երկկողմ հարաբերություններն այսօր արդեն ամենաբարձր մակարդակի վրա են, և վստահեցրել, որ իր գործունեության ընթացքում նպաստելու է այդ հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը՝ ի շահ երկու ժողովուրդների»,- ասվում է հանդիպման վերաբերյալ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
16:55 - 18 ապրիլի, 2023
Հնդկաստանը կարող է Իրանի նախագծի մաս դառնալ. Երևանը և Դելին համաձայնագիր են պատրաստում |armeniasputnik.am|

Հնդկաստանը կարող է Իրանի նախագծի մաս դառնալ. Երևանը և Դելին համաձայնագիր են պատրաստում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանն ու Հնդկաստանը բանակցություններ են վարում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ: Երևանը հնարավոր է համարում նաև Նյու Դելիի միացումը «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին (ՄՏՄ)։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանն առաջարկել է Հնդկաստանին ապրանքներն ավելի արագ Ռուսաստան և Եվրոպա հասցնելու համար առևտրային միջանցք տրամադրել, որը կանցնի Իրանով, Հայաստանով, Վրաստանով և Սև ծովով ։ «Ներկայումս Հնդկաստանի հետ ակտիվացել են բանակցությունները տրանսպորտի ոլորտում ՀՀ-ի հետ համագործակցության և միջազգային ավտոմոբիլային փոխադրումների երկկողմ համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ»,- նշվում է հարցման պատասխանում։ Գերատեսչությունից նաև հիշեցրել են, որ թեև Հնդկաստանը «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի ստեղծման համաձայնագրի անդամ երկիր չէ, սակայն ցանկության դեպքում Նյու Դելին կարող է միանալ դրան: Ինչ կտա ՄՏՄ-ն Երևանին Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը` համաձայն հանրապետության օրենսդրության: Երևանում վստահ են, որ ՄՏՄ-ի նախագծի իրագործումը կխթանի մուլտիմոդալ փոխադրումների զարգացումը և կբարձրացնի Հայաստանի տարանցիկ գործառույթը Եվրոպա-Ասիա երթուղով միջազգային բեռնափոխադրումներում: «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի համաձայնագրի ստորագրումը նոր որակ կարող է հաղորդել նաև Հայաստանի և Իրանի միջև համագործակցությանը» -նշել են հարցման պատասխանում։ Գերատեսչությունից հիշեցրել են, որ վերջին անգամ նախագծի մասնակից երկրների, մասնավորապես` Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Բուլղարիայի պատվիրակությունները հավաքվել էին նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի 6-րդ նիստին` 2022 թվականի ապրիլի 6-7-ը Սոֆիայում։ Նիստի արդյունքում ստորագրվել է վեցերորդ հանդիպման արձանագրությունը, որում ամրագրված է, որ «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի վերջնական տարբերակը պատրաստ է: Իրանական կողմը պետք է դիվանագիտական խողովակներով համաձայնեցնի համաձայնագրի վերջնական տարբերակը ՄՏՄ-ի մասնակից այն երկրների հետ, որոնք ներկա չէին հանդիպմանը և, պատասխանը ստանալուց հետո, արդյունքների մասին տեղեկացնի մյուս պետություններին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
09:23 - 30 մարտի, 2023